Հրանուշ Խառատյան, Ուղեգրություն

Ինչու՞ եմ ուզում, որ այս թուրքն իրեն վատ զգա

2003թ. հոկտեմբեր ամսին ամբողջ աշխարհում տեռորիստ էին փնտրում Ամերիկայի կոչով, փնտրում էին հատկապես պարսիկների, արաբների, աֆղանների, մի քիչ էլ՝ չեչենների մեջ: Ահա հենց այդ հոկտեմբերին ես գնում էի Ամերիկա: Առիթը մի գիտաժողով էր, բայց իրական պատճառն այն էր, որ աղջիկս արդեն մեկուկես տարի Ամերիկայում էր, այնտեղ սովորում էր, և ես վաղուց էի ուզում  նրա մոտ գնալ: Վեց ամսվա փնտրտուքից հետո մի գիտաժողովի հայտարարություն գտա Մինեսոտայում, որտեղ աղջիկս էր սովորում: Դիմեցի, ելույթիս թեզերն ուղարկեցի, և հրավիրեցին: Խոստացան վճարել տոմսի արժեքը, և ահա ես մեկնում եմ Ամստերդամով: Երկու լիքը ճամպրուկ կազմում են իմ ուղեբեռը, բայց ճամպրուկի մեջ բեռի մի մասը Մինեսոտայում ապրող հայ ուսանողների մայրերի ուղարկածներն են: Իսկ ես ինձ հետ տանում եմ հայկական խոհանոցի «հրաշքները»՝ թուզով ու դեղձով անալի, ընկուզերշիկ, բաստուրմա և սուջուխ, թոնրի լավաշ, կոնյակ, տոլմայի թուփ, համեմունքներ… Որևէ մեկը ճամպրուկս բացելու դեպքում ուղղակի կծիծաղեր,- այս սոված Հայաստանից այն կուշտ Ամերիկա եմ տանում ուտելեղեն, որն էլ, ի լրումն ամենի, Ամերիկայի մաքսային օրենքներով արգելված է: Կամ գոնե ինձ այդպես են ասել: Զգուշացրել են, որ Ամերիկյան մաքսատանը ճամպրուկս բացելու դեպքում կդատարկեն ու կթափեն: Ես այսքանը վերցրել եմ՝ հույսս դնելով ինձնից տասնհինգ օր առաջ Ամերիկա գնացած ընկերուհուս հաղորդածի վրա. նրա ճամպրուկը չէին ստուգել: Սակայն ուղեբեռս հանձնված է, իսկ ես միայն մի փոքրիկ ձեռքի պայուսակ ունեմ հետս: Ամստերդամի օդանավակայանում ընդամենը մի ժամ ժամանակ ունեմ տոմսս հաստատելու համար, և ես վախենում եմ ուշանալ: Ամստերդամում ինքնաթիռից իջնելուն պես գտա ձևակերպման սպասարկման կետը, մի կերպ հասկացա իմ՝ Մինեսոտա թռչող ինքնաթիռի տեղը և Ամստերդամի՝ Երևանի չափանիշներով հսկա օդնավակայանում փնտրելով՝ շնչակտուր հասա ինքնաթիռիս: Այն փոքրիկ սրահում, որտեղից կատարվում էր ուղևորների նստեցումը, մի քանի հոգի, տղամարդիկ ու կանայք, հարցազրույցներ էին անցկացնում ուղևորների հետ: Ես հասա բաղձալի սրահին, և հերթ կանգնեցի: Զարմացած նայում էի հարցազրույցի ընթացքին. ի՞նչ են հարցնում, ինչի՞ համար է այս հարցազրույցը: Հասավ իմ հերթը: Մի երիտասարդ աղջիկ կանչեց, վերցրեց անձնագիրս ու տոմսս, տեսավ, որ Հայաստանից եմ: Ինչ-որ հարց տվեց անգլերենով: Ասացի, որ անգլերեն չգիտեմ: Գերմաներե՞ն, ֆրանսերե՞ն… Չգիտեմ: «Բա ուրիշ ի՞նչ լեզու գիտեք հայերենից զատ»,-հարցրեց:  «Ռուսերեն, — ասացի, — ռուսերեն, ու մի քիչ էլ թուրքերեն»:
-Թուրքերե՞ն, — աղջիկը մի պահ հապաղեց, մտածեց, անձնագիրս ու տոմսս վերադարձրեց ինձ և ձեռքի հեռախոսով ինչ-որ մեկին կանչեց: Ինձ պատվիրեց սպասել:
Լավ, սպասում եմ: Սպասում եմ ու մտածում, որ Ամստերդամի այս օդանավակայանի աշխատողների մեջ հազիվ թե գտնվի մեկը, որ պատկերացնի կամ հասկանա, թե ինչու ինձ՝ հայուհուս համար անցանկալի կլինի թուրք հարցավարը, և մտքումս կշտամբում եմ ինքս ինձ, թե ո՞ր սատանան դրդեց ասել թուրքերեն իմանալուս մասին: Հատկապես որ՝ իմացածս խղճուկ թուրքերեն Է: Թուրքերեն էլ չի, ադրբեջաներեն է: Բայց սուս ու փուս սպասում եմ:
Եկավ երեսուն տարեկանին մոտ համակրելի դեմքով մի երիտասարդ տղամարդ, բարևեց, լսեց իմ կցկտուր բացատրությունը թուրքերենի իմացությանս չափի մասին, վերցրեց անձնագիրս, թերթեց: Կանգ առավ պարսկական երկու մուտքի վիզաների վրա, հարցրեց, թե ինչու՞ էի գնացել Պարսկաստան: Ասացի՝ գիտաժողովի: Լավ: Հետո տեսավ Սիրիայի մուտքի վիզան, ուր գնացել էի մեկ տարի առաջ:
— Ինչու՞ էիք Սիրիա գնացել:
— Որդուս տեսության էի գնացել,- ասացի:
— Ձեր որդին Սիրիայու՞մ է ապրում:
Շատ էի ուզում ասել՝ այո, Սիրիայում շատ հայեր են ապրում, որովհետև Թուրքիայից ով կարողացել է ջարդից փախչել-ազատվել, Սիրիայով է անցել, Սիրիան էլ ընդունել է շատերին, պատսպարել, ապրելու հնարավորություն տվել: Ուզեցի ասել, որ Սիրիան հայերի հայրենիքը չի, բայց Սիրիայում շատ հայեր իրենց հայրենիքում են զգում, իսկ Թուրքիայի տարածքում գտնվող հայերի հայրենիքում հայեր դեռ մնացել են, բայց համարվում է, որ չկան: Որովհետև Թուրքիայի տարածքում մնացած իրենց հայրենիքում հայերն իրենց շատ վատ են զգում, իսկ Թուրքիայի արևմուտքում՝ քաղաքակիրթ, աշխարհիկ և ժողովրդավար Ստամբուլում հայերն անընդհատ կարիք ունեն արդարանալու, պաշտպանվելու: Շատ էի ուզում այս բաներն ասել Ամստերդամի օդանավակայանում ինձ հարցեր տվող համակրելի թուրք տղային, բայց համոզված չէի, որ նա ինձ կհասկանա: Ասացի պարզ ճշմարտությունը.
-Որդիս Սիրիայում չի ապրում, նա այնտեղ սովորում էր:
Թուրքն անկեղծորեն զարմացավ.
-Հայաստանից գնում են Սիրիայում սովորելու՞:
Ես մի քիչ մխիթարվեցի: Այնուամենայնիվ այս տղան գիտի, որ Հայաստանն ինքը կարողանում է կրթություն տալ իր քաղաքացիներին.
-Ոչ, — ասացի, — տղաս Հայաստանում է սովորում: Սիրիա՝ Դամասկոս գնացել էր մեկ տարով լեզուն կատարելագործելու: Արաբերեն է սովորում: Ես էլ առիթն օգտագործեցի և աշխատեցի ապրիլի 24-ին Սիրիայում լինել, որպեսզի միասին Դեր Զոր գնանք:
Ոչինչ չհասկացավ: Ապրիլի 24, Դեր Զոր բառերը նրան ոչինչ չասացին: Ուզեցի ինքս ինձ կշտամբել. «Ի՞նչ կապ ունի այս, հավանաբար լավ տղան ապրիլի 24-ի, Դեր Զորի հետ: Ինչու՞ եմ ես մտքումս սպասում, որ ինքը վատ պիտի զգա այդ մեզ՝ հայերիս համար այնքան կարևոր բառերից, թվերից, վայրերից… Եվ ինչու՞ եմ ուզում, որ վատ զգա»: Սակայն ինքնակշտամբանքս կեղծ էր, շինծու: Իրականում իսկապես ուզում էի, որ նա իմանար այդ բառերի արժեքը, որ վատ զգար: Իմ և իմ ժողովրդի չմարող, չպակասող տառապանքը իմաստազրկվում էր այս թուրք երիտասարդի անգիտությունից, իր պապերի, իր ժողովրդի իշխանության վայրենության չիմացությունից: Թող իմանար, թող նույնիսկ մերժեր: Բայց՝ իմանար: Կրողը լիներ իմ ժողովրդի տառապանքի իմաստի, կամ՝ այդ տառապանքի իմաստի մերժման: Մտածում էի, որ ինքը պատասխանատվություն պիտի զգա Սիրիայում հայերի ապրելու և Թուրքիայում, թուրքական Հայաստանում նրանց բացակայության փաստի համար: «Հետաքրիքիր է, գոնե թուրքական Հայաստան բառերը լսե՞լ է»-անցավ մտքովս: Մտածեցի, որ Ամստերդամի օդանավակայանում աշխատող այս թուրքն այնքան երիտասարդ է, որ հավանաբար նույնիսկ ԱՍԱԼԱ-ի, կամ գոնե ԱՍԱԼԱ-ի ձևավորման պատճառների մասին բան չգիտի, չնայած տեռորիստ է փնտրում: Նրան հանձնարարված տեռորիստները կապ պիտի ունենան Իրանի, Արաբական աշխարհի, Աֆղանստանի հետ, նույնիսկ քրդերին, հավանաբար, նրան չեն հանձնարարել: Քրդերը տեռորով Եվրոպայում և Ամերիկայում չեն զբաղվում, և, չնայած 70-80-ականներին հայկական տեռորիզմը Եվրոպայում էր, այն Ամերիկայի դեմ չէր: Իսկ այս երիտասարդն ակնհայտորեն Ամերիկայի դեմ հնարավոր տեռորիզմն է փնտրում: Նրան այդ է հանձնարարված: Ակնհայտ էր, սակայն, որ թուրք երիտասարդը ոչինչ չգիտեր հայ-թուրքական անցյալի մասին, և Ամստերդամի օդանավակայանում մի հայ կնոջ հետ հարցազրույց վարելը իր պաշտոնական պարտականություններից ավելի ոչինչ չէր պարունակում, ոչ մի հույզ չէր առաջացնում: Հենց այս անտարբերությունից ու անգիտությունից իմ բոլոր մարդասիրական տեսությունները՝ «Ինչու՞ պիտի այս երիտասարդը վատ զգա, ինչո՞վ է նա մեղավոր»,- փոխվում էին ճիշտ հակառակին,- «Այս թուրքը անպայման վատ պիտի զգա, բոլո՛ր թուրքերը պետք է վատ զգան»: Եթե երբևէ որևէ թուրք ապրումներ չպիտի ունենա հայ-թուրքական անցյալից, առհասարակ չպիտի իմանա այդ անցյալը, որ հայերի համար շարունակական ներկա է, ապա այդ անցյալն ու հատկապես այդ անցյալի հետ կապված ապրումները բովանդակազրկվում են: Զգացի, որ արդեն մի քանի անգամ հարց է տվել, որը ես չեմ լսել. ինձ էր նայում մի փոքր տարակուսած:
-Ներեցեք, — ասացի, — ի՞նչ հարցրիք, լավ չհասկացա:
-Շատ պարզ հարց. Ձեր որդին արաբերե՞ն է սովորում:
-Այո, — ասացի, — այդպիսի մասնագիտացում կա Հայաստանում, արաբերեն և իսլամ:
-Լավ, — մեղմորեն ասաց թուրքը, — իսկ ինչու՞ եք ԱՄՆ գնում:
-Գիտաժողովի, — ասացի ես և ցույց տվի գիտաժողովի պաշտոնական հրավերը:
Վերցրեց, նայեց, վերադարձրեց:
-Բայց այս գիտաժողովը երեք օրով է, իսկ Ձեր տոմսը տաս օրվա համար է: Ի՞նչ եք անելու Ամերիկայում տաս օր:
-Այո, — ասացի, — գիտաժողովը երեք օրով է, բայց ես տաս օրով եմ գնում, քանի որ աղջիկս Ամերիկայում է սովորում: Մի քանի օր կմնամ նրա մոտ:
-Իսկ ինչպե՞ս եք գիտաժողովի գնում, ինչպե՞ս պիտի ելույթ ունենաք և ուրիշներին լսեք, եթե անգլերեն չգիտեք:
Ես ուզեցի չոր ասել, որ գիտաժողովների կազմակերպիչները սովորություն ունեն թարգմանություն ապահովել, բայց դրա փոխարեն կրկին ասացի պարզ ճշմարտությունը՝ վերջում մի փոքր հեգնանք ավելացնելով.
-Աղջիկս այնտեղ պիտի թարգմանի, — ասացի, — աղջիկս այնտեղ իմ ականջներն ու լեզուն է: Իսկ առհասարակ՝ որոշ գիտաժողովների սովորություն կա թարգմանել:
Ասացի մի քիչ կոշտ: Հասկանում էի, որ տղան իր պաշտոնական պարտականությունների շրջանակից դուրս չի գալիս, տրամաբանական հարցեր է տալիս: Կոշտությունս իր հարցերին չէր վերաբերում, ազգությանն էր վերաբերում: Իսկ թուրքը մեղմորեն ժպտաց: Հավանաբար ձայնիս կոշտությունն առաջացրեց այդ պաշտոնական մեղմ ժպիտը: Ընդհանուր առմամբ կարծում էի, որ ինձ հետ այլևս խոսելիք չուներ, բայց այնպիսի տպավորություն էր, որ անընդհատ առիթ էր փնտրում նոր հարցեր տալու: Մտածեցի, որ համենայն դեպս այս թուրքը ինչ-որ ներքին ապրում ունի հայերի հանդեպ, այս պատահական հանդիպումը հայի-թուրքի հանդիպում էր, առիթ և հնարավորություն կար հարցեր տալու, մեկ այլ իրավիճակում նա իրենից քսան տարով տարիքով հայ կնոջը հազիվ թե կկարողանար այդքան հարցեր տալ:
-Գիտաժողովի եք գնում, բայց Ձեզ ուղեկցող երկու կտոր ուղեբեռ ունեք, — ասաց թուրքը՝ տոմսս թերթելով,- ի՞նչ եք տանում: Գիտաժողովի նյութե՞ր են:
Ասացի, որ աղջիկս այնտեղ է, նրա համար որոշ պարագաներ եմ տանում:
-Կոնկրետ ի՞նչ:
-Կոնկրետ՝ հայկական ուտելիք:
-Գիտե՞ք, որ Ամերիկայում ուտելիք չեն թողնում տանել:
-Ո՛չ, — ասացի, — չգիտեմ, ինչու՞ պիտի չթողնեն: Հայկական ուտելիք է:
-Չեն թողնում: Լավ, իսկ Ձեր աղջկա ընկերները Ձեզ հետ ոչինչ չե՞ն ուղարկել նրա համար:
-Ո՛չ, — ասացի, — ոչ ոք ոչինչ չի ուղարկել: Ամբողջ բեռն իմն է, ես ինքս եմ ամբողջը ճամպրուկում դրել, ինքս էլ տանում եմ:
Թուրքը մի քիչ մտածեց: Ես լուռ իրեն էի նայում: Եվ հիշեցի բարեկամուհուս, որի հետ Թուրքիա էինք գնացել մի քանի տարի առաջ, և նա այնտեղ պետք է հեռուստաելույթ ունենար: Երեկոյան միասին իր ասելիքն էինք նախապատրաստում: Պիտի խոսեր հայ-թուրք հարաբերությունների մասին, և իր խոսքում մի քանի անգամ պիտի ասեր «հայերը», «թուրքերը»: Մինչ ասելիքն էինք նախապատրաստում, բարեկամուհիս մի փոքր վարանելով կիսահարցրեց-կիսահաստատեց.
-Հիմա ես իրենց թուրք պիտի ասե՞մ:
-Այո, իհարկե,- ասացի,- բա ի՞նչ պիտի ասես:
-Բա չեն վիրավորվի՞:
Երկուսս էլ ծիծաղեցինք: Հետո ամբողջ երեկո նա բարձրաձայն ասում էր «թուրք», «թուրքերը», «թուրք կանայք»:
-Գիտե՞ս, — ասաց, — երբ ասում եմ «թուրքական», ոչինչ, մի քիչ չեզոք է ստացվում, բայց երբ ուղղակի «թուրք» եմ ասում, ոնց որ հայհոյեմ:
Մինչև քնելը բարեկամուհիս անընդհատ «թուրք» էր ասում՝ հաշտվելու համար «թուրք» բառի չեզոք օգտագործման հետ:
Հիմա Ամստերդամի այս օդանավակայանում ես նայում էի այդ երիտասարդ թուրքին, մտքումս անընդհատ բարեկամուհուս խոսքերն ունենալով. «Բա չեն վիրավորվի՞»: Հետաքրքիր է, այս թուրք տղայի մտքով երբևէ կանցնի՞, թե «թուրք» բառն ինչ ընկալումներ ունի: Միաժամանակ մտածում էի, որ հիմա իմ Ամերիկա գնալ-չգնալը թերևս հենց այս թուրքից է կախված: Գուցեև՝ ոչ: Ոչ մի չարություն մեջս տղայի հանդեպ, իհարկե, չկար: Շատ համակրելի, համեստ տղա էր, թերևս նույնիսկ մտավորականի կնիք կար դիմագծերում: Բայց մեկ է՝ նրան ոչինչ չասացին Դեր Զոր, ապրիլի 24 բառերը: Եվ ես հենց այդ պահին հանկարծ զգացի, որ շատ եմ ուզում այս երիտասարդն ինձ հարցներ, թե ինչու՞ հենց այդ ժամանակ գնացի Սիրիա, ինչու՞ հենց այդտեղ: Եվ ես էլ հնարավորություն ունենայի իրեն ասելու, որ ութսունութ տարի առաջ իմ պապերը իր պապերից այդտեղով են փրկվել, իսկ շատ-շատերը, փրկվածներից ավելի շատերը այդպես էլ պապ չեն դարձել, հայր ու մայր չեն դարձել, ու ես ութսունութ տարի հետո գնացել եմ նրանց ընդհատված կյանքի ճանապարհին նրանց աճյուններին խոնարհվելու, որովհետև շիրիմներ էլ չունեն: Չգիտեմ ինչու՞ շատ էի ուզում այս պատահական, համակրելի թուրք տղային պատմել, որ մեկ տարի առաջ, 2002թ. ապրիլի 24-ին Սիրիայի արաբ ցեղապետերը հավաքվել էին Դեյր էլ Զորում և միմյանց ու մի քանի հայերի պատմում էին, թե ինչպես են իրենց պապերը 1915-ին դիմավորել կմախք հիշեցնող հայերի մնացորդներին: Ուզում էի պատմել, որ այդ նույն 2002թ. մի շատ տարեց արաբ էլ էր եկել Դեր Զորի այդ մասը, Սիրիայի Հալեպ քաղաքից: Այդ 95-ամյա արաբը եկել էր, որպեսզի անապատից եկած արաբ առաջնորդների հետ վերադառնա անապատ: Այս տարեց, խստահայաց արաբի մոտ ընդամենը հինգ-վեց տարի առաջ Հալեպից հայեր էին եկել և հայտնել նրան, որ ինքը իրենց հորեղբայրն է: Հայտնել էին այնքան էլ չզարմացած արաբին, որ նրա եղբայրը՝ իրենց հայրը նոր է մահացել, բայց միշտ փնտրել է 1915թ. գաղթի ճանապարհին կորած եղբորը՝ Ակոբին: Մահից առաջ պատվիրել է 60-70 տարեկան որդիներին՝ անպայման գտնել իր եղբայր Ակոբին կամ նրա ժառանգներին և նրան է կտակել Հալեպում իր խանութներից ու տներից մեկը: Այս պատվարժան որդիները արաբ ցեղապետերին հարցուփորձելով ութսուն տարի անց վերջապես գտել էին իրենց հորեղբորը և նրան համոզել իր արաբ ընտանիքի հետ գալ միանալ իրենց ընտանիքին Հալեպում: Ոչ այնքան Ակոբը, որքան նրա զավակները համոզվել են գալ Հալեպ և տեր կանգնել իրենց անակնկալ ժառանգությանը: Հայրը՝ Ակոբը, սակայն, չի դիմացել ո՛չ Հալեպին, ո՛չ հայկական կյանքին և ահա մի քանի տարի անց, 95 տարեկանում, 2002թ., կրկին վերադառնում է անապատ, իր՝ արդեն հարազատ միջավայր: Իսկ որդիները մնում են Հալեպում: Ահա Ակոբի որդիները՝ արաբները, և եղբորորդիները՝ հայերը նույնպես այս հիշարժան 2002թ. ապրիլի 24-ին եկել էին իրենց հորը և հորեղբորը հրաժեշտ տալու: Նրանց կապող միակ օղակը Ակոբն էր, նա էլ գնում էր: Գնում էր իր կյանքին: Հրաժեշտ էր տալիս իր կյանքի սկզբի և վերջի հայկականությանը ու գնում իր «հիմնական»՝ արաբական կյանքին: Հալեպի արաբական կյանքը նրանը չէր, նրա արաբական կյանքը անապատի կյանքն էր: Վերադառնում էր անապատ իր մահկանացուն կնքելու: Այն անապատ, որտեղ իրենց մահկանացուն կնքել էին 1915-ի տարագիր շատ ու շատ հայ մանուկներ, երիտասարդ տղաներ ու աղջիկներ, կանայք ու տղամարդիկ: Բայց ինքը վերադառնում էր արաբների մոտ:
Ակոբի եղբորորդիները չկարողացան մտերմանալ հորեղբոր որդիների հետ, մնացին օտար: Հիմա, Ակոբի գնալուց հետո, ակնհայտորեն նրանց կապը կտրվում էր: Ութսուն տարի անց գտել էին իրենց արյունակցին, որպեսզի հավերժ կորցնեն: Տխուր էին բոլորը, թե գնացողը, թե մնացողները: Տխուր ու օտար: Քանի դեռ Ակոբը անորոշ էր, փնտրվում էր, շա՜տ անձկալի ու երազային էր, շատ հարազատ էր: Հիմա նա կոնկրետ էր, և այդ կոնկրետ Ակոբն իրենց հետ կապ չուներ: Եվ որքան շատ են այս պատմությունները, այս ճակատագրերը: Ինչպե՞ս պատմեմ ու բացատրեմ, որ ոչ մի տրամաբանություն չկա այն բանում, որ հարազատ եղբայրներից մեկը հայ է, մյուսը՝ արաբ:
Կհասկանա՞ արդյոք այս երիտասարդ թուրքը 2002թ. այդ տաք ապրիլի 24-ին քեսապցիների պատմածը մեկ այլ այդպիսի դեպքի մասին.
-Բնիկ քեսապցի Յակոբ (դարձյալ Հակոբ) Գալայնճեանը Քերովբ և Զարուհի Գալայճեաններու միակ մանչ զավակն էր: 9 տարեկանին ամբողջ հայրենակիցներուն հետ կը տարագրուի: Տարագրութեան տարիներուն կորսուած է, մինչ երկու քոյրերը վերապրելով կը վերադառնան Քեսապ և ամուսնանալով ընտանիք կը կազմեն: 1930-ական թուականներուն Գալայնճեան գերդաստանի վերապրողներուն կը յաջողի գտնել Յակոբը Մեսքենէի կողմերու արաբներուն մէջ: Մեծ ուրախութեամբ կը բերեն ու կ’ամուսնացնէն աղջկայ մը հետ ու կը հաստատեն իր հայրական տան ու կալուածներուն վրայ: Երկու զաւակներու տէր կ’ըլլայ: Սակայն, ինչպէս իր տարեց ազգականները կը պատմեն, Յակոբը թէպէտեւ տարազը փոխեց, բայց բեդուին մնաց մինչեւ վերջ, բնաւորութեան յոռի կողմեր բերած էր իր շուրջ քսան տարի արաբներու հետ բնակելուն պատճառաւ: Ո՛չ գիւղացիները կրցան ներողամիտ ըլլալ իրեն հանդէպ, ո՛չ ալ ինք իր վարքն ու բարքը փոխեց: Կինը իր երկու զաւակները առած Պէյրութ գաղթեց, իսկ ինք ետ վերադարձաւ արաբներուն քով, իսլամացաւ ու հոն ալ շուտով մեռաւ: Այսքան:
Այսքան: Հիմա ինձ մոտ է բեդվինական հագուստով Հակոբի՝ 30-ականներին իր հորաքույրների և Գալայճեան գերդաստանի անդամների հետ արված լուսանկարը, որ ոչ մի մշակութաբան կամ պատմաբան չի մեկնաբանի, սակայն անմիջապես կհասկանան եղեռնը վերապրած հայերը: Չի հասկանա նաև այս թուրքը:
2002թ. ապրիլի 24-ին Դեր Զորի սիրիական ծայրում արաբ ցեղապետերն ու հայերը միմյանց կրկին պատմում էին հայտնի պատմությունները, միասին մորմոքում կրկին ու կրկին: Միշտ նույն պատմությունները: Ինչպե՞ս պատմեմ այս եվրոպացի թուրքին այս պատմությունները, որ նա հասկանա մի թուրքի հետ 21-րդ դարի սկզբին իմ պատահական հանդիպման իրական զգացողությունը: Ոչ ես կարող եմ պատմել, ոչ նա կուզենա լսել, առավել ևս՝ հասկանալ: Հարկավոր է գնալ: Նայեցի թուրքին. նա դեռ հապաղելով մտածում էր, և ես մի փոքր չարությամբ ասացի.
— Հայաստանը, ցավոք, փոքր երկիր է, և եթե Հայաստանում Ամերիկայի դեսպանատունը Ամերիկա մուտքի վիզա է տալիս Հայաստանի քաղաքացուն, ուրեմն վստահ է, որ Հայաստանի այդ քաղաքացին Ամերիկայի համար վտանգավոր չի: Որևէ պրոբլեմ կա՞:
-Ո՛չ, ո՛չ,- սիրալիր ասաց թուրքը,- ոչ մի պրոբլեմ․․․
Մոտեցավ հսկիչներին, ինչ-որ բան ասաց: Ինձ ներս թողեցին ինքնաթիռ տանող միջանցք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով