Արթուր Բաղդասարյան, Պատմվածք

Կպա՜․․․

-Կոսինուս երկու ալֆան հավասար է կոսինուս քառակուսի ալֆա հանած սինուս քառակուսի ալֆա։

-Տես է, իր անունն էդպես արագ չի ասի։

-Ապրես,- ժպտաց ուսուցչուհիս ու հենց էդ պահին էլ զանգը տվեց։ Խառը դուրս թափվեցինք ու շարվեցինք պատի տակ, սկսեցինք ամբախ-զամբախ դուրս տալ, մինչև զանգն էլի կտար ու ոնց իծաշարուկ դուրս էինք եկել, էդպես էլ ներս կմտնեինք։

Նայեցի  գետնին ու ոտքով սկսեցի խաղալ դուրս թռած պարկետի հետ, էնքան  խաղացի մինչև սպիտակ բոթասս լրիվ կեղտոտվեց,  ու հավաքարարն էլ կշտամբեց ինձ։

-Անշնորհք,- ասաց  ընկերս ու սկսեց հռհռալ, հետո հարցրեց,- էս ժամին ին՞չ դաս է։

-ՆԶՊ ,-փնչացի ես, ու ինքն էլի սկսեց խնդալ։

Իրականում ես էնքան էլ չէի պատկանում էդ ֆուտբոլասեր ու մեքենայապաշտ դասին ։ Ես ավելի շատ գրքասեր էի, խելոք ու երևակայող ու, չնայած լավ էի սովորում, ՆԶՊ-ից բավականին հեռու էի։ Այդ օրը, ոչինչ, էշը ցեխից  կհանեի․ զենք պիտի քանդեինք ու հավաքեինք, բայց եթե հանկարծ իջնեինք առաջին հարկ՝ կրակելու, իմ աղետն էլի կսկսվեր։ Մի տեսակ անպետքության զգացում էի ունենում էդ պահերին։ Ակնոցս դնում էի (ես կարճատես եմ), իհարկե էնքան էլ չէր օգնում, որովհետև մեկ է՝ էլի լավ չէի տեսնում թիրախը, ժամերով նշան էի բռնում ու կրակում ամենաանհավանական կետին, որ կարելի էր պատկերացնել՝ ստիպելով, որ ուսուցիչս(մենք նրան պարոն մայոր էինք ասում) զայրույթից մռնչա։ Ես մեղավոր հայացքով նայում էի պարոն մայորին, ինքն ուսերը վեր էր քաշում ու ասում՝ ոչինչ։ Մանրամասնորեն բացատրում էր՝ ոնց անեմ, որ ճիշտ լինի ու կպնեմ 10-ին (թիրախի ամենազիլ կետն է)։ Կարծես թե հասկանում էի, մտածում էի՝ դե վերջ, արդեն կստացվի, զենքը դնում էի ուսիս, նշան բռնում ու կրակում։ Չէ՛, դե, չի կպնում էլի․․․ անտերը չի կպնում․․․

Ավագ դպրոցում երեք տարի շարունակ էս էի փորձում։ Ինձ հաջողվեց հանրահաշվի քնությունից գերազանց ստանալ, բայց թիրախի զիլ տասին երբեք էլ չստացվեց կպնել։

Ավարտելուց հետո գնացի բանակ ու բախտս էնքանով  բերեց, որ ընկա Հադրութ՝ քեռուս տղու մոտ ու էնքան էլ պատշաճ կերպով չծառայեցի՝ իմ բախտից, որ քիչ տառապեմ, բանակի բախտից՝ որ չկործանվի։

Երդման արարողության ժամանակ մաման էնքան  լացեց, որ սիրտս ճմլվեց։ Մտածում էր՝ զիվոր եմ դառել, բայց դե զինվորական շորեր հագնելով ու երդվելով՝ զինվոր չեն դառնում։ Իրականում շատ էի ուզում զինվոր դառնալ, իսկական զինվոր, բայց դե ինձնից հույս չկար։ Հույս չկար, բայց ես գիտեի, որ միշտ էլ պիտի մտածես, որ մեջդ մի նշույլ հերոսություն կա, ու որ ինչ-որ մի օր դու ի վիճակի կլինես հերոսանալ։

Ծառայությանս երրորդ ամիսն էր, երբ վաղ առավոտյան արթնացա բարձր դրմբուն ձայներից ու տեսա՝ բոլորն իրար են անցել։

-Ի՞նչ է եղել,- հարցրի։

-Հարձակում է,- ասացին։

-Ի՞նչ անեմ,- հարցրի քեռուս տղուն։

-Ի՞նչ պիտի անես,- խնդաց նա,-պառկի քնի։Մի քիչ հետո հետ կգանք։

Հինգ րոպեից տղերքը դիրքեր բարձրացան։ Ձայները գնալով ավելի էին սաստկանում, էնպիսի ձայներ, որ ո՛չ լսել ես, ո՛չ էլ կմոռանաս։ Երկինքը փլվում էր երկրի վրա, ու երկիրը ահասարսուռ երկինք էր փախչում։ Երեք ժամ հետո մի խումբ զինվորականներ եկան, ու պարոն մայորը նրանց մեջ էր։

-Բոլորին հավաքիր ու ասա, որ դիրքեր ենք բարձրանում,- առանց բարևելու՝ դիմեց ինձ։

Շշմած նայեցի դեմքին ու աչքս խաղաց։

-Դու ամեն ինչ էլ կարող ես,- առանց դեմքիս նայելու ասաց ու արագ քայլերով գնաց առաջ։

Կես ժամ անց մենք էլ դիրքերում էինք։ Զենքը վերցրել ու վազել էի առաջնագիծ․ երևի իմ հերոսանալու պահը եկել էր։ Պայթյուններից անընդհատ  մուր ու փոշի էր նստում ակնոցիս ու ես երբեմն-երբեմն թևքով սրբում էի ապակիները։ Միառժամանակ չէի հասկանում՝ ի՞նչ է կատարվում ու շփոթված աջ ու ձախ էի վազվզում՝ ընկած ընկերներիս մոտ։ Ահավոր էր՝ վերևում օդաչուները կռվում էին անօդաչուների դեմ, ներքևում՝ մարդիկ՝ տեխնիկայի։ Արյան հոտը մխրճվել էր ուղեղիս մեջ, ու արցունքները վախից չորացել էին աչքերիս։ Մի պահ հիշեցի «1917» ֆիլմը, հետո հասկացա, որ դրա համար ժամանակ չունեմ։ Հանկարծ աչքովս ընկավ քեռուս տղան։

-Հիմա՛ր, ասացի՝ քնիր,- ճչաց նա, ու ես նրա կորցրի տեսադաշտիցս․սև խավարը տարավ նրան։

Չճչացի, չլացեցի ու ոչ էլ կորցրի ինձ, ուղղակի մոտեցա իր դիտակետին, զենքը դեցրի ուսիս ու փորձեցի հիշել պարոն մայորի խոսքերը։ Բոլոր ձայները լռեցին,  ու ականջներումս սկսեցին զրնգալ նրա խորհուրդները։ Խորը շունչ քաշեցի։ Ուշադիր նշան բռնեցի ու սեղմեցի ձգանը՝ զենքի հետադարձ ուժն ուսիս զգալով։ Մի պահ ինձ թվաց տեսա՝ փամփուշտն ինչպես է ճեղքում օդը, հետո բարձրացրի հայացքս ու հասկացա, որ կպել եմ ․․․ ես կպե՜լ եմ․․․

Էլի կրակեցի ու էլի կպա, հետո մի հատ էլ ու էսպես հինգ անգամ․․․Մի պահ շրջվեցի աջ ու քիչ հեռվում նշմարեցի պարոն մայորին։

-Պարոն մայո՜ր,- ճչացի,- պարոն մայո՜ր․․․կպե՜լ եմ, ես կպե՜լ եմ, պարոն մայո՜ր, կպե՜լ եմ, կպե՜լ եմ, կը՜․․․ 


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով