էլիզա Մխիթարյան, Էսսե

Բողոք ընդդեմ լինելության

Ակնհայտ է, որ ուզում ես մեռնեմ։

Առավոտյան ժամը 8-ին սովորականի նման արթնանում եմ, գնում լոգարան, լվացվում, ալարում սանրել մազերս, բայց սանրում եմ, այնուամենայնիվ, որովհետև եթե նախարարությունում ինձ տեսնեն գզգզված մազերով` հաստատ կազատեն աշխատանքից։ Մազ սանրելու անհրաժեշտության հարցը չեմ հիշում, որ քաղաքակրթությունը քննարկած լինի, պարզապես բոլորս պարտավոր ենք ամեն օր սանրել մեր մազերը։

Դու ինձ ամեն օր նայում ես այնպիսի հայացքով, որ ես հասկանում եմ՝ հոգնել ես իմ գոյությունից։ Ո՞վ եմ ես։ Մարդ, որը ամեն օր մտնում է բանջարեղենի խանութ, շաբաթներով մոռանում գնել ձեթ, մարդ, որը երազը համարում է պարգև։

Նախարարությունից բանջարեղենի խանութ, բանջարեղենի խանութից դեպի տանդ ամենահարմար անկյուն՝ մահճակալ։ Ատում եմ այդ բառի ստուգաբանությունը, որովհետև երբ խոսում եմ քեզ հետ, հասկանում եմ, որ էլի սովորականի նման առավոտյան ժամը ութին վեր եմ կացել իմ մահճից, և ինչի՞ համար, ընդամենը նրա, որ էլի գնամ նախարարություն, հետո ճանապարհից մտնեմ բանջարեղենի խանութ և գամ տուն։ 

Սա անտանելի անկում է։ Դու մեղադրում ես ինձ, որ կյանքը սարքել եմ լափ, որ մերժել եմ իսկությունը ճակատագրի, որ հեգնել եմ սերը։ Ամեն օր, լոգարանի հայելու մեջ դու ինձ ասում ես, որ ես հիմար էի, երբ մերժեցի Գրեգորի ամուսնության առաջարկը, հիմար էի, երբ կիսատ թողեցի ուսումս, հիմար էի, երբ լքեցի ծնողներիս, հիմար էի, երբ ատում էի գյուղս, հիմար  էի, երբ համաձայնեցի գնալ աշխատանքի այդ նախարարություն, հիմար եմ, որ ամեն օր մտնում եմ նույն բանջարեղենի խանութ, ամեն օր, Աստված իմ, ամեն օր ես հիմար եմ։

Օրերը հոգնել են ինձնից։ Ես հաստատ գիտեմ, որ կնախընտրեի շունչս փչել այդ մահճակալի վրա։ Միակ բանը, որին արժանի եմ, մահճակալս է։

Երեկ իմացա, որ Էմանուելն ինքնասպան է եղել։ Վերջին հանդիպմանը լավ խմած էր, ասում էր՝  ամենամեծ խաչագողն Աստված է։ Երբ միասին էինք, Աստծո անունը շատ էր տալիս, ասացի, որ ինձ էլ չեմ վստահում իրեն։  Հուղարկավորության մասին չեմ իմացել, քույրս ասաց՝ զանգել է, չեմ պատասխանել։ Գուցե ժողովի էի, գուցե սոխ էի կշռում, գուցե քնած էի․․․

Ներիր, կեցության լաբիրինթոսից դեռ դուրս գալ չի ստացվում, գուցե սրանից հետո ուղղակի լոգարանում դեմքս լվանալուց և սրբիչով չորացնելուց հետո հայելու մեջ չնայե՞մ ․․․․

Կամք լինելության

Քեզ համար տարօրինակ է, որ ես կարող եմ լինել ցնցված։ Հասկանում եմ։

Իմ ու նրա միջև անդունդ կա՝ անցյալը։ Նա չի կարողանում ներել անցյալը, իսկ այն փոխել հնարավոր չէ, ասում է՝ արի սպասենք, բայց գրողի տարած անցյալը մեկ տարի հետո էլ նույն անցյալն է մնալու։ Ես չեմ հասկանում, թե ի՞նչ ժամանակներում եմ ապրում, բայց հաստատ բոլորին հայտնի երեք ժամանակաձևերից և ոչ մեկում։ Ես իսկապես ցնցված եմ ու անտարբեր։  Սիրահարված մարդն ինչ-որ չափով անտարբեր է ապագայի նկատմամբ։

Ես չեմ ցանկանում, որ իմ ներսում ապրող սերը հուշ դառնա։ Կյանքի անարդարություններից ես զայրանում եմ, բայց իմ սերն ավելի մեծ է։ Գրեթե միշտ կա մեկը, որ առանձնապես տպավորված չէ ձեր հաջողություններով, մեկը, որը անմտություն է համարում բանաստեղծություն գրելը, մեկը, որին համարում ենք հենց այն մեկը։ Չենք սխալվում։ Հենց այդ մեկից հետո ենք սկսում երկմտել ծննդյան տոնին՝ սիրտ նվիրելուց առաջ։

Մահճակալին, որտեղ նա սիրել է մարմինս, գորտեր կան, հա՛յր։ Երբ գիշերը քնում եմ բազմոցին, երազ եմ տեսնում, թե ինչպես ես գալիս ու հավաքում գորտերը՝ տեղը ծաղիկներ դնելով ինձ համար։ Հետո արթնանում եմ։ Ի՞նչ մեղքս թաքցնեմ, առաջինը ստուգում եմ հեռախոսը, տեսնեմ՝ զանգե՞լ է, թե՞ ոչ։ Եվ քանի դեռ անգամ երազում դու չես գալիս, երազը պարգև է, հա՛յր։

Ես համարձակվել եմ վիրավորվել։ Վիրավորվել եմ ինքս ինձնից, որ ամեն առավոտ, լոգարանի հայելու մեջ արհամարհանքը հանդուրժելու փոխարեն ուղղակի չեմ գնացել ինձ նոր կոշիկներ գնելու։ Եվ վերջ։ Մնացած ոչ մեկից ես չեմ վիրավորվել։ Դու, որ երբեք ինձ այցի չեկար, հայր, նա, որ հեռացավ ու երբեք չզանգեց ինձ, մեղավոր չեք։ Ոչ ոք չի կարող մեզ համար կեցության լաբիրինթոս գծել, որովհետև ոչ ոք մեր փոխարեն ընտրություն չի կատարում։ Բոլոր զարտուղի ճանապարհների սկզբում մեր ընտրությունն է, և ուրեմն, այսօր դեմքս լվանալուց և սրբիչով չորացնելուց հետո ես խոստանում եմ քեզ գնալ նոր կոշիկներ գնելու՝  բարձրակրունկ, կարմիր և թանկարժեք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով