Պատմվածք, Վովա Արզումանյան

Երազագրություն

 Երկնքի թախիծը նորից պատանեկան տրամադրությունս բաժակի պես կոտրեց գետնին։ Անտրամաբանական երևույթները անհանգստացնում են ինձ։ Առօրյաս նորից լցվում է ժամացույցի անտեղի շարժվող սլաքների ձայնով։ Հրամաններ տվողը հիմա իրավիճակն է `չի կարելի , չի կարելի , արգելվում է … և այսպես, ամեն օր մի նոր բան։ Ձեռքերս պարզում եմ, ու աչքերս այրվում են արևի տաքությունից։ Մորս ձեռքին ծերացել են ցավերս… Ինչպես ասում են ` մենք միշտ մեր ծնողների համար երեխաներ ենք։

-Մա’մ , քունս չի տանում…- շատ հոգնած ձայնով մամայիս ասացի, բայց արձագանք չեղավ։ Նորից ներսիս ձայնը խոսեց.

 -Մա’մ , լսու՞մ ես , ինչո՞ւ չես խոսում։

Բազմոցին նստած մայրս ծալում էր երեսսրբիչներն ու հուսահատ ձայնով շշնջում.

 — Ի՞նչ խոսեմ, տե’ս , այս սրբիչները ընդհանրապես չեն քնում … տե՛ս քանի դեմք է չորացնում… տե՛ս քանի ձեռք է չորացնում … է՜, չէ , ի՞նչ ասեմ։

 Արդեն չկարողանալով փակել աչքերս ՝ վեր կացա ու նստեցի պատուհանի մոտ։ Դուրս էի նայում, խորհում։

-Ուզում եմ գիշերը չլինի, ուզում եմ կյանքը միշտ արևոտ լինի, ուզում եմ լույսը շուտ բացվի, ուզում եմ աշխատել…- իմ «ուզում»-ների շարքը շարունակվում էր, և հանկարծ երկնագույն մի երազ հայտնվեց, ինչին ես, կարծես թե սպասում էի։ Արթնացա… Մայրս նստած էր աստիճաններին .

 -Մա՛մ, ի՞նչ ես անում…

 -Սպասում եմ ։

 -Ու՞մ ես սպասում , մամ,- հեգնանքով հարցրի։

-Քո երազին եմ սպասում բալԵս, քո երազին, որն ինձ համար հարստություն է։

Ես մտքերով վերադարձա նախորդ երազներիս գիրկը … մայրս ամեն տեղ է, ամեն տեղ ինձ հետ է… Անգույն երազներին դավաճանեցի, որովհետև նրանք ինձ պետք չեն։ Իսկ իմ հաջորդ երազները իրազեկում են ինձ, որ ժպտամ, թե չէ չեն գա… նման բան լսած կա՞ք, չեն գա… Բայց ես ուզում եմ, որ գան… ես կժպտամ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով