Պատմվածք, Վահան Տեր-Ղազարյան

Փողոցի գզգզված կատուն

Լուիզան միտք չուներ լուսամուտից դուրս նայել, միայն ուզում էր օդափոխել ծխախեղդ սենյակը: Սառը, քաղցրահամ օդը գամեց նրան լուսամուտագոգին: Դուրսը ցուրտ էր, թաց ասֆալտի վրա տեղ-տեղ ճերմակին էր տալիս կեղտոտ ձյունը: Մայթով մի շուն և մի կատու էին վազում: Շունը հետապնդում էր կատվին: Շունը երեքոտանի էր, և ողջ լարված մարմնում պարտքի գիտակցություն կար: Կատուն վազում էր լուրջ ու ծիծաղելի, մի տեսակ շորորալով, երբեմն կանգ էր առնում և սպասում, մինչև շունը մոտենար, հետո ծույլ փորձ արեց մագլցել ծառը, սակայն դարձյալ կանգ առավ ու հանդարտ դիտեց շան եռատրոփ արշավը, ապա հանգիստ անցավ մայթը: Շունը հետևեց նրան: Որտեղից որտեղ մի մեքենա հայտնվեց ,  և շունը քիչ էր մնում` ընկներ մեքենայի տակ: Կատուն կան գնել էր դիմացի մայթին ու, ինչպես Լուիզային թվաց,  տագնապով դիտում էր մեքենան: Շունը կանգնել էր փողոցի մյուս եզրին, լեզուն դուրս գցած ծանր հևում էր և, ինչպես Լուիզային թվաց, աչքերը թաց էին, թե՞ փայլում էին փողոցի լապտերի լույսի տակ:

Այս   ամենը նկատելուց հետո Լուիզան փակեց լուսամուտը՝ համարելով սենյակն օդափոխված: Պատին կախված ժամացույցը հայտնեց, որ ժամը ութն է: Լուիզան գնաց խոհանոց և գազի վրա սուրճ  դրեց, դատարկեց ծաղկաձև մոխրամանը՝ հիշելով  ամուսնուն՝ մոխրամամի նախկին տիրոջը: Հետո սուրճն ու մոխրամանը վերցնելով եկավ սենյակ, ճանապարհին մտածելով` որ Աշոտը խոզի մեկն էր և նրա հետ երբեք երջանիկ չի եղել :

Հեռախոսը զանգեց:

     -Լսում եմ:

     -Բարև, — խոսեց լսափողը տղամարդու ձայնով , -տան՞ն ես…

-Ո՞վ է,- հարցրեց Լուիզան, չնայած ճանաչեց Մկրտիչի ձայնը :

     -Ես եմ,-ասաց ձայնը, առանց հարցին ուշ դարձնելու,- Գործ ունեմ հետդ:

     -Շտա՞պ է:

     -Հա, իհարկե, թե չէ ինչ՞ի պիտի էս ուշ ժամին զանգ տայի:-ասաց Մկրտիչը և Լուիզան  զգաց, որ ձայնը հուզված է:

     -Լավ, արի:

     Մկրտիչը կախեց լսափողը:

     «Տեսնես, ին՞չ գործ ունի,- մտածեց Լուիզան: Նա չէր ուզում Մկրտիչին տեսնել: Առանց այդ էլ ամբողջ օրը հիմնականում տեսնում է նրան: Մկրտիչը ծանր բնավորություն ուներ, չնայած, հիմնականում,վատ մարդ չէր: Բայց տարվա  տասնմեկ ամիսը տեսնել նույն երեսը, բաժնի վարիչի գրասեղանի մոտ, նույնիսկ, Լուիզայի նման հոգնած  ու անտարբեր մարդուն կարող է ձանձրացնել: Արդեն ութ տարի նստում էին նույն սենյակում` չորս կին և նույն բաժնի վարիչը: Ու վաղուց էր արդեն միմյանց չէին նկատում: Չէ  որ ոչինչ  չէր փոխվում, ոչ մի նորություն, երբեմն ծնունդ, կամ որևէ տոն և հետո աշխատանք: Եթե պատահում էր շաբաթ, կամ կիրակի օրը հավաքվել, ամեն ինչ կեղծ էր դառնում և թվում էր, թե գեղեցիկ շորով կանայք ու տոնական հագուստով Մկրտիչը խաբում են միմյանց, գողանում իրար երես չտեսնելու օրը: Լուիզան հիշեց, որ Մկրտիչին երբեք  չէր  տեսել  չսափրված: Նա մտածեց, թե Մկրտիչին երևի բեղ կսազեր, հետո սկսեց լարված հիշել` Մկրտիչը բեղ ուն՞ի, թե ոչ: Եվ այդ պահին հնչեց դռան զանգը: Հիմա կպարզենք. մտածեց Լուիզան ու ներքուստ ծիծաղեց: Ութ տարվա մեջ չի նկատել այդքան նշանավոր մի բան` Մկրտիչը բեղ պահում է, թե ոչ … Լուիզան բացեց դուռը: Մկրտիչը կանգնել էր դռան առաջ և ձեռքերում փափախն էր տրորում: Նրա դեմքին  մի  անսովոր արտահայտություն էր, որն ստիպեց Լուիզային անմիջապես ներս հրավիրել նրան:

-Հանիր վերարկուդ,-ասաց նա,-հիմա սուրճ կպատրաստեմ:

     Մկրտիչը հանվեց ու անցավ սենյակ , սկսեց ետուառաջ քայլել:

     -Նստիր,-ասաց Լուիզան, և Մկրտիչը հնազանդ նստեց, զարմանալի փութկոտությամբ ենթարկվելով:

    Լուիզան նկատեց, բայց հաջորդ պահին մոռացավ, քանի որ խոհանոցում խրխռաց ծորակը: «Ջուրը կտրեցին,- զայրացավ նա,- էլի ամանները չլվացի…»

     Երբ սուրճը բերեց ու նստեց Մկրտչի դիմաց` ապշեց: Նոր միայն նկատեց, որ Մկրտչի երեսին գույն չկա: Միշտ կարմիր դեմքը ճերմակ էր, վարի շրթունքը դողում էր, աչքերը վազում: «Ոնց որ փղի աչքեր լինեն,- մտածեց Լուիզան:

     -Ին՞չ է պատահել,- հարցրեց:

     Մկրտիչը չէր կարողանում ուղիղ նայել կնոջ դեմքին: Հետո մի տեսակ հևալով հարցրեց.

     -Քո ամուսնու ազգանունը Բարսեղյա՞ն էր:

     -Այո,- ասաց Լուիզան:

     -Աշո՞տ:

     -Այո:

     -Իսկ հիմա ին՞չ հարաբերությունների մեջ ես նրա հետ:

     -Ոչ մի,- անտարբեր ու քիչ հետաքրքրված պատասխանեց Լուիզան:

     -Կորա,- վնգստաց Մկրտիչն ու աչքերը դարձան ողորմելի, հետո նա թռավ տեղից ու վազեց սենյակում, ձեռքերը անճոռնի խփելով կողերին:

     -Ախր, ին՞չ է պատահել,- գրեթե զզվելով բացականչեց Լուիզան:

     Մկրտիչը սփրթնեց, փլվեց բազկաթոռին ու հառաչեց:

     -Կորա…,- հետո հարցրեց,- ամուսինդ դասախոս է, չ՞է:

     -Ախր ին՞չ կապ ունի: -Սկսեց զայրանալ Լուիզան,- Ես նրա հետ ոչ մի հարաբերություն չունեմ և չեմ էլ ուզում ունենալ:

     -Ախ,- տնքաց Մկրտիչը գրեթե լացակումած, ապա սկսեց կրծոտել շրթունքները:

     Լուիզան կոնյակ բերեց:

     -Խմիր:

     Մկրտիչը գրեթե առանց նկատելու խմեց և մի հատ էլ լցրեց: Ասես ընկավ թմրության մեջ, աչքերը փակեց, գլուխը ետ գցեց: Շուրթերը, չգիտես, դողում էին, թե խոսում էր ինքն իր հետ, ապա բացեց աչքերն ու սևեռուն նայեց Լուիզաին, քիչ անց հայացքը դարձավ աղերսելի և Լուիզան դարձյալ զզվանք զգաց: Նա չէր կարող պատկերացնել, թե մարդն ինչ պատճառով կարող է հասնել նման վիճակի:

     -Հանում են,- անսպասելի շշնջաց Մկրտիչը: Աչքերը կլորացան, և նա շուրջը նայեց:

     -Ու՞մ, Աշոտի՞ն,- չհասկացավ Լուիզան:

     -Ինձ, ինձ են հանում:

     -Ո՞վ ասաց:

     -Ինքը,- դարձյալ շուրջը նայեց Մկրտիչը, ապա մատը վեր տնկեց,- ինքը…

     -Ինչո՞ւ…

     -Մարդ ունի բերելու: Վա՜ախ…- Մկրտչի ձայնը գրեթե անլսելի դարձավ, հետո նա ողբաց խեղդված շշուկով,- ես երեք երեխա ունեմ,- աչքերում արցունքներ երևացին:

     -Հանգստացիր,- կտրուկ հրամայեց Լուիզան՝ ինքն իր վրա զարմանալով: Վերջ տուր,- ու առաջ մղեց կոնյակի բաժակը,- խմի՛ր:

     Մկրտիչը խմեց ու ծամածռեց դեմքը:

     -Քաղցա՞ծ ես:

     -Չէ,- մեքենայորեն պատասխանեց Մկրտիչը:

    -Ծխիր,- դարձյալ հրամայեց Լուիզան:

     -Ախր ես ծխող չեմ,- գրեթե խնդրեց Մկրտիչը, ապա մի ծխախոտ վառեց, ծուխը ներս քաշեց ու անմիջապես հազաց:

     -Դե, հիմա հանգիստ պատմիր:

     -Հա,- սկսեց Մկրտիչը,- կանչեց էսօր ու բերել տվեց անցյալ եռամսյակի գրաֆիկ-նախահաշիվը: Հետո սկսեց մշակել: Ախ, ինչ բերեց գլխիս, ծնված օրիցս էդպես ծեծ կերած չկամ: Վերջում ասաց՝ դիմում գրիր,- Մկրտիչը ընդհատ-ընդհատ հեծկլտում էր:

     Լուիզան զգաց, որ նրա մոտ հիստերիա է սկսվում:

     -Հանգիստ,-ճչաց նա,-հանգստացիր։

     Երբ Մկրտիչը հանգստացավ` շարունակեց:

     -Հետո Ալիսան ասաց, որ մարդ ունի բերելու։

     -Ալիսան ո՞վ է,-հարցրեց Լուիզան:

     -էն, որ սուրճ է նայում` քարտուղարուհին:

     -Հա՜:

     -Ախր ձեր համար էլ վատ կլինի, որ ինձ հանեն, չէ՞,-այս պահին Մկրտիչի ձայնի մեջ գրեթե քծնանք կար,-ինչքան չլինի ութ տարի աշխատել ենք միասին: Դուք ինձ եք սովորել, ես` ձեզ, չնայած Ամալյան քո նկատմամբ այնքան էլ…

     -Լավ, լավ,- տհաճությամբ բամբասանքը կտրեց Լուիզան,- իսկ ամուսի՞նս ինչ կապ ունի այդ բոլորի հետ:

     Եվ առաջին անգամ բաժանման տարիների մեջ ամուսին բառը Լուիզան արտասանեց հարգանքով: Չէ, նա այսպիսին չէր կարող լինել:

     -Հա,-ասաց Մկրտչը,- Աշոտ Բարսեղյանն այս տարի ընդունել է Պողոս Իվանիչի աղջկան, իսկ աղջիկը բութ է…,- Մկրտիչն առաջին անգամ ժպտաց քիչ կռվարար, քիչ խղճալի ժպիտով:

     -Հետո՞:

     -Հետո, Պողոս Իվանիչը շատ մեծ ազդեցություն ունի մերի վրա: Եթե հնարավոր լիներ…,- Մկրտիչը սկսեց կմկմալ,- եթե հեռախոսը… գուցե…- ու լռեց:

     Լուիզան մտասուզվեց: Նրա աչքերի առջև հայտնվեցին սկզբում ամուսինը` եսասեր, չափավոր խելոք ու խիստ գործնական, միջահասակ ու հանգիստ, մի՛շտ հանգիստ… Հետո տեսավ Պողոս Իվանիչի կարճահասակ, ճարպոտ ու ինքնագոհ կերպարանքը՝ միշտ ցինիկ ժպիտը դեմքին, փոքր, անշրթունք բերանով, ապա իրենց պետի` Սեմյոն Արկադիչի ահեղ, հաղթանդամ կերպարանքը, որոտալից ձայնը, միշտ ցնցվող, միաժամանակ միշտ վեր նայող մազափունջը ճակատին և արագաշարժ մանր աչքերը: Լուիզան նկատեց, որ Սեմյոն Արկադիչի աչքերը, անսովոր փոքրիկ բերանը նման են Մկրտիչի աչքերին ու բերանին, հետո հիշեց, որ հիմնականում շատերի թե՛ աչքերը, թե՛ հայացքը նման են Սեմյոն Արկադիչի աչքերին, ու անհեթեթ միտք անցավ գլխով` ինչո՞ւ է, ուրեմն, հանում Մկրտչին: Ապա ցանկացավ հայելու մեջ նայել, գնաց ննջարան, առանց նկատելու, որ Մկրտիչն իր ելնելու հետ, ոտքի էր կանգնել, հիմա նրա համար աշխարհում ավելի ամուր փրփուր չկար, քան Լուիզան, որից պիտի կառչեր ու լողար դեպի փրկություն…

    Լուիզան նայեց հայելուն: Չէ, իր հայացքն այդպիսին չէր: Հետո ուշադիր նայեց` ինքը գեղեցիկ է ու միշտ էլ գեղեցիկ է եղել: Փողոցում նույնիսկ քսանամյա տղաներն են շրջվում, բայց Մկրտիչն իր պատասխանին է սպասում: Կարո՞ղ է զանգել… և ո՞ւմ… պետի՞ն: Պիտի ասի, որ Մկրտիչ Հարոյանը միշտ լավ աշխատող է եղել, բազում տարիների աշխատանքային փորձ ունի, և  ինքը` բաժնի անունից խնդրում է… Չի լինի: Նախ բաժինն ի՞նչ է, որ անուն կամ կարծիք ունենա… հետո ինքն ի՞նչ իրավունք ունի բաժնի անունից խոսելու… Լուիզան Սեմյոն Արկադիչին մինուս դրեց ու հայելու մեջ նկատեց, որ այս ընթացքում փոփոխում է դեմքի արտահայտությունները, ասես խոսում ու հմայում է պետին… ծիծաղեց: Պողոս Իվանիչին չի զանգի` ստիպված պիտի լինի լսել անմիջապես համաձայնվողի ճարպոտ ձայնը. «Յա, Լուիզա ջան, բա դու խնդրես, ու ես… Հաշվիր` եղած գործ է»: Հետո, մի քանի օրից Սեմյոն Արկադիչը կկանչի ու կասի, թե մի օր առաջ Պողոս Իվանիչն իր մասին է հարցրել, և Լուիզան չի խուսափի փոխադարձ առաջարկությունը լսելու տհաճությունից:

     Ուրիշ ին՞չ միջոց կա… Զանգել ամուսնո՞ւն… Այս, հենց սկզբից մերժված տարբերակը Լուիզան չսկսեց կշռադատել: Այստեղ կամ այո, կլինի կամ` ոչ: Բայց եթե զանգի, մերժում չի ստանա, դա պարզ է… Չէ որ ինքն է թողել Աշոտին… Բայց… բայց Մկրտիչն արժե՞ր նման զոհողության:

     Բանալին պտտվեց դռան մեջ, ու ներս մտավ աղջիկը:

     -Բարև, բալիկ ջան,- առաջինը բարևեց Մկրտիչը,-Տես է, դատարկ ձեռքերով…- ու շփոթված նայեց հատակին:

     Աղջիկը միայն գլխով արեց, հանեց վերարկուն ու մտավ խոհանոց, Լուիզան գնաց նրա հետևից:

     -Ինչո՞ւ ես ուշանում:

     -Հայրիկի մոտ էի,- ասաց աղջիկը:

     -Բա եղբա՞յրդ ուր է:

     -Նա մնաց գիշերելու, գործ ունեին:

     -Ուրեմն, նա է՞լ էր այնտեղ,-և Լուիզան մտածեց, որ երեխաներն արդեն մեծացել են, վախեցավ նրանց ինքնուրույնությունից… և բոլորովին ուրիշ հարց տվեց:

     -Ուրեմն, հայրդ տա՞նն է:

     Աղջիկը զարմացած նայեց մորն ու ոչինչ չպատասխանեց, միայն վառեց գազը: Եվ առանց երկար մտածելու, իր համար էլ անսպասելի Լուիզան հեռախոսը տարավ ննջասենյակ… Լսափողը վերցրեց որդին:

     -Արա՞մ,-ասաց Լուիզան,- դու տուն չե՞ս գալու…

     -Չէ, մայրիկ, գործ ունեմ:

     -Իսկ հայրդ տա՞նն է:

     -Ինչո՞ւ,- զարմացավ տղան,-մենք ինստիտուտի համար ենք պարապում…

     -Տուր հորդ:

     -Հիմա:

     Թավ, բայց հնչեղ ձայնը ընդհատեց հեռախոսի խռխռոցը:

     -Բարև,-ասաց Լուիզան:

     -Հ՞ը, ի՞նչ կա,-կոպիտ պատասխանեց ամուսինը, բայց Լուիզան ուշադրություն չդարձրեց:

     -Աշոտ, ես քեզ հետ կարևոր գործ ունեմ:

     -Ասա՛:

Լուիզան հանգամանորեն շարադրեց իրավիճակը, հետո ասաց.

     -Ին՞չ կարող ես անել;

     -Ամեն ինչ էլ կարող եմ, բայց չեմ անի,- պատասխանեց ամուսինը:

     Լուիզան ապշեց, նման բան չէր սպասում:

     -Մի խնդրիր:

     -Ինչո՞ւ…

Լսափողի մեջ կարճատև լռություն տիրեց, հետո ամուսինն ասաց.

     -Այդ տեղն ուրիշի համար է:

     -Բայց դու ասացիր, թե ամեն ինչ էլ կարող ես:

     -Դու երբեք էլ չես փոխվի,-զայրացավ ամուսինը,-պիտի հասկանա՞ս, որ այդ տեղը քեզ համար է, և այդ մարդը դու ես: Եվ որ այս բոլորը ես եմ արել…

     Լուիզան նստեց հատակին: Լսափողն ընկավ ձեռքից: Նա շտապ ճանկեց այն ու հարցրեց.

     -Ինչո՞ւ, ինչի՞դ էր պետք, ի՞նչ ես խառնվում իմ գործերին:

     -Ես քո գործերին չեմ խառնվում, դա երեխաների համար է… -գոռաց ամուսինը, ապա հանգիստ շարունակեց,-Առավելությունները քննարկել պետք չէ: Դրանք քեզ լավ հայտնի են: Այնպես որ… Վաղը Սիմոնը կկանչի քեզ և չհամարձակվես հրաժարվել:

Լուիզան մի պահ լռեց, հետո վճռական ասաց.

     -Ես անպայման կհրաժարվեմ և դիմում կգրեմ: Ես երբեք չեմ մնա մի հիմնարկում, ուր ծավալվում է քո ազդեցությունը…

     -Գիտե՞ս, հիմա ես ով եմ,-ծիծաղեց ամուսինը:

     -Չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ:

     -Ուրեմն, մի ուրիշ բան իմացիր, հիմա իմ ազդեցությունը տարածվում է բոլոր հիմնարկների վրա: Ես ամեն տեղ կապեր ունեմ:

     -Դա ինձ չի հետաքրքրում,-հայտարարեց Լուիզան,-Ես դուրս եմ գալիս աշխատանքից… Աշխարհում մի տեղ կլինի, ուր քո ազդեցությունը չի տարածվում,-հետո սկսեց անկապ խոսել,-նա երեխա ունի…

     -Իսկ դու` երկուսը: Դուք միայն տեղերն եք փոխում` ռակիրովկա: Մտածիր մինչև վաղը: Ես չեմ կարող նորից զանգել Պողոս Իվանիչին:

     -Չգիտեմ` ինչ ես կարող, բայց ես դուրս եմ գալիս: Մեկնում եմ, վերջ: Հիմա կախում եմ լսափողը:

     -Ուր, ո՞ւր ես մեկնում,-անհանգստացավ ամուսինը:

     -Ուր աչքս կտրի, Մոսկվա, երեխաներին էլ տանում եմ հետս…բարի գիշեր: Ոչ, մնաս բարով:

     Լուիզան կախեց լսափողը, գլուխը հակեց ծնկներին: Եվ դարձյալ նույն հարցը` մի՞թե Մկրտիչն արժեր այս բոլորին… հետո հասկացավ, որ Մկրտիչն այստեղ ոչ մի գործ չունի, սա բոլորովին այլ խոսակցություն էր: Եվ դադարեց լաց լինելուց: Աննկատելի սենյակ մտած աղջիկը գրկեց նրան ու հանգիստ սկսեց շոյել գլուխը, հետո հարցրեց.

     -Դու հայրիկի՞ հետ էիր խոսում:

     -Իսկ դու շատ ես մեծացել: Ըը… Սուրճ տուր Մկրտիչին…

     -Հիմա,-ասաց աղջիկն ու մնաց:

     -Ես ինքս կտանեմ:

     -Քո աչքերը կարմրած են, մայրիկ,-ժպտաց աղջիկը,-քեզ է սուրճ հարկավոր: Իմիջիայլոց, քո խոսելիս նա լրտեսում էր,-ու ծիծաղեց:

     Լուիզան լվացվեց, սուրճ պատրաստեց ու տարավ սենյակ: Մկրտիչն արդեն դատարկել էր կոնյակի կեսը: Լուիզան հիշեց, որ նա երբեք մի բաժակից ավելի չէր խմում: Մկրտիչը լայն բացված փոքրիկ աչքերով նայում էր իր դիմաց: Նա հիմարաբար հետևում էր, թե ինչ է կատարվում իր ներսում: Նա բեղ չուներ: Նա շատ տգեղ թվաց Լուիզային, և Լուիզան դարձյալ խղճաց նրան:

     Ննջարանում զնգաց հեռախոսը: Ամուսինն էր:

     -Ինչ դժվար է կապվում,- լսվեց նրա հանգիստ ձայնը,- տասն անգամ զանգեցի:

     -Հետո՞,- կտրեց Լուիզան՝ հասկանալով, որ տաս անգամ չի զանգել, այլ երկու, այն էլ տարբեր համարներով:

     -Լավ, լավ,- ասաց ամուսինը,- Այս անգամ էլ դու հաղթեցիր: Վաղը Մկրտիչը մի լավ նկատողություն կստանա և կաշխատի, որ նման սխալներ այլևս չկրկնվեն:

     -Ուրեմն մնո՞ւմ է,- ցնծաց Լուիզան,- բա ինչո՞ւ նկատողություն, այդ ամենը կեղծ է…

     -Մնում է` դրա համար:

     Լուիզան պատրաստ էր հայտնելու, որ սիրում է ամուսնուն, բայց դա սուտ կլիներ: Ամեն պարագայում, հիշում էր ամուսնու դեմքը:

     -Ես անչափ շնորհակալ եմ,- վրա տվեց նա,- ինչպե՞ս է մայրդ: Երբեք չեմ մոռանա քո արածը:

     -Գիտե՞ս` դա ինձ վրա ինչ նստեց, բարի գիշեր,- և ամուսինը կախեց լսափողը:

     Լուիզան գնաց հյուրասենյակ, բացեց լուսամուտը, փողոցը դատարկ էր: Ձյուն էր եկել, և ձյան վրա միայն կատվի ու եռոտանի շան ոտնահետքերն էին: Ուրեմն` հետապնդումը կրկնվել էր: Կատուն դարձյալ մայթն անցել էր ու փորձել մոտենալ աղբամանին, բայց մոտակայքում թաքնված շունը քշել էր նրան: Դա նրա աղբամանն էր: Լուիզան ուշադիր դիտեց հետքերը, ապա փակեց լուսամուտն ու միացրեց հեռուստացույցը: Կովերի մասին գեղարվեստական ֆիլմ էին ցուցադրում: Մկրտիչը սթափվեց:

     -Գնա տուն,- ասաց Լուիզան:

     Տասներկուսին մոտ էր:

     Մկրտիչը ելավ տեղից ու քիչ մնաց ընկներ: Նա շշմած ու անտարբեր տեսք ուներ: Անտարբեր դեմքը նրան կիրթ մարդու տեսք էր տալիս, և Լուիզան ուրախացավ, որ օգնել է նրան: Մկրտիչը հագավ վերարկուն, հետո լրիվ սթափվեց ու տասնյոթ դարի դավադրի տեսքով հարցրեց.

     -Հը՞…

     -Ավելորդ և տհաճ շնորհակալություններից խուսափելու համար Լուիզան ասաց.

     -Չգիտեմ, վաղը պարզ կլինի:

     -Իսկ չե՞նք կարող…

     -Չէ, չենք կարող,- ասաց Լուիզան ու Մկրտիչը գնաց:

     Լուիզան հանգցրեց հյուրասենյակի լույսը ու գնաց ննջարան: Աղջիկը պառկել էր անկողնու վրա ու փակել աչքերը:

     -Մայրիկ,- ասաց նա առանց աչքերը բացելու,- դու գիտե՞ս,- որ ես քեզ շատ եմ սիրում:

     -Իսկ դասերդ արե՞լ ես,- Լուիզան նստեց հայելու մոտ ու սկսեց սանրել մազերը:

     -Մայրիկ, ես քեզ շատ եմ սիրում: Դու լավն ես, ես Արամին էլ եմ սիրում, հայրիկին էլ: Նրանք բոլորն էլ ինձ են սիրում,- աղջիկը բացեց աչքերն ու սևեռուն նայեց մորը:

     Լուիզան ցած դրեց սանրը ու շրջվեց: Աղջիկը նստեց տեղում:

     -Հա, մամ, մենք բոլորս իրար շատ ենք սիրում: Չնչին բացառությամբ…

     Լուիզայի ուսերը կախ ընկան… հետո նա սկսեց լաց լինել:

     -Այո, դարձյալ ես եմ մեղավոր, միայն ես… Դու քնելո՞ւ ես, թե՞ ոչ,- ճչաց նա:

     -Հա,- ասաց աղջիկը,- ես քնած էի, բայց դու արթնացրիր:

     -Այդտեղ էլ ես եմ մեղավոր: Ինչ դաժան ես,- բացականչեց Լուիզան,- հաց կերե՞լ ես:

     -Բա ի՞նչ էի անում հարյուր ժամ խոհանոցում,- ծիծաղեց աղջիկը, և այդ ծիծաղի մեջ Լուիզան ճանաչեց կանացի էությունը: Այդ ե՞րբ մեծացավ… նա և հորն է նման, և իրեն, իսկ սահմանագիծը չի նկատվում… Չի էլ նկատվի: Եվ Լուիզան մտածեց, որ սա ոչ միայն իր երեխան է: Նա երկար շրջում էր սենյակում, ապա ծխախոտ վառեց, հանվեց ու մտավ անկողին: Արդեն մեկն էր դառնում:

     Առավոտյան Լուիզան ոչ մի կերպ չէր կարողանում արթնանալ: Խփեց զարթուցիչի գլխին ու դարձյալ քնեց: Երբ մտավ բաժին՝ տասն անց տասնհինգ էր: Մկրտիչը, սովորականի նման կարմիր դեմքով, նստած էր նախահաշիվների վրա:

     -Ուշանում ես,- ասաց նա,- և շատ ես ուշանում:

     Լուիզան անցավ իր տեղը, նստեց ու փորձեց որսալ Մկրտիչի հայացքը, բայց վերջինս ինչ-որ թղթեր վերցրեց ու դուրս եկավ սենյակից:

     -Նկատողություն են տվել, կատաղել է,- շշնջաց Ամալյան:

     -Ի՞նչի համար են տվել,- հարցրեց Լուիզան,- եռամսյակի՞:

    -Չէ, կարգապահության:

     Մյուս երկու կանայք բարձրացրին գլուխներն ու ծիծաղեցին:

     -Ութ տարվա մեջ երրորդ նկատողությունն է,- ասաց Անժելան:

     -Առավոտից հոտած է,- ասաց Ամալիան:

     Լուիզան ավելի ապշեց:   

     -Հինգ անգամ հարցրեց քո մասին,- ասաց Անժելան:

     -Ասում էր՝ ես ի՞նչ մեղք ունեմ, որ ինձ են նկատողություն տալիս:

     Ներս մտավ Մկրտիչը և դարձյալ գլուխը կախ, ասաց.

     -Եթե մեկ անգամ էլ կրկնվեն ուշանալու դեպքերը, ես ստիպված կլինեմ զեկուցագիր գրել ղեկավարությանը:

     Լուիզայի շունչը սկսեց կտրվել: Նա մի ծխախոտ հանեց:

     -… Եվ խնդրում եմ՝ այլևս սենյակում չծխել:

     Կուիզան դուրս գնաց: Նա ոչինչ չէր հասկանում: Մտավ մատակարարման բաժին՝ այնտեղ բոլորն էին ծխում: Նրան սուրճ հյուրասիրեցին: Լուիզան երկու ծխախոտ ծխեց՝ ուշադիր նայելով տուփի հաղթական առյուծին և չգիտես ինչու՝ հիշեց հետապնդվող կատվին: Նա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչ էր կատարվել, ինչով էր առիթ տվել նման վերաբերմունքի… Քիչ անց հանգստացավ, շնորհակալություն հայտնեց ու գնաց իր սենյակը: Դռան մոտ նա լսեց Մկրտիչի ձայնը…

     -Աշխատանքի ժամին դուրս են գալիս միջանցքը, ամեն տեղ աչքի են ընկնում, հետո ինձ են նկատողություն տալիս:

     Լուիզան մտավ սենյակ, ուր անմիջապես լռություն տիրեց:

Ընդմիջմանը՝ ճաշարանում, Ամալյան հարցրեց.

     -Լսիր, ոնց որ թե քեզ հետ է ընկել: Էդ ի՞նչ սև կատու է անցել ձեր մեջ…

     -Ոչինչ, ի՞նչ կատու,- ցնցվեց Լուիզան, երևի նկատողության համար է կատաղել: Ես էլ ուշացա… թարսի պես… ոչինչ, կանցնի:

     Մյուս օրը Լուիզան դիտավորյալ ուշացավ աշխատանքից: Մկրտիչը սենյակում չէր: Երեք կանայք վախեցած նայեցին նրան: Առաջինը Ամալյան խոսեց.

     Բաժնիդ վարիչը զեկուցագիր է գրել վրադ, վերջում էլ գրել է, որ իր բազմաթիվ նախազգուշացումները արդյունք չեն տալիս, խնդրում է խիստ միջոցներ ձեռք առնել:

     -Նա իրավունք չունի,- հուզվեց Անժելան:

     -Իսկ ում տարավ զեկուցագիրը,- հարցրեց Լուիզան:

     -Տեղակալին,- ասաց Ամալյան,- լրիվ ցնդել է:

     Ներս մտավ Մկրտիչը, և Լուիզան նրա կարմիր, հողագործի դեմքին հազիվ նկատելի, գրեթե արիստոկրատական կիսաժպիտ որսաց:

     -Կարելի՞ է քեզ հետ առանձին խոսել,- իր համար էլ անսպասելի հարցրեց Լուիզան:

     -Ոչ, ես զբաղված եմ,- կտրեց Մկրտիչը,- քեզ կանչում են տեղակալի մոտ:

     Լուիզան քմծիծաղեց ու բարձրացավ տեղակալի մոտ:

     -Հը՞,- ժպտաց տեղակալը,- էդ ի՞նչ սև կատու է անցել ձեր միջով: Առ, կարդա:

     Լուիզան կարդաց զեկուցագիրը և ետ տվեց:

     -Ճի՞շտ է այս ամենը,- հարցրեց տեղակալը:

     -Այո, ճիշտ է,- կտրուկ պատասխանեց Լուիզան:

     -Բա ի՞նչ անենք:

     -Ի՞նչ պիտի անեք: Հեռացրեք ինձ աշխատանքից,- Լուիզան բարձրացրեց ձայնը,- հեռացրե՛ք:

     -Լավ, լավ,- ծիծաղեց տեղակալը,- գնա աշխատիր: Բայց աշխատիր, որ նման բաներ այլևս չկրկնվեն,- հաջորդ բառախաղից գոհ նա ետ ընկավ բազկաթոռին, սեփական անհասանելի հզորության գիտակցությամբ, ավարտեց,- բախտդ բերեց:

     Լուիզան վիրավորանքից խեղդվում էր:

     -Թուղթ ու գրիչ տվեք ինձ,- ճչաց նա,- հետո ընկավ աթոռին ու սկսեց հեկեկալ:

     Տեղակալը խիստ վախեցավ և ջուր տվեց նրան:

     -Հանգստացիր, հանգստացիր, բան չկա: Մենք կպարզենք՝ ով է մեղավոր: Հիմնարկ է, ամեն ինչ կպատահի… Սա էլ վերցրու քեզ նվեր,- և քաղցր ժպտալով Լուիզային մեկնեց զեկուցագիրը:

     Լուիզան վերցրեց ու մեքենայորեն կարդաց արդեն անցյալ դարձած թուղթը, ապա դուրս գնաց:

     -Լվացվեցի՞ր,- նրա հետևից սիրալիր կանչեց տեղակալը:

     Երբ Լուիզան սենյակ մտավ, Մկրտիչը հարցական նայում էր թղթերին:

     -Այս անգամ բավարարվեց բանավոր նկատողութամբ,- քմծիծաղեց Լուիզան, ասես կանանց էր դիմում:

     -Չի կարող պատահել,- ակամա բացականչեց Մկրտիչը:

     -Ինչո՞ւ,- ձգեց Լուիզան:

     -Միևնույն է,- ասաց Մկրտիչը,- մենք չենք կարող միասին աշխատել… ըմմ… այս պայմաններում,- քիչ մտածելուց հետո ավելացրեց,- գուցե խոսեմ՝ ուրի՞շ բաժին տեղափոխվես:

     Լուիզան դրաձյալ ապշած նայում էր նրան:

     -Ախր ի՞նչ է եղել…- չհամբերեց Ամալյան:

     -Դա ձեզ չի վերաբերվում,- հարձակվեց Մկրտիչը,- այստեղ ես եմ ղեկավարը, և ոչ ոք չի կարողանա ինձ ինֆարկտի հասցնել: Ես ուզած մարդու կարող եմ…

     Նա լռեց ու զայրացած սկսեց խզմզել դիմացի սպիտակ թղթի վրա: Երեք կանայք ապշած իրար էին նայում: Լուիզան նայում էր այդ թղթին:

     -Զեկուցագի՞ր է,- թունոտ հարցրեց նա:

     -Սիրային նամակ,- քմծիծաղեց Ամալյան:

     -Եթե ձեր սեղանին զեկուցագիրն է պակաս, խնդրեմ,- Դուք-ի անցավ Լուիզան ու ձեռքի թուղթը նետեց սեղանին:

     Մկրտիչը խայթվածի նման վեր թռավ ու դուրս գնաց սենյակից: Նրա հետևից դուրս եկավ Անժելան, ապա վերադարձավ:

     -Ուղիղ տեղակալի մոտ վազեց ,- հայտնեց նա:

     -Ես տուն եմ գնում,- հայտարարեց Լուիզան:

     -Գիժ հո չե՞ս: Դու օգնում ես նրան,- աչքերը չռեց Անժելան:

     -Թքած,- Լուիզան հագնվեց ու դուրս եկավ:

     Դրսում հիշեց, որ ուրբաթ օր է: Մյուս օրը շաբաթ էր, հետո կիրակի: Երկու օր կարելի է հանգստանալ ու մտածել այս ամենի մասին:

sss

     Աղջիկը նստել էր բազկաթոռին ու «Կենդանիների աշխարհում» հաղորդումն էր դիտում:

     -Բարև,- ասաց Լուիզան:

Աղջիկը գլխով արեց, հետո ասաց.

     -Խոհանոցում տաք ճաշ կա:

     -Ախորժակ չունեմ,- ասաց Լուիզան ու փոխվեց:

     -Տրամադրությունդ լավ չի,- ասաց աղջիկը, առանց հեռուստացույցից կտրվելու,- բա՞ն է պատահել:

     -Չէ, ի՞նչ պիտի պատահի,- հնարավորության չափ հանդարտ պատասխանեց Լուիզան,- Մի քիչ գլխացավ ունեմ:

     -Ինձ թվաց,- քթի տակ ասաց աղջիկը:

     -Ի՞նչ թվաց,- լարվեց Լուիզան:

     -Ոչինչ…

     -Ի՞նչը ոչինչ,- գրգռվեց Լուիզան:

     -Ինչո՞ւ ես գոռում,- ձայնը բարձրացրեց աղջիկը:

     -Բան ունես ասելու` ասա…

     -Լսիր, մամ, եթե հիմնարկում զայրանում ես, տրամադրությունդ թող հիմնարկում, ինչի՞ ես տուն բերում:

     -Իսկ քեզ ո՞վ ասաց, թե ես հիմնարկում զայրացել եմ:

     -Ինձ այդպես թվաց,- դարձյալ քթի տակ մրթմրթաց աղջիկը:

Լուիզան ձեռքը խփեց սեղանին.

     -Իսկ ի՞նչ առիթով թվաց…

     -Մայրիկ,- չարախինդ ժպտաց աղջիկը` այդ պահին նա չափազանց նման էր հորը։- Մայրիկ, ես քեզ նոր չեմ ճանաչում:

     -Սրա՛ն տեսեք,- իրենից դուրս եկավ Լուիզան,- ինչպես է խոսում մոր հետ… Մեծամիտի մեկը…

     -Մայրիկ, ախր դու ծերանում ես:

     -Ի՞նչ…

     -Ֆիլմերում այդպես պառավներն են խոսում:

     -Դուք բոլորդ որոշել եք ինձ խելագարեցնել,- ճչաց Լուիզան:

     -Դու արդեն քառասուներեք տարեկան ես,- ուսուցողական տոնով շարունակեց աղջիկը,- բայց այդ տարիները քեզ բոլորովին դաս չեն եղել… նույն սխալները…

     Լուիզայի շունչը կտրվում էր: Նա բառեր չէր գտնում գոռալու… Ուստի վազեց ննջարան, փռվեց մահճակալին և ինքն իր նկատմամբ խղճահարությունից լաց եղավ: Հոգու խորքում հույս ուներ, որ դուստրը հիմա կգա, գոնե ներողություն կխնդրի, ինչպես պստիկ ժամանակ, բայց աղջիկը ցուցադրաբար բարձրացրեց հեռուստացույցի ձայնը՝ ասես չլսելու համար լացը, որն իրեն խանգարում էր:

     -Իսկ երբ հասնում են տարվա վատ ժամանակները, նրանք իրենց ձագերի հետ չվում են դեպի հարավ, ուր առատ կեր կա…,- խոսում էր հեռուստացույցի բարի ձայնը և որքան սեր ու հոգատարություն կար այդ ձայնում կենդանիների նկատմամբ,- Մարդիկ նրանց չեն մոռանում` ահա տաք բները, որոնք էլ խնամքով պահպանում են ողջ ձմեռվա ընթացքում, համբերատար սպասելով  թևավորների վերադարձին…:

     -Բա,- լսեց Լուիզան ու անսպասելիությունից ցնցվեց:

Աղջիկը կանգնել էր ննջարանի կենտրոնում և հանգիստ նայում էր մորը, հետո խոսեց.

     -Քո գալուց առաջ ձեր բաժնի Ամալյան զանգահարեց: Անհանգստանում էր:

     Լուիզան նստեց անկողնում:

     -Ես այդպես էլ գիտեի,- շարունակեց աղջիկը:

     -Ի՞նչը գիտեիր, ի՞նչը…

     -Երեկ չէ անցյալ օրը, երբ բաժնիդ վարիչն այստեղ էր, ես ամեն ինչ տեսա: Դու խոսեցիր հեռախոսով, ես ամեն ինչ զգացի: Հետո, այսօր դու եկար աշխատանքից, ես ամեն ինչ հասկացա…

     -Ի՞նչ տեսար, ի՞նչ զգացիր, ի՞նչ հասկացար…

     -Ես տեսա, թե ինչ շան վիճակում էր այդ մարդը՝ ստորացած, ողորմելի, ընկած մինչև վերջ, հետո զգացի, որ դու անպայման փրկելու ես նրան, անպայման, ինչ գնով էլ լինի: Դու այդպիսին ես:

     -Մի՞թե դա վատ է:

     -Վա՞տ: Այստեղ լավ ու վատի հարց չկա: Օրինակ` մեր դասարանում մեկ-երկու մարդ կա, որոնց արժե փրկել: Բայց դրանք էլ նման վիճակի մեջ չեն ընկնում: Դրանք հպարտ և ուժեղ մարդիկ են:

     -Բա թույլերն ի՞նչ անեն: Ընկածին օգնել պետք չէ՞…

     -Լավ է՛, մամ,- դժգոհեց աղջիկը,- Ես ասում եմ. սար, դու ասում ես` ձոր: Ախր քո այդ բաժնի վարիչը բոլորի նման է` լավությանը չի դիմանում: Ավելի լավ էր, նրան հանեին, բանտ նստեցնեին, քան այդքան ստորանար քո առաջ: Նա քո պետն է, չէ՞, և նա այդ բանը չի ներելու… Հիմա նա քեզ այնպես է ատում, որ չի կարող իրեն զսպել:

     -Բայց ես խղճի մտոք, հանուն արդարության…

     -Չէ, մամ: Արդարությունն այստեղ ի՞նչ գործ ունի: Գիտես, կողքից շատ լավ է երևում: Քո նման մարդ քիչ կա: Խղճի մտոքի ժամանակները դեռ շատ են հեռու: Պարզապես դու նրան խղճացիր: Եվ նա այդ բանը քեզ երբեք չի ների…: Մամ, նա երեք ոտանի շուն է, որը երբեք չի ների չորսոտանի կատվին…

     -Դու՞ էլ ես տեսել,- ապշեց Լուիզան,- Եվ որտեղի՞ց քո մեջ այդքան…

     -Քեզանից, մամ: Բավական է քո աղջիկը լինել: Իսկ շանն ու կատվին տեսնելը մի դժվար բան չէ:

     Հեռուստացույցի ձայնը փոխվեց: Մի հնչեղ առնական ձայն էր խոսում. «Եվ այս տարածությունների վրա մնում են միայն գայլերը: Նրանք ազատ կենցաղ են վարում, սնվում են՝ ոչնչացնելով թույլերին: Հաճախ նույնիսկ շներն են դառնում նրանց որսը…»:

     -Լսո՞ւմ ես, մամ, գայլերը` ուժեղ մարդիկ են:

     -Ինչ տարօրինակ համեմատություն:

     Աղջիկը մոտեցավ պահարանին, ինչ-որ գիրք հանեց, գտավ անհրաժեշտ էջը.

     -Աֆորիզմներ,- ասաց նա,- Ահա. «Կատուն տեղեկանք ուներ, որ վագրի ազգականն է, բայց դա չխանգարեց շանը` գզել նրան»: Աղջիկը ծիծաղեց,- վագրն էլ հայրիկն է…

     -Հիմարություններ ես դուրս տալիս,- Լուիզան հատակին էր նայում,- միայնակ կատու, վագր… ես մենակ չեմ, ես երեխաներ ունեմ:

     -Հա, լավ հիշեցի, մամ: Գիտե՞ս, Արամն ինչ ասաց. Ասաց, որ դուք հոգեկան զեղումներով եք զբաղված, իսկ շինարարությունները, հազարավոր բանվորներ, իրենց ընտանիքներով, իրենց անձնական հարցերով ձեր կազմած պլաններին են սպասում… նա նույնիսկ հայրիկին նման չէ: Նա ուժեղ մարդ է, մամ:

     -Ի՛նչ զարմանալի մեծացել եք դուք,- շշնջաց Լուիզան:

     -Բա,- ծիծաղեց աղջիկը,- մեր սերնդի մեջ շատ կան այդպիսի մարդիկ: Թե չէ` Մկրտիչ, Ամալյա, եռոտանի շուն…

     -Դուք դեռ կյանքը չեք ճանաչում: Դրանք միայն խոսքեր են,- պաշտպանվելու թույլ փորձեր արեց Լուիզան:

     -Արամն ասում է, որ կյանքը մենք ինքներս ենք կառուցում,- դարձյալ ծիծաղեց աղջիկը,- նա տնտեսագետ է դառնալու… Հա,- աղջիկը մի պահ լռեց,- Իմիջիայլոց, հայրիկն առաջարկում է միացնել բնակարանները…

     -Ի՞նչ, ինչ իրավունքով,- անսպասելի փոփոխություններից շշմեց Լուիզան:

     -Դե լավ, այդ մասին չխոսենք,- կարճ կապեց աղջիկը:

     -Ես քեզ բան հարցրի:

     -Մեր իրավունքով, մամ, իմ ու Արամի:

     -Դա անհնարին է:

     -Մայրիկ, մենք ենք այդպես ուզում: Ե՞րբ պիտի դու հասկանաս, որ ուժեղ կանանց ուժեղ տղամարդիկ են բաժին ընկնում, իսկ քեզ հայրիկն է բաժին ընկել, և դա միակ ճիշտ ընտրությունն է, թե չէ մենք այդպիսին չէինք լինի:

     -Ինչե՞ր ես դուրս տալիս, հիմար աղջիկ,- թոթովեց Լուիզան:

     -Մամ, այդքանից հետո չհամոզվեցի՞ր, որ ես հիմար չեմ: Միայնակ կինը ավելի միայնակ է, քան փողոցի գզգզված անտեր կատուն: Երեքոտանի շունը չարացած է կյանքի դեմ, և այդ թույնը բենզինի նման վազեցնում է նրան կատվի հետևից: Եվ մի օր կատուն հուսահատությունից իրեն կնետի շան երախը, որը նրան հիմնավորապես կգզի և կշպրտի մի կողմ, նրա փոքրիկ, սառած դիակը… ձյան վրա: Որքան էլ դաժան է, բայց դու ուրիշ ընտրություն չունես` հայրիկը կամ կեղտոտ ձյունը… Դեռ քո բախտը բերել է, որ հայրիկը…- աղջիկը չշարունակեց:

     Լուիզայի կոկորդը սեղմվեց վիրավորանքից, անհուսությունից: Այս ամենը նրան թվաց կախաղանի պես անկիրթ ու դաժան: Հետո հիշեց Մկրտիչին ու շան երախը, որի մեջ արդեն ինչ-որ ձգող բան կար:

     Աղջիկը զանգահարեց հեռախոսով:

     -Արա՞մ… տուն գալո՞ւ ես: Հիվա՞նդ է: Մրսել է երևի… Մի րոպե,- աղջիկը շրջվեց դեպի մայրը,- Մամ, հայրիկը մրսել է, և դու նրան լավ ես ճանաչում: Ի՞նչ խորհուրդ  կտաս:

     -Ջերմություն ունի՞,- մեքենայորեն հարցրեց Լուիզան,- Ես չպիտի թույլ տայի, որ դուք այդքան կապվեիք նրա հետ…

     -Թեյ, կիտրոն, կոնյակ և քրտնել,- մեքենայորեն թվարկեց Լուիզան,- Իսկ նրա կի՞նը,- հարցրեց:

     -Նա  վաղուց չկա,- պատասխանեց աղջիկը,- հետո… մի րոպե: Արամ, թեյ, կիտրոն, կոնյակ… կիտրոն չկա՞: Ես կբերեմ:

     -Գնում ես, հա՞,- Լուիզան հատակին էր նայում,- կասես, որ մեծ կապույտ սրբիչը գլխին փաթաթի: Չէ, ես չեմ կարող:

     Աղջիկը սառնարանից կիտրոն հանեց ու հագավ վերարկուն:

     -Գիտեմ, որ չես կարող,- դռների մեջ ասաց նա,- բայց իրեն-իրեն այդպես կստացվի:

     Ու գնաց:

     -Չեմ կարող, չեմ կարող, չեմ կարող,- բռունցքներով պատը ծեծեց Լուիզան, հետո գնաց հյուրասենյակ ու բացեց լուսամուտը:

     Դրսում մթնշաղ էր: Երեքոտանի շունը վազում էր գզգզված կատվի հետևից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով