Թարգմանություն, Սթիվեն Քինգ

Փախուստ Շոուշեկից

( հատված «Ռիտա Հեյվորթը և փախուստ Շոուշենկից» գրքից)

Ես պատկանում եմ այն քչերի թվին, որոնք կարող են ամեն բան ճարել: Միանգամայն ամեն ինչ, անգամ սատանային՝ դժոխքից: Նման տղերք կան Ամերիկայի ցանկացած դաշնային բանտում: Կուզեք՝ ներմուծված ծխախոտ, կուզեք՝ մի շիշ բրենդի` որդու կամ դստեր ավարտական քննությունները, սեփական տարեդարձը կամ Սուրբ Ծնունդը նշելու, կամ գուցե ուղղակի, առանց որևէ առիթ ու պատճառի խմելու համար:

Ես հայտնվեցի Շոուշենկի բանտում, երբ դեռ նոր էր բոլորել քսանս, և մեր փոքրիկ, հաճելի ընտանիքի այն քիչ մարդկանցից էի, որը ոչ մի կաթիլ չի ափսոսում իր գործած հանցանքի համար: Ես մարդ էի սպանել: Կլորիկ գումարով ապահովագրել էի կնոջս, որը երեք տարով մեծ էր ինձնից, իսկ հետո արգելափակել նրա «Շեվրոլեի» արգելակները, որը նրա սիրելի հայրիկն էր նվիրել մեզ: Ամեն բան բավականին արդյունավետ էր  ընթացել: Ես միայն չէի հաշվարկել, որ նա կորոշեր կանգնել կեսճամփին` հարևանուհուն և իր փոքրիկ որդուն մինչև Քասլ Հիլլ հասցնելու նպատակով: Արգելակները ձախողվել էին, և մեքենան բարձրավանդակից ցատկել/գահավիժել/ էր` հավաքելով արագություն ու հրելով ավտոբուսները: Ականատեսները հետո պնդում էին, որ նա ժամում ութսուն կիլոմետր արագությունից ոչ պակաս էր սլանում, երբ բախվելով պատերազմի հերոսների հիշատակին կանգնեցված հուշարձանի ներքևի հատվածին, պայթել էր` այրվելով ջահի պես:

Ես, իհարկե,  չէի հաշվարկել նաև այն, որ ինձ կարող են բռնել: Բայց դա, ավաղ, կատարվեց: Եվ ահա ես այստեղ եմ: ՄԷնեյում մահապատիժ չկա, բայց շրջանի փաստաբանն ասաց, որ ես երեք մահի եմ արժանի, և դատապարտեց երեք ցմահ բանտարկության: Դա բացառում էր ցանկացած համաներման հնարավորություն: Դատավորն անվանեց իմ կողմից գործածը  «հրեշավոր, իր ստորության և նողկանքի մեջ աներևակայելի հանցանք»:

Գուցե ամեն բան ճիշտ այդպես էր իրականում, բայց այս ամենն հիմա արդեն անցյալում է: Դուք կարող եք թերթել Քասլ Ռոքի խունացած թերթերը, որոնց առաջին էջերի խոշոր վերնագրերն ու լուսանկարները նվիրված են ինձ, բայց, ի սեր Աստծո, այդ ամենը մանկական զվարճանքներ են` Հիտլերի ու Մուսսոլինիի արարքների, Հետաքննությունների ֆեդերալ բյուրոյի չարաճճիությունների համեմատ:

Քավեցի արդյո՞ք ես իմ մեղքը կհարցնեք Դուք: Ուղղվեցի՞: Ես լիարժեք չգիտեմ այս բառերի նշանակությունը, և ինչ թողություն կարող է լինել բանտում կամ գաղութում: Կարծում եմ` դա քաղաքագետների բառ է: Հնարավոր է` այն ունենար որևէ իմաստ, եթե խոսքը վերաբերեր իմ ազատության հնարավորությանը:

Բայց սա ապագան է` այն բաներից մեկը, ինչի մասին բանտարկյալները թույլ չեն տալիս իրենց անգամ մտածել: Ես երիտասարդ էի, հմայիչ և աղքատ թաղամասից: Ես կպցրեցի բարետես, ոչ հիմարիկ մի աղջնակի, որն ապրում էր Կարբին Սթրիթի շքեղ առանձնատներից մեկում: Նրա հայրը համաձայնեց մեր ամուսնությանը մի պայմանով. ես պիտի աշխատեի օպտիկական ընկերությունում, որի սեփականատերն ինքն էր, և պիտի «գնայի իր հետքերով»: Իրականում ծերուկն ուզում էր ինձ հսկողության տակ պահել, ինչպես վայրի անասունի, որը բավականաչափ ընտելացված չէ և կարող է կծել տիրոջը: Այդ ամենն իմ մեջ այնպիսի ատելություն էր հարուցում, որ երբ այն կուտակվեց, ես գործեցի այդ հանցանքը, որի համար հիմա չեմ զղջում:

Թեպետ, եթե ես հնարավորություն ունենայի ամեն բան նորից կրկնելու, գուցե այլ կերպ վարվեի: Բայց վստահ չեմ, որ սա նշանակում է` ես «ուղղվել եմ» կամ «գիտակցել իմ մեղքը»:

Ինչևէ, ես ամենևին իմ մասին չէի ուզում պատմել, այլ Էնդի Դյուֆրեսն անունով մի երիտասարդի։ Բայց նախքան նրա մասին պատմելը, պետք է մի բան էլ բացատրեմ իմ մասով։ Դա շատ ժամանակ չի խլի։ Ինչպես արդեն նշել էի, ես այն մարդն եմ, որը այս գրողը տարած քառասուն տարիների ընթացքում կարող է ձեզ համար ճարել ամեն բան Շոուշենկում։ Դա չի ենթադրում խոտի կամ էքստրածխախոտի տեսքով մաքսանենգ բաներ, թեպետ, որպես կանոն, հենց այդ կետերն են գլխավորում պատվերի ցանկը։ Բայց ես ճարում եմ նաև հազար այլ բաներ մարդկանց համար, որոնք ժամանակ են անցկացնում այստեղ, և նրանց որոշ պատվերներ արգելված ու վտանգավոր չեն։ Դրանք լիովին օրինական են, պարզապես դժվարհասանելի են պատժախցերում։ Մի զվարճալի տիպ կար, որը բռնաբարել էր փոքրիկ աղջկա և իրեն, սեփական բարեմասնություններն էր ցուցադրում տասնյակ մյուսներին։ Այսպիսով, ես ճարեցի նրա համար երեք վարդագույն կտոր Վերմոնտի մարմար, և նա պատրաստեց երեք հրաշալի արձանիկ՝ նորածինը, տասներկուամյա տղուկն ու մորուքավոր երիտասարդը։ Նա անվանեց իր ստեղծագործությունը «Տարիք․ Հիսուսի երեք անցումները», և հիմա այն զարդարում է նահանգի մարզպետի հյուրասենյակը։

Իսկ ահա սա այն անունն է, որը դուք պիտի լավ հիշեիք, եթե հյուսիսում ապրեիք՝  Ռոբերտ Ալան Քոութ։ 1951 թվականին նա Առաջին Պետական Բանկը թալանելու փորձ կատարեց։ Նրա նախաձեռնությունը վերածվեց արյունալի սպանդի, արդյունքում՝ վեց դիակ։ Նրանցից երկուսը հանցախմբի անդամ էին, երեքը՝ հաճախորդ, իսկ մեկը՝ երիտասարդ քննիչ, որը խոթեց իր քիթը բանկի տարածք լրիվ սխալ ժամանակ, և վաստակեց սեփական փամփուշտը։

Քոութը պեննիի հավաքածու ուներ: Ճիշտն ասած, նրանք արգելեցին պահել այդ հավաքածուն բանտում, բայց նրա մոր և մեր լվացքատունը սպասարկող ջահել վարորդներից մեկի օգնությամբ ես կարողացա օգնել նրան: Ես ասացի նրան. «Բոբի,  դու պիտի լրիվ խելագար լինես, որ պահես մետաղադրամների հավաքածուն գողերով ու խաբեբաներով լի այս քարե պարկում»: Նա նայեց ինձ և ժպտաց` ասելով, թե գիտի ինչպես պահել իր բարիքը:  «Ամենն անվտանգության մեջ կլինի, — ասաց նա, — այդ մասին կարող ես չանհանգստանալ»: Այդպես էլ եղավ: Բոբի Քոութը մահացավ 1967-ին, բայց նրա հավաքածուն չհայտնաբերվեց բանտի իշխանությունների կողմից:

Սուրբ Վալենտինի օրը ես շոկոլադ էի հայթայթում ժողովրդի համար: Ես հաջողեցի անգամ ձեռք բերել կաթնային կոկտեյլներ, որոնք մատուցվում են  «Mac Donalds»-ում` Մելլեյ անունով մի կատարյալ խփնված իռլանդացու համար: Ես նույնիսկ կազմակերպեցի «Ահռելի երախը» և «Սատանան միսս Ջոնսի ներսում» ֆիլմերի գիշերային ցուցադրությունը քսան տղամարդու համար, որոնք «փող գցվեցին» սեանսի համար… Թեպետ, այդ ամենից հետո ես համարյա մեկ շաբաթ մենախցում հանգստացա: Ինչևէ, ողբերգություն չկա: Ով չի խիզախում, շոմպայն չի խմում: Ես ճարում էի քաղաքական, սեքսի մասին գրքեր, և ցմահ կամ երկարաժամկետ բանտարկյալները բազմիցս աղաչում էին ինչ-որ կերպ ճարել կնոջ կամ սիրեցյալի վարտիքը… Եվ ես կարծում եմ, որ դուք կռահում եք, թե ինչ էին անում այդ տղաները բանտային երկար գիշերներին, երբ ժամանակն անսահման դանդաղ է ձգվում: Ես շնորհակալության դիմաց դա չեմ անում, իսկ երբեմն գինը չափազանց բարձր է: Բայց ես ջանք չէի գործադրի, այն էլ միայն հանուն փողի. իսկ ի՞նչ արժեք ունի փողն այստեղ:  Ես չեմ կարողանա գնել «Կադիլլակ» կամ մեկնել Յամայկա: Երևի թե ես մատուցում եմ այս բոլոր ծառայությունները ճիշտ այն նպատակով, հանուն որի լավ մսագործը միշտ ուղարկում է ձեզ ամենաթարմ միսը. ես վաստակել եմ իմ հեղինակությունը և ուզում եմ այն պահպանել:

Ես չեմ զբաղվում միայն երկու բանով` զենքով և թունդ թմրադեղերով: Ես չեմ կամենում օգնել ինչ-որ մեկին սպանել իրեն կամ մերձավորին իր: Բա’վ է, մինչև կոկորդ կուշտ եմ սպանություններից:

Այո’, ես գործի մարդ եմ: Եվ երբ Էնդի Դյուֆրենսը մոտեցավ ինձ 1949 թվականին և հարցրեց` հնարավոր է արդյո՞ք ճարել իր համար Ռիտա Հեյվորթին, ես պատասխանեցի` «Խնդիր չկա»: Իսկապես չկար:

Երբ 1948-ին Էնդին հայտնվեց Շոուշենկում, նա ընդամենը երեսուն տարեկան էր: Նա ավազագույն մազերով, ձեռքի նեղլիկ ափերով, միջահասակ, հմայիչ տղամարդ էր: Կրում էր ոսկեգույն ակնոցներ: Եղունգները միշտ կոկիկ խարտված էին և անհերքելի մաքուր: Գուցե ծիծաղելի թվա, որ ես տղամարդու հետ կապված հիշում եմ այս ամենը: Բայց նրա եղունգները տպավորեցին և բարձրացրին Էնդիին իմ աչքերում: Նա միշտ այնպիսի տեսք ուներ, ասես փողկապավոր էր կամ էլ սմոքինգով: Բանտից առաջ նա աշխատում էր Պորտլենդի խոշոր բանկերից մեկում` որպես փոխնախագահ: Համաձայնեք` վատ պաշտոն չէ` այդքան երիտասարդ տղայի համար: Հատկապես, եթե հաշվի առնենք, թե որքան պահպանողական են բանկերը մեծամասամբ… Եվ բազմապատկեք այդ պահպանողականությունը տասն անգամ, եթե դուք Նոր Անգլիայում եք գտնվում, ուր մարդիկ հակված չեն վստահել իրենց փողերը մարդու, որը ծեր չէ, ճաղատ չէ և պատրաստ չէ հենց վաղը ձգել ոտքերը:

Էնդին դատապարտվել էր կնոջ և սիրեկանի սպանության համար:

Ես, կարծեմ, արդեն ասել եմ, որ բանտում բոլորն իրենց համարում են անմեղ: Եվ բոլոր նրանք, որոնք գտնվում են այստեղ, զոհեր են՝ հանգամանքների, անիծյալ ու անհաջողակ բախտի, անարդյունավետ քննիչների, անսիրտ ու անհոգի դատախազների, դատարկագլուխ ոստիկանների  և այսպես շարունակ: Ինձ թվում է՝ այստեղի եղածների մեծ մասը երրորդ կարգի մարդիկ են, և նրանց ամենամեծ «անհաջողությունը» կայանում է նրանում, որ նրանց մայրը ժամանակին չի ազտվել պտղից:

Շոուշենկում անցկացրած իմ երկար տարիների ընթացքում ես հավատացի երևի թե ընդամենը տասը հոգու անմեղությանը։ Էնդի Դյուֆրեսնը նրանցից մեկն էր, թեպետ նրան ես հավատացի մեր ծանոթությունից մի քանի տարի անց։ Եթե ես լինեի հանձնաժողովում, որը լսում էր նրա գործը  1947-ին Պորտլենդում, դժվար թե այս երիտասարդի կողմից լինեի։

Պատմությունն ընդհանուր առմամբ չափազանց պարզ է։ Բոլոր անհրաժեշտ տարրերն առկա են՝ այսպիսի աղմուկի համար․ շրջապատում լայն կապեր ունեցող գեղեցիկ աղջիկ, երիտասարդ մարզիկ – երկուսն էլ մեռած, և խոստումնալից բիզնեսմեն՝ մեղադրյալի աթոռին։ Եվ ահռելի աղմուկ թերթերում, որն այդ ողջ ընթացքում անդադար եռում էր։ Եվ բաց դատական գործընթաց, որը բավականին երկար էր շարունակվում։ Շրջանի դատախազը ուզում էր դիմել կենտրոնական մարմիններին, և նա ուզում էր, որպեսզի Ջոն Կ․ Փաբլիքը ավելի ուշադիր ուսումնասիրեր այդ գործը։ Լսարանը սկսում էր հավաքվել առավոտվա ժամը չորսից՝ աթոռ զբաղեցնելու համար դահլիճում, ուր ասեղ գցելու տեղ չկար։

Ու այդ ամենը՝ չնայած այն բանի, որ ջերմաստիճանի սանդղակն այդ օրերին չափազանց իջնում էր։ Անգամ ցուրտը չկարողացավ վախեցնել հետաքրքրասերներին։ Փաստերն այսպիսին էին․ Էնդին կին ուներ՝ Լինդա Քոլլինզ Դյուֆրեսն։ 1947 թվականի հունիսին կինը ցանկություն հայտնեց սովորել Ֆալ Մաուֆ Հիլլի գոլֆ ակումբում։ Նա իսկապես չորս ամիս դասընթացներ էր ստանում։ Նրա ուսուցիչը այդ ակումբի մարզիկ Գլեն Քվենթինն էր։ 1947-ի օգոստոսին Էնդին իմացավ, որ Քվենթինն ու իր կինը սիրեկաններ են։  Էնդին ու Լինդան սարսափելի վիճեցին 1947 թվականի սեպտեմբերի տասին, վեճի հիմքում կնոջ անհավատարմությունն էր։

Էնդին դատարանում ցուցմունք տվեց՝ կինը ուրախ էր, որ նա իմացել էր ճշմարտությունը. նա հոգնել էր ամեն անգամ խորամանկորեն տակից դուրս գալ: Նա ասել էր, որ իր համար առավելապես տհաճ էր և հայտարարել, որ մտադիր է ապահարզանի դիմել, ինչին էլ Էնդին պատասխանել էր, թե ավելի շուտ կտեսնի վերջինիս քավարանում, քան բաժանվելու դատական գործընթացին: Կինը նստել էր մեքենան և քշել ուղիղ Քվենթինի մոտ` անցկացնելու գիշերը նրա բունգալոյում, որը վերջինս վարձակալել էր ակումբի մոտակայքում: Հաջորդ առավոտ այդ տան սպասուհին մահացած էր գտել նրանց` անկողնում: Եվ յուրաքանչյուրի ներսում` չորս փամփուշտ:

Վերջին փաստը մնացածներից առավել էր լարում դատարանին Էնդիի հանդեպ: Շրջանի դատախազն չտեսնված ներշնչանքով ու ձայնի դողով էր դրամատիզացնում այդ թեման իր եզրափակիչ խոսքում: Էնդի Դյուֆրեսնը, հայտնում էր դատախազը, դավաճան կնոջ հանդեպ իր հաշվեհարդարն իրականացրած ուղղակի սովորական ցասմնախեղդ ամուսին չէ: Դա, ասում էր դատախազը, եթե նույնիսկ աններելի է, ապա գոնե հասկանալի է: Բայց մենք գործ ունենք դաժան հրեշի, սառնասիրտ մարդասպանի հետ: Հրավիրում եմ ձեր ուշադրությունը, հատուկ շեշտադրումով բարձրաձայնում էր դատախազը, չո’րս ու չո’րս: Ոչ թե վեց, այլ ութ փամփուշտ: Նա դատարկել է ողջը, հետո կանգ առել, հանգիստ վերալիցքավորել զենքը և կրակել նրանցից յուրաքանչյուրին:

Բնականաբար, այս խոսքերը դարձան թագաճառ բոլոր այն թերթերի համար, որոնք փայլում էին նմանատիպ խորագրերով`   «Հաշվենկատ մարդասպանը»,  «Ութ փամփուշտ՝ ուղղված անմեղ զույգին»,  և էլի շատ ու շատ այսպիսի պոռնոգրաֆիա:

Լևինստոնում գտնվող զենքի խանութի մի ծառայող վկայեց, որ նա Միստր Դյուֆրենսին սպանությունից երկու օր առաջ վաճառել էր երեսունութ տրամաչափի վեց փամփուշտով լիցքավորվող ատրճանակ: Ակումբի բարմենն իր ցուցմունքում ասել էր,  որ Էնդին եկել էր բար սեպտեմբերի 10-ի երեկոյան` ժամը յոթին, պատվիրել երեք վիսկի առանց սոդայի և այդ ամենը խմել քսան րոպեի ընթացքում:

Իսկ հաշիվը վճարելիս բարմենին հայտնել էր, որ ուղևորվում է Գլեն Քվենթինի մոտ, և որ մնացած մանրամասների մասին կարող է կարդալ առավոտյան թերթերում: Մյուս խանութի ծառայողը, որը գտնվում էր Քվենթինի տնից մեկ մղոնաչափ, վկայեց, որ Դյուֆրեսնը եղել է իր մոտ այդ երեկո` քսանն անց քառասունի միջակայքում: Նա պատվիրել էր ծխախոտ, երեք շիշ գարեջուր և մի քանի անձեռոցիկ: Դատաբժշկի եզրակացությամբ Քվենթինը և Լինդա Դյուֆրեսնը սպանվել էին սեպտեմբերի տասի`  23:00-ի և տասնմեկի` 22:00-ի արանքում: Այս գործով զբաղվող քննիչը,  բունգալոյից յոթանասուն յարդ հեռավորության վրա հայտնաբերել էր իրեղեն ապացույցներ, որոնք ներկայացվել էին դատական նիստին.   շվեյցարական գարեջրի երկու դատարկ շիշ` մեղադրյալի մատնահետքերով, մոտավորապես քսան ծխուկ այն վերոնշյալ ծխախոտից, որը մեղադրյալը ձեռք էր բերել հիշատակվող խանութից, և շրջադարձի ժամանակ պլաստիկ անվադողերի վրա թողնված հետք, որը ճշգրտորեն համապատասխանում էր մեղադրյալի  «Plymouth»  47 մոդելի անվադողերի հետքին:

Բունգալոյի ննջասենյակի բազմոցին հայտնաբերվել էր չորս անձեռոցիկ: Դրանք ծակված էին փամփուշտներից և վառոդի հետքերից կեղտոտված էին: Քննիչը եզրակացրեց, որ մարդասպանը ատրճանակի փողը փաթաթել էր անձեռոցիկներով` կրակոցի ձայնը խլացնելու համար:

Երբ խոսքը տրվեց Էնդի Դյուֆրեսնին, նա կատարվածի մասին պատմեց շատ հանգիստ, սառը, կշռադատված: Ասաց, որ դեռ հուլիսի վերջին ինչ-որ ասեկոսեներ էին սկսել պտտվել: Օգոստոսի սկզբին ինքն այնքան էր տանջված իրավիճակի անորոշությամբ, որ որոշեց փորձել կնոջը՝ ստուգել: Մի երեկո` գոլֆի պարապմունքից հետո,  Լինդան պատրաստվել էր իբրև թե գնումներ կատարելու պատրվակով Փորթլենդ գնալ: Էնդին աննկատ հետևել էր նրան և Քվենթինին մինչև բունգալո (որը թերթերը կնքել էի «Սիրո բույն» անունով): Էնդին կայանել էր մեքենան շրջադարձին և սպասել, մինչև Քվենթինը ակումբի մոտ կհասցներ Լինդային, ուր վերջինս թողել էր իր մեքենան: «Դուք ուզում եք ասել, որ հետապնդել եք Ձեր կնոջը Ձեր նոր «Plymouth»-ո՞վ,» -հարցրել էր դատախազը: «Ես և ընկերս փոխանակվել էինք մեքենաներով երեկոյի համար»,- պատասխանել էր Էնդին, և նրա կողմից այդքան սառնորեն ծրագրված այդ գործողությունները միմիայն սրեցին ատենակալների բացասական վերաբերմունքն իր հանդեպ:

Վերադարձնելով ընկերոջը մեքենան և վերցնելով սեփականը, Էնդին տուն էր ուղևորվել: Լինդան, մահճակալին պառկած, գիրք էր կարդում: Նա հարցրել էր կնոջը, թե ինչպե՞ս անցավ այցելությունը Փորթլենդ: Կինը պատասխանել էր, որ ամեն բան հրաշալի էր, սակայն չէր նշմարել այնպիսի մի բան, որը կարելի էր գնել: Այդ պահից ի վեր Էնդին վերջնականապես համոզվել էր իր կասկածներում: Նա պատմում էր այդ ամենը միանգամայն հանգիստ, ցածր, անվրդով համաչափ ձայնով, որն իր ցուցմունքների ողջ ընթացքում ոչ մի անգամ չընդհատվեց, չխզվեց, չբարձրացավ:

-Ինչպիսի՞ հոգեվիճակում էիք այն գիշերից առաջ և հետո, երբ սպանվեց Ձեր կինը, — հարցրել էր պաշտպանը:

— Ես խորը ընկճախտի մեջ էի, — սառը պատասխանել էր Էնդին: Ճիշտ նույն միապաղաղությամբ և առանց զգացմունքայնության, ինչպես մարդը, որը ռեստորանի ճաշացանկն է կարդում, նա պատմեց, որ ինքնասպանություն էր ծրագրել և այնքան հեռուն գնացել, որ նույնիսկ ատրճանակ էր գնել Լևիստոնից ապրիլի ութին:

Այնուհետև պաշտպանն առաջարկել էր պատմել ատենակալներին, թե ինչ էր պատահել այն բանից հետո, երբ Լինդան սպանության գիշերը գնացել էր Գլեն Քվենթինի հետ հանդիպման: Էնդին սկսեց պատմել, և տպավորությունը, որը նա գործեց հանձնախմբի վրա, ամենաբացասականն էր, որը կարելի էր երբևէ երևակայել:

Երեսուն տարվա ընթացքում ես հասցրել եմ ճանաչել նրան շատ մոտիկից, և կարող եմ ասել, որ ինձ հանդիպած բոլոր մարդկանցից նա ամենահավասարակշռվածն է: Եթե նրա մոտ ամեն բան կարգին է, ուրեմն իր մասին ինչ-որ տեղեկություն նա պատմում է ժամում` մի թեյի գդալ:

Բայց եթե մի բան այնպես չէ, դուք երբեք այդ մասին չեք իմանա: Եվ եթե Էնդին երբևէ ապրել է «հոգու մութ գիշեր», ինչպես ասում էր ինչ-որ գրող, նա երբեք ոչ ոքի այդ մասին չի պատմի: Նա այն մարդկանց դասին է պատկանում, որոնք ինքնասպանություն ծրագրելիս հրաժեշտի հիստերիաներ չեն սարքում ու չեն թողնում ազդեցիկ երկտող, այլ կոկիկ կերպով կարգավորում են իրենց փաստաթղթերը, վճարում հաշիվները, ապա հանգիստ և հստակ իրագործում ծրագրածը: Հենց այս սառնասրտությունը ձախողեց նրան դատական գործընթացի ժամանակ: Ավելի լավ կլիներ, եթե նա որևէ զգացմունք արտահայտեր, որևէ էմոցիոնալ պոռթկում ունենար: Եթե գոնե նրա ձայնը խզվեր, եթե նա հանկարծ ազատություն   տար արցունքներին կամ նույնիսկ սկսեր գոռգռալ շրջանի դատախազի վրա, այս ամենը հօգուտ իրեն կլիներ, և ես վստահ եմ, որ նա համաներման կարժանանար, օրինակ` 1954-ին: Բայց նա պատմեց իր պատմությունը մեքենայաբար, ինչպես անզգա հրացան, ասես հասցնելով ատենակալներին` «Ահա իմ ճշմարտությունը: Ընդունել այն, թե ոչ` ձեր գործն է»: Նրանք չընդունեցին:

*

Էնդին ասել էր, որ ինքն այդ գիշեր խմած է եղել, որ դեռ օգոստոսի 24-ից էր այս կամ այն աստիճան խմած, և, որ ինքն այդ ժամանակ մի մարդ էր, որը կորցրել էր ինքնատիրապետումն ու արդեն չէր կարողանում հրաժարվել խմիչքից: Այս ամենին ատենակալներն արդեն դժվարությամբ կհավատային: Նրանց առաջ կանգնած էր երիտասարդ տղամարդ` սքանչելի բրդե բաճկոնով ու տաբատով, փողկապով, ինքն իրեն հրաշալի տիրապետող, հանգիստ սառը հայացքով: Եվ դժվար էր պատկերացնել, որ նա վերանալու աստիճան հարբում է` կնոջ ու գավառական մարզիկի մանր կրքերի պատճառով: Ես հավատացի այս ամենին միայն այն պատճառով,  որ հնարավորություն ունեցա ճանաչել Էնդիին այնպես, ինչպես այդ վեց տղամարդը ու վեց կինը չէին կարող․․․

Թարգմանությունը անգլերենից՝  Մարգարետ Ասլանյանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով