Արմինե Բոյաջյան, Վիպակ

Մեղրի նոր կաթիլ

                      

       Օդում լսվեց ինքնաթիռի շառաչը:
-Ա՛յ մարդ, հիմա սամալյոտից էլ մի կարգին սամալյոտի ձեն չի գալիս, բա
գռուզավիկի ձենով սամալյոտ կլինի՞, — բողոքեց Վիլեն բիձին ու մորուքը տմբտմբացնելով` շարունակեց թազբեհ քաշել:
-Լինում է, ամեն ինչ էլ լինում է: Էդ ո՞նց է` տղեն տղու հետ ամուսնանում է, աղջիկն աղջկա հետ մեյդանում համբուրվում է, կնիկը մարդու ընկերոջ հետ փախչում է, սամալյոտից գռուզավիկի ձեն չի գա՞:
-Տո´, աբուռ ունեցի, դու էլ հո չասեցի՞ր` էդ Հոլանդներում է էդպիսի բան լինում, Հայաստանում տղեն ո՞նց կամուսնանա տղու հետ, Սիմո´ն, խելքդ թռցրե՞լ ես: Բա մեր տերտերներն ի՞նչ բանի են:
-Վիլեն բիձի´, երանի˜ միամտությանդ:
Մարդ աղավնու պես միամիտ լիներ ու պարզ սիրտ ունենար, որ աշխարհի աղաղակը չլսեր, որ փողոցների վայնասունի համար խուլ լիներ, որ գայլերի ոռնոցից լեղին չպայթեր, որ բակերում ու տների ճակատներում փորագրված չկարդար` աչքի տեղ աչք, ատամի տեղ ատամ: Էս ինչո՞ւ էսպես ավերակվեցիր, մա՛րդ…
Երանի օրերիցդ եկող անարատությանդ, Վիլեն բիձի´: Քո բակի հաստաբուն ընկուզենու  պես ամրակուռ, ընձյուղներիցդ  փոքր ու պինդ մոլորակներ կախ տված, սարերի ջրերով ոռոգվող ու շունչդ սարերին տվող Վիլեն բիձի´: Երանի˜ քեզ, որ քաղց ես տեսել ու սովորել ես հացդ տաս մասի կիսել:  Երանի˜ քեզ, որ հանդերում երգել ես` «թելով է նախշուն յար քո դեյրի բոլորը…» … որ  թելով շոր հագած քո նախշուն աղջիկն էդպես նախշուն էլ մնացել է քո հեքիաթում: 
Դիմացի բլուրների հևքը խառնվել է առվակի քչքչոցին ու թազբեհի միալար շրխկոցի հետ մի երգ դարձել: Էն տուն չեկած, էն սարերում կորած տղերքի կարոտի երգը, էն աչքը ջուր կտրած մոր սրտի երգը, որ վեր է ելնում, ու էդ զրնգոցից երկինքը ճաք է տալիս: Երկինքը չի´ սիրում մոր ողբ:
Վիլենը բոլորի բիձին է, Վիլենն ամբողջ գյուղի, մեծ ու փոքրի բիձին է, որովհետև երեք որդի տվեց, որ գյուղն ապրի: Իր ունեցած երեքին տվեց, որ բլուրների մեջ թաք կացած այս փոքրիկ աշխարհը հողի տակ դնելու սերմ ու հունձքի ժամ ունենա, որ վանքի զանգի ձայնը լսվի, որ թագ ու պսակ լինի, որ առավոտ ծեգին «այբ» ու «բեն» սերտող լինի:  Գյուղը շնչում է, իսկ պատի տակ նստած ալեհեր ու կնճռոտած այս ծերուկն օրերն է վաճառում ժամանակին: Ասենք` վաճառելս ո՞րն է, ձրի տալիս է` առանց հատուցման, միայն թե գա մի երանելի վայրկյան, երբ այլևս չի զգա այն երեքի կարոտը, էն սարերում կորած երեքի կարոտը:
-Սիմո´ն, պիտի մի նամակ ասեմ, գրես: Դու գրել-ջնջելուց լավ ես:
-Ի՞նչ նամակ, Վիլեն բիձի:
-Մեր զորքերի մինիստրին մի նամակ եմ ուզում ուղարկել, դու գրի, որ շատ անգրագետ չերևամ դրանց աչքին, ամո´թ է:
-Ամոթ չի, բայց կգրեմ…
-Սոնի´կ, մի գրիչ ու թուղթ բե´ր, — բարձրաձայն կանչեց` դեմքն ուղղելով դեպի տան դռան կողմը:

Թշնամին գյուղը պաշարեց, ու տղերքն, իրար հերթ չտալով, գնացին գյուղի անարատ առուներն իրենց արյունով լցնելու: Կրակի լեզուների հետ կռիվ տվեցին, էդ կռվից հողը փոխեց իր գույնը, կարմրեց, բոսորվեց, շիկացավ ու ալիքվելով բաց արեց իր երախն` ընդունելու տունը կանգուն պահելու համար զոհաբերվողներին` անշնչացած: Կարմրի մեջ կորած գլուխներ, հոգին փչող, արնաշաղախ ընկերներ, մեռնելուց երգ ասող ու բռունցք հավաքող ասլաններ:
Օդի մեջ պտտվում էին միայն գաղափարներ ու ռումբեր: Հրապարակների ժողովքը պայքար ծնեց, և պայքարն էլի զոհասեղանին դրեց զգացմունքն ու երիտասարդին: Կրակ վառո՞ղ` որքա˜ն ուզես, նոխա՞զ` մի քանի ընտրյալ: Պայքարը հրահրող մի քանի բեղավոր, անթրաշ թուղթ սևացնողներ մինչ  օրս իրենց քարոզածի մնացորդ են ուտում ու շարունակում են նամակ գրել ռուսաց թագավորին:
Հրապարակը ճառ ասեց, զանգը տղերքը կախեցին: Հրապարակը ճառ ասեց, բայց տղերքի մոր աչքերի արտասուքը սրբողները քիչ են:
Բլուրների մեջ ապրող այս փոքրիկ, աշխարհի ցնցումներից հեռու, բահն ուսին, սերմը` գրպանում գյուղը պաշարվեց: Մանգաղը սուր դարձավ, հնձվորը` զինվոր, ճնճղուկն արծվի ձայն հագավ ու արծվի փետուր. կուտակված ամպը պատռել էր պետք:
Ու արթնացան առյուծները` մեծ ու փոքր, աղվամազով ու հասուն: Սարերում կռիվ տվեցին ու սարերի հովի հետ ձուլվեցին, անդարձ կորան, անհետացան: Էդ ամպը ցրելու համար սոսկ արյուն պետք եղավ, արյուն ու կյանք:
Վիլեն բիձու երեք որդին էլ ամպը պատռողների  մեջ եղան: Մեկը մեկի հետևից, հերթով «ճեղքեցին» ու անցան էն կողմը: Վիլեն բիձին կուչ եկավ, թաշկինակով սրբեց այտի վրա պաղած արցունքի մեծ կաթիլն ու թուքը հազիվ կուլ տալով.
-Իմ ասլան բալե´ք, ձեր չապրած կյանքին ղուրբան, —  հառաչեց ու թազբեհը ձեռքն առավ:
Երեք որդի, երեք կանգուն լեռ, երեք կարծրացած կնճիռ Վիլեն բիձու հոգնած ճակատին: Սոնիկ տատն էլ էդ ահավոր լուրը լսելուն պես սև գլխաշորը կապեց, ու այդ օրից նրա երեսին ոչ ոք ժպիտ չտեսավ: Գյուղում էլ, թե  մի ուրախ նվագի ձայն է  գալիս,  տատն աչքերը լցնում, դուռ – լուսամուտ ամուր փակում է ու տուն մտնում:
Երեք քար դարձած լուսանկար էս աշխարհն ավելի նեղ են սարքել, փոքրացրել, լուցկու տուփ են սարքել Սոնիկ տատի համար:
Դանդաղ, ծանր քայլերով դուրս եկավ տնից` ձեռքին մի գրիչ  ու տետրից պոկած մի թուղթ:
-Սոնի´կ, կարգին թուղթ բե´ր, նամակ պիտի գրենք, էս ի՞նչ ես բերել:
-Էդ ու՞մ ես հիշել:
-Մանիշակին: Ու՞մ պիտի հիշեմ, այ կնի´կ, զորքերի մինիստրին մի նամակ եմ ուզում գրել:
-Զորքերի մինիստրն էլ պարապ նստած, սպասում է քո նամակին:
-Քո գործը չի´, դու մի կարգին թուղթ բե´ր:
Սոնիկ տատը ներս մտավ, քիչ անց նորից դուրս եկավ` ձեռքին մի սպիտակ թուղթ:
-Մաքուր կգրե´ս, էս վերջինն է:
-Գրողը ես չեմ, ես թելադրողն եմ:
-Մաքուր կգրեմ, Սոնիկ տա´տ…
Բակում, փայտե սեղանին մի ծիրանին տվող սփռոց էր գցված, վրան էլ մի գրաֆին դրված: Սոնիկ տատը մի բաժակ առավ, գրաֆինից թան լցրեց ու մեկնեց Սիմոնին:
-Սիմոն ջան, խմի´ր, սիրտդ թող հովանա, շոգ է,  տղե´ս:
Սիմոնը բաժակով լի թանը միանգամից գլուխը քաշեց ու թևքով սրբեց բերանը:
-Սիմոն, գրի´… Գրի` հարգելի ընկեր մինի´ստր…
-Սպասի´ր, Վիլեն բիձի , դիմումի հատուկ ձև կա: Սկզբից էս աջ անկյունում գրում
եմ` Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար պարոն…
-Այ տղա´, ի՞նչ նախարար, ի՞նչ պարոն… գրի` հարգելի ընկեր մինի´ստր…
-Վիլեն բիձի´, ժամանակները փոխվել են, մինիստրները նախարարներ են դարձել…
Վիլեն բիձին նախարարներին սովոր չէ: Լավ չէ՞ր իր ժամանակ: Ընկեր մինիստր… Մինիստր  կնշանակի մարդ, որ ծառայում է,  ստացվեց`  քո ընկերը, որ ծառայում է քեզ: Ի՞նչ վատ տիտղոս է… Հիմա ի՞նչ ընկեր, ի՞նչ ծառայող, հիմա պարոն նախարա՜ր… Նախարար` նախ արարված, նախ եղող, նահապետ…
Փոխված ժամանակներ, փոխեցիք վերևի ու ներքևի դիրքերը, բայց մեկ է` Վիլեն բիձին իր ժամանակն ունի, նա իր այսօրն ունի, նամակ գրելու իր ձևը…
-Գրի, տղե˜ս, գրի` հարգելի ընկեր մինիստր, ես` Հեր գյուղի բնակիչ Վիլեն Սմբատի Մկրտչյանս, ուշադրությամբ հետևում եմ երկրի լուրերին ու լսեցի, որ սահմանամերձ գյուղերի վրա կրակում են, մեր կողմից էլ զոհեր կան:  Ընկեր մինի´ստր, դուք էնքան հեշտ եք ասում` երկու, երեք կամ մեկ զոհ` ոնց որ թվաբանության դաս: Դե, եկեք միասին  գնանք էդ զոհված երեխեքի ծնողների մոտ, տեսնենք էդ մի զոհն իրենց կյանքն ու օրը ո՞նց է սևացրել: Դուք ասում եք` ազգի հերոս, եկեք գնանք էդ հերոսի ծնողին  հարցնենք` գո՞հ ես, որ էս խաղաղ պայմաններում որդիդ զոհվել է թշնամու գնդակից ու ազգի հերոս դարձել:
Սրբում է աչքերը:
-Շարունակի´, տղես, շարունակի´… Գրի` ընկեր մինիստր, բա քո բան ու գործի անունն ի՞նչ է, բա քո նախագահի բան ու գործի անունն ի՞նչ է, որ էսքան տարի չեք կարողանում էնպես անել, որ ձեզ հետ էլ հաշվի նստեն, որ …
Վիլեն բիձու ձայնը գնաց, ձուլվեց սարերի քամուն ու պար դարձավ երկնքում… մի աննազանք  պար, մի լեռնային քոչարի, մի պոզահարող խոյի թռվռոց:

…  

Խանութի դռան առջև մի մեքենա կանգնեց:
Սիրանի խանութն է` գյուղի կենտրոնում: Սիրանն ամեն ինչ վաճառում է` հաց, նպարեղեն, միրգ, լվացքի փոշի, մանր-մունր շորեղեն: Մեքենայի դուռը բացվեց, ծանր-ծանր, ծոր տալով  իջավ լավ հագնված, խնամված երիտասարդ ու քայլերն ուղղեց դեպի խանութ: Խանութում հերթ է. մի Սիրան, մի ամբողջ գյուղի առևտուր, ո՞ր մեկին հասցնի: Երիտասարդը խանութ մտնելուն պես  փորձեց անհերթ սողոսկել, բայց ամենասկզբում կանգնած կինն էնպիսի մի հայացք նետեց վրան, որ խնամվածն իսկույն գլխի ընկավ խանութի կարգի ու ադաթի մասին: Ստիպված իր համեստ տեղն զբաղեցրեց հերթի վերջում` չմոռանալով քթի տակ ինչ-որ բան փնթփնթալ` հատուկ անհասկանալի կերպով: Ի վերջո նրա հերթն էլ հասավ:
-Մաքուր մեղրի համար ինձ ձեր խանութ են ուղարկել:
-Ճիշտ էլ արել են, բա էլ ու՞ր պիտի ուղարկեին: Էս երկու գյուղի մեջ ամենաանարատ մեղրն իմ խանութում է: Ամուսինս մեղվապահ է, ամուսնուս հերն էլ էր մեղվապահ, պապն էլ, վայ թե` պապու հերն էլ, այ էդ մեկը լավ չեմ հիշում: Էս աչքերովս եմ տեսնում, թե ոնց ա քամում: Էս վերջին բանկան ա, սա էլ դու տար: Բայց դեմքդ ծանոթ չի, ղոնա՞խ ես:
-Հա, հյուր եմ, բայց կողքի գյուղում:
-Կողքի գյուղից էլ եմ մարդ ճանաչում, ինձ մի զարմացրու: Ասա` ու՞մ ղոնախն ես:
-Պարգևի թոռն եմ: Ճանաչեցի՞ր:
-Պարգևին ո՞վ չի ճանաչում: Միշտ էլ ձեր գյուղը մեր մեղրն ա տարել:
Սիրանը մատով վերցնում է մեղրը, մի լա˜վ լպստում: Երիտասարդն աչքերը չորս արած նայում է:
-Տես , է, ոնց որ հալած ոսկի…
Շարունակում է զարմացած նայել:
-Բա, տղա ջան, չես լսե՞լ, որ ասում են` մեղր ծախողը մատը կլպստի, — վրա է բերում Սիրանն ու կոկորդով մեկ հռհռում:
-Մորքուր ջան, ասա` ինչքան պիտի տամ, ես ժամանակ չունեմ, հազար գործ կա:
Հենց էդ պահին որտեղից որտեղ մի ճանճ  է հայտնվում ու նստում մեղրով լի տարայի պռնկին: Ռազմիկը, որ կանգնած համբերատար իր հերթին էր սպասում, ձեռքով հեռու է վանում ճանճին, ու ձեռքը պատահաբար դիպչում, ամանն ընկնում է, մեղրը գետնով մեկ լինում:
-Էս ի՞նչ արեցիր …
-Կներես ախպեր ջան, ճանճ էր կանգնել, ուզեցի քշել…
-Էդ ճանճին ես էլ տեսա, որ պետք լիներ, ես կքշեի… Ճանճի կերածն ի՞նչ պիտի լիներ, որ մի հատ էլ քշում էիր …
-Կներես, ախպե´ր, միամիտ եղավ … մտածեցի` չհարամի մեղրդ:
-Դե, լավ, տղա ջան, էրեխեն ուզեց լավություն անի, էդպես դուրս եկավ, — ասաց Սիրանը` հույս ունենալով հանդարտեցնել սկիզբ առնող վեճը: 
-Քեզ ո՞վ մեջ գցեց …
-Մեծ կնոջ հետ էդ ո՞նց ես խոսում:
-Ոնց ուզում եմ, քեզ ի՞նչ :
-Մորդ տարիքին է, ո՞նց ես հետը խոսում, — բղավեց Ռազմիկը` կարմրացնելով կոկորդը:
-Ձենդ չբարձրացնե´ս,- խլվլաց խնամվածը:
-Լավ, Ռազմիկ ջան, հետը գլուխ մի դիր, բան էր` ասեց:
-Ո՞նց թե, Սիրան մորքուր, ասեցի` միամիտ ա եղել, հերիք չի, պատմություն ա սարքում, մի հատ էլ վրեդ ա գոռու՞մ:
-Էս ձեր գյուղի հերոսը դու ես, հա՞ …
-Ես քեզ ցույց կտամ` հերոսն ով ա …
Սկսեցին քաշքշել իրար:
Իսկ էս պատմությունն իր նախապատմությունն ունի: Սրանից շատ տարիներ առաջ, էս երիտասարդների ապ ու պապերը դարձյալ հանդիպեցին գյուղի խանութում: Էդ պատմությունն սկսվում է էսպես` օրվան մի օր մոտիկ գյուղից, մահակն ուսին, շունն հետևից ներս է մտնում մի զըռ չոբան.
-Բարի օր քեզ, ա´յ խանութպան, մեղր չունե՞ս, մի քիչ տաս մեզ …
Էլի ճանճ եկավ, էլի տզզաց, էլի բզզաց, մինչև, որ կռիվ գցեց երկու գյուղի մեջ…
-Կխեղդես, տղա ջան, հո՞ դու անսիրտ չես, մեղր էր էլի, հո՞ մի մեծ բան չէր… Էդ անտեր ճանճը որտեղի՞ց ընկավ էդ ամանի մեջ, — վախվորած դես ու դեն է վազում Սիրանը` փորձելով բաժանել իրար կոկորդից բռնած երիտասարդներին:
Խնամվածը  փռված է գետնին:
-Վիլեն բիձի˜, Սանո քեռի˜, Սրապիո˜ն, եկեք, հասեք, ա´յ մարդ, սրանք իրար կոտորեցին, — խանութից դուրս գալով ձայն տվեց Սիրանը:
-Ի՞նչ ա եղել, Սիրան, էս ինչի՞ են էս ջահելներին խառնել իրար, — իրեն հատուկ հանդարտությամբ հարցրեց Վիլեն բիձին:
-Մի կաթիլ մեղրի համար իրար կոտորում են, էսպես բան ո՞վ էր տեսել:
-Էդ ու՞մ տղեն, Սիրան, դեմքը ծանոթ չի:
-Մեր գյուղից չի, Սանո քեռի: Կողքի գյուղի Պարգևի թոռն ա:
Խնամվածը դեռ փռված է գետնին:
-Պարգևի՞, հարցական նայեց Սանո քեռին, — սրան հասնում ա: Իսկը անյոլագյազ պապն ա, — ասաց ու դուրս եկավ խանութից:
-Սանո, ձեռներդ թափ տալով մի գնա, շշով ջուր բեր, երես-մերեսը լվանանք,- հետևից ձայնեց Վիլեն բիձին: 
Երիտասարդին նստեցնում են աթոռին: Սանոն մի դույլ ջուրը շուռ է տալիս գլխին:
-Պարգևին չի հասնում, բայց դե ջահել ես, — քթի տակ փնթփնթում է Սանո քեռին, — խղճիս ձեռը կրակն եմ ընկել, հո՞ զոռով չի:
Մինչ Սանո քեռին, Վիլեն բիձին, Սրապիոնը, Սիրանը խելքի էին բերում երիտասարդին, բոթը սարեսար հասավ կողքի գյուղ` թե մեր գյուղացուն, մեր գյուղի Պարգևի թոռին սպանեցին, խանութի մեյդանում լեշ արեցին:
-Բայց էս հարցն էսպես չի մնալու: Էս հարցին լուծում պիտի տրվի, — բեղի տակից ասաց Սանոն:
-Ամեն ինչ թողնում ենք, անցնում- գնում ա, դրա համար էլ էսօր մի կաթիլ մեղրի ու մի ճանճի համար մեր ջահելին տվել-գետնին հավասար են արել, — վրա բերեց Վիլեն բիձին:
-Դե, լավ էլի, Վիլեն բիձի, մեր տղեն էդ խեղճ երեխուն մի հարվածով խանութի մեջտեղում պառկացրեց, դեռ մի բան էլ մենք ենք բողոքու՞մ:
-Սիրան, երևի ես եմ հա՞ մի մատ մեղրի համար պատմություն սարքել:
-Որ ասում եմ` դրանք էդպես են, ինձ չեք հավատում, ասում եք` Սանո, դու քո անձնական հաշիվներն ունես Պարգևի հետ: Այ մարդ, ի՞նչ անձնական հաշիվ, դրանք գեղովի կազմ-պատրաստ սպասում են` մի փոքր առիթ լինի, որ մի մեծ մասխարա սարքեն,- ասաց Սանո քեռին` մի լուրջ հայտնագործություն արած պրոֆեսորի դեմքով:
-Հեսա կհավաքվեն, ամբողջ գյուղով կգան պարզաբանումների, — վերջապես խոսեց Սրապը, նույն ինքը` մանկավարժ Սրապիոնը:
-Թող գան, բա ես էլ սպասում եմ, որ գան… թող գան, տեսնեմ` էդ ու՞մ հետ են պարզաբանումներ անում, — մի ձեռքով երիտասարդի ճակատին սառույց դնելով, մի ձեռքով իր ճակատի քրտինքը սրբելով` ասաց Սանո քեռին:
-Սրա´պ, վախենու՞մ ես, — զարմանքով հարցրեց Վիլեն բիձին:
-Չէ, հա, դու էլ հո՞ չասեցիր, ինչի՞ց վախենամ:
Ճանճին էդպես էլ մեղադրող չեղավ: Եկավ, հարամեց, կռիվ գցեց, երկու հարազատ գյուղի իրար հետ թվանքի կապեց, մեղրն ապականեց, գնաց:
Ու մինչև գնալը հասցրեց կենակցել իր նման մի քանի ճանճի հետ, իր հետևից սերունդ էլ թողեց, հետո գնաց:
Գյուղը մի մեծ ծխամորճ է դարձել ու  ծխում  է: Աղավնիների ղունղունոցը բարի ավետիսի նման կաթ-կաթ թափվում է ձոր ու քարափի վրա: 
Գյուղամեջ: Տղամարդիկ հավաքված, ամեն մեկն իր սովոր քարին նստած է: Աշխարհի սխալներն են ուղղում, աշխարհի ծուռն ուզում են շիտակել: Աշխարհն իր ուղեծրին հարմարված հոսում է ու մենակ էս գյուղամիջի քարերից է երևում, որ ծուռ է հոսում:
Վիլեն բիձին աչքերը հառեց դեպի դիմացի սուր ձգված լեռն ու միանգամից վրա բերեց.
-Սանո, էս մեր սարը ոնց որ կշեռք չլինի՞… Էն երկու նժարանոց կշեռքներից:
-Վիլե´ն, կմնաս-կմնաս, էնպես բաներ կասես, այ տնաշե´ն: Բա սա կշեռքի՞ է նման: Սա իսկը բեղավոր ֆիդայի է` լաչակն էլ գլխին կապած:
-Հենց էդ քո ասած բեղի հետ եմ, էդ նժարների հավասարման գիծն ա, էլի:
-Սա ավելի շատ մեկուսացած, առանձնացած կնոջ ա նման, — վրա բերեց քչախոս Սրապը:
-Էնքան ստից-մտից գրքեր ես կարդացել, արդեն ճիշտն ու սխալը խառնել ես, բա  կնիկը սար կլինի՞, Սրապ:
-Կարո՞ղ ա սիրտդ մի մեկուսացած, առանձնացած կին ա քաշում, վարժապետ,- խնդմնդաց Վիլեն բիձին:
-Անկնիկ տղամարդ եմ, ամո՞թ ա, որ քաշի,- հազիվ լսելի ձայնով նվնվաց Սրապիոնը:
Սրապիոնը գյուղի վարժապետն է: Դասավանդում է աշխարհագրություն, բնագիտություն, մեկ-մեկ էլ, թե ուսուցչի պակաս է լինում` կենսաբանություն: Սերը բնությանն է տվել: Սերը տվել է սերունդներին: Կնոջը` Արփիկին, կորցրել է շատ վաղուց: Արփիկը ծննդաբերության ժամանակ քնել ու չի զարթնել: Ու Սրապիոնի արևը մարել է, խոսքը` ցամաքել: Ասում են` հենց էդ օրից դարձել է քչախոս: Օրվա մեջ իրար գումարած մի քսան-երեսուն բառ հազիվ է արտասանում, էն էլ` շատ օրհասական պահերին: Արփիկի տարին լրանալուն պես ամբողջ գյուղը կանգնեց, թե.
-Սրապիո´ն, արի ամուսնացի´ր…
Սրապիոնն աչքերը թացոտեց, մատը տնկեց ու տուն մտավ:
Էդ օրվանից մինչ օրս մեկը ռիսկ չէր անում նրա հետ կնկա մասին խոսեր: Էդ օրվանից հետո Վիլեն բիձին առաջինն էր, որ կնկա հաշիվ բացեց, ու էս անգամ Սրապն աչքերը չթացոտեց:
Իսկ էդ դիմացի լեռն էնքան խրոխտ ու վեհ է կանգնած, որ ինչքան նայես, նայվում է: Տեսքն էլ կախված է արևի դիրքից. նայած, թե շողերը որ կողմից են ընկնում վրան: Մենակ գագաթն է, որ, անկախ եղանակից, միշտ պսպղում է: Աշխարհագրագետներն ու երկրաբանները սրան բլուր կկոչեին:  Ու թե կյանքդ թանկ չի քեզ համար, մի գյուղացու մոտ ասա, որ սա սար չի, այլ` բլուր:
Հեռվում երևաց բեռնատար մեքենա: Մեքենայի բաց մասում մի քանի տղամարդ են կանգնած, մեջտեղում` Պարգևը: Բոլորը նայում են դեպի բեռնատարը: Սրապիոնը հոգոց հանելով ասում է.
-Ըհըն, էս էլ Պարգևն` իր զորքով: Որ ասում են` գիժը մի քար ա գցում հորը, հազար խելքով չեն կարողանում հանել, հիմա մերն ա:
-Ո՞վ չի կարողանում: Պարգևի քաշն ի՞նչ ա, նրա թոռան քաշն ի՞նչ ա, որ գցած քարն էլ փոսից չկարողանանք հանել: Հիմի դու տես, թե ոնց եմ իրանց գցած քարն էլ հանում, հլա մի քանիսն էլ  վրադիր, — բեղերն ոլորում է Սանո քեռին:
-Սրապիո´ն, ոնց որ` իրոք վախենո՞ւմ ես, — քմծիծաղ տվեց Վիլեն բիձին:
-Սրա´պ, արխային, դատարկ կարասը մեծ ձեն ա հանում, Պարգևի բիլակներին չխաբվես, — ինքնավստահ ձայնով ասաց Սանոն:
Սանո բիձին նստած է, թևի տակ` ռադիոն: Նրան առանց ռադիոյի գյուղում, երևի թե, ոչ ոք չի տեսել: Սրապիոնը, Բենիկը, գյուղապետը, քահանան, մի քանի գյուղացի հերթով շարվել են քարերի վրա` ոնց տատրակներ, Սիրանը թևերը կանթած կանգնած է, նրանց է մոտենում Պարգևը` իր «շքախմբով»:
-Բարի իրիկո´ւն…
Բոլորը գլխով են անում: Մեջներից մենակ Սանո քեռին է ձայն տալիս.
-Բա´րև, Պա´րգև …
Ու դարձյալ մի խորը լռություն համակում է բոլորին: Անհանգիստ հայացքներ են փոխանակվում:
-էդ զորքիդ առել ես, ճանապարհ ես կտրել ու գյուղիս վրա կռիվ եկել, հա՞ , — չդիմանալով` լռությունը ճեղքեց Սանո քեռին:
-Սանո´, մաջալ տո´ւր, տեսնենք` մարդն ինչ է ասում,- կողքից լսվեց Սիրանի ձայնը:
-Սիրա´ն, դու կնիկ արմատ ես,  դու կխոսես էն ժամանակ, երբ ես իմ ասելիքը կվերջացնեմ,- բեղերն ոլորելով` ասաց Սանոն:
-Ճիշտ ես անում, իմ հացի մեջ ե՞րբ ա աղ եղել, որ հիմա լինի:
Սիրանը նեղացած հեռանում է, թեև շատ կցանկանար, որ դեպքերն այդպես չդասավորվեին, ու նա տեղյակ լիներ գյուղի համար այսքան կարևոր իրադարձությունից:
-Հա, Սանո´, զորքիս հավաքել եմ, եկել, տեսնեմ` իմ մի մատ թոռանն ինչի՞ եք գետնով տվել ամբողջ գյուղով:
-Պարգև ջան, արի´ մի քանի պարզաբանում մտցնենք` նախ` թոռդ մի մատ չէր. ինձ, գյուղապետ Վարոսին ու Տեր Սահակին որ իրար կպցնենք, վայ թե քու թոռան վզից բարակ լինենք, հետո էլ` քո թոռանը գետնին փռել ենք ոչ թե ամբողջ գյուղով, այլ նրան գետնին է փռել ընդամենը մի առողջ երիտասարդ, — թազբեհն անհոգ քաշելով, հանգիստ ձայնով ասաց Վիլեն բիձին:
-Վիլեն, ասածդ ի՞նչ ա. որ մի մատ չէր, ուրեմն սալջարդ պիտի անեի՞ք, տեղաշորը գցեի՞ք:  
-Բիձին ուզում է ասել` փաստերը մի´ աղավաղի, Պարգև ամի´, — վրա բերեց գյուղի գյուղապետը, որ խեղճ ու կրակ հայացքով մինչ այդ հետևում էր ընթացքին:
-Վարո´ս, դու քո գյուղապետի աթոռին պինդ-պինդ նստի ու մի խառնվի տղամարդկանց գործերին,- գրեթե բղավեց Պարգևը:
-Հա´ թուքս կուլ տվեցի, բայց չէ´, ախպե˜ր, չի ստացվում. Պարգև, թե մեր գյուղում ով իր աթոռին պինդ կնստի, էդ քո գործը չի, դուք գնացեք ձեր գյուղի նախագահին տեր կանգնեք, որ բոլորիդ կլպում, թալանում է, երեք տարին մեկ էլ մի քանի հազար դրամով ձեր չեղած ձեններն առնում է, գլխներիդ շեֆ կարգվում, դուք էլ վախից ծպտուն չեք հանում, հիմի առյուծ ես կտրե՞լ, եկել ես իմ գյուղապետին իրա աթոռի տեղն ես ցույց տալի՞ս: Ձեր արշինով չչափե´ս: Նա էդ աթոռին նստել է, որովհետև մե´նք ենք ուզել, որ նստի, դա ղոնախ մարդու գործ չի, մանավանդ` քեզ պես կեղծող ու շողոքորթող ղոնախի,- նստած տեղից վեր կացավ Սանո քեռին:
-Սանո´, արդեն ուրիշ բաներ ես խոսում: Ե՞ս եմ կեղծավոր:
-Հա, հենց դո´ւ: Ձկան հետ ձուկ ես, մկան հետ` մուկ…
-Սանո´, լավ, մի´ փրփրի… Ախր, այ Պարգև ջա´ն, հարևան գյուղի մարդիկ ենք, ախր ամոթ է, առանց էն էլ երկու գյուղը միասին վերցրած քսան- քսաներկու ծուխ մարդ ենք մնացել, որ մենք էլ իրար լեզու չհասկանանք, ո՞նց կլինի: Ախր, ձեռքը ձեռք ա լվանում, երկու ձեռքը` երես… Հո՞ մի օրվա համար չենք, — առանց ավելորդ լարվածության խոսեց խաղաղարար Վիլեն բիձին:  
-Վիլե´ն, երեխուս թոքերը բերանովն եք տվել, մի բան էլ դուք եք հորդուբորդ  անու՞մ  ու գլխիս քարոզ կարդու՞մ:
-Պարգև ջա´ն, քո թոռն իրեն սխալ պահեց:
-Անկիրթ ու գռեհիկ կերպով մի գդալ մեղրի համար  հարձակվեց խեղճ տղայի վրա, բա դա անելու բա՞ն ա, Պարգև, բա դա սազական բա՞ն ա, — վերջապես խոսեց չխոսկան վարժապետ Սրապիոնը:
-Ամբողջ գյուղով ընկել էինք մեջները, ո´չ մեծ էր ճանաչում, ո´չ փոքր, ո´չ հարգանք, ո´չ պատիվ… ո´չ մեկիս ասածին ականջ չարեց,- վրա բերեց  Տեր Սահակը:
-Ախր, Տեր Սահակ, զարմանալդ ո՞րն է: Ես չեմ զարմանում: Պարգևի դաստիարակած սերունդն էլ իր նման պիտի լինի: Էս էլ չլինի էն մեդալի պատմությունը, — փրփրեց Սանո քեռին:
-Ի՞նչ մեդալ: Էլի հին մեռելներին ես հիշե՞լ:
-Հա´, ես դրանց մոռացողը չեմ: Ասում ես` ինչ մեդալ: Գիտես` ինչ մեդալ… Էն առաջին աստիճանի սխրանքի մեդալը, որ ես իմ տանկով Բեռլինում մտա թշնամու տարածք, կրակ բաց թողեցի, գերմանացի Ֆրիդրիխին էն աշխարհն ուղարկեցի, պետությունն էլ բռնեց ու իմ բաժին մեդալը տվեց քեզ` պատճառ բռնելով, թե` Նազարեթյան Պարգևն այդ ժամանակ ևս անցել էր թշնամու սահմանը: Ուրեմն` Սանասարյան Սանասարը տանկով կրակ էր արձակել, էդ` հե՞չ,  թշնամու զինվորին էն տիհն էր ուղարակել, էդ էլ հե՞չ,  բայց որ վախվորած Պարգևը քաջ նազարի պես բախտի բերմամբ սահման էր հատել,  դոշին սխրանքի մեդալ դրեցի՞ք, հա՞:
-Ես ի՞նչ անեմ, գնայիր, պետությանը բողոք գրեիր, ասեիր` էսպես-էսպես, էդ մեդալը, որ Պարգևն իր դոշին կրում ա, իրենը չի, եթե արդար լինեք, դա ինձ պիտի տաք, որովհետև գերմանացի Ֆրիդրիխը զոհվել է իմ գնդակից:
-Ինչի՞: Դու արդար լինեիր, գնայիր, էդ մեդալը հետ տայիր պետությանն ու ասեիր` հարգելի պետություն, ես էս մեդալին արժանի չեմ, սա տվեք էն մարդուն, որ իրոք սխրանք է գործել, պետությանն ու ժողովրդին էլ օգուտ տվել:
-Սանո´, ուրեմն, դուրս է գալիս` մենակ դու՞ ես էս պետությանն օգուտ տվել:
-Դե, չէ˜, որ ճիշտը խոսեմ` մենակ ես չէ… Բայց Ֆրիդրիխը զոհվել է ի´մ կրակից:
-Էդ Ֆրիդրիխի զոհն ի՞նչ օգուտ է տվել մեզ:
-Վա´յ, ուրեմն Ֆրիդրիխի զոհը մեզ օգուտ չի տվե՞լ, հա՞:  Ուրեմն թշնամու զոհը մեզ օգուտ չի տվե՞լ, այ տղա´: Թշնամին եթե չզոհվեր, դու էդ սարսափելի կռվից տուն չէիր գա, կնիկ ու երեխա  հետ չէիր գցի, թոռդ էլ էսօրվա դրությամբ չէր գա մեղր առնելու, դու էլ քո զորքով հիմա չէիր գա ու ամբաղ-զամբախ էստեղ ճառ չէիր ասի: Դե, հիմա տես, թե ինչքան օգուտ եմ տվել ես էս պետությանն ու անձամբ քե´զ, Պա´րգև:
-Լավ էր` չասացիր` դու քո ողջ ընտանիքով ձեր գոյության համար պարտական եք ինձ, Պա´րգև:
-Բա, որ խորը մտածում ես, հենց էդպե´ս է, որ կա:
-Սանո´, ասածներդ մարդու մեկ սարի գլուխն են հանում, մեկ էլ` թափով ցած գլորում:
-Դու քեզ գովելով ման արի, տեսնենք վերջն ինչ կլինի, — ասաց Պարգևի «շքախմբից» մի բարալիկ տղամարդ :
-Բա էդպես է` ձու ածող հավը կչկչան կլինի,- Սանոյի կողմը հպարտ հայացք գցեց Վիլեն բիձին:
-Բարալի՞կ, դու էիր պակաս… քեզ ո՞վ խոսեցրեց, որ մեջ ընկար,- չդիմացավ Սանոն:
-Արդեն չափդ անցնում ես, Սանո´, — ասաց Պարգևը:
-Էդ իմ չափը դո՞ւ ես որոշում…
Սանո քեռին հասավ ու ձեռքի մեջ հավաքեց Պարգևի շապկի վերնամասը: Սկսեցին  իրար քաշքշել: Սրապիոնը, Վիլեն բիձին, քահանան, գյուղապետը մեջ ընկան, որ  բաժանեն, բայց երկու տաքացած աքլորի բաժանի, թե կարող ես: 
-Ամո˜թ է, ա´յ մարդ, վերջ տվե´ք:
-Լեզուն Աստված տվել է, որ հենց էս ժամանակ ձեռքերի փոխարեն լեզուն օգտագործեք, — ասաց Տեր Սահակը:    
-Տեր Սահա´կ, դու Աստծու անունից հերի´ք է խոսես,- ասաց Վիլեն բիձին:
-Այ, Վիլեն բիձի´, ինչ, որ գրված է, դա եմ ասում:
-Դա էլ ավետարան ա ըստ Տեր Սահակի՞, — ասաց Սրապիոնը:
-Դե, լավ, գրված է` խոսքով իրար մի հասկացեք, մի կաթիլ մեղրի համար երկու գյուղով իրար վիզ կտրեք, իրար մորթեք ու սպանեք, — նեղսրտեց քահանան:
-Էդպես մի´ ասա, Տեր Սահակ, լեզվի սպանածն էլ պակաս չի: Զենքով թե մեկին կսպանես, լեզվով հազարին կսպանես ու օֆ չես քաշի, — կռվի թեժ պահին զրույցի բռնվեց Վիլեն բիձին:
Այս ընթացքում Սանոն ու Պարգևը դեռ քաշքշում են իրար, կիսատ- պռատ հայհոյում.
տեսել են, որ Սիրանը ճիկ ու վիկ է անում խանութից, լեզուները կծում են ու հայհոյանքի կեսը, էն թեժ մասը կուլ տալիս:  Հանկարծ կատաղած հովազի նման Սիրանը դուրս եկավ խանութից` մի մեծ գրաֆին թանը  ձեռքին: Թանը բերեց ու շրը˜խկ լցրեց վրաները:
Կռիվը դադարեց մի վայրկյանում: Բոլորը քարացած, թանաջրով ողողված կանգնած են:
Նստած են քարին: Ամեն մեկն իր թաշկինակով մաքրում է ճակատը, հագուստը, թևը:
-Սիրա՞ն, — լռությունը խախտեց Սանո քեռին: 
-Ի՞նչ:
-Այ, աղջի´, մաքուր աղբրի ջուր չկա՞ր, որ ես գոմշի շիճուկը վրաներս լցրիր:
-Ձեռքիս տակ էդ ընկավ… Համ էլ` շիճուկ չէր, անարատ թան էր, սարքել էի, մտածում էի` սրանք գնան, բերեմ, խմեք, սիրտներդ հովանա:
-Մենք գնում ենք, բայց էս հարցը էսպես չվերջացավ, սա դեռ պիտի իր լուծումն ստանա, — Սիրանի էսէմէսը հասկացավ Պարգևը:
-Երբ սիրտդ կուզի, արի´ լուծումը տամ ձեռքդ, գնա´, — ասաց կռվարար Սանոն:
-Էլի մեծ-մեծ բրդեցիր…
-Սելդ քշի´, ախպեր…
Պարգևի մեքենան ոնց եկել էր, էնպես էլ նույն ճանապարհով հետ գնաց: Մի ներդաշնակ դռդռոց արձակեց իր հետևից ու փոշու մեջ նոսրացավ, անհետացավ: Գնաց` մի քանի հայհոյանք հետը տանելով, մի քանիսն էլ ճանապարհին շաղ տալով:

-Էս խմորը դեռ շատ ջուր կքաշի, — հառաչեց Սրապիոնը:

-Սրա՞պ: Էլի սկսեցի՞ր: Է˜, թող քաշի: Մեր գյուղում ի՞նչն է շատ` ջուրը: Ինչքա˜ն կքաշի, էդքան կավելացնենք, թո´ղ խմոր հունցողը մտածի:
-Ես գնացի, ախպեր, մեկ է` ձեզ բան հասկացնել չի լինում, — ասաց քահանան ու վեր կացավ տեղից:
-Դրանց մոտ չուզեցի քեզ փնովել` կռվի թեժ պահին էլի կանգնել, ձեռք գցելու փոխարեն ականջ էիր լցնո՞ւմ, Տեր Հա´յր: Էդ քեզ պիտի հասկացնե՞մ, որ ամեն բանի ժամանակ կա. խոսելու ժամանակ էլ կա, վիճելու ժամանակ էլ, լռելու ժամանակ էլ , գործելու ժամանակ էլ: Սրա´պ, էդպես ա, չէ՞, գրված Ավետարանում:
-Հա, էդպե´ս ա, — ասաց Տեր Սահակը:

-Ես քե´զ չհարցրի, ես Սրապի´ն հարցրի:

-Հա, էդպես ա, Սանո´, Ժողովող գրքում ա, Սողոմոնն ա գրել, — ասաց Սրապիոնը:

-Ապրի´ Սողոմոնը, իմաստուն մարդ ա եղել: Մեկ-մեկ ավետարան կարդա, Տեր Սահա´կ, կարող ա պետք գա:

Սանոն շրջվում է դեպի նվաղած գյուղապետն ու հեգնական տոնով սկսում.

-Ընկեր Վարո´ս, գյուղապետ մարդ ես, մի քիչ քեզ պինդ պահի, ամոթ է, չեն ասի՞` հլա սրանց ընտրած գյուղապետին նայեք, ոչ մարմնում շունչ կա, ոչ բերանում` խոսք: Ուրեմն դու Պարգևին չես կարողանու՞մ ասել, որ նա իրավունք չունի քեզ քո աթոռի տեղը ցույց տա:

-Այ Սանո քեռի´, մեծ մարդ էր, բան էր ասեց, ամեն ասածին որ ականջ դնենք, ուրեմն ամեն օր կռիվ ու ղալմաղալ պիտի անենք:

-Ժամանակ կա, որ կռիվ է´լ պիտի անենք, ղալմաղալ է´լ: Որ հարցը հանգիստ չի լուծվում, ի՞նչ անենք:

Ասաց,  տեղից վեր կացավ, ռադիոյի ձայնը բարձրացրեց, դրեց ականջի տակ ու, առանց որևէ մեկին մի բառ ասելու, հեռացավ:

-Սանո´, էդ ու՞ր,- ձայնեց Վիլեն բիձին:

-Գնամ, մի քիչ օդ շնչեմ, լույսն ինչ բացվել է, էս քարերի վրա քամակ ենք մաշում:

Երգելով, մտմտալով գնաց: Սիրում է  հանդերում ման գալ: Ջահել տարիներից էդպես է Սանոն:

Նստեց բլուրներից մեկի ստորոտին, ռադիոն շարժեց այս ու այն կողմ` հարմար ռադիոալիք էր ուզում բռնել, բայց էս լեռների մեջ ռադիոն լավ չի բռնում: Մի գլուխ խշշում ու խշշում է:

-Տեսնես` էդ այլմոլորակայինները մեզ նմա՞ն են, մի գլխանի, երկու աչքով, երկու ականջով, երկու ձեռքով: Վայ, թե դրանք մի աչք ունենան, գիտե՞ս,  դրանք էնքան բան գիտեն, մի աչքը լիուլի հերիք կանի: Էդ մենք ենք, որ կասկածամիտ ենք, իսկի երկու աչքով տեսածին չենք հավատում: Նրանք հո՞ մեր թայը չեն … Չէ՞:

Աչքերը բարձրացնում է դեպի երկինք:

-Լսեք, էդ ճի՞շտ ա, որ Սիբիրում ձերոնցից մեկի մարմինն են հայտնաբերել: Ասում են` մարդանման էակ ա, երկարությունը կլինի մի իննսուն սանտիմետր, ասում են` աջակողմյան ոտքի կեսն էլ չկա: Չնայած, որ ծուռ նստենք, դուզ խոսենք` ձեր ինչի՞ն է պետք աջ ոտքը, հո՞ մեզ պես կիլոմետրեր չեք կտրում: Ձեր ափսեն սաղ ըլնի: Վայրկյանների ընթացքում տանի, տեղ հասնցի: Յաման խորամանկն եք, հա˜: Չէ˜, մեզ պես. մի խնձոր կերանք, մինչև հիմա բկներիս է մնացել, չենք կարողանում մարսել, էն էլ իսկի թամամ մենք չկերանք, վա´յ եվայի ցեղ…

Դարձյալ ռադիոն դնում է ականջին:

-Թե ասա` աշխարհի տակ էլ տեղ չկա՞ր, գնացել եք Սիբիրում եք իջել:

Գյուղամեջ: Սրապիոնը, Վիլեն բիձին, Սիմոնը նստած են:

-Այ Սիմո´ն, ես դրանց լավ եմ ճանաչում: Իմ հերը պատմում էր, որ դրա պապը մի օր անտառն ա գնում ցախի, հոգնած, ցախն ուսին գալիս ա, տեսնում` կնիկը էն գյուղի տակի խանութի խանութպանի հետ սիլի-բիլի ա անում:

-Յա˜… Իսկականի՞ց …

-Լսի´, տեսնում ա, մատը տնկում ա ու ` ա˜, այ կնիկ, էրնեկ քու հավեսին …

Բոլորը ծիծաղում են:

-Բա˜… Դեռ էդ շաշ հալներին էլ եկել են մեզնից հաշիվ են պահանջում:

-Տո´, ղալաթ  են անում, մենք էլ ենք աշխարհից շատ բան պահանջում, ստանու՞մ ենք, — ծոր տվեց Վիլենը:

Սիմոնի կինն է դուրս գալիս խանութից: Խանութի առջև կանգնած են երկու կին, զրուցում են:

-Էս քանի օր ա, տեսնում եմ, որ բժիշկը ձեր տուն ա գալիս, հո՞ հիվանդ չունեք տանը:

-Չէ, կնիկը Կրասնոդար ա գնացել` ախպոր մոտ, իրիկունները մենակ տանը չի նստում, գալիս ա, տղամարդկանց հետ նարդի, շախմատ ա խաղում, զբաղվում ա:

Խանութի կողմից մի կնոջ ձայն է լսվում.

-Այ մա´րդ, քո մտքով հեչ քո տունը չի անցնո՞ւմ: Սովա՞ծ չես, գոնե օրվա մեջ տուն մտի, մի կտոր բան կեր:

-Վիլեն բիձի´, Սրա´պ, եկե´ք գնանք մի կտոր բան ուտենք:

-Առանց Սանոյի գնա՞նք: Ուր որ է`էստեղ կլինի, հո՞ չգնաց կորչի լեռների մեջ:

-Մենք գնանք, ինքը հետո կգա:

Բղավում է.

-Սիրա˜ն, Սանոն երևա, ասա` թող մեր տուն գա:

-Կասեմ, կասեմ, հանգիստ գնացե´ք…

Երեկո: Սիմոնի տնից լսվում է երգի ձայն: Հյուրասենյակում, սեղանի շուրջ նստած են Սանո բիձին, Սրապիոնը, Վիլեն բիձին, Սիմոնը: Երգում են «Ճամփորդ եմ» երգը: Բոլորը երգում են, բացի Վիլեն բիձուց: Վիլեն բիձին աչքերն է սրբում` թաքուն, մարդու հայացքից հեռու:  Սիմոնը սեղանին թեթև դհոլ է խփում: Սանոն նկատում է Վիլենի արցունքներն, ու ձայնն սկսում է դողալ:

-Տղե´րք, եկեք էս բաժակով էլ խմենք էն բոլոր ճամփորդ հայերի կենացը, որ թողեցին իրենց տունն ու տեղը, իրենց դռներն ավերակ սարքեցին ու գնացին: Թո´ղ մեր երկիրն էնպես ծաղկի, որ բոլորը ոնց գնացել են, էդպես էլ հետ գան, իրենց օջախներին տեր կանգնեն, որ իրենց արած-դրած տները ծիտ ու ճնճղուկի բնատեղ չդառնան, որ էս գյուղից զուռնի նվագն ու երեխու ձենը չպակասի: 

-Ճի´շտ ես, Սանո´, թող մեր գնացած հարազատների կենացը լինի… Է˜հ, Բարսեղ ջան, ականջդ կանչի…

-Տո´, մենակ Բարսեղը՞ … բա՞ Պետրոսի տղա Մուկուչը, բա՞ Մոսոյենց Աբոն, բա՞ քարտաշ Սերոբի տղեն… ո՞ր մեկն ասեմ…

Լսվում է բաժակների շխկշխկոց: Խմում են:

Զրնգոցը ծով է դառնում, ծովն իջնում մինչև նրանց ծնկները: Ու էդ ծովի մեջ մարդ չի հասկանում` գիշերն է լուսնի մեջ լողում, թե` լուսինն է լող տալիս գիշերվա մեջ: Երկինքն էլ իր զորքն ունի, իր պատերազմը, իր լողն ու իր լուսինը: Երկնքում էլ մեծ ու փոքր կա, տաք ու սառը, երկար-կարճ, հաստ ու բարակ, երկնքում էլ պոչավոր ու անպոչ կա, միայնակ ու խմբավոր կա, լուսավոր ու խավար կա:

Ինչպես ամեն գյուղում ու ամեն գյուղի մասին պատմության մեջ, այստեղ էլ առավոտն սկսվում է աքաղաղի կանչով: Եվ ուրեմն` լսվեց աքաղաղի կանչը, լուսաբաց: Ավանակի վրա նստած անցնում է Տեր Սահակը: Սանո քեռին, Վիլեն բիձին ու Սրապիոնը ամեն մեկն իր քարին բազմել, նստել է:

-Տեր Սահա´կ, խեր լինի, էս էշին որտեղի՞ց ես գտել…

-Խեր ա, Սանո´ ջան, խե´ր ա… Որ ուզում ես իմանաս` քահանան հենց էշով էլ պիտի ման գա: Հիսուսն էլ էշով Երուսաղեմ մտավ:

-Դե, լավ, էլ քեզ մի´ ծանրացրու, էդ համեմատություն չէր, որ արեցիր, — ասաց Վիլեն բիձին:

Եղիային հրեղեն կառքեր տվողն ուրիշի ավանակով քաղաք մտավ: Ու էշն այդպես էլ չիմացավ, որ իր ոտքերի տակ ընկնող արմավենու ճյուղերն ու հագուստներն ուղղված էին ոչ թե իրեն, այլ` իր վրա Նստողին:

-Էհ, հիմա էդ ո՞ր քահանան ա ուզում էշով ման գա, — ասաց Սանոն:

-Ե´ս:

-Իբր ճար ունեցա՞ր, չարեցի՞ր: Էշ ունես, էշով ես ման գալիս…

-Տեր Սահա´կ, էշիդ ԱՊՊԱ արե՞լ ես, — վրա բերեց Սրապիոնը:

Ծիծաղում են, քահանան նեղանում է, ուզում է գնալ, Սանոն կանգնեցնում է.

-Լավ, հանաքը դենը՝ էդ ի՞նչ թատրոն պիտի լինի գյուղում, տերտեր մարդ ես, դու խաբար կլինես:

-Հա, ասում են` Երևանից խումբ պիտի գա, Շեքսպիր պիտի խաղան:

-Շեքսպիր… Վատ չի,- ուրախացավ Սրապիոնը:

Գյուղը հազիվ մի օդ շնչելու տեղ կգտնի:

Էս պոստմոդեռն աշխարհը ավերակ է սարքել իսկական մարդուն: Նրան երկխոսությո´ւն է պետք:

-Դրանք էլ Շեքսպիրի վախտ են գտե՞լ… Մեր գյուղում հիմա արտակարգ դրություն ա, մենք նեղ անձնական խնդիրներ ունենք կողքի գյուղի հետ, հազար պլան ու ծրագիր պիտի մշակենք դրանց հարցերը լուծելու համար, մենք թատրոնի հավսալա ունե՞նք … Թե ասա, որ գալիս եք, գալուց առաջ ինչի՞ մի  մասլահաթ չեք անում` հարմար ա, հարմար չի, կարո՞ղ ա` մի լուրջ գործ ունեք, ուրիշ օր գա՞նք… Իրենց կաբինետում օր են որոշում, վեր կենում  ու գալիս:

-Թատրոնը մեզ ի՞նչ է խանգարում, Սանո´, մենք էլի մեր ծրագրերը կմշակենք, — ասաց Վիլենը:

-Կնայենք, կլիցքաթափվենք, — ասաց Տեր Սահակը:

-Այ, հե´նց դա էլ ասում եմ: Մեզ հիմա լիցքաթափվելը հեչ պետք չէր:  Էդ լիցքաթափումը մեր մտքերը լրիվ ուրիշ կողմի վրա կշեղի:

-Թե որ Պարգևենք էլ որոշեն գան Շեքսպիր նայելու, հացներս ցամաք ենք կերել:

-Էլ վերքի վրա աղ մի´ լցրու, Սրա´պ, — ասաց քահանան:

-Իմ վերքը լավ աղ արած ա, Տեր Սահա´կ, Սրապն ասի, չասի, ես իմ անելիքը գիտեմ, — ասաց Սանոն:

-Էշ նստելը մի այիբ ա, իջնելն` երկու: Որ թաթախվել ենք, պիտի դուրս գալու մասին էլ մտածենք, — ասաց Վիլեն բիձին:

-Մենք մտածելու բան չունենք, Վիլեն ջա´ն,  թո´ղ մտածողը մտածի: Հասարակ հարց ա` իրա թոռն եկել ա մեղր առնելու, խանութում մեր ջահելի հետ իրար չեն հասկացել, իրա թոռը բերանի չափն ա անցել, մեր ջահելն էլ բիլակ ա ցույց տվել: Դրա լուծումը պարզ ա ու հասարակ. Պարգևն ու իրա թոռը պիտի գան, հենց էս գյուղամիջում բոլորիցս մեկ առ մեկ ներողություն խնդրեն ու գլուխները կախ հեռանան:

-Սանո´, Պարգևը ներողություն խնդրող չի, դու լավ գիտես, — ասաց Սրապիոնը:

-Խնդրող չի, մենք էլ էս հարցը մեր գիտեցած ձևով գլուխ կբերենք, կարևորը դու չվախենաս, դու պինդ կա´ց, Սրա´պ:

Երեկո: Բացօթյա թատրոն: Գյուղի լքված բեմն ուրախացել, աշխարհքով մեկ է եղել. վաղուց գրիմի հոտ չէր առել: Դերասանները հագնված են` ինչպես վայել է Վերածննդի անգլիացիներին, պաթետիկ քայլվածքով այս ու այն կողմ են գնում, հավանաբար այնպես, ինչպես նրանց ասել է բեմադրողը`

-Բուռն բերկրանքը բուռն վերջ ունի, նա բռնկվում է վառոդի նման

Եվ արագ հանգում հաղթանակի մեջ:

Քաղցրագույն մեղրը իր անուշությամբ զարկում է սրտին

Եվ ախորժակդ ոչնչացնում է հենց որ ճաշակես:

Սիրիր, ուրեմն, չափավոր կերպով. հարատև սերը լինում է այդպես…

Հանդիսատեսի շարքում, սկզբնամասում նստած են Սանո բիձին, Բենիկը, Սրապիոնը: Սանո բիձու կողքին նստած է նրա թոռը` Միքայելը: Հանկարծ կեսից ներս է մտնում Պարգևը` երկու տղամարդու և թոռան` Նանեի հետ, նստում է դարձյալ առաջին շարքում, քիչ հեռու նրանցից:  Սանոն հավաքում է իրեն,  զգաստանում, ինքնավստահ դիրք ընդունում: Ուղղվում են նաև Սրապիոնն ու Վիլենը: Ներս մտնելուն պես Նանեն նայում է Միքայելի կողմը, հայացքներ են փոխանակվում, Միքայելը մտքում կրկնում է. «Սիրիր, ուրեմն, չափավոր կերպով, հարատև սերը լինում է այդպես…»:

Սերն այսպես հոսում է նստարանների վրա ու կանգ առնում:

Երեկոն խաղում է գյուղի կնճիռների հետ: Ներկայացումը շարունակվում է, Սանո բիձին, Պարգևը, Վիլենը, Սրապիոնն անընդհատ անհանգիստ շարժումներ են անում: Քահանան և Սիրանը գալիս են, փորձում են նստել: Սիրանը վերջում ազատ տեղ է տեսնում, արագ-արագ գնում ու տեղավորվում է: Քահանային տեսնելով` մի քանի հոգի վեր են կենում իրենց տեղերից: Տեր Սահակը գլխով շնորհակալության ժեստ է անում, քիթը բարձր նստոտում` աչքի պոչով նայելով, թե ով տեսավ, որ իրեն էդ տեսակ պատվի արժանացրին: Սիրանի դիմաց նստած է մի բարձրահասակ տղա` Նահապետը: Բոլորը նրան Նհո են ասում: Նհոն որբացել էր դեռ վաղ հասակում: Ու հենց վաղ հասակից էլ դարձել էր ամբողջ գյուղի սիրելի Նհոն: Մեծացել էր, գյուղի ծերերը արհեստի էին տվել, որ իր հացը վաստակի: Դարբին է, գյուղի ամենատգեղ ու ամենաուժեղ տղամարդն է:

Մեծի հետ մեծ է, փոքրի հետ` փոքր: Բոլորի սիրելին է, բոլորի հարեհասը: Ում ինչ պետք լինի, նա կանգնած է: Ձեռք գցելուց հետո էլ արագ փախչում է, որ հանկարծ հացի չկանչեն. չի սիրում, որ գործի համար հատուցում են:

-Էդպես որ լինի, ես իմ ապրելու ու լինելու համար բոլորիդ պարտք եմ, — ասում է ու աչքերը լցնում:

Թաղի երեխաներն  առանց Նհոյի օր չունեն: Իսկ ամենապստիկները  նրան տեսնելով վազ են տալիս, բարձրանում, նստում ուսերին ու խաղում ականջների, քթի, այտերի հետ: Դա Նհոյի ամենասիրելի խաղն է:

Սիրանն անընդհատ աջ ու ձախ է անում, որպեսզի կարողանա մի բան տեսնել, բայց  չի ստացվում: Մեկը շարքից ձայն է տալիս.

-Սիրա´ն, արի´ իմ տեղը նստի, ճար չկա, Նհոն էդպես ձգված է, դրան կարճացնել չի լինի:

Շարքում նստածները բոլորը ծիծաղում են: Նհոն դանդաղ պտտվում է ու իր բամբ ձայնով ասում.

-Սիրան ջա´ն, խանգարու՞մ եմ:

-Չէ´, լավ, հանգիստ նստի:  Դու որտեղ էլ նստես, խանգարելու ես:

Դարձյալ ծիծաղում են, Նհոն էլ նրանց հետ: Սիրանի աչքն առնում է առաջին շարքում նստած Պարգևին: Հեռվից շշուկով ձայն է տալիս քահանային:

-Սահա´կ, Տեր Սահա´կ:

Քահանան չի լսում. զբաղված է: Դանդաղ սքեմի տակից հանում է Սիրանի տված կոնֆետը, ճռճռացնելով  բացում է ու գցում բերանը: Էդ անդուր ճռճռոցից մի երկու հոգի պտտվում, հարցական դեմքով նայում են: Տեր Սահակն այնպիսի դեմքով է նստած, ասես` ոչինչ էլ չի եղել, դու ես ու ինքը չի:

-Տեր Սահա´կ: Թե ասա` էդ խաշի ամաններդ ինչի՞ համար են:

Քահանան պտտվում է:

-Բան ես ասո՞ւմ:

-Հա, ասում եմ` էդ մեծ ականջներդ ինչի՞ համար են: Պարգևին տեսա՞ր:

-Չէ, որտե՞ղ է…

-Դիմացը, հարազատների հետ է նստել:

Քահանան ձգվում է, նայում: Հետևում նստած երիտասարդ աղջիկը տմբտմբացնում է նրա ուսին ու ասում.

-Եթե կարելի է` նստեք …

-Հա´մ կարելի է, հա´մ կնստեմ: Ուղղակի գյուղի համար շատ կարևոր ինֆորմացիայով էի կանգնել, աղջիկ ջա´ն:

-Դեմ չեմ, բայց ոչինչ չի երևում, երբ կանգնում եք:

-Հո՞ կանգնած չէի մնալու, մարդ էի նայում, — մոտենում է աղջկան, ականջին շշնջում,-  կարևոր մարդ կա դահլիճում:

-Կլինի՞ լռեք … Ոչինչ չեմ լսում ձեր քչփչոցից:

-Համա, թե լաչառն ես, ո՞ւմ աղջիկն ես:

-Երևանից եմ, էստեղ չեմ ապրում:

-Արդեն պարզ էր, — հեգնեց քահանան:

Առաջին շարքում դեռ լարված մթնոլորտ է: Մի փոքր անց Միքայելը ծոցագրպանից հանում է բլոկնոտ, թուղթ է պոկում, հանում է գրպանի գրիչն ու թղթի վրա թաքուն ինչ-որ բան գրում: Գրում- վերջացնում է, թուղթը փոքրացնում, գունդ սարքում, ձեռքի մեջ խաղացնում: Մի քիչ խաղացնելուց հետո գցում Նարեի վրա: Թարսի պես Պարգևը հենց էդ միջոցին շրջվում է: Աղջիկն արագ-արագ թուղթը վերցնում, գրպանն է դնում: Պարգևն սկսում է աղմուկ բարձրացնել.

-Սանո´, տեսար` ի՞նչ եղավ:

-Տեսա, հրես թույնով լի սրվակ ա առնելու տերտերից: Կարդացել եմ:

-Ես էդ չեմ ասում, ասում եմ` տեսա՞ր` թոռդ ինչ արեց:

-Ինչ հարամչի մարդ ես, Պա´րգև: Ի՞նչ արեց:

-Ձեռքի աղբը շպրտեց երեխուս վրա:

-Արդեն չեղավ, էդ դու իմ Միքայելին ինչի՞ տեղ ես դրել: Ուրեմն սա էն տղե՞ն ա, որ իր ձեռքի աղբը աղջկա վրա կշպրտի՞, էն էլ քո թոռան, նա չգիտի՞, որ դու իմ համար մեկ թշնամին ես:

-Հերիք է, էլի, չեք թողնում մի բան նայենք: Թե ասա` թատրոնը ձեր խելքի բա՞նն է, որ եկել եք, ո´չ դուք եք նայում, ո´չ էլ թողնում եք, որ մենք նայենք, — լսվում են ձայներ դահլիճից:

Բեմի վրա դերասանները կատաղությունից ու զարմանքից քրտնել, ջուր են դարձել, ուզում են մի կերպ խաղն առաջ տանել ու հասնել ավարտին:

-Էս արդեն լուրջ հարց ա, սա արժանապատվության, պատվի հարց ա… Բա շնորհքով մարդը աղջիկ երեխու վրա զիբիլ կշպրտի՞, — ասաց Պարգևը: 

-Կարո՞ղ ա` աչքիդ ա թվացել, Պա´րգև, ստից բաներ մի խոսի: Հրես թատրոնը կպրծնի, էդ հարցը կպարզենք:

-Տո, դուք ե՞րբ եք հարց պարզել, որ հիմա պարզեք: Դուք մենակ ձեզ գովել ու խալխի վրա ձեն բարձրացնել գիտեք, դուք մարդավարի նստել-խոսել գիտե՞ք:

-Սանո´, ամոթ է, հետո կխոսեք, — ասաց Վիլեն բիձին:

-Սպասի հլա, բիձի ջան, սա մեզ վիրավորում ա: Ինչի՞,  մենք հո՞ վայրենի չենք: Մեր գյուղը որ նստում, մարդավարի խոսում էր, դուք երևի հայերեն երկու բառ չգիտեիք: Վերջերս եք սկսել հայերեն խոսել, մոռացե՞լ ես: Ձեր լեզուն դենն էիք տվել, մալականների հետ ռուսերեն էիք խոսում:

-Մազալլու ես, հա˜… մարդիկ որ հայերեն չէին հասկանում, ո՞նց խոսեինք:

-Չխոսեի´ք, էնքան չխոսեիք, որ ստիպված գնային ու մեր լեզուն սովորեին: Դրսերում ո՞նց են անում:

-Դու զրուցը կտուրը մի´ գցի, ես քեզ հարց եմ տվել, պատասխանի` ինչի՞ թոռդ թոռիս վրա բան շպրտեց էսքան մարդու աչքի առաջ:

-Հնարավոր բան չի´: Մի քիչ համբերի, վերջանա, դուրս կգանք, ամեն ինչ կպարզենք:

Գյուղամեջ:

-Սանո´, ժամանակ չունենք, պիտի գնանք, մեզ սպասող կա, երեխեն էլ հետս ա, էս էլ գումարի էն հաշիվներին, — ասաց Պարգևը:

-Գումարած ա, հանգիստ ճանապարհդ գնա, մեր Սրապը վարժապետ մարդ ա, ինքն ամեն ինչ տեղում գումարում ա:

Պարգևն իր մարդկանց հետ նստում է մի հին մեքենա: Մեքենայի մեջ Նարեն թաքուն բացում է ճմրթած թղթի կտորը, որի վրա գրված է. «Ոչինչ չի կարող ընդդիմանալ իմ սիրուն, Ջուլիետ… Քո Ռոմեո»:  Նարեն թաքուն ժպտում է: Մեքենան շարժվում է, սլանում փողոցով:

Մայրամուտ: Երկինքը կարմրել է. երևի նրան էլ է թաքուն թուղթ շպրտող եղել:

-Էսօր էլ էսպե˜ս, — հառաչեց Սրապը: 

-Սրանք էլի մեր օրը հարամ արեցին, — ասաց Սանո քեռին:

-Սանո´, բայց Միքայելը մի բան շպրտեց էդ աղջկա կողմը, գիտե՞ս, ես նկատեցի, — մեղմ ձայնով վրա բերեց Վիլեն բիձին:

-Ես էլ նկատեցի, Վիլեն ջա´ն:

-Ժողովուրդ, իմացե՞լ եք` Կառլենն ա գալիս, — միանգամից մեջ ընկավ Սիրանը` իր լաչառ ձայնով:

-Ի՞նչ Կառլեն, — ասաց Սրապիոնը:

-Մեր ողորմած Սերոբի տղեն, Կառլենը, Օմսկից գալու ա: Վաղը չէ, մյուս օրը գիշերն էստեղ ա լինելու:

-Բա դու ի՞նչ իմացար, այ լրաբե´ր,- ասաց Սանո քեռին:

-Մարգոյի տղի հետ սկայպով խոսում էր, ես էլ գործով իրենց տուն էի մտել, լսեցի:

-Հիմա մեծ տղա ա դարձել, չէ՞, — ասես ափսոսանքով ասաց Վիլեն բիձին:

-Չէ, հա˜, քեզնից երևի մի 4-5 տարով փոքր լինի, Վիլեն:

Ծիծաղում են:

-Դե չասեցի` իմ թայն ա, բայց հո՞ էլ էն հանդերում վազ տվող էրեխեն չի:

-Սերոբի մահվանն էստե՞ղ էր, չեմ կարողանում միտս բերեմ,- հարցրեց Սրապը:

-Չէ´, չէր եկել: Դոկումենտի խնդիրներ էր ունեցել, չէր եկել:

-Մազալու ազգ ա էդ ռուսը: Բա մարդու հեր մեռնի, կանգնես- ասե՞ս` երկու թղթի կտոր ա պակաս, չես գնալու:

-Սերոբը հոգին տալուց Կառլենի անունն էր տալիս, — աչքերը լցրեց Վիլեն բիձին:

-Էսօրվա պես հիշում եմ: Իրիկնապահ էր, ասեցի` գնամ դաշտ, մի քիչ պտտվեմ, գամ: Մինչև եկա, հասա, արդեն ուշ էր, — հառաչեց Սանոն:

-Դժվար բան ա: Հայն ինչի՞ պիտի իրա հողն անխնամ թողնի, գնա խալխի հողը շենացնի, մի հատ էլ դոկումենտի խնդիր ունենա ու չգա իրա հորը հողի տակ դնի:

-Բա ի՞նչ անի… Մարդիկ չեն կարողանում ապրել, մեղադրելու չի, Սիրան ջան, — ասաց Վիլեն բիձին :

-Էդ ինչի՞ չեն կարողանում ապրել … Բա մենք ո՞նց ենք ապրում: Մենք էդ կոմֆորտնիյ ապրելու ձևերը չգիտե՞նք, թե մեզ դա վայ թե շատ լինի՞ : Մարդը իրա հողի վրա ա ամուր, մարդն ուրիշ երկրում միշտ ղոնախ ա, մի´շտ: Հետո էլ, բիձի ջա´ն, այ էդ տեսակ հարցեր են առաջանում: Զօրօրինակ` ինչո՞ւ պիտի Կառլենն էստեղ չլիներ ու իրա հորը չթաղեր: Մենք էլի թաղեցինք, Սերոբը մեր ախպերն էր, մեռնողը գետնին չի մնա, բայց Սերոբի համար ավելի պատվական կլիներ, որ իրա դագաղի պոչից իրա տղեն լիներ:

-Բա էդքան մեծացնես, պահես, հասցնես բոյիդ բարեբար ու քեզ ուրիշը թաղի՞: Չէ´, ես չեմ ընդունում, ախպեր, — ասաց Սրապը:

-Հա´մ դուք եք ճիշտ, հա´մ Վիլեն բիձին, մարդու գլուխ խառնվում է,- նվաղուն ձայնով ավելացրեց Սիրանը:

-Ասում են` Օմսկում  խոշոր բիզնեսի տեր ա Կառլենը:

-Գոնե լավ ա, որ էդքանից հետո մի բանի հասել ա, — վրա բերեց Սանոն:

Իրար սիրել գիտեն էս գյուղացիք: Իրարով ապրել, իրար նեղություն քաշել ու իրարով ուրախանալ գիտեն: Մեկը մեկի տնից ու հոգսից տեղյակ, մեկը մեկի համար սար, լեռ, ամրություն: Մեկի ուսը մյուսի մեջքն է, մյուսի մեջքի վրա երրորդի գլուխն ու էսպես շարունակ իրար հյուսված, իրարով շղթայված մի մեծ տուն են, մի տաք երդիկ:

-Տեսնես` ով պիտի գնա դիմավորելու, — հարցրեց Սիրանը:

-Ո՞նց թե, Սիրա՞ն… Մենք, էլ ո՞վ … Ուրեմն Սերոբի տղեն գա, ու մենք չգնա՞նք դիմավորելու: Կդիմավորենք, կբերենք, կպատվենք, կհարգենք, ինչով կկարողանանք, կօգնենք ու ճամփու կդնենք: Բիզնես չունենք, թասիբ էլ հո՞ ունենք, այ Սիրան ջան:

Խանութի դռան մոտ կանգնած է Միքայելը: Դուռը փակ է, վրան գրված է` «Սիրանը թատրոն է նայում»:

-Սիրան տո՞տ, դու դեռ թատրոն ես նայու՞մ:

-Խոսքով եմ ընկել, խանութն էլ չեմ բացել: Եկա, Միքայել ջան: Էնքան խոսում եմ, շան հաչոցը կտրում եմ: Մեկ-մեկ ես իմ ձենից հոգնում եմ:

Սանո քեռին խեթ նայում է թոռանը: Միքայելն ամեն ինչ անում է, որ աչքը պապի աչքին չընկնի:  Ջայլամի պես գլուխը կախել, ոտքով հողի մեջ մի անհեթեթ շրջան է գծում: Սիրանն էլ էնպես շորորվելով է մոտենում, ասես մոդնիյ պոկազի է դուրս եկել: Թե ասա` տեսնում ես լարված իրավիճակ է, մի քիչ արագ արի էլի: Սիրանը մոտեցավ խանութի դռանն ու պոկեց վրայի գրությունը:

-Սիրա´ն, թատրոն չեն նայում, հազար անգամ ասել եմ, թատրոնը դա շենքն ա, որտեղ նայում են ներկայացումը, բեմադրությունը, — դանդաղ, առանց շտապելու, բառերը հատ-հատ իրար հետևից շարելով ասաց Սրապիոնը:

-Էլի սկսեց, Սիրան տո´տ, — ծիծաղեց Միքայելը:

-Իմը թատրո´ն ա ու ես թատրո´ն եմ նայում, Սրապ ջան:

-Լսի´, ա´յ տղա, ինչ առնելու ես, առ ու արի´ էստեղ, հետդ բան ունենք խոսելու,- բեղի տակից համարյա բղավեց Սանո քեռին:

-Չի լինի՞` հետո խոսենք, վռազ եմ, պա´պ, մարդ կա սպասող:

-Պրեզիդենտի հետ ես հանդիպմա՞ն: Չի´ լինի,  թո´ղ սպասեն:

Միքայելն արդեն զգում էր` իրեն ինչ է սպասվում: Անգիր գիտեր պապի տեքստը, էն, որ ինքը դեռ խակ է, որ ամեն ինչ չի հասկանում, որ դեռ երեխա է, թացը չորից չի տարբերում, որ տղամարդն ամեն դեպքում պիտի տղամարդ մնա և էսպես շարունակ: Ու ամենից վատն էն էր, որ  չէր կարող պտտվել, նայել պապի աչքերի մեջ ու ասել` «եկել-գնացել եմ, հենց քո թշնամու թոռանն եմ հավանել, նրան սիրում եմ ու մտադիր եմ նրան մեր տուն քեզ համար հարս բերել, քո թշնամի Պարգևին էլ քեզ խնամի անել, պա´պ»:

Սանո քեռին, Վիլեն բիձին, Սրապիոնը կանգնած են: Նրանց առջև, ասես մեղադրյալի աթոռին, քարի վրա նստած է Միքայելը:

-Ախր, — ասաց Միքայելը:

-Սուս մնա´, երբ որ մեծերը խոսում են, լռի´, համբերի` վերջացնեն, հետո ասելիքդ ասա: Սրա´պ, ասա´, — թոռանն ուղղեց Սանոն:

-Դե, ի՞նչ ասեմ, արդեն ասեցի, էլի… Ուզում եմ ասել` պետք չէր էդքան մարդու մոտ, ծաղրելու պես մի բան եղավ:

-Ոչ թե պետք չէր, այլ հազար ամոթ քեզ ու քո կերած կաթին, տղա ջան: Ես հպարտանում եմ, որ իմ թշնամին քո թշնամին ա, հասկանում եմ` ներսդ չի տանում, որ ինձ հետ ու մեր գյուղի հետ հաշիվներ ունեն, բայց աղջիկ էրեխեն կապ չունի, նրան մեր գործերի մեջ խառնելը տղամարդկություն չի: Արա´, բա թասիբ ունեցող տղամարդը ձեռքի աղբը կշպրտի՞ աղջիկ էրեխու վրա, — անհանգիստ շարժումներ անելով, գնալ- գալով ասաց Սանոն:

Միքայելը լուռ նստած է:

-Պարգևն էս անգամ ճիշտ էր, — իրեն հատուկ խաղաղությամբ ասաց Վիլենը:

-Հա, Վիլեն ջան, էս անգամ մենք խոսելու տեղ չունենք: Էս լակոտը խոսելու տեղ թողե՞ց, որ խոսենք:

-Լավ էլ խոսում էիր, էլ դրանից ավել ի՞նչ էիր ուզում խոսել,- ասաց Միքայելը:

-Էհ, տղա ջա´ն,  դեռ խակ ես:

-Պա´պ, գնամ, էլի, ինձ սպասում են, ուշանում եմ:  

-Ես իմ ասելիքն ասել եմ, եթե Սրապն ու բիձին ավելացնելու բան չունեն, գնա´…

-Չունենք, տղա ջա´ն, չունենք, թո´ղ գնա էրեխեն, — ասաց Վիլենը:

Միքայելն էլ հենց դրան էր սպասում: Տեղից վեր թռավ ու արագ-արագ հեռացավ:Սանո բիձին հետևից բղավեց.

-Մեկ ա, շան լակո´տ, չես մարսելու, որ Պարգևի մոտ գլուխներս կախ թողեցիր:

Մի ինքնաշեն մեքենա է գալիս, կանգնում նրանցից քիչ հեռու: Մեքանայից հնչում է բարձր դասական երաժշտություն: Վարորդ Մինասի կողքին նստած է Սամսոնը` թղթապանակը թևի տակ:

Երաժշտության ձենն առնելուն պես Սիրանը դուրս է գալիս խանութից ու.

-Լավ էլի, Մինա´ս, էս տնգտնգոցիդ հավեսն ո՞վ ունի: Կամ անջատի, կամ մի նորմալ բան միացրու:

-Ճնշումներս  բարձր ա, այ Մինաս ջա´ն, մի դրա ձենը կտրի´,- Սիրանի խոսքը շարունակեց Սանո քեռին:

-Դե, ձեզնից էլ գլուխ չեմ հանում, ինչ դնում եմ, դժգոհ եք … Սամսոնը  սա´ ա սիրում, — ասաց Մինասը:

-Սամսոնն ի՞նչ ա հասկանում, փոխի´, — ասաց Վիլեն բիձին:

Սամսոնն առանց աչքերը բացելու ասում է.

-Դասական երաժշտություն ա, լսե´ք, թող հոգիներդ մաքրվի էլի…

-Պա˜հ, սրան տեսեք, էստեղ են ասել` ագռավին ասին` ծեռտդ դեղ ա, գնաց ծովի մեջ ծռտեց, — ասաց Սրապիոնը:

Բոլորը ծիծաղում են, բացի Սամսոնից:

-Սամսոն, էդ պապկեդ թևիդ տակ էլի Երևան ես գնու՞մ,- հարցրեց Սիրանն` իրեն հատուկ հետաքրքրասիրությամբ:

-Այո, տիկին Սիրա´ն, Երևան եմ գնում : Գնում եմ քաղաքապետարան, մշակույթի բաժնի պետի մոտ, պայմանավորված եմ:

-Էս իրիկվա ժամի՞ն,- զարմացավ Սիրանը:

-Հա, բա գիտես` ի՞նչ… դրանց պիտի էս ժամին  բռնացնես, դրանք ցերեկը խիստ են զբաղված, — ասաց Սանո քեռին:

Ծիծաղում են:

-Էլի կանցերտ եք ուզո՞ւմ ցույց տաք, — հարցրեց Վիլեն բիձին:

-Այո, ուզում եմ մարզերում էլ մշակութային կյանքը զարգանա: Պետք է գյուղացու երեխան էլ կարողանա թատրոնից ու համերգից օգտվել, ծանոթ լինի արդի արվեստին:

-Մարդ քո պես անդարդ լիներ, Սամսոն ջա´ն,- ձեռքը թափ տալով ասաց Սանոն:

-Մինաս, ա´յ տղա , ասեցինք` էս ծլնգոցն անջատի, չլսեցի՞ր, — դարձյալ ձայնը գլուխը գցեց Սիրանը: 

-Գնա՞նք, Սամսոն: Էստեղ մեզ չեն հասկանում, — ասաց Մինասը Սամսոնին:

Սամսոնը գլխով դրական պատասխան տվեց: Մինասի ինքնաշեն, հազար գույնով ներկված մեքենան տեղից պոկվեց` իր հետ տանելով Սամսոնին ու Սամսոնի դասական մեղեդիները: Գյուղացիք ծիծաղում են: Բերանները բացել ու մի անշառ ծիծաղով ծիծաղում են:

-Ո˜նց խելքը գցեց խեղճ մարդը, — ասաց Վիլեն բիձին:

-Կարդացած, խելոք մարդ էր, տղու մահից հետո էսպես եղավ, էլի…

Էս գյուղում ամենքն իր սրտում մի ցավ ունի, ամենքի սիրտը մի դարդ է ծխում:

-Հիշու՞մ եք` Սամսոնը ջահել ժամանակ  գյուղի ակումբում ռեժիսորություն էր անում:

-Հիմի էլ, որ թողնեն, էլի կանի…

-Բռնողն ո՞վ է, թող անի… հա´մ ինքն իրեն լավ կզգա, հա´մ էլ ակումբը կաշխատի: Սանո´, արի, Վարոսին ասենք, թող դրանով զբաղվի,- ասաց Վիլեն բիձին:

-Ասե´նք, հենց վաղն առավոտ էլ ասենք:

-Կհամաձայնի՞,- հարցրեց Սրապիոնը:

-Հա´, իհարկե, կհամաձայնի: Ինչ-ինչ, մեր գյուղապետն էդպիսի հարցերում միշտ էլ մեզ լսում ա, — ասաց Վիլեն բիձին:

-Ճարն ի՞նչ ա, որ չլսի, — ասաց Սանոն:

-Էդպես մի´ ասա, Սանո, քիչ կա՞ն:

-Զօրօրինակ` մեր կողքի գյուղի գյուղապետը,- ասաց Սրապիոնը:

-Դրանից մի խոսի, լա˜վ , դա մարդ չի, դա կենդանի ա, — մեջ ընկավ Սիրանը:

-Բա~, տեսնու՞մ ես, Սանո ջան, ամեն աթոռին նստող հո՞ մարդ չի:

-Սանո˜, Վիլե˜ն, Սրա˜պ, եկե´ք, հասե´ք, էս էշը հրեն էշ-էշ մտավ խալխի բոստանը,- բղավելով, սքեմի փեշերը հավաքած ձեռքերի մեջ, վազում է Տեր Սահակը:

-Տեր Սահա´կ, կանգնի´, մի շունչ քաշի˜, մի պուտ ջուր խմի˜, բան ասա˜, մարդ բան հասկանա, քյառ ու քյոռ բիձեք ենք, ոչ կարգին լսում ենք, ոչ` տեսնում,- հանդարտ, անշտապ ասաց Վիլեն բիձին:

-Ա´յ Վիլեն ջան, էշս գնաց, ոչ ավել, ոչ պակաս մտավ կողքի գյուղի Վրեժի խաղողի արտը, տունկերը գետնին հավասար արեց:

-Էդ Վրեժին ո՞վ էր խնդրում` գա մեր հողի վրա վազ տնկի: Մենք, մեր գյուղի տերտերը, մեր գյուղի տերտերի էշն ու մեր հողերը: Որս որտեղ ուզենք, էնտեղ էլ կմտնենք ու ավերակ կանենք, — վրա բերեց Սանո քեռին:

-Դե, էդպես ասելով չի, Սանո ջա´ն:

-Սրա՞պ, էլի վախն ընկա՞վ ջանդ, այ տղա´:

-Չեմ վախենում, բայց մեդալի երկու կողմն էլ պիտի´ նայենք:

-Մեդալի երկու կողմը էն ժամանակ սուտ ու հարամ եղավ, երբ սովետի փլուզումից հետո ամբողջ խաղողի այգիները տվեցին դրանց, մեզ էլ բաժին հանեցին անասնակեր խոտի արտերը: Ա´ռ քեզ մեդալի երկու կողմ:

-Էդ արդեն բաժին հանողին պիտի բողոքես, վազ տնկողն ի՞նչ անի:

-Էկեք գնանք, գոնե էդ համառ անտերին հանենք էդ արտից, մեդալի ժամանակ չի,- սարսափահար ասաց քահանան:

Դանդաղ վեր կացան, ամեն մեկն իր մեջքն ուղղելով, հորանջելով, ձեռքերն աջ ու ձախ պարզելով, հանգիստ սկսեցին քայլել դեպի Տեր Սահակի մատնանշած արտը:

-Բայց, եթե կուզեք իմանալ, մենք դեռ երեք կարևոր բան պիտի ապացուցենք: Առաջինը, որ Տեր Սահակը մեր գյուղի տերտերն ա, երկրորդը` էշն էլ  իր էշն ա և երրորդը` էդ հողերը մեր հողերն են:

-Էդ հողերի համար թուղթ ու թամասա կա, քարտեզ կա, հո հենց էնպե՞ս չի, Վիլե´ն: Հրեն, գյուղի քարտեզը գյուղապետ Վարոսի դարակում դրված ա: Կարող են գնալ, մանրամասն ուսումնասիրել ու տեսնել, որ էդ խաղողի այգիները մեր գյուղի հողի վրա են: Իսկ քահանան մերն է ու մերը:

-Էդ ինչի՞ց իմացար, որ քահանան մերն է ու մերը,- հարցրեց Վիլեն բիձին:

-Մեր վանքումն ապրում է, մեր ցորենի հացն ուտում է, մեր գինին ու արաղը խմում է, մերը չէ՞ ու նրանցն է՞:

-Գինի ու արաղ խմող չկա, Սանո´, — ուղղեց Տեր Սահակը:

-Լավ էլ կա´, էդ թշերդ կարմիր, բողազդ կարմիր որ գալիս ես, գիտե՞ս` չենք հասկանում` ինչն ինչոց ա:

Մի զռռոց է լսվում: Դիմացից հանգիստ քայլերով գալիս է էշը` բերանին խաղողի վազ:

-Էս էլ մեր էշը: Անամոթի պես էլ նայում է վրաներս ու ծամում:

-Տնաշենն էնպես է ծամում, ասես հոր հացն է ծամում:

-Այ, մա´րդ, բան ու գործ թողել ենք, ընկել ենք էս էշի հետևից: Կառլենն էսօր իրիկուն պիտի էստեղ լինի, պատրաստվենք, որ գնանք դիմավորելու:

-Պատրաստ ենք էլի, Սանո´: Ես Սիմոնին ասել եմ, մոսկվիչն էսօր լվացել ա, բաքը լիքը բենզինը լցրել ա, մեքենայի սալոնում էլ օդիկոլոն ա ցանել: Կառլենը քաղաքի տղա ա, թող ամեն ինչ իր սրտով լինի:

-Ես էլ գամ, չէ՞,- վախվխելով հարց տվեց Սրապիոնը:

-Բա ո՞նց: Բա առանց քեզ ու՞ր ենք գնում, Սրապ ջան: Բա մեջներս մի գրագետ մարդ չլինի՞, կարո՞ղ ա ճանապարհին մի հարց ա առաջանում, բա մեր անելիքը չիմանա՞նք:  Գնում ենք ես, դու, Վիլեն բիձին ու Սիմոնը:

-Բա Սիրա՞նը,- վրա բերեց Սրապը:

-Սիրանը կնիկ արմատ է, Սիրանին ու՞ր ենք տանում:

-Նեղանալու է:

-Ոչինչ, նրան հենց մի քիչ նեղանալը չէր խանգարի: Համ էլ Սիրանի մարդը չի ասի՞` էս գիշերվա կեսին իմ կնկան ու՞ր եք տանում:

-Դա˜, — բացականչեց Սրապը:

-Դա ու ջան, — ծիծաղեց Սանո քեռին:

Սիմոնի մոսկվիչը շարժվում է դեպի օդանավակայան: Գյուղն արդեն անցել են: Մեքենայի առջևում, վարորդի կողքին նստած է Վիլեն բիձին, հետևում` Սանոն ու Սրապիոնը: Չորսն էլ կոկիկ հագնված են, Սրապիոնը վզից կախ է տվել իր կարմիր, սև շրջանակներով փողկապը:

-Ասում ես էլի, Սանո´, հիմի որ մի կնիկ լիներ հետներս, ձեռքներիս մի ծաղկեփունջ կլիներ: Սիրանին իզուր չբերեցինք, — միտք առավ Վիլեն բիձին:

-Կառլենը ծաղկեփունջն ի՞նչ ա անում: Դու ասա` Սանո, ֆայմդ որտե՞ղ էր, որ էն սալորի արաղից մի շիշ չվերցրիր հետդ, ճանապարհին ասել-խոսելով գնայինք: 

Հասան օդանավակայան, հարցուփորձ արին, տեսան, որ երեք ժամ շուտ են եկել:

-Ասեցի` Սրապ, մի վռազի, աշխարհի վերջը չի, կհասնենք:

-Ե՞ս, — զարմացավ Սրապիոնը,- հագել-կապել էիր, իրիկվա չորսից եկել էիր մեր դռան իշոտնուկին նստել:

-Է˜, լավ էի արել: Քամակս քարից ցավ էր տվել, եկել էի քո իշոտնուկին էի նստել, քեզ ի՞նչ: Էն Վաղոյի տան կողմի ցանկապատդ էլ լրիվ ծռվել, կախ ա իջել, աչքդ չի տեսե՞լ, որ ուղղես, հո՞ մենակ գիրք կարդալով չի:

-Աչքս տեսել ա ու չեմ ուղղելու: Ու որ ուզում ես իմանալ` էդ ցանկապատը պիտի քանդեմ, դեն շպրտեմ, ամեն մեր տուն գալուց Վաղոն շալվարի փեշը կարճացնում ա:

-Վաղոյի շալվարի փեշը ե՞րբ ա երկար եղել որ, — ծոր տվեց Վիլեն բիձին:

Սիմոնն ամբողջ ընթացքում ժպիտով հետևում է նրանց զրույցին: Երևի միտք է անում` էս երեք անարատ ու միամիտ բիձեքը որ չլինեն, գյուղը տափաստան կդառնա, մի անջուր ու անհոտ տարածք: Գյուղը պահողն էս երեքն են ու էս երեքի զրույցները:

Թե ժամերը ոնց անցան, իրենք էլ չիմացան: Մեկ էլ տեսան Կառլենը ճամպրուկներով գալիս է` հայացքով մարդ փնտրելով:

-Կառլե˜նն է, — գոչեց ու տեղից վեր թռավ Սանո քեռին:

-Հա, էլի, Կառլենն է, — վրա բերեց Սիմոնը:

-Սանո´, աչքս չի տեսնում, ու՞ր է, — անհանգստացած, հուզված ձայնով ասաց Վիլեն բիձին:

-Աջ կողմդ նայի´, Վիլեն, — ուղղորդեց Սրապիոնը, որ լուռ կանգնած է իր տեղում:

-Կառլեն, Կառլե˜ն, — սրահով մեկ գոռում է Սանոն ու վազում ընդառաջ: Հասնում են, փաթաթվում, գրկում իրար:

Մոսկվիչը հետ է գնում գյուղ: Էս անգամ արդեն վարորդի` Սիմոնի կողքին նստած է Կառլենը: Վիլենը, Սանոն, Սրապիոնը նստած են հետևում: Սրապիոնն անընդհատ ուղղում է փողկապը:

-Կառլեն ջա´ն, շատ ես մեծացել, փողոցում որ տեսնեի, չէի ճանաչի, առանց բարևի կողքովդ կանցնեի, գիտե՞ս:

-Ես քեզ կճանաչեի, Վիլեն բիձի´, ես կբարևեի:

Ճանապարհին պարզեցին, որ Կառլենն Օմսկից էստեղ մի նպատակով է եկել` քանի որ հոր մեռնելով էստեղ չի եղել, եկել է հորը տեսնելու: Հիմա կհարցնես` մեռած հորը ոնց պիտի տեսնի: Դրա ճարն էլ է գտել: Գերեզմանը քանդել է ուզում, հոր ոսկորները հանել, մի լավ նայել ու նորից թաղել է ուզում: 

-Ուրեմն Սերոբի ոսկորներն ես ուզու՞մ հանել, — զարմացավ Վիլեն բիձին:

-Հա´, Վիլեն բիձի, դրա համար եմ եկել:

-Ի՞նչ կա, որ , Վիլեն ջան, հիմա անում են, հիմա ամեն ինչ էլ անում են,- խորիմաստ դեմք ընդունելով` ասաց Սանո քեռին:

Սրապիոնն ու Սիմոնը լուռ են: Կամ կարծիք չունեն, կամ իրենց կարծիքը բարձրաձայնման ենթակա չի:

-Գյուղում հարմար մարդ կա՞, որ գերեզմանը փորի,- շարունակեց Կառլենը:

-Հա, ո՞նց չկա: Դարբին Նհոն: Մեր Նհոն:

Վիլենի էս խոսքից հետո բոլորը լռեցին: Ամեն մարդ էս խոսքից հետո իր մտքերի հետևն ընկավ:

Գերեզմանատուն:

Սանոն, Վիլենը, Սրապիոնը, Կառլենն իրար հետևից, շարքով գնում են, նրանց առջևից քլունգն ու բահն ուսին գնում է Նհոն:

-Նհո ջա´ն, գործ ունենու՞մ ես:

-Հա, դժգոհ չեմ, Կառլեն ջա´ն, փառք Աստծուն:

-Էս մեր ամբողջ տարածքի ամենալավ դարբինն ա Նհոն, Կառլեն ջա´ն, ամեն մատը մի ոսկի ա,- գովեց Սանոն:

-Մենակ մատը չի, սիրտն էլ ա ոսկի, — ժպտաց Վիլենը:

Նհոն կարմրին տվեց, բայց ձայն չհանեց: Նհոն սիրվելուց շիկնում է, փոքրուց էլ էդպես էր:

-Այ տղա´, էլի կարմրեցի՞ր, — ծիծաղեց Սանո քեռին:

Բոլորը ծիծաղեցին, բացի Վիլեն բիձուց: Վիլեն բիձին աչքերը լցրեց ու վերև նայեց:

-Վիլե´ն, դու գերեզմանի տեղը հիշու՞մ ես,- Վիլենի մտքերը կտրեց Սանոն:

-Չէ´, լավ չեմ հիշում, Սանո´:

-Էդ լավ չի:

-Սրապը մոտավոր հիշում է: Համ էլ գյուղում անանուն ընդամենը երեք թումբ կա:

Փոսի մեջ Նհոն է, ճակատից քրտինք է կաթում: Ձեռքի քլունգով ներսից փորում է: Քիչ այն կողմ Սանոն, Վիլենը, Սրապն ու Կառլենը մի փոքրիկ սեղան են բացել ու իրենց համար նստոտել: Նհոն մի գանգ է գտնում, վեր հանում.

-Ըհըն, գլուխը գտել եմ:

Բոլորը շրջվում են: Կառլենն ուշադիր նայում է ու ասում.

-Չէ´, Նհո ջան, իմ հոր գլուխը մի քիչ պոլոզ էր, չէ՞ Սանո քեռի:

-Հա, դունչը երկար էր, գլուխն էլ` վեր ձգված, սա հաստատ Սերոբը չի:

-Նհո ջան, էդ փակի, դրա կողքի թումբը փորի, — հանգիստ տոնով, թազբեհ քաշելով ասաց Վիլեն բիձին:

Նհոն էդ շիրիմը փակեց, կողքի շիրիմն սկսեց քանդել:  Հասավ կեսն ու էլի մի գանգ հանեց.

-Հը՞ն, ի՞նչ եք ասում:

-Սա հազիվ հինգ – վեց տարեկան աղջիկ երեխա լինի, — իմաստնացավ Սանոն:

Նհոն ոչինչ չասեց, հասկացավ, որ սա էլ պիտի փակի ու էն երրորդ` վերջին անանուն շիրմին անցնի: Ահագին փորելուց հետո մի գանգ հանեց ու կանչեց.

-Կառլե~ն, հլա տես էս կըլի՞…

Սանո քեռին նստած է մի խարխուլ տան առջև, փայտե աթոռակի վրա, կողքին դրված է իր անբաժան ռադիո: Լսվում է ձայն.

-Հունիսի 14- ին Թբիլիսիում տեղի է ունեցել ջրհեղեղ, որի հետևանքով քանդվել է Վրաստանի մայրաքաղաքի կենդանաբանական այգին` ամբողջությամբ: Ջուրն այնքան է բարձրացել, որ վարազը լողալով հասել է երկրորդ հարկ: Կենդանիներից շատերը հեռացել են այգու տարածքից: Ոստիկանությունն ու անվտանգության համապատասխան մարմինները միջոցներ են ձեռնարկել կենդանիներին փնտրելու և նրանց այգու տնօրինությանը վերադարձնելու նպատակով:

Իջեցնում է ռադիոյի ձայնը:

-Այ քեզ բա˜ն, իրոք, որ աշխարհի վերջն ա, — ինքն իրեն ասաց Սանոն:

Ռադիոն դնում է թևի տակ, վազեվազ գնում դեպի գյուղամեջ: Ծառի տակ, երկու քարի վրա նստած նարդի են շրխկացնում Վիլեն բիձին ու Սրապիոնը: Մի երկու տղամարդ էլ լուռ հետևում են նրանց խաղին: Մոտենում է:

-Սանո´, արի´, վայ թե իրիկվա վրա գնանք գառ ուտելու, — ձայնում է Վիլենը:

Սրապիոնը լուռ է:

-Հը՞ն, մի բան խոսա, էլի բերանդ կապեցի՞ն, — ասում է Վիլենը:

-Դե, Սիմոնը բոլորիս փոխարեն խոսում է, էլ ես ի՞նչ խոսեմ:

-Եսիմ, թե գառը ծանրանո՞ւմ ա սրտիդ, մի աքլորի վիզ կոլորենք, դուխդ տեղը պահի, գարնան գառն ա գովական, աշնան` հավը: Հիմի մենք դեպի աշուն ենք գնում, հավից էլ չենք նեղվի, — հույս է տալիս Վիլեն բիձին:

-Այ մա´րդ, ի՞նչ գառ, գառի ժամանակը չի … Վրաստանում ջրհեղեղ ա եղել, Թիֆլիսի գազանանոցը ջրի տակն ա անցել, ինչքան կենդանի կա, դուրս ա փախել ու լցվել քաղաքով մեկ: Ի˜նչ քաղաք, ամբողջ տարածաշրջանով մեկ: Հիմի սաղ ժողովրդով, մեծով, մանուկով ընկած էդ գազաններին են ման գալիս, որ մի վնաս չտան պետությանը, — հոգոց հանելով նրանց մոտեցավ Սանոն:

-Օյինդ կտրվի, Սանո´: Մեզ ի՞նչ, թե Վրաստանի գազաններն ուր են փախել: Ես էլ մտածեցի, թե… — ասաց Վիլենը:  

-Ո՞նց, թե` մեզ ի՞նչ: Այ բիձի´, դու մենակ քո կաշվի մասին ես մտածո՞ւմ: Վրաստանը հես ա, քթիդ կպած: Բա որ մի գել, մի կռակադիլ գա՞ էս կողմը…

-Բա որ մի ոչխար գա՞ էս կողմն ու մեր ամբողջ գեղի ժողովրդին կուլ տա՞,- ասաց Վիլենը:

Ծիծաղում են:

-Հիմա հենց ոչխարներն են մարդ ուտում, դու գործիդ կաց, — ասաց Սանոն:

-Դա… Խելամիտ բան ես ասում, — ասաց Սրապիոնը:

-Յա˜, ընկեր Սրապիոն, էստե՞ղ ես, — ասաց Սանոն:  

Վազելով մի պատանի է գալիս նրանց մոտ:

-Սանո քեռի, Վիլեն բիձի, ընկեր Սրապիոն, Ժենիկի Սուրիկն ասում ա` Վրաստանից առյուծ ա փախել դեպի մեր կողմը: Ասում ա կողքի գյուղն ա հասել, ասում ա` ինքն իրա աչքով ա տեսել: Իսկական առյուծ, բաշն էլ հլա թաց ա:

-Այ կողահա´ստ, տեսա՞ր, որ ասում եմ` Վրաստանում մեկը լիաթոք ծիծաղի, մեր լեռներում կլսվի, չես հավատու՞մ:

-Հիմա ի՞նչ ենք անելու, բա որ էդ առյուծը բռնի ու մեր գյուղ գա՞,- միամիտ-միամիտ հարցրեց Վիլենը:

-Բա բռնելու ա ու գա: Գնացի´նք :

-Ու՞ր:

-Ժենիկի Սուրիկի մոտ: Կոնկրետ ճշտենք, թե նա էդ առյուծին որ մասում ա տեսել, որ ժամին ա տեսել և ինչ պայմաններում ա տեսել:

-Դա… ո՞վ կմտածեր, որ էդ առյուծը չէր ալարի ու Թիֆլիսից մինչև էստեղ ոտքով կգար,- վրա բերեց վարժապետը:

Երեքով վազեվազ մտնում են Սուրիկենց տուն, քշում-գնում մինչև ննջարան, որտեղից լսվում է բարձր հևոց: Սուրիկը պառկած է ննջարանում, անկողնու մեջ, Ժենիկն անընդհատ ճակատի թրջոցներն է փոխում ու մաքրում նրա դեմքի քրտինքը:

-Այ մա´րդ, հանգստացի, — սարսափած ասում է Ժենիկը:

-Այ կնիկ, հրեն, էն ծառի տակից դեպի էս կողմն ա գալիս, չես տեսնո՞ւմ: Գոմի դռները փակի, անասուններիս կուլ չտա անաստվածը: Տես, տե´ս` ոնց ա հևալով վրա գալի: Բաշն էլ դեռ թաց ա, է˜, — տեղի տակից բացականչում է Սուրիկը:

-Կփակեմ, կփակեմ, դու հանգիստ պառկի: Աստված իմ, էս ի՞նչ զուլում եկավ մեր գլխին:

-Սուրի´կ, ասում են` առյուծ ես տեսե՞լ,- ներս մտնելով` ասաց Սանոն:

-Հա´, Սանո ջան, տեսել եմ, հենց ըսենց` քո բոյի, քո ջանի, մի վայրենի կենդանի,- շոշափելով Սանո քեռուն ասաց Սուրիկը:

Սանոն ոլորեց բեղերը.

-Դե, կոնկրետ ասա` որտեղ ես տեսել, երբ ես տեսել և ինչ պայմաններում ես տեսել:

-Գնացել էի էն մեր խաղողի այգին ջրելու: Սարամեջ գյուղի ցորենի արտերը կա՞ն, դրանց կողքի էն կարճ ճանապարհով ինձ համար բահն ուսիս գալիս էի, մեկ էլ ականջովս ձեն ընկավ, էդ ցորենի հասկերը սկսեցին խշխշալ: Նայեցի էդ ձենի կողմն ու քարացա: Երկու պլշած աչք էդ ցորենի միջից վրես են նայում: Սկզբում մտածեցի` Պետրոսի տղա Աղասն ա, մեկ էլ դրա աչքի գիլեքն են ըտենց մեծ, բայց տեսա չէ˜, սա մարդ չի, սա մի տեսակ

գազանի պես ա վրես նայում, սրա ախորժակն ուրիշ բան ա˜: Մեկ ասի` վազեմ, մեկ էլ վռազ գլխի ընկա` որ վազեմ, սա միանգամից կհարձակվի ու ինձ մաս-մաս կփռի էս արտի մեջ: Ոտիս կրնկների վրա կամաց-կամաց սկսեցի…

Սանոն այլևս չի լսում Սուրիկին.

-Գնացի´նք: Ապրես, Սուրիկ ջան, Ժենի´կ, ուշադիր եղի´, խելքը չմաղվի:

Դուրս են գալիս:

-Վռազ պիտի Սարամեջ հասնենք, քանի առյուծն էստեղ չի հասել,- ասաց Վիլենը:

-Մեզ անհապաղ զենք ա հարկավոր,- ասաց Սրապը:

-էն ողորմած հորդ չախմախլին ի՞նչ ես արել,- հարցրեց Սանոն:

-Անցյալ տարի հանձնել եմ գյուղապետին:

-Մազալու ես, գյուղապետն ի՞նչ էր անելու քո հոր չախմախլին, — ասաց Վիլեն բիձին:

-Տո´, դու մա՞րդ ես, Սրա´պ, բա մարդ իրա հոր հիշատակ զենքը կտա՞ … գյուղապետին, — հեգնական տոնով ասաց Սանո քեռին,- դե հիմի ոնց տվել ես, գնա ընենց էլ պահանջի:

-Ես պահանջեցի, ինքն էլ հանեց ու տվեց:

-Գլուխն ի՞նչ ա, որ չտա: էսպես կասես` հարգարժան գյուղապետ, որ դու ըսենց քո սիրուն կաբինետում նստել ես, իմ հերը ժամանակին էդ չախմախլու վրա երդում ա տվել, որ Հայաստանի լեռները կլինեն ինձ բարձ, որ հարկ եղած դեպքում իմ արյունով կծառայեմ իմ ազգին, որ ազգիս համար կարժանանամ հրեղեն գնդակի համբույրին, հիմա պադվալում էդ չախմախլուն  ժանգն ա ուտում, ու դու ինձ չես տալի՞ս, որ գնամ գյուղը փրկեմ ասլանի ռեխից: Գնացի´նք:

Սրապիոնը հարցական հայացքով նայում է Վիլեն բիձուն:

 -Դե որ բաղնիք ենք մտել, Սրապ ջա´ն, պիտի քրտնենք, — ասաց Վիլենը:

Գյուղապետի սենյակ: Սենյակում նստած է գյուղապետ Վարոսը` կուչ եկած, ճիվաղ դեմքով:

-Հարգելի ընկեր Վարո´ս, մեզ երեք հատ զենք ա պետք, — զրույցն սկսեց Սանոն:

-Ինձ իմ հոր չախմախլին ա պետք, — իրեն հավաքելով` ասաց Սրապը:

-Հանուն գյուղի փրկության` դու պարտավոր ես բավարարել մեր պահանջները,- ավելացրեց Վիլեն բիձին:

-Տղերք ջան, զենքն ինչների՞դ ա պետք, խառնվել եք իրար:

-Ո՞նց թե: Վրաստանի ջրհեղեղից գազանանոցը քանդվել ա,- ասաց Սանոն:

-Հետո՞, —  զարմացավ գյուղապետը:

-Գազանները վախից փախել են,- շարունակեց Սանոն:

-Է, հետո՞:

-Հետո էն, ընկեր գյուղապետ, որ էդ վախեցած առյուծներից մեկը հրեն հասել ա Սարամեջ, շուտով մեր գեղ կմտնի, իսկ մենք էշի ականջում քնած ենք:

-Հիմի մեզ զենք տո´ւր, գնանք էդ ասլանին մեջտեղից երկու կես անենք, գանք:

-Էս գյուղում ինչ դուրս գա, ձեր երեքից պիտի դուրս գա,- հառաչեց գյուղապետը:

-Թե տալիս ես, տո´ւր, թե չէ, գնանք պադվալի դուռը ջարդենք, ժամանակ չկա´,-  բղավեց Սանո քեռին:

Սրապիոնը նայեց Սանոյին ու սկսեց.

-Հարգարժան գյուղապետ, որ դու ըսենց քո սիրուն կաբինետում նստել ես, իմ հերը ժամանակին էդ չախմախլու վրա երդում ա տվել, որ Հայաստանի լեռները կլինեն ինձ բարձ, որ հարկ եղած դեպքում իմ արյունով կծառայեմ իմ ազգին, որ … որ …

-Որ ազգիս համար կարժանանամ,- հուշում է Սանո քեռին:

-Որ ազգիս համար կարժանանամ հրեղեն գնդակի համբույրին:  Հիմա պադվալում էդ չախմախլուն  ժանգն ա ուտում, ու դու ինձ չես տալի՞ս, որ գնամ գյուղը փրկեմ ասլանի ռեխից:

-Տալիս եմ, բայց մի պայմանով: Եկեք ամեն մեկդ առանձին-առանձին սևով սպիտակի վրա գրեք, որ եթե ձեզ հետ որևէ բան պատահի, դիցուք առյուծը հարձակվի ձեզ վրա կամ գիշերը վրա գա, անտառից գել ու արջ իջնեն ու ձեզ հետ ուզենան «մտերմանալ», ես` Հեր գյուղի գյուղապետ Կարապետյան Վարոսս, որևէ պատասխանատվություն չեմ կրում այդ հարցում: Որ զենքերն էլ գյուղապետից վերցրել ենք բռնի կերպով: Նա չէր տալիս:

-Ո՞նց թե բռնի կերպով, — ապշեց Սրապիոնը:

-Բե´ր, բե´ր, ստորագրեմ, հա , հե´նց նա չէր տալիս ու բռնի կերպով էլ վերցրել ենք,- վրա տվեց Վիլեն բիձին:

Երեքով նստած լուռ զեկուցագիր են գրում: Ստորագրում են, դնում գյուղապետի առջև:

Գյուղապետարանի մուտքի մոտ կանգնած են երեքով` ամեն մեկի ձեռքին մի հրացան:

-Պետության հետ հարցերը լուծեցինք, մնաց Աստծո հետ էլ մեր հախ ու հաշիվն անենք  ու ճամփա ընկնենք, -ասաց Սանոն:

Գնում են: Վիլեն բիձին, Սանո քեռին ու Սրապիոնը մոտենում են գյուղի փոքրիկ մատուռին: Ներսում քահանան սքեմի վերևի մասի կոճակներն արձակած, մազերը խառնած, նստած է իր խցում: Դիմացը դրված է օղու փոքրիկ շիշ, օղով լի բաժակ, հաց, պանիր, կանաչի: Դրսից Սանոն ձայն է տալիս.

-Սահա՞կ, Տեր Սահա´կ, էստե՞ղ ես:

Քահանան, լսելով դրսից եկող ձայնը, կոնծում է բաժակի օղին, շիշն ու բաժակն արագ թաքցնում, կոճկում սքեմի կոճակները, մազերն ուղղում ու ընդառաջ է գնում: Երեքով ներս են մտնում` հրացաններն ուսներին, Սանո բիձու թևի տակ` ռադիոն:

-Էս կռիվ եք գնու՞մ, — զարմացավ Տեր Սահակը:

-Հա, գնում ենք գյուղն ազատագրենք:

-Ումի՞ց:

-Վրացական առյուծից:

-Ժամանակ չունենք, Տեր Սահա´կ, հորդ Աստծուն մեռնեմ, օրհնի, բարով գնանք, բարով վերադառնանք,- ասաց Վիլեն բիձին:

Սանոն սկսեց արագ-արագ պատմել.

-Վրաստանում ջրհեղեղ ա եղել, գազանանոցը ավիրվել ա, գազաններն էլ փախեփախ են եղել: Առյուծներից մեկը, ըստ երևույթին` ամենամեծը, սահմանն անցել ու հայտնվել ա մեր հողերում: Վերջին անգամ նրան տեսել ա Ժենիկի Սուրիկը, Սարամեջ գյուղի ցորենի արտերի մեջ, ընդամենը ժամեր առաջ: Հիմա գնում ենք, դեմն առնենք, որ դրա ոտը մեր գյուղ չմտնի, մեր հալալ գյուղը չապականվի:

-Հասկացա˜: Բա էս զենքերը որտեղի՞ց եք գտել:

-Պետական հարցեր մի´ տուր: Դու քո  գործն արա´, դու ի՞նչ գործ ունես պետության զենք ու զինամթերքի հետ, — ասաց Վիլենը:

Սանո քեռին մոտենում է, սեղանի վրայից վերցնում է քահանայի ձեռքի խաչը, բերում, տալիս է նրան.

-Խնդրեմ, օրհնի´, գնանք, թե չէ հրես առյուծի փոխարեն քեզ եմ էն աշխարհն ուղարկելու:

Երեքով ծնկած են, հրացանները ձեռնքներին, Սանո քեռին ռադիոն ձեռքից չի գցում, Տեր Սահակը կանգնած նրանց գլխավերևում` աղոթում է:

Եկեղեցու դռներից մեջքով, խաչակնքվելով դուրս են գալիս երեքով, ապա` քահանան: Խաչակնքվելուց Սանո քեռուն անընդհատ խանգարում է թևի տակի ռադիոն, բայց էդ էր պակաս, որ  նա ձեռքից ռադիո վայր դնի:

-Տերը ձեզ պահապան, ի՞նչ ասեմ:

-Դրանից ավել բան մի´ ասա, Տեր Սահա´կ:

Տեր Սահակը հաց, պանիր, ջուր, կանաչի է դնում մի կտորե տոպրակի մեջ ու տալիս նրանց: Սրապիոնը, որպես մեջների ջահել, տոպրակը գցում է ուսն ու գնում են:

-Էդ ռադիոն գցի´ ձեռքիցդ, էլի, — սրտնեղած ասում է Վիլենը:

-Ինչի՞:  Իմ ռադիոն ու՞մ ա խանգարում: Իմ ռադիոն որ չլիներ, ո՞վ էր իմանալու` ով ա փախել Վրաստանից:

-Ես իմ ասելիքն ասեցի:

-Ընտրի` կա´մ մշակույթ, կա´մ պատերազմ: Երկուսն իրար հետ չեն լինում, — ասաց Սրապիոնը պաթետիկ տոնով:

-Ո՞վ ասաց` չեն լինում: էդ Գերմանիայում քոչարի պարեցին, եղա՞վ,  հենց հերթը հասավ ինձ, արդեն մշակույթն ու պատերազմն իրար հետ չեն լինու՞մ: Կարող ա` մի կարևոր լուր են հայտնում մեր առյուծի մասին:

Շարունակում են քայլել: Սանո բիձին սկսում է երգել «Հաբրբան» երգը: Քիչ անց նրան են միանում նաև Վիլենն ու Սրապիոնը:

-Տղե´րք, առյուծը, — ասում է Վիլեն բիձին:

Երեքով նայում են: Ծառերի հետևից շեկ մազափունջ է երևում:

-Դիրքավորվե´ք: Հենց ասում եմ կրակ, առաջին գնդակը թողնում ես, Սրա´պ,- հրաման է արձակում Սանոն:

Սկսում են դիրքավորվել: Հրացանները պատրաստ պահում են: Ռադիոն խանգարում է Սանո բիձուն:

-Էս զիբիլն իսկականից, որ խանգարում ա, — խոստովանում է Սանոն:

-Հիմի կողահաստը ե՞ս եմ, թե՞ դու:

-Ո´չ ես, ո´չ դու, կողահաստը մեր Սրապն ա:

Ծիծաղում են: Լսվում է խշխշոց, դարձյալ երևում է մազափունջը:

-Կասկած չկա´, առյուծն ա : Դարան ա մտել, տեսել ա, որ զինված ենք: Սրա´պ, կրա´կ…

Սրապը կրակում է: Լսվում է մարդկային բարձր ձայն:

Ծառերի տակ, խոտերի միջից հետույքը բռնած կանգնում է շիկահեր, մոտ քառասուն տարեկան մի տղամարդ:

-Oh my God. What are you did ?

Շիկահերը ապշահար նայում է էս երեք բեղավոր տղամարդկանց: Վիլեն բիձին ամոթից աչքերը պինդ փակել է: Սրապն էլ հուզմունքից խուրջինն առել է ձեռքն ու շիվարել:

-Վա´յ, ղուրբան քեզ, քեզ ենք կրակե՞լ: Սրա´պ, ասեցի` չվռազես: Չեք լսում մարդու, հո՞ զոռով չի,- ասաց Սանոն:

Երեքով մոտենում են, հանում են ջրով լի շիշը, Սրապիոնը թրջում է իր թաշկինակը, դնում անգլիացու հետույքին:

Նստած են խոտերի մեջ Սանո քեռին, Վիլեն բիձին ու Սրապիոնը, անգլիացին պառկած է` հետույքին թրջոց: Սանոն հառաչում է.

-Չմեռանք՝ Անգլիայի քամակին էլ թրջոց դրեցի´նք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով