Մհեր Իսրայելյան, Պատմվածք

Ոչ մի նահանջ տարի

Բարեգործը, ում երջանիկ պատահականությամբ հանդիպեցի վերջին պատերազմից հետո, սովորական բարեգործ չէր, որ ուզում է պարզապես անունը հնչեցնել։ Ոչ էլ նրանցից, որ ուրիշի ցավի ու տառապանքի փարատման ջանքից բերկրանք են ապրում ու բավարարում մարդասիրական զեղումները։ Նա մի մարդ էր, որ անունը չասաց, պարզապես խոստացավ օգնել այն մարդկանց, ում երազանքը  պատերազմի չարագույժ ձեռամբ կիսատ է մնացել։ Շարժառիթը զուտ գիտական էր, համարյա դավանաբանական, համենայնդեպս այդպես բացատրեց։ Իբր փորձում է հասկանալ՝ արդյո՞ք մարդը կարող է միջամտել Աստծո գործերին կամ ուղղել սատանայի չարագործության սխալները։ Իսկ նման սխալներ, ինքներդ եք հասկանում, պատերազմից հետո` որքան ուզեք։ Որտեղ պատերազմ, այնտեղ սատանան է իշխում, ի՞նչ մի գաղտնիք է՝ ամեն անկյունից ծիկրակում են սրածայր պոզերը։ Մթան մեջ նստած, մկրատն առած՝ կտրում է դեպի երազանք տանող թելերը ու ինքնագոհ քթի տակ խնդմնդում։ Բայց հիմա սատանային հանգիստ թողնենք, մոռանանք դավանաբանական ինչ-ինչ նրբություններ ու դառնանք մեր պատմությանը։

Ինչ գլուխներդ ցավեցնեմ, բարեգործության շահառուների ցանկում միանգամից հայտնվեցին չորս հոգի, որոնց ճակատագիրն ու մարդասիրական կազմակերպությունից մի եռանդուն աղջիկ  բերել էին Վիեննա` աղետից բացված վերքն ամոքելու համար։ Կարևորն այն է, որ մարդը հավատա, թե ոչ մի պատերազմ կամ սատանա ի զորու չէ անկատար թողնել իսկական երազանքը՝ համաձայնության էին եկել տարօրինակ բարեգործն ու աղջիկը։ Ես էլ, որ կամա թե ակամա հայտնվել եմ այս գործարքի տիրույթում, սիրելիներս, ձեր ջրաղացին մի պուտ ջուր կլցնեմ՝ խոստանում եմ ես։ Եթե կան անկատար երազանքներ, ուրեմն հեքիաթն անավարտ է,  հեքիաթասացը թող վերցնի կախարդական փայտիկը ու գործի անցնի։ Սատանայից էլ թող չվախենա։  

 ***

Չգիտեմ՝ ճի՞շտ էր, թե՞ սխալ, կենսաբանական օրինաչափությու՞ն էր, թե՞ պարզ չափազանցություն, մանկական վառ երևակայության պատրա՞նք, կամ թե՝ սովորական բնական երևույթ, ասում էին՝ մողեսի կտրված պոչը հետո աճում է։ Հետո, երբ մողեսը մենակ է մնում, թաքնվում է մութ անձավում ու սպասում մինչև պոչը աճի։ Ասում էին՝ թողած պոչը թշնամու բաժինն է, կամ ապրելու գինը։ Ի՞նչ մի մեծ բան է որ, պոչ է, էլի։ Երբ Արամը ուշաթափության խոր թմբիրից աչքերը բացել ու ձեռքերով շոշափել էր մարմնի դատարկ տեղը, այդ միտքն էր առաջինը եկել։ Ամեն ինչ վերականգնելի է, մանավանդ քսանմեկերորդ լուսավոր դարում։ Պոչով, թե առանց պոչ, հասնելու է Հոլիվուդ ու թեկուզ մեկ իսկական կինոնկարում փայլատակի։ Թեկուզ մի փոքր, աննշան թվացող դրվագում։ Հիացած հանդիսատեսի մտքով չի էլ անցնելու թշնամուն թողած բաժնի, պատերազմի և խաղաղության, աստծո կամ սատանայի մասին։ Ոչ աչքերի չխամրած փայլն է այդ մասին մատնելու, ոչ էլ՝ տաբատի տակ խնամքով թաքցրած զույգ մետաղաձողերը։ Փառք Աստծու, անօդաչու մարդասպաններին համաքայլ զարգանում է նաև բժշկությունը ու բացում կիսատ մնացած երազանքի արահետները։ Շատ էլ թե կեսդ չկա, միշտ էլ հեռավոր Վիեննայից մի եռանդուն աղջիկ քեզ կգտնի ու փրկված կեսիդ կառչած՝ կտանի քո երազի հետևից։ 

Թե Կարոն ինչ էր մտածել, երբ ուշաթափության խոր թմբիրից բացել էր աչքերը, միայն ինքը գիտի։ Հավանաբար մտաբերել էր այն չարչրկված վարկածը, թե նուռը երեք հարյուր վաթսունհինգ հատիկ ունի, ճիշտ՝ տարվա օրերի չափ։ Նույնիսկ, ասում էին նահանջ տարիներին՝ երեք հարյուր վաթսունվեց։ Իսկ որ նահանջ տարի էր, ոչ ոք չէր կասկածում այլևս, հատիկները հաշվելու կարիք էլ չկար․ երեք հարյուր վաթսունվեցից հանում ես քառասունչորս ու ամեն ինչ պարզ է դառնում։ Այլապես իր նռան այգու կեսը չէր դառնա թշնամու բաժին, այլապես այսօր այգու միջով փշալար չէր անցնի։ Ճիշտ նույն մողեսի փրկօղակի պես՝ հաշվենք՝ սև սրտին մխիթարանք։ Երբ մի քանի հատիկ փչանում էր, թեկուզ քառասունչորսը, մնացածը հո առո՞ղջ էին մնում, նուռն էլ նուռ էր մնում՝ իր արքայական շքեղ հմայքով։ Գինի էլ կքամես, հյութ էլ, տո նաշառաբ էլ։ Մեկ-մեկ էլ երազում կդնես թշնամու գլխին ու նշան կբռնես, բայց մինչ փամփուշտը թե նետը հասնի թիրախին՝ լեղապատառ վեր կթռնես։ Հետո կհիշես, որ ոչ փամփուշտ էր, ոչ էլ նետ, այլ պարզապես մի քարի կտոր։ Ավելի լավ է՝ արի երազը ջրին պատմի ու գնա չափչփի Վիեննայի կայսերական փողոցները, հարյուր կիլոգրամանոց սայլակիդ կոճակը հավուր պատշաճի հուպ տուր՝ տո է՛լ մետրո, է՛լ ավտոբուս ու տրամվայ, է՛լ հեծանիվի գիծ, ինչ ուզում ես՝ արա, իսկական դրախտ քո պես օդաչուի համար, քիչ է մնում թևերը բացի ու թռչի երկինք։ Մեկ-մեկ էլ հանգիստ թող կայսերական պալատները ու քաշվի մի գողտրիկ անկյուն՝ բլոտ խաղալու։ Թքած թե նահանջ տարի չէր, դու ու թղթախաղի զուգընկերդ՝ Արամը, թշնամուն չորս ոտք բաշխած անպարտելի մի թիմ, կես խոսքից իրար կհասկանաք։ Միայն խաչը չեք սիրի առանձնապես, կարծես չկա էլ, ավելի լավ է՝ աղյուս, սիրտ  կամ նույնիսկ ագռավ։ Եվ այսպես, ագռավը՝ ութ, որպես խաղի սկիզբ, կհավատան թե չէ՝ էական չէ։

Մինչ Արամն ու Կարոն մտածելու բան ունեին, Գևորգը չէր էլ հասցրել մտածել։ Երբ խոր ուշաթափության թմբիրից բացել էր աչքերը ու փորձել շոշափել ինչը կա, ինչը չկա, հասկացել էր, որ հենց աջը չկա, ու ստիպված էր եղել դիմելու ձախի օգնությանը։ Փառք Աստծու, ձախով շոշափել ու գտել էր մնացած ամեն ինչը։ Աջը թողել էր որպես փրկագին, ու գյուղը փրկվել էր։ Ի՛ր գյուղը։ Ինքը գյուղապետ, իբր հրամանատար, մնացած բոլորը՝ շարքային զինվոր։ Հիմա ձախ ձեռքով էր պահում քարտերը, մտածում, որոշում, տրցակը դնում սեղանին և ընտրում անհրաժեշտ խաղաքարտը։ Այնպես վարժ ու բնական էր ստացվում, կարծես թե աջը նույնիսկ ավելորդ էր, բնության ընծայած շռայլություն։ Հիմա բժիշկներն իրեն արհեստական աջ կնվիրեն, բայց միայն հավասարակշռությունը պահելու ու անդունդ չգլորվելու համար, նույնիսկ ինքնաձիգի ձգանը չի կարող քաշել։ Միայն կիսատ մնացած մանկապարտեզի շինարարությունը հանգիստ չի տալիս, տանջում է խիղճը ու վայրկյան առաջ ուզում է ավարտել այս անիմաստ խաղն ու գնալ գործը շարունակելու, հենց թշնամու քթի տակ դուռլուսամուտ դնելու, իբր՝ թքած ունենք մեր երեխեքին ուղղված ինքնաձիգի փողերի վրա։ Միայն թե կարողանար գործը գլուխ բերել։ Չգիտենք, ճի՞շտ է, թե՞ սխալ, փոքր ժամանակ ասում էին՝ եթե ծիածանի տակով անցնես, մտքիդ դրածը կկատարվի։ Եթե անձրևից հետո արևը ճառագի ու ինքն էլ անցնի գունավոր կամարի տակով՝ պարտեզը կծաղկի ի տես անողոք աշխարհի։ Գևորգը մտքում ժպտացել էր ու որոշել մի օր նորից ծնվել։

 Վիեննայի բարեգութ աղջիկը Գևորգի համար բլոտի զուգընկեր էր ընտրել Հարութին։ Այլ էր եղել Հարութի բանը։ Հարութենց վաշտը հետմահու արժանացել էր հերոսի կոչման։ Այսինքն վաշտը՝ հարյուր հոգին մեկ մարդու պես, բացի Հարութից։ Մի կողմից, եթե վաշտն է պարգևատրվել, ինքն էլ այդ վաշտից էր, մյուս կողմից՝ կարծես թե չի մեռել, հետևաբար՝ հետմահու չի կարող պարգևատրված լինել։  Հարութը թեև կա, ինչպես հասկացաք, բոլոր մարմնամասերը տեղում են, հումորի զգացումը՝ թող ու փախի, բայց մի բան այն չէ, ինչ-որ բան, այնուամենայնիվ, չկա։ Հարութը քայլում է ինքնաբերաբար, սակայն ասես չի քայլում, սահում է։ Ասես թե մոլորվել է, չէ՞ որ հետմահու հերոսի կոչում ստացած վաշտի գնդացրորդն է, իսկ վաշտը հիմա երկնքում է, ու գնդացրի կամ գնդացրորդի կարիք բնավ չունի։ Երբ Հարութը ուշաթափության խոր թմբիրից բացել է աչքերը, հասկացել է, որ հարյուրից հանած մեկ հավասար է իննսունինի։ Չգիտենք, ճիշտ է, թե սխալ, փոքր ժամանակ ասում էին՝ երբ չղջիկի արյունը քսում ես աչքերիդ՝ մարդիկ մերկ են երևում։ Մերկ կամ էլ մեռած։ Այդ պահին Հարութը որոշել է ռեժիսոր դառնալ ու մի ֆիլմ նկարել այն մասին, թե ինչպես է աչքին չղջիկի արյուն քսած մի մարդ պատերազմի ժամանակ մոլորվում ու չի կարողանում զանազանել թշնամուն յուրայինից։ Աջուձախ բոլորը մերկ են լինում, մերկ ու միանման։ Վերնագիրն էլ «Մերկ ու միանման աշխարհ» կդնի։   

***

Ինչպես հասկացաք, այստեղ ոչ մի բան չի փրկի։ Այնպես եմ խճճել գործարքը, խեղճ բարեգործը կարկամել է։ Աղջիկը շփոթվել է, իբր` մենք այդպես չէինք պայմանավորվել։ Իբր՝ մի պուտ ջուր էի ուզում ցանել նրանց ջրաղացին, փոխարենը համը հանեցի, հոնքը սարքելու տեղը՝ աչքը հանեցի։ Ու որպեսզի խաղաղ բաժանվենք ու շահառուի պատմուճանի մեջ ոչ մի կերպ չխցկվող մեր տղերքին նորից ծվեն-ծվեն չանենք,  արի բարի ճանապարհ մաղթեմ բարեգործին, երախտագիտություն հայտնեմ եռանդուն աղջկան, ու վերցնեմ հեքիաթասացի կախարդական փայտիկը։ Փորձեմ այնպիսի պատմություն հունցել, որ թե/ բարեգործի դավաբանական հարցերի պատասխանը գտնեմ, թե՛ հագուրդ տամ աղջկա գթասիրտ պահանջմունքներին։ Ու այնժամ, երբ տղերքը ուշաթափության խոր թմբիրից միաժամանակ բացեն աչքերը, երազը անպայման կատարվի։ Հարութից խլեմ ռեժիսոր դառնալու երազանքը ու սավառնեմ արվեստի կախարդական երկնակամարում։

         Տարիներն անպայման անցնելու են, որովհետև ժամանակը որքան էլ համբերատար, չի կարող կանգ առնել, պետք է հոսի։ Ուզենք, թե չուզենք՝ կիսատ մնացած երազանքի արահետները բացվելու են։ Անձավում մթան մեջ սպասող մողեսի պոչը, հավատանք թե չհավատանք, մի օր աճելու է ու կրկին լույս աշխարհ մղելու նրան։  Այսուհետ բոլոր տարիները երեք հարյուր վաթսունհինգ օր են ունենալու, նահանջ տարի այլևս չի լինելու։ Կարոյի նռան այգին այլևս փշալար չի ունենալու։  Թշնամու գլխին էլ դրված նուռ չի լինելու՝ ո՛չ երազում, ո՛չ իրականում։ Քաղցրությունից ճաքած նռների բոլոր երեք հարյուր վաթսունհինգ հատիկները մեկիկ-մեկիկ առողջանալու են, կուզես հյութ քամիր, կուզես՝ գինի կամ  նույնիսկ` նաշառաբ։

Հարութը  աչքերին չղջիկի արյուն չի քսելու, թող մարդիկ մերկ ու միանման չլինեն։ Վաշտի իննսունինը տղերքը կինոնկարի գլխավոր դերակատարներն են լինելու, աննշան դրվագներ չեն էլ լինելու։ Գլխավոր մրցանակն էլ, անտարակույս, շնորհվելու է Արամին։ Նա հպարտորեն մրցանակը պահելու է գլխավերևում ու ասելու, որ նվիրում է երկնքում մնացած ընկերներին։

Գևորգը անցնելու է ծիածանի տակով, ու աչքի առաջ հառնելու է հրաշագեղ մանկապարտեզը, ինչպես ամերիկյան տանկը հառնեց վեցամյա տղայի առաջ` հանճարեղ իտալացու «Կյանքը հրաշալի է» գլուխգործոցում։ Նորակերտ պարտեզում վազվզելու են մեր երեխաները ու ճիչ ու աղաղակով հեղեղելու կինոնկարի խաղացկուն դրվագները, այնպես են հեղեղելու, որ նրանց զրնգուն ձայնը կոտրելու է էկրանի անտեսանելի պատնեշը ու գնալու-գնալու՝ յոթ սարերի ու յոթ մարգագետինների միջով հասնելու է աշխարհի զմռսված ունկերին։

Որքան էլ Հարութը նեղանա, կինոնկարը անվանելու ենք «Ոչ մի նահանջ տարի»: Տղերքը անպայման բլոտ են խաղալու ու անընդհատ խաչին ապավինեն․ ոչ մի աղյուս, սիրտ, առավել ևս` ագռավ։ Ու ամենավերջում անպայման, լսու՞մ եք՝ անպայման, սատանան մի մութ անկյունում կծկված հոնգուր֊-հոնգուր լաց է լինելու։


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով