Արփինե Վարդանյան, Պատմվածք

Անիծողը

«Ուրիշը մատիցդ փուշ հանող չի»,- ասում էր տատս ու մանում իլիկը։ Նայում էի նրան, ուզում էի ասել`«Է՜հ, տատ, դու ինչ ես հասկանում»։ Հետո հիշում էի, թե քանի-քանի տարիներ է ապրել, ինչեր է տեսել… Ու լեզուս կծում էի, հասկանում էի`  իրավունք չունեի խոսելու, իրավունք չունեի ասելու մի բան, ինչից խելքս չէր հասնում… Իսկ տատս մանում էր իր իլիկը ու քթի տակ ինչ-որ բաներ երգում։ Երբեմն երգ էր, երբեմն շրթունքների անսովոր շշնջումից հասկանում էի, որ աղոթում է։ Աղոթում էր իր դողացող շուրթերով… աղոթում էր… մեզ համար։

Մի օր մեր հարևան Արշոն, որ համարյա տատիս հասակակիցն էր, մեր դարպասը ուժեղ հրելով` ներս մտավ։ Հայրոն` մեր գամփռ շունը, սկսեց բարձր հաչալ ու կապը կտրելու փորձեր անել։ Արշոն թարս նայեց շանը, ինձ, որ վախեցած նայում էի.

-Ի՞նչ է եղել, Արշո պապի,- բառերը չգիտեմ ոնց դուրս եկան բերանիցս։

-Տատդ ու՞ր է, տատդ…

Հարցը անսպասելի էր, չնայած պետք է, որ չզարմանայի՝ տատս ու Արշո պապին հաճախ էին միասին նստում  «Էն քար»-ին։ «Էն քարը», այդպես էին անվանում մեր դրկից տների արանքում մի մեծ ու խոշոր քար, որը շատ հարմար նստելատեղ էր, ու ոնց տատս էր ասում` «Մեզ արևին ենք տալիս»։ Բայց հիմա ի՞նչ էր եղել։ Արշո պապը իրեն նման չէր։

-Տատդ, տատդ, ու՞ր է…

Մինչ կհասցնեի մի բան ասել, մեկ էլ տատս դուրս եկավ` իլիկը ձեռը, դողալով, կորացած մեջքով հազիվ քայլելով.

-Արու´ս, գնա ներս, կմրսես, աղջի,- ինձ հետ էր։

Արշոն ուզեց ինչ-որ բան ասել,տատս չթողեց.

-Գնա էն քարի մոտ, հեսա կգամ։

Արշոն ձեն չհանեց, թարս նայեց տատիս ու գնաց։

-Տա՛տ…

-Աղջի, չասի՞` գնա ներս… մերդ համ էլ կանչում էր։

Ի՞նչ էր եղել, ո՞նց էր եղել, այդպես էլ չհասկացանք։ Բայց ինչ-որ սև կատու էր անցել տատիս ու Արշո պապի միջև։ Շատերը նույնիսկ կատակում էին. «Սիրահար զույգը կռվել է, ողորմածիկ Սարոն էն աշխարհում շուռ եկավ»: Սարոն էլ պապս էր, էլի։

Սկզբում լուրջ չէինք ընդունում, բայց հարցը լրջացավ, երբ Մանիկը` Արշոյի հարսը, մորս գյուղի մեջտեղը ասել էր.

-Ես կերսարս չեմ՝ խելոք, կիսուրիդ կասես, մի հատ էլ է տղուս անիծել, իրա բոլոր բալեքին ես եմ թաղելու։

Մերս շվար-մոլոր տուն եկավ, ուզեց բան ասել` չասեց, հետո տարավ-բերեց՝ չդիմացավ.

-Այ կնիգ, ի՞նչ գործ ունես` անիծում ես… անեծքը քար չի, քարից բեթար է, կպավ, արունը չի չորանա։

Տատիս ոնց որ օձը կծեր, իլիկը մի կողմ նետեց, վեր թռավ.

-Գժվա՞ր, այ հարս…

-Չէ´, մամ, գիտեմ… Մանիկը…

-Արուս, հըլը գնա ախպորդ տեր եղի, դրսում սառեց, ներս բեր,- տատս էր։

Մինչև ախպորս մի կերպ համոզեցի, ներս բերեցի, մերս ու տատս արդեն լուռ նստած էին։  Ինչ որ էր՝ խոսել էին ու լռել էին։

Աշունը եկավ։ Տատս հիվանդացավ, անկողին ընկավ։ «Ձմեռ չի հասնի» ,-ասում էին գյուղում։ Ես լսում ու արցունքներս հազիվ կուլ տալով` համարյա բղավում էի. «Տատս լավանալու է, լավանալու է»: Չլավացավ։ Դպրոցից դեռ տուն չէի հասել, մեր դարպասը բաց տեսա, մուտքի մոտ էլ` հավաքված մարդկանց։ Սիմոն հոպարը պատին հենված, մռայլ ծխում էր, պահակ Սահակը` մի ուրիշ գյուղի տղամարդկանց հետ ինչ-որ բան էր խոսում, համարյա շշնջալով, մի քիչ դենը` հորքուրիս մարդն էր, ով ոնց որ հոպարիս շուրջն էր պտտվում։ Բան չասեցի։ Լուռ ոտքերս քարշ տվեցի բակով, աչքս ընկավ մեր Հայրոյի բնին։ Ինչի՞ չէր հաչում, ինչի՞ էր բնի մեջ կուչ եկել, երբ այսքան մարդիկ էին հավաքված։ Հասա դռանը, բայց դեռ չէի մտել, հորքուրիս  լացը մեխեց ինձ տեղում… Միանգամից կանգ առա։ Պայուսակս գցեցի։ Ամեն ինչ պարզ էր։ Ոչ մի բան ասելու կարիք չկար, միայն ներսումս ինչ-որ մի անսովոր ուռուցք  զգացի, որը բարձրանալով հասավ կոկորդիս, լռվեց հենց մեջտեղում ու սկսեց մեծանալ… հեսա  պայթելու էր։ Խեղդվում էի։ Պայթեց։ Էլ բան չեմ հիշում։ Ցավը այդ պահին հիշողությունս խլեց։

Արշո պապը տատիս թաղմանը չեկավ։ Բոլորը զարմացած էին։ Հարսն էլ` Մանիկը, աջ ու ձախ, անգամ տատիս քելեխի սեղանին, ասել էր` «Անիծող կնիկ էր Արուսը… բերանից հելավ, ծոցը լցվեց»: Մերս որ թողներ, դուրս էի անելու, հա՛, հենց թևից բռնելու ու դուրս էի անելու։ «Քո գործը չի, աղջի… էրեխա ես»,- սաստեց ու ինքն էլ Մանիկի ասածը կուլ տվեց։ «Հա՛, ես եմ էրեխա, բա դու՞, մամ»,- ուզում էի գոռալ ես, բայց մերս լուռ էր։

Գյուղում շատերից սկսեցի լսել, որ ողորմածիկ Արուսը անիծող էր։ Ամեն նման խոսակցություն լսելուց ներսումս մի բան էր սեղմվում, ուզում էի գոռալ, սաստել բոլորին։ Բայց մերս էր միշտ ինձ սաստում. «Դու աղջիկ էրեխա, քո գործը չի, մեծերին չեն պատասխանում»։

Մի օր Արշո պապի թոռը`Արշոն, բանակից արձակուրդ եկավ։ Հեռվից հեռու նայեց ինձ։ «Հըլը սրան տես, հետս մի ժամանակ սեր-սեր էր ուզում խաղալ»,- հանկարծ հիշեցի ես ու նեղվեցի։ Նեղվեցի, որովհետև առաջ սպասում էի իր գալուն, նեղվեցի, որովհետև ինքը Արշոյի թոռն էր, նեղվեցի, որ անունն էլ Արշո էր…

Մեր տները դրկից էին, այգու կողմից էլ մեզ բաժանում էր շատ ցածր ցանկապատ։ Երբ արդեն մութ էր, ու ես դրսում անհույս մեր կորած հավին էի փնտրում, անունս լսեցի.

-Արու’ս, Արու’ս,- Արշոն էր։

Ներսումս ինչ-որ բան խաղաց, սեղմվեց։ Հավ էի փնտրում, հա՞: Ու՞մ էի խաբում, ու՞մ։ Հավը երբեք այդ կողմերը չէր փախչում։ Գիտեի… ու սպասում էի Նրան։

Հաջորդ վայրկյանին արդեն շատ մոտ էր։ Անցել էր ցանկապատը ու ահա ձեռքս էր բռնել.

-Տատդ մեռավ մեզ անիծելով։

Այս խոսքերին չէի սպասում, նետի նման խոցվեցին։ Արդեն հարձակման էի անցնելու, բայց չթողեց.

-Պապս տատիդ ասել էր, որ բանակից գամ, դու էլ` դպրոցը հեսա կավարտես, գալու ենք քեզ ուզենք, տատիդ դուրը չէր եկել։ Ծերուկներով սկսել էին կռվել։ Հետո տատդ մորս է բռնել, ու ինձ անիծել։

-Տեսնես, բայց մերդ ի՞նչ է ասել, որ տատս էլ անիծել է,- հանկարծ պոռթկացի ես։ Ու այստեղ հիշեցի, որ տատս միշտ ասում ու նեղվում էր` «Արշոենց հետ հարևանություն ենք անում, բայց մարդ չեն։ Ալան-չալան Մանիկը ասում է, որ հիվանդոտ ազգ ենք, ինչ է` մեծ աղջիկս ռակից մեռավ»։ Ու արդեն ավելի քան պարզ էր. «Մենք ձեր հիվանդ ազգից գանք աղջիկ ուզենք, դուք էլ չտաք, հա՞»,-բորբոքվել էր Մանիկը։ Տատս էլ չէր դիմացել։ Անիծել էր։ Մենակ ինձ չէին կպել, առաջին հերթին վերքին էին կպել, վերքին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով