-Մա՞մ, բարև:
-Բարև, աղջի՛կս, ո՞նց ես, մտքիդ դրածն արեցի՞ր:
-Հա՛, բա ո՞նց: Ծննդյանս օրով ինձ չէի զրկի էդ նվերից: Դե թող իմանա, որ աշխարհ մեռնել կա: Այսինքն՝ լավ էլ գիտեր: Ինձ էլ հրահանգում էր. «Գերեզմանիս ծաղիկ չբերես, տղայիս առաջ դերասանություն չանես, թե չէ բերածդ ծաղիկները երեսիդ կշպրտեմ»: Դե թող շպրտի, տեսնեմ՝ ո՞նց է շպրտելու:
-Ի՞նչ ծաղիկ ես տարել:
-Թանաքագույն շուշաններով շքեղ զամբյուղ: Տղան մոր համար երբեք ոչինչ չի խնայել: Ես էլ համախոհ եմ խաղում: Առավոտյան հայտարարեցի, թե անգին սկեսուրիս մահվանից չորս շաբաթ էլ չի անցել, ի՞նչ ծնունդ, ի՞նչ բան, թե ինձ համար այսօրվա լավագույն նվերը կլինի մի ծաղկեփունջ վերցնելն ու նրա շիրմին այցի գնալը: Հալվեց-թափվեց ամուսնյակս, ձեռքը գրպանը տարավ, մի կլորիկ գումար տվեց՝ մոր ծաղիկների ու սրտիս ուզած ծննդյան նվերը գնելու համար: Ես, իհարկե, չեմուչումի մի շարան բացեցի նվերիս հաշվով, բայց նա դրանից ավելի ջերմացավ ու ասաց, որ երեկոյան էլ անակնկալ ունեմ տարեդարձիս առիթով:
-Լա՜վ էլ գիտես քնքուշ լարերի տեղը:
-Դեռ չիմանա՞մ: Հինգ տարի է՝ էս ընտանիքում եմ, խաղի կանոնները յուրացրել եմ: Մենակ մայրն էր գլխի ընկել՝ ինչն-ինչոց է: Բայց տղային խնայում ու լռում էր: Ինձ էլ բան չէր ասում, որ իբր տանն անախորժություն չլինի: Մենակ մեռնելուց առաջ չդիմացավ, մտքին եղածը սառնասրտորեն շպրտեց երեսիս ու եզրափակեց իր գերեզմանին չգնալու, ծաղիկներ չտանելու հրամանով: Դե ես էլ չորս շաբաթ սպասեցի ու էսօր լուծեցի վրեժս: Ասված է չէ՞. վրեժն այն ուտեստն է, որը պիտի սառը մատուցես: Մատուցեցի, վե՛րջ: Երեկոյան էլ կհայտարարեմ, որ սիրտս նվաղել-թուլացել է հարազատիս շիրիմը տեսնելիս, թե ինձ շատ վատ եմ զգում դրանից հետո: Դե, ամուսնյակս էլ կհուզվի ու անձամբ կարգելի իմ հետագա այցելություններն իր սիրասուն մայրիկի շիրմին: Վե՛րջ, էլ ես անելիք չունեմ էդ մեռելների հանրակացարանում:
-Դե լավ է, լավ է: Էսօր բավարարված սրտով ծնունդ կնշես:
-Կնշե՛նք: Մի մեծ տորթ ու շամպայն եմ պատվիրել: Երեկոյան կգաս, որ միասին վայելենք: Կասեմ՝ դու ես դրանք բերել, ու ես էլ շատ զայրացել եմ, որ չես հարգել մեր ընտանիքի վիշտը, որ ուզեցել եմ բերածներդ ձեռքդ տալ ու հետ ուղարկել, բայց մի կերպ հանդուրժել եմ: Դու էլ մեղավոր-մեղավոր կհուզվես, մեզանից ներում կհայցես, փեսադ էլ, իր բարեկրթությանը հավատարիմ, քեզ կների ու ինձ կնայի խեթ հայացքով՝ թե իբր իր մոր հանդեպ այդքան սիրալիր լինելուս հակառակ՝ անտակտ եմ հարազատ մորս հետ:
-Վա՜յ-վայ: Էս քանի՞ սցենարով ես ուղեղդ աշխատեցնում: Ես էի, որ ամբողջ կյանքս էշ-էշ ապրեցի հորդ հարազատների հետ ու մի անգամ չկարողացա սրտիս ուզածով դրանց վերաբերվել:
-Դե՜, սերնդափոխություն է, առաջադիմությունն անխուսափելի է: Վստահ եմ՝ իմ աղջիկն ավելի կատարերագործված կլինի:
-Էդ աղջիկը դեռ ունեցիր, հետո խոսիր: Քանի՜ տարի ենք սպասում: Մի օր կարժանանա՞մ թոռ գրկելու բախտին:
-Դռան զանգն է, տեսնեմ՝ ո՞վ է: Երևի փեսայիդ խոստացած անակնկալն է: Հեռախոսը չանջատես, որ պատմեմ:
—
Սենյակում անհանգիստ հետուառաջ քայլող տղամարդուն սթափեցրեց դռան զանգը: Բացեց դուռը, ու շքամուտքից հորդեց կենսուրախ «Happy birthday»-ը՝ անծանոթ երիտասարդի պայծառ ժպիտով համեմված: Ձեռքին մի մեծ տորթ էր, շամպայն, որ պայթեցրեց դռան բացվելուն պես, և ինքնավստահ ներխուժեց նախասենյակ՝ շաղ տալով փայլփլուն-գունավոր սերպանտինները:
-Որտե՞ղ է հոբելյարը,- իրեն դիմավորողի տառապյալ դեմքին անհաղորդ՝ հարցրեց երիտասարդը:- Կարո՞ղ ենք շնորհավորել նրան:
-Դուք, հավանաբար, շփոթել եք հասցեն, մեր տանն այսօր հոբելյանական ոչինչ նախատեսված չէ:
-Բոլորովի՛ն,- մի քիչ նեղսրտած վրա տվեց երիտասարդը, որ հայտնի մի ծառայության առաքիչ էր:- Մենք նման հարցերում չենք սխալվում: Առավոտյան մեր գրասենյակ էր այցելել երիտասարդ մի տիկին, որի տարեդարձն է այսօր: Պատվիրեց տորթ, շամպայն, ասաց, որ երեկոյան նշելու է իր ամենաուրախ ծնունդը: Նաև մի մեծ ծաղկեզամբյուղ պատվիրեց՝ թանաքագույն շուշաններով: Մենք էլ դեռ զարմացանք այդ ընտրության վրա, որովհետև ծննդյան տոնն ու տիկնոջ պայծառ տրամադրությունը մռայլ թանաքագույնի հետ մի քիչ անհամատեղելի թվացին: Բայց նա փարատեց մեր տարակուսանքը՝ ասելով, թե ծաղիկներն իր հետ որևէ կապ չունեն:
-Մտնենք հյուրասենյակ: Դուք ունե՞ք առաքման պատվերի ստացականը, կարո՞ղ եք ինձ ցույց տալ,- թերահավատորեն հարցրեց տղամարդը:
-Այո՛, իհարկե, մենք ամեն բան ճիշտ ենք արել,- բազկաթոռին նստելով՝ հավաստիացրեց առաքիչն ու այդ պահին աչքն ընկավ սենյակի անկյունում դրված խոշոր ծաղկեզամբյուղին:- Ահա և ապացույցը՝ սա հենց այն զամբյուղն է, որը տիկինը գնեց մեզանից առավոտյան: Մեր ապրանքանիշն էլ վրան է: Մենակ թե տարօրինակ է, որ այն տուն է բերել, ասում էր՝ հեռավոր մի ազգականի գերեզմանին է տանելու:
-Դուք վստա՞հ եք:
-Իհարկե, ահա և տիկնոջ կատարած պատվերը: Բայց եթե դեռ կասկածներ ունեք, կանչեք իրեն, թող անձամբ հաստատի:
-Ցավոք, դա անհնար է: Այսօր կեսօրին կինս կաթվածահար է եղել և կորցել խոսելու ունակությունը: Նա հիմա հիվանդանոցում է:
-Ի՞նչ եք ասում, ի՜նչ ողբերգություն: Այնինչ պատրաստվում էր տոնել իր ամենաուրախ տարեդարձը: Ներեցեք, որ աղմուկ-աղաղակով ներխուժեցի Ձեր բնակարան, ի՜նչ իմանայի…
Առաքիչին թեյավճար տալուց և ճանապարհելուց հետո տղամարդը զանգեց թիկնապահին:
-Պատմիր մանրամասնորեն, թե ինչ է պատահել իմ տանը քո ներս մտնելուց հետո:
-Շե՛ֆ ջան, ոնց ասել էիր. տվածդ փողով շատ թանկ զամբյուղ առա, էկա զանգը տվի, տիկինը բացեց, ծաղիկները դրեցի գիրկն ու ուրախ-ուրախ շնորհավորեցի ծնունդը: Ուզում էի տալ էն ռեստորանի հասցեն, որտեղ երեկոյան պիտի նշեիք ծնունդը: Աչքիս առաջ դեմքը քարացավ, աչքերը սառեցին ու ընկավ գետնին: Ես էլ արագ զանգեցի շտապօգնություն ու վարորդին ուղարկեցի քո հետևից: Մնացածը դու գիտես:
—
-Բարև Ձեզ, Ձեր տիկնոջը հիվանդանոցում պահելն այլևս անիմաստ է, մենք արել ենք հնարավորը: Այժմ նա ունի հարազատների խնամքի և հոգածության կարիքը: Կարող եք վաղը տուն տանել նրան: Իսկ հետագա բուժսպասարկումը պետք է կազմակերպել տանը, մենք կարող ենք առաջարկել մեր մասնագետի ծառայությունը: Դուք ինձ լսո՞ւմ եք, ալո՜…
-Այո՛, ես Ձեզ շատ լավ լսում եմ, միայն թե Ձեր հիվանդն այս հասցեում այլևս չի բնակվում:
-Բայց երեք օր առաջ փաստաթղթերում ինքներդ եք նշել այս հեռախոսահամարը և Ձեր տան հասցեն: Ձեր զոքանչն էլ ասաց, որ Դուք եք գալու տիկնոջ հետևից: Հիմա ինչպե՞ս վարվենք: Նրան վաղն անհապաղ պետք է դուրս գրել, մեզ մոտ այդքան հիվանդասենյակներ չկան, որ կարողանանք հիվանդներին երկար պահել:
-Հասկանում եմ,- հայացքը թոշնող շուշաններին՝ հեգեց տղամարդը,- հենց հիվանդի մոր հետ էլ քննարկեք նրա դուրսգրման և հետագա խնամքի բոլոր մանրամասները:
Տեսարանն իրոք տարօրինակ էր, բայց սենյակում գտնվող թիկնապահը ներքին մի բնազդով զգաց, որ շուշաններով զամբյուղն էս մութ պատմության կարևոր հանգույցներից է: Նա արագ հրաժեշտ տվեց շեֆին ու սուրաց շքամուտքի աստիճաններով: Դուրս եկավ բակ, արագ բացեց մեքենայի դուռն ու սպառնագին նետեց վարորդի դեմքին.
-Բերանդ ըստեղ-ընդեղ չբացես ու չասես, որ գերեզմանի պահակից ենք առել էն անտեր զամբյուղը, թե չէ հետդ կիսված փողը քթիցդ կբերեմ:
-Վա՜յ, ախպերս, ինձ ո՞ւմ տեղն ես դրել: Բա ես է՞դ տղեն եմ: Համ էլ՝ հո առաջին դեպքը չի՞: