Աղավնի Գրիգորյան, Պատմվածք

Սպիտակ աստղը

«Փախցնելու եմ քեզ»՝ Սաքոն  ականջին ասաց, ինքն էլ կարմրեց։ Միասին՝ տասմեկ տարեկան էին. Սաքոն մի տարի ու մի գլուխ բարձր  էր Նունիկից: Տատը չէր նկատել Նունիկի շփոթվելը, տատը լավաշը կիսել ու տվել էր իր Նունիկ թոռանն ու դրկից Սաքոյի թոռանը՝ Սաքոյին, որ լուսադեմից մինչև մութն ընկնելը Նունիկի պոչից կպած էր: Լավաշը հալվել էր  բերանում, ու փրկված փշուրները կպել էին Նունիկի գործկեն բլուզի թելերից:

Հետո Նունիկը պոկվել էր տեղից, վազել առվի վրայով՝ քարից քար, մինչև գյուղի ժամի դուռը ու ներս մտել… Ու Սաքոն չէր հասել Նունիկի հետևից:

 Տասը տարի անց՝ արագ չվազեց, թե՞ շոգն էր պատճառը, հենց ժամի դռանը կռացավ, որ աղբյուրից ջուր ցողի երեսին, սրտխփոցը կարգավորի, Սաքոն հայտվեց կողքին, հայացքները հանդիպեցին շատրվանող ջրի երկու կողմերում․․․

 Հաջորդ վայրկյանին Սաքոյի աչքերից կայծեր թռան աջ ու ձախ, ցավում էր… քաղցր ցավ էր: Երկար խռով չմնացին՝ դուռ-դռան հարևան էին: Սաքոն գիշերը քարով կամացուկ խփեց Նունիկի լուսամուտին ու քաղած մի թաս մորին մեղմեց Նունիկի զայրույթը: Սաքոն դարձավ Նունիկի ստվերը, հիմա մի րոպե տեսադաշտից չէր թողնում Նունիկին: Երբ Նունիկը ելակի մարգերն էր քաղհանում, Սաքոն հայտնվում էր կողքին, առուն սկզբում Նունիկենց, հետո դեպի իրենց բաղն էր անում: Դարպասի առաջ, երկու տների միջև դրված իշոտնուկին նստած՝ էնքան էին խոսում աստղերից, մինչև աստղերի քունն էլ էր տանում:

– Անծով սարում նավավար թե լինում է՝ ես կլինեմ էդ նավավարը, – երազում էր Սաքոն, – ուր էլ ալիքը տանի, ինչքան էլ քամին հեռացնի սարերից, վերջում մեր գյուղը կգամ, կսպասես չէ՞:

– Սպիտակ Աստղը կգտնեմ մի օր…

– Սպիտակ Աստղ, ինչ որ չեմ լսել, – աչքերն էր կկոցում Սաքոն:

– Հարազատ հոգիները վաղ թե ուշ կրկին հանդիպում են Սպիտակ Աստղի վրա, անգամ, երբ երկրային կյանքը վաղուց ավարտված է լինում, աստղայինը հազարամյակներ՝ սիրո լույսով կաթում է երկրաբնակ սրտերին: Եթե լեգենդը կա, Աստղն էլ անպայման կգտնեմ:

– Երկնքից խելքս շատ չի կտրում, թե այդպես է, հենց Սպիտակ Աստղը կուղղորդի, որ նավարկենք դեպի ծով:

– «Երբ տախտակամածին երկուսն են, ուղղությունը կարևոր չի, մնացած բոլոր դեպքերում նավն ուղղակի փոխադրամիջոց է»՝ մի գրքում եմ կարդացել:

– Ինչ բարդ ես խոսում, – ծիծաղում էր Սաքոն:

Ու նրա խոսքը հաստատում էր գոմից եկող Կաթնուկ կովի բառաչը:

– Կաթնուկին էլ կվերցնենք հետներս, – ու երկուսով վարակիչ ծիծաղում էին, հետո Տատը սաստող հազում էր, իբր՝ ուշ է արդեն, ու պատանիները բաժանվում էին մինչև հաջորդ լուսաբաց:

 Հարևանները վաղուց երկուսին հարս ու փեսա էին կնքել, տնեցիները երեխեքին չնեղացնելու համար աշխատում էին չարձագանքել. երեխա են՝ կմեծանան…

Սուրբ Սարգսի նախորդող օրը  Նունիկի բոված աղանձը դեռ տաք-տաք՝ Սաքոն մի բուռ թռցրեց թավայից, պաչեց Նունիկի թուշն (այս անգամ անցավ ավարտով), հետո «սպառնաց»՝ երազդ կպատմես: Նունիկը երբեք չպատմեց, որ ջուրը մեկնած ձեռքը տեսավ, որը հենց Սաքոյինն էր՝  բաժակը ծակ էր  ու տակից ջուրը գնում էր…

Վարդավառին Սաքոն Նունիկենց դարպասի հետևն անհամբեր սպասելիս էր եղել, որ դուրս գալուն պես Նունիկին ջրի, նախրչի Աղասի աղջիկը՝ Թերեզը, հենց էդ պահին Սաքոյի ձեռքի դույլը տակից երկու ձեռքով բարձրացրել ու ջուրը շուռ էր տվել Սաքոյի վրա, հետո ծիծաղից պայթել էր, մարտահավերով կանգնել-մնացել, ուղիղ նայել էր Սաքոյի աչքերին: Սաքոյի աչքերը Թերեզի հանդգնությունից փայլել էին, կողքին կանգնած Սամոյի ձեռքից, որ շշմած հետևում էր էս ամենին, վերցրել էր ղազանն ու շուռ տվել Թերեզի գլխին: Շշմելու իր հերթն էր, երբ Թերեզը մազերից ջուրն էր քամում:  Բարակ բլուզը թրջվելուց կծկվել,  կիպ գրկել էր Թերեզի մարմինը, մազերից քամվող առվակն էլ իրեն ճանապարհ էր գտել. Թերեզի՝ արդեն ձևավորված փարթամ կլորությունների վրայով վազում էր գժված: Նունիկը դարպասից ոտքն էլ չէր հանել, շուռ էր եկել ու դարպասը ետևից խփել ուժով, Սաքոն դեռ ղազանը ձեռքին շվար՝ երազի ու իրականի միջև:

  Թերեզն իրական էր, ու Սաքոյի ներսի տղամարդն արթնացել, գժվել էր էն առվակի պես: Թերեզը հաղթանակած հեռացել էր, անշտապ, առանց աղջիկներին բնորոշ վայ-վույի՝ Սաքոյի աչքերն իր հետ տանելով:

Հետո Սաքոն կես ժամ ծեծել էր Նունիկի սենյակի լուսամուտը, Նունիկը չէր բացել։

Երբ Սաքոն աքլորացած կարմրատակած գոռացել էր.

 -Բա´ց, որ գնամ, էլ չեմ գալու,- Նունիկը պատուհանի կողքը, պատին կպած՝ մնացել էր քարացած, չէր ասել, մտածել էր՝ էն էլ ո՜նց կգաս…

Զուգադիպել էր կամ ոչ՝ Թերեզն այդ օրից սկսած բոլոր իրիկունները փոքր եղբոր ձեռքը բռնած անցել էր Սաքոյենց դռնով, ու մեկ գնդակն էր գլորվել Սաքոյենց դարպասից ներս, մեկ երեխու կոշիկն էր ոտքից դուրս եկել անպատեհ, ու Թերեզը նստել էր Սաքոյենց դռանը, իշոտնուկին, եղբորը գիրկն առել ու խրատել, որ զգույշ քայլի:

Մի օր էլ Սաքոն դարպասից դուրս էր եկել, նստել էր Թերեզի կողքին: Իրիկնադեմ էր, Թերեզը չէր նայել երկինք կամ խոսել աստղերի մասին, ո´չ էլ մեծ ու փոքր երազանքներից. Սաքոյի աչքերին էր նայել, մազափունջն աչքերից փչելով հեռացրել էր, աչքերը կայծկլտացել էին, ու մինչ կայծը կրակվել էր Սաքոյի աչքերում, ծորուն հանդարտությամբ եղբոր ոտնամանների քուղերն էր կապել, հետո ձգվել էր նստած տեղից, գլխավերևի  ճյուղից վաղահաս խնձորը պոկել, խրթոցով կծել, մեկն էլ ախպոր համար քաղել, ու քայլել էին: Սաքոն էլ  մեկ Թերեզին, մեկ փոքրացող խնձորին նայելով՝ գնացել, հասել էին կողքի փողոց, Թերեզենց դուռը: Թերեզը դարպասը բացել էր, եղբորն առաջ թողել ու վերջին պահին հանկարծակի շրջվել դեպի Սաքոն, ու Սաքոն խնձորի թթվաշությունը զգացել էր շուրթերին:

 Նունիկը վարդավառի օրվանից ո´չ Սաքոյի, ո´չ Թերեզի հետ բառ անգամ չէր փոխանակել: Թերեզն էլ ամեն անգամ ուսն էր թոթվել նրան հանդիպելիս, աչքերն էր ճպճպացրել, ու նրա փարթամ կլորությունները Նունիկին հունից հանել էին: Թերեզը Նունիկից մեծ էր երկու տարով ու էդ չարաբաստիկ երկու տարին էս պահին նրան անմրցելի էին դարձրել սիրային հարցերում:

 Հետո Նունիկը քաղաք՝ համալսարան էր գնացել, Սաքոն բանակ՝ էդպես իրարից խռով: Թերեզն էլ սիրահարվել էր գյուղ եկած մի սփյուռքահայ ճարտարապետի, մի ամսում նշանվել ու հետը գնացել ֆրանսիական արվարձանում ապրելու:

Սաքոն առաջին արձակուրդին շնչակտուր  քաղաք էր հասել, պտտվել Նունիկենց համալսարանի կողքերը, հակառակի պես ճիշտ այդ օրերին Նունիկը մորաքրոջ տանը տաքությունով  պառկած էր եղել: Սաքոն մի քանի կուրսեցու հարցուփորձ էր արել Նունիկից, մեկ-երկու աղքատիկ բառ էր կորզել ընդամենը՝ սովորող, փակ աղջիկ է, ձեռքը թափ էր տվել ու դատարկաձեռն նստել գյուղ գնացող ավտոբուսը, տնեցիներին՝ բարև ու նույն օրը՝ հաջություն ասելու:  Հաջորդ նոր տարուն Սաքոն բանակից արձակուրդ չէր վերցրել, իսկ  մեկ ամառ անց, Համբարձման տոնին Նունիկը մեկ էլ  էն էր լսել, թե Սաքոն հետը բանակ տեղից հարս է բերել՝ Արուսին, էրեխեն էլ ճամփին է:

Նունիկը չէր լացել՝ գուղձը խեղդել էր կոկորդը: «Վիճակի երգն» ականջներում՝ հակարծակի անկողին էր ընկել, քառասուն աստիճան ջերմել մի շաբաթ, մի ամիս փակվել էր տանը, հետո գրքերն առել էր, լուռ, մի քիչ գունատ ու գնացել քաղաք՝ իր կարմիր դիպլոմի հետևից, որ հետ գա ու իրենց գյուղի դպրոցում ուսուցչություն անի, երեխեքին աստղերից ու տիեզերքից պատմի:

Մինչև Նունիկը քաղաքից վերադարձավ, կողքի տնից արդեն երկրորդ երեխի լացն ու զրնգոցն էր գալիս: Սաքոն գյուղից գնացել էր. գյուղում գործ չէր գտել, հավաքել էր մի ձեռք շորն ու թռել Ռուսաստան: Նոր Տարուն միայն գալիս էր երկու շաբաթով ու Նունիկի համար նոր տարին հարամվում էր: Ճար էլ չկար, թե տնից գնար, Սաքոն գյուղում առաջինն իրենց տուն էր մտնում, տնեցիքին շնորհավորում, Նունիկի էլ թուշը պաչում, իբր կատակով ու երեխեքի լեզվով ՝ «ընկեր Հովսեփյան, նոր տարիդ շնորհավոր» ասում, ինքն էլ ասում էր՝ «Ձերն էլ․․․» (Սաքո ջան-ը՝ մտքում):

  Տոնածառը դեռ տներում՝ Սաքոն նորից գնում էր Հյուսիս, կինն ու երեխեքը մնում էին: Տարին տարու վրա երեխեքը մեծանում էին, Արուսը տխրում: Մի օր էլ խնդրեց, որ Նունիկն երեխեքին օգնի, դասերն առաջ ընկնեն, թե նեղություն չի:

Գևն ու Արտոն՝ Սաքոյի երկու տարբեր տարիքները գումարած ու կիսած էին, թախտին տեղավորվում էին, կողք կողքի, Նունիկի թխած կարկանդակը արագ-արագ կուլ տալիս, հետո անցնում հայերենից՝ մաթեմատիկայի, բլուզներին միշտ փրկված փշուրներ էին կպնում, Նունիկը ժպտում էր.

– Արուս ջան, ընդունակ են, մի քիչ ցրված, բայց խելքները լավ աշխատում է:

 Գարուն էր: Ձյունը նոր-նոր էր հալվում՝ Նունիկը նկատեց Արուսի շորի գոտին լայնացել է: Պատասխանը կարդաց Արուսի աչքերում: Վաղուց Սաքոյի տեղն իր սրտում կծկվել-նեղացել էր, ու հիմա տեղը լցվել էր Արուսով ու նրա երկու որդով: Լայնացող գոտիկն Աստղիկ անունը պիտի ունենար:

 Ծառերը բողբոջել էին, ու բողբոջները պայթել սպիտակ ու վարդագույն մետաքսաթելով: Սաքոյի մոտից ինչ-որ հեռու ազգական, թե բարեկամ-ծանոթ եկավ, Արուսին փող փոխանցեց, տնից դուրս գալուց արևն աչքին էր ընկել, աչքն՝ Արուսի փորին, երկիմաստ շպրտել էր.

– Լավ էլ հասցնում ա Սաքոն երկու ֆրոնտ, հալալ ա:

Էդ գիշեր Արուսին տարան հիվանդանոց:

Մյուս օրը Սաքոն արդեն տանն էր. միակ անգամը, որ Նունիկն էր ուզում տեսնել նրան, տեսնել ու թքել երեսին…

Մի քանի օրից Սաքոյենց դռանը բեռնատար կանգնեց, ապրանք բարձեց մինչև իրիկուն․ տունը դատարկվեց, Սաքոյի մայրը անկողին ընկավ:

Սաքոն հետ գնաց Ռուսաստան:

Գյուղում այդ տարին դաշտերը կարկտահարվեցին, հետո սելավը սրբեց-տարավ ցանքսերի մեծ մասը, ու Սաքոյենց տան պատերից ներս սողոսկող փսփսոցները արագ մարեցին: Ավելի կարևոր գործեր կային՝ տխուր, անբերք աշուն էր սպասվում:  Սաքոյի մայրը անկողնուց վեր կացավ ամիսներ անց՝ քսան տարով ծերացած: Էլի երկու ձմեռ ու գարուն անցավ: Սաքոյի տղաները մեկումեջ գալիս էին, մնում մի քանի օր, օգնում տատին: Նունիկը այդ օրերին գաթա էր թխում, կանչում տղաներին, գաթան տալիս ձեռքները ու պատվիրում էր տատին ուշադիր լինել: Արուսն այդպես էլ չեկավ, Արուսը չհաշտվեց իր Աստղիկի չգոյությանը:

Հետո քամիներն ուժեղացան, փոթորիկ եղավ, ու Սաքոյի նավը փոթորկից հազիվ փրկվեց․ միակ տեղը գյուղն էր, ուր կարող էր կայանել խարխուլ տախտակամածով: Ինչ որ անբացատրելի թուլություն քայքանում էր Սաքոյի մարմինը, բժիշկները դա ցրված սկլերոզ են անվանում: Սաքոն բավական ժամանակ անտեսել էր ցավերն ու հոգնածությունը, կամ կարևորություն չէր տվել, մինչև մի օր հիվանդույթունը թափ էր տվել նրա մարմինը ու գամել անկողնուն: Սաքոն գիտեր դաժան ու անդառնալի օրակարգը. նյարդը մեռնում է բջիջ առ բջիջ, մինչև մի օր հասնում է  սրտին: Գիտեր, ու որոշել էր՝ ուղղակի ապրել… մինչև անզգայացում: Գյուղ վերադառնալը վերջին տարիների միակ ճիշտ որոշումն էր: Հիմա, երբ ժամանակը կոնկրետ սահմանագծված էր, հիմա միայն՝ ժամանակը ծով էր:  Քանի դեռ չէին քարացել զգացողություններն ու ծովը զգում էր երակների մեջ վազող կենարար հոսքից, կարող էր դառնալ իր ժամանակի նավավարը: Կամաց-կամաց տունը կարգի էր բերում՝ ոտքերը տկար էին, բայց օրվա մեջ որոշակի հատված  կարողանում էր տեղաշարժվել առանց սայլակ: Ձեռքերը դեռ աշխատում էին, թեպետ հաճախ թմրում էին ու ծանրություն վերցնելիս մեկումեջ չէին ենթարկվում:

Այգին թարմացած շնչեց առաջին ամիսների խնամքից հետո, ինչպես փթթում է կինը ամեն տաք համբույրից: Ծաղիկները բացվեցին ու բուրեցին մայիսին: Դռան դեմի խնձորենին, որ արդեն տարիքն առած էր, մեջքը կորացած՝ նորից կանաչ թթվաշությամբ լցվեց:

Սաքոն չէր բողոքում: Բնությունն ու մահվան մտերմությունը Սաքոյին իմաստնացրել էին: Հիմա, երբ տախտակամածի գամերն իրարահան էին եղել ու գերանները մի թիզ հեռացել իրարից, Սաքոն տարօրինակ խաղաղ էր: Չէր վախենում, չէր սպասում վաղվան, ու դա սրում էր ներկայի զգացողույթյունը. իր նավը կլողա, քանի դեռ գոնե երկու գերան իրար կառչած են:

Հիմա երջանիկ էր, անկախ ամեն ինչից:

Ամառվա առաջին օրը բակում, մի չերևացող տեղ տոպրակով հորեց բոլոր դեղերը, հետո սառը թան խմեց ու քնեց բակի իշոտնուկին: Սաքոն սկսել էր ապրել:

Առավոտյան մոր հետ էր զրուցում, ժամերով նստում էր պատշգամբում: Մորը խնդրել էր, որ երբ ձեռքերն էլ դադարեն ենթարկվել, հենց այդ դիրքում սայլակը դնի․ հենց այդ դիրքից ուղիղ Նունիկի լուսամուտն էր աչքի առաջ:

Նունիկն ամեն երեկո գալիս էր: Չէ´, չէր խղճում: Սաքոն ատում էր խղճահարությունն, ու իր թուլության մասին ամենաչնչին ակնարկի դեպքում այլևս չէր թողնի, որ այցելի իրեն:

  Նունիկը երեկոների հյուրն էր: Նունիկը լուսատուներից էր պատմում՝ իր փոքրիկ աստղիկներից ու արևներից, որ ամեն օր շողում էին դասերի ժամին: Սաքոն աչքերը կիսախուփ՝ լսում էր: Երկնքին նայելիս լռում էին երկուսն էլ: Գյուղում գիշերներն աստղազարդ էին առաջվա պես:

 Ցերեկները կատուն էր Սաքոյի միայնության նավի միակ ուղևորը, գալիս նստում էր ոտքերին, մռլտում էր՝ գլուխը նրա անարյուն ձեռքերին դրած, մինչ Սաքոն դատարկում էր հուշերի կապոցը: Սաքոն կատվին պատմում էր կյանքի ամենահիշարժան պահերը. նորից ու նորից փոքրիկ տղա էր, վազո՜ւմ էր, վազում ու չէր հասնում Նունիկին: Սաքոյի ձեոքերը ի վերջո տաքանում էին, մատները դվարությամբ սահեցնում էր, շոյում կատվի գլուխը:

Ձյուն եկավ: Սաքոյի ոտքերը ցուրտն արդեն չէին զգում:

 Բովվող աղանձի բույրը լցվեց գյուղով մեկ: Լուսադեմին Սաքոն տեսավ Սպիտակ Աստղը՝ շատ մոտ, Նունիկի լուսամուտին էր շողքը:

Այդ գիշեր Նունիկը երազում ջուրը մեկնած ձեռքը տեսավ, որ հենց Սաքոյինն էր՝ բաժակը ծակ էր, ու տակից ջուրը գնում էր…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով