Պատմվածք, Վահագն Ամիրջանյան

Լենոնն ասաց՝ կօգնի

…Շուրջ բոլորս վազվզող բորենիներ են․ նրանք անցում են իմ կողքով, հետո կերպարանափոխվում մարդկանց, ապա՝ հայտնի երաժշտական խմբերի և երգում իմ ու նրանց սիրելի երգերը: Հիմա ես փորձում եմ գրկել վազող մարդկանց,  բայց նրանք փախչում են, ու ես ժպտում եմ՝ հիշելով ամառային այն օրը, երբ ես, «Լենոնն» ու «Լղարը»  պարում էինք Ջոն Լենոնի «Stand By Me» երգի հնչյունների տակ, կատակով բոթում միմյանց կիսամերկ մարմիները, զվարճանում և նետվում այդ օրերի հայտնի լողավազաններից մեկը, որը մեր թաղամասից երեք կիլոմետր հեռավորության վրա էր…

Էսօրվա պես հիշում եմ երեկոն, երբ Արմենին իրենց պատուհանի մոտ կիսավարտիքով պարելիս և երգելիս տեսանք: Էն էլ ի՜նչ երգ՝ «Imagine all the people Sharing all the world», բարձր-բարձր՝ մի քիչ բաղաձայն, բայց մեծ ոգևորությամբ,  Ջոն Լենոնի հետ հավասար երգում էր մեր մանկության ընկերը: Այդ օրվանից էլ Արմենի անունը մնաց Լենոն: Որոշ ժամանակ անց նաև ես ու Աշոտը ունեցանք մեր մականունները, որոնք ավելի ծիծաղելի էին և ըստ արտաքինի՝ մեզ ավելի բնորոշ: Ինձ անվանեցին՝ «Պոնչ» , իսկ Աշոտին՝ «Լղար»: Բայց դե, բոլորս էլ կերազեինք, որ մեզ Լենոն ասեին, չէ՞ որ Լենոնը էդ օրերի բոլորիս ամենասիրելի երգիչներից էր…

Մենք պաշտում էինք Լենոնին, պաշտում էինք միմյանց, պաշտում էինք ապրել միասին, սիրել և ատել աշխարհը…

Լենոնը այդ առավոտը շուտ արթնացավ, միանգամից զանգեց ինձ և հայտնեց, որ Աշոտի՝ Լղարի տատը մեռել է: Անսպասելի էր, քանի որ շատ առողջ կին էր, նույնիսկ մեկ-մեկ կատակում էինք, որ Լղարի տատը բոլորիցս առողջ է և բոլորիցս արագ կվազի ֆուտբոլ խաղալիս:

Լսելով այդ ցավագին լուրը՝ շտապեցի Լենոնենց շենքի մոտ, որպեսզի ցած իջնի, գնանք մեր ընկերոջ տուն: Նրանց տան մոտ դեռ չհասած, մայթեզրի նստարաններից մեկին տեսանք Լղարի վշտահար և տխրադալուկ կերպարանքը, որի ստվերը առավոտյան արևի շողերը նկարել էին ասֆալտին: Նա բոլորովին այլ մարդ էր թվում, իրեն նման չէր, մաշկն ասես սևացել էր, բիբերը լայնացած էին, աչքերի տակ անդուր, սև փոսիկներ էին գոյացել, քիթը կարմրած էր․ զգացվում էր, որ շատ էր լացել, տառապել և ոչ թե խոսելու, անգամ բարևելու հավես չունի: Ցավակցեցինք, փորձեցինք զրուցել․․․ Չուզենալով պատասխանեց մի երկու հարցի: Լղարի ծանր վիճակը ստիպեց Լենոնին նրան փոխանցել տուփի մեջ մնացած ծխախոտի վերջին հատիկը և դժգույն դեմքով ասել․ « Ոչինչ, որ մի հատ ա մնացել»: Այդ պահին ոչ մեկս էլ չէր մտածում, որ թաղումը միաժամանակ անցնելու է ծիծաղի և լացի զուգորդումներով: Երբ բոլորը աչալրջությամբ, իրենց ունեցած հնարավոր սև շորերով հավաքվել էին հանգուցյալի բակում, ինչ-որ սպիտակ նիվայի բաց պատուհանից հորդեց ուրախ մի երգ։ Մինչ թաղի մեծերը զայրացած նայեցին մեքենայի կողմը ու մատ թափ տվեցին, Լղարը հասցրեց աստիճաններից այնպես ընկնել, որ ձեռքից գցեց հանգուցյալի նկարը։ Որքան էլ դա ցավալի էր և միաժամանկ զվարճալի, համենայնդեպս, նկարը չվնասվեց: Ոմանք չզսպեցին ծիծաղները և փախան պատշգամբ՝ իբր ծխելու: Հետո սկսվեց հայկական ավանդական լացուկոծը։ Բայց արի ու տես, որ մարդիկ երբեմն այնպես են լաց լինում, այնպիսի տարօրինակ ձայներ ու խոսքեր են արտաբերում, որ չծիծաղել պարզապես հնարավոր չէ: Վշտի և ծիծաղի միասնական ձեռքսեղմումով էլ անցավ հանգուցյալին վերջին հրաժեշտը: Հաջորդ օրը թաղման ժամանակ Լղարի ուշքը գնաց, արդեն երկու օր էր՝ հաց չէր կերել և իրեն սպանում էր։ Նրան մի կերպ ուշքի բերեցին և շարունակեցին հանգուցյալին հողին հանձնելու արարողությունը: Ուշքի գալուց հետո Լղարը սկսեց հանգստացնող, վիշտը մոռացության մատնող միջոցներ փնտրել, սկզբից ասաց՝ եկեք խմենք, հետո՝ այնքան ծխենք, որ մի բան լինի, բայց ի վերջո Լենոնը խոսք տվեց, որ կօգնի․ գրպանից դանդաղ և շուրջբոլորը զննելով՝ հանեց «փրկությունը»:

Այդ օրը մենք չէինք մտածում, որ դա կարող է մեզ համար պատուհաս դառնալ: Մենք հոգնել էինք բակերով թրև գալուց, հոգնել էինք ամեն պատահածի հետ կանգ առնել-զրուցելուց, ամեն երեկոյի երկու բակալ գարեջրից, հոգնել էինք ամեն-ամեն ինչից, անգամ ֆուտբոլից էինք հոգնել, և այդ օրվանինց Լենոնի նուրբ ձեռքով սկսեցինք օգտագործել դա, որը հետո պետք է սպաներ մեզնից առնվազն մեկին, իսկ գուցեև՝ բոլորիս:

Թաղումից երկու շաբաթ էր անցել, իսկ Լղարը գնալով ավելի էր հյուծվում, ավելի էր սեղմվում ինքն իր մեջ, ասես գետինն էր մտնում։ Ես սկսել էի նիհարել, Լենոնն ամբողջությամբ կապտել էր․․․ Բայց մեզ թվում էր՝ եթե դեմքներիս անհեթեթ ծիծաղ է դաջված, ապա մենք երջանիկ ենք։ Մենք մոռացել էինք, որ երջանկությունը այլ տեսք և հատկապես՝ այլ համ ունի: Մեկ ամիս անց մենք սկսեցինք  գիտակցել, որ թունավորում ենք մեզ, դանդաղ մեռնում, սակայն կանգ առնել չէր ստացվում։ Ես սկսեցի ատել Լենոնի երգերը, ես փորձեցի այդ թույնը փոխարինել սովորական սիգարետով և ամեն առավոտ լսել Վիկտոր Ցոյի հայտնի երգը «Пачка Сигарет» , բայց դա էլ չօգնեց մոռանալ այդ Լենոն գրողի տարածի երգերը․ ինչպես կարելի էր մոռանալ՝ «Imagine»-ը, որը վաղուց է, ինչ լցվել էր երակներս և ամբողջությամբ փակել ականջներս այլ երգերի համար: Ես, Լենոնը ու Լղարը կործանվում էինք: Մարդիկ հոգնել էին մեր մասին բամբասելուց, մեզ խրատելուց, մենք էլ հոգնել էինք այդպես ապրելուց: Ելք էր պետք գտնել: Այս հարցում էլ արդեն ամբողջովին բթացած Լենոնը նորից խոսք տվեց, որ կօգնի․ զանգեց եղբորը, որն արդեն տասը տարի էր, ինչ Հայաստանից փախել էր Ամերիկա, էն հայտնի մեքսիկական փախստական խմբերով, որպեսզի չծառայեր բանակում, հենց էն նույն տղան, ով ամեն անգամ իր ընկերների միջոցով Լենոնին փոխանցում էր այս թույնը, պետք է մեզ օգներ և հակաթույն տար այս ամենի դեմ: Մենք սկսեցինք նոր հաբեր լցնել ստամոքսներս, որը վաղուց ինչ թունավորված էր՝ ալկոհոլով, ծխախոտով և այդ թույնով, որի անգամ անունն իսկ այդպես էլ չիմացանք:

Ժամանակի ընթացքում ես քիչ-քիչ կարգավորվում էի: Տղաներից ոչ մի լուր չունեի․ որոշել էինք միմյանց չհանդիպել, քանի որ մեր երեքի միասնությունը երբեք լավ բանի չէր հանգեցնում: Իհարկե, հենց սկզբից հավասար բաժանել էինք դեղը, որը պետք է բուժեր մեզ: Ինչ խոսք, այդ հակաթույնը գործեց իմ դեպքում, իսկ ի՞նչ եղան Լղարն ու Լենոնը, ես չիմացա, քանի որ ինչպես ժամանակն է աննկատ անցնում, ահա այդպես աննակատ էլ Լենոնը շարունակել էր եղբոր ճանապարհը, երևի մեծ երգիչ դառնալու անկալիքով, հեռացել էր հայրենիքից։ Իսկ Լղարը պարզապես անհետացել էր և դեղերը բաժանելուց հետո այդպես էլ չէր հայտնվել, այլ կերպ ասած՝ անհետ կորել էր: «Երևի նա ողջ է»,- մտածում էի ես:

Տարիներ հետո իմացա, որ «պերեդոզից» մահացել էր Լենոնը: Ամերիկայում նրան հայտնաբերել էին մահվանից միայն երեք շաբաթ հետո: Ես անընդհատ պատկերացնում էի նրա փտած մարմինը, որի վրայից երևի այդպես էլ չէր գալու շերամի անուշահոտը, որով նրան պետք է օծեին դիահերձումից հետո, ես պատկերացնում էի նրա հարդարված երկար մազերը՝ թե ինչպես էին ճյուղավորվել ու թեփոտել, ու ինչպես էր նրա ամբողջ մարմնի վրա իջել դարավոր փոշին: Դեպրեսիայի մեջ ընկնելով՝ անընդհատ ինքս ինձ կրկնում էի. «Լենոնն ասաց՝ կօգնի, չէ, հաստատ, Լենոնը կօգնի…»։ Ու ամեն օր գիշերվա գալու հետ քայլում էի երեքիս սիրած՝ մե՛ր կամրջով, միացնում Լենոնի ամենահայտնի երգը և երեքիս փոխարեն քաշում այն թույնը,  որն արդեն տարել էր մեզանից առնվազն մեկին…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով