Գոհար Գալստյան, Պատմվածք

Մարդու որդիները

         

          Մի մարդ երեք որդի ուներ, մի տուն, մի այգի ու մի ջրաղաց: Էս մարդն իր ժլատությունից մի օր, երբ որդիներն արդեն հասունանում են` երեքին էլ դուրս է անում տնից: Որդիներն առանց աղմուկի թողնում են իրենց շեմը` այնպես, որ շրջապատում ոչ ոք չի իմանում այդ մասին: Բարեբախտաբար նրանք երեքն էլ էությամբ նման էին իրենց շատ բարի, լուսահոգի մայրիկին եւ հարազատ հոր հանդեպ չարությամբ չեն լցվում:

         Ավելին, մանկությունից սերտորեն կապված այդ եղբայրները, իրենց հոր կամքին էլ ազատություն տալով, պայման են կապում իրար մեջ ու ավելի սիրով շարունակում միասին գործել։ Եվ երբ հայրը տանն էր լինում` հորից թաքուն գիշերով նրանք ջրաղացի գործն էին անում, երբ լուսանում էր, ու հայրը գնում էր ջրաղաց` նրանք այգում էին, ծառերն էին ջրում, խնամում էին թաղարներն ու թփերը, իսկ երբ հայրը ջրաղացից այգի էր գալիս` եղբայրներն իրենց մանկության տունն էին մտնում դադար առնելու, մի քիչ հանգստանում էին, իրենց հոգսերը հոգում, կարգի էին բերում տունը,  իրենց մոր սիրուն պատկերի առաջ մոմ էին վառում, ու հոր տունդարձի ժամին մոտ` իրենց անցուդարձի բոլոր հետքերը հավաքած` տնից դուրս էին գալիս դաշտերի միջով թեթեւորեն քայլելով դեպի գետափի իրենց ջրաղացը տանող ճանապարհով՝ այնպես, որ նրանց տեսնողը երբեք չէր կասկածի, թե նրանք տունուտեղից զրկված՝ հորից մերժվածներ են…

          Դեռ առողջ ու ինքնավստահ հայրը, որ սովոր էր միայն ինքն իր որոշումները հարգելու, մոտ վեց ամիս էդպես ինքնագոհ ապրեց, կարծելով թե ինքն ամեն բան հասցնում է մեն-մենակ, երբեմն անգամ ոգևորվելով իր ամենազորությունից՝ սովորականի պես անտեսելով շրջապատի մարդկանց… Իսկ դրացի մարդիկ պարզապես զուսպ էին նրա հանդեպ. հարգում էին նրա կնոջ կորստյան վիշտը եւ առանց հիշաչարության անցնում էին կողքով, քանի որ բարի էր նրա ազնիվ կնոջ համբավն այդ կողմերում, ու սիրելի էր նրա հիշատակը:

Իսկ այ եղբայրները՝ ինչպես որ բարի համբավ էին ունեցել, այնպես էլ շարունակում էին մարդկանց հանդեպ բարի լինել, որպես ազնիվ ու պատրաստակամ գործավորներ:

Արդեն կնոջ տարին էլ անցել էր, և այսպես քիչ-քիչ մարդը մոռացել էր նաև սիրելի կնոջ հիշատակի մասին, երբ մի օր մի ջահել աղջկա հավանելով՝ մտածեց ամուսնանալ ու նորափեսա դարձած կյանքի անցյալ հաճույքները նորից վայելել:

Գեղեցկուհին, որին հավանել էր՝ իր մեծ որդու գաղտնի նշանածն էր…

Մի օր երեկոյան, երբ մարդը վճռեց գնալ հարսնացուի ձեռքը խնդրելու, առավոտը մոտեցավ աղջան ու հայտնեց իր ցանկությունը: Աղջիկը շփոթմունքից պապանձվեց, հետո պատմեց նշանածին, թե՝ էսպես ու էսպես…

Տղան շատ հանգիստ լսեց իր հոր որոշման մասին եւ առանց նեղսրտելու ասաց.

— Մի ընդդիմանա հարուստ ու պատվելի մարդու առաջարկին, իսկ շրջապատում բոլորին ասա, որ նա խնամախոսում է իր մեծ որդու համար: Թող քեզ հարս տանի իր տուն, իսկ այնտեղ պարզ կդառնա, թե ում կինն ես դառնալու իրականում:

Աղջիկն իր սիրած տղայի ասածի պես էլ անում է. տնեցիներին զգուշացնում է, թե իր սիրած տղայի հայրը խնամախոս է գալիս, եւ քանի որ փեսացուի լուսահոգի մայրիկի հիշատակը դեռ թարմ է՝ աղմկոտ հարսանիք չեն անելու, իսկ որպես մեծ պատկառանքի նշան՝ փեսայի հայրն է հարսի ձեռքը բռնած տանելու տուն:

Այս լուրն ու անսովոր պահանջերը սկզբում թեև մի քիչ զարմացնում են աղջկա ծնողներին, այդուհանդերձ քննարկելուց հետո նրանց համար եւս ընդունելի եւ ագամ ձեռնտու են համարվում… Չէ՞ որ իրենց հարկի տակ հինգ հասած աղջիկ ունեցող ընտանիքի հոգսն այնքան շատ էր, որ իրենք էլ դեմ չէին թե՛ աղջկա ամուսությանը, թե՛ հարսանիք չանելով՝ միջոցները խնայելուն: Եվ քանի որ ազնվաբարո փեսացուի ու նրա լուսահոգի բարի մոր համբավը հայտնի էր, աղջկա ծնողները չմտահոգվեցին անձամբ փեսայի հոր՝ բոլորի պես նաեւ իրենց հանդեպ սովորական դարձած սառը վերաբերմունքով, նրա ժլատի մարդատյացությունը, ինչպեսև առաջ, վերագրելով զսպվածությանը…

Եվ արդեն պայմանի համաձայն՝ հաջորդ օրը հարուստ մարդը խնամախոս գնաց աղջկան ու մի քիչ զարմացավ, երբ տեսավ, թե նրա ծնողները որքան պատրաստակամ ընդունեցին եւ ինչ հարգալից եղան իր հանդեպ՝ հիշատակելով հատկապես իր լուսահոգի կնոջ բարեպաշտությունն ու որդիների բարի համբավը:

Մարդն այս ամենից մի քիչ շփոթված էր. թե ինչու պիտի իր ապագա կնոջ ծնողներն իր մեռած կնոջ բարեպաշտությունից խոսեին կամ՝ թե ինչ կապ ունեն այստեղ իր որդիները, որոնց ամիսներ առաջ վռնդել է տնից և որոնց չի տեսել այդ օրից ի վեր ու չի էլ ուզում տեսնել…

Չէ՞ որ այդ մարդու սիրտը վաղուց կարծրացել էր ժլատությունից, և քիչ բան էր նրա սրտի համար սիրելի, իր հարսնացուին անգամ նա միայն սեփական հաճույքի ակնկալիքով էր տանում տուն՝ առանց սովորաբար արվող ծախսերի:

Ինքնագոհ ու հաղթական, երբ մարդն իր՝ իբր հարսնացուի ձեռքը բռնած տուն մտավ, զարմանքից քար կտրեց, երբ տանը տեսավ որդիներին՝ խնջույքի համար բացված սեղանի շուրջ իրենց ուրախությամբ սպասելիս:  Նա անակնկալից այնպես էր շփոթվել, որ բառեր չգտնելով շրջվեց դեպի հարսնացուն, իսկ ամբողջ ճանապարհին անխոս աղջիկը ժպտաց նրան ու այսպես խոսեց.

— Շնորհակալ եմ, բարի հայրիկ, որ դու ինձ քո որդուն արժանի տեսար, եւ հիմա մեր գաղտնի սերը օրհնություն է գտնում քո ծնողական հարկի տակ:

Մարդը ոտքից գլուխ կարմրած՝ չէր հասցրել որդիների ներկայությունն ու մանավանդ ուրախ, առանց հանդիմանանքի վերաբերմունքն ընկալել, երբ աղջկա ասած խոսքերն ու ավագ որդու հետ ջերմ գրկախառնությունն իր համար նոր ապշանքի առիթ դարձան: Չգիտեր՝ ինչ բառերով արդարանալ, երբ որդին ու հարսը ծունկի իջան նրա առաջ և օրհնություն խնդրեցին, բայց այդ ժամանակ իրենց հորն ուղղված մյուս երկու որդիների հայացքներն այնքան ներող էին ու միաժամանակ այնպես խրախուսող, որ մարդու սիրտը հանկարծ լցվեց ու նա փղձկաց…

«Ներողություն եմ խնդրում անարժանիս չարության համար»,- այս կուզեր ասել հայրը, բայց երկու որդիները մեղմ ժպիտով կանխեցին, և խոնարհված գլուխներով նորապսակները չտեսան, թե զղջումի ինչ արցունքներով հայրը օրհնեց իրենց, թեև նրա հուզված ձայնի անակնկալ երանգների մեջ լսեցին ամենաանկեղծ հայրական օրհնությունը…

Ասում են՝ այդ երեկո հոր սիրտն այնպես էր փափկել բարի որդիների սիրուց ծնված առաջին անկեղծ արցունքներից, որ իր մեջ նրանց բոլորի սերն ու մեծահոգությունը եռապատիկ սեր էր ծնել, նրանց անհիշաչարությունը՝ եռապառիկ նվիրվածություն, նրանց ներումը՝ եռապատիկ ինքնաներում…

Մարդը երջանիկ էր վերջապես իր ունեցածով, շռայլորեն իրեն բաշխված աստվածային ամենամեծ բարիքով, որ բարի զավակն է սիրող հոր համար, իսկ նյութական բարիքները, որոնք երբեք էլ չէին կարևորվել աշխատասեր որդիների կողմից՝ ինչպես եղել էին բնական արդյունքը նրանց խնդուն ու սիրառատ աշխատանքի, այդպես էլ ավելի չէին կարևորվել, քանի որ նրանք գիտեին՝ ինչպես ստեղծածը բաշխել սիրելիներին և երբեք ու երբեք չդարձնել միջոց հարազատների ու արդեն նաև իրենց զավակների հանդեպ  ժլատության:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով