Անունը Շուշան էր, բայց Անժիկ էին ասում։ Մեկ-մեկ լինում է այդպես, ու ոչ ոք երբեք չի իմանում` ինչո՞ւ:
-Մա՛մ, էդ վհուկին ինչո՞ւ են Անժիկ ասում, եթե անունը Շուշան է։
– Աղջի՛,- սաստում էր մայրս,– էդ ո՞նց ես խոսում։
Անժիկը տատիս ընկերուհին էր։ Մեր թաղում ամենատարեց կանայք էին, նրանցով եզրափակվում էր երեսնականների սերունդը։ Անժիկը, սպիտակ կոսով, ճակատին բանտիկ արած գլխաշորով, կիսակոճկած ծաղկավոր խալաթով, նիհար պառավ էր, բայց այնպես էր քայլում, ասես` «էրեկվա էրեխեն»։
Չէի սիրում Անժիկին։ Չէի սիրում, որովհետև տատս ու ինքը մի տարիքի
էին, բայց տատիս մեջքն արդեն ծալվել էր, մի ձեռնափայտը երկուսն էր դարձել, երկու աչքը` մեկը. շարքից դուրս էր եկել, ծերացել ու հանգել, իսկ Անժի՜կը.hետևից վազեիր, չէիր հասնի։ Մյուս պատճառն էլ այն էր, որ Անժիկը հայտնի գող էր։ Ինչեր ասես, որ չէին պատմում նրա «սխրագործությունների» մասին` է՛լ ամանեղեն, է՛լ վառարանի փայտ, է՛լ շոր… ինչ թաղ հարս էր եկել` հարևաններից գողացել էր։
-Իմ շերեփն էլ գող Անժիկը տարավ է՛լի,- մի օր պատմում էր տատիս տեսնելու եկած ոչ այնքան մտերիմ հարևանը։
-Բա իմ թազա ծաղկամանը նա չտարա՞վ, մարդուս նվերն էր,- սրտնեղում էր տատս, բայց հետո խեղճացած ձայնով հավելում,- բայց դե, Անժիկն իմն ա, ես ու Անժիկը կոշիկի թայեր ենք, առանց Անժիկ ես չոլախ կմնամ։
Տատս ճիշտ էր։ Երբ տանը չէինք լինում, Անժիկն էր նրան տիրություն անում.թևից բռնում էր, որ վեր կենա, բաժակը ջուր էր լցնում, որ խմի, ու հիշում էին անցած-գնացած օրերը, դեպքեր, որ մենակ իրենք գիտեին, մենակ իրենք էին հասկանում։ Բայց երբ մենք տանն էինք, ու Անժիկը գալիս էր, ես աշխատում էի չերևալ բակում, իսկ եթե ստիպված դուրս էի գալիս տնից, մի կերպ էի բարևում.
-Բարև, Անժի՛կ տատ։
-Հարցրու` ոնց ես,- թաքուն հուշում էր մայրս։
-Սրա՞ն ինչ ա էղել, լավ ա է՛լի,- մինչ փնթփնթում էի ես՝ Անժիկը հարցուփորձ էր անում.
-Դասերդ լավ ե՞ն, էսօր ի՞նչ ես ստացել։
Ես անգիր գիտեի, որ կուլտուրայից ելնելով՝ պիտի սուրճ առաջարկեի։ Անժիկը երբեք սուրճից չէր հրաժարվում, ուստի սրճեփն ու բաժակը նախօրոք ձեռքս էի առնում, նոր հարցնում` սուրճ կուզե՞ք։
Մի օր էլ սուրճ էի պատրաստում, իսկ մյուս գազօջախին տատիս դրած փլավն էր եփվում։ Ես պաշտում էի տատիս սարքած փլավը, ավելի շատ պաշտում էի եփվող փլավի աղի ջուրը։ Մինչ սուրճը կեռար, գաղտագողի վերցրի շերեփն ու սեղմեցի փլավի վրա այնպես, որ միայն ջուրը լցվի շերեփի մեջ։ Այնուհետև լավ փչեցի ու խմեցի, հոգ չէ, որ լեզուս մի քիչ վառեցի, արժեր. մանկությանս ամենաերանելի համն էր տատիս եփած փլավի ջուրը, հիմա այդ համն էլ չկա, ուրիշ է…
Այդ երեկո տատս գնաց… ու ես ավելի ատեցի Անժիկին։
* * *
Թաղման օրը նկատեցի, թե Անժիկն ինչքան էր սիրում տատիս ու ինչքան
էր կապված հետը։ Հարազատ քրոջ պես լաց էր լինում, կզակը դողում էր։ Սկսել էր մեր տուն ավելի քիչ գալ։
-Գա ի՞նչ անի, տատիդ համար էր գալիս,- տխրում էր մայրս։ Մի օր էլ, երբ նրա մասին խոսելիս «գող Անժիկ» անվանեցի, մայրս ինձ ապտակեց։ Ես զարմացա, որովհետև նախկինում էլի էի այդպես ասել, բայց երբեք դրա համար ապտակ չէի ստացել։
Երբեմն Անժիկը գալիս էր, մորս հետ էր զրուցում, սուրճ էր խմում, հիշում տատիս։ Այդ պահերին, երբ սկսում էր տատիցս խոսել, ես կարոտած աչքերս հառում էի նրան ու որսում ասած ամեն բառը, ու ինձ թվում էր, թե տատս կա։
Ինչքան քիչ էր գալիս, այնքան շատ էի սկսում նկատել, որ Անժիկը մի տեսակ փոխվել էր. փոքրացել էր։
Մի օր էլ եկավ… ձեռնափայտով։ Թաքուն լաց եղա։ Գուցե ինչ-որ բան հիշեց րեց իմ տատին, կամ գուցե Անժիկն Անժիկին նման չէր. չգիտեմ, բայց ինչ-որ բան, նախկինում չեղած մի բան ներսս ճմլեց։
Տատիցս հետո Անժիկը դարձավ թաղի վետերանը։
-Անժի՛կ տատ, իննսուն կա՞ս,- հարցնում էին ջահելները։
– Է՜հ, մենակ իննսո՞ւն,- հոգոց էր հանում Անժիկը։
Անժիկի գողությունների թեման հնացել էր։ Այնպիսի տպավորություն էր,
ասես մարդիկ վախենում էին խոսել այդ մասին, ասես հենց նոր հասկացել էին, որ Անժիկն էլ հավերժ չէ, և ավելի զուսպ էին դարձել։ Բայց մի ուրիշ բան կար,
որ ամենից շատ էր ինձ զարմացնում… ես սկսել էի սպասել նրա` մեր տուն գալուն։
-Բա Անժիկ տատն էս ո՞ւր ա, չի երևում։
Մայրս ասում էր, որ դժվարությամբ է քայլում, որ ինքն է գնացել տեսության։ Իսկ ես շարունակում էի սպասել Անժիկ տատի գալուն։
Մի օր էլ, մի ամսից ավել չերևալուց հետո դանդաղ եկավ մեր տուն։
-Անժի՛կ տատ, սուրճ կուզե՞ս,- ինչպես միշտ, սրճեփը ձեռքիս պատրաստ, հարցրի։
-Չէ, բալես, չեմ ուզում։
Ինչ-որ անծանոթ դող անցավ մարմնովս, ինչ-որ բան փոխվել էր աշխարհում…
Անժիկ տատն էլ գնաց… և մանկությունս որբացավ։ Նրա համար արտասվեցի շատ ավելի երկար, որովհետև նա իր հետ տարավ ամեն ինչ, որովհետև նրանով ավարտվեց իմ միամիտ չարությունը, իմ մանկության հեքիաթը, իմ սիրած փլավի ջուրն ու ձեռքիս սրճեփն անգամ, որովհետև նրանով ավարտվեց իմ տատը…
Ամերիկա
Սուսան և Սասուն Հասանյանները Ամերիկա են հրավիրվել իրենց հարուստ փեսայի կողմից։ Հա՛, «նավսեգդա» են գնալու։ Ողջ գյուղով պտտվում է Սասունի կանաչ վիլիսը և սիգնալ տալիս.
-Ամե՜րիկա, ժողովո՜ւրդ, գնում եմ, գնո՜ւմ։
Սուսանը, վեդրոն ձեռքին, ծառի տակից թութ է հավաքում.
-Աղջի Սուսա՛ն, էդ Ամերիկա ե՞ս գնում։
-Հա՛, Արմենի՛կա, բա էլ ո՞ւր։
-Տնաշե՛ն, Արմենիկա չի, Ամերիկա՛ ա։
-Ինչ որ ա, ա՛յ հարևան ջան, կարևորը` էս թութը շուտ արաղ սարքեմ, հասցնեմ փեսուս։
Սուսանը երջանիկ է, Սասունը երջանիկ է։ Հասանյանները մի ամսից կհասնեն Ամերիկա, ու էլ Հասանյաններին հասնող չի լինի, բաաա՜։
Սասունը վիլիսը վաճառքի է հանում։ Գնում է հայտարարություն տպելու։
-Էս վիլիսիս համար մի վերնագիր գրի։
-Ի՞նչ վերնագիր ես ուզում։
-Դե գրի, որ վաճառվում է Սասունի վիլիսը, բայց անպայման տակը գրի, որ Սասունն Ամերիկա է գնում, դրա համար էլ վաճառում է։
-Էդ տեսակ բաները հայտարարության մեջ չեն գրում է՛, Սասո՛ւն քեռի։ Արի
գրենք` վաճառվում է, ու քո հեռախոսի համարը։
-Վաաա՜, ո՞նց չեն գրում, ո՞վ չի գրում։ Ես քեզ ասում եմ` գրի` գնում է Ամերիկա, Ամերիկան էլ մեծ տառերով,– ասում ու դուրս է գալիս։ Քայլում է Սասունը և մտորում, մտորում է, թե էն հեռու աշխարհում ինչ կյանք է սպասում իրեն ու Սուսանին։ Գյուղից էն կողմ բան չեն տեսել, միակ օտար լեզուն էլ որ գիտեն, կովի բառաչն է։
Երբ հասնում է բակ, տեսնում է, որ Սուսանը պադվալը դատարկում է։
-Այ Սուսա՞ն, էդ ի՞նչ ես անում։
-Սա՛սուն ջան, կոմպոտներն եմ հավաքում, բա չտանե՞նք Արմենիկա։
-Աղջի՜, տենց ծանր-ծա՞նր։
-Ա՛յ մարդ, բա հո չե՞նք թողնելու, ո՞ւմ համար թողնենք էստեղ, տանենք` մեր երեխեքը խմեն։
Եվ Սուսանը մի տասը բանկա կոմպոտ է հանում, շարում, որ հետը տանի։ Սասունն ընկնում է մտքերով. ուրեմն պիտի տան բոլոր գործիքներն էլ հավաքի ու տանի, կացինը, մուրճը, մանգաղը. ո՞ւմ համար մնա, ո՞վ է ասել, թե Ամերիկայում փայտ չեն կոտորում, մեխ չեն մեխում… Անցնում է գործի, հավաքում բոլոր
գործիքները, լցնում մի մեծ արկղի մեջ։
Գիշեր է։ Մարդ ու կնիկ պառկել են կողք կողքի` հայացքներն առաստաղին, լուռ երազում են Ամերիկայի, լավ կյանքի, մեծ քաղաքների մասին, ի վերջո իրենք էլ են արժանի փոփոխության, զվարճանքի։ Ի՞նչ անենք, թե լեզու չգիտեն, կսովորեն է՛լի. հենց Սուսանը լեզվի համար դարդ է անում, Սասունը մխիթարում է.
-Մենք որ կովի բառաչից հասկանում ենք` ծարավ է, թե սովա՛ծ, ամերիկացու լեզուն էլ կհասկանանք ու կհասկանանք։
Գյուղում սկսում են փսփսալ՝ բա չե՞ք ասի, էս գիժ Սուսանն ու Սասունը ինչ ունեն-չունեն հավաքել են, որ տանեն Ամերիկա, հենց գիտեն իրենց գեղն է, հա՛յ-հա՜յ։
-Ասում են` կովերն էլ են ծախում, հա՞։
-Ի՜նչ ես ասում։
Հա՛, Հերի՛ք ջան, կովերն էլ, վիլիսն էլ, տելեվիզրն էլ են ծախում, որովհետև ծանր է, չեն կարող տանել։
Հերիքնազը մտքերով է ընկնում. տարիներ առաջ իր մարդն ու Սասունը կռվել են մի կովի պատճառով։ Մի օր Հերիքնազենց կովը կորչում է: Հերինազի ամուսին Աբգարը երեկոյան նույնատիպ մի կով է տեսնում Սասունենց բակում ու պնդում, որ դա իր կովն է, որ Սասունը սպիտակ ականջով կով չի ունեցել։ Սասունն էլ իր հերթին պնդում է, թե կովն իրենն է, մի շաբաթ առաջ է փոխա- նակման ճանապարհով ձեռք բերել կողքի գյուղից։ Եվ վիճում են Սասունն ու Աբգարը, վիճում են մինչև օրս, թե իրականում ումն էր այն կովը, որը վաղուց սատկել է։
* * *
-Ասում ես` էդպես էլ ասեմ, հա՞։
-Հա՛, բա՛, ա՛յ մարդ, էդպես էլ պիտի ասես, սրանից լավ առիթ չես ունենալու։
-Է՜, հերիք ա, Հերի՛ք, խելքս բան չի կտրում։– Մոռացա՞ր, էն մեր սիրուն սպիտակ ականջով կովին էսքան շուտ մոռացա՞ր։ Բա մեր պատի՞վն ով պիտի հետ բերի, Աբգա՛ր։
Գիշեր է։ Գյուղական հանգիստ, լուռ գիշեր։ Սասունը նստած է վառարանի մոտ, Սուսանը դրսից փայտ է բերում։
-Հը՛ն, Սո՛ւսան, փայտը վերջանո՞ւմ է։
-Վերջանում է, թող վերջանա, ինչների՞ս է պետք, մենք ուր որ է գնում ենք, Սասո՛ւն ջան։
-Հա՜, վա՛յ, մոռացել էի։
Վառարանի դռան փակվելու հետ բացվում է Սասունենց տան դուռը.
-Հարևան ջա՞ն, կարելի՞ է։
-Վա՜յ, Աբգա՛ր ջան, առա՛ջ արի, բա դա հա՞րց է։
-Լսել եմ` գնում ես Ամերիկա, հա՞։
Եվ Սասունը բառ առ բառ, նույնությամբ պատմում է իր Ամերիկա գնալու պատմությունը, այնքան է պատմել, որ բերանն արդեն անգիր գիտի այդ պատ- մությունը և գիտի, թե այն պատմելու համար ոնց պետք է բացուխուփ լինի։ Ուստի Սասունն ամենևին ջանք չի գործադրում։
Աբգարն իբր թե լսում է։ Իրականում այն, ինչ պատմում է Սասունը, ինքն
արդեն գիտի, գյուղի մարդկանցից լսել է։
-Հասկացա, Սասո՛ւն ջան, տունը, այգին հասկացա, բա կովերդ ի՞նչ ես
անելու։
-Չգիտեմ, Աբգա՛ր ջան, չգիտեմ… Երևի ծախեմ։
-Վաա՜, տնաշե՛ն, էդ ի՞նչ ես ասում, մարդ իր հինգ ջահել կովը կծախի՞։
-Բա ի՞նչ անեմ։
-Ես մի լավ առաջարկ ունեմ, մի տարի ժամկետով կովերդ պահ տուր ինձ,
ես պահեմ, կթեմ, կաթն ու մածունը ծախեմ, փողի կեսը քեզ, կեսն ինձ։ Հա՛մ կովերդ կմնան, հա՛մ եկամուտ կունենաս։ Ծախելը միշտ էլ կա, հարևա՛ն ջան, մարդ ես, մեկ էլ տեսար հետ ես գալիս, ինչո՞ւ քո կովերից զրկվես։ Ես քո հազար տարվա հարևանն եմ, էնպես պահեմ, որ հա՛մ քեզ լավ լինի, հա՛մ ինձ, մինչև կորոշես` ինչ անենք։
-Բայց լավ բան ես ասում, հա՜։
-Լավ բան եմ ասում, Սասո՛ւն ջան։ Եթե համաձայն ես…
-Համաձայն եմ, Աբգա՛ր ջան, ճիշտ ես ասում, բա քեզ չվստահեմ, ո՞ւմ վստահեմ։
-Բայց պայմանը էդ մի տարին է, Սասո՛ւն, մինչև մի տարին չլրանա, ոչինչ չես որոշելու։
-Հա՛, ախպե՛ր ջան, մի տարի։
Այսպես երկու հարևան պայմանավորվում են, և Աբգարը իրենից գոհ շտապում է Հերիքնազին աչքալուսանք տալու։ Իսկ մի շաբաթ անց Սասունի կովերը Աբգարի գոմում խոտ են ուտում։ Սուսանը զբաղված է շորերը հավաքելով, Սասունը` վիլիսը ծախելով, Աբգարը` կովերով, Հերիքնազը՝ իր պլանով հիանալով,գյուղը` փսփսալով։ Իսկ Ամերիկայի օրերը մոտենում են, բայց փեսայից քանի օր է` զանգ չկա։
-Ա՛յ մարդ, հլա մի զանգի, տես` մեր արմենիկացի փեսեն ի՞նչ եղավ։ Զանգում են, զանգում` երկու օր, երեք օր, պատասխան չկա։
-Սուսա՛ն, հլա զանգի մեր աղջկան։
Սուսանը մտնում է տուն, որ զանգի աղջկան, իսկ մի րոպե հետո ճվվալով
ետ է գալիս.
-Սասո՜ւն, Սասո՜ւն։
-Ի՞նչ եղավ, ա՛յ կնիկ։
-Մեր աղջիկն ու փեսեն…
-Ու փեսեն ի՞նչ, դե խոսա՛։
-Բաժանվել են…
-Ի՜նչ ես ասում…
-Բաժանվել են, Սասո՜ւն։
-Ամերիկա՜,- գոռում է Սասունը։
-Արմենիկա՜,- արձագանքում է Սուսանը։
* * *
Գյուղը փսփսում է. Հասանյաններն Ամերիկա չեն հասնի։ Կովերը Աբգարի
գոմում մի տարով բառաչում են։ Սուսանը լացը կապել է, Սասունը վիլիսի հայտարարությունը պոկել է, Հերիքնազը գոհ է։
Ասում են` Սասունը գնացել է Աբգարից ետ ուզել կովերը, Աբգարը պատասխանել է.
-Մենք պայման ունենք` մի տարի կովի անուն չտաս։
Եվ Սասունը գիշերով մտել է գոմ, հրացանով կրակել սեփական կովերի վրա, որ Աբգարին չմնան։