Արմինե Սարգսյան, Էսսե

Փակ դուռ

Այդպես էլ չհասկացա, ինչ որ բան սկսվե՞ց, թե՞ ավարտվեց այն օրը՝ վաղ առավոտյան, երբ տնօրենս զանգեց ու ասաց, որ չենք աշխատում։ Թվում էր՝ երկար եմ երազել այս մասին, որ զանգեն, ասեն՝ մնա տանը, չենք աշխատում, կքնեմ՝ մեկ օր, երկու, երեք , մեկ շաբաթ… Ինչ իմանայի, որ համաշխարհային արձակուրդի մասնակից եմ դառնալու։


****
Օրը սկսվեց ու վերջացավ:
Հաջորդ օրերը նույն կերպ էին սկսվում՝ վերջանալու պես:
Օրը՝ չբացված ավարտվում էր:
Հարգելի քաղաքացիներ, հորդորում ենք մնալ տանը…
Զգեստապահարանում ամեն օր շոր էի ընտրում, հետո փակում դուռն ու վերցնում աթոռին գցած գծավոր տաբատն ու խոշոր կոճակներով լայն թևքերով սվիտերը:
Մեկուսացման բոլոր կանոնների համաձայն լվացվում էի նվազագույնը 20 վայրկյան: Դա այն ժամանակահատվածն է, որը սպանում է աշխարհի յոթ միլիարդ բնակչությանը տանը փակած նորահայտ վիրուսին:

Օր տասներկուերորդ

Դռան զանգն է։ Բացում եմ։ Կանգնած ես՝ մի ձեռքումդ գրությունը, որ դռանս վրայից ես հանել, մյուսում՝ կապույտ դիմակներ: «Եթե ունեք ջերմություն, հազ, թուլություն, ուրեմն դուք վարակված եք նոր կորոնավիրուսով, խնդրում եմ գնացեք տուն և ինքնամեկուսացեք»,- կարդում ես բարձրաձայն։
— Մեկուսացումդ ավարտվե՞ց,- հարցնում եմ։
-Չէր էլ սկսել,- մեկնում ես դիմակները,- Քեզ համար է: Մի կորած դեղատնից եմ գտել:
-Ո՞նց եկար, երթուղի կա՞ր:
-Տաքսիներ…Անգամ ավտոբուս՝ կարմիր նախշերով:
-46 համա՞րը…
-Հա, միայն թե համարի փոխարեն գրված էր՝ «Բժիշկներ»:
Մի կողմ եմ քաշվում՝ պահպանելով սոցիալական հեռավորությունն ու թույլ տալով ազատ մուտքդ տուն:
Ձեռքով ցույց եմ տալիս ծորակի կողմը:
-Ոստիկանները քեզ չկանգնեցրի՞ն,-հարցնում եմ։
-Բա ոնց, երկու անգամ: Ասացի՝ դիմակ եմ հասցնում հիվանդին։
-Ե՞ս եմ հիվանդը… փաստաթուղթ չպահանջեցի՞ն:
-Պահանջեցին բոլոր փաստաթղթերը՝ բացի մահվան վկայականից:
-Հիմա տեղաշարժի իրավունք կա՞, թե չկա …
-Տանը կարող ես շարժվել ինչքան ուզես, սիրելիս … Հարկադիր արձակուրդը տնային կալանք է: Ձեր գրախանութում այդ մասին գրքեր չկա՞ն․․․ Դասականներին սեփական փորձով հասկանալու ժամանակներ են:

Դու հյուրասենյակ ես մտնում, ես գնում եմ դեպի խոհանոց։
Վերադառնում եմ՝ մեկ գավաթ հյութ բերելով քեզ, սուրճ՝ ինձ համար։
Նստում եմ՝ կիսով չափ թիկունքով, արմունկներս հենելով աթոռի թիկնակին: Նույն դիրքով սենյակի մի անկյունում նստած ես դու։

— Ո՞նց գտար ինձ, փնտրեցիր ողջերի ու մեռածների ցուցակներու՞մ:
 -Սոցիալական աջակցության ցուցակներում։
-Սոցիալական օգնությո՞ւն ես բերել։
-Հոգեբանական:
-Գործերդ ո՞նց են:
-Գործ չկա: Բիզնես խորհրդատուները դաշտը գրավել են: Վեբինարներ են անցկացնում սկսնակ ու պոտենցիալ գործարարների համար, սովորեցնում՝ ինչպես աշխատել տնից, ինչպես երազել տնից, ինչպես վաճառել սեփական ապրանքը, երբ բոլորն են վաճառում:
Անգամ ինքնասպանները մեր օգնությանը չեն դիմում։ Զանգում են ԱԻն կամ պարետին, կամ պարզապես դուրս են գալիս տնից:
-Ո՞ւ, ի՞նչ ես անում ողջ օրը։
-Գիրք եմ գրում՝ ինչպես դուրս գալ տնից, ինչպես չվախենալ վիրուսներից: Մի բուժառու ունեմ, մաշկաբանի մոտ էի ուղարկել։ Անվերջ լվացվելուց քրքրել էր մաշկը: Բուժվել է: Ասում է՝ ի՞նչ միտք ունի ձեռքերը լվանալ, երբ բոլորն են դա անում:
-Մեր քաղաքում քանի՞ մարդ կա:
-Մեկ միլիոն:
-Երբ ավարտվի համավարակը, մեկ միլիոն պոտենցիալ բուժառու կունենաս:

****

Հարկադիր արձակուրդից սահուն անցում եմ կատարում առցանց աշխատանքի։ Նախագծեր եմ հեռարձակում ՝ «Ամեն ինչ գրքերի մասին»․․․ որ ընթերցասերները մնան տանը ու մեր գրախանութը չմոռանան:


****
Կյանքը պատուհանի այն կողմում է:
Դատարակ փողոցներում երբեմն մարդիկ են ուրվագծվում՝ պաշտպանիչ ձեռնոցներով, բժշկական դիմակներով, ստվերի նման, միմյանցից հեռավորություն պահելով, չբարևելով, չհամբուրվելով, ամենակարևորը՝ չհազալով ու չփռշտալով: Այս օրերին փռշտալը քրեական հանցանք է: Ծորակը փակում եք արմունկով, փռշտալուց դեմքը փակում արմունկով: Ո՞վ կմտածեր, որ առողջապահության նախարարը մեզ կսովորեցնի՝ ինչպես փռշտալ կամ ինչպես լվանալ ձեռքերը: Փոքրիկները մանկական բանաստեղծությունների փոխարեն կրկնում են տանը մնալու ու վիրուսից պաշտապնվելու անգիր արած կանոնները:
Կյանքը պատուհանի այն կողմում է:


****

Դիմացի շենքի պատուհաններից երևացող լույսերը մեկ առ մեկ անջատվում են: Անհետանում են մարդկանց ուրվագծերը: Երբ հանգում է վերջին լույսը, ես պառկում եմ քնելու:

****
— Մեր մեկուսացումը սկսվում էր ամեն աշխատանքային օրվա սկզբին ու շարունակվում մինչև հաջորդ աշխատանքային օրը։
— Առաջ դրան բաժանում էին ասում,- ասում ես։
— Ինձ դուր է գալիս փակվել բառը։
— Այս պարտադրված արձակուրդ վերադարձնում է մեր կորցրած ժամանակը, մեզնից խլած ժամանակը…
-Բայց ժամանակն անցել է…

****
Տաքսիստն ասում է՝ վարսավիրներին տնից տուն են տանում, ծածուկ՝ իհարկե։ Մարդիկ ուզում են գեղեցիկ մեռնել:

****
Աշխատանքի են մեկնում միայն ոստիկանական զորքերը՝ պարետի հրամանները բարձրախոսով հայտարարելու համար: Ամեն անգամ ինձ թվում է՝ հայտարարում են աշխարհի վերջի մասին:

****
Հատ ու կենտ շներ կան փողոցներում, վտանգ են զգում, մարդ չլինելը վատ նշան է:

 ****
Հեռուստացույցի էկրանին հավաքում եմ սեր բառը: Հետո ջնջում եմ, գրում՝ մնա տանը: Պատին փակցված հեռուստացույցը պատի գույնն էր ստացել: Վերջնական մաքրում եմ փոշին: Երեկոյան կինո նայելու հին սովորությունից մարմինս խուտուտ է գալիս:

****
-Հասկանու՞մ ես՝ հիմա մարդիկ հեռուստացույց են նայում: Մարդիկ իրար են նայում: Վազքի փախարեն՝ կյանք: Մի օր մեկը պիտի կանգնեցնե՞ր այս հողմապտույտը: Վերսալի արքայական պալատըբացելէդռները․․․ առցանց։ Բոչելին Իտալիայի գլխավոր տաճարում համերգէտալիս բոլորի համար․․․ անվճար։ Մարդն իր տան պատուհանից տեսնում է Հիմալայները․․․ ծուխ չկա։ Վենետիկի ջրանցքներում վերակենդանացել է կենդանական աշխարհը․․․ Ջրերը մաքրվել են, երկինքը մաքրվել է:

-Փողոցները դատարկ են,- ասում եմ․․․

****
Արվեստ առանց արվեստի․

Առցանց ցուցահանդեսներում գործարար կանայք տանը պատրաստած կարկանդակներ են ցուցադրում ու կրեատիվ լվացքներ՝ պարանից կախած:
Պարանին կախված դիմակները սոցիալական հեռավարությամբ ճոճվում են:


****

Օր 31-րդ
Փոքրերը ըմբռնումով են ընդունում պարետի որոշումները, մեծահասակները տխրում են:

****
Տանը փակված՝ աշխարհը սարսափելի տեսք ունի :
Տանը փակված աշխարհը՝ սարսափելի տեսք ունի :

****
Իրար նայելու ժամանակ չունենք, բոլորս live-ում ենք:

****
Եթե սոցցանցերում ջնջեմ հաշիվներս, կդադարեմ գոյություն ունենալ:

****
Ափիս մեջ փնտրում ես բազմաթիվ գծերից այն մեկը, որ առանձնանում է բոլոր գծերից ու մի կետում կտրուկ ավարտվում։


Ես հեռանում եմ, որ դու հնարավորություն չունենաս հեռանալու։

****
Այս անիմաստ տեղեկատվական հոսքի դեմ պայքարելու երկու միջոց կա: Կակտուս և օղի: Կակտուսը ավելորդ տեկատվությունն է չեզոքացնում, օղին՝ դրա ազդեցությունը:

Առավոտներիս միջով անցնում էին մատներդ, սառնությունդ, ջերմությունդ, գալդ ու գնալդ: Կեսօրին վաճառում էի տունս, ու ամեն անգամ անձնագրային բաժնում ասում էին, որ տունը, որտեղ ապրում ես, չի վաճառվում: Չ ի՛ վ ա ճ ա ռ վ ու մ:
Գնալուցս առաջ ուզում էի վաճառել երկիրս, պարզվեց դա վաղուց արված է, ու այնտեղ ապրելու համար ամեն օր պետք է վճարում անեմ:

****
Փակում եմ տանս դուռը ներսից ու դրսից:
Արգելված է տեղաշարժը երկրից երկիր, քաղաքից քաղաք, բակից բակ:
Ես կրկին հեռանում եմ, որ դու հնարավորություն չունենաս հեռանալու․․․


****

Մի ժամանակ արթնանալու համար երկու պատճառ ունեի՝ սուրճը և մատներդ:
Երբ մաշկաբանն ասաց, որ սուրճը պետք է բացառեմ, ասացի, որ չեմ կարող օրակարգից հանել օրը սկսելու միակ պատճառը:

****
Աթոռները որոնց վրա նստած էինք ես ու դու հիմա դատարկ են։
Հիմա դրան հեռավորություն են ասում․․․

****
Համակարգիչ
Օր
Աշխատանք՝ աշխատանքի համար
Արվեստ՝ առանց արվեստի
Ես տեղեկատվություն եմ վաճառում
Խնդրում եմ ինձ մեկ տուփ ծխախոտ ու տնական օղի:
 Առաջինը առանց քեզ ապրելու համար, երկրորդը՝ տեղեկատվական հոսքին դիմանալու:

Ընթերցասերներին ներկայացնում եմ մեր գրախանութի նոր գիրքը, հեղինակին, գրքի արժեքը։
Մեր՝ դիմակավորված առաքիչները գիրքը կբերեն ձեր տուն՝ թողնելով այն փակ դռան առաջ։
Իրական կյանքը սկսվում և ավարտվում է հենց այդ կետում․․․փակ դռան ետևում․․․



Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով