Գեվորգ Տեր-Գաբրիելյան, Վեպ

Մեծ Տիեզերափայլ

(հատված)

Վեպի գործողությունները տեղի են ունենում մի տիեզերանավում, որի անձնակազմը հետազոտում է տիեզերական մի տարօրինակ երևույթ՝ Մեծ և Փոքր Տիեզերափայլերը: Հերոսը՝ Հայկը, մասնագիտությամբ՝ ինֆոկռանչեռ (այսինքն՝ ինֆորմացիայի արժևորող), բարդ սիրային հարաբերությունների մեջ է իր գործընկերուհու՝ Որմիզդուխտի հետ: Ներկայացվող հատվածը պատկերում է այն պահը, երբ տիեզերանավում (որ անձնակազմն անվանում է «Սուբմարին») սկսում են տեղի ունենալ տարօրինակ և անբացատրելի երևույթներ, և Հայկի ու Որմիզդուխտի սիրային հարաբերություններն առիթ են դառնում անձնակազմի անդամների միջև ավելի ու ավելի բարդացող խնդիրների:

**

166 դուխտն ու Մելպոմենեն նոր լողացին: Մելպոմենեն տնկել է կոնքն արհեստական արևին ընդառաջ, շարժում է, բազում ճագարներ կուլ տված պիթոնի ստամոքսի օղակ տվող գլանի հատված, Հեգելի դիալեկտիկա: Լողավազանը փոքր-ինչ նման է Սևանա լճին, ավելի ճիշտ՝ Օպերայի Կարապի լճին: Ունի թերակղզյակ և ափերին՝ ամեն երեք ծայրին (եթե կարելի է այդպես ասել ոչ ճիշտ ութնյակի ձև ունեցող լճակի մասին) մի-մի ուռի: Սիգուրանցը՝ իր մանկիկին գրկած, կանգնած է թերակղզյակի վրա: Մինչ ճամփորդության սկիզբը՝ Սուբմարինի նկարագրության մեջ, որ ձեռքներս խոթեցին, գրել էին «լեյք վիդ ա լիթլ պենիսուլա», և բոլորս քահ-քահ ծիծաղում էինք:

Որմիզդուխտ.

— Լուրջ խոսելու բան կա:

— Այո, — ասում եմ: — Քանի որ մենք հասկացանք, որ խոտորումը դրսից չէ, մենք հիմա պիտի հասկանանք, թե ի՛նչն է այն առաջացնում: Մեր ամենամեծ հաջողությունը, եթե կարելի է դա այդպես անվանել այս պարագայում, այն է, որ մենք հասկացանք, որ ներսի խոտորումն ազդում է ոչ թե ուղղակիորեն, այլ, ըստ երևույթին, ինչ-որ կերպ գրգռելով Տիեզերափայլը…

— Այդպես չի կարող շարունակվել, — ասում է Որմիզդուխտը:

Ստանձնել է Մելպոմենեի խոսնակի թե դատապաշտպանի դերը: Ի՞նչ կարիք ունի Մելպոմենեն դատապաշտպանության: Հոյակապ է աշխատել…

— Ի՞նչը չի կարող շարունակվել:

— Դու ազդում ես խոտորումների վրա:

— Հետո՞:

Նայում է ինձ ցավով լի աչքերով: Երբեմն չեմ կարողանում նայել նրա աչքերի մեջ, փախցնում եմ: Սակայն ոչ հիմա. ուշքի եմ եկել Ստյոպիկի հետ պատահարից հետո և լի եմ ուժով՝ գործը մինչև վերջ հասցնելու: Գործը շատ ավելի կարևոր է, քան մեր էմոցիաները, ապրումները, կորուստներն ու տառապանքները:

— Քո ղեկավարելն այս ծրագիրն ազդում է:

Նայում եմ նրանց: Մելպոմենեն անհարմար է զգում և խշխշոցով շարժում մերկ մարմինները: Որմիզդուխտն ինձ է նայում կապակցող հայացքով, հասկացող, սակայն վճռական, մի պահ աչք գցում Մելպոմենեի վրա, կրկին՝ ինձ: Իր պարտքը պիտի կատարի մինչև վերջ: Չգիտես ինչու, նա չի կարող երկար նայել նրան: Խիղճը հանգիստ չէ: Ուզում է իր այս վարքով իրեն թե նրան բան ապացուցել: Որ ինքն արդա՞ր է: Չնայած ես իրեն իշխ… շինու՞մ եմ: Երբեմն, երբ նա թու՞յլ է տալիս: Կիսատ-պռա՞տ:

— Մենք պիտի, — ասում եմ համբերատար, վճռական, ուսուցողական, — հիմա ճշտենք, թե ի՛նչ հստակ ձևով է ազդում մեր ներսի խոտորումը Տիեզերափայլի վրա: Երկիրը համաձայն է: Նրանք շատ գոհ են մեր աշխատանքից: Մենք շատ մոտ ենք բրեքթրուի: Եթե մենք դա անենք, մարդկությանը ծառայություն կլինենք մատուցած:

— Դու մեզ չես լսում, — ասում է: — Ծրագիրը խոտորվում է քո ներկայության պատճառով:

Նայում եմ նրան:

— Եվ ի՞նչ եք առաջարկում դուք դրա հետ կապված անել: Ես դա գիտեմ: Եվ ի՞նչ հետևություն:

Եթե ասի՝ «մեր հարաբերությունների պատճառով խնդրում եմ դու հեռանաս… ես մտածեցի ու որոշեցի որ ես չեմ ուզում հեռանալ, ես կմնամ. կհեռանա՞ս արդյոք դու», իհարկե այլ կերպ կարձագանքեմ: Բայց դա՛ չի ասում:

— Հետևությունն այն է, որ դու ազդում ես. մի բան պիտի անես դրա վերաբերյալ: Էքսպերիմենտները բոլորը կանխակալության չափից դուրս մեծ տոկոս ունեն:

Նայում եմ նրան: Սիգուրանցը կամրջակին անշարժ է: Երեխան սկսում է թնկթնկալ, ավելի ու ավելի ուժգին, նա, մի քանի փորձ անելով նրան հանգստացնել, արագ-արագ հեռանում է, ասես ամոթից նահանջի: Կերակրելու ժամանակն է: Քամու պես մի բան է գալիս լճի վրա. կոհակներ: Մատուցողը գալիս և գնում է, բերում կապուչինոս: Նրանք հրաժարվեցին մասնակցել սրճախմությանս, ես մենակ եմ խմում յուղոտ կապուչը, ումպ եմ անում կաթի պղպջակները, հատուկ ֆռչացնելով, գավաթիկը հրում մի կողմ:

— Տասներեք տարի առաջ ես քո տարիքին էի, երբ սկսեցի այս հարցով զբաղվել: Ողջ կյանքումս եմ զբաղվել, փոքրուց, սակայն կոնկրետ այս հարցով՝ տասներեք տարի է: Մենք տեխնոլոգիզացրինք Շարժիչի ճոճանակի սկզբունքը: Ես դարձա Բազմագետ Ինֆոկռանչեռ: Ողջ ընթացքում, մինչև հիմա ներառյալ, մենք շարժվում ենք դեպի Տիեզերափայլի հարցի վերջնական լուծում: Այն դեռ շատ հեռու է իրագործումից, սակայն մենք հսկայական առաջընթաց ենք արձանագրել: Եվ այժմ, երբ տեսության բոլոր մասերը գրեթե իրար են գալիս, այս օրհասական պահին, երբ Երկիրը վերջապես հաստատել է մեր վարկածն ու կանաչ լույս տվել, դու ուզում ես ասել, որ ես… ինչ… թողնեմ գնա՞մ: Ընդհանրապե՞ս չզբաղվեմ սրանով:

— Պետք է մտածել մեծ հետևանքների մասին:

— Ոչ թե հանուն արդարության, այլ հանուն ճշմարտության, — ասում է Մելպոմենեն հանկարծ:

Նրան առանձնապես խոսք էլ չի հասնում տվյալ պարագայում, թեև զրույցի պատճառը նա է. այդ նրա՛ էքսպերիմենտների մաքրությունն է իմ անձը, հասկանում եք, խոտորում: Ընտանեկան վեճ է, խնդրել են ծանոթի միջոցով ազդել: Դատավո՛րն է Մելպոմենեն, ո՛չ թե պաշտպանյալ: Որմիզդուխտը բարոյական իրավունք չունի մեղադրողի դեր ստանձնել: Համարում է, որ հանուն մեծ արժեքների պարտավոր է, ճար չունի: Իսկ ես համարում եմ, որ դրանից պարզունակ, էժան դավաճանության հոտ է փչում, շատ ավելի ուժեղ՝ քան իր՝ ֆիանսէ պահպանելն այս ամենից հետո:

— Մենք էկրանավորեցինք իմ ազդեցությունը:

Նայում է ինձ: Կարող է և չասել, բայց ասում է:

— Դա չի օգնի:

— Մենք է՛լ ավելի այն կէկրանավորենք: Ես ընդհանրապե՛ս չեմ երևա Մեքենայի Բաժնում: Դու և Էնդին կղեկավարեք իմ գլխի վրայից ու տակից:

Նայում է ինձ: Նա կարող է և չասել, բայց ասում է.

— Դա քիչ է: Մենք հաշվարկել ենք:

Սխալ են հաշվարկել: Իմ ազդեցությունն իրականում կա, սակայն այն, որ էկրանավորման դեպքում էլ փորձը չի ստացվի՝ Սիգուրանցի աբստրակտ հաշվարկն է, հաշվի չի առնում մեր սխալականությունը և կյանքի թերաչափսը:

— Ուրեմն մի կամ մի քանի պոլոզ թունելային աստղագետների կարծիքը, որոնք անձնական խոտորում ունեն, անձնական կանխակալություն, ձեզ համար ավելի կարևոր է, քան ճշմարտությունն ու արդարությու՞նը:

Լուռ ինձ են նայում:

— Ես, որպես ձեր ղեկավար… Դեռևս…

— Էքսպերիմենտն ավելի կարևոր է:

Կեսօրին կարմիր գինու այն գավաթից հրաժարվեցի: Լավ արեցի: Սակայն դա չի օգնում: Նա ազդում է ավելի ուժգին, քան կարմիր գինին:

— Ի՞նչ եք դուք առաջարկում:

— Դու խանգարում ես էքսպերիմենտին:

— Իսկ ինչպե՞ս կարելի է նրան չխանգարել:

— Նրան չի կարելի խանգարել: Մենք պիտի աշխատենք հարցը լուծել: Թե չէ չի ստացվի: Այսպիսի էքսպերիմենտները չեն կարող ընթանալ այսպիսի պայմաններում:

(Տեսնես ովքեր են նրա հետ խոսել, նրան ուղղորդել: Երևի, Երկրի հետ էլ է խորհրդակցել: Էնդրյուի՝ չգիտեմ: Աբիսողոմի՞:)

— Ի՞նչ եք դուք առաջարկում կոնստրուկտիվ կերպով. ես ասացի, որ մենք էկրանավորել ենք: Որ ես մի կողմ կքաշվեմ: Որ ես միայն կհետևեմ Ինֆոկռանչին: Որ հանկարծ ամբողջը սխալ չգնա:

— Դա արդեն եղել է: Դա քիչ է:

Ձեռքս խփում եմ սեղանիկին: Այն քիչ է մնում կոտրվի, սղղում է մի կողմ, կապուչն ընկնում է արհեստական սակայն նատուրալ խոտի մեջ:

Նրանք ցնցվում են, Որմիզդուխտը՝ մի փոքր, պինդ է և ուժեղ ու, երևում է՝ ինձ արդեն գիտի, ի տարբերություն իմ՝ նրան իմանալու. Մելպոմենեն ցնցվում է իր բոլոր մարմիններով, որոնք սկսում են անկանոն ճոճվել: Ցածրիկ «ախ» է ասում, ձեռքը տանում բերանին:

— Ուրեմն դուք ուզում եք ասել, որ ես, այս ծրագրի ստեղծողը, մեղավոր եմ Ստյոպիկի մահու՞մ: Եվ Դավթի՞ մահում: Որ ե՞ս եմ ազդեցության թունելը: Ե՞ս եմ միջնորդը: Թույլ օղակը: Թափանցիկը: Ծակը: Ես, ձեր ղեկավարը, ասում եմ, որ մենք կկարողանա՛նք այդ հարցը շրջանցել, և որ իհարկե ե՛ս չեմ այդ ուղղիչ սադրիչ հաղորդիչը, ե՛ս եմ ստեղծել այս ծրագիրը և ե՛ս գիտեմ, ինչպես այն իրագործել, ու առանց ինձ ո՛չ ոք չի կարողանա դա անել: Ինքնե՛րդ էլ լավ գիտեք… և դուք ուզում եք այս պատասխանատու պահին ամեն ինչ փչացնե՞լ:

Գոռում եմ, ինձ «կորցրած» (երբեք չգիտեմ, այդ հաշվարկված կատաղությունը կարո՞ղ եմ զսպել, եթե հանկարծ որոշեցի ետ կանգնել), ավելի ճիշտ՝ որոշելով, որ այժմ պահն է եկել ինձ «կորցնելու»: Այսպիսի ապստամբություն իմ հեղինակության դեմ դեռ չի եղել: Շատ են եղել տհաճ ծանր ընդվզումներ, տարբեր թիմերի կողմից, նաև՝ Կենտրոնի, սակայն այսպես… Ընտրել են լավագույն ձևն ինձ համբերությունից հանելու: Առաջ մղել Որմիզդուխտին: Հավաքագրել են՝ միամիտ բալիկին, հանուն իր հասկացած՝ ծրագրի հաջողության և ճշմարտության: Համարձակվում եմ գոռալ. քչաքանակ հաճախորդները գոռոցս կլսեն, սակայն սա հենց այդ պարագան է, երբ ոչ մեկը չի զեկուցի իմ անհարկի պահվածքի մասին, իսկ թե զեկուցեն, թքած:

Դեմքները ծամածռվել են: Մատուցողները խմբվել են սրճարանիկի մուտքի մոտ, ուշադիր նայում են: Քաղաքական Բաժնից են, այսօր նրանց հերթն է հերթապահելու: Մեր մատուցողը հարմար առիթ է փնտրում մոտենալու, կապուչի ընկած բաժակը վերցնելը պատճառ բռնելու, որևէ բան հարցնելու. «կարո՞ղ եմ արդյոք օգնել» կամ՝ «էլ ի՞նչ կցանկանայիք», սակայն զգում է, որ երկու տարբերակն էլ այս իրադրության մեջ աբսուրդ են, հապաղում է: Ճիշտ է անում, զգայուն շան որդին: Փորձանքից հեռու:

Մելպոմենեի դեմքը ծամածռված է անճանաչելիորեն: Հետո այն կուղղվի կրկին, սակայն այս պահին հրեշավոր է: Հանկարծ նկատում եմ, որ նրա ոտնաթաթերը գոմեշի ոտնաթաթ են հիշեցնում: Զզվանքն ու խղճահարությունը միաժամանակ են ծաղկում իմ հոգում:

Նրան հավաքագրել են, և նա, միամիտ երեխա, ընկել է այդ թակարդը: Իրոք ինձնից բացի աշխարհում մարդ չկա, որ կարողանա այս ծրագիրն իրագործել: Սակայն թե ես չլինեմ՝ կլինեն ուրիշները, նրանք ուրիշ ծրագիր կիրագործեն: Նա կարծում է, որ այդպես չի լինի: Նա ավելի է կարևորում զոհերի բացառումը, քան մարդկության փրկությունը: Իրո՞ք հավատում եմ, որ այս ծրագիրը փրկելու է մարդկությանը: Իրո՞ք համոզված եմ, որ մահվան ցիկլից դուրս կգանք: Սա իրո՞ք ազդեցիկ նորն է բերում: Կա՞ ինձնից բացի ևս մեկը, որ դրան հավատում է: Կարծում էի, Որմիզդուխտը: Կարծում էի, Մելպոմենեն, որին թիմի մեջ ընդգրկեցի փաստորեն Սահմանամերձ Գոտու որբանոցից, երբ նա կորելու տեղ չուներ, գնալու էր իր Զիմբաբվեն զոհվեր: Կարծում էի, Էնդրյուն: Ինձ «քցեց»: Աբիսողոմը: Իսկ նա անհետացավ և այդպես էլ դուրս չի գալիս: Ահա շնորհակալանքը:

Իհարկե, հարյուր հիսուն տոկոս գիտեմ. մեղավորը ես չեմ: Սակայն գիտի՞ արդյոք ՆԱ: Իսկ եթե մի՜ թեթև սխալվել ե՞մ: Եթե այդ մակարդակին արդեն չեմ տիրապետու՞մ: Չեմ հասնու՞մ: Եթե իրոք ավելի ճիշտ է գնալը՞: Մեծ բան՝ գնալ… Մաթեմատիկան դաժան բան է: Իմ ողջ պրոֆեսիոնալիզմը, ողջ ներըմբռնումը հուշում են. ես ճիշտ եմ և սխալը՝ նրանք: Չհաշված Դավթին և Ստյոպիկին: Գործիքս գրավ կդնեմ, որ ես ճիշտ եմ: Եթե միայն…

Սխալը ես եմ: Տեղով սխալ եմ: Իմ գոյությունն է սխալ: Իմ գոյությունն է մեղավոր: Եթե ես չլինեի՝ ոչ մի խոտորում էլ չէր լինի: Ես՝ մարմնալ[1], ծնվել եմ որպես խանգարիչ հանգամանք՝ Տիեզերափայլի հախից գալուն: Մեղավոր եմ իմ ծնունդով, որպես այդպիսին, ոչ թե որևէ մեղքիս համար: Պետք է երևի գնալ: Հրաժեշտ տալ: Երբ քեզ չեն ուզում, չեն ճանաչում, չեն գնահատում մարմնալ և համարում են, որ վնաս ու մեղավոր ես՝ ճիշտը ցվրվելն է: Այս հարցում ես տանուլ կտամ: Թքած: Թող կորեն իրենց ծակերում: Աշխարհը մեծ: Եվ խաբուսիգ:

Վեր ենք կենում, հեռանում սրճարանիկի մոտից, առանց նույնիսկ մուծելու կապուչի և կոտրված բաժակի գինը. թող ուղարկեն ղեկախցիկ, Էնդրյուն մուծի, անուժ չարախնդում եմ, ինձնից հետո՝ ջրհեղեղ: Վրեժ եմ լուծում, շեֆիս ստիպելով մուծել իմ՝ ինձ կորցնելու գինը: Թե այդպես գնաց՝ շատ բան եմ կորցնելու: Իրոք անհնար դառնա այստեղ մնալը: Լրջո՞վ գնամ: Հևում եմ: Մելպոմենեն առաջ է ընկնում, քարշ տալով իր ետևից իր մարմինները: Գուցե նա նույնպես դադարի ինձ հետ շփվել, ինչպես Էդվինը: Որմիզդուխտը քայլում է ետևիցս, հետո գալիս-քայլում կողքիցս, թևանցուկ անում: Թեթևացած, սակայն խորապես վիրավորված՝ նստում եմ ափին:

Նստում է կողքս:

— Բա, — ասում եմ: — Այդպես էլ է լինում:

— Ոչինչ, — ասում է: — Կտարրալուծվի լավ կլինի:

— Նա արդեն չափը կորցնում է: Իսկ դու սուրհանդակություն ես անում:

— Ես ստիպված էի: Իրականում այստեղ չէ՞ որ հարց կա դժվար: Բայց ի՛նչ անենք նրա առիթով: Ու մյուսների… Գլուխս կկտրե՞ս:

Արհեստական հորիզոնից շլացուցիչ փայլում է արհեստական արևը: Գրկում եմ նրա թանկարժեք գլուխիկը: Եվ ողջ միաժամանակ խոշոր ու նիհարիկ, համամասն մարմինը: Չեմ կարողանում այդ հանելուկը մեջս լուծել. ինչպե՛ս կարող է աղջիկը լինել միաժամանակ այսքան թվացյալ խոշոր՝ և այսքան մարմնալ նրբակրկիտ:

Ճնճղուկի պես, նրա կյանքիկը թպրտում է իմ ափերում, տրոփում. այդ պահին ես կարծես նրա մեջ ավելի եմ սուզվում, ավելի բան հասկանում նրա բաբախյունից, քան երբ խորանում եմ նրա անտակ խորվիրապը: Ձեռքերովս բռնում եմ նրա սիրելի վիզը: Իսկ եթե… Կամ՝ նկուղի մեջ շղթայել… Ես գիտեմ այդպիսի հակահրդեհային նկուղ, ուր ոչ ոք չի մտնում… Քարշ կտամ գիշերով միջանցքով, երբ ոչ ոք չի տեսնում… Գինու մեջ լուծած դեղահաբով քնեցնեմ և քարշ տամ: Մի քանի օր վիզիկից շղթայակապ չորեքթաթ նստի մթության մեջ՝ իր իսկ կղկղանքի մեջտեղը՝ կդառնա, գուցե, մետաքսյա՞: Մերկ: Իսկ ես նրան հաց ու ջուր մատակարարեմ:

— Ես ուզում եմ լողալ:

— Գնա լողա, իմ շունիկ: Ես կսպասեմ:

Բաց եմ թողնում իմ Հազարան Բլբուլին:

— Իսկ դու՞:

— Լողազգեստը հագիս չէ, — խաբում եմ:

— Ուզու՞մ ես սպասեմ, գնա բեր, միասին լողանք:

Դա, իհարկե, արժեքավոր է՝ այդ «միասին»-ը: Մուրացկան եմ:

— Ոչ, — ասում եմ ճարահատ, — դու գնա լողա, իսկ ես այստեղից ուզում եմ քեզ դիտել:

Առանց ժամանակ կորցնելու, հանում է թաց սարաֆանն ուսերի վրայով և վազեվազ մոտենում ափիկին ու նետվում լճի մեջ, ամենախորը տեղում: Լողում է, ուժեղ ձեռքերը հուժկու դուրս նետելով, հեռանում, դառնում կետ: Ետ գալիս: Կրկին հեռանում: Նա ուժեղ է և լողորդ: Լիճն ավտոմատ կերպով ալիք է անում. նրան հաճույք պատճառի: Չգնա՞մ ես էլ մտնեմ: Չեմ կարող ինձ ստիպել: Իմ էներգիան քամվում է այսպիսի դրվագներից, ինչպես նաև՝ կենտրոնանալս է շեղվում, ինձ հիմա թույլ տալ չեմ կարող: Հիպնոսված նայում եմ նրա հազիվ երևացող կերպարանքին. այսքան հեռվից կարելի էր և խառնել նրան այլ լողորդի հետ, թե չիմանայի, որ դա նա է: Հեռվից տարբերանշանները սվաղվում են, սակայն էլի պարզ կլիներ. շատ առանձնահատուկ լողորդ է, շատ ուրիշ արարած:

Կողքիս՝ շրշյուն: Նայում եմ տակնիվեր: Կողքիս է Պատրիկը՝ ֆրանսացին, անվտանգության բաժնի տղուկներից:

— Սա ո՞վ է լողում:

— Գուտբյոռտդոռ Որմիզդուխտը: Ինֆոկռանչեռներից:

— Լավ է լողում:

— Սպորտսմենուհի է: Ի թիվս մնացածի:

— Ինչո՞վ եք դուք, ժողովուրդ, զբաղվում:

— Փորձում ենք հասկանալ, կկարողանա՞նք արդյոք Տիեզերափայլի հախիցը գալ, որ բոլորիս չուտի ի վերջո:

— Ինչ հետաքրքիր է: Եվ ստացվու՞մ է:

— Աշխատում ենք…

— Նորե՞կ է:

Կկոցած աչքերով նայում է հորիզոնում լողացող Որմիզդուխտին: Բիբերը նկատելիորեն փոքրանում են: Ականջները ձիգ կպնում կարճ կտրած մազերին: Պոչ ունենար՝ կսկսեր կողերին խփել:

Գոհ եմ, որ նրա համար Տիեզերափայլի պրոբլեմն այդքան հեռու բան է, նա թքած ունի իրականում, թե ինչո՛վ ենք մենք զբաղվում ու ինչու՛ է Սուբմարինն այստեղ, ինչու՛ է ինքը ծառայում այստեղ և ինչու՛, ի վերջո, գոյություն ունի: Դա կենսախնդության լիցք է ներարկում մեր բավական անհույս թավալվելուն՝ Տիեզերափայլի պրոբլեմների մեջ:

— Ոչ այնքան… Արդեն մի քանի ամիս մեզ հետ է. թռիչքի սկզբից…

— Տպավորիչ է: Դու նրա ընկե՞րն ես:

— Ես… նրա թիմակիցն եմ: Միասին ենք աշխատում:

— Գնամ դիմավորեմ, — ասում է Պատրիկը, սրբիչ վերցնելով: — Հարցուփորձ անեմ, ինչպես եք դուք, հերոսներդ, Տիեզերափայլի հախիցը գալիս:

Սրբիչը ձեռքին մոտենում է ափին: Որմիզդուխտը դուրս է գալիս, շնորհակալությամբ ընդունում սրբիչը. քամի է միացել, լիճը միացնում է երեկոն: Տղան փորձում է նրան օգնել մեջքը չորացնել: Նա քաղաքավար կերպով հրաժարվում է, բայց թույլ տալիս, որ մի անգամ հպվի: Հետո տղան ինչ-որ բան է հարցնում: Որմիզդուխտը պատասխանում է: Հեռանալիս ետ է նայում, գնահատող հայացքով չափում տղուկին ոտից գլուխ:

Հաճույք է զգում, որ իրեն նկատել են, թեև ո՛վ չի նկատում, որ: Իր սիրավեպի հերոսը չէ, ջահել է: Գերադասում է ավելի հասունների հոգու հետ խաղալ: Ասենք՝ ո՛վ գիտի: Սիրում է հասուն պրոտոպլազմա: Բայց գուցեև սիրում է նաև դեռահաս պրոտոպլազմա: Մոտենում է, կիսաթաց: Նրանից կաթիլներ են շաղ գալիս, փարթամ բաշն է թափ տալիս վրաս, իրոք խարտյաշ շունիկի պես: Առյուծիկուհու: Կաթիլ եմ վերցնում թևիցս մատով, լիզում. աղի է: Չափազանցրել են միմիկրիան: Սա Սևան չէ, Վան է: Թամարը չկար, ես խորտակվեցի: Թե՞ նրա մաշկի աղն էր:

— Այդ տղան… Պատրիկը… ո՞վ է:

— Անվտանգության բաժնից: Բա՞ն էր ասում:

— Հեչ, հարցուփորձ էր անում, թե մենք ինչով ենք զբաղվում: Եթե անվտանգության բաժնից է, ինչու՞ չգիտի որ… Դու ի՞նչ որոշե 166.9

167 իշեր: Տեսահոսքը չի միացնում:

— Կարո՞ղ եմ գալ:

Տատանվում է, ինչպես խաբվող ֆոտոնչիկ:

— Ես արդեն պառկած եմ:

«Հետո՞ ինչ», պիտի ասեմ իրականում: Փոխարենը.

— Կարճ, բան ունեմ ասելու:

«Քեզ դուր կգա» չեմ ավելացնում, ինքս ինձնից ամաչելով:

Տատանվում է:

— Լավ:

Նոր փուլ է: Հովանավորող, վերից վար այդ տոնը: Փոքր-ինչ բեզարած (իբր իմ «կապրիզներից/կապրիզների՞ց»):

Ներսից կողպեքը գալիս մարմնալ բացում և նորից է գնում-պառկում. բոբիկ ոտքերի արագ-արագ դմփդմփյունը, ասես երեխա վազեց: Դուռը ծեծում եմ երեք անգամ, բռնակը քաշում:

Ձեռքիս նրա հաշվետվությունն է:

— Բարև:

— Բարև կրկին:

— Դու սա արեցիր:

— Այո:

— Ապրես, դու իմ տաղանդավոր:

— Ես տաղանդավոր չեմ:

— Չտաղանդավորը չէր կարող սա անել այսպես:

— Դե… արել եմ էլի…

— Ապրես, դու իմ տաղանդավոր չոբան:

— Չոբանն ինքդ ես:

— Ուլիկատերը չոբան չէ՞: Չոբանուհի ջան: Լինեի չոբան սարերում հեռու, գայիր անցնեիր քո ուլիկներով… Էս ու՞մ ուլիկներն են: Հլա մի տուր ծծեմ:

Մոտենում եմ, նստում մահճակալի բազրիքին, հակվում դեպ նա:

Թույլ ծիծաղով դիմադրում է:

— Հայկ, Հայկ, սա քեզ համար չէ, երեխեքի համար է:

— Ես էլ եմ երեխա: Ես բոլոր նրանց անունից, անցյալ և ապագա:

Իսկ նա մեկ երեխա է, մեկ՝ մայր: Ոչ էլ ապագա:

Հոժարակամ թույլ է տալիս, որ պտուկը համբուրեմ, հետո կրկին փակում է կուրծքն ու մինչև ծնոտը մտնում վերմակի տակ: Սպասողական նայում է:

— Ինչպե՞ս կարողացար:

Նա հաշվել է պի-պլազմայի երեք կարևորագույն բաղադրիչը:

— Հիշեցի, ինչպես էիր դու ասում՝ «Ինֆորմացիան ենթաֆոտոնային մասնիկների հետքերն են, սակայն տելեոլոգիական մոտեցման դեպքում, և եթե նրանց ուղիղ հարցնես՝ դրանք նյութականանում են. ծնում են հաշվարկելի և նույնիսկ երբեմն շոշափելի նյութ: Ստեղծում նորը»:

— Ապրես:

Իհարկե, ամեն արժեքավորված ինֆորմացիա դառնում է նյութական: Աթոռ ես երևակայում, հետո գծագրում, հետո սարքում: Դա հասկանալը մեծ բան չէ: Սակայն ես ինքս էլ հաճախ մոռանում եմ դրա մասին: Ազդակներն իրենք էլ են նյութական, իհարկե, խնդիրն այն է՝ ինչպե՛ս է նա «աննյութականն» առաջացնում, որը գրեթե շոշափելի է, հաղորդելի, բազմացող… ու հետո դա՛ ինչ է դառնում… այստեղ կա մի անցում՝ որ մենք չենք հասկանում…

Վեր եմ կենում և քայլում իր խցով:

Հետևում է ինձ փոքր-ինչ անհանգիստ, խոշոր աչքերով:

— Ես քնել եմ ուզում:

— Պարզ է, հոգնած ես: Քնիր, մանկիկս: Կարելի՞ է կողքդ պառկեմ:

— Ոչ այսօր, լա՞վ:

— Ինչու՞:

— Ես ինձ լավ չեմ զգում: Ուզում եմ լույսը հանգցնել և անջատվել:

Ուրիշ դեպքերում, սովորաբար, ես, իհարկե, ցտեսություն, ներողություն կասեմ, բարի գիշեր, երեխաներ, դուրս կգամ, դուռը խնամքով ետևիցս կփակեմ, դրսում կանգնած՝ կլսեմ, ինչպես է նա գալիս ոտաբոբիկ գրեթե անլսելի դոմփդոմփելով դուռը մարմնալ կողպում, ետ գնում, հիպնոսված նրա դռանը՝ դռան առջև կանգնած՝ կունկնդրեմ որևէ թեթև անսպասելի շարժման. կգնա՞ արդյոք զուգարան: Արդյոք լույսը հանգցրե՞ց: Հո չի՞ խաղում բեյֆոնով: Այդ ու՞մ ավետ ուղարկեց: Տարայ-նի-նա՜, տարայ-նի-նա՜:

Սակայն այժմ ես կարիք ունեմ նրան փարվելու: Ես կարծում եմ, որ Ստյոպիկի պատմությունը և հետո երեկ ցերեկը լճի մոտ իմ գլխին նրանց դարանակալած սկանդալը մեզ միավորել է: Չէ որ նա հետո մխիթարեց ինձ: Ես կարծում եմ, որ երբ ես թույլ եմ, ես է՛լ իրավունք ունեմ – ձեռք եմ բերել, կարծում եմ – սխալմամբ – նրանից սպասել գուրգուրանք: Ձեռքմեկնում: Մխիթարանք: Սփոփում:

Ես կարծում եմ, որ, եթե նա այդքան բարեհամբույր էր երեկ, եթե կատարել եմ նրա բոլոր խնդրանքները, թե հոժարակամ համաձայնել եմ նույնիսկ իմ կյանքի գործը փոխելու մասին գոնե մտածել, իր կապրիզի պատճառով, ուրեմն նա պիտի նույնքան բարեհամբույր և պատրաստակամ լինի այսօր: Թե սիրելու էր ինձ երեկ՝ ուրեմն պիտի սիրեր նաև այսօր: Եթե ես լսեցի նրանից երեկ այդ ամենը, եթե գոռացի նրանց վրա ու նա դա հանդուրժեց, հասկացավ՝ նշանակում է ես նրան սիրում եմ և նա ինձ սիրում է: Սիրածդ արարածին չես ասում «ես վատ եմ զգում» (սուտ) ու սենյակիցդ դուրս հրավիրում: Ասում ես, ի՛նչն է պատճառը: Խնդրում նրանից օգնություն: Մասնակցություն: Չես փակում պատդ, բացում ես: Որ ֆոտոնն անցնի ճեղքով հանգիստ: Սիրածդ էակից դու չպիտի ունենաս գաղտնիք: Թե ունես՝ ցույց չես տալիս, ի ցույց նրան, որ վիրավորվի: Սիրածդ էակին, երբ նրան խորապես վիրավորել ես, թեկուզև պատճառ ունեիր, թեկուզ հանուն չարյաց փոքրագույնի, գուրգուրել ու մխիթարել է պետք անհապաղ դրանից հետո: Եվ միշտ: Միշտ:

— Վաղը կխոսենք:

— Վաղը գուցեև այլևս չլինի:

— Ինչու՞ չլինի:

— Որևէ սխալ գնացած խոտորում եղավ կրկին և՝ վերջ:

Ասում եմ ոչ սպառնալի/ո՞չ սպառնալի:

— Չի լինի:

Քսաներկու տարեկան պինդ աղջկա համոզմունք:

— Չե՞ս ուզում իմանալ, ինչ որոշեցի:

— Գիտես, արի վաղը, հա՞:

Նրա աչքերն անթարթ նայում են ինձ, բայց երբ ես որսում եմ նրա հայացքը՝ նա այն փախցնում է:

Բեյֆոնով ֆիանսէի հետ զրույցի մեջտեղն էր: Սպասում է կրկին կապի: Ինչու՞ այդ դեպքում ինձ պատասխանեց, ներս թողեց: Որպես պարտաճանաչ թիմակից: Ստորադրյալ: Կարծեց կարևոր բան ունեմ ասելու:

— Լսիր, դու քեզ այնպես ես պահում, ասես զուգարանումդ Էնդրյուն է թաքնված:

Նայում է ինձ:

Նրա աչքերը փայլում են և կրկին, կամքի ուժով, հանգում:

— Դա քեզ չի վերաբերվում:

— Ես հոգնել եմ քո վարքից: Մեկ՝ դու իմ ամենամոտիկ էակն ես, կյանքիս օգնականը, մեկ՝ սառը, անհաղորդ…

— Ոֆ, ես հոգնել եմ այդ խոսակցություններից: Արի մի ուրիշ անգամ խոսենք դրա մասին կրկին, այո՞:

— Չեմ հասկանում, թե՞ ֆիանսէդ է վերջապես ժամանել ու դուրս է եկել ռեստորանից շամպայն բերելու, վախենում ես վերադառնա ու ինձ քեզ մոտ հայտնաբերի:

Վերմակի տակից դուրս է սողոսկում, մերկ, միայն լարիկով, ստինքներն անշարժ տնկած (պինդ են, նրա քայլքից չեն էլ թռթռում)՝ մոտենում:

— Լսիր, կասկածամիտ: Եթե նա այստեղ լիներ՝ ես քո կանչին չէի պատասխանի պարզապես: Ես այսօր չեմ կարող, լա՞վ: Բարի գիշեր:

Թեթև հրում դեպ դուռ:

— Գնա: Գնա:

Գուցե նրա կյանքի կարևոր տխուր իրադարձության հոբելյան է, ասենք՝ տատիկի մահվան: Ինչու՞ չի ասում:

— Կարո՞ղ ես ինձ մի կարգին բացատրել, ինչ է կատարվում, — թեթևակիորեն հրում եմ նրա ձեռքերն իմ կրծքի մոտից:

— Ասացի՝ քնել եմ ուզում, — աչքերը փայլատակում են:

— Դու վարվում ես տգեղ և անշնորհք: Ես արդեն մինչև կոկորդ լի եմ քո այդ անշնորհքություններով: Դա մարդկային վերաբերմունք չէ: Բան ասա բան հասկանանք: Այդ ե՛րբ է եղել, որ ես քեզ խանգարեմ քնել: Ես զզվու՛մ եմ արդեն քո այդ վերաբերմունքից: Դու պարզապես մի անդաստիարակ կոտոշ շնիկ ես:

— Մարդուն որ բան են ասում ու նա չի հասկանում՝ ի՞նչ կարող են անել:

— Երևի դու էլ լավ գիտես, որ ինձնից քեզ ավելի հասկացող մարդ այս աշխարհում քիչ կա: Դե իհարկե, քեզ շատերն են հասկանում: Իսկ ես՝ ընդհակառակը, չէ՞: Ես հիմարն եմ: Էնդրյուն, օրինակ… Ո՞վ  այսօր: Նա՞: Միգուցե Արթու՞րը: Ա՜, գիտե՛մ. այն տղան անվտանգությունից…  Ոնց է՞ր: Պատրիկ: Նռնակակրի մարմին ու ծերտի չափ խելք…

— Ես քեզ… ես քեզ… ես քեզ ասում եմ ու դու չե՛ս հասկանում… Դու՛րս կորիր այստեղից:

— Չե՛մ դուրս գա, մինչև չբացատրես: Ես այդ իրավունքն ունե՛մ: Ձեռք եմ բերել իմ տքնաջան համբերությա՛մբ:

— Ախ չե՞ս դուրս գա: Ստո՛ր արարած, — ձեռքը տանում-բերում է և թեթևակիորեն զարկում ծնոտիս: Ընկրկում եմ, սակայն ոչ լրիվ: Հազիվ է դիպչում: Ակնոցս թռնում է մահճակալի տակ:

Ինձ լրիվ կորցրած, մի վայրկյանի հաշվեկշռի ընթացքում որոշում եմ աբառոտկա ֆռռալ. նա ինձ հավասար է. նա այլևս երեխա չէ. նա կրակի հետ է խաղում. կինը տղամարդուն հավասար արարած է. ես էլ փորձում եմ նրա թշիկին մի թեթև մատով զարկել, խաղալիք, իբր խաղում ենք:

Նա, սակայն, ուխոդ է անում: Եվ բլոկ դնում ձեռքիս՝ արմունկի շրջանում: Եվ բավական ցավեցնում արմունկս: Կարող եմ ձև թափել, թե վրիպում եմ ակնոցիս պատճառով: Սակայն ժամանակ չի թողնում իրադրության տակից նորմալ դուրս գալու համար. երկրորդ անգամ է ձեռքը ետ տանում և գալիս, իր ողջ պուճուրիկ բայց թափով ուժով, հարվածում այտոսկրիս:

— Օ՛խ, — ցավեցրած ափը ետ է քաշում, թափահարում օդում:

Այլևս ինձ չեմ զսպում: Հաշվարկ: Պետք է միանգամից էսկալացնել իրադրությունը, որ շուտ գա հանգուցալուծման: Դա միշտ ավելի շահեկան է: Գոնե ազատություն և ժամանակ ես շահում, եթե ոչ հաղթանակ: Թող նա չկարծի, թե իր խաղին համահունչ եմ ընթանալու: Ձեռքս տանում-բերում եմ, ողջ ուժովս, որ հանկարծ էլ կազուս չստացվի, որ զգա, որ ես նրանից պակաս պակասը չեմ, բաց ափովս սիլլում նրա այտն ու ծնոտախառը:

Թռնում է մի երկու մետր ետ, հազիվ է իրեն պահում, երկու ձեռքով ծնոտը բռնում, զարմացած ուզում է ետ վրա տալ:

Բայց ես արդեն չեմ պաշտպանվում. ես հա սպասում եմ, որ հիմա վերջապես զուգարանից թատերաբար դուրս կգա Էնդրյուն կամ Աբիսողոմը, ինձ մի լավ կդնգսի, ամոթանք կտա, դուրս կշպրտի: Իր տղան մեռել է, իսկ ինքը… ինչով է զբաղված… ուսանողուհիներ հետապնդելով… Փոխանակ թողնի ջահել սերնդին… Ամեն տարիքին ի՛ր սերնդի աղջիկները պիտի հասնեն, ի վերջո… Ամո՛թ է, Աբիսողո՛մ, պարզապես ամո՛թ… Որքա՞ն կարելի է դիմանալ, մտածում եմ ես: Իսկ եթե ես նրան սպանե՞մ: Կամ նա՝ ինձ: Խոտորումն այսպե՛ս է լինում: Մթագնումը: Խավարումը: Իրոք, կարող է հիմա մթագնեի, չնայած իմ ուժգնագույն հոգեկանին:

Զուգարանից ոչ ոք դուրս չի գալիս: Անշարժ կանգնած՝ նայում եմ մոտեցող կատղած Որմիզդուխտին: Սիրտս խղճմտանքով լի: Մեղքից կոտորվելով:

Դեմքիցս մի թիզ հեռավորության վրա կտրուկ արգելակում է: Մի կողմ քայլ անում: Դեմքը դեռ բռնած: Բերնի անկյունից հոսում է իր կարմիր արյունը: Իր եղունգների գույնի:

— Արի լըզեմ, — ծուռ ժպտում եմ:

Աչքիս արցունք: Մշուշոտ, քանի որ ակնոցն էլ չկա:

— Լավ, — ասում է: — Լավ, լավ, կանգ առանք: Ստոպ:

Կռանում է՝ ակնոցս գտնելու: Սակայն ես ավելի շուտ եմ գտնում: Գիտեմ, որտեղ է ընկել. ուղեծրին ունկնդրում էի, երբ աչքիցս թռավ: Փորձում է ինձ օգնած լինել:

Ապակին կեղտոտված է:

— Այս ինչ ես դու անում: Այս ինչ ես դու անում…

— Մենք սխալ ենք, սպասիր:

Ձեռքս բռնում, նստեցնում է մահճակալի ծայրին՝ իր կողքը: Արյունը սրբում ափի ետևի մասով: Երկար վարդագույն հետք, կամաց-կամաց անհետանում, գոլորշիանում: Շիրա է մնում, ձեռքը շարժելուց զգում ես, որ մաշկիդ բջջիկներն իրար կպած են:

— Հիմա մենք պիտի մի բան անենք միասին: Սպասիր: Մի բան պիտի անենք: Այսպես չի կարելի թողնել:

Հնազանդ եմ:

Չոքում է մահճակալի կողքը, ձեռքիցս քաշելով: Չոքում եմ:

— Աղոթիր:

Մանթրաշ եմ: Ահա՛ թե ինչ: «Այսպես չի կարելի թողնել»:

Քո երկու սիրած միաժամանակ պահելն աղոթքով քավե՞ս:

— Ես աղոթել չգիտեմ:

— Հիշիր մանկությունիցդ. տատիցդ, մայրիկիցդ: Հիշիր, կիմանաս, ինքն իրեն կգա: Կրկնիր իմ ետևից.

 «Հայր մեր, որ յերկինս ես»:

Մի քանի տող նրա հետ գնում եմ: Մտքերս հեռու են տանում:

Ծնոտը մի քիչ ուռել է: Միս ու արյուն. և միկրոմասնիկներ. դրսից՝ այսքան հաճելի կերպարանք, խաբող տոպրակ, մեջը լցված ամենը, ինչ սիրում ես. մոնպասյե կոնֆետ, դաղձի ծամոն, շոկոլադե պաղպաղակ, տանձի լիմոնադ, էնտրոպիայի՝ բեյֆոնով ասեղնագործված բանաձև: Կիսաթափանցիկ տոպրակի միջով այդ ամենը խոստումնալից ծիկրակում է: Դա դրսից չէ, դա ներսից է: Դա քեզ համար չէ. կուզեց՝ կտա, կհանի տոպրակիկից, կմեկնի, ժպտալով, խուփ ափիկը, դմբուզիկը կբացի՝ բաց ափիկի մեջ՝ չտրորված թիթեռ: Երփներանգ թևիկներն է շարժում: Չէ՝ չէ:

Հիմար եմ, ուրիշների նպատակային կոները տեսնում եմ, իմը՝ ոչ: Իր նպատակային կոնքերը: Հիպնոսացած եմ տեսնում: Նպատակահարմար: Նպատակադրված՝ աստված գիտի թե ինչի: Աստծո Աչքը գիտի: Միշտ որսում եմ ինքս ինձ՝ արարքից հետո միայն, կատարվածից հետո: Արդյունքը նպատա՞կ է: Քարն ընկավ գլուխս ջնջխեց, ու՞մ նպատակն էր: Ես կույր եմ: Կուրացրել է, գլխիս բամփել, ռեֆլեքսներս, ինքնըմբռնումս անջտել, գլխիվայր գլորելով ուղարկել Բետագյուլ, բեհեզդեբուղ, որ ուղեղիս կեսը կորցնեմ: Քայլում եմ այս աշխարհում դեպքից դեպք: Մոզի ոզնի մութ թունելի մեջ: Որի ծայրում լույսի տեղակ կանաչ ճանճ է բզզում: Խաբուսիկ, ինչպես շոկոլադե էնտրոպիան: Գուցե Աբիսողոմին էր սպասում: Չէ որ նա մխիթարիչ է. միաբան. միանձնուհի. նան. բուժքույր: Գրեթե գուշակեցի, երևի. դրա համար կատաղեց ու ինձ հունից հանեց: Նա համարում է, որ տղային կարելի է սիլլել, իսկ իրեն սիլլել չեն համարձակվի: Դե, ինչ: Նա սխալվում է: Ես սխալվեցի: Նրանք խորտակվեցին: Ես դա արեցի: Ցույց տվեցի նրա սխալը: Ուրախ եմ. դաս տվի: Սարսափելի գժական ուրախություն: Հիմա ինչ: Ամեն ինչ կորած:

Շանթահարված, համր եմ, հոգիս՝ համր, կողքիս՝ մրմնջում է նրա հորդառատ աղոթքը: Փորձում եմ նրան հոգուս մեջ ձայնակցել, կամաց-կամաց մտնում, կորչում մեջը:

… Իսկ հետո կգա մեկ այլ կյանք, օ Տիեզերափայլ: Որդին պատճառն է հայրիկի, հա՛յր մեր, երբ պատճառն անհետանում է, հետևանքն ի՞նչ է լինում: Հայր մեր, մայր հեր, խեր բեր, կերբեր! Նա չի լինի փակված այլևս իր սենյակում, իր ծակում: Կհանդիպեն վերջապես կրկին Աբիսողոմն ու Դավիթը: Հօդս կցնդի նրա մեղքը. «Ես տղուկիս չպահպանեցի: Օ՜ վա՜յ ինձ: Վա՜յ իմ գիտությանը, վա՜յ իմ իմացած-հասկացածին, եթե ես փլվեցի, պարտվեցի ամենա- ամենա- բանում. տղուկիս հանձնեցի մութ արհավիրքի խորխորատներին: Ու՞մ է պետք իմ գլուխը, իմ գանգուղեղը, իմ գործը, իմ սուտ իմաստությունը…», — և մոխիր է ցանում իր ճաղատող գագաթին:

Եվ վերից կհառնի նախախնամությունն ու կերգի.

— Օ, մխիթարվիր, դու խեղճուկրակ, քո ձեռքումը չէ ոչ հուր, ոչ կրակ. դու չես որոշող, ոչ ինչ կծնես, ոչ՝ ում, ու ոչ՝ երբ, ու երբ կկորցնես:

Հանկարծ…

«Տղա՛ս, տղա՛ս, — կասի նա, չհավատալով իր աչքերի ենթանյուրոնային շարժումներին: — Մի՞թե այդ դու ես: Այստե՞ղ»: 

— Հայրի՛կ, հայրի՛կ, — կպատասխանի Դավիթը: — Աբիսողո՛մ: Աբիսողո՛մ հայրիկ: Մի՛ մեղադրիր քեզ, օ, դու մեղք չունես, ե՛ս եմ մեղավոր, խուլ Տիեզերքներում, իմ դին սավառնեց առանց խարըսխի, սակայն ուղեղս, շնորհիվ Տիեզրի, կենդանի ահա, հառնում է կրկին, և խնդուն կյանքով, մինչ պռունկ լեցուն, նա քեզնով հպարտ՝ և քեզ է փարվում…

Նա աղոթում է մեղմիկ, նրա կողքը ծալապատիկ՝ նայում եմ նրա գունատած պրոֆիլին ձեր, բացարձակապես չի աղավաղվել, ընդհակառակը՝ է՛լ ավելի գեղեցկացել, երեկ լճի մոտ իմ գոռոցից շատ ավելի աղավաղ էր, ապտակս նրան սազում է, գրողը տանի, նույնիսկ հարվածս է նրան սազում, էլ ավելի գեղեցկացնում, նրան պետք էր փոքր-ինչ այդպիսի կարմրություն, այդպիսի ուռուցիկություն ծնոտի մոտ, նա ինձնից գրեթե ուժեղ է, լուրջ կռիվ լիներ՝ ստիպված լրջով պիտ կռվեի: Գուցե կրկին լրջով պարտվեի…

Ու հանկարծ փռթկում է արցունքի միջից.

— Էդ ինչպես տարար-բերիր լապատկովդ բերնիս տվիր… Բոցաբահիկ…

Եկավ մյուս երկվորյակը: Կոճակ սեղմեցին և ռոբոտի ծրագիրը փոխեցին: Ուրեմն՝ լավ/լա՞վ եմ արել:

Մահճակալի տակից գլուխիկը դուրս է հանում կրիան, ուշադիր դիտում ռազմի դաշտը:

— Ի՞նչ է լինելու հիմա:

— Չգիտեմ, — ասում է: — Ինչ ասես կարող է լինել: Աշխարհը վախենալիորեն փոքրանում է, Տիեզերափայլը գլխներիս կախված… Լավ էլ կլինի, վատ էլ կլինի…

Մատով դիպչում է ծնոտին, գնում զուգարան, ետ գալիս: Քիչ հետո թույլտվություն եմ խնդրում հեռանալ, «լավ, ես գնամ», նա բարյացակամորեն ու մի քիչ թեթևացած այն տալիս է ինձ, ես իմ կամքով հրաժեշտ եմ տալիս, գնում իմ սենյակ, կարծես մինչ այդ ես չէի, ամեն կերպ հրաժարվում էի նրան հանգիստ թողնել: Խնամքով ետևիցս ծածկում եմ նրա նզովյալ սենյակի դուռը: Գուցեև վերջին անգամ էի այս սենյակում նրա հետ: Գուցեև մեր վերջին շփումն է: Գուցե վաղն արթնանա ու որոշի, որ «մեր միջև ամեն ինչ վերջացած է»: Մեկընդմիշտ: Ու դատի տա: Ռուբիկոնն անցածի պես՝ չգիտեմ, ափսոսում եմ թե ոչ: Ետդարձ չիք: Դատարկ, ամլացած: Մահվան ցիկլը կտրված է: Վաղը նորն է լինելու:

Քայլում եմ անկյունից անկյուն իմ խցում, անքուն: Անշնորհք անօգնական բանաստեղծություն, մոգոնած, ֆռցնում մտքումս, ինչպես սովորաբար, հրաժարվելով 167.9


[1] Հորինված բառ, վիրտուալի հակառակը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով