Լուսինե Խառատյան, Վեպ

Աբու Հակոբը

(հատված «Սիրիական նովել» անտիպ վեպից)

 «Ավանդույթ» աշխատանքային վերնագրով այս վեպի վրա աշխատելու համար 2019թ. հեղինակն արժանացել է ՀՀ ԿԳՄՍՆ գրականությանը հատկացվող դրամաշնորհի:

«Սիրիական նովել»-ն արկածային ժանրի ստեղծագործություն է: Իրադարձությունները զարգանում են 2007թ., Սիրիայում,  որտեղ գլխավոր հերոսները՝ հայաստանցի երեք կին հետազոտողներ, հետազոտական աշխատանքների բերումով այցելում են տարբեր վայրեր, հանդիպում և զրուցում ամենատարբեր մարդկանց հետ, այս ամենով պայմանավորված՝ հայտնվում Սիրիական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Հաջողվու՞մ է արդյոք գլխավոր հերոսներին՝ Շուշանին, Էսթերին և Աստղիկին դուրս գալ դժվարին իրավիճակներից…

Երեկոյան 6-ի կողմերը Բահան եկավ մեքենայով: Տրամադրությունը բարձր էր: Բոլոր երեքով ուզում էինք հետևում նստել: Սակայն քթի տակ ինչ-որ երգ սուլելով՝ նա բացեց առջևի դուռն ու ինձ հրավիրեց կողքին նստելու՝ հո տաքսի՞ չեք նստում ասելով:

‑ Հը, ինչպե՞ս անցավ առաջին աշխատանքային օրը,- հարցրեց մեքենան շարժվելուն պես:

‑ Շատ լավ,- ասացի:

‑ Իսկ ու՞մ հանդիպեցիք,- հետևեց հարցը:

‑ Տիկնանց միությանը, եկեղեցու առաջնորդին, բարեգործությամբ զբաղվող մի քանի բիզնեսմենների,- պատասխանեց Շուշանը:

‑ Ե՞վ, ինչպիսի՞ տպավորություն ստացաք, ի՞նչ կարծիք կազմեցիք մեր համայնքի մասին:

‑ Առանձնապես նոր բան չիմացանք,- ասաց Էսթերը,- առաջնորդը շատ վարպետորեն խուսանավեց 1950-ականների մասին մեր հարցերից, բիզնեսմեններն ասացին, որ Սիրիան մանր ու միջին բիզնեսի համար դրախտ է, իսկ կանայք պատմեցին, թե ինչպես է համայնքը հոգում բոլոր կարիքավորների հոգսերը:

‑ Այդ ի՞նչ հարցեր են, որոնցից խուսանավել են հոգևորականները,- ուրախ-ուրախ հարցրեց Բահան:

‑ Հեչ: Ասում են՝ 1956-ին Կիլիկիո կաթողիկոսական ընտրությունների ժամանակ ԽՍՀՄ-ը հատուկ ջանքեր է գործադրել՝ կաթողիկոսությունն Էջմիածնին միացնելու համար: Այն ժամանակ Վազգեն 1-ին Վեհափառն է եկել Անթիլիաս, մասնակցել ընտրություններին: Առհասարակ այդ դեպքը սփյուռքում հայտնի է որպես «տագնապ»: Ինչ-որ խժդժություններ են եղել, կուսակցություններն են խառնվել, անգամ սովետական դեսապանատունը: Արդյունքում՝ Դամասկոսը դարձել է Էջմիածնական, իսկ Հալեպը մնացել է Կլիլիկիան կաթողիկոսարանի կազմում: Ընդհանուր առմամբ սա հայտնի է որպես իրողություն, սակայն այս իրողության մասին սփյուռքի հետազոտողները ջանասիրաբար լռում են: Տաբու է: Մենք էլ, մինչև Սիրիա գալը, որքան փնտրեցինք ոչ մի կարգին, արժանահավատ հոդված կամ աղբյուր չգտանք այս իրադարձությունների մասին, հատկապես Դամասկոսի վերաբերյալ: Օրինակ, 1980 թվականին Վարդան Եպիսկոպոս Դեմիրճյանը հրատարակել է «Լիբանանի և Սիրիայի հայոց թեմերի առաջնորդարանների գավազանագիրք» վերնագրով մի գիրք: Գիրքն ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է Լիբանանի և Հալեպի թեմերը, սակայն Դամասկոսի մասին ոչ մի տող չկա: Հատորի վրա գրված է «Ա» և ենթադրաբար երկրորդ հատորն էլ պետք է լիներ:  Սակայն երկրորդ գիրքն այնպես էլ լույս չտեսավ՝ չնայած սրբազանն ինքը դեռ մի 20 տարուց ավել էլ ապրեց: Եվ այսպիսի շատ բաներ: Այդ մասին եթե խոսում էլ են՝ կիսաշշուկով: Բայց հիմնականում գերադասում են շրջանցել, չանդրադառնալ: Նույնն էլ արեց առաջնորդը:

‑ Իսկ ձեր ինչի՞ն է պետք դա: Որքան հասկանում եմ՝ ձեզ կենցաղը պիտի հետաքրքրի, ոչ թե քաղաքական զարգացումները:

‑ Հա, բայց էդ կենցաղը որոշակի համատեքստում է ձևավորվում,- ասաց Էսթերը,- ու ըստ էության, եթե ասեկոսները ճիշտ են, ապա սա սովետ միության կողմից շատ մեծ միջամտություն է եղել ոչ միայն համայնքային կյանքում, այլև Սիրիայի ներքին գործերում:

‑ Իսկ դուք ի՞նչ գործ ունեք Սիրիայի ներքին գործերի հետ,- ծիծաղեց Բահան:

‑ Մեզ Սիրիայի ներքին գործերը չեն հետաքրքրում,- միջամտեցի ես,- մեզ միայն հայ համայնքն է հետաքրքրում: Եվ դուք ճիշտ եք՝ ավելի կոնկրետ այդ համայնքի կենցաղը, մշակույթը, առօրյան: Սակայն ներհամայնքային դինամիկան հասկանալու համար, պետք է խորությամբ իմանանք պատմական զարգացումները:

‑ Իսկ քանի՞ հոգու հետ եք ընդհանուր առմամբ հանդիպել,- հետևեց հաջորդ հարցը:

‑ Դե երևի ընդհանուր առմամբ մի 20-25,- ասացի ես,- առավոտյան հանդիպմանը շուրջ 8-10 կին էր ներկա, առաջնորդարանում 3-4 հոգով էին, իսկ երեկոյան երևի կլիներ մի 7-8 բիզնեսմեն:

‑ Փաստորեն շատ լավ աշխատել եք: Իսկ ի՞նչ էին պատմում Սիրիայում հայերի կյանքից:

‑ Էդ մասին քիչ ենք խոսել, բայց շատ գոհ էին: Ասում էին, որ իրենք շատ լավ դիրքերում են, պետությունն ամեն կերպ օժանդակում է և այլն,- ասաց Շուշանը:

‑ Իսկ հայկական կուսակցություններից կայի՞ն մարդիկ:

‑ Դե երևի կային, բայց այսօրվա քննարկումները կուսակցությունների մասին չէին, այլ ավելի շատ կարիքների ու կարիքավորների, ու թե ինչպես է համայնքը հոգում նրանց կարիքները,- խոսակցությունը շարունակեց Էսթերը,- փաստորեն համայնքն այստեղ նաև սոցիալական ծառայությունների դեր է կատարում, քանի որ հենց համայնքային կառույցներն են հոգում աղքատների, հիվանդների, կարիքավորների մասին՝ տարբեր բարեգործական ու խնամատար միությունների, եկեղեցիների և այլնի միջոցով: Այսինքն ստացվում է պետություն պետության մեջ:

‑ Այդպե՞ս ասացին,- հարցրեց Բահան՝ ծիծաղելով:

‑ Չէ, իրենք չասացին, մենք ենք այդպիսի եզրահանգման գալիս,- ասաց Շուշանը,- բայց վաղն առավոտյան մի տիկնոջ հետ գնալու ենք իր խնամքի տակ գտնվող մի ընտանիք այցելության: Տեղում ավելի լավ կհասկանանք երևի:

‑ Մարդկանց տնե՞ր էլ եք գնալու,- հետևեց հաջորդ հարցը:

‑ Ըհը,- ասացի ես:        

‑ Բա կուսակցական կազմակերպություններից չե՞ք խոսելու:

‑ Դրա հերթն էլ կգա,- ասացի,- ու ոչ միայն: Առհասարակ ուզում ենք նաև հասկանալ, թե քաղաքական ինչ մտայնություններ կան, որքանո՞վ են ինտեգրված Սիրիական պետության ներսում հայերը, արդյո՞ք հետևում են ու մաս են կազմում քաղաքական զարգացումների, նաև՝ արդյո՞ք արաբական երկրների ահաբեկչական խմբերն ազդել են հայկական մտքի վրա, եթե այո՝ ինչպե՞ս ու որքանով:
‑ Այդ մասին ձեզ դժվար պատմեն համայնքի կառկառունները,- քահ-քահ ծիծաղեց Բահան,- դրա համար ձեզ ուրիշ մարդկանց հետ է պետք հանդիպել,- ապա մեքենան արգելակեց, նայեց ուղիղ աչքերիս մեջ ու թե՝ գնացինք,- չէ՞ որ դուք այստեղ եք երկիրը տեսնելու համար, իսկ ձեր հանդիպումներն ուտում են ողջ օրը, և Սիրիայի գեղեցկությունները վայելելու ժամանակ չի մնում:

Մինչ նա ուրախ-ուրախ, ասել-խոսելով քշում էր, մենք իրար ընդհատելով պատմեցինք Օմմայան մզկիթի մասին՝ հիացմունք արտահայտելով Իսլամի հանդեպ, որն ի տարբերություն քրիստոնեության հիմնովին չի վերացնում իրենից առաջ եղածը, այլ կառուցում է նախկինի վրա: Բահային ուրախացրեցին մեր մտքերն այս կապակցությամբ: Զուգահեռ ինչ-որ զանգեր էր անում:

‑ Մարդ պիտի վերցնենք,- ասաց՝ կանգնելով մի մարդաշատ ու մեքենայաշատ փողոցի ճիշտ մեջտեղում:

Մեքենաների արանքներով վազելով մեզ մոտեցավ 30-ին մոտ մի երիտասարդ: Ես որոշեցի հենց այդտեղ առջևի նստատեղը զիջել նրան և, անտեսելով բազում մեքենաների բարձրացրած աղմուկը, իջա ու միացա ետևում նստածներին: Երիտասարդն արագ գրավեց տեղս, ու հենց շարժվեցինք թեքվեց մեր կողմ.

‑ Բարև ձեզ, ես Րաֆֆին եմ,- ներկայացավ արևելահայերենով:

‑ Շատ հաճելի է,- միաձայն արտաբերեցինք մենք ու ներկայացանք՝ հերթով տալով մեր անունները:

‑ Նախկին սկաուտ և նախկին ակտիվ կուսակցական եմ,- ավելացրեց նա:

‑ Մենք էլ նախկին պիոներ, նախկին կոմերիտական և նախկին ակտիվիստ ենք,- ծիծաղելով վրա բերեց Էսթերը:

‑ Իսկ այժմ՝ յուրաքանչյուրս երկու երեխաների մայր,- ավելացրեց Շուշանը:

‑ Փաստորեն՝ հույսերս կոտրեցիք,- ասաց Րաֆֆին,- ես էլ հայաստանցի կին եմ փնտրում:

‑ Հայաստանում ասում են, որ նախկին դաշնակ ու նախկին կագեբեշնիկ չի լինում,- հիշեցի ես հորս սիրած հին կատակը:

Բոլորս ծիծաղեցինք: Բահան Րաֆֆուց ճշտեց՝ ինչի վրա ենք ծիծաղում, և ինքն էլ միացավ մեզ, ապա ասաց.

‑ Փաստորեն տուն-տեղ թողել եք և եկել այստեղ: Առաջին անգամ է, որ Հայաստանից ամուսնացած կանանց եմ հյուրընկալում: Մինչ այս, բոլոր նրանք, ում որևէ ծրագրով հանդիպել եմ, երիտասարդ են եղել, ուսանողներ, որոնք եկել են Սիրիա սովորելու: Իսկ դուք հերիք չի ինչ-որ բաներ եք բզբզում, հետն էլ էդ բաները ձեզ համար այնքան կարևոր են, որ երեխաներին այսքան երկար ժամանակով թողել ու եկել եք:

Հետո հետաքրքրվեց, թե քանի տարեկան են մեր երեխաները: Իմանալով, որ ամենափոքրն ընդամենը ութ ամսական է, իսկ մյուսները՝ երկուսից ութ տարեկան միջակայքում՝ էլ ավելի զարմացավ:

‑ Իսկ ինչի՞ մասին են մտածում ձեր ամուսինները: Ինչպե՞ս կարելի էր այդքան փոքր երեխաների մայրերին թողել միայանակ ճամփորդել: Ո՞վ է խնամում երեխաներին:

‑ Տատիկները,- ասաց Էսթերը,- մենք հետազոտողներ ենք և ամուսնանալիս կարծում եմ մեր ամուսինները դա քաջ գիտակցել են:

‑ Ախ արևմուտք, արևմուտք,- շարունակում էր Բահան:

‑ Արևմուտքն էստեղ կապ չունի,- նրան ընդհատեց Էսթերը,- սովետական միությունում կանանց ազատագրում եղել է Եվրոպայից էլ շուտ:

‑ Ըհը, հենց դրա համար էլ ես հայաստանցի կին եմ ուզում,- ասաց Րաֆֆին կոտրատված անգլերենով:

‑ Դե հա, նրանք ամուսնուն ոչ մի պահանջ չեն ներկայացնում,- ծիծաղելով շարունակեց Բահան,- բա չէ, սիրիացիների պես՝ մինչև ամուսնանալը մի հսկայական ցուցակ են դեմ տալիս, առնվազն երեք բանալիով՝ տան, մեքենայի և ամառանոցի: Եթե տղամարդը դա չի կարողանում ապահովել, ուրեմն բանի պետք չի:

‑ Այո, ու տեղի հայ համայնքն էլ է տրվել այդ արաբական ազդեցությանը: Իսկ հայաստանցիները նման պահանջներ չեն ներկայացանում, ավելին՝ անհրաժեշտության դեպքում ամուսնուն հավասար աշխատում են, ոչ թե ոտքը գցում ոտքին ու պահանջում. տուն, մեքենա, տան աշխատող, ոսկեղեն, որ իրենք ոչինչ չանեն, զուգվեն-զարդարվեն ու միայն երեխաների հոգսը քաշեն:

‑ Ուրեմն ձեր աղջիկների բախտը չի բերել: Կոնկուրենցիային չեն դիմանում, հայաստանցիներն իրենց տղամարդկանց ձեռքներից տանում են,- ասաց Բահան,- բայց միևնույն է, ես էդ տեսակ ազատությունը չեմ հասականում. հանուն ինչի՞ կնոջդ թողնես մենակ գնա օտար երկիր, իմ ու քո նման օտար տղամարդկանց հետ գիշերվա հազարին մեքենայով անհայտ ուղղությամբ գնա, որ ի՞նչ: Բա որ ես բռնարարի մեկը լինեի: Սկի չեն էլ զանգել՝ ճշտելու ով եմ ինչ եմ:

‑ Դե բայց Արայիկի ընկերն եք, չէ՞: Արայիկն էլ իմ զարմիկն է,- ասացի ես,- ուրեմն վստահելի եք, չէ՞:

Նկատեցինք, որ մեքնենան վաղուց դուրս էր եկել քաղաքից:

‑ Ու՞ր ենք գնում,- հարցրեց Շուշանը:

‑ Մաալուլա,- պատասխանեց Րաֆֆին,- աշխարհի ամենահին բնակավայրերից մեկը և ամենամեծը, որտեղ դեռ արամեերեն են խոսում:

‑ Օ՜, փաստորեն երազանքներն իրականանում են,- չգիտեր հրճվանքն ինչպես թաքցներ Էսթերը,- իսկ այս ժամին արդյո՞ք իրենց հռչակավոր Սուրբ Սարգիս եկեղեցին բաց կլինի:

‑ Չեմ կարծում: Բայց Աբու Հակոբն ավելի լավ կիմանա:

‑ Իսկ ո՞վ է Աբու Հակոբը,- հարցրինք երեքս միաբերան:

‑ Աբու Հակոբը հայ է, որն ապրում է Մաալուլայում: Նա ժամանակին գժտվել է Դամասկոսի դաշնակցական առաջնորդների հետ և հեռացել համայնքից: Արամեացի կնոջ հետ է ամուսնացել և հաստատվել Մաալուլայում,- պատմեց Րաֆֆին:

Մաալուլան ժայռերում ծվարած գյուղ է, որտեղ առ այսօր ապրում են արամեախոս քրիստոնյաներ: Տների մի մասը հենց ժայռափոր են: Նախկին գետի դատարկ հունն էլ բացված ժայռափոր ճամփա է: Երբ հասանք, արդեն մութ էր, ու մեզ մնում էր վայելել աստղազարդ երկինքն ու ժայռերի ծերպերից ծանր կախված խորհրդավոր լռությունը: Անգամ ուսերս կախվեցին, մեջքս մի տեսակ ծռվեց էդ լռության ծանրությունից:

Աբու Հակոբի տունը բարձր էր, կիսաժայռափոր: Տնեցիները բակում էին նստած: Սեղանին՝ առաք, պանիր, հաց:

‑ Բարի եկաք,- ձեռքերը տարածեց Աբու Հակոբը:

Նա ցածրահասակ, մկանուտ, հիսունն անց մարդ էր: Փայլունն այն բառն է, որն ինձ նրանից մնաց որպես հիշողություն. պղնձագույն բեղերի տակ փայլում էր ժպիտը՝ խոշոր, ծուռմռտիկ ատամներով, հաստ հոնքերի տակից փայլում էին սև, խոշոր, խորը, անհանգիստ աչքերը, ճաղատ գլուխը փայլում էր բակում կախված էլեկտրական լամպի լույսից: Մեզ դիմավորեց ժպիտով, հետո նստեց ճոճաթոռին: Տնեցիների հետ արաբերեն մի քանի բառ փոխանակեց, և շուտով սեղանին հայտնվեցին նոր բաժակներ ու առաքն իրենով լցրեց երեկոն: Առաքի փափուկ ջերմությունից արդեն բոլորս էինք փայլում՝ մեր ասած ու չասած մտքերից: Օրվա ծանրությունը հօդս ցնդեց, Աբու Հակոբի տան բարձրությունից նշմարվող լույս ու մութ խաչերի հետ մեկտեղվեց ու խառնվեց երկնքի աստղերին:

Աբու Հակոբը նախկին դաշնակցական էր, որը երիտասարդ տարիներին անհամաձայնություն էր ունեցել համայնքի և կուսակցության առաջնորդների հետ: Նաև, ի տարբերություն համայնքի մյուս տղամարդկանց, ովքեր օտարազգիների հետ էին ամուսնացել, նրա կինը հայերեն չէր սովորել, ոչ էլ իրենք տանը արաբերեն էին շփվում, այլ ինքն էր արամեերեն սովորել ու հենց այդ լեզվով էլ հաղորդակցվում էին իրար հետ: Սա թերևս մասամբ պայմանավորված էր այն հանգամանքով, որ Աբու Հակոբն ինքը լավ հայերեն չգիտեր: Մասամբ էլ, որովհետև ձախ հայացքների կրող էր, ինչը ենթադրում էր, որ ինքը պիտի սովորեր ճնշվածների ու փոքրամասնությունների լեզուն:

‑ Ես հայերից վերջին ինտերանցիոնալիստն եմ,- ասաց նա ու ծիծաղեց:

‑ Ի՞նչ նկատի ունեք,- հարցրեցի:

‑ Դե սովետը քանդվեց, վերացան նաև հայ ինտերանցիոնալիստները, իսկ ես առ այսօր հավատում եմ ինտերանցիոնալին: Ելի՛ր, ում կյանքը անիծված է…

‑ Օհ, դուք կոմունի՞ստ եք,- հարցրեց Էսթերը:

‑ Այո: Ավելին՝ Մարքսիզմ-լենինիզմով դոկտորական եմ պաշտպանել:

‑ Որտե՞ղ,- հետևեց հարցը:

‑ Երկար պատմություն է, բայց Բահան խնդրել է ձեզ պատմել: Ես շատ երիտասարդ էի, 18-19 տարեկան, երբ հասկացա, որ դաշնակները կեղծ ձախեր են: Կեղծ այն առումով, որ իրական ձախերը ճնշվածների, աշխատավորների շահերը պիտի պաշտպանեին ու ազգայինն այդտեղ չպիտի լիներ, քանի որ չկան ազգեր, կան դասակարգեր, ու նրանք, ովքեր ճնշվում են կապիտալիստների կողմից, պիտի միավորվեն՝ անկախ ազգությունից ու կրոնից: Սիրիայի դաշնակները, հատկապես նրանք, ովքեր ազդեցություն ունեն, հենց էդ կապիտալիստներն են: Նրանք շահագործում են իմ պես հասարակ մարդկանց ու հարստանում, ուժեղացնում իրենց իշխանությունը, մեծացնում ազդեցությունը: Ես դա հասկացա, երբ նոր էի ավարտել դպրոցը: Մենք աղքատ էինք: Ես լավ էի սովորում: Բայց ուսումս շարունակելու հնարավորություն չունեի, ընտանիքիս կարիքները պիտի հոգայի: Չնայած հայրս դաշնակցական չէր, բեդուինների մոտ էր մեծացել, հայերեն գրեթե չգիտեր ու հեռու էր եղել համայնական կյանքից, ինձ, որպես լավ սովորող, խելացի տղայի, դաշնակները աչքի տակ ունեին: Կանչում էին իրենց ակումբ, մանր գործեր հանձնարարում, գաղափարապես մշակում: Շատ արագ, սակայն, հասկացա, որ էդ մարդկանց գաղափարներն առանձնապես չէին հուզում: Նրանք խմում էին, տարվում թղթախաղով, և այլն: Մի անգամ շատ նեղն էինք. Մայրս ծանր հիվանդ էր, գումար էր պետք, չկար: Բարեկամ-հարազատ չունեինք. մայրս արաբ էր, հայրս, որոշելով վերագտնել իր հայկական ինքնությունը, արդեն բավականին հասուն տարիքում Դեր-զորի կողմերից տեղափոխվել էր Դամասկոս: Նրա՝ համայնքին ինտեգրվելու ջանքերն առանձնապես մեծ հաջողություն չէին ունեցել: Սակայն ինձ հայկական դպրոց էր տվել: Մի խոսքով՝ ոչ ոք չունեինք: Կարիքից դրդված՝ որոշեցի դիմել ազդեցիկ ու հարուստ դաշնակներից մեկին, որն ինձ հաճախ էր տարբեր հանձանարարություններ տալիս: Ու ի՞նչ: Խմած, գինովցած, նստած իր շիշան էր քաշում: Ասաց, որ հնարավորություն չունի, բայց կփորձի բարեգործականների հետ խոսել: Հույսս լրիվ կոտրված ուշ երեկոյան դուրս եկա ակումբից ու տխուր-տրտում տուն էի գնում, երբ մեկն անունս տվեց: Անունը Ջավադ էր, մի շաբաթ առաջ էի հետը ծանոթացել, միասին բուժզզնում էինք անցնում՝ բանակից առաջ: Երկուսիս մոտ էլ ինչ-որ առողջական խնդիրներ էին բացահայտել ու միասին պիտի դեռ բուժվեինք, մինչև բանակ գնալը: Հարցրեց՝ ինչպե՞ս եմ: Ես էլ էնքան տխուր էի ու չունեի մեկը, ում կարող էի վշտերս պատմել: Պատմեցի եղած-չեղածը, ու ավելացրի, որ շուտով ինձ բանակ կտանեն և չգիտեմ՝ ընտանիքս ում հույսին կմնա: Ասաց՝ եկ ինձ հետ: Գնացինք կոմունիստական կուսակցության բջիջներից մեկի ժողովին: Կրակոտ ճառեր էին ասում: Ոգևորիչ էր: Ասաց, որ ինքն անդամագրվել է և որ շուտով իրեն Մոսկվա սովորելու են ուղարկելու: Հետո ընկերներին ներկայացրեց վիճակս: Տեղում դրամ հավաքեցին՝ ով որքան կարող էր: Շատ հուզվեցի: Այդ օրվանից դադարեցի հայկական ակումբ հաճախել: Անդամագրվեցի Բակդաշի կուսակցությանը: Մարքսիստական գրականություն էինք կարդում: ԽՍՀՄ դեսպանատան հրատարակած այլ նյութեր: Սիրիան իրեն դիրքավորում էր որպես պան-արաբականության առաջամարտիկ՝ սոցիալիզմի և արաբական ազգայնականության պլատֆորմով: Մեր կուսակցությունն այդ ժամանակ Ասադի Ազգային առաջադիմական ճակատի մաս էր:  Դեպքերը շատ արագ զարգացան և շուտով ընկերս՝ Ջավադը, մեկնեց Մոսկվա սովորելու: Ինձ էլ կուսակցությունը Չեխոսլովակիա ուղարկեց:

Մենք կլանված լսում էինք: Բահան ինչ-որ տեղ էր գնացել: Րաֆֆին դանդաղ առաք էր խմում: Աբու Հակոբի տնեցիները ներսում ինչ-որ եգիպտական սերիալ էին նայում: Աբու Հակոբը դանդաղ ծխում էր:

‑ Բրատիսլավայում ես հայտնվեցի արաբ կոմունիստների ակտիվ խմբում: Բոլորս երիտասարդ, 18-19-20 տարեկան տղաներ էինք, Հորդանանից, Իրաքից, Եգիպտոսից, Սիրիայից, մարքսիզմ-լենինիզմ էինք ուսանում: Ես հատկապես մտերմացա հորդանանցիների հետ: Ինձ պես իրենք էլ քրիստոնյա էին: Մադաբայից: Իրենց պատմելով՝ Մադաբան Հորդանանի կոմունիստների կենտրոնն էր, որովհետև բնակչությունը մեծամասմաբ քրիսոտնյա էր ու շատ աղքատ: Այդ անհույս աղքատությունն էլ նրանց կոմունիստ էր դարձրել: Այդ տարիներին՝ յոթանասունականներին, կոմունիստական կուսակցությունը Հորդանանում արգելված էր: Ավելի շուտ այն դեռևս 50-ականների վերջերին էր փակվել՝ մեղադրվելով իսրաելյան լրտեսության մեջ և հիմնականում ընդհատակյա գործունեություն էր ծավալում: Տղաները գնում էին ԽՍՀՄ և Արևելյան բլոկի մյուս երկրներ սովորելու և այդպիսով փրկվում բանտարկությունից: Մենք շատ լավ ընկերներ էինք: Միասին Մարքս ու Լենին էինք կարդում, քննարկումներ կազմակերպում: Անգամ աղջիկներին ժամադրելիս դիալեկտիկական մատերիալիզմից էինք խոսում: Զավեշտալի շատ պատմություններ էին լինում: Օրինակ, ընկերս մի սլովակ աղջկա էր ժամադրել հանրակացարանի մեր սենյակում: Երկուսով էինք այդ սենյակում ապրում: Ես գնացի, որ չխանգարեմ: Աղջիկը եկել էր: Ու ինքն ամբողջ երեկո ընկեր Լենինից էր խոսել: Միթե՞ Լենինն ինձանից ավելի գրավիչ ու սեքսուալ է՝ հարցրել էր աղջիկը հորանջելով: Օ՜, ընկեր Լենինն ազատ սիրո կողմնակից էր՝ պատասխանել էր ընկերս ու առաջարկել աղջկան տուն ճանապարհել: Հինգ տարվա մեջ մենք էդպես էլ չիմացանք էդ ազատ սերն ինչ է:

Աբու Հակոբը վեր կացավ ճոճաթոռից, մի քիչ քայլեց, ծխեց, թարմացրեց բոլորիս առաքի բաժակներն ու կրկին նստեց՝ ծխախոտի նոր գլանակ վառելով: 

‑ Մի անգամ մեզ տարան հանրօգուտ աշխատանքների: Առավոտ շուտ կազմ-պատրաստ տանից դուրս եկանք՝ կոմունիզմ կառուցելու: Պետք է քաղաքի փողոցները բարեկարգեինք: Մի 3-4 արաբ ուսանողներ էինք ու տեղացի բանվորները: Բրիգադիր էլ ունեինք: Բրիգադիրն առավոտյան եկավ, ներկա-բացակա արեց, հանձնարարություն տվեց: «Ընկերներ,- ասաց նա,- ամենայն պատասխանատվությամբ վերաբերվեք ձեր գործին: Մենք կոմունիզմ ենք կառուցում և ձեր տեղադրած յուրքանչյուր քարն ավելի է մոտեցնում այն բաղձալի օրվան, երբ բոլորս կապրենք մեր մեծ, հաշտ ու համերաշխ կոմունիստական ընտանիքում: Եթե ձեզ թվում է, որ դուք պարզապես փողոց եք սալիկապատում, ապա դա այդպես չէ: Պետք է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել աշխատանքին: Մեր երկրում մակաբույծները տեղ չունեն: Պետք է կատարենք ու գերակատարենք պլանը»:  Ապա բանվորներին դիմելով՝ ավելացրեց. «մեզ այսօր օգնելու են եկել մեր արաբ բարեկամները: Ցույց տվեք նրանց, ինչպես են աշխատում իրական կոմունիստները»: Ենթադրում եմ, որ այդ ճառն ավելի շատ մեզ էր ուղղված, քան բանվորներին: Մինչև օրվա վերջ մեր տեղամասում պետք է փոխեինք փողոցի սալիկները: Մենք առույգ գործի լծվեցինք՝ հընթացս բանվորների հետ խոսելով համաշխարհային պրոլետարիատի առջև ծառացած խնդիրների մասին:  Վերջապես ինքներս էլ այդ պրոլետարիատի մաս էինք ու դա ամենայն լրջությամբ ընկալում էինք որպես գաղափարական կնունք՝ երբ մարմնով ու գործով ես ապացուցում գաղափարներդ: Դեռ 11-ն էլ չկար, երբ բանվորներն ընդմիջում հայտարարեցին: Բայց մենք դեռ պիտի ավարտենք այս հատվածը՝ առարկեց ընկերս: Բանվորները նստեցին, մի-մի շիշ գարեջուր դատարկեցին, ծխեցին, սկսեցին հորանջել: Հետո դժկամորեն մի քիչ էլ աշխատեցին ու մեկի կողմերը ճաշի ընդմիջում հայտարարեցին: Մենք մի 20 րոպե ընդմիջեցինք, կերանք հետներս բերած բուտերբրոդները: Հետո էլի նույն առույգությամբ անցանք կոմունիզմ կառուցելու գործին, մինչդեռ բանվորներն էլի գարեջուր խմեցին ու սկսեցին կատակել: Օրվա վերջում հոգնած, բայց ուրախ էինք՝ օրվա պլանը գերակատարել էինք: Էսպես մի քանի օր: Համալսարանական արձակուրդներ էին, և մենք մի ամբողջ ամիս պետք է մասնակցեինք այդ հանրօգուտ աշխատանքներին: Սակայն չորորդ օրվա վերջում եկավ բրիգադիրն ու ասաց, որ շատ շնորհակալ է մեր կատարած աշխատանքի համար՝ առաջարկելով այլևս գործի չգալ: ՛Մի անհանգստացեք, ես համալսարանին կհայտնեմ, որ դուք մի ամիս աշխատել եք՛: Ինչպե՞ս, իսկ պլանը՝ հարցրեց ընկերս: «Ըըը, հասկանում եք… ըըը… բանվորներն էս գործի վարպետ են…ըըը… ավելի լավ է դուք հանգստացեք, ամառը վայելեք… ես շատ գոհ եմ ձեր աշխատանքից»,- ասաց բրիգադիրը: Տեսնելով, որ մենք շփոթված ենք, բանվորներից մեկը մեզ մի կողմ քաշեց և բացատրեց խնդրի բուն էությունը. «հասկանու՞մ եք, ձեր տեմպերով մենք պլանը շատ շուտ կհանձնենք, իսկ դա մեզ պետք չի, մեզ համար հանգիստ աշխատում ենք, ու դրանից մեր կյանքում առանձնապես ոչինչ չի փոխվի»: Երեկոյան փոռ-փոշման մեզ հանձնեցինք գարեջրատանը՝ ծախսելով քառօրյա աշխատանքից վաստակած ողջ գումարը, խմելով Մարքսի, Էնգելսի, Լենինի և գալիք կոմունիզմի կենացը: Մենք նրան սպասում էինք, ինչպես հավատացյալները Մեսիային:

Աբու Հակոբն այնքան համով-հոտով ու սրամտորեն էր պատմում, որ մենք չէինք կարողանում կտրվել: Պատմության հետ ծիծաղում ու տխրում էինք՝ ինքներս էլ տեղ-տեղ հիշելով մեր կոմունիստական մանկության զավեշտալի ու նաև զգացմունքային դրվագներ: Օրինակ, ինձ համար հոկտեմբերիկ ու պիոներ դառնալը շատ կարևոր, էմոցիոնալ ինչ-որ բան էր եղել: Եվ ճիշտ նույն զգացմունքայնությամբ էլ Ղարաբաղյան շարժման տարիներին այրել էի վզկապս: Էսթերի խոսքերով՝ ինքն էն գլխից ատում էր սովետական փտած համակարգը՝ չնայած մեր միջի միակ ռուսախոսն ու ռուսական կրթություն ունեցողն էր: Շուշանի պապը երդվյալ կոմունիստ էր եղել: Այն աստիճան, որ սեփական եղբորը մատնել էր՝ աշխատանքից գլուխ պահելու և պլանը չկատարելու համար: Էդպես էլ մինչև կյանքի վերջ հավատարիմ է մնացել կոմունիզմի գաղափարներին՝ ասելով, թե Հայաստանի բոլոր ձեռքբերումները սովետական իշխանության շնորհիվ են հնարավոր եղել: Հիմա էստեղ, էս հավատացյալ, կրոնական, հին վայրում, ժամանակները տարօրինակ կերպով միախառնվել էին ու յուրաքանչյուրս մեր մտքերի մեջ էինք՝ Աբու Հակոբի պատմությունների շնորհիվ: Մոդեռնն ու նախամոդեռնն այստեղ էնպես բնական էին միահյուսված: Աբու Հակոբի խոսքը ևս՝ կոմունիզմի մասին արաբերեն, տեղ-տեղ արևմտահայերեն խորդուբորդություններով:

‑ Էսպես մի երկու տարի սովորեցինք, երբ սկսվեց Լիբանանի քաղաքացիական պատերազմը,- սիգարետի ծուխը քուլա-քուլա երկինք ուղարկելով շարունակում էր Հակոբը,- մեզ՝ Բրատիսլավայում սովորող արաբ կոմունիստներիս, մի օր երեկոյան Պաղեստինից ժամանած մի ընկեր գաղտնի ժողովի հրավիրեց: Ժողովի ժամանակ ներկայացրեց իրերի դրությունը, կրակոտ ճառ արտասանեց՝ հատկապես ընդգծելով, թե որքան կարևոր է արաբական հեղափոխությունը համաշխարհային հեղափոխության գործում, որ իմպերիալիստների բոլոր ճանապարհները Մերձավոր Արևելքով են անցնում և ռեսուրսների համար ընթացող այս կռվում տուժում է միայն աշխատավոր դասակարգը: Քարտեզներ էլ եր բերել: Ցույց տվեց ու մանրամասն բացատրեց իրավիճակը, Իսրայելի՝ որպես տարածաշրջանում համաշխարհային իմպերիալիզմի գործակալի դերը, ճնշված պաղեստինցիների վիճակը, Սիրիայի՝ պանարաբական նկրտումները, Սովետական Միության օգնությունը ճնշյալներին ու տառապյալներին: Ասաց, որ մեր լիբանանյան քույրերն ու եղբայրները մեր օգնության կարիքն ունեն՝ արևմուտքի և նրա գործակալ Իսրայելի, տեղական հարստահարողների և տարատեսակ կրոնավորների լուծը թոթափելու ու հեղափոխությունն իրողություն դարձնելու գործում: Նրա ելույթից հետո սկսվեց կամավորների ցուցակագրումը՝ Լիբանան գնալու համար: Ես ու ընկերս էլ ցուցակագրվեցինք:      

Աբու Հակոբը կրկին վեր կացավ: Տնեցիներին խնդրեց հեռուստացույցի ձայնն իջեցնել: Նաև՝ դստերը խնդրեց ջուր բերել: Հարցրեց՝ որտե՞ղ է Բահան: Րաֆֆին ասաց, որ գնացել է Մաալուլայում մեկ այլ ծանոթի տուն, բան ուներ փոխանցելու: Աբու Հակոբը նայեց ինձ:

‑ Քույրս ես,- ասաց, ապա ստուգեց առաքի շիշը,- Մարիամ,- կանչեց աղջկան և արամեերեն ինչ-որ բան ասաց:

Մարիամը վերցրեց սեղանի վրայի առաքի շիշը, ներս մտավ տուն և վերադարձավ՝ սառնարանից նոր հանած առաքի ու ջրի շշերով և մի աման սառույցով: Աբու Հակոբը լցրեց դատարակ բաժակս ու մեկնեց ինձ: Հետո մյուսների բաժակներն էլ լցրեց:

‑ Նրա նման ես,- կրկին ասաց՝ ինձ նայելով, ապա նորից դիմեց Մարիամին:

            Մարիամն այս անգամ լուսանկարների ալբոմով վերադարձավ: Աբու Հակոբն ինձ կարգադրեց աթոռով հանդերձ մոտենալ իր ճոճաթոռին: Բոլորով շրջապատեցինք նրան: Լուռ թերթում էր ալբոմը: Վերջապես գտավ այն, ինչ փնտրում էր: Ութ երիտասարդ տղաներ, զինվորական համազգեստով և զենքով: Մեջտեղում մի աղջիկ: Ցուցամատը դրեց աղջկա վրա.

‑ Նման է, չէ՞: Անունը Ամիրա էր: Նա մեր միջի միակ կինն էր:

            ‑ Իսկապես քեզ ա նման,- ասաց Շուշանը՝ ինձ նայելով,- հատկապես աչքերը, ճակատն ու սև խոպոպները: Հա, ու հոնքերն էլ՝ հաստ, մի տեսակ հանդուգն, համարձակ:

‑ Ցուցակագրվելու հենց հաջորդ օրը զանգ ստացանք: Հաջորդ օրը Պրահայի օդանավակայանից մի ողջ ինքնաթիռ կամավորներ էին տեղափոխելու Լիբանան՝ այդ թվում և մեզ: Ես և ընկերս՝ Հասանը, նույն երեկոյան գնացքով գնացինք Պրահա: Առավոտյան օդանավակայանում էինք: Ինքնաթիռը լեփ-լեցուն էր Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներում սովորող քրիստոնյա ու իսլամ արաբներով՝ պաղեստինցիներ, հորդանանցիներ, եգիպտացիներ, սիրիացիներ: Հիմա կասեք՝ բա դու ի՞նչ կապ ունեիր, չէ՞ որ հայ ես: Էդ թվերին կային հայեր, որոնց համար կարևորն ազգությունը չէր, այլ կոմինտեռնը: Այդ ինքնաթիռում ես երևի միակն էի, բայց առհասարակ միակը չէի իմ գաղափարներով: Մեր ընկալմամբ ազգերի և մասնավորապես հայ ազգի դժբախտությունները կապված էին իմպերիալիստների և կապիտալիստների հարստանալու անհագ ցանկության հետ: Մենք մեզ եղբայր էինք համարում բոլոր ճնշված ժողովուրդներին՝ քրդերին, պաղեստինցի արաբներին և այլն, ու նրանց հետ կողք-կողքի կռվում հանուն մեր գաղափարների: Ըստ էության մենք հավատում էինք ճնշվածների՝ սահմաններ չճանաչող եղբայրությանը և պրոլետարիատի հիմնին: Մեր հավատամքը Կոմունիզմի մանիֆեստն էր, որը մեր մեկնաբանությամբ միավորում էր ոչ միայն աշխատավորներին, այլև բոլոր ճնշված ազգերին: Մեզանից շատերը հետո այնուամենայնիվ հայտնվեցին նեղ հայկական խնդիրների կիզակետում՝ միանալով Ասալային:

Լռեց: Նայում էր լուսանկարը: Մենք էլ: Բոլորն էին փայլում: Երևի արևի լույսն էր՝ նրանց աչքերում և դեմքերին: Սև ու սպիտակ լույս էր:

‑ Այս լուսանկարն արվել է Լիբանանում: 1975 թվին: Նրանցից շատերն այլևս չկան: Հասանն էլ չկա: Կոմինտեռնը երգելով հասանք Լիբանան: Մեզ լցրեցին ավտոբուսը ու գիշերով տեղափոխեցին ինչ-որ բլրոտ վայր: Անտառուտ ինչ-որ տարածք էր, մոտակայքում բնակավայր չէր երևում: Կացարանը, որտեղ մեզ տեղավորեցին, մի մեծ ու ընդարձակ տուն էր՝ հողե հատակով, առանց որևէ կահավորման: Հենց հատակին պետք է լուսացնեինք գիշերը: Ինչ-որ ադեալներ բաժանեցին: Էլեկտրականություն չկար: Առավոտյան երբ արթնացանք, սենյակում ծանր կախված էր չլողացած մարդկանց հոտը: Քիչ հետո եկան ինչ-որ համազգեստավոր ջոկատայիններ՝ զենքերով: Նրանցից ամենաավագը հայտնեց, որ մենք այստեղ ենք ճիվաղ Իսրայելի դեմ կռվելու համար: Մոտ երկու շաբաթ մեզ կմարզեն, ապա կռիվ կուղարկեն: Այնուհետև սկսեցին կարդալ մեր անունները ու համազգեստ բաժանել: Մեծ ու փոքր չէին նայում, չափսը կարևոր չէր: Իմ հագուստը վրաս մի քանի համար մեծ էր, իսկ կոշիկները՝ հին, չոր ու կոպիտ: Քնում ու վեր էինք կենում նույն հագուստով: Անգամ փոխնորդ սպիտակեղեն էլ չունեինք: Լողանալու հարմարություն էլ չկար: Սնվում էինք պահածոներով: Առավոտյան գնում էինք կրակելու, հետո վազում, մարզվում, ծանոթանում տարբեր տեսակի զենքերի հետ: Ես, որ փաստորեն խուսափել էի բանակային ծառայությունից սովորելու մեկնելով, հիմա էլ ավելի վատ պայմաններում էի կռվել սովորում, քան եթե լինեի սիրիական բանակում: Մենք չգիտեինք, թե կողմերից ում համար էինք կռվելու: Լայն առումով ասել էին, որ կռվելու ենք իմպերիալիստական ճիվաղների դեմ, որի ներկայացուցիչն այս կոնկրետ դեպքում Իսրայելի շահերը ներկայացնողներն էին: Բայց ոչ ավելին: Հոսանք, ռադիո կամ հեռուստացույց չունեինք, որ լուրերին հետևենք, թերթեր էլ չէինք ստանում: Մենք արդեն ոջլոտում էինք: Ես կոշիկներս ամոթից չէի հանում՝ ոտքերիս բույրով մարդկանց չթունավորելու համար: Նույնն անում էին գրեթե բոլորը: Չգիտեմ՝ Ամիրան ինչպես էր հաջողացնում իրեն պահել, բայց երևի նա միակն էր, որ չէր բուրում: Ամիրան պաղեստինցի էր: Ոչ ոք չուներ: Բոլորին կորցրել էր տարբեր կռիվներում: Էսպես անցավ երկու շաբաթ: Մի օր գիշերը ժամը 3-ին եկան ջոկատայինները ու մեզ հանեցին:  Պետք է տեղափոխվեինք: Տարան մեկ այլ վայր, որտեղ առհասարակ վրանային պայմաններ էին: Մենք իրականում անգամ չգիտեինք մեր գտնվելու վայրը: Իրականում ես չգիտեմ՝ Լիբանանում էի՞նք արդյոք: Դա հատուկ էր արվում: Մոտեցումն այն էր, որ օղակներից յուրաքանչյուրը որքան քիչ բան իմանա, այնքան լավ: Մի երկու շաբաթ էլ այստեղ մնացինք: Երկու շաբաթ անց առավոտյան սովորականի պես մեզ հետ պարապողները չեկան: Ամբողջ օրը սպասեցինք, ոչ ոք այդպես էլ չեկավ: Մեզ ինստրուկտաժ էին արել, որ նման դեպքերում ինքներս ոչինչ չնախաձեռնենք, սպասենք, որ լուր տան: Էսպես անցավ ևս երկու օր: Երրորդ օրվա վերջում եկան երկու հոգի: Մեզ հետ պարապողները չէին: Նրանցից մեկը վիրավոր էր: Ասացին, որ հավաքվենք: Հավաքվելու բան առանձնապես չունեինք: Մեզ ավտոբուս լցրեցին: Չէինք էլ հարցնում՝ ուր ենք գնում: Զենք էլ չէին տվել: Վարժանքների ժամանակ ասել էին, որ չի կարելի անգամ իրարից հարցնել և/կամ տրամադրել երեք տեսակի տեղեկություն. չէր կարելի ասել կամ հարցնել ուր ես գնում, ով ես իրականում և թե ում դեմ էս կռվում: Բոլորս լուռ էինք: Շենքերից հասկացանք, որ քաղաքում ենք: Գլխումս հազար բան էի մտածում, պատկերացնում մոտիկ մարտեր, երբ իրար դեմ-դիմաց կլինենք ու կտեսնեմ նրա աչքերը, ում ես կսպանեմ կամ ով ինձ կսպանի: Վերջը շատ չերկարացնեմ: Ճիշտ էնպես, ինչպես մեզ բերել էին, այդպես էլ հետ տարան: Հետադարձ ինքնաթիռ դեպի Պրահա: Մինչ օրս էդպես էլ չկարողացա հասկանալ եղելությունը: Հետո շատ եմ հետաքրքրվել. պատերազմող խմբերից ո՞րն էր մեզ տարել, ու՞մ դեմ էինք կռվելու, որտե՞ղ էին մեզ պահում: Էդ ամենից միակ բանը, որ պահպանվել է, էս լուսանկարն է: Միայն գիտեմ, որ մեր մարզումները սովետական զենքերով էին, որ մեզ հավաքագրողները կոմունիստ էին, կամ եթե անգամ չէին՝ այդպես էին ներկայանում: Թե որտեղի՞ց էին՝ դա էլ չգիտեմ: Հետո մի տարի ոտքերիս վերքերն էի բուժում: Ի պատասխան սլովակ բժշկի հարցին, թե ինչից են, ստիպված էի հեքիաթ հորինել: Ասացի, թե Ռուսաստան էի գնացել՝ էնտեղ սովորող ընկերոջս հետ ուրալյան հանքերում աշխատելու, վթար էր եղել ու օրերով մնացել էինք հանքում: Իբր կամավորագրվել էինք ու գնացել ուրալյան հանքերում աշխատելու: Վստահ չեմ, որ հավատաց, բայց բարեխղճորեն բուժեց ու ինձ կյանքի հետ բերեց:

  Չգիտեմ՝ առաքն էր ազդել, Մաալուլայի խաչազարդ ու աստղազարդ գիշերը, մեր զրուցակցի փայլուն աչքերը, թե՞՝ լուսանկարի աղջկա հետ նմանությունս, բայց մի տեսակ հարազատություն զգացի Աբու Հակոբի հանդեպ: Ուզեցի գրկել ու մի բան նվիրել նրան: Սակայն մոտս նվիրելու բան չկար: Անգամ լուսանկարչական ապարատ էլ չունեինք, որ նկարվեինք: Նրա կյանքի հետոյի մասին էդպես էլ բան չիմացանք, քանի որ եկավ Բահան ու ասաց, որ Դամասկոս պիտի վերադառնանք: Մենք ամուր գրկախառնվեցինք ու հրաժեշտ տվեցինք:  Մեքենայում Բահայի առաջին հարցն էր.

‑ Հը, սիրեցի՞ք մեր Աբու Հակոբին:

‑ Այո:

‑ Բայց չեմ հասկանում՝ ինչու՞ որոշեցիք մեզ ծանոթացնել իր հետ,- հարցրեց Շուշանը:

‑ Դե դուք հայ համայնքն եք ուսումնասիրում, ես էլ ուզում եմ, որ ծանոթանաք այդ համայնքի ողջ բազմազանությանը,- ասաց Բահան:


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով