Մհեր Իսրայելյան, Պատմվածք

Մատանու վերադարձը

Աշխարհը որքան մեծ, այնքան էլ փոքր է, այլապես ամերիկացի ռազմական օդաչու Օշինսկու անվանական մատանին օվկիանոսը չէր հատի ու կես դար անց մի անհավանական հրաշքով դառնա հայ գրողի պատմվածքի արևելյան համեմունք։ Ժամանակը որքան դանդաղ, այնքան էլ արագ է հոսում, այլապես օդաչուի անհետացման գույժը փղձկոցով դիմավորած մանկահասակ քույրը ոչ էլ կհավատար այդ անհեթեթ վարկածին, սրտի խորքում հիսուն տարի փայփայելով եղբոր փրկության հույսի առկայծող մի թրթիռ։ Այնպես որ, երբ Պենտագոնի ներկայացուցիչը ասաց, թե գտնվել է եղբոր մատանին, նա միաժամանակ և լաց եղավ, և ուրախացավ։ Լաց եղավ, որովհետև վերջնականապես մարեց հեռավոր այն թրթիռը, որ երկար տարիներ ուժ էր տվել ապրելու, ուրախացավ, որովհետև գտավ եղբորից մնացած գեթ մի թանկ մասունք։ Տիկին Օշինսկին փչեց օդաչուի համազգեստով միակ լուսանկարի առաջ վառվող մոմը, որ եղբոր հիշատակը կրակի լեզվակի վրա քսաներորդ դարի կեսերից գուրգուրանքով բերել հասցրել էր քսանմեկերորդ դար։ Հետո քրքրեց տան գրադարակներում խունացած պատմական և աշխարհագրական ձեռնարկները ու հիացմունքով հայտնաբերեց, որ եղբայրը՝ ժպտերես ու քաջ Ռոբերտը, իր վերջին հանգրվանն է գտել հեռավոր ու լեռնային մի երկրում՝ Նոյան տապանի կայանման սուրբ վայրից քիչ հեռու։ Այդ միտքը որոշակի սփոփանք սփռեց հավատացյալ ընտանիքի սրտերին, և տիկին Օշինսկին մտաբերեց, թե ինչպես եղբայրը հարյուր տարի առաջ մի վերջին անգամ կսմթեց այտը։ Հետո ցույց տվեց մատի շողացող մատանին ու խոստացավ՝ երբ մի օր աշխարհում պատերազմ չլինի, նվիրել իրեն։

Որքան էլ օդաչուն հմուտ, մի օր կարող է մոլորվել, այնպես մոլորվել, որ գնա ու հատի աշխարհի ամենամեծ երկրի սահմանը։ Էդ սարերում ո՞վ չի մոլորվի, ձգվում են ու ձգվում, իրար հար ու նման, մի հորից ու մորից։ Ինչ սահման, ինչ բան, դե գնա ու հասկացի, թե ինչու են նույն լեռնաշխարհի սարերը ծվեն ծվեն արվել արհեստական ու անհեթեթ մի փշալարով։ Մեծ երկրի սահմանապահը նկատելով իր անդորրը վրդոված օտար ինքնաթիռը չի կարող հեռվից նայել օդաչուի աչքերի մեջ ու տեսնել շփոթմունքը։ Նա պարտավոր է հետևել զինվորական կանոնադրությանը, որտեղ մոլորվելու մասին որևէ ակնարկի նշույլ իսկ չկա։ Ընդհակառակը, կանոնադրության մեջ ամենուր թագավորում է թշնամուն անխնա ոչնչացնելու հատու հրահանգը։ Մարդիկ հրահանգում պարզապես չկան, միայն թշնամիներ ու յուրայիններ։

-Ոչնչացվել է թշնամու լրտեսական ինքնաթիռ, հայտնաբերվել են անձնակազմի վեց անդամների դիերը,- զեկուցել է կործանիչների էսկադրիլիայի հրամանատարը։

-Ոչ տեսել ես, ոչ լսել, թե ուզում ես ապրել,- զգուշացրել է վերադաս հրամանատարության սպան։

-Սեդրակ պապ,-մատանի եմ գտել,-ասել է հնգամյա Անդրանիկ թոռնիկը։

-Տուր ինձ, մանչս, ոչ տեսել ես, ոչ լսել, հենց դպրոցն ավարտես, կտամ քեզ,-խոստացել է պապը։

                Ամերիկյան խոցված ինքնաթիռը սասունցիներով բնակեցված լեռնային գյուղի՝ էրգրի  կարոտով ու հայրենաբաղձությամբ տառապող առավել ռոմանտիկ բնակիչների հոգու ծալքերում ինչ-ինչ հույսեր է արթնացրել․ աշխարհն, այնուամենայնիվ, չի մոռացել մեր մասին, ենթադրել են նրանք։ Ու որ այդ հույսը անհետ չկորչի, հնարամիտ մի գյուղացու առաջարկով՝ մի փոքր, անշուք խաչքար են դրել ինքնաթիռի անկման վայրում։ Առեղծվածային խաչքարը, սովետի ականջը խուլ, որոշվել է անաղմուկ պահել-պահպանել որպես գյուղի թալիսման։ Մատանին էլ, որպես հույսի առհավատչյա, կնքվել է Սեդրակ պապի խորը սնդուկում՝ ավելի լավ ժամանակների սպասումով։ Հետո Անդրանիկն ավարտել է դպրոցը, ստացել խոստացված պարգևը, և չգիտես ինչու, ընդամենը մեկ անգամ կրել այն իր մատին, պապի թաղման օրը, բայց զգույշ քողարկել բռան մեջ, որ կայսրության ամենատես աչքը հանկարծ չնկատի։ Հետո, կամաց կամաց, մատանին, որ մանանայի նման իջել էր երկնքից որպես ազգային իղձերի իրականացման մի ուրույն նախանշան, դարձել է մարդու հողեղեն կարիքները հոգալու մանրադրամ։  Բայց այդ մասին ավելի ուշ, ընթերցողին էլ՝ ընդամենը կեսդարյա համբերություն։    

Չգիտեմ իմ բախտից էր, թե ինչ, մատանու վերադարձի գաղտնի հանձնարարությունը վերապահվեց ինձ։ Ասացին, որ ամերիկայի նախագահն անձամբ է շահախնդրություն ցույց տվել այս գործում՝ հերթական ընտրություններից առաջ հանրության առաջ պարծենալով, թե նույնիսկ հիսուն տարի առաջ զոհված սպայի մատանին իբր ազգային արժանապատվության, եթե չասենք ազգային անվտանգության կարևոր հարց է։ Ազգայինը ասում ես սկզբից, հետո ինչ ուզում ես հետևից շարի, ընտրություններից առաջ պատ կծակի՝ խորհուրդ է տվել նախագահի ըտրարշավի հանրային քարոզչության պատասխանատուն։

-Ականջդ բեր բան պիտի ասեմ, – միանգամից անկեղծացավ «մատանու վերադարձը» պայմանական անվանումը ստացած հայ-ամերիկյան համատեղ գործողության՝ ամերիկյան մասի գործընկերս,- հայկական կողմում տարածված համոզմունքը, թե ինքնաթիռը եղանակային վատ պայմանների ազդեցությամբ մոլորվել է, դառը մոլորություն է։ Իրականում ամերիկյան գործակալները այդ թվերին զեկույց-զեկույցի վրա են ուղարկել կենտրոն, թե չարիքի կայսրության հարավային այդ կորած֊մոլորած գավառում ապրող մարդիկ առավել շատ են հակված ազատության և կարող են պատեհ պահին ապստամբել ու միանալ  մեր ազատարար ջանքերին։ Ահա թե ինչու հետախուզական ինքնաթիռները, փորձելով լեռներում ապրող մարդկանց երազկոտ աչքերում կայծկլտացող վճռականությունն անձամբ ստուգել,  քուն ու դադար չեն տվել այդ կողմերի սահմանապահներին։

-Այ քեզ բան, – զարմացա ես,-վաղվանից անցնեմ գործի։

-Միայն մի պայման կա,-ասաց գործընկերս,-մեր երկիրը իր սպաների արյունը չի վաճառում, ասել է թե նույնիսկ մեկ դոլար չի կարող այդտեղ պտտվել։

-Բնականաբար,-հաստատեցի ես։

Լավ, հիմա ես ում կողմից եմ։ Տիկին Օշինսկու՞, ում այտի կսմթոցը մինչև օրս տանջում է նրան։ Ամերիկայի նախագահի՞, որ երկրորդ անգամ է ուզում ընտրվել։ Թե՞ հնգամյա Անդրանիկի, որ արդեն հիսունհինգ տարեկան է։ Հանելուկի հանգուցալուծումը թողնելով ընթերցողներին, անցնում եմ հանձնարարության անվերապահ կատարմանը։

-Գիտեք ինչ կա,-ասում է Անդրանիկը,- մատանին գյուղի սեփականությունն է և հիսուն տարի մարդկանց հույսի ու կարոտի խորհրդանիշ է եղել։

-Դուք երևի լավ չեք հասկանում, եթե գտել եք մատանին, չի նշանակում, որ այն ձերն է, անվանատառերը ոչ մի կասկած չեն թողնում իրական տիրոջ հարցում։ Միջպետական հարաբերություններ կան, արանքը Ամերիկա կա, աշխարհի ամենահզոր երկիրը, զոհված օդաչուի հիշատակ կա։

-Եթե հիսուն տարի առաջ տեր է ունեցել, հիմա ես եմ տերը, պապս է ինձ նվիրել, Ամերիկան թող գնա ցեղասպանության ենթարկված հնդկացիների հիշատակը հարգի,- համառում է Անդրանիկը,-ինչ է ընկել մի մատանու հետևից։

-Եղբայր, չես ուզում օգնել հայրենիքին, լավ չի, լավ չի,-հոգոց եմ հանում ես։

-Բա վարկերս ով պիտի փակի,- հարցնում է Անդրանիկը,- Օբամա՞ն։

-Օբաման վարկերը չի կարող փակել, բայց կարող է աղջկադ, որ պարուհի է, հրավիրել ամերիկյան բեմերում պարելու,- վստահ առաջարկում եմ ես ու ցույց տալիս, թե ամեն ինչ իր մասին գիտեմ։

-Էս ինչ պար եք պարում գլխիս,-դժգոհում է Անդրանիկը,- վարկերս փակեք, ես ինքս կորոշեմ աղջիկս որ բեմում պարի։ Ընդհանրապես պարի, թե չպարի։

        Ես միամիտ սասունցուն, որ ինչպես պարզվեց, ոչ էլ միամիտ էր, բացատրում եմ, որ զոհված սպայի արյունը չի վաճառվում՝ հույս չունենա, Անդրանիկն էլ հակադարձում է, թե իր պապից մնացած միակ հիշատակը չի վաճառվում՝ հույս չունենամ։ Չորկող սասունցի, մտքում զայրանում եմ ես։

Իհարկե, երբ ինքնաթիռն ընկավ, ու օդաչուներն ու անձնակազմը զոհվեցին, որոշվեց Ամերիկային փոխանցել այն, ինչ գտել էին, վեց մարմին, մնացած տասնմեկի բախտը, որոնց աճյուններն իբր չգտան, հավետ կապվեց այդ հեռու փոքր լեռնակտորի հետ ու տարալուծվեց թշնամական հողի մեջ։ Երբ ինքնաթիռի կտորտանքը պետությունը խնամքով սրբեց տարավ՝ ավանդույթն ու մարդու արժեքը հարգող մի գյուղացի, ինչպես արդեն ասել եմ, մի խաչքար խազագրեց ինքնաթիռի անկման վայրում, ու գյուղի երեխեքը գնում շուրջը պտտվում էին, գյուղացի տղամարդիկ մեկ մեկ հավաքվում մի թաս բան խմելու, իսկ այլախոհ հակումներ ունեցող ոմանք էլ ուխտագնացություններ ու մոմավառություն կազմակերպում։ Գյուղի ամենաիմաստուն ու ամենահակասովետական մարդն էլ մարգարեաբար պնդում էր, թե դեպքը չի կարող պատահականություն լինել, ու զինվոր զոհած մեծ ու հզոր երկիրը մի օր գալու է իր ոսկորների հետևից ու ձեռի հետ էլ մեզ փրկի էս անտեր գերությունից։ Ինչպես ցույց տվեց հետագա պատմությունը, մարդը համարյա չէր սխալվում։

Մինչ օվկիանոսից այսկողմ մի հայ գրող մտմտում էր պատմվածքի մասին ու հոգին տվայտում սասունցիների հայրենաբաղձական զգացմունքների ելևէջնեևից, օվկիանոսից այնկողմ մի ամերիկացի լրագրող իր ակնարկում պատմում էր տիկին Օշինսկու երազի մասին։ Ըստ լրագրողի, տիկինն իբր երազ է տեսել, թե իր եղբայրը վերջին պահին հաջողացրել է իրեն գցել Նոյան տապանը ու հրաշքով փրկվել աշխարհակործան ջրհեղեղից։ Ու իբր, երազի հաջորդ օրը ստացվել է գտնված մատանու ավետիսը։ Էս ամերիկացիք սիրում են ամեն ինչ աղավաղել՝ օվիկիանոսից այսկողմ խնդմնդացել է հայ գրողը։

Ինչևէ, գրողի ու լրագրողի անհամ ու անիմաստ մենամարտը մոռանանք ու դառնանք մեր պատմությանը։ Հենց այն պահին, երբ գործարքը համարյա հասունացել էր, գյուղի մի հին չեկիստ վերջնականապես ձախողեց ամեն ինչ` ո՞վ է տեսել, որ ռազմավարը հետ վերադարձնեն, Անդրանիկին համոզեց նա։ Թեև մատանու հարցը չլուծվեց, սասունցու չոր կողին դեմ առած հայ-ամերիկյան բարեկամությունը նոր ծիլեր տվեց։ Ի երախտագիտություն զոհված զինվորականների հիշատակը վառ պահած գյուղացիների, ամերիկյան կառավարությունը վերանորոգեց գյուղի մանկապարտեզը։   Հին խաչքարի փոխարեն կառուցվեց նոր հուշաքար ու բացման արարողությանը պաշտոնական հյուրերից բացի հրավիրվեց նաև տիկին Օշինսկին։ Հայ֊ամերիկյան հանձնաժողովը որոշեց, որ տիկինը կդառնա միջոցառման զարդը և մեծ հանրային հնչեղություն կհաղորդի իրենց գործադրած անդուլ ջանքերին։ Հիսուն տարի հետո քույրը գտավ զոհված եղբոր գերեզմանը` կշեփորահարեն թերթերի գլխագրերը` արցունք քամելով հուզառատ ընթերցողի աչքից։

Հիսուն տարի երկնքին էր նայում ու հեռու-հեռվում, ամպերի մեջ եղբորը փնտրում։ Հիմա չգիտեմ, թե ինչ մտածեց տիկին Օշինսկին, երբ աչքերը կկոցած նայեց Հայաստանի կապույտ երկնքին, բայց շուրջը հավաքված մարդկանց առավել նրբազգաց մասը նկատեց աչքից այտն ի վար սահող արցունքի կաթիլը։ Հենց նույն պահին Անդրանիկը զգաց, որ մատանին հիսուն տարվա փայփայանքը ուրացած անվերադարձ գլորվում է իր ձեռքից՝ գուցեթե հանգրվանելու օրինական ժառանգների հուշադարանում։ Տիկին Օշինսկու սիրտը ճմլվեց եղբոր` այսքան ողբերգական մահվան համար, հայրենիքից հեռու այս քարաստանում։ Անդրանիկի սիրտը ճմլվեց ձեռքից փախնող նշխարի, տածած հույսերի ու իր խեղճուկրակ գյուղի համար։ Որքան էլ սասունցին չորկող, մի օր կարող է կակղել։  Թքած վարկի ու մնացածի վրա, որ կնոջ արցունքի մի կաթիլը չարժեն։ Անդրանիկը պատկերացրեց, թե ինչպես են թոռները թռվռալու ամերիկյան մանկապարտեզի դրախտային ծաղկանոցում, ինչպես են տասնյոթ զոհվածների հոգիները հիանալու անմեղ մանկական խաղով, ինքնամոռաց, անտեղյակ համաշխարհային անցուդարձից, սառը պատերազմից ու աշխարհում բուն դրած այլ չարիքներից։ Անդրանիկը մտածեց, թե վարկը մի կերպ կփակի, արդարություն, այնուամենայնիվ, կա աշխարհում։ Հակառակ դեպքում` հերն էլ անիծած, գրին քարտ կշահի, ու կծպտվի մի հեռու եզերքում։ Ի վերջո, Աստված տվողին է տալիս։ Այդ օրը կործանված ինքնաթիռի տեղավայրը զննող ամերիկյան արբանյակը արձանագրել է ամեն մանրամասն․ երբ տիկինը մենակ է մնացել հուշաքարի մոտ, ու թաշկինակը հպել աչքերին, պարուհու կազմվածքով մի աղջիկ է մոտեցել, ծաղիկ խոնարհել ու աննկատ ինչ-որ բան դրել ձեռքը։  Այդ պահին տիկին Օշինսկին մտածել է, որ աշխարհում բոլոր պատերազմները վերջապես ավարտվել են, ու համաշխարհային ջրհեղեղ մեզ այլևս չի սպառնում։ Նա այտին զգացել է եղբոր կսմիթի խտտող ցավը ու կարոտից երանավետ ժպտացել։


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով