Պատմվածք, Վարդան Սմբատյան

Կանաչ սիմֆոնիա

Սև ապակիներով, պլպլացող, վեց-վեց համարանիշներով մետալիկ մերսեդեսը ճռռալով մի կերպ արգելակեց ինձնից մեկ մետրի վրա։

Ապակին իջեցված էր, ղեկին կախված տձև դեմքով տեղական արտադրության տականքը հայհոյեց թե.

– Դեմդ չես նայու՞մ, ա՛յ ֆուցն։

Լռեցի։

 Ի պատասխան միջնամատս ցույց տվի ու անցա մայթը։

Սա մեկ վարկյանում ցնդեց մայթից թողնելով բենզինի սուր` քթանցքներ խուտուտ տվող անդուր հոտը:

Վեր ընկա մոտակա այգում:

«Այ քեզ անհաջողություն,- մտածեցի`վառելով մորիցս թռցրած վերջին հատիկ L & M-ը,-մարդ էլ էսքան ձախողակ լինի, մեռնել էլ չեմ բաշարում»։

Որերորդ անգամն է՝ հաշիվը կորցրել եմ, մի մազ է մնում, որ սատկեմ, բայց վերջին  պահին սաղ հարամվում է, թու՛հ…

Հանկարծ ամպերը սկսեցին կիտվել պատռված հորիզոնին։ Երկինքը ծակված տաշտակի էր վերածվել, երկար չդիմացավ, կայծակը շղթայեց լույսն ու իր մանուշակագույն, թրթռացող հոսանքի ալիքներով շարժական վիտրաժի  վերածեց այգին։

Կայծակնահար ամպերը պարսի պես հավաքվեցին ու կիտվեցին իրար վրա, ահագնացող աղմկումից կուչ եկած կանաչը անշարժացավ շուրջս։

Թրջվեցի: Հագա կապիշոնս ու նետվեցի ծիրանենու տակ։

Ծառը իր նվազ ճյուղերով հպվում էր թաց մազերիս, ես զգում էի նրա թախծի ազդակները,

կայծակը սկսեց սահմանագծել ու կոտրել բամբակյա ամպերը:

 Անորոշ ինչ-որ տեղից հուսահատ, վայրի, մեռնող ճիչեր թափվեցին ծառուղու վրա, հետո` գլխիս:

 Ջրի գլգլոցը թմրեցրեց ականջներս: Աղմուկը տարրալուծվում էր մարմնիս մեջ եւ ցնցելով ոսկրերս՝ դանդաղ ելնում էր սառած վերջույթներիցս:

Երբ փոքր էի, մանկապարտեզիս դաստիարակը Սոնան ասաց՝ «Հենց կայծակ տեսնես, թաքնվիիր, Վարդան,  դա Աստծո բարկությունն է»,  հիշում եմ ու դեռ միամտորեն հավատում։ Հիմա՝ էսքան տարի հետո, երեսուն տարեկան հասուն տղամարդ եմ ու  վախենում  եմ դուրս գալ ծառի տակից։ Կծիծաղեք վրաս՝ չէ՞ որ ծառը կայծակի ամենահավանական թիրախներից է ։

Վախենում եմ ոչ թե մեռնելուց այլ հարազատներիս համար գլխացավանք դառնալուց։

 «Այ հիմա թե դուրս գամ ծառի տակից»,- մտածեցի (հեռացրի շիվը երեսիցս),-  էս խեղճ ծառը մենակ կմնա գիշատիչ, գռմռացող երկնքի հետ»։

Անտերը հո չի բացել բերանը, վա՜յ… մազ է մնում կուլ տա ամեն ինչ։

Չէ, ոնց որ համոզվում եմ, որ վերևում հրեշ կա:

Հերս էլ անիծած, թե սատկելու եմ, գոնե մի ծառ կփրկեմ, թե չէ ո՞ւմ ա պետք  անպիտան բանաստեղծը… սենց օգտակար եմ զգում ինձ, այ մարդ, չծիծաղեք  վրաս։

Ջուրը դանդաղ լցվեց քթանցքերս, հետո բերանս, հետո զգացի, որ մսից չեմ․ ես ջուր էի,  անտարողունակ ու  էնքան թեթև, որ ծառը գոհունակ շիվերը կախեց  վրաս։

Երկինքը էլի  գռմռաց, ոտքիս տակ կավահող նշմարեցի, ներքևում` որդերի խրախճանք էր երևի. այդ էր վկայում վիբրացիան: Վերևում`  դղրդյունը կրկնվեց, հետո հողը սկսեց թռչել վեր` դեպ երկնային մեծ ու սևացած խոռոչը:

Շեշտակի մանուշակագույն հոսանքները ճտճտալով փայլատակեցին գլխավերևումս:

Փոթորիկը խառնեց ամեն ինչ, ոտքերս թաց ամպերի մեջ էին խրվել, գլուխս` հողի տակ:

Ես առաջին անգամ տեսա որդերի դրախտը, դա ավելի սարսափելի  էր քան գեհենը, դա անկարելի է նկարագրել:

Էլի կայծակ խփեց, այս անգամ նշանառության տակ առած շենքի լույսերը անջատվեցին,

«Ըհը, հեսա կխփի ինձ»,- գրեթե գոռալով ասացի  ու գրկեցի վախվորած ծառի փոքր ու դեղնականաչավուն ճյուղը։

 Զարմալիորեն, հանկարծ, վերևում ամեն ինչ խաղաղվեց,  երևի հրեշին սպանեցին:

  Մի  տեսակ կանխատեսելի ու պարզունակ  եղավ, չէ՞, վերջը,  հոլիվուդյան տափակ, չստացված    ֆիլմի պես․ հուսով եմ շատ չհիասթափեցրի ձեզ:

Դժվար չէ տպավորիչ ու ազդեցիկ ֆինալ գրելը, բայց զարմացնելու ոչ հավես ունեմ, ոչ տաղանդ, ոչ էլ  ժամանակ, մոտենանք ավարտին:

  Թաց` ծանրացած  կոպերս  մի կերպ բացեցի, ինձ կպած տաք  ճյուղը ասես ագուցվել էր թևիս,  հազիվ ազատվեցի:

Բացված խաղաղ հայելային  երկինքը սկսեց դանդաղ լուծվել նոսր մթի մեջ։

Վերջապես դուրս եկա ծառուղուց՝ թափ տալով ինձ․ նոր լողացած պուդելի պես փափլիկ էի ու լպրծուն։

 Ծառը նիրհում էր, տասնյակ ծառերի միջից միայն նա էր դեղնակարմիրով  ու կանաչով ծածկվել, աշունը ուշանում էր։

Մի պստլո ճնճղուկ իջավ նստեց  ճյուղին: Ծառը սկսեց ճոճել նրան։ Հետո մի քանի ղժղժան ճնճղուկներ էլ եկան` ծառը մայրաբար թևերը փռեց նրանց վրա:

Մութը վարագուրեց ծառուղին:

Սևն ու կանաչը զուգապար բռնեցին: Թույլ,  փայլփլող լապտերներից ստվերներ էին դուրս գալիս ու կորչում էին ասֆալտե շղթայի վրա։

Քամին չորացնում էր սրթսրթացող մարմինս, ոչինչ չէր լսվում, ոչինչ չկար`  կանաչը մաքրել էր ամեն ինչ ,կանաչը հնչում էր` իբրև անավարտ սիմֆոնիա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով