Արթուր Միկոյան, Պատմվածք

Սիրո խոստովանություն Սեմին

Ասա ինձ, Սե՛մ, դու չե՞ս կարոտում քո նախահորը, որ 33 հազար տարի առաջ ոռնում էր Լուսնի վրա։ Չե՞ս ուզում միանալ աշխարհի 75 տոկոս այն շներին, որոնք այդպես էլ տուն չունեցան և միայն խորն սպասումով տնքում են քո բացակայությունը։ Ես քո մեջ տեսնում եմ գորշ գայլի գենետիկ ինֆորմացիան, որ լողում է, վազում մտքումս ու մեկ-մեկ ժպտում կապույտ աչքերով ամաչկոտ աղջնակին։

Հիշո՞ւմ ես, որ դու ամեն օր լացում էիր ու ինձ խնդրում, որ քեզ քո սիրած ընկերուհու մոտ տանեմ։ Ես քեզ չէի կարող հանձել քո սիրելի շան  սիրո սառնաշունչ օդին, քանզի դու ընդմիշտ կլքեիր ինձ՝ թողնելով ինձ լոկ քո ժամանակավոր քրտնահոտից մի կտոր։ Քո աչքերի արտացոլանքներում աշխարհն ինձ համար ավելի գեղեցիկ է դառնում։ Երբ քնած ես լինում, դու հավաքում ես  նախնիներիդ բոլոր ոռնոցները քո երազների լորձոտ պարունակներից,  այն դուրս ես թողնում նիրհող ամպերի մեջ։ Եվ երբ ամպերը ոռնոցներից շնչավորվում են և սկսում շշուկով փսփսալ, դու ցնցվում ես՝ հաչալով, տանջվում ես երազների մեջ ամպերի տաօրինակ լեզվախոսակցություններից։ Դու քո եսը թողել ես անդրաշխարհի խմբակային հոգու շների ապաստարանում։ Արևոտ օրերի ճաճանչների մեջ ես որսում եմ քո մազերի բոլոր ստվերներն ու կուլ եմ տալիս դրանք, որ նույնիսկ քո մազերի ստվերները  քեզ չկաշկանդեն։ Իսկ քո ամբողջական ստվերը չեմ կարող կուլ տալ, քանզի նա արդեն վաղուց իմ ընկերն է դարձել։

Սե՛մ, այդքան դժբախտ հոգոց մի հանիր ականջիս տակ։ Բավարարվիր ինձնով, իմ ընկերությամբ, հոգատարությամբ ու սիրով։ Ինձ համար չափազանց դժվար է հասցնել հուղարկավորել քո բազմաթիվ հոգոցները՝ ձիերի քայքայված ոտնահետքերի մեջ։ Ազատի՛ր ինձ այդ ծանր պարտականությունից։ Ես ամեն օր երազներիս մեջ  անօգուտ փորձում են ջնջել քո անհամար տխուր դեմքերը։ Անգույն մատիտները  սիրահարված, մտամոլոր փնտրում են գունավոր մատիտները։ Ես խիստ հրամայում եմ նրանց՝ անհապաղ  գտնել գունավոր մատիտները, որպեսզի նրանք անհամար ուրախ դեմքեր նկարեն  քո տխուր մռութին։  Հայացքս սահեցնում եմ  տարիների վրայով և փորձում թաքցնել, խեղդել քո վեց տարվա կյանքը մշտնջենության լաթե թնջուկում։ Դու այնքան նեղացած էիր ինձնից, որ նույնիսկ բաժակ չխնդրեցիր ջուր խմելիս, այլ լեզուդ բաժակ սարքած՝ ջուր խմեցիր քո ամանից։ Դու ինձ պաշտպանում էիր լուսնազուրկ գիշերների փոշուց և պատռելով մթության խալոտ ստվերների թարախակալած թաղանթները՝ նրանց հոշոտում էիր դեռ չծնված։ Հուսահատության մատուտակի վրա դու ամեն օր քո փսլինքով խեժաներկ հաղորդություն ես թողնում իմ քնած մարմնում արթնացած ծույլ հրճվանքին։ Ես քո բնազդային կրքից անանուն սերմնաշիթային միտք եմ հյուսում տարփանքի գեղեցիկ ջրիմուռում և քո հաչոցը թելով միացնում եմ դրան։ Հիմա սնուցվիր, բավարարվիր, ինչքան ուզում ես։ Բայց միայն մի գնա քո անարժան սիրո մոտ։ Իմ միտքը քո կրքերի շիթերի գոգավորությունների մեջ զառանցում է մանուշակագույն լույսերի հրաշքին սպասելիս։ Լիզիր իմ ժպիտը և դեմքիս կոշտ պզուկներում  պիրկ կորագծով բևեռված եկեղեցիներ ուրվապատկերիր։ Մենք արդեն սպազմի քարավաններին մոռացած՝ երևակայական այծյամի ստվերն եք վարժեցնում տերևների անկանոն պարին։ Մենք այծյամի ստվերի հետ պարում ենք ընկած տերևների հետ և մեր վրայից թափ ենք տալիս աշնան դիմափոշով ծպտված ջղաթելե կմախքների դառնաշունչ կերպարները։ Տերևների աշխարհում դու չես ներում իմ չարաճճիությունը և թաթերդ գլխիս դնելով՝ հրելով թափահարում ես ինձ։ Ես բաց եմ թողնում խարտյաշ հրաշքների դանդաղ փոխակերպումները և  վերադառնում մեր հաղթանակած դժվարությունների հսկայական աշխարհ։ Դու հանդիմանող հայացքով նայում ես ինձ ու հաչալով սկսում ես խոսել.

«Կարող էի դառնալ քրեական հետախուզության բարձրակարգ աշխատող, կարող էի պետական սահմանի անդորրը հսկել, կամ սողալով գնդակների տարափի տակով՝ փրկել բազմաթիվ մարդկային կյանքեր, կամ հսկեի ոչխարների  հոտերը գազաններից։ Բայց ահա քեզ եմ ընտրել, հերիք է ինձ քննադատես ու իմ առջև մեղա գաս։ Ահա, նստել եմ քո ոտքերի տակ ու ուզում եմ, որ ինձ շոյես։ Միացրո՛ւ Բիթլզի  «A day the Life»  երգը։ Ես պաշտում եմ այդ երգի միայն ինձ լսելի հավելյալ սուլոցը։ Դե միացրո՛ւ, մի անհանգաստացիր Փոլ Մաքքարթնիի  Sherland  հովվաշունը չի նեղանա մեզանից անդրաշխարհում»։

Խոսում էր Սեմը, ես էլ առանց հապաղելու Յութուբով այդ երգը գտա  ու միացրի։ Սեմը նստեց ոտքերիս տակ։ Ես սկսեցի  շոյել նրա գլուխը և մեր հիացած զգացմունքները հաղթեցին նրբահամ էգ շների ուժգին բույրերին։

Արթուր Միկոյան

Գիշերային միայնության դրվագ մեծ անկողնում

Միայնակ պառկած էի մեծ անկողնում: Գիշերը փռել էր իր մոգական էկրանը: Անմատչելի աստղաշխարհների անկենդանության մեջ փորձում էի կենդանի էակներ տեսնել: Աստղերը հետզհետե գունաթափվում էին աչքերիս ու, մարդկային մտքերի ծանր բեռի տակ նմանվում մոլորված՝ վախվորած երեխաների: Անքուն լուսինն, աչքը գցած աչքիս՝ պսպղում էր ու ինձ հետ սպասում քեզ: Լուսնի ու իմ միջև քո դիմակավորված ձայները մաքուր բառերը պահում էին լողացող օդում: Մաքուր բառերն ավլում էին խութերը երևակայական, ծաղկուն, թափանցիկ կղզիներից: Ես հանկարծ մի մեռած լեզու հիշեցի և այդ լեզվով կույր նկարիչներին ուղղված իմ ձայնային ազդանշանն ուղարկեցի: Կույր նկարիչներն ազդանշանի ձայնից զարթնեցին քնից գիշերվա կեսին, շրջեցին բիբերը դեպի ներս ու իրենց ներսի ցաքուցրիվ գծերի հավաքածուից անզգուգական պահապան հրեշտակներ նկարեցին: Երբ նրանց ներսում ծնված հրեշտակները կենդանության ձևեր էին որոնում, ես նրանց խոհուրդ տվեցի միանալ անքուն կռունկների երամին և թռչել քեզ մոտ՝ հիվանդանոց: Երբ դու հիվանդասենյակում, կաթիլային ներարկիչները միացրած՝ պառկած էիր, պահապան հրեշտակներն իրենց գոյության իմաստը պայմանավորեցին միշտ քեզ հետ լինելու ու քեզ պաշտպանելու հետ: Այնժամ քո սիրտը տրոփում էր քաղցր հրճվանքի մեջ:  Կույր նկարիչների ներսի մնացած վերացական նշանները, նախանձելով քո պահապան հրեշտակներին՝ փափագում էին որոշակի իմաստալից ձև ստանալ  և ընդմիշտ բնակվել քեզ հետ՝ որպես վերջին ապաստարան: Կույր նկարիչների ներշնչանքը ճզմում էր ամեն մի կերպարի կրկնության փորձ: Վերացական նշանները բարձր լարման ճնշման տակ աստիճանաբար վերածվում էին բարբարոսական էկզոտիկայի, որը հետզհետե բյուրեղանում էր և նրա մեջ ծնվում էին անթիվ անգամներ իրար մեջ արտացոլվող հայելիների կերպեր, որոնք բոլորն իրար աչքով էին անում: Նրանք քեզ պիտի ճգնաժամային պահերին ուրախացնեին, ոգևորեին և մոտիվացնեին խորհրդավոր, ավելի լավ կյանքի: Քո հոգին դարձել էր մի անչափելի գրավիտացիոն կենտրոն, որն իր կողմն էր քաշում կույր նկարիչների ներսի հղկված, մշակված պատկերներն իմ ենթագիտակցության թելերի միջոցով: Քո զարկերակի հավասարաչափ ձայները խառնվում էին իմ շնչառության երերումներին և թռչում  գերհզոր աղմուկի մեջ՝ որպես զրնգուն հնչյուններ:

Այսքանով իմ միայնության դրվագն ավարտվեց և ես ավարտված համարելով իմ միսիան՝ քո անվան տառերը կպցրի սպրդող լռության անհատակ կետերում և աչքերս բաց շարունակեցի սպասել քո վերադարձին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով