Թարգմանություն, Հերման Հեսսե

Գայլը

 Ֆրանսիական լեռներում դեռ երբեք այդքան սարսափելի ցուրտ ու երկարատև ձմեռ չէր եղել։ Շաբաթներ շարունակ օդը ջինջ էր, փխրուն և սառը։ Ցերեկը հսկայական, թեք, ձյունապատ դաշտերը փռված էին փայլատ և անվերջ բաց կապույտ երկնքի տակ։ Գիշերը նրանց վրայով սահում էր պայծառ ու փոքրիկ լուսինը. մի խոժոռ, սառնամանիքային լուսին՝ դեղին շողարձակմամբ, որի պայծառ լույսը ձյան վրա կապույտ ու աղոտ էր դառնում և մարմնավորված սառնամանիքի տեսք ստանում։ Մարդիկ խուսափում էին բոլոր ճամփաներից և հատկապես բարձունքներից։ Նրանք մեղկ ու կշտամբանքով մնում էին իրենց գյուղական խրճիթներում, որոնց պատուհանները կապտաթույր լուսնի լույսի տակ թվում էին ծխապատ կարմիր ու մառախլապատ և շուտով մթնում էին։ Դժվար ժամանակներ էին տեղանքի կենդանիների համար։ Նրանցից շատերը, որոնք ավելի փոքր էին ցրտահարվում էին։ Թռչունները նույնպես հանձնվում էին սառնամանիքին, և նրանց վտիտ դիակները ավար էին դառնում ճուռակների ու գայլերի համար։ Բայց անգամ վերջիններս էին սարսափելի տանջվում ցրտից ու սովից։ Այնտեղ գայլերի մի քանի ոհմակ էր ապրում, և նեղությունն ու կարիքը նրանց դրդում էր էլ ավելի ամուր կապերով կապվել միմյանց։ Ցերեկը նրանք որսի էին դուրս գալիս առանձին-առանձին։ Նրանցից մեկը թափառում էր այսուայնտեղ, ձյան միջով, նիհար, սոված ու զգոն, անաղմուկ ու վեհերոտ, ինչպես ուրվական, և նրա բարակ ստվերը սահում էր իր կողքով՝ ձյան հարթության վրայով։ Ինչ-որ բան զգալով՝ նա իր սրածայր դունչը քամուն էր ձգում և երբեմն մի չոր, տանջալի ոռնոց արձակում։ Երեկոյան, սակայն, նրանք դուրս էին գալիս ամբողջ խմբով և կերկերուն ոռնոցներով խռնվում էին գյուղերի շուրջ։ Այնտեղ անասուններն ու թռչունները խնամքով փակի տակ էին պահվում, և ամուր փակած պատուհանի փակոցափեղկերի հետևում ընկած էին լինում որսորդական հրացաններ։ Միայն հազվադեպ էր գայլերին հաջողվում հարձակվել շների կամ այլ մանր որսի վրա, բայց ոհմակից գոնե երկուսն արդեն գնդակահարված էին լինում։ Սառնամանիքը դեռ շարունակվում էր։ Հաճախ գայլերը լուռ ու մտածկոտ պառկում էին միասին՝ մեկը մյուսին տաքացնելով, և դողալով՝ ականջ էին դնում մեռած ամայությանը, մինչև նրանցից մեկը, սովի դաժան չարչարանքներից տանջված, հանկարծ սոսկալի մռնչյունով վեր թռավ։ Այդ ժամանակ մնացած բոլորը իրենց դնչերը դեպի նա շրջեցին, ցնցվեցին ու բռնկվեցին սպառնալի ու բողոքական ոռնոցներով։ Վերջապես ոհմակի մի փոքր մասը որոշեց թափառել։ Վաղ առավոտյան նրանք լքեցին իրենց որջերը, հավաքվեցին և հուզված ու տագնապահար սկսեցին հոտոտել սառը օդը։ Հետո նրանք ճամփան շարունակեցին արագ, հավասարաչափ վարգով։ Հետ մնացածները նայեցին նրանց լայն, ապակե աչքերով, նրանց հետևից վարգեցին ևս մի քանի դյուժին, ապա անվճռական ու անօգնական մնացին տեղերում կանգնած ու դանդաղ վերադարձան իրենց դատարկ որջերը։ Կեսօրին թափառական ջոկատը բաժանվեց երկու մասի. երեք գայլեր շրջվեցին դեպի արևելք՝ դեպի շվեյցարական Յուրա, մյուսները շարունակեցին շարժվել դեպի հարավ։ Երեքը գեղեցիկ, ուժեղ կենդանիներ էին, բայց սարսափելի նիհարած։ Ներս քաշված շիկավուն որովայնը նեղ էր գոտու նման, կրծքավանդակի հատվածում խղճալիորեն դուրս էին ցցվել կողոսկրերը, երախը չորացած էր, իսկ աչքերը՝ լայն ու հուսահատ։ Նրանք երեքով եկան հեռավոր Յուրայի մոտ, երկրորդ օրը խոյ հափշտակեցին, երրորդ օրը՝ մի շուն ու մի քուռակ, և բոլոր կողմերից նրանց սկսեց հետևել զայրացած գյուղական ամբոխը։ Այդ տարածքում, որը հարուստ էր գյուղերով և փոքրիկ քաղաքներով, սարսափ ու երկչոտություն էր տարածվել անցանկալի զավթիչներից։ Փոստային սահնակները զինված էին, առանց հրացանի ոչ ոք մի գյուղից մյուսը չէր գնում։ Օտար տեղանքում նման լավ որսից հետո երեք կենդանիները իրենց զգում էին միաժամանակ և՛ վեհերոտ, և՛ հրաշալի։ Դառնալով ավելի կատաղած, քան երբևէ՝ նրանք ցերեկով ներխուժեցին մի ագարակ։ Դրան հետևեց կովերի վայնասունը։ Ջարդուփշուր եղած փայտե ուղեփակոցների թրխկոցը, սմբակների դոփյունը և տաք ու պապակ շունչը լցրել էին նեղ, տոթ տարածքը։ Այս անգամ նրանց միջև մարդիկ հայտնվեցին։ Գայլերի համար գլխագին էր սահմանվել, ինչը կրկնապատկել էր գյուղացիների քաջությունը։ Նրանք գնդակահարեցին գայլերից երկուսին. հրացանի գնդակը անցել էր մեկի պարանոցի միջով, մյուսը սպանվել էր կացնով։ Երրորդը ճողոպրեց ու վազեց այնքան ժամանակ, մինչև կիսամեռ ընկավ ձյան վրա։ Նա ամենաերիտասարդն ու գեղեցիկն էր գայլերի մեջ՝ մի հպարտ կենդանի՝ հզոր ուժով ու ճկուն արտաքինով։ Երկար ժամանակ նա մնաց շնչահեղձ պառկած։ Արնակարմիր շրջանակներ էին պտտվում նրա աչքերի առջև և մերթ ընդ մերթ նա սուր ու ցավոտ հառաչանքներ էր արձակում։ Կացնի հարվածը հանդիպել էր նրա մեջքին, բայց նա կազդուրվեց ու կարողացավ կրկին վեր բարձրանալ։ Միայն հիմա նա տեսավ, թե ինչքան հեռու էր վազել։ Ոչ մի տեղ չէին երևում ո՛չ մարդիկ, ո՛չ տներ։ Անմիջապես նրա առաջ էր ձյունապատ, հզոր լեռը. դա Շասերալն էր։ Նա որոշեց շրջանցել այն։ Քանի որ ծարավը տանջում էր նրան, նա ձյան մակերեսի վրայից կերավ մի փոքր կտոր սառցակալած հացի չոր կեղև։ Լեռան մյուս կողմում նա իսկույն մի գյուղի հանդիպեց։ Երեկոյանում էր։ Նա մի քիչ կանգ առավ եղևնու խիտ անտառում, ապա զգույշորեն ներս մտավ պարտեզի ցանկապատով՝ հետևելով ախոռի ջերմ բուրմունքին։ Փողոցում ոչ ոք չկար։ Երկչոտությամբ և ցանկասիրությամբ ակնթարթորեն հասավ երկու տների արանքը։ Կրակոց լսվեց։ Նա գլուխը ետ գցեց և արդեն պատրաստվում էր վազել, երբ որոտաց երկրորդ կրակոցը։ Նա վիրավորվել էր։ Նրա սպիտակավուն որովայնի մի կողմը պատված էր արյունով, որը կաթկթում էր թանձր կաթիլներով։ Այնուամենայնիվ, նրան հաջողվեց մեծ ոստյուններով դուրս փախչել ու հասնել լեռան հակառակ կողմում գտնվող անտառին։ Այնտեղ նա մի ակնթարթ ականջները սրած կանգ առավ և երկու կողմերից մոտեցող մարդկային ձայներ ու ոտնաձայներ լսեց։ Տագնապահար լեռն ի վեր նայեց։ Այն թեք լանջեր ուներ, անտառապատ էր, և բարձրանալը հոգնեցուցիչ կլիներ։ Բայց նա ընտրություն չուներ։ Մինչ ներքևից անեծքների տեղատարափը, հրամաններն ու լապտերների լույսերը լեռն ի վեր էին ձգվում, գայլը, շնչահեղձ լինելով, շարունակում էր զառիվեր ժայռը մագլցել։ Դողալով՝ վիրավոր գայլը մտավ եղևնիների կիսամութ անտառ։ Նրա կողքից դեռ դանդաղ հոսում էր դարչնագույն արյունը։ Սառնամանիքն արդեն նահանջել էր։ Արևմուտքում երկինքը մշուշապատ էր, որ կարծես ձյուն էր խոստանում։ Հյուծված կենդանին վերջապես հասավ բարձունքին։ Այժմ նա կանգնել էր մի փոքր-ինչ թեքված, հսկայական ձնակույտի վրա՝ Մոնտ-Կրոսենից քիչ հեռու, այն գյուղի բարձունքում, որտեղից նա փախել էր։ Քաղց չէր զգում, փոխարենը մի անտանելի, կպչուն ցավ՝ վնասվածքի հատվածում։ Մի թույլ, հիվանդոտ հաչոց դուրս թռավ նրա կախված երախից։ Սրտխփոցը դժվար ու ցավոտ էր դարձել։ Նա զգաց, որ մահվան ձեռքը, ինչպես մի անասելի ծանր բեռ, ճնշում է իրեն։ Մի առանձին աճած հաստաբուն եղևնի գրավեց նրա ուշադրությունը։ Այդտեղ նա նստեց ու մռայլորեն աչքերը հառեց գորշ ձմեռային գիշերին։ Կես ժամ անցավ։  Ձյան վրա մի անփայլ, կարմիր լույս ընկավ՝ տարօրինակ ու մեղմորեն։ Գայլը խուլ հառաչանքով բարձրացավ ու գեղեցիկ գլուխը դեպի լույսը դարձրեց։ Դա հսկայական, արնակարմիր լուսինն էր, որ հարավ-արևելքում դանդաղորեն վեր էր բարձրանում պղտոր երկնքում։ Շատ շաբաթների ընթացքում այն այսքան մեծ ու կարմիր չէր եղել։ Մեռնող կենդանու աչքը թախծոտ հառվել էր լուսնի սկավառակին։ Դարձյալ մի ցավագին ու խուլ ոռնոց հորդաց գիշերում։ Քիչ անց լույսերն ու քայլերը մոտեցան։ Հաստ վերարկուներով գյուղացիները, որսորդներն ու երիտասարդ տղաները՝ մորթյա գլխարկներով ու անտաշ հեսկիներով, ծանր քայլում էին ձների միջով։ Ցնծություն թնդաց։ Գտել էին մեռնող գայլին։ Այնուհետև երկու կրակոց որոտաց։ Երկուսն էլ վրիպեցին։ Երբ նրանք գլխի ընկան, որ գայլն արդեն սատկում է, հարձակվեցին նրա վրա փայտերով ու մահակներով։ Բայց նա այլևս ոչինչ չէր զգում։ Նրա ոսկորները կոտրելուց հետո՝ կենդանուն տարան Սենտ Իմեր։ Նրանք ծիծաղեցին, պարծեցան, գինով ու սուրճով նշեցին, ուրախացան, նրանք երգեցին, նրանք նզովեցին։ Ոչ ոք չտեսավ ո՛չ ձյունապատ անտառի գեղեցկությունը, ո՛չ բարձր սարահարթի փայլը, ո՛չ Շասերալի վրա կախված կարմիր լուսինը, որի թույլ լույսը փայլում էր նրանց հրացանների կոթերի, բյուրեղապակյա ձյան վրա և սպանված գայլի մշուշապատ աչերում։

Գերմաներենից թարգմանեց Մարիամ Տոնոյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով