Ջեսահ, Վեպ

Անվերնագիր

( հատված)

Փիքոք թատրոնի բեմահարթակը դատարկ էր։ Սրահում գտնվող ուսանողները նույնպես լքում էին տարածքը՝ միանալով միջանցքում գտնվողներին։ Առանց հապաղելու տեղիցդ բարձրացար, հատակին դրված պայուսակդ գցեցիր ուսերիդ և հետևեցիր մնացածին։ Բոլորն ասես իրար ծանոթ էին կամ էլ համատարած ժպիտն էր այդպես ենթադրելու առիթ տալիս։ Դու ակամա տարբերվում էիր։ Մի ծայրից մյուսն էիր գնում, որ ինչ որ խոսակցություն որսայիր՝ հասկանալու համար թե այդ խմբավորումներից, որ մեկին ես պատկանում, ովքեր են կուրսեցիներդ։ Քեզ մոտ չստացվեց։ Զրույցները կամ շրջանցած էին լինում ծանոթության բաղադրիչը կամ էլ ընդհանրապես իրար ճանաչելու կարիք չկար. արդեն միմյանց գիտեին։ Դու էլ քո հերթին առաջանում էիր անկանոն ուղեգծով, ինչը որոշ հստակություն ձեռք բերեց, երբ ծանոթ մեկի տեսար։ Հանան էր, ով ինչքան էլ քեզ չհետաքրքրեր, ձեր հարկի միակ աղջիկն էր։ Նրա դեմքը շատ հասարակ էր՝ չտպավորող, իսկ քո հայացքը անթաքույց կերպով, փաստն արձանագրողի դերում էր հանդես գալիս։ Երևի թե հայացքների նման փախհարաբերությունն էր պատճառը, որ ձեր աչքերը ընդհանուր գիծ հազվադեպ էին միավորում։
Ծանոթների հետ էր զրուցում, երբ միմյանց նկատեցիք։ Ընդհանուր տրամադրությունից ու մթնոլորտից վարակված շուրթերդ ժպիտ ուրվագծեցին։ Գլխով անելուց հետո պատասխան շարժում ստացար։ Մեխանիկորեն քայլերդ իր կողմն ուղղեցիր, բայց նրան հասնելով բավարար ուշադրության չարժանացար, ինչը քեզ կստիպեր քայլերդ դանդաղեցնելով միանալ քննարկմանը։ Դու էլ արդեն մտածում էիր, թե ինչպես ես ներկայանալու, ծանոթանալիս ասելու ես՝ քեզ հաճելի է, թե՞ ուղղակի լայն կժպտաս, կզրուցես Հանայի հետ, թե՞ աչքով անելով կհասկացնես, որ երեկոյան միևնույն է տեսնվելու եք։ Սակայն, երբ ձեր միջև եղած հեռավորությունը կրճատված էր այնքան, որ նա պետք է արդեն քո կողմ պտտվեր՝ Հանան իր բարձր ծիծաղով հաղորդեց, որ նման մտադրություն չունի, իսկ դու ճանապարդհ շարունակեցիր այնպես, ասես ի սկզբանե այդ կողմ էիր գնում։ Ժպիտդ էլ թողեցիր անփոփոխ, որը հաստատում էր անհարմարության զգացումի բացակայությունը։ Առաջանալուց հետո ելքի դռանը հասար ու քեզ մնում էր միայն շենքից դուրս գալը, իբր այդպես էլ պլանավորված էր։
Համալսարանական ճամբարը թատրոնի անմիջական հարևանությամբ էր գտնվում։ Պայուսակները ուսերին գցած ուսանողները այս ու այն կողմ էին շտապում։ Թվում է թե սա հասարակ տեսարանի նկարագրություն է, բայց այն քեզ համար այդպիսին չէր, այլ անտանելի մի դրվագ էր։ Մտածում էիր, թե ինչ-որ բանից հետ ես ընկնում։ Բոլորը գնալու կամ շտապելու տեղ ունեն, իսկ դու՝ ոչ։ Հեսա մյուսները արագ-արագ կսովորեն, կավարտեն, իսկ դու այդպես էլ տեղդ կանգնած կմնաս։ Հետ ես մնում, ամեն ինչից հետ ես մնում։ Քո քառասունհինգ րոպեանոց ուղևորությունը, այն էլ անշտապ քայլերով, ամենևին չի համապատասխանում լոնդոնյան ռիթմին։ Մարդիկ մետրո են նստում, երկհարկանի ավտոբուս, հեծանիվ են վարում, կամ գոնե շտապում են, իսկ դու օրվա մեջ առնվազն ժամ ու կես կոշիկ մաշեցնելուն ես տրամադրում։
Վերելակն անտեսելով՝ հինգ հարկ ցած ես իջնում, դանդաղ անցնում ես Սիդնի Ուեբի բակով, աչքի տակով համակարգչային սենյակում գտնվողներին ես նայում, ովքեր հայացքները պատուհանի մյուս կողմն ուղղելու փոխարեն համակարգչի էկրանին են հատկացնում, Գրեյթ Դովեր դուրս գալուց ոչ թե մյուսների նման ձախ ես գնում, ովքեր կամ, մետրոյի կամ էլ, երթուղայինի կանգառի կողմ են շարժվում, այլ ուղիղ գծով համալսարան ես առաջանում։ Հասնելով Թրինիթի Սթրիթ՝ քայլերդ՝ ծակծկոցներով պայմանավորված, էլ ավելի ես դանդաղեցնում։ Այսքանը դեռ բավարար չէ, բոլոր կարմիր լույսերի տակ կանգնում ես՝ անգամ եթե մեքենա չի անցնում։ Ուոթերլուի վրա Թեմզայով ես տարվում, իսկ համալասարան հասնելուն պես միակն ես ով չի շտապում։ Իհարկե, քեզ էլ էր այս հարցը հետաքրքրում, այլապես չէիր գնա Սոցիոլոգիայի ֆակուլտետ ու հարցովդ ծիծաղեցնեիր աշխատակիցներին։
Ամբողջ համալսարանական ճամբարում Սենթ Քլեմենթսի մասնաճյուղը ամենից անշուքն էր։ Առաջին հարկում մի գրադարան կար, որտեղ հիմնականում մարդ չէր լինում։ Այդտեղ անցուդարձ նկատվեց միայն հաջորդ տարի, երբ ուսանողության շրջանում խիստ տարածվեց «Աստվածային ոտնաչափ հեռու» գիրքը։ Սոցիոլոգիայի ֆակուլտետ մտնելիս դու մի քանի քայլ այն կողմ չնկատեցիր դասախոսներից մեկի սենյակը, որտեղ օրեր անց քննարկելու էիր դիսերտացիայիդ թեման։ Ներս մտնելով՝ դու կտեղավորվեիր աթոռին ու շուրջդ կզննեիր մինչև ատենախոսությանդ ղեկավարը գործերը կավարտեր։ Գրապահարանում, մասնագիտականից բացի, Իռլանդիայի մասին գրքեր էին՝ «Իռլանդիայի սփյուռքը», «Իռլանդացիները», «Իռլանդական հրաշքը», «Դուբլինցիները» և այլն։ Նա քո տեսած առաջին իռլանդացին էր, իսկ դու նրա հարյուրավոր ուսանողներից մեկը։ Նա քեզ շուտով կմոռանար, իսկ դու նրան դեռ երկար էիր հիշելու, հիշելու էիր միանշանակ, ինչպե՞ս կարող էիր մտքիցդ ջնջել նրան, ով հիմարություն վերագրեց քո գաղափարը, այն է՝ հիմար անվանեց քեզ։
Ոտքդ համալսարանական կյանք դեռ նոր դրած, արդեն ուզում էիր ակադեմիական գրականություն մուտք գործել, տեղավորվել քեզ համար նոր դաշտում ու դեռ բավարար չէ, մի հատ էլ կենտրոնական դիրք զբաղեցնել՝ լինել քննարկված կամ անքննելի. կապ չունի թե որը, միայն թե մեկը լիներ։ Դիսերտացիայիդ թեման ճանապարհ էր դեպի մեկը կամ մյուսը, ու դու արդեն քեզ էիր պատկերացնում այդ ուղին անցնելիս, որը բարդ էր ու երանելի, որտեղ դժվարությունները միայն հաջողության բազմապատկիչներն էին, ինչի կածանները նեղ էին, բայց անցանելի՝ հաղթահարելի՝ միայն քեզ համար, քանի որ ոչ ոք այդտեղ չէր եղել։ Դու Լոնդոն էիր եկել քեզ փորձելու, մի բան անելու, գաղափարդ կյանքի կոչելու համար ու մի պահ նայելով իռլանդացուն կարծեցիր, որ դեմքին նշմարող հանգստությունը նախերգանքն է լինելու այն խանդավառության, որը քեզ հետ կիսելով, ազդարարելու է անցնելիք ուղուդ մեկնարկը։ Դա լռության տեսակ էր, որը նախորդում է անձրևին, կարկուտին կամ փոթորկին։ Այդ լռությունը ասես ձեր հանդիպման ժամանակ նույն դերակատարումն ուներ։ Այդպիսի դեպքերում, այն խորհրդավորություն գեներացնելու հատկություն ունի. ասելիքդ մտքում ունենալով՝ ուշադրության, փայլող աչքերի, ցասմնական սպասումի միախառնման հավաքակոչից հետո, լռությունն անցյալ դարձնելով, այդ ամբարված խորհրդավորությունը փոխակերպում ես ձայնով, որն էլ, սովորաբար, իր զրնգուն արձագանքն է գտնում հասցեատիրոջ գիտակցության մեջ։ Անժամկետ ու անկանոն զրնգոց, որի ամենակուլ ղողանջը գիտակցությունդ իր մեջ առնելով, մենակ է մնում քեզ առերես։ Դու և զրնգոցը, դու և «հիմարությունը», որը երկար դադարից հետո, իռլանդական ակցենտով զուգավորված՝ ընդմիջեց խորհրդավոր լռությունը։ «Հիմարություն» ու եռաստիճան արձագանք, ղողանջներ, որ միտքդ սրբելով կուլ էին տվել նաև Բրիքլեյերս Արմ կայարանի հայտարարությունը, որը բաց թողնելով, մենակ էիր մնացել երբեմնի խորհրդավոր լռության հետ, ինչը վերարտադրվելով կարող էր նոր ճանապարհի մեկնարկ ազդարարել, սակայն այլ կերպարանք ստացավ։
Դու, Լոնդոն գալով, երկար ճանապարհ էիր անցել, որ նոր ուղի սկսես, բայց ստիպված էիր հանրակացարանիդ սենյակ վերադառնալ, քանի որ քո միտքը հիմարություն էր։ Այո՜, աշխարհը քո շուրջը չէր պտտվում, ինչը վկայում էր նաև դաբըլդեքքերի վարորդի և ուղևորների լռությունը, ովքեր քեզ չհիշեցրին բաց թողնված կայարանիդ մասին։ Ամպամած Լոնդոն, ցած նայող աչքեր, «հիմարության» եռաստիճան արձագանք։
Անդադար անձրևում էր, նախորդ օրերի արևոտ եղանակի տեղը հանելով, որի լուսացնող ճառագայթները քեզ էին ուղեկցում, երբ Փիքոքից շարժվեցիր դեպի Սենթ Քլեմենթս։ Արևից ճմռթված աչքերդ դեռ նոր էին վերականգնվել, երբ շրջանցելով իռլանդացու սենյակը, մտար Սոցիոլոգիայի ֆակուլտետ։ «Բոլորն այս ու այն կողմ են վազում, համակարգիչները ոտքերին, խոտերի մեջ պառկած, ստեղնաշարերով, չգիտես թե ինչ են տպում։ Պարապ մարդ չկա, բացի ինձնից։ Հնարավոր է արդյո՞ք, որ ես ինչ որ բանից հետ եմ ընկնում». ֆակուլտետի աշխատակցի դեմքը, եթե հարցիցդ հետո ծիծաղով չպատվեր, դու մի քանի օր անց՝ կնմանեցնեիր այն արձանիկին, որը տեսնելու համար՝ իռլանդացու սենյակից դուրս գալուց հետո, կայցելեիր Բրիտանական թանգարան։
Դռան բռնակը իր սառնությունը հեշտությամբ փոխանցեց ձեռքիդ։ Միջանցքում դող զգացիր ու արդեն երկու ափերդ սառցակալել էին։ Աստիճաններին մոտենալով՝ վերարկուիդ գրպանից հանած ձեռնոցներդ հագար, որոնց մակերեսը շուտով ելքի դռանը տարածելով, հայտնվեցիր Սենթ Քլեմենթսից դուրս։ Ի տարբերություն անձրևի տակ վազող ուսանողության, դու պայուսակիդ մեջ անձրևանոց ունեիր, որն էլ գործածելով ճանապարհվեցիր դեպի Բրիտանական թանգարան։ Քինգսուեյ Սթրիթի վրա ամեն ինչ նույնն էր՝ կարմիր հեռախոսախցեր, անգույն շենքեր, ամեն հնարավոր բանին ամրակցված հեծանիվներ ու երկհարկ ավտոբուսների բարձրությանը հարմարվող ծառեր։ Քայլեր հետո քեզ դիմավորեց Հոլբորն Սթեյշընը։ Կայարանի նախամուտքում անձրևից պատսպարվող անցորդներն էին տեղավորվել, ովքեր առիթից օգտվելով, ունկնդրում էին փողոցային երաժշտի կատարումը։ Նա այդտեղ, իր ճղճղված հագուստով ավելի լավ էր երգում քան նրանք, ովքեր այդպիսի ձայն ունենալու դեպքում անասելի ճանաչման էին դատապարտված այնտեղ, որտեղից որ դու եկել էիր։ Մի տեղ նա փող մուրող էր, իսկ մյուս տեղում հանրահայտ երգիչ կարող էր լինել, իսկ դու ոչ այնտեղ մարդ դարձար, ոչ էլ այստեղ էիր բանի պետք քո հիմար մտքերով հանդերձ։
Կենտրանական փողոցների միատեսակ, բայց հեռահմա շենքերը, անձրևի պատճառով էլ ավելի էին նույնացել։ Մի քանի անգամ խամրելով՝ իրարից կարող էին տարբերվել միայն բարձրությամբ, իսկ նրանց հիմնականում նույն հեռավորությունն էր բաժանում երկնքից։ Սաութհեմփտոն Ռոուդում առաջընթացը դժվարարձանագրելի է, քանի որ ճանապարհին պատահող շենքերի կրկնությունը, ասես քեզ հետ է տանում այնտեղ, որտեղից որ գալիս ես։ Փողոցի ավարտը խաչմերուկ հասնելով էիր տեսնում և նորից «նույն» փողոցը՝ այլ տարածական հարթության վրա և այլ անվանմամբ։ Բլամսբըրին այն փողոցներից էր, որ այգի ուներ։ Հնարավոր է վառ կանաչը քեզ իր կողմը կանչեր, եթե վանող արձանը չլիներ. մեկը աթոռին նստած փորն էր առաջ ցցել ու այնպես էր վրադ նայում կարծես քո այնտեղ լինելը կամ պատահականություն է, կամ էլ մեկի թերացումը, ով թողել էր, որ բանը դրան հասներ։ Այնուամենայնիվ դու այնտեղ էիր, քայլում էիր դեպի թանգարան, որի հելլենիստական սյուները դու նկատեցիր պարսպի ճաղերից։ Սև, բարձր ճաղեր, որոնք զգոնություն էին հաղորդում դեմքիդ, նախքան հայացքդ էլ ավելի կերկարեիր սպիտակ շինության կողմը։
Պահակակետի զիգզագաձև ճանապարհը անցնելուց, պայուսակիդ պարունակությունը դատարկելուց, վերարկուն ձեռքդ բռնելուց հետո մուտք գործեցիր Բրիտանական թանգարան, որտեղ հին աշխարհի պատմությունը տեղավորվում է մեկ հարկի տակ՝ Հին Եգիպտոս, Հռոմ, Ասորեստան, Բյուզանդիա։ Թանգարանի զգալի մասը բաժին է հասնում մեծ խաղացողներին, իսկ մյուսների համար փոքրիկ տաղավարներ են նախատեսված։ Հետաքրքրիր բան է ժամանակը. մեկ ընդհանուր ժամանակահատվածից ոչ բոլուրն են կարողանում օգտվել, ու կախված նրանից թե ինչպես այն կտնօրինես՝ կա՛մ, դու կանմահանաս կա՛մ էլ, կկորչես հիշողությունների շտեմարանից։ Բայց ամենից հետաքրքիրն այն է, որ գրեթե բոլորին հավասար մեկնարկի հնարավորթություն է տրված։ Ա՜յ, տե՛ս օրինակ Բրիտանական թանգարանը. հավասար սկիզբ, մեկ ընդհանուր ժամանակահատված։ Ով կարողացել է թանգարանի հրապարակն է զավթել, ով փոքր-ինչ թերացել է՝ տաղավարն է իրենով արել, իսկ մյուսները ժամանակի մեջ չտեղավորվելով, ընդհանրապես ձախողել են։
Ձեր կողմերից միայն մի դիցուհի էր հայտնվել այնտեղ, ում սխրագործության մասին, այն է՝ հայտնվել Բրիտանական թանգարանում, դու առաջին անգամ իմացել էիր պատմության դպրոցական դասագիրքը թերթելով։ Արձանիկի նկարն էր պատկերված, որն այդքան աչքի չէր զարնի, եթե նշված չլիներ գտնվելու վայրը։ Նա քեզ էր սպասում մինչ դու ճշտում էին նրա տեղակայվածությունը։ Շուտով դուք հանդիպեցիք։ Դիցուհին վաղուց էր քեզանում ապրում, իսկ նա քեզ հիշելու էր այնքան, ինչքան որ կարոտած աչքերդ իրեն կուղղեիր։ Հետո իսկույն քեզ կմոռանար, կմոռանար Սիդնի Ուեբի, Սենթ Քլեմենթսի, իռլանդացու, Թեմզայի, Շարդի, Լոնդոնի ու մյուսների նման։ Սակայն դու քո տեղն էիր ուզում դրանց հիշողություններում, քո տաղավարն էիր ուզում, լուսամփոփի լույսն էիր ուզում ճակատիդ, փորագրած անունդ էլ վատ չէր լինի, բայց ոչ դպրոցական սեղանի վրա, այլ այնտեղ, որտեղ դու չէիր մոռացվի, այնտեղ, որտեղ դու կշարունակեիր ապրել քեզնից հետո։
Հանկարծ նրա անշարժ դեմքը անձնատուր եղավ զգացմունքներիդ։ Շուրթերի ուրվագիծը ընդլայնվելով՝ ժպիտ գծագրեց քարացած երեսին, իսկ բերանից դուրս ծորող խոսքերը քեզ հանդարտեցնելուն էին միտված, ինչի կարիքը դու մեծապես ունեիր։ Նրա խոսքերից հետո այլևս անելիք չունեիր այնտեղ։ Դեպի ելք շարժվելով նշում արեցիր, որ մոտակա օրերին հանդիպում պետք է ունենաս դասախոսներից մեկի հետ, իսկ այն որ դասերդ մյուս օրն էին սկսվելու՝ դու առանց նրա ասելու էլ գիտեիր։ Գրառումդ անելուն պես թուլություն զգացիր. գլուխդ էր պտտվում։ Լավ է՝ մոտակայքում լվացարան կար, որտեղ էլ գլուխդ սառը ջրով շփեցիր։ Բայց, այդքանը բավարար չէր։ Հետ տալ էիր ուզում։ Զուգարանի խցիկը բաց արիր թե չէ՝ մեջիցդ ինչ կար-չկար դուրս հանեցիր։ Լորձանման հեղուկը, որին ջուրը քշեց-տարավ, երևի, ձվածեղի մնացուկներն էին։ Նորից լվացարանի դիմացն էիր։ Հայելու պատկերի մեջ նոր էին միայն աչքերիդ տակի փոսերը, երեսիդ դեղնության հետ միասին։ Բերանդ մի քանի անգամ ողողելուց հետո որոշեցիր դուրս գալ այդտեղից։ Չստացվեց։ Անձրևանոցիդ պոչը, դռան արանքը մնալով, քեզ հետ պահեց։ Այնուհետև, առաջանալով շուրջդ նայեցիր՝ հասկանալու համար՝ տեսնողներ կային թե՞ ոչ։ Կային՝ շատ չէ, բայց կային։ Դու էլ ի պատասխան ժպտացիր, ասես սովորական բան է, անցավ գնաց, բայց շենքը լքելիս՝ թունդ հայհոյեցիր։ Հայհոյեցիր բոլորին։
Սենթ Քլեմենթսը մեջքիդ ետևում թողնելով՝ մտար Օլդ Բիլդինգ, որ շրջանցես Փիքոք թատրոնը։ Հիմնական մասնաշենքից դուրս եկար ու քայլերդ ուղղեցիր դեպի Գարրիքս սրճարան՝ ուսանողների սիրելի վայրը, կամ բավականին մատչելի մի կաֆե։ Միայն զովացուցից ըմպելիք վերցրեցիր, որ քիմքիդ համը փոխես ու տեղավորվեցիր պատուհանին կպած սեղանի առջև։ Հայացքդ Քինգսուեյ Սթրիթ ուղղելով՝ մտքերդ տվիր ինքնահոսի։ Վերհիշեցիր անցկացրած օրդ, առավոտվա ցուրտը, անկողին հավաքելդ, բաց թողնված զանգերը, խոհանոցը, Մունային, ձվածեղը, Գրեյթ Դովերը, լրբիդ, Թեմզան, Թոմին ու Հանային՝ էս երկուսը արդեն քեզ համար մեկ էին դարձել, Փիքոքը, ընկնող ձեղնաջահը, Սենթ Քլեմենթսը ու կրկին այդ ձվածեղը, որը նորից տհաճություն պատճառեց քեզ։ Գլուխդ ցած իջեցրիր։ Սեղանին խմիչքդ էր ու դրա կտրոնը։ Համարյա երկու ֆունտ արժեր, որը քեզ համար այդքան էլ մատչելի չէր։ Որոշեցիր օրական տասը ֆունտից ավելի չծախսել, որ բյուջեի մեջ տեղավորվես։ Հնարավորության դեպքում, տասից քիչ կամ ընդհանրապես  չծախսելը քեզ լավ տնտեսելու գումար կթողներ ու դու ամսվա մեջ մի երկու անգամ կարող էիր ուզածիդ չափ ծախսել՝ գնալ ակումբներ, չմերժեիր խնջույքների առաջարկները, ու ժամանակ անցկացնեիր կուրսեցիներիդ հետ, որոնց դեռ չէիր էլ ճանաչում։ Մի խոսքով, որոշվեց։ Տասը ֆունտը չես գերազանցում, իսկ այդ օրվա համար երկուսն արդեն ծախսել էիր։ Հիմա ի՞նչ, խնջույքի գնալուց ութից ավելի ծախսելու տեղ չունեիր, թե՞ շռայլություն թույլ տալու օրն էր լինելու։ Չգիտեիր էլ թե ինչ տիպի հավաք է լինելու, որտեղ և ում հետ, միայն գիտեիր, որ տասը րոպեից Մաքսին ես տեսնելու Քինգսուեյի վրա։ Նայեցիր ժամին, դատարկեցիր զովացուցիչի շիշը, պայուսակդ գցեցիր ուսերիդ ու դեպի Քինգսուեյ, Մաքս ու խնջույք։ Սակայն, նախքան դու երեք կետերը միացնելով, այս եռանկյունին կգծեիր ու կքայլեիր Մաքսի ուղղությամբ՝ սրտխառնոցն էլ, քեզ էր ընդառաջ գալիս։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով