Հայտարարություններ

Խորհրդային ժամանակների բռնադատվածների հիշատակի օրվան նվիրված մրցույթ

Հունիսի 14-ը Խորհրդային ժամանակների բռնադատվածների հիշատակի օրն է

Այդ առիթով Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է ստեղծագործական-խորհրդանշական մրցույթ:

Մրցույթի նպատակն է մասսայականացնել հայոց և Հայաստանի պատմության այդ շրջանի վերաբերյալ գիտելիքը, հիշեցնել հանրությանն այդ մասին, զրույցներ ծավալել մեր ոչ վաղ անցյալի պատմության այդ շրջանի շուրջ և դասեր քաղել:

Մրցույթին կարող են դիմել անհատներ կամ կազմակերպություններ: Նյութերը պիտի ներկայացվեն հեղինակների (հեղինակային կոլեկտիվների) կողմից:

Նյութերը կարող են լինել չհրապարակված կամ նախապես հրապարակված:

Ընդունվող նյութերի տեսակները.

  • Գեղարվեստական տեքստ (պատմվածք, չափածո)
  • Հրապարակախոսական հոդված, հրապարակագրություն (ցանկացած ժանրի, ներառյալ գրախոսություն, վերլուծություն և այլն)
  • Վավերագրական պատմություն
  • Գիտական հոդված
  • Հատված գրքից կամ այլ հրապարակումից
  • Անձնական պատմություն
  • Տեսանյութ
  • Լուսանկար(ներ) (բացատրական տեքստով)
  • Վավերագրական ֆիլմ
  • Գեղարվեստական ֆիլմ
  • Այլ (այստեղ չնշված ժանրով կամ կրիչներով), ինչպես, օրինակ, երգ կամ այլ երաժշտական ստեղծագործություն, գեղանկար, քանդակի լուսանկար, ճարտարապետական նախագիծ (մոդել) և այլն:

Բոլոր նյութերը պիտի հնարավոր լինի ներբեռնել համացանցից կամ տեղադրել համացանցում, այսինքն տպագիր նյութերը կամ կարծր կրիչներով նյութերը չեն ընդունվում:

Բոլոր նյութերը պիտի ունենան ազատ հրապարակման իրավունք:

Բոլոր տեքստային նյութերը կամ նյութի տեքստային մասերը պիտի լինեն հայերեն կամ հայերեն թարգմանությամբ: Որպես բացառություն, կընդունվեն նաև նյութեր ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն (սակայն Հայաստանին և հայությանը վերաբերվող), մանրամասն հայերեն բացատրությամբ:

Մրցանակներ

Մրցույթի շրջանակներում նախատեսվում է երեք դրամային խորհրդանշական մրցանակ.  

  • առաջին տեղ՝ 150.000 դրամ,
  • երկրորդ տեղ՝ 100.000 դրամ,
  • երրորդ տեղ՝ 50.000 դրամ:

Կլինեն խրախուսական մրցանակներ՝ գրքեր: Բոլոր մրցանակակիրները կստանան ԵՀՀ հավաստագրեր:

Դիմելու կարգը

Մրցույթին դիմելու համար ուղարկեք նյութը որպես կցորդ կամ նյութի հղումը, հետևյալ իմակի հասցեով. npaskevichyan@epfound.am վերնագրի տուփիկի մեջ գրելով՝ «մրցույթ_հունիսի 14, 2020»:

Իմակի նամակում գրեք, ինչու է նյութը համապատասխանում առիթին, ինչպես նաև կարճ տեղեկատվություն հեղինակ(ներ)ի՝ ձեր մասին, նաև՝ հետադարձ կապի միջոց՝ իմակի հասցե, հեռախոս, եթե ցանկանաք՝ հավելյալ կապի միջոցներ: Նամակում պիտի նշվի, նաև նյութի հեղինակային իրավունքի մասին մանրամասները: ԵՀՀ-ի համար գերադասելի է, որ նյութը լինի ազատ տարածելի, սակայն մասնակի տարածելի կամ այլ դեպքեր նույնպես հնարավոր են:

Մրցույթին կարող են դիմել ցանկացած երկրի քաղաքացիություն ունեցող անձինք։ Մրցույթի վերջնաժամկետն է՝ հուլիսի 10, 2020, ժամը 18:00:

Թեմային վերաբերվող և այն բացահայտող բոլոր ստացված նյութերը կհրապարակվեն ԵՀՀ կայքում մրցույթի հայտարարման առաջին օրից և դրա ավարտից մի քանի ամիսների ընթացքում։ Հնարավոր կլինի դրանք տարածել, ինչն էլ լայն քննարկումների հնարավորություն կտա։

Ստացված նյութերը կգնահատվեն անկախ հանձնաժողովի կողմից հետևյալ չափանիշների հիման վրա.

  • Նյութի համապատասխանությունը թեմային
  • Նյութի նշանակալիությունը թեման (նրա որևէ խնդիրը, մասը) լուսաբանելու առումով
  • Նյութի՝ պատմական ժամանակաշրջանը բնութագրելու և բացատրելու ուժը
  • Նյութի բովանդակության անսպասելիությունը ժամանակաշրջանի համատեքստում
  • Նյութից մակաբերվող դասը՝ ժամանակաշրջանի վերաբերյալ
  • Նյութից մակաբերվող դասը՝ այսօրվա կյանքի համար
  • Նյութի որակը (գեղարվեստական կամ մասնագիտական)

Մրցույթը կամփոփվի 2020 թ. հուլիսի վերջում, հաղթողներրը կազդարարվեն մինչև օգոստոսի 15-ը։ Մրցանակները կհանձնվեն հանդիսավոր արարողության ժամանակ, (գուցե համացանցով):

Նյութերի համար տեխնիկական չափանիշներ չկան, սակայն եթե հղումը համացանցային չէ, տեքստի դեպքում օգտագործեք սիլֆայեն (Sylfaen) տառատեսակը և համարակալեք էջերը, լուսանկարների դեպքում՝ կարող եք ուղարկել նկարների ոչ օրիգինալ (նվազեցված որակով) տարբերակները, անհրաժեշտության դեպքում կխնդրենք բնօրինակները: Տեսանյութերը գերադասելի է ուղարկել համացանցային հղմամբ:

Հարցերի և խորհուրդների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով (+37477) 06․04.89 կամ գրել նամակ Նանե Պասկևիչյանին՝ npaskevichyan@epfound.am հասցեին։

Լուսանկարը՝ Հարություն Ավագյանի ընտանեկան արխիվից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով