Էդվարդ Միլիտոնյան, Պատմվածք

Ինչպես էր մայրս կարդում մարդկանց

Հայերս լավ արտահայտություններ շատ ունենք, դրանցից մի քանիսը վերաբերվում են մարդուն ընթերցելու արհեստին, այսպես՝ սիրտը կարդալ, հոգին կարդալ, միտքը կարդալ, այսինքն ամենակարևոր մարդու բնույթի էջերն ընթերցել, այո, չենք ասում՝ լյարդը, ոտքերը և այլ անդամները կարդալ։ Թումանյանը գրել է «Տիեզերքի ընթերցում» բանաստեղծությունը, մայրս չէր գրում, նա մարդուն ընթերցում, ընկալում, ավելի ճիշտ՝ պատճենահանում էր ներսն ու դուրսը միասնաբար՝ իր չափերով։ Եթե նայել կա տրված բոլորին՝ կենդանի թե մարդ, նաև բույս, ապա կա և նրանից բարձր՝ նկատելը, որի ժամանակ միտքը բզզում է փոքրագույն շարժիչի հանգույն և եզրակացնում կարծիք, ապա և կա ներքին աչքի ռենտգենային դիագնոստիկա, հոգենկար։ Վիլհելմ Ռենտգենը նախանձից գլուխը պատովը կտար։ Մայրս օժտված էր այդ բացառիկ շնորհով, պատահական չէ, որ նա նաև հեքիմ էր և անզեն աչքով, շոշափելով միայն զգում էր ոսկորների, մկանների, երակների ինչպիսությունը, իհարկե, ինքն իրեն չէր համարում լուրջ հեքիմ, ձեռի հետ օգնում էր սարիթաղցիներին։ Սա սովորել էր իր հորաքույրից, ավելացնելով ներքին աչքի կարողությունը։ Նա ակնածանքով պատմում էր, որ իր կաղ, բազմաշնորհ հորաքույրը Կեչառիսի եկեղեցում հանկարծ թևեր է առել, թռել ու արձանիկի պես կպել է բարձր անկյունում, հետո բաց գմբեթից վեր է հառնել ու չքացել այլևս։

Մայրս այնպես էր պատմում, որ չհավատալը շանորդություն կլիներ։

Ում տեսներ կամ հիշեր՝ կարող էր խոսել նրա նման, նրա շարժումները, միմիկան, քայլվածքը ընդօրինակելով կինոյի պես դնել մարդու դեմ և այդ շրջապատն էլ ծիծաղից թալկանում, արտասվում և մերթընդմերթ հազիվ հոդաբաշխ ամենալավ գովքն էին արտաբերում.

– Վայ չմեռնես դու, Հայկո։

Մայրս էլ նրանց ցանկության համաձայն երկար ապրեց՝ 84 տարի, և այդ ընթացքում նրա ոչ այնքան թեթև, նույնիսկ կարելի է ասել՝ ծանր բնույթը կատակաողբերգական փոքրիկ շարժանկարներ էր պարգևում հիմնականում հարազատներին։ Այս հարազատներն էլ հավաքվում էին տարբեր կարևոր առիթներով՝ հարսանիք, թաղում…

Ունեի յոթ մորաքույր և մի քեռի՝ բանաստեղծ, որին կյանքը խարազանեց համաշխարհային 2-րդ պատերազմով, գերմանական կոնցլագերային գերությամբ, ապա՝ պարտիզանական շարժումով և, երբ Բեռլինից վերադարձել է որպես հաղթանակած զինվոր, երկու ամիս անց կանչել են նրան (ասում էին՝ համագյուղացի մի լրագրող է մատնագիր գրել), գցել ոստիկանության նկուղները և… Երևանի հայտնի Գետառի ջրհեղեղից խեղդվողների մեջ չի եղել նրա անունը, համագյուղացի մի բանտապահ բացել է նկուղի դուռն ու ծնկներին հասած ջրերից ազատել Երջանիկին։ Նրա անունն ու կյանքը մարտնչել են իրար դեմ, հաղթել էր քեռիս և ի պատիվ նրա պիտի ասեմ՝ նա ոչ մի դառը բանաստեղծություն չգրեց իր կյանքի չարաղետ դեպքերից, հոգու տվայտանքներից։ Զարմանալի ժպիտ ուներ, անգամ ցավալի բան պատմելիս հայտնվում էր փայլփլուն մեղվի թևերով ու չէր խայթում։

Մայրս միշտ պատմում էր նրա մասին և իմ մանկական մտքի մեջ քեռիս արցունքի կաթիլի էր նմանվում, դեմքը չէի տեսել, մայրս էլ չէր նկարագրում, շեշտում էր միայն նրա տանջանքը և տասը տարի Կարագանդայում աքսորական լինելը, հառաչելով՝ «ախ, ախպեր ջան»։ Եվ 1955 թվից մի քանի ամիս անց մի պայծառ ամառային օր բացվեց մեր դարպասի դուռը, և մայրս ճչաց՝ Երջո՜։ Փաթաթվեցին ու լաց եղան։

Երբեք մայրս տնազ չարեց եղբորը, իսկ ահա յոթ քույրերը, երբ միասին էին լինում, խնդրում, պաղատում էին՝ Հայկո, մի հատ Սաթոյին…

Մայրս, իհարկե, իր հարգը իմացող արտիստի պես չեմուչում էր անում, բայց ահա նա չդիմացավ ու Սաթոյի հոգեհացի ժամանակ… Մորաքրոջս տան սենյակները լցված էին վշտակիցներով, մենք նստած էինք ննջասենյակներից մեկում, հանկարծ քույրերից փոքրը՝ Ռոզան, որին բոլոր քույրերը մայրաբար էին սիրում, քանզի ամենագեղեցիկն ու անսպասելի ուրախ էր… Ճիշտ է, հանգուցյալ Սաթենիկն էլ մշտապես անհասկանալի ժպիտ ուներ դեմքին կպած, պաղպաղակ էր վաճառել մի փոքրիկ հովանոցի տակ, ամուսնու՝ Լիպարիտի, ձեթօճառի գործարանից բերած կոնֆետն ու սուրճն էր հրամցրել հարևաններին և վերջում նայել նրանց բաժակները։ Հիշում եմ, մի օր գրող ընկերս պատմեց մի կնոջ մասին, որ շենքում նոր ստացած բնակարանի հարևանուհի է ու ամեն օր տանը հավաքում է նույնիսկ դեռ չճանաչած հարևաններին (նույնը արել է Անկախ մայլա կոչված թաղի կիսանկուղ տանը, որից մի օր սրճախումներին դուրս է քշել մայրս) ու նայում նրանց բաժակները և այնքան ճիշտ բաներ է ասում, որ…

– Անունը Սաթիկ է,– կտրեցի նրա խոսքը։

– Հա, ի՞նչ իմացար,– զարմացավ Վահեն։

– Իմ մորաքույրն է, տղեն էլ՝ հայտնի բռնցքամարտիկ Մերուժը,– մանրամասնեցի։

– Հա, էլի,– ժպտաց Վահեն։

Ուրեմն իմ մորքուր Սաթիկը, որ քույրերից ջոկվում էր գնչուհու նմանվելով, պաղպաղակի պես հալվելով մարդկանց համար ու սրճի պես տաքանալով, փրփրելով ու թափվելով, նաև ծխելով, որն այն ժամանակներում մեծ համարձակություն էր՝ ի՞նչ անեմ, քուրս (մորս դեմ արդարանում էր) դարդս շատ է, Պավլուշս էլի բռնվել է։

Սիրելի ընթերցող, չեմ մոռացել այն, որ մորաքույր Սաթիկի հոգեհացին փոքր մորքուրս՝ Ռոզան, դիմեց մորս.

– Հայկո, էս օրով, որ դու Սաթիկին…

Մայրս քրթ կտրեց.

– Ամոթ է, այ Ռոզ, հո ցուցք չենք։

– Բա ի՞նչ ենք,– իրեն հատուկ հեգնանքով ասաց Ռոզան և ավելացրեց.– Սաթիկին հիշենք հա՛մ լացենք, հա՛մ խնդանք, մեր քուրը արժանի էր։

Մայրս լռեց։ Կողքից էլ Վասո մորաքույրը խնդրեց, որին էլ մայրս ձաղկում էր ծխելու համար՝ Սաթոյից լավ բան սովորեիր։

– Ունի՞ որ,– պատասխանում էր Վասուն։

Իսկ մորաքույր Նազիկը, մեջներից լուրջ, կրթվածի համարում ունեցողը շեշտեց.

– Հայկո ջան, է, ե՞րբ ըսենց կհավաքվենք, հերթով գնում ենք, համարիր Սաթոն է խնդրում։

Մայրս փափկեց։

– Դե մի պապիլոզ տվեք,– այդպես էր պապիրոսին ասում Սաթոն, որը թլիկ էր։

Պապիրոսը պահեց մատների արանքում, հետո իբր մի կուշտ քաշեց, ծուխ արձակեց ու թլվատ-թլվատ խոսեց, թե ինչպես է  Մլոժը (տղա Մերուժանին այդպես էր կոչում) ընկերոջ հետ գալիս բոքսի դպրոցից ու պաղպաղակների վաճառքի թեյավճարը տանում, ախր բոքսոլը պտի լավ սնվի։

Ծիծաղի թույլ ալիքը ստիպեց մորս հրամայելու՝ դուռը փակեք, ցուցանք չենք, ապա շարունակեց սրճախմությունների, ճակատագրեր գուշակելու, Պավլուշի (փոքր տղան) միամիտ բանտ ընկնելու, նրա տարիքով կնիկների հետ կապվելու և մի տղա ունենալու պատմությունը, այդ տղան էլ մեծացավ, պաշտոնյա դարձավ ու հորը քիչ էր տեսել, «չուլացավ, վելջին անգամ բելթ պելեդաչի է տալել, բա՜, Սուսանս էլ (աղջիկը) էն Լելինի քաղաք մարդու գնաց, էն գալն էլ, որ գնաց, բա էն Մլոժի տղեն, ասում ա՝ տատի, դու Կաշպիլովսկին ես, ալի տունը օֆիս բացենք, դու էլ բախտ բացի, այ տղա Գալիկ, ախլ ես ծել կնիկ եմ»…

Այստեղ հոգեհացի սույն սենյակի մասնակիցներ-հարազատները հա՛մ տխրեցին, հա՛մ խնդացին բարձր, նախկին պատմությունների ժամանակ ոչ շատ բարձր էին ծիծաղում, վերջին պատմությունը առանձնապես ծիծաղելի չէր, սակայն, երբ կուտակվեց կիսաձայն խնդալու լիցքը, տրաքեց։

Մայրս «պապիլոզը» պիտի նորից քաշեր, երբ դուռը բացվեց ու հետաքրքրասեր վշտակիցներից մոտիկ, հարազատ տղերքը ներս մտան։

Մայրս նրանց խնդրանքը գետնով չտվեց, հիշեց Սաթոյի մանր-մունր պատմությունները, վեր կացավ ու նրա պես կռվկվեց, կոլոտ ձևացավ ու բադի ճտի պես մանր-մունր քայլեց սեղանի ու պատի նեղ արանքով։ Ծիծաղը թնդացավ, երբ մայրս Սաթոյի կողմից հիշատակեց իրենց ավագ քրոջ՝ Վարդուշի աշխարհից ոչինչ չհասկացած, միայն մարդկանց անվերջ ծառայող խոսքը՝ Սաթոյի պատմածով, թե՝ Սաթո ջան, քուլ ջան, մել ելեխեքին դել ջոկում եմ, իսկ թոռներին, գետինը մտնեմ, խառնում եմ, բոլոլին գյադա եմ ասում, ապա Սաթոյի կողմից հիշատակեց Սիրուշ՝ երկրորդ քրոջը, որի տղան անվանի հեղինակություն էր Երևանում ու երբ հարկ էր եղել տատիկիս ուղեկցել Կարագանդա՝ քեռուս տեսնելու, նրա թեկնածությունն էին առաջարկել, և նա Ռուսաստանի խորքերում, աչքաբաց տղա, թռցրել է տատու փողի մի մասն ու անհետացել։ Սաթոն ասել է՝ վայ, Միշիկը ելևի սիլահալվել է մի աղջկա, խեղճ տղա։

Մայրս տնքաց, մեջքը բռնեց, հազիվ նստեց, որ էլ չշարունակի, «պապիլոզը» դրեց բաժակի կողքը, բայց հիշեց Թամար քրոջ մասին Սաթոյի խոսքը՝ Թամալս բախտավոլ էր, մարդուն բռնեցին Ծաղկաձոլի գելեզմանում կալտ խաղալուց ու նստեց ութ տալի, մյուսներին ինը տվին։

Թամարը շալը քաշեց երեսին, որ մանր ծիծաղը չտեսնեն ու մրմնջաց՝ ախչի Հայկո, հիմա դու Սաթո՞ն ես, թե՞ Հայկոն։

Խնդացին ու խմեցին մեռած քույրերի, հետո առանձին քեռի Երջանիկի հիշատակի կենացը։

Ահա թլվատ խոսքը, քայլքը, դեմքի խեղճ բարությունը, տվածուրիկ բախտագուշակությունը միախառն սենյակ բերեցին ողջ-առողջ Սաթոյի սիրելի կերպարը և հոգեհացի մյուս մասնակիցները՝ հարևաններ, հեռու բարեկամներ, չհասկացան, թե ինչու են հա՛մ խնդում, հա՛մ ցավագին լալիս։

Մայրս նստեց, «պապիլոզը» տվեց Վասոյին ու քրթմնջաց.

– Ախչի, քիչ ծխի, հազդ Սաթոն կլսի, մի հատ պապիլոզ կուզի։

Առանց լացի խնդացին մոտիկ նստածները։ Վասոն, որ լատինամերիկացու վեպի հերոսուհու նմանություն ուներ և լավ նարդի էր խաղում, ամեն ցավ ու դառնության դեմ չընկրկող էպիկ, պարզ կնոջ խոսքով պատասխանեց.

– Քեզնից փոքր եմ, բայց կուզեմ մեռնեմ, դու ինձ էս պապիլոզով տնազ անես։

Շենքի 12-րդ հարկի բոլոր պատուհանները շրխկացին Արագած լեռան ձնե գագաթներից փախած ուժգին քամուց։

Հոգեհացը սթափվեց, պատուհանների բացուխուփ եղող ջղագար փեղկերի դեմ առարկա, գիրք, ծանր բաներ դրեցին և մի ընտանի բարակ տխրություն իջավ իր կյանքն ապրած, ի հող իջած կնոջ առաջին ժամերի վրա։

Մարդիկ պատմություն դառնալու մարմաջ ունեն իրենց փոքրիկ սրտի խորքում, մի նուրբ, մի հասարակ ցանկություն՝ հիշվեն թեկուզ սովորական դիպվածներով, թեկուզ ծիծաղելի թվացող դեպքերով, նույնիսկ շատ պարզունակ խոսքերով հիշվեն, սա մեզ բոլորիս քամու պես է պետք, որ հիշողությունից առժամանակ ջնջի մահը, սուգը, վիշտը, հանապազօրյա հոգսն ու ցավը։

Եվ շատ ցանկալի է նա, ով կկարդա մարդուն որպես բաց էջ։

Երբ մայրս, որ ապրեց 84 տարի, մահացավ, նրա հոգեհացին քույրերից երեքը կային, եղբայրն արդեն ցավերին չդիմանալով թռել էր շենքի վեցերորդ հարկից և վերջնականապես լուծել իր անվան հետ պայքարը, կարճ ասած՝ եղբայրը չկար, կային տղաների ընկերները, հարազատներ, հարևաններ, անծանոթներ և ոմանց համար անսպասելի, իսկ հարազատների համար խիստ սպասելի հոգեհացի արարողությունն անցավ սգո լուրջ կենացների և տեղատարափ ծիծաղի մթնոլորտում, դա կտակել էր մայրս՝ իր նման կատակաողբերգական տոնայնությամբ և մարդկանց կյանքը կարդալու երբևե չգնահատված շնորհով։

Ողորմի ձեզ, հարազատ մարդիկ, հազար ողորմի ձեզ, իմ յոթ մորաքույրեր և մի քեռի, Ձեզ ասեմ, այդ նույն ժամերին հայտնվում է Արագածի ձնե գագաթներից փախած, սպիտակ նժույգ հեծած հազարամյա վրնջացող քամին։    

Մանոն ու նրա օրերը

Այս Մանոն մի կին է, որի մասին գրել եմ երկու պատմվածք և մի բանաստեղծություն։ Երբ առաջին անգամ կարդացի իր մասին պատմվածքը, չհասկացավ՝ նեղանա՞, թե՞ խնդա, տխրի՞, թե՞ բողոքի իրեն ձեռ առնելու համար։ Խառը վիճակը պարզաջրեց գրող մորաքույրը, նա շատ խորքից էր ճանաչում Մանոյին և վճռական ասաց.

– Մանո, այս պատմվածքը կթարգմանվի աշխարհի բոլոր լեզուներով, և կճանաչեն, թե Երևանում ինչ խղճով, գեղեցիկ, բարի կին է ապրում։

– Հա՞,– թերահավատ հարցրեց Մանոն։

– Հաստատ,– լուրջ ասաց մորաքույրը, որ  Մանոյից մեծ էր երեք տարով, այսինքն՝ քրոջ պես էին։

Մանոն ժպտաց, հետո խնդալով ասաց.

– Ախար ես ո՞նց հասկանամ, էնպիսի բաներ է գրել, որ կարդացողը կկարծի գիժ եմ, է, հա, խղճում եմ մարդկանց, ճիշտ ա, հեքիմություն էլ եմ արել, բա չանեի՞, թողնեի էն Դուրմիշ ձյաձյան մեռնե՞ր, առանց էդ էլ մեռավ, հետո, ես չէի պատճառը։

Այո՛, մեր Մանոյի կյանքի տարիները տարբեր բնույթի են՝ հայ կնոջ խոհարարական բոլոր հմտությունների տիրապետող է, դրան գումարած հեռուստատեսության տարատեսակ հաղորդումներից թռցրած գիտելիքներ՝ բժշկության, գուշակության, ճամփորդական ուսանելի խորհուրդներ, եղանակի տեսության միջոցով սովորած նրբություններ, հատկապես երբ ասում են Սև ծովից սառը ցիկլոն է սպասվում, ամուսնուն ստիպում է տնից դուրս գալիս հագնել տաք, իսկ երբ Արաբական թերակղզուց շոգ է սպասվում՝ ամուսնուն խորհուրդ է տալիս արևի տակ գլխարկ դնել։ Էն սիրուն, եղանակի տեսության վարող աղջկան՝ Ծովեր կոչված, ճանաչում է Մանոն, մի  օր մոր հետ եկել էին իրենց տուն՝ արծաթե վզնոց պատվիրելու ամուսնուն՝ Վաչիկին։ Մանոն հարևաններին չէր ասել, բայց քրոջն ու մորաքրոջը տեղեկացրել էր, թե այնքան էլ գեղեցիկ չէր, ո՞նց են քսմսում, կուկլա սարքում, և ուրախությանը չափ չկար՝ տղերքը տանը չեն եղել, արտասահմանում էին արդեն, թե չէ մեկ էլ աչքները կպներ ու…

Տարբեր ժամանակներում նրա հուզաշխարհում շեշտվում են որոշակի բնավորության գծեր, վերում արդեն հիշատակեցինք խղճի սրված հոգեվիճակը, աշխարհում որտեղ, ինչ տխուր բան պատահեր, Մանոն  մի երկու կաթիլ արցունք էր ուղարկում այդ ուղղությամբ, խղճում էր Աֆրիկայի գազաններին՝ որսորդի զոհ, սնանկացած միլիոնատերերին, ամուսնալուծված Հոլիվուդյան դերասաններին, էլ չեմ ասում՝ աղետից տուժածներին, իրենց շենքի հիվանդներին, որոնց մեկ-մեկ իր թխած փքաբլիթներից էր տանում։

Այսպես կշարունակվեր, եթե մի գեղեցիկ օր, երբ Մանոն քիչ էր մնում արտասվի, տեսնելով Մերիլին Մոնրոյին նվիրված հաղորդումը, լսելով նրա մահվան մինչ այժմ չբացահայտված առեղծվածի մասին, զգալով Մանոյի փխրուն վիճակը, մորաքույրը բշտեց.

– Ա՛յ աղչի, ինքը պրեզիդենտ ու սենատոր չի թողել, հետները չաշկա-լոշկա է արել, դու նրա համար լաց լինե՞ս։

Մանոն սթափվեց։

– Ո՞նց, ուրեմն ման եկող է եղե՞լ, չգիտեի, Անուշ ջան։

– Հա, Մանո ջան, մեղք չուներ, շատ գեղեցիկ էր, հրաշք էր, որ դու էլ տղամարդ լինեիր, կսիրահարվեիր, ես շատ եմ սիրում նրա ֆիլմերը, քիչ մնաց հուզվեմ։

– Բա, տեսա՞ր, չես թողնում տխրեմ,– արդարացավ Մանոն։

– Իմացիր, Մանո ջան, շատ և շուտ հուզվելը, ավելորդ խղճահարությունը հիվանդություն են, ավելի լավ է երեխեքիդ, Վաչիկին ու քեզ խղճաս ու էլ… չխղճաս։ Որոշ էգոիզմը չի խանգարի առողջությանը։ Հիշո՞ւմ ես, Քրիստոսն ասում էր՝ քո ծառը ջրի։

Մանոն ժպտաց.

– Ո՞ւր է ծառ, շենքում հազիվ ծաղիկ եմ պահում։

– Դա էլ է խղճի գործ, ու Աստված նայում է վերից։

– Ասսուն փառք, գոհ եմ նրանից՝ մենք լավ ենք, ոչինչ, թող մյուսներն էլ ապրեն,– ու գնաց սուրճ եփելու, ճամփին մտածելով, թե ի՞նչ բան է խղճի հիվանդությունը։

Հավատացեք, քիչ-քիչ փոխվեց բնավորության հուզական դաշտի խղճահարության մասը դեպի նեղացկոտության հովիտ։

Նրա բնույթի մեջ փոքրուց կար փոքր բաներից նեղանալու գիծ, տարիների հետ մերթ նահանջում էր, տեղը զիջելով մեզ արդեն ծանոթ այլ հուզմունքի, հետաքրքրասիրության, առտնին հոգսերի շարքի և աշխարհի անցուդարձերի հեռուստատեսային տարափի։

Նա դարձել էր համաշխարհային բախտի անիվի պտույտներին հետևող նախանձախնդիր մայր, նրա զավակներից փոքրը՝ Հայկը, գնաց Ֆրանսիա, ամուսնացավ հայ աղջկա հետ և հիմա երեք աղջիկ ունի, ավագ որդին սոցցանցում կապվել էր իրենց դասարանցի Սարինային, հիշել էին, որ իրար սիրահարված են եղել ցածր դասարաններում, և նա էլ՝ Արթուրը, թռավ Բելգիա և ամուսնացավ մանկության սիրո առարկայի հետ, մի տղա ու մի աղջիկ ունեն։ Հիմա ասեք, եթե Մանոն չհետևի աշխարհի բախտի անիվին, ո՞վ հետևի։

Ճշմարիտ է նա, սակայն ինչո՞ւ է այդքան արագ նեղանում, երբ սկայպով խոսում է Հայկի փոքր աղջկա հետ և նա հայերենին խառնած ֆրանսերենով բլբլում է կամ էլ թողնում է տատուն ու գնում մյուս սենյակ, տատը մնում է սպասող, նեղանա՞, թե՞ չնեղանա։

Մանոն այդ պահերին հիշում է լավ բան, որ պարապը լցնի և չանջատի սկայպը, օրինակ, Բրյուսելում վերցրել է Արթուրի աղջկան, ու գնացել են ման գալու, նայել են աջ-ձախ ու կորել։ Մանոն ո՛չ ֆլամանդերեն, ո՛չ ֆրանսերեն, ո՛չ էլ անգլերեն գիտի, իմացած-չիմացածը մի կիսատ հայերեն է, ու թոռնուհու ձեռքը պինդ սեղմել է, իբր հանկարծ գլխի չընկնի, որ կորել են։ Որ ճիշտն ասենք, թոռնուհին նրան քաշում էր խանութի ցուցափեղկի կողմ, որտեղից ձեռքով էր անում գեղեցիկ տիկնիկը։

– Առ, տատի,– հրամայում էր նա։

– Ա՛յ բալիկ, հիմա մոտս փող չկա, վաղը կառնեմ,–  պատասխանում է նեղսրտած Մանոն։

– Չէ, հիմա,– ոտքը գետնին զարկելով բղավում է թոռնուհին, – թե չէ տուն չեմ գա։

– Դու գիտե՞ս, ո՞ր փողոցում է ձեր տունը։

– Հա,– ու ասում է.– Վերհարն։

Մանոն վախվորած նայում է դես-դեն, մտածում է ո՞նց, ո՞ր լեզվով հարցնի՝ հայերեն, ռուսերեն, թե ուղղակի «Վերհարն» ասի ու մեկ էլ հիշեց անգլերեն փողոց բառը՝ սթրիթ, ու քիչ էր մնում տեղում ուրախությունից դոփի։ Դիմացից եկող տիկնոջը իր իմացած՝ բոնժուղ-ն ասաց, կինը ժպտաց, և Մանոն հարցական ժպիտով բլբլաց՝ սթրիթ Վերհարն։

Կինը լայն ժպտաց, ըմբռնեց Մանոյի խնդրանքը ու ցուցամատով մանրամասն օդի մեջ նկարեց և, իհարկե, բառեր էլ ասաց, որոնք թոռնուհուն մասամբ հասկանալի էին, իսկ Մանոյին բացարձակապես՝ ոչ։

Թոռնուհին հարցրեց.

– Տատի, տունն ես կորցրե՞լ, արի տանեմ։

Ու տարավ։

Մանոն քիչ էր մնում գետինը մտնի, ինչո՞ւ երեխուն չէր հարցրել, ախար էս թաղում մշտապես ման են գալիս, երեխեն էլ փոքր չէ, 5 տարեկան։

Մանոն նեղացավ ինքն իրենից, որ էսքան անֆայմ է, որ թոռնուհուն ծծկերի տեղ է դրել, ու վախից սիրտը դմբդմբում էր խանութի ցուցափեղկի մոտ։

Որոշեց առանց հեռախոսի փողոց չգնալ։

Մյուս օրը թոռնուհու հետ գնեցին այն տիկնիկը։

Իհարկե, Արթուրին չասաց, որ կորել են։

Մանոն տնեցիքից չէր նեղանում, հիմնականում՝ Ֆրանսիայի, Հայաստանի, Ամերիկայի և էլի մի շարք երկրների դեպքերն էին ստիպում նեղանալ, ասենք՝ ինչո՞ւ են Փարիզում դեղին ժիլետավորները այրում մեքենաներ, փշրում ցուցափեղկեր, ոստիկան ու ցուցարար ծեծում միմյանց։ Նեղանում էր Ֆրանսիայի վարչապետ Մակրոնի փոխարեն, որ չեն լսում ղեկավարի խոսքը, և այդպես որ շարունակվի դա, կհասնի անախորժությունը Պո քաղաք, ուր Հայկն է բնակվում։

Իր հոգում նեղսրտում է, ախար հերն ու մերը շուտ մահացան, հայրը 58 տարեկանում, մայրը՝ 54, իսկ ահա մորաքույր Ֆլորը, գրող Անուշի մեծը, արդեն 78 տարեկան է ու մտածում է միայն իր մասին, երեք ամուսին է ունեցել, և իրենից հեռացել են՝ դեպի հողը։ Ո՛չ երեխա, ո՛չ բան, չգիտես ինչու՝ բոլոր հարազատներին ճնշում է իր դառը խոսքերով, իբր իրեն չեն զանգում, ինքն էլ ոչ մեկի չի զանգում, անգամ Անուշ քրոջը, որ հաճախակի է այցելում, նեղն ընկած տեղը հարցերն է լուծում, բշտում է երբեմն, հոգին պղտորում, այսքանից հետո մի օր որոշում է գնալ վարսավիրանոց՝ սիրունանալու, ոտքը դիպչում է վարսավիրի աթոռին ու ընկնում է։ Ոտքի կոտրվածք։ Մանոն հիշում է ո՜նց հասավ, արդեն հիվանդանոցում էր, Անուշը հասավ, ու փրկվեց նա, իսկ վարսավիրանոցի աթոռը ջարդվել էր, հայելին փշրվել, տիրուհին էլ ծախսեց բավականին՝ բժշկի ու բուժման վճարները մուծելով։ Էդքանից հետո տնաշենը՝ Ֆլորը, բողոքում է, թե չեք գալիս հետս նարդի խաղաք։ Ինքն է իր հետ խաղում ու հեռախոսով թնկթնկում է, թե՝ պարտվեց, ո՞ւմ, հարցնում է Մանոն, իրեն՝ պատասխանում է Ֆլորը, ո՞վ է այդ «իրենը», հարցնում է Մանոն, դե՝ ես, պատասխանում է Ֆլորը, դե արի ու մի՛ գժվի, առավել է նեղանում Մանոն։

Մի օր Բրյուսելի նշանավոր հրապարակից ավագ որդի Արթուրի հետ թեքվել էին աջ ու քիչ գնալուց հետո տեսավ արձանիկի դեմ խմբված մարդկանց։ Չիշիկ անող տղայի արձանն էր։ Տուրիստները ուրախ էին, Մանոն նեղացավ, փոխանակ գիշերանոթ դնեին դեմը, երեխեն չիշիկ չաներ փողոցում…

Արթուրն ասաց.

– Մամ ջան, սա Բրյուսելի նշանավոր վայրերից է։

– Բա որ երեխեն ուզի ակո անի, ի՞նչ կլինի,– հարցրեց Մանոն, հասկանալով, որ դա Արթուրի գործը չի։

– Է, թող անի, էստեղ դա ամոթ չի,– ժպտաց Արթուրը։

– Իա՜, մեծերն էլ ուզեն՝ կանե՞ն,– հարցրեց Մանոն։

– Դա կարող է ըստեղ արվեստ համարեն,– սրամտեց Արթուրը։

Մանոն չհասցրեց նեղանալ քաղաքի այդ վիճակից, հիշեց իր աղջկական օրերի երազանքը՝ դերասանուհի դառնալ, հիշեց հոպարին, որ արվեստի բնագավառի մեծավորներից էր և իրեն կարող էր հեշտորեն ընդունել թատերական և, ահա, ընկերուհու հետ՝ նա էլ էր երազում Հոլիվուդում խաղալ, գնացին հոպարի հիմնարկ։

Հոպարը օգնեց ընկերուհուն, ինչ է աչքին գեղեցկուհի էր թվացել, իսկ իրեն՝ ոչ։ Կտրվեց ոտանավոր արտասանելուց՝ «Ճպուռն ու մրջյունը»։ Տուն եկավ լացելով։ Դա կոտրեց սիրտը, նամանավանդ, որ իմացավ՝ ընկերուհին հոպարի հետ տարբեր տեղեր է գնում։ Ամոթից գետինը մտավ Մանոն։ Դա էն տարին էր, որ Մանոն երեխայաբար էր տեղի-անտեղի ամաչում։ Հատկապես իր ականջն էին հասցրել, թե չեն ընդունել, որովհետև բարձրահասակ չէ, երկարոտն չէ, սիրուն է, բայց կազմվածքը Սոֆի Լորենինը չէ։ Մանոն շատ նեղացավ, ու տարիներ շարունակ դա նստվածք թողեց նրա փխրուն հոգում։

Մանոն հիմա նեղանում է մեծավարի, երբ համաճարակ է աշխարհում, իսկ իր փոքր քույրը՝ 50-ն անց կին, չի զգուշանում, իրենց շենքում առանց դիմակի շփվում է հարևանուհիների հետ և հետո գալիս է իրենց տուն, ուզում է համբուրել։ Մանոն ջղայնանում է.

– Ա՛յ աղչի, դու չե՞ս հասկանում՝ Վաչիկը վախում է վիրուսից, 70 տարեկան է, դու էլ զգուշացիր, մարդդ էլ քեզնից վերան։

Քույրը, ասես ոչինչ չի եղել.

– Քուր ջան, Վերնիսաժում սաղ օրը շփվում եմ մարդկանց հետ, ձեռքիս սպիրտ եմ քսում, մի՛ վախեցեք։

– Աղչի Մարին, մորքուրդ էլ է քո խելքին՝ չենք վարակվի, ասում է ու դիմակը քթից ներքև իջեցնում, խելք չունեք… Վաչի՜կ,– գոռում է, բայց Վաչիկը շենքը լքել է՝ Մարինի վախից։

Մանոն նեղացավ Վաչիկից, պատշգամբից բղավեց.

– Վաչիկ, Վաչիկ, հիվանդ չի Մարինը։

Ներքևից գոռաց Վաչիկը.

– Ի՞նչ ես ձենդ գլուխդ գցել, գնում եմ սիգարետ առնելու։

Մանոյին չեն լսում հարազատները, հին հարևաններից շատերը գնացել են, ոմանք՝ մահացել։ Հեռախոսով խոսում է Ամերիկա, այսինքն՝ իրեն է ընկերուհին զանգում, ասում է, որ Թրամփը պատժելու է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, անդամավճար չեն տալու։ Մանոն նեղացավ ԱՄՆ-ի պրեզիդենտից, ի՞նչ է, մենակ ամերիկացիների՞ մասին է մտածում, աշխարհը՝ հեչ, բա փոքր երկրնե՞րը, փոքր ժողովուրդնե՞րը։ Մեծ ու փոքր ուրացել են՝ մտածում է Մանոն և դիմակը չի հանում խոհանոցից հյուրասենյակ գնալիս, խառնվել է իրար, չգիտի երբ հանի դիմակը, երբ դնի, ձեռնոցների հարցը լուծվեց՝ դրականը դա էր Մանոյի կարծիքով։

Առաջ լավ էր, գնում էին իրար տուն՝ ծնունդ, այցելության, հիմա բռնում են ոստիկանները, լավ են անում, թող բռնեն՝ իր համար մտածում է Մանոն, թե չէ անկարգությունը կուտի բոլորին։ Մանոյի նեղանալուն դեմ չէ մորաքույրը, սակայն նա փաղաքշանքով է խոսում Մանոյի հետ, հանկարծ մի բան չասի, որ նա նեղանա, ասենք… մտածեց, մտածեց ու ըմբռնեց, ինչ էլ ասի, կարող է Մանոն նեղանա։

Լավ բան է մտածել մորաքույրը, իր ՖԲ էջում Մանոյի թոռների նկարներից է դնում։ Սա անասելի ուրախացնում է Մանոյին, զանգում է մորքուրին, տո ի՞նչ մորքուր՝ քրոջը, և ասում.

– Տեսա՞ր ոնց էր մեծացել Մարկը։

Արթուրի տղան է բրյուսելցի Մարկը, չիշիկ անող տղայի տարիքի Մարկը, Մանոյի հինգ թոռներից միակ տղան։

Որոշել են կնունքը Երևանում անեն։

– Միայն թե Թրամփը, Մակրոնը, Փաշինյանը, Պուտինը իրար գումարվեն, հաղթեն կորոնավիրուսին,– այս է Մանոյի երազանքը։

Թե չէ կնեղանա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով