Արամ Ալավերդյան, Պատմվածք

Սպիտակ պատը

-Կիչանի կռվի մասին դու որ չպատմես, կորչելու գնալու ա,- տարեց հրամանատարին իբր համոզում եմ: Վատառողջ է, կզրուցի՝ մտքերը կցրվեն:

— Էն ժամանակ չէինք հասկանում, որ ամենածանր օրերն առջևին են,- ասաց նա, հոգոցի միջից ժպտաց, նստեց բազմոցին:

-Սրխավենդի՞ց էլ ծանր…

-Ամեն օր գիրք են տպում: Ում ինչ ձեռնտու ա՝ գրում ա:

-Որ դու չպատմես՝ ով ինչ ուզի պիտի գրի:

Նա այդ ժամանակ հիսուն էր լինելու, իսկ Համոն՝ իր տեղակալը, քսաներկու տարեկան էր, իսկական սպայացու: Մտքումը կար՝ իր ձեռքով նրան հրամանատար նշանակել, ինքը մնար խորհրդատու, արդեն մեծ է: Համլետին գնդապետը կսազեր: Կիչանի առաջին մարտը գլխներին հարամ դառավ: Ջրմուղի դիրքում խոստումնալից, հսկա տղան զոհվում է: Արդեն տասը տարի էր անցել, քաղաքից եկած լրագրողին նա չեմուչեմից հետո, ամոթխածելով պատմում է.

-Շուշի-Լաչին վերցնելուց հետո իմացանք, թե թուրքին արդեն մեջքի ենք գցել: Խաչենի ձորի գետաբերանը իմ երեք դիրքն էր պահում: Ով կմտածեր, թե թուրքի թիկունք մարդ ուղարկեմ, նույն օրն էլ նրանց աչքի առաջ կհարձակվեն մեզ վրա: Ախ, էս բառերը, պատմելն էն չի: Ջոկատն իսկույն հավաքեցի, սիրտս գուշակում էր, որ գիշեր-ցերեկ չկա, ամեն ժամի կարող են մտնել: Դեպ իրիկուն էր: Շտաբում կապավորից բացի ոչ ոք չէր մնացել, բոլորը դուրս էին եկել, ով ինչով կարող ա, թուրքի դեմն առնի: Բայց ուշ էր արդեն: Կապվեցի Ջրմուղի դիրքի հետ, որտեղ իմ ջոկատից կիչանեցի Եսայան Վալերիկն էր ավագ մնացել, թուրքը ռացիան վերցրեց, ինձ ուշունց տվեց էն կողմից: Ամեն ինչ գլխի ընկա, պոստը վերցրել են շան տղերքը: Ընդամենը հասցրի մի լավ էլ ես մորով տալ: Դեռ չգիտեի՝ երեխոցը կոտորել են, թե մերոնք դուրս են պրծնել, բայց պոստի մեր ռացիան արդեն թուրքի ձեռքին էր:

Հետո հրաման եկավ՝ բոլորը միասին ետ քաշվել դեպի Կիչան, բայց էնտեղ էլ, տանկերի մեծ գրոհին չդիմանալով, ամեն ինչ հանձնեցինք: Վալերիկի հերթափոխը, ով ոնց կարող էր, զինքը տվել ա փախուստի, ուրիշ ճար չունեին: Ես հիմա ասեմ, թե՝ ինչու: Ո՞վ ա մեկ էլ տեսել՝ թուրքը էդքան զորքով մեր դեմ գա, ես հինգ հարյուր ասեմ, դու հազարն ասա: Ստիպված ենք նահանջել մեր առաջվա դիրքերը՝ Պավիլիոնը: Էստեղ ենք մեր առաջին զենքերը ստացել: Խոսքս Խաչենի կամրջի ոլորանի ճաշարանի մասին ա: Արդեն տեղեկություն ունեինք. թուրքը մի երեսուն տանկ ա բերել, մենակ տասը՝ բէէմպէ: Մեր ունեցածը մի մինուճար տանկ էր, էն էլ մե՛կ կարում էինք խոդի տանք, մե՛կ՝ չէ, կողքը կտրած ամբողջ օրը: Մեր երկու բէէմպեները, հա՛, իսկապես սրտներիս փուշը հանում էին, մանավանդ էն բէէմպէ-դվա-ն: Տեխնիկա, ի՜նչ տեխիկա: Առաջն առնելը շատ դժվար հարց ա: Կիչանի գերեզմանոցը վերցնելով, թուրքերը նույնիսկ Ստեփանակերտին սկսեցին խփել: Մինչև իրենք հարսանիք էին անում իրենց վերցրածի համար, մենք, նախ, Պավիլիոնից տեղափոխվեցինք դեպի ետ, քարի գործարան, մեր շենին ավելի մոտիկ: Հետո, օրվա վերջում, մինչև մթնելը, քանի դեռ լույս կար, բոլոր անցանելի ճանապարհները ձեռաց ականապատեցինք: Ձեռքներիս ունեցած կապի միջոցները փոխեցինք, ալինկո ստացանք: Բռանդ մեջ հարմար տեղավորվում ա, էն առաջվա սև սարի նման չի: Երկու թվերով էինք իրար հետ կապվում արդեն: Երկու մեկ ընտրեցի ինձ համար՝ տասնմեկ, էդպես էլ մինչև վերջ իմ տղաների պազըվնոյն էր:

Ամբողջ Ղարաբաղն էր արդեն ոտի վրա: Շեներքի ժողովուրդն իրար ա խառնվել: Կնիկ-երեխա արդեն դուրս են եկել դեպի Քոլատակա ծմակը: Դե անորոշ էր ամեն ինչ, թուրքն էդքան որ առաջ ա եկել, ինչ իմանաս, շան տղերքդ կարող էին ձորն ի վեր էլ մտնել էդ օրը: Ինչքան մտնեին, էնքան կվերցնեին: Օրը մթնել է ուղղակի, մեր բախտը բերել: Էդ զուլումին սովխոզի տնօրեն Գրիգորյան Էդիկը եկավ մոտս, թե ցորենը հանենք Ստեփանակերտ, ափսոս ա, սենց որ գնում ա, հիսուն տոննան հո՛ քիչ չի, մնալու ա թուրքին: Ասացի՝ չէ, առանց էդ էլ պանիկան ընկած է մարդկանց մեջ, հացը ո՞նց դուրս տանենք, տղաներին կկոտրենք: Շենը չենք տալու, ինչ էլ որ լինի, մինչև վերջ պիտի կանգնենք, պահենք: Էդ հացին արժանի կլինենք՝ կուտենք, չենք պահի՝ ուրեմն թող թուրքը գա ուտի, հալալ լինի իրեն:

Խաչենի կամուրջը փաստորեն փակ էր: Կիչան-Սրխավենդի իր կետերից թուրքը կրակի տակ էր պահում: Ուրախացանք, էն մի օրը քաղաքից մարդ եկավ՝ իրավիճակին տեղեկանալու համար, որպեսզի հետո միասին նաև հակագրոհի ծրագիր կազմենք: Սեյրանն էր, իրար հետ միասին գնացինք մոտեցանք դիրքերին, ամեն ինչ իմացանք: Նա իր ալինկոն ինձ տվեց, ինքը մեկնեց քաղաք: Երևի վերևին պիտի տեղեկություն հաղորդեր տեղում: Մեր նախկին դիրքերում ահռելի քանակի զենք-զինամթերք ու կենդանի ուժ ա կենտրոնացրել թուրքը: Դե արի էշը ցեխից հանիր: Սեյրանն ինձ ասաց՝ Գրադի Ժորան գալիս ա ուր որ ա, Պավիլիոնում դիմավորիր ու նրա հետ միասին գործ արեք: Ժորան, եթե տեղանքը վերցրեց իր նշանառության տակ, վայը եկել ա թուրքին տարել: Հաջորդ օրը կոռեկտիրովկան, իրոք, ձեռքս առա, Ժորան կարգին շան թակ տվեց, թուրքի մեջ արդեն իրարանցում էր ընկել: Պիտի ծեծեինք, որ չիմային, թե առաջներին մարդ չկա: Կիչանի դիրքերը ծուխը փակել էր: Ե՞րբ  ենք մենք մեկ էլ գրադ-պուշկա տեսել:

Հրամանատարությունը հավաքվեց: Էգուցվա համար հարձակման պատրաստություն տեսանք: Ըստ պլանի, իբր վերտալյոտներ էլ պիտի մասնակցեն մեր կողմից, որպեսզի թուրքին թիկունքից վախեցնենք ու միանգամից վերացնենք նրանց դիրքերը: Բայց մի բան ինձ լուրջ չէր թվում, վերտալյոտը ինքնիրեն տափը տալու համար խնդրում ա, ի՞նչ պիտի աներ էստեղ, ո՛չ տեղանք գիտի, ո՛չ թուրքի պոստեր: Առավոտ շուտ դուրս եկանք դեպի Կիչան, Խաչենի ափով՝ դեպի Սրխավենդ: Ամեն ջոկատ իր ուղղությունը գիտեր: Հայաստանից էլ էին մի քանի ջոկատ եկել մասնակցելու հակագրոհին:

Սեյրանի հետ, իմ ջոկատով, կամուրջի աջ կողմում էինք, առաջ գնալու պատրաստ, մեկ էլ հանկարծ հեռվում «կրակոդիլ» երևաց, մի կես րոպե թուրքի գլխավերևում կացավ, հետո շան տղերքը ջերմահրթիռով խփեցին: Աչքներիս առաջ մեր վերտալյոտը ալավ արեց, ընկավ հեռվում, դե հասկանալի ա, որ էկիպաժն էլ հետը կոտորվեց: Տեղանքին անծանոթ էր, խամ մարդու բռնած գործ: Իզուր զոհեցինք մեր թանկարժեք տեխնիկան ու անձնակազմի հերոս տղաներին: Էդ տեսարանից հետո, ճիշտն ասած, մենք կարգին կոտրվեցինք: Պիտի նստես, գրիչ վերցնես ու մտածես, գտնես, թե ինչ ապրումներ էին մեր ապրումներն էդ տեսնելուց հետո: Սեյրանը հրաման տվեց՝ հարձակումը մինչև հաջորդ օրը հետաձգել: Ամեն ինչ ձախողեցինք: Զոհված էկիպաժի մասին էինք մտածում, թե ինչ անենք, բայց մինչև մենք մի բան կձեռնարկեինք, Սարդարաշենի կողմից անհայտ խիզախ տղաներ գիշերը մտնում են թուրքի թիկունք, դիակներն ու սև արկղը դուրս բերում:

Էդ դեպքը նաև անտանելի զայրացրեց մեզ: Ժամերն էինք հաշվում՝ մարտի մեջ մտնենք: Այ մարդ, թուրքը՝ Կիչան․ բա դա լսելու բա՞ն ա: Սիպտակ պատը ոչ մի թուրք չի անցել երբեք: Խաչենի վրա մերոնք Լենկ Թեմուրի ձենը լսել են, իսկույն պատը շարել, մեծամեծերն են պատմում: Հիմա զորանոցը որ իջնեք՝ գետի վրա դեռ պարսպի մի կտոր կա, թուրքերը Աղդիվար են ասում: Հետո մերոնք գետի պարսպից բարձրացել են Սղսղան: Լենկ-Թեմուրի զորքը շրջապատել է՝ մերոնք չեն հանձնվել: Մեծուփոքր սովից կոտորվել են: Դիակի վրա կաչաղակները սկսել են պտիտ գալ: Կաչաղակաբերդը դե հիմա կանգնած է: Թուրքերն էդ թռչունին իրենց լեզվով սղսղան են ասում:

  Հաջորդ օրն էնպիսի հարձակում կազմակերպեցինք, ճիշտն ասած, ա՛յ, ո՛չ գրչով կարելի ա դա նկարագրել, ո՛չ էլ՝ ասելով: Ես մենակ կարող եմ իմ ջոկատի գլխովն անցածը պատմել: Ինչ առաջադրանք ունեինք, ու թե՝ ինչպես կատարեցինք: Հարկավոր էր իջնել Ջրմուղ կայանի դիրքերը գրավել, որպեսզի թիկունքից՝ Աղդամից, թուրքերին եկող հավանական օգնությունը հեչ անենք: Նորից, մի խոսքով, տղաների հանձնած դիրքերը, մանավանդ թուրքի գերեզմանոցը, պիտի ետ վերցնեինք մեր ձեռքը: Գերեզմանոցում պիտի մի խումբ թողնեի, մնացածին վերցնեի, բարձրանայի՝ Սրխավենդ-Ղազանչի ճանապարհը փակեի: Սա էր իմ տղաների հիմնական առաջադրանքը: Մեր ձեռքով ականապատված տեղամասերի համար նորից ճամփա բացեցինք, կարելի ա ասել: Առաջ  գնացինք դեպի գերեզմանոց, սա մեր՝ նախօրեին հանձնած դիրքերից մեկն էր: Գետի աջ կողմով հայաստանցի տղերք էին մտել: Մեզ նրանք էին դուխ տալիս, եթե նրանք չլինեին, մենք մեզ եթիմ կզգայինք, ճիշտն ասած: Դիվանագիտություն չեմ անում՝ սա ասելով, հայաստանցի տղաները, եթե մարտի էլ չմտնեին, գոնե հայտնի լիներ, որ նրանք եկել, ահա ուր որ ա՝ էս կողմերն են, ուրեմն մենք թուրքի հերը պիտի անպայման անիծեինք: Համ էլ՝ անձամբ ես, եթե հայաստանցի տղա էր խառնվում իմ ջոկատի հետ, էլի ինչ-որ տեղ խամ լինելու, հյուր լինելու պահը չէի մոռանում, տղաներին ասում էի՝ ետ պահեք բարդ տեղերից նրանց: Ճիշտ ա, Հայաստանի Մարտունուց եկած Արմենը՝ մեր շենի Փառանձեմի թոռը,  ուրիշ էր, նրան արդեն տեղացի էի հաշվում, ու ամեն մի կարևոր գործի՝ առաջինը ինքը պիտի վեր կենար, որ գնա: Հիմնական գործ անողը մենք էինք, բայց Հայաստանից եկած տղաների մեր կողքին լինելու փաստը ամեն ինչ արժեր, կրկնում եմ, նրանք, որ մեզ հետ էին, թվում էր, թե Նապոլեոնի զորքն ենք: Իմիջայլոց, էդպես էլ հայաստանցիների հետ պայմանավորվել էինք: Ռացիայով իրար հարց էինք տալիս, թե՝ քանի հոգի եք, նրանք ասում էին՝ հազար, դեռ մի հարյուր հիսուն հոգի էլ կես ժամից գալիս են էս ա: Քիչ ենք, ասում էին, բայց դե էսքանով յոլա պիտի գնանք: Էդքանը թուրքը լսելով, ինչ եք կարծում, ինչ էր մտածելու, էն էլ հատուկ էնպիսի հաճախականությամբ էինք ասում, որ թուրքն անպայման լսի: Ո՛չ ծիծաղ, ո՛չ լաց: Կապի միջոցով թուրքին խաբում էինք, որ պանիկա գցենք նրանց մեջ: Կռիվ ա, պանիկան ավտոմատից, տանկից էլ ուժեղ զենք ա: Իրականում, որ իրար տայինք, գետի ուղղությամբ հազիվ երևի մի հարյուր հոգի լինեինք:

Տված դիրքերը հեշտությամբ գրավեցինք, էստեղ հաջողության հիմնական պատճառը թուրքի էշ լինելն էր, պիտի ասեմ: Շան տղա՛, դու ո՞նց ես ռեխդ ծռում, բարձրանում Կիչան, թիկունքդ թողնում ամայի: Դե էն էր ուրախալին, որ զոհ չունեցանք՝ ո՛չ նահանջին, ո՛չ էլ հաջորդ օրերին: Էստեղ եմ ես նաև հասկացել, որ քառասուն տեխնիկայից վախելն ամոթ ա, եկել են թափվել ձորը, բայց խելք չկա մեջները շան տղորանց:

Հրաման ստացա՝ Հայաստանի ջոկատը թողնել գերեզմանոցում, իսկ ես իմ տղաների հետ բարձրանալ դեպի Կիչան, դեպի Բաշիրլար: Էստեղ ջղանոտ կա, ամեն տեղից ճանապարհը գալիս էստեղով ա անցնում: Թուրքն ուրիշ տեղով որ նահանջելու լինի, ուզած-չուզած՝ պիտի դա լինի մանր ծմակը, դա էլ արդեն ոչ թե նահանջել ա լինելու, այլ, պարզ խոսենք, լինելու ա փախչել: Դե մեր ուզածն էլ, առհասարակ, հենց դա էր:

Վերև, Կիչան-Սրխավենդ, իսկական իմաստով երկիր-երկինք թնդում էր: Դժվար ա հիմա մանրամասն պատմել, ամբողջ ձորը վառոդի հոտ բռնած, տեխնիկա չկար՝ որ չկրակեր: Ինչ անես՝ կռիվ ա, ինչպես ասում են՝ на войне, как на войне… Չես հասկանում, որ կողմից են շատ կրակում՝ թուրքի, թե՝ հայի: Ղազանչու ճանապարհի ջղանոտում դիրքավորվել էինք ես ու Մերուժը, մեկ էլ տեսնենք՝ թուրքի տանկ ա իջնում ուղիղ դեպի մեզ: Մերուժն իջավ, նռնականետը ուսին դրեց, կռացավ, կրակեց, գլխի ընկանք, որ մեր ձեռքի զենքը ծանր տեխնիկայի համար չէ: Տանկը փստացրեց, ոռը թողարեց ու փախավ, բայց դե հասկանալի ա, որ նրանց զգուշացրինք էլ, որ դարան ենք նստած: Տանկը փախավ՝ ավելորդ չընկճվեցինք, որովհետև դեռ ահագին ետ փախչելու տեղ ունի, պիտի դեռ իջնի գետը, Ջրմուղ կայանի մոտերքը, իր եկած տեղով ճողոպրի, խփելու հնարավորություն՝ դեռ ունեինք, ու՞ր ա փախչելու: Հրամանատարության հետ խոսեցի, ասացի՝ եթե շուտափույթ տանկ կամ հրետանի չաշխատի էստեղ, թուրքի տեխնիկան լրիվ ձեռքից տալու, բաց ենք թողնելու, ափսոս են, սրանց կարելի ա բոլորին փչացնել, նույնիսկ, որ նայեցի սրանց արագությանը, թե ինչպես են ետ-ետ փախչում, իսկապես, հետո մենք ինքներս մեզ չէինք ներելու, հարկավոր է կենդանի-կենդանի վերցնել: Մի ժամ-ժամուկես էր անցել, քաղաքից ուղարկված Տէ-72-ը մեզ օգնության հասավ: Եկավ գերեզմանոցի դիրքում թաքնվեց, սպասեց թուրքի տանկերի փախչելուն: Կռիվն ահա էս տանկն ա հաղթել, կարելի ա ասել, մենք՝ ի՞նչ: Ես Ղարաբաղ ուրիշ տեղեր կռիվների չեմ մասնակցել, բայց էն մարտունեցի տղայի էկիպաժը, որ ժամուկեսում քաղաքից վաթսուն տոննանոց վիթխարի էդ մաշինով կարողացավ գալ, մեր ասածն անել ու զասադա նստել կամրջի տակ, հերոս տալը քիչ ա: Պիտի մի գրող դուրս գա, էդ չտեսնված քաջությունը մանրամասն նկարագրի իր գրքի մեջ, որ դպրոցում էգուց էլօր երեխաներն իմանան: Էսօր իմ սրտին ցավ ա տալիս, որ էդ դեպքերը գրքերում դեռ չկան, անուն առ անուն, թեև, ճիշտն ասած, էն մարտունեցի քաջ տղաներին ես էլ չեմ ճանաչել, քիթ սրբելու ժամանակ չկար, եկան իրենց գործն արեցին՝ գնացին, հասարակ, չարքաշ տղերք: Ինչ պատմեմ, դա տեսնել ա հարկավոր, մարտունեցի էդ հերոս տղան՝ տանկի նավոդչիկը, էդ օրը նապաստակի նման մեկ-մեկ փրթեց թուրքի չորս-հինգ տեխնիկան: Արդեն ափսոս էլ էր, ուզում էի՝ խոսել ասել՝ տղերք, թե կարող եք, էնպես խփեք, որ ռեմոնտ անենք հետո, մեզ համար բանեցնենք: Ոչ մի տեխնիկա դուրս չպրծավ մեզանից, ի՜նչ օյին եկավ էդ օրը թուրքի գլխին: Նահանջող համարյա բոլոր տանկերը մեկ առ մեկ պայթեցին մեր տղաների կրակից: Երկուսն են, կարծեմ, դուրս պրծել: Էդ հատվածը հետո սկսեցինք Տանկըվի մագիլա ասել, հիմա էլ որ գնաք, վառված տանկերի մասեր կան թափված նույն տեղը՝ գերեզմանոցի հատվածում:

Բաշիրլարի ջղանոտում պառկած՝ թուրքի հետևակի նահանջին էինք սպասում: Առաջին մարդատարը տեխնիկան եկավ: Կրակ բացեցինք ամեն կողմից, մի քառասունի չափ թուրք դուրս ցատկեց մեքենայից, ավտոմատ-գնդացիր ձեռքներին, մեղք էլ էին, բոլորին հնձեցինք: Հետո երկրորդը եկավ՝ էլի փրթեցինք պարզապես: Իրենք սկսեցին կրակել, եթե ձեռք բարձրացնեին, մենք կրակողը չէինք, մեզ նման հասարակ մարդիկ էին, իրենք էլ չգիտեին երևի՝ էս ուր են եկել, ինչու են եկել էս տները վառեն, պրոպագանդայի զոհ խեղճուկրակ էին էլի, բայց դե կռիվը մնում ա կռիվ, պիտի գործդ անես: Խեղճ թուրք, չգիտեր իր հետ ինչ ա կատարվում, դա անգլուխ իրենց հրամանատարության մեղքն էր: Մի ուազ իջավ էդ պահին: Ինքս դուրս եկա անձամբ կանգնեցնելու, մտքումս կար՝ մեքենան անվրեպ վերցնեմ, որ հետո մեզ ծառայի: Ետևից եկող տանկը նկատեց մեր տեղը, գնդացիրից սկսեց մաղաղել մեզ վրա, կորանք ջղանու ճղների ճխրտոցի մեջ: Ստիպված՝ էդ մեքենան էլ շարքից հանեցինք, հետո վիրավորներին հանձն առանք ապահով տեղ տանել, որ փրկենք, միգուցե հետագայում մեզ պետք լինեին: Արտառոց մի դեպք կատարվեց, արժե հիմա հիշել: Պառկած հսկում եմ ճանապարհը, մի թուրք ա մոտենում դեպի ինձ՝ երևի մտածելով, որ գլուխն ազատել ա, մուղամ ա երգում: Ոտքերին կրակեցի, որ ձեռքերը բարձրացնի: Նա իրեն ծառոտը նետեց: Կամաց առաջ շարժվեցի, որպեսզի կենդանի բռնեմ: Փողը դրեցի ճակատին, տղաս՝ Աշոտը, մոտեցավ, ձեռքերը կապեց, մի անգամ էլ քացով տվեց: Ճիշտն ասած, էն Աստուծը, էդ պահին սրտիս էլ դիպավ քացի տալու համար: Իմ տարիքին թուրք էր, Աշոտի երեսին խոսեցի, բայց դե ոչ տեղն էր, ոչ ժամը: Թուրքը խեղճացել, լացում էր, թե՝ վալլահ, վանքեցի Տահտուլանց Միշայի քիրվան եմ, մի՛ սպանեք ինձ, վալլա՜հ: Կարգադրեցի՝ թուրքին ձեռ չտալ, վանքեցի Միշան, դե ով չէր ճանաչում՝ հացով, մազաղով, հայտնի Միշան ա: Մի հոգի դրեցի՝ էդ նեղ մաջալին թուրքին նայելու, մենք կռիվը շարունակեցինք դեպի առաջ: Էդ պահին հայաստանցիները խնդրեցին թուրքին իրենց տալ, ասացի՝ չէ, ձեր գործին կացեք, թուրքին շտաբ ենք տանելու վերջում: Մեր տղաներից մի երկու հոգի ներքևից բարձրացան մի քիչ հետո, տեղյակ չէին, որ գերի կա կապոտած, եկան ռաստ եկան, էդպես կապոտած էլ կրակեցին-սպանեցին: Ջղայանացա, ինձանից դուրս եկա, բայց դե, արդեն ուշ էր: Տեղը չէր՝ մի լավ պատժեմ էդ անգլուխներին: Ինձ էլ ունեի թուրք ընկերներ խաղաղ ժամանակ, նույնիսկ շատ մտերիմ ընկեր, շան տղադ, որ ձեռքերը բարձրացրեց, աղաչեց, էլ վրան ի՞նչ կրակես: Մինչև հիմա խիղճ ա, թե ափսոսանք, չգիտեմ, էսօրվա նման դեռ միջումս մնում ա:

Թուրքի զենքով բեռնված մի մեքենա Բաշիրլարի աղբրի մոտ կանգնած էր: Արդեն հասկացել էին, որ ետ գնալու ճանապարհները դարանի տակ են, խոսեցին իրենց հրամանատարների հետ, որ ուժ ուղարկեն, բայց դե՝ էդ պահին ի՞նչ ուժ: Բարձրացանք աղբրի կողմը, անզգույշ մոտեցանք զենքի բեռնատարին, չտեսանք, որ վարորդը վիրավոր, թփի մեջ պառկած ա: Մեկ էլ՝ նրա կողմից գրանատը ֆշշաց դեպի մեզ: Աջուձախ պառկեցինք, բայց Արմենին բռնեց, Պափոնիկ Արմենը: Ոտքն էր՝ մի թեթև, փառք Աստծո, տղաները շանսատակ արեցին իսկույն թուրքին: Իրենց մեջ էլ կան անձնազոհ մարդիկ, էնպես չի, որ մերոնք բնատուր գրոհային են, նրանք էլ՝ հավի ճուտ: Թուրք վարորդը վիրավոր էր, կարող է աղաչեր, խնդրեր, իհարկե, մենք էլ, երևի, կներեինք, բայց շան տղադ խիզախ գտնվեց, ձեռքին վերջին եղածը շպրտեց մեզ վրա, բարեբախտաբար, բան չպատահեց մեզ: Էդ օրը մեր օրն էր, Աստված էր ասել՝ մտեք, ձեր հողը մաքրեք, ամոթ ա:

Կռիվը վերջացած էր: Իսկ ես զենք-զինամթերք ավար անելու իմ գործը շարունակում էի դեռ: Տանկի տեր էի դարձել արդեն: Ճանապարհին մի նոփ-նոր բէէմպէ-դվա պատահեց, որոշեցի՝ ինչ գնով էլ ուզում ա լինի՝ ջոկատինս դարձնել: Շրջապատն ականապատված էր: Յուղը վրան մեքենա էր, թրթուրն էր վնասված: Բերելու օպերացիային՝ եղբորս տարա, Վալերիկն էլ էր՝ Շահենի տղան, իր սեփական «Ուրալով»: Մանվելը Զաքարյան՝ Յանոշ Կադարը, արդեն տարեց մարդ էր, թե՝ ինձ էլ տարեք, տրակտորս բերեմ, ձգեմ-հանեմ: Մանվելն արդեն վատառողջ էր էդ ժամանակ, վերջին իր տարիներն էր ապրում, ասեց՝ տարիքն ինչ կապ ունի, գամ մի գործ էլ երկրի համար ես անեմ, որ ինձանից հետո ինձ հիշեն: Սիրտը գիտեր, որ իր առաջին քիչ ա մնացել, ու՝ եկավ օգնեց:

Ճանապարհվեցինք դեպի Ղազանչի, կռվի հաջորդ օրն էր, ամեն տասը մետրի վրա թուրքի դիակ էր ընկած, մարդ մտածում ա, թե էստեղի վրա դժոխք ա լուսացել էդ օրը: Ալիաղալուի տարածքում էր զրահապատ մեքենան, հանեցինք: Թուրքերն իրենց դիրքում ուշ գլխի ընկան: Սկսեցին կրակել, բայց էն կրակելը չէր արդեն, սարսափելի ծեծ էին կերել մի օր առաջ: Նրանք դեռ շատ ժամանակ ուշքի չէին գալու, սուսփուս, տապուռ կացած նստած էին իրենց խրամատում:

Մի քանի օրից հետո Գանձասար երդվեցինք բանակ ստեղծել: Արդեն ռեգուլյարնի բանակ պիտի լինեինք: Ինձ վաշտի հրամանատար նշանակեցին, տանկս ու բէէմպէս էլ, ասացին՝ տանում ենք քաղաք, հատուկ տանկային գումարտակ ենք ստեղծում: Ասացի՝ դե փեշքեշ, տարեք, բայց որ հարայը գցենք, ուրեմն գալիս եք օգնության, լավ իմացեք…

Առաջադրանքը նույնն էր, նորից գնալ նախկին դիրքերը պահելու, մեր երկիրն ա, մեր պոստերը… 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով