Լուսինե Աղաջանյան, Պատմվածք

Ծաղիկները վերջում

Երկինքը երկրի հոգին բուռն էր հավաքել, ոտքերը գետնից կտրել ու թափ տվել: Երկիրը վայրի ոռնոցներ էր հանում ճաք տված երախի տարբեր կողներից՝ ո՜ւո՜ւո՜ւո՜ւո՜ւո՜ւ…Երկիրը խլում էր օձիքը երկնքի ձեռքից ու թրմփալով ցած ընկնում՝ վերից վար ցնցվելով, հետո կատաղած երկինքն ատամներն իրար սեղմած էլի սրան բուռն էր հավաքում, թափ տալիս…Մի քանի անգամ լայնքի՛ն, երկայնքի՛ն, գլխի՛ն, ոտքի՛ն, մեջքի՛ն հարվածելով,  կատաղած երկինքն իր մատների տեղը թողեց երկրի պարանոցին ու արնխեղդ եղած վար ձգեց շնչահեղձ երկրին… Քաղաքի ատամները թափվել էին, երակները պրկվել ու հատիկ-հատիկ պայթում էին ցավից, ինչը ներս էր քաշվել ու ներսից էր պայթեցնում օրգանիզմը: Երկինքն էլի մի քանի անգամ որոտաց, գռմռաց ու ինչպես սկսել էր, էդպես էլ ավարտեց հաշվեհարդարը…Ու ի՛նչ էր արել երկիրը, ոչ ոք վեր չելավ իմանալու, որովհետև ամենքը գետնատարած եղան ու խառնեցին վերևի որոտը ընդերքի ձայների հետ, խենթացան ու տակն ու վրա եղան: Քաղաքը մանրվեց, փոշի դարձավ, ինքն իրենից պոկվեց ու վերևից թափվեց ի՛նքն իր գլխին: Մի փոքր քաղաք էր, որ մի ամբողջ աշխարհակործան ցավով պարուրվեց: Ով կարծում էր, թե դա վերջն էր, սխալվե՛ց: Վերջը հետո եկավ…

Տիրոջը լավ ճանաչող ու սուր հոտառությամբ շները լցվեցին քաղաք, դժոխքը հոտոտեցին ու ուրիշ մարդկանց էլ ճանաչեցին, փրկելու համար: Բլված պատերից կախված ոտքերն ու ձեռքերը երկնքի ամոթն եղան ու գրող չափեցին՝ սրտի կսկծու, գետինը մտածները հողի տակ խեղդվեցին, թեև իրենց ոչ ոք չէր անիծել, դժոխքի կրակները բաց աչքով ամենքը տեսան, որից մարմին փրկելը անմտություն էր, մարդկային մսերը բլուրներով հաշվեցին, կովշը զարկեց, գլուխը մարմնից անջատեց ու ամենքն իրարից հեռու թափեց անպետքության նման…Ողջությունը իմաստը կորցրեց, բայց ոռնաց…Ով կարծեց, թե դա վշտից էր, սխալվեց…Վիշտը դեռ հետո էր գալու…Հետո, երբ քաղաքը քարացավ, առանձին շարժվող սիլուետներին նայեցին ու չտեսան: Քաղաքը ֆիլմ դարձավ՝ առանց երկխոսության…Նայիր ու շարժումները թարգմանիր, բայց հետո…գոնե 30 տարի հետո…

…………….

Վարդանը քսան տարեկն էր, եկել էր բանակից, որ ապրեր: Իսկ ո՞վ կարող էր ասել, երկրաշարժից փրկվածներն ապրում էին, թե ոչ…Նա ողջ մնաց ու ինչպես ողջ մնացած յուրաքանչյուր խելագար, քարացավ: Հայացքով ուղեկցում էր փլված շենքի կողքով անցնող մեկին, ով անտեր մնացած խանութից շերեփների մի խուրձ առած գնում էր: Թե տուն էր տանում, վստա՞հ էր, որ տունը կանգուն է մնացել… Շենքի որոշ բնակիչներ դեռ ուժ ունեին օգնություն կանչելու, կամ տնքալու, բայց ո՞վ կմոտենար: Կախված պանելը վտանգավոր էր: Բայց մի հարս սկեսրարին շատ էր խնդրում.

-Դու կռնա՞ս ելնել մեր տուն, գարդիրոպիս միջից, անկյունի դարակից զարդատուփով օսկեղենիս միջից կալցոս իջըցընես:

Սկեսրարը նայեց կիսափուլ շենքին ու իրենց վիզը ծուռ մնացած մուտքին, նայեց հարևանի կնոջ ոտքերին, որ երևում էին պանելի տակից ու շփոթված հարցրեց.

-Ըսիգ Գյուլնարի չուստերը չե՞ն…

-Հա,-ասաց հարսը,-իրան տե՛ղն է, շատ մեծբերան էր, էնքան ուրիշներին անիծեց, օր Աստված պատժեց…

-Ելնի՛մ, տեսնի՛մ, ա՛յ հարս,-տնքաց սկեսրարն ու անհետացավ փոշոտ մուտքի քարերից այն կողմ…

-Կալցոս, սկեսրարս գնաց կալցոս բերե,-արդարանում էր վախից լացող հարևանուհու մոտ հարսը: Երկրաշարժից մի քանի ժամ էր անցել: Սկեսրարն էլի հայտնվեց ու ծոցից հանեց զարդատուփը.

-Աշե՝ իսո՞նք էին…

Ծանր, կես կիլոգրամ կշռող ոսկյա զարդերը տվեց հարսին, որն էլ բացեց տուփն ու նշանի մատանին մատը դրեց…

-Ըսիգ գուզեի, հայրի՛կ…

-Եսիմ,-հառաչեց սկեսրարը,-ըսի ելել՝ ելել եմ, սաղ մեկից իջըցընեմ…

-Վա՛յ, հայրի՛կ, մտքես չէր անցնի…

Վարդանը ոչինչ չէր լսում, բայց ոսկին փոշու ավերակների մեջ մի փոքր փայլեց, ինքը գլխին տվեց ու վազեց ավերակված դպրոցի կողմը.

-Ալի՜կը…

Նորից երկիրն հոգեգալար ցնցվեց, հարս ու սկեսրար տեսան, թե ինչպես իրենց կիսափուլ մուտքն էլ վար իջավ՝ պարտակելով Գոհարի ոտքերն ու ձայնը…

Վարդանը ընկավ փողոցում ու կառչեց թաց մայթից, ցնցման ավարտին ելավ ու էլի ուժ հավաքելով գոռաց՝ Ալի՛կը…

Իսկ Ալիկը ողջ էր մնացել, վազել էր դպրոցից դուրս, հետո երկու անգամ ներս վազել՝ ցածր դասարանցիներին փրկելու, վերջին ցնցմանը զոհելով մոր պարծանքի հույսը, որ պիտի հինգ ամսից ոսկե մեդալ ստանար ու մեծ մարդ դառնար:

             Էլ ներս չկար. հաստատ Վարդանն էլ կվազեր դպրոցից ներս, մեկին փրկելու, բայց էլ ներս չկար։ Շինարարական փոշով ու խեղդված երեխաներով շաղախված բլուր էր դարձել դպրոցը:

Վարդանը Ալիկի հարազատների հետ դպրոցի փոշին էր բուռ-բուռ հետ տանում՝ ընկերոջը փրկելու…Գիշերն ու ցերեկն էլ առաջվա ուժը չունեին, ամեն վայրկյանը պիտի աշխատեիր՝ փրկե՛լ…թեև ոչ մեկը վստահ չէր, որ եթե ինքը ողջ է մնացել, ուրեմն փրկված է…ոչ մեկը չգիտեր այլևս ինչպե՛ս ապրել…Վարդանը գլխից մեծ ծանրություն էր հետ հրում, ողջ ու վիրավոր երեխաները շատ էին, թե ոնց եղավ, արագ սովորեցին վիրավորների աչքերը կապել ու դուրս հանել, իսկ թե պատգարակն այդ մսերն ուր էր տանում, Աստված գիտեր… Մի ողջ դասարան զույգերով նստած աշակերտներ էին խեղդված, միայն մեկը փրկվեց, որ պատմեր.

-Ընկեր Սարգսյանը չթողեց դուրս գանք, ինքը դուրս վազեց, մեզ էլ սաստեց՝ մեկդ չշարժվի, տեսնեմ սա ի՛նչ էր․․․

Ալիկին գտան այն ժամանակ, երբ քաղաքը լիքն էր դագաղներով, մեկը բերեցին նրա համար, որ կարճ էր բարձրահասակ, սիրուն, ատլետիկ տղայի համար: Ոտքերը դուրս թողեցին, դրեցին շենքի բակում ու երկու-երեք հոգով լաց եղան…Մյուսներն էլ ուրիշ լացերի համար վազեցին:

Բակում խարույկ վառեցին, ու մարդիկ մի-մի տաք քուրջ առած նստեցին կրակի կողքին: Արագ-արագ հաշվեցին ո՛վ կար, ո՛վ չկար թաղից, ում ընտանիքն էր «թամամ», ով էր մի ողջ ազգանվամբ վերացել քաղաքի թարմ պատռվածքում…

-Հլը աշեք Շուշանս ձեր քովը չէ՞,- գլխին էր խփում Սուրոն,- հլը լա՛վ աշեք…

-Սուսա՛ն, էս խեղճը խաբար չէ՞, օր Շուշանը պոլիտեխնիկը մնաց:

-Ըբբը խաբար չէ՞…երեկ ինքն ու Պարուրն են տարե, շորով փաթթե, դրե հողը…

-Խելռիգը, ներս տարեք, քիչըմ թող պառկի, մեղկ է…

-Ախչի ո՞վ ներս կերթա, ըլը էս ցնցումներն ո՞ւր ես, օր բդի շարունակվին…

-Մանի՛կ, Մանի՛կ, գիմանա՞ք ինչ կըսեն ըստեղ…Կըսեն՝ գեդինը բդի բացվի, ու սաղ բդի գեդնի տագն անցնին…

-Ո՞վ ըսավ, հենց ըստե՞ղ, թե՞ Հայաստանով մեկ…

-Ախչի՛, սա՛ղ, սա՛ղ Լեննական բդի գետնի տակն անցնի…

-Կայարանի քովեն էլ կսկսվի, ա՛յ կտեսնիք…Մեր Մուշեղն ընդից գուկար, ըսավ՝ ընդեղ գեդինը լրիվ դարդակ է ու ջուր է…

-Ա՛խ, Աստված, գլխուդ քար ընգնիր, էս ի՞նչ էրիր իմ տղուս,- մղկտում էր Մառուսը…

-Մառո՛ւս տոտա, էդ ի՛նչ կխոսիս, չի՛ կարելի, մենակ քեզնով չէ, աշխրքով է…

-Ի՞նչղ չըսեմ, հինգ րոպե ո՛ւշ դուս գար տնից, էս զուլումը չէր գա, էդ քամբախ խանութը չէ՛ր մտնի…Հըմի եսիմ իմ տղես սա՞ղ է…Քամբախ խանութից մե սալամաթ քարըմ չի մնացե, սաղ փոշի դառած վար է իջե, արդեն երրորդ օրն է…

-Համբերե՛ Մառո՛ւս տոտա, հույսդ մի՛ կորցընե, տղեքը գուկան, մե խաբարըմ կբերեն, տիյա եսօր էնքան մարդիկ են հանե հողի տակից, ու մեռած չեն էղե…

Ու տղերքն եկան թևաթափ, գլուխները կախ, կոշիկների տակացուները հալված ու բադիկի բերանի պես ճպխած…Խանութի բլուրի վրա գործ էին արել, բայց խանութը սկսել էր այրվել, ու դժոխքի կրակները սկսել էին տարածվել քիմիական նյութերի պայթյուններով…Մարդիկ իջել էին փլատակների վրայից ու ձեռ քաշել ամեն ինչից…Մեկ շաբաթ այրվող մոխիրների շուրջ պտտվեցին ու ոչ մի մարդկային բջիջ չտեսան, որ սկսեին կռվել, թե ում հարազատինը կլինի: Ամենքը մի տոպրակ մոխիր տարան գերեզմանոց ու մի ձեռք շորի հետ թաղեցին, որ հետո ծաղիկ դնելու մի տեղ ունենային:

Սկսվեցին մեռելին գտնելու համար իրար աչքալույս տալու օրերը…

Քաղաքը մեռելատուն էր, ուր հոգեհաց չէին տալիս, որովհետև ապրողների հոգիները  ուժ չունեին հաց սարքելու: Մեկը մյուսի տուն էր մտնում, որ ցավակցեր, բայց ի՛ր մեռելի անունն էր գոռում ու լալիս…

…………………………..

Վարդանը քարանում էր ու սեղմվում…Սեփական տունը գուցե չբլվեր, դրա համար մի քանի գերդաստանով բարեկամները հավաքվեցին նրանց տանը ու մեկ շաբաթ հետո բակի խարույկի մոտից քաջություն առան ներս մտնելու, քնելու…Շոր հանել պետք չէր, բոլորը գետիններին էին, իրար կողք-կողքի ու ծանր շնչառությամբ…Մարդիկ կիսաքուն էին, որ գիշերային ցնցման ժամանակ դուրս թռնել հասցնեին: Խարույկը միշտ վառն էր թաղում ու ողջ գիշեր մահվանը սպասող անհանգիստ հոգիները ներս ու դուրս էին անում:

Վարդանն էլ գիշերն արթնացավ. երեքն էր, թե չորսը…Մեն-մենակ էր տանը: Սարսափեց ու ոտքի թռավ, վազեց դեպի դուռն ու դուրս նայեց: Տնեցիներին նշմարեց խարույկի լույսով ու շտապեց մոտները.

-էս ի՞նչ բան է, ընչի՞ եք դուրսը,-դիմեց մորը:

Մայրն իրեն այնքան անտարբեր թվաց.

-Երկուսի կողմ էլի ցնցեց, ելանք դուրս…

-Ըբը ե՞ս…

-Դու ըմբես խորն էիր քնած,-ասաց ու կրկին հուզական բթությամբ դարձավ հարևանի կողմը:

-Հալա՛լ է ձեզի,-տոթը տվեց Վարդանի երեսին,-հալա՛լ է…

-Վարդան, դու գիտե՞ս օր մեր Արմենակի աղջիկն էլ չկա,- կարծես մայրը չէր նկատում Վարդանի զայրույթի ու վախի միախառնումը…

-Որը՞,-ցնցվեց ՎԱրդանը,-էն սիրունը՞…

-Հա, էդ գյոզալ, սիրուն աղջիկը, երկու էրեխեն էլ հետը…Հըմի Արմենակենք կգժվին…

-Չեն գժվի,-սառը ընդհատեց հարևանուհին,-ես իմացել եմ, օր սամալյոտով վերևից դեղ են ցանե մեր քաղաքի վրա…Չե՞ս տեսնի, սաղս վշտի տեր ենք ու լացերս չի գա…

-Վա՛յ, վա՛յ…մեր ջութակի ամենասիրուն դասատուն էր,-Վարդանի ներքևի շրթունքը դողաց հուզմունքից, բայց միևնույն է նա ավելի շատ դողում էր վիրավորանքից: Շրթունքները կծոտեց ու էլի դառավ մորը,-ո՛ւր էր, թող գիշերը տունը գլխի՛ս բլեր, օր հասկընայիք ի՛նչ կենեք…

-Հըմի տղա՛ ջան, ըսածդ ի՞նչ է…Չի՛ բլե, մի՛ վախենա: Նայիսեմ ցնցեց, մեր քունը փախավ, ելանք դուս…

Ոչ ոք այդ դեպքից հետո այդպես էլ չնկատեց, որ Վարդանն այլևս շոր չի հանում քնելուց առաջ:  Նա միշտ դուրս վազելու պատրաստ էր մտնում անկողին: Չէին էլ իմանա, եթե չմատներ գիրս…

Ժաժքը ալիքված բողոքում էր: Մանրամաղ ցնցումները գիշեր-ցերեկ վախի մեջ էին պահում մարդկանց:

-Ցնցեց,-գոռում էր տան ամենազգայունն ու մյուսները ճիչով դուրս էին նետվում: Օրեր էին անցել ու շատ մեռելատերեր կայուն ծանր վշտի մեջ էին, բայց և հանգիստ, իրենցը գտածի խաղաղությամբ, միայն թե Արմենակն ու խնամին էին վիճում, թե ով էր զոհված աղջիկ-հարսի մարմարյա արձանը տեղադրելու գերեզմանին: Արմենակն հարուստ էր, խոսքը ծանրակշիռ ու սարթ…Նա մի մեծ արձան տեղադրեց աղջկա գերեզմանին, երկու հրեշտակներին գիրկն առած մոր, ու այլևս խնամիները չշփվեցին, թշնամաբար…

Վարդանը հաճախակի էր  գնում  Ալիկենց տուն: Մայրը լավ չէր, հոգեբույժի դեղերը քարացնում ու քնեցնում էին կնոջը: Լեզուն բռնվել էր, խոսել չէր կարող ու բոլորին թվում էր, թե չար ու վախենալու աչքեր ունի լալկված կինը…Մի օր, բոլորի համար հանկարծակի, երկու-երեք բառ ասաց ներկաներին, բայց լավ է չասեր: Նայեց իր չորս երեխաներին, նայեց հավաքված բարեկամներին ու լսելի ձայնով, թլվատ ասաց.

-Էս չորսը էրթային, Ալիկս մնար…

Վարդանը չդիմացավ…Կոկորդն ուռավ ու ձգվեց, ելավ նստած տեղից ու դուրս եկավ՝ փախնելու պես: Ինքն էլ չիմացավ, թե ինչո՛ւ անհարմար զգաց, չիմացավ, թե ո՞րն էր ճիշտը՝ ո՞վ մնար, ո՞վ մեռներ…Օրինակ, որ ինքը ողջ է, ու՞մ հաշվին է դա, էս ի՞նչ տեսակի բաժանում տակովն արեց ժաժքը: Ու դրանից հետո տակից եկող ձայներն ուժեղացան երկրի վրա:

-Լավ է քու հերդ մեռներ, քան իմ հերս,-ասում էր Լիլիթին իր հորեղբոր աղջիկը…

-Ընչի՞…

-եսիմ, սաղ էդպես կըսեն…քու հերդ խմող է, իսկ իմ հերս հարուստ էր, ինքը ձեզ էլ կպահեր…Բայց հիմի մենք ի՞նչ բդի էնենք…

-Ուուուու,-ոռնում էին դժոխքի ձայները,-լավ է էն մեկը մեռներ, քան էս մեկը…

Վարդանը շատ զգայուն էր դարձել, մեկ ամիս անց հայելին պարզ, ճակատին ցույց տվեց քունքերի մոտի սպիտակ թելերը: Մի ականջի մեջ խշշոց կար, որովհետև ուլտրաձայներ էր որսում ու սարսռում, օրգանիզմն այլևս լսել չէր ուզում քաղաքի ընդերքից եկող ձայները, ականջը մերժում էր դրանք ու խշշոցներով խանգարում խելագարների բանսարկությունները, որոնց վերջ չկար:

-Ուուուուու…Էս է շուտով գետինը կբացվի ու սաղս մեջը կանցնինք…

-Ուուուուու…Գարունն էկավ, մնացածս էլ խոլերայով կերթանք…

-Ուուուուու…Մեզի շուտով կտարհանեն ու էլ Հայաստանում մարդ չի մնա…

-Իմացե՞լ եք, Արտաշը ժաժքին դուրսն է եղել, բայց գոռացել է՝ վա՛խ փողերս ու ներս է վազել, մնացել տակը…

-Իմացե՞լ եք, էն սենյակի պատին Աստվածածնի նկարն է հայտնվե, աչքին էլ արցունք…Ա՛յ կտեսնիք, ավելի վատ բաներ բդի էղնին…

-Կըսեն Գառբաչովն էրեց, օր Ղարաբաղը չուզենք…

-Թաղե՛մ իրան, գյուլլեն սի՛րտը մտնի, գլխուն քա՛ր ընգնի,-էլի անիծում էր Մառուսն ու շարունակում…

-Ախչի, կարո՞ղ է մենք վռազցանք իզուր ու գերեզման սարքեցինք, բալքի Արտուշս շենքի էն դռնից, պահեստների կողմից հասցրել է դուրս վազել, փրկարարները տարել են, դրել սամալյոտն ու հիմի գիտակցություն չունի, օր մեզի խաբար էնե…երեկ հարսն էլ երազին տեսել էր նույն բանը: Էրեխե՛ք, հլը էն երազահանը բերեք, տեսնինք չորեքշաբթըվա երազները կելնի՞ն, թե չէ…

-Հլը բացե՛ք Աստվածաշունչը, վերջում գրած է էդ մասին, տիյա կսե գազանը կելնի ծովի մեջեն ու գլխին նշան կա…

-Ելա՛վ էլի, ելա՛վ…Թաղե՛մ քեզի, Գառբաչով…

-Ոուուուու…

Վարդանի ականջը խշշում էր ու քոր գալիս…Սկսվել էին այրվող շենքերից անհետ կորածներին սպասելու օրերը: Խշխշում էին երազահանների թերթերը, գուշակները բախտ էին նայում, Աստվածաշունչը հանգստացնում էր նոր ձևավորվող աղանդավորական խմբերին, ու այս խելագարեցնող աղմուկից Վարդանն ուզում էր պոկել ականջը…

Մեղք ու արունքը քաղաք էր լցվել ու ու վերջը մոտ էր…

-Աստված չկա՛,-հայտարարեց Սենոն,-Աստված օր էղնիր, իրա տունը չէ՞ր պայե…եկեղեցին ընչի՞ բլավ: Վարդա՛ն ջան, դու խելացի, ես՝ անխելք, Աստված իրա տունն ընչի՞ բլեց…

Վարդանը չէր մտածել էս մասին ու սարսռաց: Թե որ Աստված չկար, էս ի՞նչ պատիժ էր, ո՞վ արեց, թե Աստված կա՝ գոնե իր տունն ինչո՞ւ չխնայեց…Ու հիվանդացավ Վարդանը: Շատ ուժեղ հիվանդացավ, որի անունը անգլիական գրիպ դրեցին ու մխիթարվեցին: Քթից, ականջներից, լնդերից արյուն էր գնում, ջերմությունը բարձր, երեք օր 40 աստիճանով տրվել էր անհայտությանն ու ուզում էր հանձնվել…Բայց, ելավ ոտքի: Մեկ ամիս երերալով քայլում էր ու ասում.

-Ա՛յ հիմի եթե էլի՛ ցնցվի, ես ուժ չունիմ օր դուրս վազեմ…Ա՛յ, էդքան թույլ եմ:

Քաղաքում սև, մութ ուժեր հայտնվեցին. մեկը ճիշտ աղոթք ու Աստծո մասին լույսը քարոզեց, մյուսը <<վստահեցրեց>> թե կաղերին անգամ ոտքի կհանի, ձեռքով բուժումներ ու մոգություն արեց, ու ինչպես հայտնվել էր, այնպես էլ անհայտացավ՝ գրպանած փողը հետը տանելով: Երրորդը գիր բացեց ու բարի լուր տվեց անհայտ կորածների հարազատներին, իսկ մեռելատերերին պատմեց, թե ի՛նչ է եղել վերջին րոպեին իրենց հարազատների հետ: Ու քաղաքը լացը մոռացած ոռնում էր, երկինք ելնող ձայներով, այլևս խելագարների քաղաքում չգիտեին, թե հույսն ի՛նչ բան է, որովհետև ժաժքին հույսը մեռել էր, սուտ է՝ ինքը վերջում չմեռավ, ինքը կախվեց քաղաքի միակ բարձրահարկ շենքի տանիքից, որովհետև կարծեց, թե բոլոր ցածրահարկերն արդեն փլվել են: Իսկ 16 հարկանի բարձրահարկ շենքը չփլվեց. շուռ եկավ իր առանցքի վրա ու այդպես մնաց: Իզուր էլ շտապեց հույսը. այդ անամոթն ինքն իրեն անգամ չհավատաց…Նրա անճոռնի դիակը կախված էր շենքի ճակատով մեկ ու մարդիկ անցնել դառնալուց թքում էին երեսին, ճանաչում նողկալի  դավաճանի ստախոս պատկերն ու գլուխները շուռ տալիս:

Վարդանն ատում էր այդ տեսարանն ու ամաչում նաև: Որովհետև դա իր քաղաքի հույսն էր: Իր ընկերներից շատերը, երաժշտական դպրոցի սիրելի ուսուցչուհիները, հարևանների երեխաներն ու սիրելի հորեղբայրը չկային: Ո՞վ, էլ ո՞վ կկարողանար բոլորին այսպես խաբել ու առաջինն ինքն իր գլուխն ազատել  մահով: Նա առաջիններից մեկն էր, որ իմացավ  լուրն ու զարմանալի թեթևությամբ հայտնեց տնեցիներին.

-Եգուց առավոտ ժամը 11-ին բդի դուրս գանք տներից, որդև 16 հարկը բդի պայթեցնեն: Տունը մնալ չի՛ կարելի, վտանգավոր է…

-Բայց ճիշտ կենե՞ն օր…

-Թող պայթի՛. մարդիկ մոտով կանցնին, հանկարծ կբլի,-հանգստացրեց տնեցիներին…

-Արխայի՛ն տղա ջան,-ասաց մայրը,- էդ շենքին մեր Վարազադատի մատն է կպել, ե՛ս գիտեմ, թե ինչ ամուր շենք է: Խելք ունենան կպահեն…

-Չէ՛, թող պայթի՛, էլ աչքիս չէրևա՛,-ականջը սեղմելով ասաց Վարդանը:

Շենքի շրջակայքում ապրողները առավոտից թև-թևի, ձեռք-ձեռքի տվեցին ու կանգնեցին կամուրջի մյուս ծայրին, որ շենքի պայթյունը տեսնեն: Է՛դ էլ տեսան: Շենքը կախաղանի պես երկարուկ էր, որի տանիքից հույսի ծվատված ու հոտած մարմինն էր գնում-գալիս, ժամացույցի փչացած /ոտնակի/ նման:Գնդակահարվեց նա՛ էլ ու քաղաքն էլի՛ ցնցվեց, էլի՛ փոշի ելավ ու մարդիկ էլի՛ լացեցին սովոր լացով: Հույսը մնաց փլատակների տակ ու լղճվեց…Շենքը, կամրջի մյուս ծայրին գտնվող շենքը, գուցե գերադասեր իրեն կամրջից ցած նետելով պատվով վերջ տալ գոյությանը, բայց որոշված էր գնդակահարություն, որպեսզի մարդիկ պարզ տեսնեն, թե ի՛նչ է լինում անպատասխանատու  հույսերի վերջնական պատիժը:

……………………………………………

Վարդանն ուզում էր ապրել, բայց ամենից շատ սիրում էր, երբ ուրիշներն էին ապրում: Նա Ալիկի գերեզմանին ուխտ էր արել, որ քաղաքի համար լավ գործեր է անելու ու հարզատ դպրոցը վերականգնելու է: Դպրոցին պատին Ալիկի նկարն է խփելու ու նրա չստացած ոսկե մեդալն էլ կողքին:

Վարդանը որոշեց գնալ ու ընկեր Լոգյանի հետ խոսել, ով փլատակներից դուրս գալուց հետո արդեն ապաքինվել էր ու տեղափոխվել տնակ: Դպրոցի ամենասիրված ուսուցչուհին, դեռ պառկած էր տանը, ողնաշար ասվածը հեշտ բան չէր, ելնում էր հենակներով, բայց իրեն թվում էր, թե տնակի փխրուն հատակն իր հենակների զորությանն ու սեղմումին չի դիմանա…

-Վարդա՛ն ջան, քարերի տակից ես քեզ տեսնում էի, մոտ էի դրսի պատին, հասկանում էի, որ ինձ հեշտ կգտնեն, լույսն էլ պարզ երևում էր ճեղքերից: Ինձ վրա ընկած պանելն իրականում թեքությամբ էր ընկած ու նույնիսկ պաշտպանեց ինձ թափվող քարերից: Շատ երեխեքի տեսա միջանցքում վազող, որ աչքիս առաջ ընկնում էին ցած…Մի աղջկա չեմ մոռանա. ոտքն արյունոտ գնում էր ու լալիս՝ վա՛խ ոտս, վա՛խ ոտս, էդ խոսքի վրա մեկ էլ ցնցեց ու հենց իր հենված պատն էլ իջավ վրան…Էլ ձայնը չլսեցի…

Լոգյանին դեռ այդպես լացելով չէր տեսել Վարդանը: Ախր գժվելու էլ բան էր՝ արյունոտ ոտքով աղջիկը կաղալով, լացելով գնում է՝ վա՛խ ոտս, վա՛խ ոտս ու…էլ չկա…Վարդանը խենթանում էր…5 ամիս էր անցել, ականջի խշշոցը չէր դադարում, ձեռքը գրեթե միշտ ձախ ականջին էր, սեղմում էր, բայց ի՞նչ օգուտ: Հրաժեշտին Լոգյանն ամուր փաթաթվեց Վարդանին ու խոսքերի, գնահատականների մեջ միշտ ժլատ ուսուցչուհին առաջին անգամ թույլ տվեց նախկին աշակերտին ասել.

-Գնու՞մ ես, Վարդան ջան, իմ լա՛վ, իմ ամենալա՛վ աշակերտներից մեկն ես եղել: Էլի արի, կսպասե՛մ քեզ…

Վարդանը տնակից դուրս ելավ, թե նետվեց, չի հիշում: Դրսում գարուն էր, բայց կյանքի մոխրագույն ու անկյանք երանգներով գարուն, առաջին գարունը անհայտության մեջ ապրողների համար: Վարդանի պատկերային մտքում միայն արյան գույնն էր կարմիր ու մտքում ուսուցչի պատմած ցավալի պատմությունը: Հազիվ էր իրեն զսպում, որ հենց փողոցի մեջ էլ լաց չլինի: Սիրտն արդեն ականջների մեջ էր տրոփում: Հանկարծ նկատեց, որ մայթին մի 10 տարեկան աղջիկ է լալիս ու կարճափեշ շորի տակից արյուն է հոսում, ոտքի վրայով հոսում դեպի կապույտ սանդալները: Վարդանին թվաց ինքն է գժվել ու հիմա լսելու է, որ աղջիկը կասի՝ վա՛խ ոտս, վա՛խ ոտս…Բայց աղջիկն ընդամենը ցավից կաղալով առաջ էր գնում, ու անձայն լացելով ուզում փողոցն անցնել ամենավտանգավոր հատվածից, որտեղ բեռնատարներ էին անցնում շինարարական աղբով բեռնված: Վարդանն իրողությունը խառնե՞ց երազի հետ, թե ժամանակներն իր ուղեղի մեջ ելան իրար վրա: Իրեն թվաց, թե ուսուցչուհու պատմածն ապագայից էր ու այդ աղջկա հետ հե՛նց նոր է դեպքը տեղի ունենում, ու ուր որ է մի պատ է փլվելու խեղճի վրա, Վարդանի աշխարհի վերջին պատը: Նա նետվեց դեպի երեխան ու աքցանեց ձեռքը: Աղջկա համար դա այնքան վայրի թվաց, որ նա սկսեց սուր ճչալ ու թափահարել ձեռքը, փորձելով ազատվել ու նետվել կատաղի մեքենաների տակ, դեպի փրկության մյուս մայթը: Վարդանն իհարկե չէր հասկանում, որ երեխայի ձեռքն ավելի ամուր է բռնում ու փորձում պաշտպանել, ցանկացած գնով: Աղջնակն ուղղակի հիստերիայի մեջ ընկավ ու այնքան ուժ առավ, որ քաշում էր Վարդանին էլ իր հետ դեպի մյուս մայթից իրեն շտապող մի ցմփոր մարդու, հավանաբար պապին,  որի հայհոյանքները խլացնում էին մեքենաների ղռղռոցները…

……………………………………….

Թաղը խաղաղ էր, արևին խոնավ բարձեր ու վերմակներ էին դուրս գցել: Դրանք այնքան իրար նման էին, որովհետև թաղում բոլորին նույն մեքենաներից էին բաժանել օգնության օրերին:  Արևին վերմակներն էլ չէին հավատում, ու ոչ ոք չգիտեր, թե արևն առաջվա ուժն ունենալու՞ էր արդյոք, որ քաղաքի ավեարկված ոսկորներին կյանք տար: Վարդանի մայրն էլ էր լվացք փռում, երբ հարևանի տղաները վազեցին.

-Էն վերևի մայլեն կռիվ է…քելեք էրթա՛նք,-ձայնեցին իրար:

-Ուրդե՞ղ…

-Մանուշյան…

-Վո՞վ ըսավ, ի՞նչ կռիվ…

-Ես կերթամ, ո՞վ գուկա հեդս…

Վարդանի մայրն ինքն իրեն խոսելով շարունակեց փռել լվացքը.

-Ըսա ձեր ի՞նչ գործն է…Ընչի՞ կխառնըվիք ա՛յ էրեխեք, ե՛տ եկեք…

Ջահել տղաները մեկը մեկին ձայն տալով թռան նույն ուղղությամբ:

Տեսնես ե՞րբ էր չորանալու լվացքը, կամ էս արևի տա՞կ, որ փեզեվանք ծաղրանքի էր նման՝ կախված քաղաքի դուրս թափված աղիքների ու չորացած ոսկորների վրա…

-Ըսա ձեր ինչ գործն է, օր գնացե կռվի թամաշա կաշեք, տեսնիս ի՞նչ է էղե,-արդեն ավելի անհանգստացավ Մարիամը, նկատելով, որ երիտասարդների հայրերն էլ են վազում էն կողմ: Նրանցից մեկը հասցրեց ասել.

-Գեդի՛նը մդնի, էլ ի՞նչ բդի էղնի, մե եքքա էշըմ, կըսեն թե մյադըմ 10 տարեկան աղջկա է բռնաբարե…յավա՛շ,-ու իր իսկ խոսքերից ավելի կատաղած, բլված շենքի քարերի մոտից մի ծռմռված արմատուր վերցնելով վազեց…

-Վա՛յ, վա՛յ, վա՛յ…Մարիա՛մ, էս ի՞նչ կկատարվի, ժողովուրդը լրիվ է խելըռե…գեդի՛նը մտնիք հա, ձեզի քի՞չ էր…

-Ի՛նչ ըսես կիմանանք, Սուսան,-խեղճացած ու շշմած վրա բերեց Մարիամն ու կարծես վախից ներս մտավ:

…………………………………………

Կռիվն այլևս մարդկային չէր…Քաղաքի մի ծայրամասից անմարդկային ոռնոցներով սև ու փոշոտ մարմինների մի հսկա ոհմակ էր գլորվում դեպի հրապարակ: Ճանապարհը երկար էր ու բոլոր թաղերից միանում էին այդ զանգվածին: Քաղաքն արդեն մի մեծ ռեխ էր դարձել, որ խզված ձայնով գոռում էր.

-Տաս տա-րե-կան է-րե-խու են բռ-նա-բա-րել…

Քաղաքն էլ երես չուներ, ոսկորների ու շինանյութի կույտ էր, ու թաղեթաղ արմատուրներով, դանակներով անմարմին ու անհոգի սև ու մթագնած ուժեր էին միանում կռվող ամբոխին, ուր կռվողների երկու խումբ չկար, կար մեկ մարդ, որից արդեն ծվատված մի դիակ էր մնացել և գազազած ամբոխը, որ քաշ էին տալիս դա ու խոշտանգում ինչով կարողանում էին…ո՞ւր էին քաշ տալիս, անջատված մարմնամասերով , 1000 տեղից ծակռտված փալաս հիշեցնող մարմինը…

-Հրապարա՛կ տարեք, իսոր բդի հրապարակայնորեն վառե՛ս,-գոռում էր ցմփորն ու սիրտը բերանն եկած քաշում մարդկային լեշը…

Մինչ հրապարակ հասնելը ծակո՛ւմ էին, խփո՛ւմ, թքո՛ւմ վրան ու չէին հանգստանում…Միայն հրապարակի կրակե լեզուները հետ մղեցին ամբոխին: Մարմինն այրվում էր և ամեն մարդ կրակը բորբոքում էր ինչով կարող էր: Մեկը վազեց ու անվադող բերեց, մի կին շշով նավթը նետեց, փայտ ու թուղթ ավելացրին դժողքի կրակներին ու երկինք հասցրեցին ատելության ցավը, որ հանգստանան ու չէին հանգստանում: Թվաց աշխարհը կրակն ընկել, վառվում էր ու սպառնում էր հոգիներն էլ այրել, դժոխքի  գազազած հնոցում: Մարդու ձեռքով դժոխքի կրակն ամենասարսափելի տեղն է, որից հիշատակը փրկելն անգամ անհնարին մի բան է: Ողջ քաղաքը կարծես երկրաշարժից իր բաժին վրեժն էր լուծում ու չէր հանգստանում: Չի հանգստանալու  երիցս…

Մինչև իրիկուն Վարդանից մեկ բուռ մոխիր էլ չմնաց…

…………………………………….

Օրը փոխվեց ու առավոտ եղավ ու երկնքից կախված արևը մեռած պառավի վզից կախված մեդալյոնի պես տգեղ էր: Դեղինը  էժանագին մետաղի արժեք ուներ ու ժանգոտ երես, արևն էլ առաջվա մաքրությունը չուներ այս քաղաքում: Քաղաքը չէր քնել, բայց արթնացավ ու գողեգող դուրս եկավ լսելու ռեխից ելնող ամոթահար շշունջները,  ուղղված բոլո՛ր, բոլո՛ր խուլ ականջներին…

-Կըսեն էնքան լավ տղա էր…

-Կըսեն չէր բռնաբարե, էրեխեն ուզել էր փողոցն անցնել, շորի տակից էլ մեխը պատռել էր ոտքի մաշկն ու արյուն էր ծորացել…

-Ինքը վազել էր էրեխուն օգնելու, օր փողոցն անցնի, բայց պապը էրեխու ճչոցն ու ոտքից հոսող արյունը տեսել ու խելըռել է…

-Էրեխեն ղժժացել է, ձեռքը քաշել է, բան չի խոսել, պապն էլ գիտեցել է, թե…

_Կըսեն էնքան լավ տղա էր…

-Ափսոս, հազար ափսոս…

-Ախչի, կըսեն ըդպես մաքրասեր տղա գոյություն չունի, ըդքան ծեծի ու կրակի մեջ էլի նասկիները ճեփ ճերմակ  էին…

-էն կնգան տեսա՞ք, օր հայաթի կտրած ծառը քաշ կուդար, օր կրակը չմարի…Հեդո էլի՛ կվազեր ու էլի՛ կբերեր…Գելի սիրտ էր կերե…էդ ինչ կեներ…

-Կըսեն նոր էր բանակից էգե…

-Կըսեն մինուճար էր…

-Կըսեն լավ տղա էր…

………………………………………..

Օրը փոխվել էր անփոփոխի նման ու  քաղաքի ռեխը բաց էր մնացել: Մարիամի լվացքի պարանին սև լվացքը չալ-չալ վառվել էր ու հավաքող չկար:

Հետաքրքիր էր, թե ո՞վ էր առավոտ շուտ հրապարակի մոխրացած աշխարհի վրա 6 հատ սպիտակ մեխակ դրել․․․


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով