Աղավնի Գրիգորյան, Պատմվածք

Ծովախխունջներ

Մենք սիրում ենք հատուկ օրերին, օրացույցի՝ ընդգծված, մուգ մատիտով առանձնացված նշումներով: Սիրելու, ծափերի, արցունքի կամ հպարտության դարակները տարբեր, բայց կողք կողքի են, պատասխանատվությունն էլ ՝ հատուկ չափաբաժիններով: Այդպես հեշտ է սիրելը: Նախապես չափաբաժնով սահմանված  քայլքն էլ  թեթև է, չես նայում ոտքերիդ տակ. օրացույցդ հոգ կտանի, որպեսզի ճնշումդ պատասխանատվության սանդղակի մեծ տատանումներ չտա: Կրկին որոշել է քո փոխարեն կոշիկիդ գույնը, սանրվածքդ, շրթներկիդ արտահայտչականությունը. այսօր բաց մորեգույն է, մյուս տողով հավելում է՝ ծովախխունջերի պաշտպանության օր:

 Դարակումս ծովախեցին ողջ ուժով սուլում է՝ բողոք է: Ծովից հետո վաթսունութ կամ յոթանասուն քառակուսի մետր երկսենյականոցի իր բաժին նեղլիկ դարակը սրտով չի, ալիքների ճոճքում թիավարելուց հետո բարդ է, համարյա անհնարին՝ ցածրիկ կողերով դարակում փակվել ու չսուլել, հատկապես այս մորեգույն օրով, երբ բոլոր խխուջները խշշո՜ւմ են միահամուռ…

Ծովախեցին նվեր է Ատլանտյան օվկիանոսից, իմ պատկերացրածն՝ ավելի մեծ, տպավորիչ պիտի լիներ… Փոքրության համեմատ սուլոցը բավականին ազդեցիկ է:

Ճնշումս պատասխանատվության սանդղակով կտրուկ վեր թռավ, սուլոցը ականջներումս, գլխումս է: Նստեցի մահճակալին, որ հավասարակշռությունս վերականգնվի: Հայացքով փնտրեցի, գտա օրացույցը, հուշումը կօգնի, ապահովության համար հավելեցի սրտի կաթիլները՝  ուղիղ երեսուն, հենց այսօրվան համապատասխան: Դարակն առաջ քաշեցի. խեցին հանդարտվեց ոնց որ, դադարեց սուլել, հիմա տնով մեկ խշշում է…

Մի քանի դարակ իջնում եմ. մանկությանս տանն եմ, հանդիպեցի միջանցքում կոկտեյլ թե հյութ խմող մի ուսանողուհու:

– Բարև:

Ինքս իմ ձայնի արձագանքն եմ լսում, զրգուն է (մանկությունից կլինի):

Ուսանողուհին շարունակում է ձողիկով հյութ խմել, գլխով է անում, բայց տեղից չի շարժվում, նրան շրջանցում եմ, սահում եմ առաջ՝ նեղ միջանցքով ու երազիս պրոյեկցիայի մեջ՝ զարմանում կատարված փոփոխություններից:  Մեր խոհանոցի կահույքը հիմա այս դարակում հարմարավետ տեղավորվել է. հին, տարիներից մգված փայտը տարօրինակ համահունչ է նոր կոկիկ իրականությանը, միջանցքի պատերը մի քանի տեղ ետուառաջ են տված, թարմ ներկած են: Երազս գունեղ է այնքան, որ կասկածում եմ, թե որ իրականությունն է ավելի իրական: Միջանցքը չավարտված՝ հաջորդ դարակին եմ բախվում. բացվող դարպասի   ականջ ծակող ճռռոցից դեմքս ծամածռում եմ:

Խշշոցը կտրվեց միանգամից:

– Գայանե, Հայկուհի… – դաստիարակը նստած տեղից ձայն տվեց:

Երկու աղջիկ, որ սենյակի խորքում նստածՙ գրքերի առաջ դաս էին անում, կամ էլ  ձևացնում ՝ թե դասն են անում, փակեցին գրքերը,  առաջ եկան.

– Արագացրե´ք:

 Աղջիկները բարևեցին:

– Երգի դաս ունե՞նք, – հարցրին ու մոտեցան պահարաններին:

Պահարանների բացվելն ու խշշոցի ետ գալը կամ զուգադիպեց կամ մտածված էր ի սկզբանե, երազի առաջին իսկ պահից: Մանկության բույր տարածվեց պահարաններից, պայծառացրեց մանկատան անթթվածին պատերն ու մեղմեց օդում կախված խեղդուկը: Պահարանները շատացան, վերափոխվեցին, դարձան իմ մանկության պահարանները. նույն այս պահարաններից՝ նեղլիկ, երկարուկ, խցիկներ՝ փայտի իմիտացիայով, լաքապատ, վրան՝ կենդանիների կամ երկրաչափական պատկերներ:

Ավելացած պատկերները հալվեցին, մնաց բաց դռներով պահարանն ու պահարանի տակ՝ կույտով դարսված կոշիկները: Հայկուհին նստեց գետնին: Հագավ մի զույգը, հետո երևի դուրը չեկավ, հանեց, կարմիր ճտքավորները հագավ: Գայանեն սպասեց, որ նա վերջացնի, մոտեցավ նույն պահարանին, տակից մեկ այլ զույգ բոթաս հանեց, տակը գրված համարը նայեց միայն, ոտքերին քաշեց:

-Տղաների խումբը էս կողմն է, – հուշեց Հայկուհին:

Նախորդ շաբաթ արդեն եղել էի շենքի ներսում, անցել մանկատան բոլոր խմբերով, բայց դեռ երկկողմանի աստիճաններով իջնել-բարձրանալն ու խմբերը գտնելը չէի կողմնորոշվում: Այդ օրը առաջին մի քանի րոպեներից սկսված՝ գլուխս անդադար ցավում էր, օդը չէր հերիքում:

 Տղաների խմբի մանկավարժը կանչեց Վաչեին: Գայանեն տեսադաշտից կորավ, հետո հայտնվեց մեր կողքին, երբ աստիճաններով իջել ու հասել էինք երկրորդ հարկ, որտեղ ճաշարանն էր: Միջանցքի լայնացող մասում սեղաններ էին դրված ու փոքր ամաննների մեջ կտրտած կարագի կտորների յուղոտ փայլից պատկերը լողաց, ականջերս խշշացին մանկությանս «ճամբար» դարակում: Հիշողությունս, կամ երազիս մեջ դրա մոդուլը՝ միանգամից փորձեց ջնջել իմ ճամբարային կարագները, ու դարակը վրա բերեց, բայց դրանք աճապարանքով դարսվեցին թափանցիկ երեք լիտրանոցների մեջ, մտան մեզ՝ ինձ, քրոջս ու դասընկերուհուս,  ծնողներից կորզած կլորիկ գումարի դիմաց Ռուսաստանի մարզերից մեկում կորած-մոլորած ճամբար հասցրած խմբի ղեկավարի ճամպրուկն ու Նիժնի Նովգորոդից եկան իջան երևանյան օդանավակայան. կարագդ չե՞ս ուտում հաստատ,  հարցրեց տիկին Սիլվան ու դիմացիցս դանակի ծայրով «քաղհանեց», հաջորդ լցվող բանկայի մեջ շարեց կարագի հերթական կտորը: Տիկին Սիլվան աչքը չթարթեց, երբ մայրիկիս մոտ խոսում էր մանակավարժական նվիրվածությունից, երեխաների հանդեպ իր սիրուց՝ «անսահմանություն» ցուցիչին համարժեք և ուրեմն դրա եռակի պատասխանատվությամբ հայտարարել և պարտավորվել էր  վայելուչ և արժանապատիվ հանգիստի ուղեկցել մեզ՝ իննսունականների շեմին հայտնված  մի խումբ դպրոցականների, ում ծնողները ևս հավատացել էին փլուզվող կայսրության վերջին ու դրանից անկախ՝ ռուսաստանյան «բերյոզաների ստվերում բարեկեցիկ հանգստի» տիկին Սիլվայի առաջ քաշած թեզին: Վերոհիշյալ տիկինը մի քանի տարի անց անհերթ ուղեգիր ստացավ երկնքից, կարագները մինչև տեղ հասնելը  անաղ հալվել էին երեք լիտրանոցներում, հաստատ:

 – Ճաշից չուշանաք, խշշոցին սուլոցով սաստեց մանկատան խոհարարը, որ միջանցքով գնում- գալիս, սեղանների դասավարությունն էր ստուգում:

Քայլեցինք մանկատան բակով: Ծառուղի էր, որ դուրս էր գալիս սեփական տների փողոց, այնտեղից էլ մի քանի րոպեում կհասնեինք դպրոց:

– Դարպասը մինչև վերջ փակի, – Հերմինեն ձեռքս բաց թողեց վազեց, դարպասը փակեց ու վազելով ետ եկավՙ ցայտաղբյուրից ջուր խմեց, նորից բռնեց ձեռքս, քայլեց կողքիս:

– Դարպասը մինչև վերջ պիտի փակես, – կրկնեց, ձեռքս քաշեց, որ արձագանքեմ:

– Ո՞ր…

– Որ կատուս բակից չփախնի:

– Կատո՞ւ ունես, – հարցրի:

– Երջո´ն, – շրթունքները լայնակի կիսալուսին դարձան, աչքերի պոչիկները վեր թեքվեցին, դիմացի երկու կաթնատամի դատարկ տեղը բացվեց:

– Անունը դո՞ւ ես դրել:

– Հա,´ – հպարտ-հպարտ ասաց, կանգնեց, ու ձեռքս բաց թողեց: Այնպես, որ մյուս երեքս ստիպված էինք կանգնել մեր տեղերում ու լսել:

– Գիտե՞ս, ոնց ես կատվին կամ շանը անուն դնում:

– Ո՞նց:

– Հերթով անուններ ես կանչում, ուտելիքը տալուց առաջ, որին վազեց՝ անունն ա: Էդպես, կանչեցի՝ Ճստո, Մռռան՜, Երջո՜… հենց Երջոն լսեց մլավեց ու մոտ վազեց:

– Երջանիկ կատու է Երջոն… նա գտել է իր Հայկուհուն:

 Գայանեն պաթետիկ ասմունքեց, ձեռքը ցուցադրական տարավ սրտին: Քայլեցինք:

Վաչեն լուռ էր: Հանկարծ ասաց.

– Իմը՝ շուն է:

– Դու շուն ունե՞ս, – վրա տվեց Գայանեն:

– Ունեմ:

 – Սուտասան, – հեգնեց Գայանեն, – որ շուն ունես ո՞ւր է: Երջոն ամբողջ օրը բակում ֆռֆռում է բա շունդ ինչի՞ չի հաչում, մի օր չտեսանք:

– Իմ շունը բարի է ու հետն էլ …

Վաչեն աչքերը լցրեց, ձայնը խզվեց, հետո, ստիպեց արցունքը հետ նահանջի, կոկորդը մաքրեց, ու հատ-հատ ատամների արանքից ասաց.

– Մեր գյուղում է:

Գայանեն մի տեսակ խղճահարվեց, առաջ եկավ, Վաչեի ձեռքը բռնեցՙ քիչ կռացավ, որ աչքերը Վաչեի աչքերին հանդիպեն:

– Լավ,Վաչո, մոռացանք, – մեծավարի ասաց:

Հասանք դպրոց: Երեխաները տեղավորվեցին ամեն մեկը մի նստարանին: Գայանեն նստեց պատուհանի մոտի շարքում: Կլիներ ինը տարեկան, Հայկուհին ու Վաչեն՝ վեց-յոթ: Երեք իրարից տարբեր աշխարհներ, որ այս տարվա ընթացքում, նաև հաջորդ տարին դեռ, պիտի  ամեն անգամ ջջնջեին ու գլխիվայր շուռ տային կյանքի մասին պատկերացումներս, մինչ օրս եղած ծովախխունջներին ու նրանց պաշտպանությանը վերաբերող բոլոր ձևակերպումների վրա խաչ քաշեին հաստ յուղամատիտով ու սիրո մասին բոցաշունչ բանաձևերն ուղարկեին գրողի ծոցը:

Երանի ես էլ խխունջ լինեի, խեցու մեջ փակվեի ու սուլեի բարձր…

Հիշեցի, որ պայուսակումս հատուկ երեխեքի համար կոնֆետ ու չորաբլիթներ եմ բերել, մեխանիկորեն հանեցի լցրեցի սեղանին, որ ժամանակ ունենամ ընթացքում մտքերս հավաքել ու դասը սկսենք: Հետո, հաջորդող բոլոր դասերին էլի շփոթվելու եմ նրանց աչքերին նայելիս… Տարիների ընթացքում փոխվելու են մանկատան սաները,  աշունն ու գարունն են հաջորդելու նույն  այս կարճ ճանապարհին, բայց այս երեք աշխարհները՝ Հայկուհի, Գայանե ու Վաչե դեռ տարիներ անց տարբեր առիթներով հանկարծակի հայտնվելու են աչքերիս առաջ՝ ապացուցելու, որ ծովախխունջների պաշտպանությունը հնարավոր չէ քսանչորս ժամով սահմանագծել, պարզապես այդպես հեշտ է սիրելը…   պատասխանատվությունն էլ ՝ հատուկ չափաբաժիններով:

– Ձեզ համար է, բայց դասից հետո կուտեք, դեռ պիտի երգեք, – ասացի, ուղղակի մի բան ասելու համար:

 Մի քանի րոպե անց Հայկուհին երգում էր ինչ որ պարզունակ մեղեդի, ես էլ նրան ոգևորելու համար խրախուսական՝ «կեցցես, կեցցես» էի ասում: Վաչիկը գլուխը ձեռքերին հենած ՝ մտքերով հեռո՜ւ էր, Գայանեն պատուհանից նայում էր դուրս: Մի քանի ձայնային վարժանքից հետո Հայկուհին կտրուկ դադարեց երգել, փաթաթվեց կպավ ինձ, ու սկսեց ուշադիր նայել մատներիս:

– Դու ես եղունգներդ ներկել:

– Ըհը…

– Սիրուն ա…մամայինիս նման ա… մի քիչ, – մի քիչը հավելեց ուշացումով, ասես ինչ որ բան խանգարում էր, հետո քիչ մտածեց ու շրջագծեց եղունգերս անեևույթ գծով, – այ,  սենցա մամայինս: Ձեռքերը եկան տեղավորվեցին ափերիս մեջ;

 Անսովոր, ոչ իմ ձայնով՝ ջրհորից ասես լիներ, կանչեցի.

– Վաչիկ, քո հերթն է…

Հայկուհին մնաց ինձ կպած, կողքիս: Հիմա էլ հագուստս էր տնտղում ու մազերիս հետ խաղում:

 Վաչիկը երգեց. սիրո՜ւն, զուլա՜լ, աչքերը փայլում էին: Առաջին իսկ հնչունից հավատացի, որ գյուղի տանը, դռան շեմին կծկված՝ սպասում է Վաչեի շունը: Դեռ գյուղում էին աչքերը, որովհետև հենց ավարտեց երգելն ասաց.

– Շունս… անուն չունի, շուն ուղղակի:

Երևի ամբողջ ընթացքում մտածում էր, թե շան անունը պիտի հարցնեմ:

– Մի օր կգնանք շանդ տեսնելու, – Գայանեն երկու ձեռքով համարյա մայրաբար շոյեց Վաչեի այտերն ու անմիջապես փոխվեց, երբ շրջվեց դեպի ինձ: Ակնթարթ տևած ջերմությունից հետո նորից փակվեց իր խեցում:

– Ի՞նչ երգեմ, – ձայնը սառն էր, վրաս չէր էլ նայում:

Երգեց… ավելի ինձ լավություն անելու պես, չհասցրի ասել, որ լավ է երգում:

– Գիտեմ, որ լավ ձայն ունեմ, – ասաց ու նստեց:

Հիշում եմ, այդ օրը երկար-բարակ պատմեցի, թե ինչ սիրուն երգեր ենք սովորելու միասին, թե ինչ հրաշք է երաժշտության ծովում լողալը, ու ինչպես են ծովախխունջները անալիք օրերին դեն նետում խեցին  ու տաքանում արևի տակ…Փորձում էի խաղաղ ժպտալ, ձեռքս ինձնից անկախ պարբերաբար մազափունջը տանում էր ականջի հետև, հետո նորից ու նորիցՙ թեպետ դրա կարիքը չկար բնավ:

Հայկուհին մինչև դասի վերջը կողքիցս չգնաս, Վաչեն ուշադիր լսում էր, մեծ աչքերը ինձ հառած, մեկումեջ էլ  հոգոց էր հանում,Գայանեն մնացած ամբողջ ժամանակ  պատուհանից դուրս էր նայում: 

Վաչիկն ու Հայկուհին կոնֆետները կիսեցին իրար մեջ, լցրեցին գրպաններն ու բլիթները կրծելով ՝ ուղղվեցինք ետ, մանկատուն: Երևի իմ բաժին պատասխանատվությունը մեղմել էի ուզում մի քանի կտոր քաղցրով: Չստացվեց, որովհետև երբեք չեմ մոռանալու Հայկուհու՝ հրաժեշտին ինձ գրկելը, Վաչեի լայն ճակատն ու զրնգուն, զուլալ ձայնը ու Գայանեին ՝ պատուհանից դուրս նայելիս, ու Գայանեին՝ աշխարհից խռով, սիրուն կանաչ, դաժան կանաչ աչքերով Գայանեին:

Մի օր սառույցը հալվեց ու խոսեց հետս. Վաչեն ու Հայկուհին հերթական ժելե-կոնֆետներն էին կիսում դասի ավարտին:

– Երեխա ունե՞ս: – հարցրեց:

– Ունեմ:

– Ես չեմ ունենալու, ես իրանց նման նվիկների հավեսը չունեմ, – թեթև ժպիտ նշմարվեց դեմքին, գլխով արեց դեպի Հայկուհին ու Վաչիկը:

– Ես հարուստ ծյոծա եմ դառնալու:

– Մեկը մյուսի հետ ի՞նչ կապ ունի:

– Չես հասկանում, ես հարուստ ծյոծյա եմ դառնալու, իրանց նման երկու լացկանի կտանեմ ինձ երեխա:

Մի քիչ դադար տվեց… մտածում էր ավելի առաջ գնա, թե չէ, նայեց աչքերիս, հետո աչքերը տաքացան, հետո աչքերը առաջին անգամ վստահությամբ շողացին, սիրտս սկսեց արագ խփել, իր սիրտն էլ էր խփում արագ՝ քունքերիս մեջ արձագանքով.

– Ինձ երկու անգամ ուզում էին տանել, մի անգամ Ռուսաստանից, մի անգամ ֆրանսիայից: Չգնացի…

Ես լուռ էի, շարունակեց.

-Տիկոյին չէին որդեգրի, չեմ ուզում: Ես կմնամ մանկատանը, ավելի լավ ա ոչ ոք չսիրի ինձ: Ասում են՝ ինքը չի հասկանում, ասում են ինքը դեբիլ ա, դեբիլն իրանք են, Տիկոն լսում ա, որ ես կարդում եմ հեքիաթները, դեբիլն իրա մաման ա, որ իրան ստեղ ա թողել…

Գայանեն ավելի ու ավելի կտրուկ էր խոսում, չոր էր ձայնը, բայց տարօրինակ ջերմ էին աչքերը, աչքերն իմ հետ էին խոսում, ձայնը այս լսարանից դուրս աշխարհին էր բողոքը հասցեագրում.

 – Դու քո երեխուն կտանեի՞ր մանկատուն…

– Գայանե ջան…

– Զզվում եմ էդ ջան-ից, Գայանե ասա ինձ, զզվում եմ ջանից, մանկատուն եկող ձյաձյա-ծյոծյաներից, վա՜յ, էս ինչ սիրուն բալիկա ա, էս ինչ սիրուն աչքեր ունի: Ինձ իրանց բերած շորն էլ պետք չի, ինձ մեկա՝ ինչ հագնեմ, կմեծանամ կառնեմ իմ համար ինչ ուզեմ: Տիկոյի մաման մեկ-մեկ ընտիր ավոտոյով գալիս ա տնօրենի մոտա մտնում, որ Տիկոյին չտեղափոխեն ուրիշ տեղ: Կարա սկի չգա, չգիտի, որ տիկին Սուսաննան ինձ էլ ա  խոստացել, չի տեղափոխի Տիկոյին:

Ձայնը իջեցրեց ու ասաց, – Տիկոն ախպերս ա, ես եմ էդպես որոշել:

Հետո կանգնեց, աչքերը մաքրեց.

–  Երգեմ ու գնանք, էսօր բորշ ա ճաշին, բորշ սիրում եմ:

 Երկրորդ տարվա կեսից Գայանեն հրաժարվեց դասերին գալ, ինձ տեսավ մանկատան միջանցքում, մեծի պես ասաց.

– էլ չեմ գալու երգի, շատ դասեր ունեմ դպրոցում:

– Հեքիաթներ կադրո՞ւմ ես էլի, – հարցրի:

– Ամեն օր…- մի պահ նորից դուրս եկավ իր խեցուց, – մեկ-մեկ որ Տիկոն շատ տխուր ա լինում մեր երգերից էլ եմ երգում, ասաց ու վազեց գնաց:

– Վաչիկը չի գալու դասի, մայրն է եկել տեսության, զրուցում են, Դուք մյուսներին տարեք, – ասաց դաստիարակը:

Երևի Տիկոն տխուր էր, որովհետև տղաների խմբի պատուհանի տակով անցնելիս լսվեց Գայանեի ձայնը, դասերին սովորած երգերից էր երգում, տեղ-տեղ բառերը փոխելով:

Քայլեցինք ծառուղով:

-Վաչեի մաման եկել ա, Վաչին տուն ա տանելու, բայց ինքը շատ տխուր ա, – սկսեց Հայկուհին:

– Ինչո՞ւ :

– Շունը սատկել ա…- Հայկուհին սեղմեց ձեռքս:

– Դու էլ ամառը կգնաս տուն, – փորձեցի գոտեպնդել:

– Չեմ ուզում, մամաս գաղութում ա, քուրիկս էլ, ինձ վատ բաներա ստիպում անել; Չեմ ուզում, իմ տունը էստեղա:

Հայկուհին ավելի ամուր սեղմեց ձեռքս:

 Ես աչքերս բարձրացրի իբր ստուգեմ՝ անձրև հո չի պատրաստվում գալ, որ արցունքներս հետ գլորվեն իրենց բունը:

Հայկուհին ձեռքիցս քաշեց.

 -Արի բան ցույց տամ, բայց կամաց:

Երջոն նորածին ձագուկներին էր լիզում.

-Լավն են, չէ՞…

Հայկուհին հիացած կանգնել էր ու նայում էր քնած ձագերին: Հետը խոհանոցից շշով կաթ էր բերել:

– Ուտեն, նոր գնանք…

– Հայկուհի ջան, դու էս ինչ բարի երեխա էս:

 Վալյան էր, մանակատան հավաքարարը: Տարքիով կին էր: Աչքերը լցրեց: Մնացինք մի քանի րոպե. Հայկուհին Երջոյին ու ձագերին էր նայում հիացած, Վալյան Հայկուհուն էր նայում ու աչքերը սրբում: Նույն ուղղությամբ քիչ հետ՝ Վաչեն մոր հետ դեմ-դիմաց նստած զրուցում էին: Վաչեն մի պահ նայեց մեզ, հետո մորը, հետո Երջոյին՝ իր ձագուկների հետ ու վերջապես ժպտաց:

– Բուռդ բաց, – ասացի հրաժեշտին:

– Ի՞նչ ա:

– Ծովախեցի, Ատլանտյան օվկիանոսից:

Մոտեցրեց ականջին.

– Խշխշո՜ւմ ա, ականջս խուտուտ եկավ, – ծիծաղեց Հայկուհին:

– Մեկ -մեկ էլ սուլում է…


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով