Մհեր Իսրայելյան, Պատմվածք

Բաբելոնի աշտարակ ըստ մարդամեկի

Արդեն թվում էր, թե մուսաս անհույս խռովել է ինձնից, երբ մայրաքաղաք Երևանի երկնքում պայթած կայծակի հետագիծը ուրվագծեց մեր ավետյաց երկրի իրական սահմանները՝ վերջապես հույսի մի շող սփռելով հուսահատ ժողովրդի ընկճված հոգիներին։

-Ասում էինք, չէ՞, կա ապագա,- բացականչեցին ոմանք՝ նրանք, որ ուսապարկ էին կրում։

-Բա որ ասում էինք այլընտրանք կա՞, չէիք հավատում,- ձայնակցեցին այլոք՝ նրանք, որ ուսապարկ չէին կրում։

-Ընդամենը 5165 քայլ, և մենք փրկված ենք,- ասացին ուրիշները, որ լեռնագնացի հագուստով էին։

-Ափսոս, եթե կայծակը մի քիչ էլ ձգվեր, ուրվագիծը կտաներ կհասցներ ծովից ծով,- հոգոց հանեցին առավել երազկոտները։

-Վերջապես մեր անդունդը այլևս չի խռովվի,- եզրակացրեց ամենաիմաստունը, որ բռնցքամարտի նախկին չեմպիոն էր, ու գլխին ստացած հուժկու հարվածները մի թեթև մթագնել էին մտքի կայտառությունը։

-Բաբելոնի աշտարակ եք ցանկանում կառուցել, չեք կարող, իջեք հողի վրա,- հատու զգուշացրեց առաջին ու վերջին մոհիկանը։ 

Ցավոք, կայծակի շունչը, ինչպես հաճախ պատահում է հայի բախտի հետ, չէր հերիքել, և սպառված շնչի հետ հետագիծը կտրվել ու տարրալուծվել էր  տիեզերական անսահմանության մեջ։ Ամեն դեպքում, ազդակը, որ հղել էր ինձ բնական այդ երևույթը՝ հստակ էր, և աներկբայորեն հուշում էր, թե եկել է այն պատեհ ակնթարթը, երբ նախախնամությունը տարիներիս չարչարանքին ապաշխարանք կբաշխի։ Այլ կերպ ասած՝ վերջապես կգտնեմ ազգի այն առաջնորդին, այն իմաստուն ու զորեղ փրկչին, որ չգիտի այդ մասին և անիմաստ դեգերում է աշխարհի քունջուպուճախներում։ Կգտնեմ, մեծահոգաբար կավետեմ այդ մասին ու կհանեմ անհույս ընդարմացումից։ Եթե իհարկե հավատա խենթին հարիր մարգարեությանը։

Բայց ամեն ինչ սկսվել էր դեռ այն անհիշելի ժամանակներից, երբ մարդիկ որոշել էին իրենց գլխից բարձր թռնել ու երկնահաս աշտարակ կառուցել։ Հին կտակարանը վաղուց եմ կարդացել ու հիմա չեմ հիշում, թե երբ Երկնավորը լեզուներ բաժանեց ժողովուրդներին, ի՞նչ հետին միտք էր լեզվի տակ թաքցրել, բայց դա էական չէ։ էականն այն է, որ ինչքան էլ գերբնական ուժերը փորձեն խառնշտորել մարդկանց ու լվալ ուղեղները, գալիս է մի պահ, երբ մի խումբ մարդիկ ոտքը խփում են գետնին ու ասում՝ վերջ, էլ չենք ուզում խառնվել, չենք ուզում տրվել գայթակղություններին կամ խաբվել դավադրապաշտական ծուղակների խայծին։ Վերջ խառնակությանը։ Այդ խումբը լինի մեկուկես միլիարդ մարդ, թե մի  քանի միլիոն,  նույն ցանկությունն ունի՝ պահել էս պահին տրվածը, պահել ու պահպանել, ու թե բախտները մի քիչ բերի՝ կառուցել ի վերջո կիսատ մնացած Բաբելոնի աշտարակը։  Ավելի հաճելի բան, քան այն գիտակցությունը, թե քո նման մի մահկանացու նույն բանն է զգում ու հասկանում, չկա։ Թող ինձ ասեն՝ ազգայնական, թող ասեն՝ հետամնաց, հանդուրժողականության ու բազմազանության անվերապահ պահապաններն էլ թող գանահարեն ու քարկոծեն, մինևնույն է՝  պիտի խոստովանեմ, որ զզվել եմ բոլոր օտար լեզուներից։  Իսպանացի գործընկերս օրերն էր հաշվում, թե երբ է երկարատև գործուղումից վերադառնալու Իսպանիա, պարզերես նայելու շողշողուն արևին ու առանց ճգնելու սրճարանի մատուցողուհուն մաքուր իսպաներենով պատվիրելու սեխով խամոն ու մեկ գավաթ սանգրիա։ Նա էլ առանց դեմքը ծամածռելու, լայն ժպտալու է ու իր «գրասիաս»-ին պատասխանելու «կե ապրովեչե, սենյոր»։ Չաղ, ուրախ ու բախտավոր։ Ճիշտ է, բարեհամբույր մատուցողների հաշվով մեր բախտն այդքան էլ չի բերել, բայցևայնպես կարոտելու շատ բան կա։ Կորչեն թարգմանիչները, կրակի բաժին դառնան գլոբալիստներն ու աշխարհի քաղաքացիները,  մենք մեր հարիսայի տերն ենք, խառնում ենք, խառնում, միչև ամեն ինչ մերվում է իրար։ Բա չէ՝ ավստրիացի գնդապետը, որ կնոջ հետ ետնաբակում մերկ արևայրուք էր ընդունում ու խտտում ալբանացի հարևանի բաց նյարդը, որ բողոքում էր, թե այդ այլասերված գործողությունը ցնցել է իր մատղաշ աղջիկների նուրբ զգացմունքները ու ստիպել հոգեբան հրավիրել, այնինչ՝ ինքն աչքը չէր կտրում ավստրուհու կարմրաթուշ մարմնամասերից։ Ավստրիացին էլ իբր ապշում էր․ բայց չէ՞ որ աստված մեզ մերկ է ստեղծել, բացարձակ մորեմերկ։  Նույն ավստրիացին իմ խանդն էլ էր շարժել մեկ-երկու տիեզերական հաճոյախոսություն շռայլելով սիրասուն ընկերուհուս շքեղ տեսքի առիթով, բայց օտարազգի լինելու հանգամանքը ու քաղաքական զսպվածություն ցուցաբերելու տված խոստումս փրկել էր նրան իմ անողոք վրեժխնդրության ճիրաններից։        

Այդպես՝ Եվրոպայի կենտրոնում օտար ցավուհոգսի մեջ թաթախված ապրում էի, երբ մի սովորական օր, որ սովորական էլ կմնար, եթե մայրաքաղաք Երևանի երկնքում չժայթքեր արտասովոր կայծակը, Վիեննայի ամենաշքեղ հյուրանոցի նախասրահում ականջս շոյեց մայրենի լեզվի այնքան քաղցր բառն ու հնչյունը։ Միշտ է այդպես՝ հազար հոգու միջից էլ, ինչքան էլ ցածր խոսեն, հնչյունները մաշտոցյան տառերի կերպարանք առած ճեղքում են սառը, օտարոտի օդը ու երկնային մանանայի պես  գալիս, մեղմիկ թառում են ունկերիս։

Նման դեպքերում միշտ մոտենում էի ու խառնվում հայրենակիցներիս զրույցին, բայց այս անգամ հիշեցի կայծակի բախտորոշ նշանը ու որոշեցի ծպտվել հետախույզի դիմակի տակ։ Պարզապես տեղավորվեցի նախասրահի սրճարանում և սկսեցի, իբր ագահորեն, կարդալ նախընտրական թոհուբոհի առավել նշանակալի անցքերի մասին ֆեյսբուքի բերած տեղեկատվությունը, աչքի պոչով ու ականջի ծայրով էլ ըմբոշխնել մայրենի լեզվիս մեղրածոր գոհարները։ Հենց այդ վայրկյանին էլ հիշեցի հույն ընկերոջս այն միտքը, որ ասում էր, թե հայերը իրար հետ խոսելիս կարծես կռիվ անեն։ Չինացի ընկերս ասում էր, որ կարծես թե ուզենան երգել, սակայն մի բան վերջին պահին  չստացվի, կամ ձայնի հզորությունը չհերիքի, կամ՝ լսողությունը։ Չգիտեմ, տասը-տասնհինգ  հոգին, որ շրջապատել էին մի մարդու, կռի՞վ էին անում, թե՞ պարզապես ուզում էին երգել, բայց որ այդ մարդամեկը ճարտասանության մի դասական հրավառություն էր սփռում, հավաքի ականատեսները կարող են վկայել։ Քանի որ այդպես էլ չհաջողվեց անունը ճշտել, ինձնից չի նեղանա, եթե պատմվածքում նրան կոչեմ Մարդամեկ։

–  Եթե հետևողականություն լինի և համառ աշխատանք, մենք անպայման կհասնենք մեր ուզածին,- ասում էր Մարդամեկը։

-Շատ ճիշտ ես ասում, 2050 թվականին կլինենք հինգ միլիոն,- ոգեշնչում էր մի աշխույժ ունկնդիր,- պարզապես պետք է համարակալել բոլոր հայերին ու ժամանակին կատարել նշանակված բոլոր պատվաստումները։

-Իմ անձնական օրինակը կարող է փարոս դառնալ էն հուսահատ մարդկանց համար, ովքեր կորցրել են հավատը ապագայի հանդեպ,- շարունակում էր Մարդամեկը։

-Իրոք, քո օրինակը որպես հաջողակության դասական պատմություն ապշեցուցիչ խթան կարող է լինել,- գլուխը տմբտմբացնում էր մի` մինչ այդ անտարբեր թվացող ունկնդիր,- միայն համախմբվել է պետք քո շուրջը։

-Ես էլ վատ օրինակ չեմ, ո՞վ կարող է օտար երկրում մի քանի տարվա մեջ դառնալ թաղամասի երեխաների ամենասիրված մարդը,- պարծենում էր մեկ այլ թեկնածու։

-Պահո՜, իսկ ի՞նչ ես անում, որ արժանացել ես այդ պատվին,- հարցնում էր հետաքրքրասեր մեկը։

-Պարզ չի՞, շրջիկ մեքենայով պաղպաղակ եմ ծախում։ Վատն այն է, որ ձմռանը ինձ մոռանում են։

-Տեսնու՞մ ես, դու պետք է իմ հետքերով գնայիր, որ ոչ մի ձմեռ ի զորու չլիներ խանգարել այն առաքելությանը, որ մեծահոգաբար կատարում եմ այս վիկինգների համար, -շարունակում էր Մարդամեկը։

-Եղբայր, հազար ասեցի՝ սրանք վիկինգ չեն, սկյութ են կամ, հազար ներողություն` գոթ,- պարզաբանում էր նախկին մի բռնցքամարտիկ։ 

-Սրանք միայն խոսել գիտեն, երգել-նվագել չգիտեն, նկարել չգիտեն, ես եմ լուսավորում իրենց արվեստի դպրոցներում, թե չէ կորած էին,- ծղրտում էր զրնգուն ձայնով մի լուսավոր աղջիկ, որ ինչպես պարզվեց՝ նկարչության դասերից ազատ ժամերին շաբաթ-կիրակի համատեղության կարգով մատուցող էր աշխատում ու գիշերները երկնքում համաստեղություններ պեղում։

-Մեր աշտարակի կառուցմանը դու կարող ես արվեստագետի քո նպաստը բերել,- միանգամից զգում էր Մարդամեկը,- մանավանդ, երբ կերտվի հաղթանակը, նկարելու առիթ դեռ շատ ենք ունենալու։

Այ քեզ բան, առաջին ու վերջին մոհիկանը փաստորեն ճիշտ էր գուժում, սրանք Բաբելոնի աշտարակն էին ուզում կառուցել, հենց Եվրոպայի կենտրոնում։ Ուզում էին մագլցել, հասնել երկինք ու բավարարել իրենց փառասիրությունը։ Պետք էր ընդամենը ընտրություն կատարել։ Այդ գիշեր երազ տեսա, բոլոր թեկնածուները մորեմերկ, ինչպես աշխարհ էին եկել, հարիսա էին եփում։ Երգում էին, բայց ձայնը չէր լսվում, ասես համր կինոնկար լիներ, մնջախաղ։ Ազգային առանձնահատկություն է՝ հարիսան այնքան պիտի հարեին, որ դառնար միասեռ զանգված։ Հարում էին, հարում, բայց վերջը չէր երևում, ես էլ՝ մոռացած երազիս բուն նպատակը, եթերային նկարչուհուն էի փնտրում՝ գոնե մի օգուտ քաղելու մարդկային թուլությամբ համակված։ Այ թե հարիսան հարելիս ինչպիսի զվարթությամբ կթրթռային խնձորիկները։ Եթե ընտրեմ պաղպաղակ ծախողին, ազգը ձմռանը առանց առաջնորդ կմնա։ Եթե ընտրեմ պատվաստումների ջատագովին, կդառնանք համաշխարհային դավադրության զոհ։ Գուցե հենց լուսավոր աղջկա ձեռքից էլ բռնեմ ու խնդրեմ առաջնորդել ազգը, գուցե միայն նա կարող է մեկնել կայծակի հետագիծը, բայց վախենամ մոլորվենք աբստրակտ նկարների ու համաստեղությունների եթերային օրորոցում։

Մինչ փորձում էի երազահանները քրքրելով մեկնել երազիս իմաստը, հասկացա մի կարևոր բան՝ մուսաս վերադարձել էր։  Մուսաս իհարկե փախած էլ կմնար, եթե չժայթքեր կայծակը ու սթափության կոչ չաներ։ Եթե չլսեի առաջին ու վերջին մոհիկանի խորհուրդը ու երկնքից իջնեի հողի վրա։

Հիմա, երբ կծիկը քիչ թե շատ քանդվել է, մի գաղտնիք պիտի բացեմ. արտահերթ ընտրությունների  նախաշեմին առաջադրանք էի ստացել աշխարհի անդաստաններում փնտրել այն հնարավոր փրկչին, որ կարող էր առաջնորդել մեր բազմաչարչար ազգը այս դժվարին պահին։ Հիմա, երբ ականատես ու ականջալուր եղա նախասրահի զրույցին, ու երազն էլ հասավ օգնության, կասկածներս փարատվեցին։ Նախասրահի մարդը հենց նա էր, ում փնտրում էի։  Ախր ինչպես գլխի չէի ընկել, չէ որ երազիս մեջ հարիսայի շերեփը նրա ձեռքին էր։ Փորձեցի հիշել, թե արդյոք շերեփը թղթից էր, թե երկաթից, բայց չհաջողվեց, հիշում եք` ուշքումիտքս մերկ նկարչուհին էր։ Մարդամեկը այն մոլորված հայն է, որ կշարունակի ավերված Բաբելոնի աշտարակի շինարարությունը։ Որևէ կասկած չունեմ, որ մենք նրա առաջնորդությամբ կկարողանանք աշտարակի վրա մագլցել երկինք ու բավարարել մեր փառասիրությունը։ Եթե իհարկե Երկնավորը նորից չխանգարի։

Եթե չպարզեի այն խորհրդավոր առաքելության մանրամասները, որի միջոցով Մարդամեկը ուզում էր վերականգնել Բաբելոնի աշտարակը, սիրտս կպայթեր։ Էլ չեմ ասում գաղտնիքը մայրաքաղաք փոխանցելու անվերապահ վճռականության մասին՝ մի վեհ արարք, որ նաև սփոփանք կբերեր նախկինում չարածներիս պատճառով ճմլվող սրտիս, էլ չասած հնարավոր պարգևների ու մեդալների մասին։

Ես այդպես էլ խավարի մեջ կխարխափեի, եթե գործի չդնեի հետախույզի հմտություններս։ Պետք էր ամեն ջանք թափել հավաքագրման գործը գլուխ բերելու ու նրան համոզելու համար։ Ընդամենը մեկ մատնազարկ՝ և հայրենիքը փրկված է։  Մարդամեկի տունը տեղորոշելուց հետո դիրքավորվեցի այնպես, որ արտաքին դիտարկումը կատարյալ լինի ու չմատնի իմ ծածուկ մտադրությունը։ Ենթադրությունս, թե նման հույժ կարևոր սխրանքները առավոտ կանուխ են արարվում, արդարացավ։ Օղակը աստիճանաբար սեղմվում էր նրա պարանոցին։ Լույսը դեռ չբացված Մարդամեկը հուշիկ քայլերով դուրս եկավ տնից և կոպիտ ձեռնոցներն ու վառ դեղին անվտանգության ժիլետը հագին աննկատ բարձրացավ աղբատար մեքենայի թափքին։ Շարժիչի տպավորիչ հռնդյունը հուշեց, որ չէի սխալվել։

2 thoughts on “Բաբելոնի աշտարակ ըստ մարդամեկի”

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով