Մհեր Իսրայելյան, Պատմվածք

Մի անգամ Հայաստանում

Իսկական ընկերության մասին ճշմարտությունը պատմելը անշնորհակալ գործ է, մինչև մի բան գրում ես, ինչ-որ բան փոխվում է ու սրբագրելու սիրտ չունենալով, ստիպված ես լինում մոլորեցնել ընթերցողին։ Ճիշտ Հոլիվուդի հմուտ ռեժիսորների նման, որ տարբեր հնարքներով այնպես են խճճում պատմությունը, որ հանդիսատեսը գլուխ չհանի։ Այլ է հեքիաթի բանը, որ կարող ես չմտահոգվել, հաստատ լավ ավարտ է ունենալու, հեփփի էնդ։ Ընթերցելու կամ դիտելու կարիք էլ չկա, միևնույն է՝ ասպետը սպիտակ ձիու վրա գալու է ու տիրանա դիցուհուն, ընկերները մինչև վերջ հավատարիմ են մնալու, ոսկե ձկնիկն էլ կատարելու է բոլոր ցանկություները։ Բայց քանի որ հեքիաթում չենք, ստիպված ենք մի քիչ ջանք թափել, կկոցել մեր աչքերը, հայացքը հառել երկինք ու փարվել հուշ ու երազի կախարդական օրորոցին։ 

Եղել են չեն եղել, հին ու բարի ժամանակներում ապրած երկու ընկեր են եղել, կամ գուցե երեք։ Ժամանակները այնպիսին են եղել, որ մարդիկ, հատկապես նկարիչները, ընկերության պակաս չեն զգացել, ու ընկերների  առատությունից գլուխները վառ ու կայտառ է մնացել, սիրտը տաք, ասելիքը  հատու, վրձինն էլ թաց ու բեղուն։ Բայց մենք կգրենք երկուսի մասին, գուցե երեքի։ Երեքն էլ կեպի են դրել, մեկը, սուր քթովը՝ վրացու, մյուսը, բեղերովը՝ բենդերի, երրորդն էլ՝ կապուտաչյան, նկարչի։ էս վրացու կեպին գերել է տարբեր կանանց սրտեր ու երեք անգամ առագաստ բացել, նկարչինը մագլցել է գեղարվեստի ակադեմիական բարձունքները, իսկ բենդերինը ծառայել Էրգրի ու կարոտի անհաս փարոսին։ Բայց նման մանր-մունր տարբերությունները խոչընդոտ չեն դարձել իսկական ընկերության համար, հակառակը լրացրել ու կոփել են մեկմեկու` իսկը մատնացույց անելու պատեհ օրինակ։ Ամեն ինչ իհարկե միանգամից չի եղել, կայսրության նրբին ու դավադիր ծալքերում խմորվել է ժամ առ ժամ, օր առ օր, տարի առ տարի ու դարսդարսվել մի խոշոր ու սև աչքերով հետաքրքրքասեր տղեկի հուշադարանում,  քսան տարի հետո լույս աշխարհ ժայթքելու համար։

Մեծ մեղք գործած չենք լինի, եթե ասենք, որ երեքն էլ մի քիչ խելառ են եղել, մեկին սասունցու ջիղն է խտտել, մյուս երկուսին լոռեցու երակն է սնել։ Հարազատների ականջը խուլ, մի անգամ էլ շրխկան գինարբուքից հետո գիշերը քնել են արտասովոր կերպարանքով, մեկը ոտքերը դաշնամուրի վրա, գլուխը գետնին, մյուսը վերարկուով դատարկ լողավազանի մեջ, թերթերի տրցակը թևի տակ, երրորդն էլ արձանի նման քարացած նստած՝ լրիվ բաց սառած աչքերով։ Լուսանկարիչը անմահացրել է այդ պատմական պահը, հետագայում ազգային արխիվին ի պահ տալու համար։ Երևի հասկացաք, որ երեքն էլ մի քիչ խմող, մի քիչ փնթի ու նկարելու հետ սեր են ունեցել ու երիտասարդ տարիքում որպես տաղանդավոր խոստումնալից արվեստագետներ կամա թե ակամա դարձել են նկարիչների միության անդամ։ Նկարել են, նկարել են ու մի օր էլ որոշել են ըմբոստանալ, վերցրել են նկարիչների միության անդամատոմսերը ու ուղարկել նախագահին՝ մեզ նման միություն պետք չէ, պետք լինի կճտտացնենք կայսրության քթին։ Նախագահն էլ, մի իբր բարեհամբույր ու  մեծահոգի մարդ, ում կտավները շուտով պիտի հրապարակում այրեին, պատասխանել է՝ ջահել եք, չեք հասկանում, արյուններդ տաք է, թող սառչի, այնժամ կխոսենք։ Մինչ սրանց արյունը ալարելով սառչում էր,  հսկա կայսրությունը փլուզվում է ու փլատակների տակ չմնալու համար էս վրացու կեպիովը գործի է անցնում, ու աստղն այնքան եռանդով է փայլատակում, որ տանում բազմեցնում է նախարարի երանելի աթոռին։ Այստեղ պիտի հանուն արդարության նշենք, որ նախարարը իր սիրած բառով ասած՝ չի շփանում, մարդկային դեմքն էլ չի կորցնում, ու ամեն ամանորից առաջ ճարպիկ վարորդը գրող ու նկարիչ ընկերների դռներն է բախում ու սկուտեղի վրա մի մի հատ գոճի հրամցնում, մի արկղ օղին էլ վրադիր, իբրև չգիտեմ որ թվին պարտված գրազի փոխհատուցում հին ընկերոջ կողմից։ Իսկ ընդդիմադիր թերթի ամենակպչուն լրագրողի այն հարցին էլ, թե օդում կախված լուրերը փաստում են իր ընկերական առնչությունները քրեական աշխարհի ու ավազակների հետ, պատասխանում է զրպարտանքի կտրուկ հերքումով ու որպես իսկական ընկերության առհավատչյա վկայաբերում հավատարիմ երկուսին՝ մեկը բեղերով ու բենդերի, մյուսը կապուտաչյա ու նկարչի կեպիով, երկուսն էլ հասարակ նկարիչ ախպերներ։ Բայց կպչունը չի հանդարտվում, շարունակում է մեղադրել նրան ժողովրդի փողերով սրան-նրան գոճի բաժանելու, նույնն է թե հարսի թշով փեսին լավություն անելու համար։ 

Կայսության փլուզման լավն այն է, որ ժողովուրդներ են ազատագրվում, վատն այն է, որ ընկերության համար մեծ երկրի շռայլած անսպառ ժամանակը սեղմվում դառնում է երանելի ակնթարթ, որի փայփայելու գործը ծանրանում է ընկերներից ամենանրբազգացի խղճին։ Փայփայում-փայփայում է ու մի օր էլ որոշում է կրակել։ Բայց այդ մասին հետո։ 

Անցել է քսան տարի այն օրից, երբ ամենանրբազգացը, որ բեղերովն ու բենդերի կեպիովն էր, թփթփացրեց սև խոշոր աչքերով տղեկի ուսին, ու  տարավ քաղաքի յոթ դարպասից այնկողմ գտնվող այն տունը, որի լուսանկարը չէր իջնում դեղին մամուլի աղմկոտ էջերից։ Ասում էին, գետի հունը հատուկ այնպես էին փոխել, որ հոսեր բակի միջով ու տանտիրոջ չքնաղ ծննդավայրին նմանվեր, նոր վտակի մեջ էլ ոսկեգույն ձկնիկեր էին բաց թողել, հյուրերի նյարդերը հանգստացնելու համար։ Առասպելը, որ հյուսվել էր սուր քթով ու վրացու կեպիով տանտիրոջ շուրջ, թերևս չափազանցություն էր, բայց պատմելու արժանի։ Այն բարբառում էր, թե բռնելով ոսկե ձկնիկին նա մի թեթև տնտղել է ու  արհամարհական հարցրել․

-Դե, շուտ ասա, տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում ու գնա։

Ոչ ոք չի տեսել, թե ինչպես է ոսկե ձկնիկին հետ նետել ջուրը, բայց գեթ մեկը չի էլ համարձակվել կասկածի տակ առնել սփռված վարկածը։ Շատ բաներ էին պատմում այն խառը ու դառը տարիներին, բայց պատմությունը այդ մասին չէ։ Պատմությունն այն  մասին է, թե ինչպես է մի անգամ Հայաստանում մի ընկերը մի կրակոցով փրկել ընկերոջ կյանքը, իսկ մյուս ընկերն էլ՝ պարզապես սայթաքել։ 

Քանի որ ընկերության նրբին խութերը տնտղելու գործը վստահել ենք սև խոշոր աչքերով տղեկին, ոնց ուզում է տակից թող դուրս գա։ Թող զոռ տա երևակայությանը, մի քիչ հնարի, մի քիչ երազի ու պատմի խորհրդավոր հանդիպման, թե կուզեք ընթրիքի մանրամասները։ Թե տղա է, թող ասի, որ ծննդյան արարողությունը, որին իբր հոր հետ գնացել էին մասնակցելու, տեղի չի ունեցել ու վաղեմի ընկերոջն էլ վերջին հրաժեշտ չեն տվել։ Ինչ արած, ձեռնոցը նետված է, մարտահրավերը ստիպված եմ ընդունել։ Խորհրդավոր ընթրիքից էլ կսկսեմ։

-Գնում եմ,- այդ անմոռանալի օրը ասաց սուր քթով ու վրացու կեպիով ընկերը ու ատրճանակը մեկնեց հորս,-մի օր պետք կգա։ Հետո կանչեց կնոջը ու պատվիրեց բոլոր չկապած փողկապները բերել՝ ճիշտ ինը հատ։

-Դե, ես հո քո պես պաշտոնյա չեմ, փողկապն ինչիս է պետք,-չեմուչում արեց հերս։

-Տղադ կկապի, ընտիր գործեր են, կաշառք, բոլորը Փարիզից ու Հռոմից։

-Զգույշ կլինես, նորից չպսակվես,-ասաց հերս ու աչքով արել ինձ,-ոսկե ձկնիկն էլ այդպես էլ չտեսանք։

-Մի օր դուրս կգա,-հույս հայտնեց տանտերը։

-Բարի ճանապարհ, շեֆ,-աջուձախ մաղթեցին հյուրերը,- որևէ կասկած չունենք, շուտով վերադառնալու ես։ 

Նվերը վերցրինք ու ընկանք կրակը։ Ատրճանակի երեսը հերս էլ չտեսավ, տարա պահեցի տան ամենախորը գաղտնարանում, մեկ մեկ համալսարան գնալուց գոտկատեղիս խփելու ու ուսանող հասարակությանը զարմացնելու համար։ Նույնիսկ մեկ անգամ, աղջկա հետ տանգո պարելիս սվիտրի տակից դուրս սպրդեց ու արժանացավ զուգընկերուհուս ապշանքին։ Մի անգամ էլ տաքսիի պատուհանից օդ կրակեցի, խեղճ վարորդը վախից քիչ էր մնում գլուխներս ուտեր։ Երրորդ ու վերջին անգամ էլ մի աղջկա սրտի համար ծավալված մրցակցությանը որոշեցի խառնվել, պահեցի այնպես, որ ատրճանակի փողն երևա, բայց սրտի խորքում հուսալով թե հանելու կարիք չի լինի։ Ատրճանակի հետ փորձերը կարճ տևեցին, շատ շուտով ձանձրացրեցին ինձ ու հրաժեշտի նվերը գնաց հանգրվանեց տան ամենամութ ու մոռացված անկունում, մի դյուժին տարի ժանգոտվելու համար։ Այլ էր փողկապների բանը։ Ինը փողկապները մեկը մեկից տարբեր էին ու բազմազան, արմավենիներով, ավտոմեքենաներով, հնդկական փղերով, կոլումբիական թութակներով և այլ էկզոտիկ զարդանախշերով։ Ամենաշատը սիրում էի փղերովը, երփներանգ հնդկական բնության համադրությամբ էր, իսկը աղջիկ խոսացնելու ապրանք։ Կային, որ պարզապես զոլերով էին, պաշտոնական, ու քննությունների ժամանակ բարենպաստ ազդեցություն էին թողնում լրջմիտ դասախոսների վրա, վկայելով մեր պատկառանքը մասնագիտական ընտրության հանդեպ։ Ինը փողկապ, ինը ճանապարհ։ Երբ փռում էի գետնին, դառնում էին մղոնաքարի սլաքներ ու ցույց տալիս աշխարհի հեռու-մոտիկ ծագերը՝ ինձ նետելով մտորումների օվկիանոսը։ Տեսնես որտեղ է հիմա սուր քթով ու վրացու կեպիով մարդը, աշխարհի որ եզերքում է ոսկե ձկնիկ փորձում բռնել։ Ասում են ինչ-որ ծովափ է գտել, խռովել է աշխարհից ու մոռացել ամեն ինչ, նույնիսկ ամենասիրելի դուստրը վստահ չէ, թե կարող է կենդանի լինել։ Մի նկար է ընդամենը վրձնել, այն էլ հնագույն մասնագիտության ջահակիրների պատկերով։ Ոմանք էլ, դավադրության տեսության սիրահարները, գլխի խորհրդավոր տմբտմբոցով վկայում են, թե ամենատես աչքի շուրջ խմբված իր քարտաշ եղբայրներն են պատսպարել ապահով տանիքի տակ։ Բայց հիմա նրան հանգիստ թողնենք, խորհրդավոր ընթրիքի հյուրերի ասած՝ կասկած չունենք, որ մի օր կվերադառնա, այսպես, թե այնպես։

Ժամանակը արդար դատավոր է։ Ինքներդ եք հասկանում, որ փողկապները մի օր մաշվել են, անէացել իրենց առաքելության լիարժեք փարատմամբ ու հետները տարել ընկերության երանելի դրվագները։ Աշխարհի մեր կողմում մնացած երկու ընկերը իրար հանդիպելիս մեկմեկու հարցրել են հեռացած երրորդի որպիության մասին ու ստացել միանման պատասխան՝ պետք է որ լավ լինի։ Հետո, չգիտես ինչու «Ոսկե վրձին» մրցանակի համար խռովել են իրարից։ Չար լեզուները ասում են, թե կապուտաչյան գողացել է մրցանակը ճանապարհին, դարձել փառասիրության զոհ ու պարփակվել կրիայի պատյանում։ Բոլորը գիտեն, որ բեղավորի կտավը եղել է լավագույնը, ծեփած սերունդների համար։ Հիմա կապուտաչյան գիշերները բաց աչքերով է քնում ու ամեն օր նույն երազը տեսնում․ թե ինչպես է կորցրած ընկերոջը հիվանդատես գնում՝ ձեռքին մեկ փուչիկ «դաբաղ» մակագրությամբ։ Առավել վատատեսները ու սևամաղձության սիրահարները պնդում են, թե բեղավոր ընկերը աշխարհից հիասթափված հենց այդ պատճառով էլ որոշել է տեղափոխվել այլ աշխարհ, մտքի անհավանական առկայծումով մտաբերել է գաղտնարանում ժանգոտված հրաժեշտի նվերը ու վերջին անգամ կրակել մահվան վրա, ինչպես հաջորդ օրը պատկերավոր գրել են թերթերը։ Կապուտաչյան էլ երկար չի ձգել, ճիշտ այն օրը երբ երազում պայթել է ընկերոջը պարզած փուչիկը, բռնել է նույն ճանապարհը։

Հանդերձյալ աշխարհի հավատացյալները հավաստիացնում են, թե «Ոսկե վրձին» մրցանակի շուրջ նկարիչ ընկերների վեճը մոռացվել-գնացել է։ Երբ այնտեղ հանդիպել են, բեղավոր ու բենդերի կեպիով ընկերը պատմել է, թե ինչպես սուր քթով ու վրացի կեպիով ընկերոջ հրաժեշտի նվերը փրկեց կյանքը։ Հետո հետաքրքրվել է, թե ինչու շտապեց, կապուտաչյան էլ արդարացել է թե բան ուներ ասելու, ուզում էր վայրկյան առաջ ավետել, որ պարզապես սայթաքել է։ Հետո հիշել են «դաբաղ» մակագրությամբ փուչիկի պատմությունը, ծիծաղել ու  գրկախառնվել։  Բնականաբար, որոշել են սպասել սուր քթով ու վրացու կեպիով ընկերոջը, որ մի ծովային երկրում երևի ոսկե ձկնիկ է բռնում, ու իրենց մասին ոչ էլ հիշում։ Ինչքան ուշ հիշի, այնքան լավ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով