Պատմվածք, Սուսաննա Հարությունյան

Խուլուհամր

…Էլի փառքԱստծո․․․ էլի ո՞ւմ էր մի կտոր հաց տվել՝ դեմն եկավ․ գիշերվա ռումբը ահագին հեռու էր ընկել, ցնցել էր տունը, բայց չէր փլել գլխներին։ Անկյունից քարեր էին ընկել, պատը բոյեբոյ կիսվել էր․ ցեմենտ լիներ՝ հնարավոր էր ծեփրտել, ճաքը փակել, քարերը տեղը դնել․․․ մեջը դեռ կապրվի։ Թևը կոնքին կանթած՝ Մարգոն զննեց տան քանդված անկյունը, որը ննջարանի պատի հետ խաթարել էր ռումբը, ու մտածեց, որ երբ ժողովուրդն ասում է՝ «Կնոջ մի ձեռքը պիտի գող լինի», խաղաղ ժամանակները նկատի ունի, որովհետև, եթե ռումբը մի երկու թիզ էս կողմ ընկներ, Մարգոն հուր-հավիտյան կլքեր էս հողը՝ առանց իր արածի խերը տեսնելու, թողնելով իր հավաքած փողն ու խղճի վրա տանելով ծանր բեռը, որ վերցրել էր ընտանիքից թաքուն փող հավաքելիս, ասել է թե՝ գողանալիս, և էդ թղթի կտորների պատճառով քթի տակ շրխկոցով կփակվեին դրախտի դռները։ Էս մտքերով նա շրջվեց ու տեսավ, որ փողոցի մյուս ծայրից իր մտքերին ընդառաջ մի ջահել, կայտառ երիտասարդ է գալիս՝ բեռնաձիուց արագ հետևից քարշ տալով սայլը։ Նա հասավ հրապարակ, հարմարեցրեց սայլակն ու ապրանքը բացելով՝ անցուդարձողին հրավիրում էր նայելու։ Մարգոն հասկացավ՝ առևտրական է։ Գայա՛ն, Գայա՛ն՝ աղջկան ձայն տալով վազեց՝ քանի մարդ չի հավաքվել, ապրանքը չեն ջոկջկել։ Բայց մինչև հասավ հրապարակ, կանայք արդեն քրքրում էին սայլակը։ Մի կարմիր չուստ էլ ինքը ջոկեց։ Ի՞նչ արժի՝ հարցրեց։ Երիտասարդը մատները ծալել-բացելով ինչ-որ բան ցույց տվեց․

-Էս խուլուհա՞մր ա,- Մարգոն ափսոսանքով նայեց երիտասարդին։

-Բա ի՞նչ ա,- ասաց կանանցից մեկը՝ ջոկած գիշերանոցն իր տռուզ փորին փռելով,- չես տեսնու՞մ՝ ձեռուոտով ա խոսում։

Մյուս մատները ծալած՝ ցուցամատները իրար մոտեցնել-հեռացնելով՝ Մարգոն կտրատեց օդը՝ «․․․էս չափի, էս չափի, էս չափի»,- խուլուհամր չարչուն ցույց տալով իր ուզած գուլպաների չափսերը։ Սա գլխով հաստատական շարժում արեց, սայլակը քրքրելով՝ գտածը պարզեց Մարգոյին։

-Սրանցից մեր խանութում լիքն են,- դժգոհեց վարսավիրի կինը։

-Ինչ որ ա՝ հիվանդ տղա յա,- ասաց Մարգոն,- ամեն մեկդ մի բան առեք, մեղք ա, թող ապրանքը ծախի՝ գնա։

-Ինչի՞ ա մեղք,- վրա բերեց մոր հետևից հասած Գայանը,- հլա դրա մկանները նայի, ոնց որ մարզիկ լինի։

-Էս քեզ հաստատ դուր կգա,- Մարգոն վերցրած գուլպան ուսի վրայով տվեց  աղջկան։

-Գույնն էլ իմ ուզածն ա։

Մինչ մայրը փողն էր տալիս, Գայանը նորից հիացավ․

-Մեռածը ի՞նչ էլ մկաններ ունի, ոնց որ ծանրորդ լինի,- և զգաց, ինչպես իր խոսքերից խուլուհամր չարչու աչքերում կայծեր շողացին։

Էդ պաhին թշնամու կողմից կրակոցներ ու մի արկ եկավ, պայթեց հարյուր մետր հեռու՝ անտառի փեշին։ Մայր ու աղջիկ ահաբեկված պառկեցին գետնին։ Երբ կրակոցները դադարեցին, խուլուհամր չարչին նրանց օգնեց վեր կենալ։

Երբ ահագին հեռացան, աղջիկը ետ նայեց։ Գյուղի կանայք արդեն լցվել էին չարչու գլխին, ու չարչին չէր հասցնում՝ միայն լարված նայում էր, որ բան չգողանան։

-Բայց տեսա՞ր՝ հայացքը ոնց պայծառացավ,- ասաց աղջիկը,- երբ իրեն գովեցի։ Դա խուլուհամր չէր, լա՜վ էլ հասկանում էր։ Մենք էլ, տեսա՞ր, կրակոցներից վախեցանք, կպանք գետնին, իր վեջը չէր, ոնց որ իմանար, որ կրակոցներ են լինելու։ Թուրքի հետախույզ էր հաստատ,- եզրակացրեց աղջիկը,- էստեղ գալը ի՞նչ ա որ․ անտառն անցար՝ տեղում ես։

Մարգոն կտրուկ կանգ առավ ու գրպանում շոշափեց հեռախոսը․

-Ջահել, առողջ տղամարդ․․․ դրա հագնելու, ման գալու, սիրուհի պահելու տարիքն ա, ինչի՞ պիտի բավարարվի չարչու աշխատած գրոշներով, հեչ որ չէ՝ շինարարության վրա բանվորությունը կա ու կա։

-Դե հա․․․- վերջնականապես համոզվեց Գայանը,- էդ արտաքինով, էդ աչքերով ու մկաններով առնվազն սերիալներում կնկարահանվեր, ինչի՞ էր համբալի պես էդ ծանր սայլակը կրակի տակով գյուղեգյուղ քարշ տալիս։

Մարգոն հանեց հեռախոսն ու իրենց կասկածի մասին անմիջապես հայտնեց ոստիկանություն․ «․․․ Խուլուհամր ա ձևանում, որ գլխի չընկնենք․․․ բա հո չի՞ կարա մեր նման հայերեն խոսա»։ Ոստիկանները շուտ եկան, չարչին դեռ ոտ ու ձեռով պատասխանում էր կանանց հարցերին ու լարված նայում՝ որ բան չգողանան։ Նրան հենց էդպես՝ սայլակով, ապրանքը քրքրող կանանց խմբով, մկաններով հավաքեցին տարան։

Երեք օր հետո, երբ ոստիկանը եկավ իր զոքանչին բժշկի տանելու․

-է՞,- հարցրեց Մարգոն,- ի՞նչ պարզվեց՝ հետախու՞յզ էր։

-Առանձնապես բան չպարզվեց․ մինչև վերջ էլ խուլ ու համր ձևացավ, բայց դու ճիշտ էիր՝ հայացքից երևում էր, որ լսում ու հասկանում է։

-Բա ի՞նչ արեցիք,- իրեն հերոս զգաց Մարգոն,- թաղեմ դրանց․․․

-Դե, ինչ որ անում են նման դեպքերում՝ հարցաքննեցինք։

-Խոստովանե՞ց․․․ բա ի՞նչ կանի՝ չխոստովանի․ դրանցից ի՞նչ հետախույզ։

-Ասում եմ, չէ՞, մինչև վերջ էլ խուլուհամր ձևացավ, ոչ փաստաթուղթ ուներ, ոչ բան։ Հասկացրեց, որ անձնագիրը ապրանքի մեջ է եղել, կանայք լցվել են գլխին, ապրանքը քրքրելիս կորել է։

-Բա՞ց թողեցիք։

-Չէ, թաղեցինք՝ գնաց։

-Ո՞նց․․․ սա՞ղ-սա՞ղ,- ապշանքից քարացավ Մարգոն։

-Ինչի՞ սաղ-սաղ։ Հենց որ մեռավ․․․

-Ծեծեցի՞ք։

-Եսի՞մ, հարցաքննողը ես չէի,- ոստիկանը փնթփնթալով քայլեց դեպի մոտեցող մեքենան,- իմ սիրտն ու քո հավեսը․․․ զոքանչս մեռնում ա, որ վիրահատեն՝ ահագին ծախս ա, քեզ ի՞նչ կա՝ դու չես տանջվողը։ Կպել՝ պոկ չես գալիս՝ սիրեցիք, ծեծեցիք, օղի տվիք,  թեյ տվիք․․․

-Քո զոքանչի տարիքում չմեռնելը լրիվ անամոթություն ա, կյանքի հանդեպ ծաղր,- Մարգոն խեթեց ու անցավ առաջ։

Քայլելիս մի պահ հիշեց երիտասարդի կայծկլտուն աչքերը, ձիգ մկանները ու ափսոսաց նրան մեռած պատկերացնել։ «Էդպիսի մեկը որ գա Գայանին ուզելու, ուրախ-ուրախ կտամ․ ջհանդամը թե խուլուհամր ա․ բա էդ լուսնակ աչքերը, բա էդ բոյը, բա էդ ուժը․․․»։ Մի պահ փոշմանեց իր զանգելը․ կասկածամիտ է, է՛լի, հո զոռով չի․․․ բա որ սխալված լինի՞․․․ Աստված հեռու տանի, մարդու մահվան պատճառ դարձավ։ Չեղած տեղից մի մեղք էլ վերցրեց խղճի վրա։ Բայց թե՝ իրոք թուրքի լրտես լինե՞ր․․․ գյուղի բնակչության քանակը ճշտեր, տեղանքը տնտղեր ու հանգիստ հեռանար՝ սևը կգար գյուղի գլխին։ «Հարամ լիներ էդ առևտուրը․․․»,- սրտնեղեց։

-Հիմա հետախու՞յզ էր, թե՞ խուլուհամր,- ոստիկանի հետևից քայլում ու խղճի խայթից տանջվում էր Մարգոն։

— Արդեն կարևոր էլ չէ։

-Բա վե՞րջը՝ ի՞նչ պարզեցիք։

-Չպարզեցինք, հարցաքննության կեսից մեռավ։

-Որ հետախույզ լիներ, մեկ ա՝ սպանվելու էր,- իրեն մխիթարեց Մարգոն,- էստեղ չբռնեինք, ուրիշ տեղում կբռնվեր։

-Հա, բա ի՞նչ․․․- ոստիկանը գրպանները փորփրելով՝ թաշկինակ հանեց, վիզը սրբեց,- կրակ ա թափվում․․․- ասաց՝ երկինք նայելով։

-Բա որ չէ՞․․․

-Այ մարդ, ի՞նչ ես հոգի հանում, ինչ որ էր՝ թաղեցինք, հարցը փակվեց-գնաց։

Մարգոն հասավ տուն։ Դարակից հանեց չարչուց գնած գուլպաները, վերցրեց մկրատը, նստեց աստիճաններին ու իր սրտի նեղությունից սկսեց մանր-մանր կտրատել՝ սկզբում կրունկը, հետո թաթը, հետո մեջտեղը․․․ հետո սրանք՝ մա՛նր, մա՛նր, մա՛նր․․․ ու նեղսրտությունից արցունքակալած աչքերը հառում էր երկինք՝ իջեցնում մկրատի վրա, հառում էր երկինք՝ իջեցնում մկրատին ․․․ ու մտածում էր՝ ճի՞շտ արեց, որ զանգեց ոստիկանին․ «Իրո՞ք խուլուհամր էր, թե՞՝ թուրքի հետախույզ։ Խուլուհամր էր։ Հետախույզ էր։ Հիվանդ տղա էր։ Թշնամու ուղարկածն էր։ Տեսնես՝ խուլուհա՞մր էր։ Բա որ՝ չէ՞։ Բա որ՝ հա՞․․․ »։ Ու մտքից միտք տարուբերվելով՝ կտրատում էր՝ խը՛րթ, խը՛րթ, խը՛րթ՝ ․․․ ու խռոված հայացքը հառում էր երկինք՝ իջեցնում մկրատին, հառում էր երկինք՝ իջեցնում մկրատին՝ բա որ՝ չէ՞, բա որ՝ հա՞․․․բա որ․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով