Թարգմանություն, Մահմուդ Էթեմադզադե (Բեհազին)

Օձաքարը


         Գոլնարը  նստել էր արևի տակ՝ պատուհանագոգին: Կողքին դրել էր բասման[1] տաքացնելու տարա և դիմափոշու տուփ: Անշտապ հարդարվում էր՝ ձեռքին պղնձե հայելին, որ կանայք բաղնիքում են օգտագործում:          
            Նոր-նոր էր ազատվել տնային գործերից: Ամուսնու՝ կրպակ գնալուց հետո հավաքել էր նախաճաշի սոֆրեն[2], ջրավազանի մոտ լվացել թեյամանը, բաժակների ու ափսեների սկուտեղը: Հետո սենյակն էր ավլել, երկու-երեք կտոր լվացք արել, և տանն էր պարապ ու մենակ մինչ մայրամուտի այն ժամը, երբ ամուսինը կվերադառնար շուկայից ու սովորության համաձայն՝ վանդակավոր թաշկինակի մեջ մի կտոր հաց կամ ինչ-որ միրգ, հալվա արդե[3], ընդեղեն ու անուշեղեն կբերեր:        
            Այս մի մարդ ու կինն էին: Այդ քաղաքում ազգականներ էլ չունեին: Իրենց փոքրիկ տունը թռչնի բնի պես նեղ էր. արևկող երկու սենյակ՝ ձեռքի ափի չափ բակով՝ սալարկված աղյուսով, որի անկյունից աստիճաններն էին իջնում՝ հասնելով ջրամբարի ծորակին: Զավակ չունեին: Այս երեք ու կես տարվա ընթացքում, երբ Գոլնարը դարձել էր ուստա Ջաֆարի կինը և հետը գյուղից եկել, երեք անգամ վիժել էր: Գոնե մեկն անգամ չորս ամսականի չհասցրեց: Բաղնիքի աշխատողների հորդորները, տատմոր դեղ ու դարմաններն օգուտ չէին տալիս: Գոլնարը չէր մայրանում: Ամուսինը, որ իր փթթուն շրջանում էր, այդքան էլ չէր մտահոգվում: Կինը երիտասարդ էր՝ տասնինը-քսան տարեկան… Աստծո կամոք ժամանակ կար: Սակայն Գոլնարն ինքը մի զբաղմունք էր ուզում: Մի քաղցր երկյուղ ու անհանգստություն էր ուզում, որ կլցնի իր կյանքն ու օրը այս պարապ տան մեջ: Բայց, լա՛վ, Աստված ինչպես կամենա: Գոլնարն այդ մի թիզ բակում՝ զամբյուղի տակ, մի քանի հավ ու աքլոր էր պահում: Ամուսինն էլ վանդակով մի զույգ դեղձանիկ էր նրա համար գնել: Նրանք էին երկարատև օրվա մտերիմները: Տան դուռը որևէ մեկը բաց չէր անում: Ինքն էլ հարևան կանանց հետ գնալ-գալ չուներ: Դուրը չէր գալիս, երբ իրենից մի քանի շապիկ ավել մաշած լինելու պատրվակով իրենց մեծի տեղ էին դնում. է՛ս եփիր, էստե՛ղ գնա, էսպե՛ս հագնվիր… Գոլնարը գործ չուներ նրանց հետ: Բայցև գիտեր, որ երիտասարդ է ու գեղեցիկ, և ամուսինը՝ շուկայի կոշկակար ուստա Ջաֆարն իր համար խենթանում է: Դրանից ավել էլ ի՞նչ էր ուզում:                       
            Գոլնարը  հարդարվում էր արևի տակ՝ պատուհանագոգին: Հայելու մեջ իրեն էր ժպտում: Շուրթերն էր կծմծում և դրանց վառ կարմրությունից հաճույք ստանում: Զվարթ աչքերի ջերմ հայացքն էր խաղացնում: Հոնքերը նազանքով վեր էր բարձրացնում: Թեք-քեք նայում էր: Քմծիծաղում: Խռովում էր: Համբույր էր ուզում: Լեզվով ճտտացնում էր: Այդ օրերի թեթևամիտ ռոմանսներն էր մրմնջում: Դրանց մեղեդու տակ պչրում ու օրոր-շորոր գալիս: Իրենով այնքան էր տարված, որ հանկարծակի սեփական ձայնը բարձր զրնգաց ականջներում.        
            – Վա՜յ, մկանը տես,   
            Ա՛յ Հասան եղբայր:   
            Գոլնարը զարմանքից քարացավ: Գլուխը վեր բարձրացրեց: Ամոթխած հայացքը հասավ հարևանի կտուրին, ուր երեխաները երբեմն գալիս էին ու այնտեղից ծիկրակում: Բարեբախտաբար մարդ չկար: Գոլնարը՝ շուրթերի ստորին ու վերին հատվածները  քրտնած, հանգիստ շունչ քաշեց: Բայց նույն վայրկյանին աչքն ընկավ պատի անկյունին: Մի բարակ ու երկար օձ, որի մեջքի կարմրությունն աստիճանաբար խունանում էր և ճերմակ փորի տակ վարդագույն դառնում, կտուրի շուրթից իջնում էր վար: Գոլնարը թեև այդ հեռավորությունից միանշանակ չէր կարող տեսնել սողունի աչքերը, բայց ասես հայացքի կայծն իր կուրծքը ճեղքեց: Սիրտը երկյուղից փուլ եկավ: Ճչաց, և աչքերը սարսափած քարացան օձի վրա: Հանկարծ վերևից մի բան ընկավ և պտտվող երկուհազարանոցի նման զնգաց բակի աղյուսների վրա: Օձն էլ գլուխը թեքեց ու անհետացավ պատի ճեղքի մեջ: Սրտխփոցը հանդարտվելուց հետո Գոլնարը տեղից վեր կացավ, մի աչքը՝ գետնին, մյուսը՝ կտուրին, տան բակում սկսեց ինչ-որ բան որոնել: Այն, ինչ շող էր տալիս աղյուսների երկու շարքի արանքում, անհավատալի էր: Մի ոսկե աշրաֆի[4]: Բարակ ճիպոտով այն զգուշորեն այս ու  այն կողմ շրջեց ու բոլոր կողմերից զննեց: Իրոք ասես այն աշրաֆին էր, որը հենց նոր էին հանել շահի մետաղաձուլարանից: Երիտասարդ կինն այնուամենայնիվ վախենում էր դրան ձեռք տալ. «Հանկարծ կախարդանք չլինի»: Գոլնարն Աստված կանչեց, ինչքան աղոթք հիշում էր, քթի տակ մրմնջաց և փչեց վրան: Բայց ոչինչ չփոխվեց: Աշրաֆին իրեն էր ժպտում  մի ուրախ փայլով: Գոլնարը ձեռքն առաջ տարավ: Սակայն հանկարծակի մի բան հիշեց: Գնաց, սափորը ջրով լցրեց ու մետաղադրամը երեք անգամ լվաց: Ծիսական լվացում արեց[5]:  Հետո վերցրեց այն, արևին պահեց ու առժամանակ  հետը խաղաց: Սրտի խորքում մի ջերմ ու մնայուն հաճույք էր եռ գալիս: Այժմ իր ձեռքում գտնվող, իրեն պատկանող այս ոսկե աշրաֆիի գոյության արբեցումը ամեն տեսակ հարցի ու անհանգստության առիթը հօդս էր ցնդեցրել: Բայց ամեն դեպքում դա ի՞նչ էր, որտեղի՞ց էր եկել:       
            Ի՞նչ կապ կար ուշագրավ ու նրբագեղ կլորությամբ այդ զանգվածի մեջ, որն այդքան լավ պտտվում էր ու այդքան լավ զրնգում (Գոլնարը ժպտալով մետաղադրամը սահեցնում էր աղյուսների վրայով ու զնգացնում): Այո՛, ի՞նչ կապ կար այդ աշրաֆիի և օձի միջև: Եվ, իսկապես, աչքերն արդյո՞ք ճիշտ էին տեսել:            
            Արդյոք իրականում օձ կա՞ր: Գոլնարն այդքան էլ վստահ չէր: Գուցե սխալ է տեսել, աչքին է երևացել: Իսկ աշրաֆի՞ն: Գուցե փողոցում ինչ-որ մեկը «ղուշ թե գիր» էր խաղացել, ու մետաղադրամը տանիքից սահել-սահել, բակ էր ընկել: Բայց այդ դեպքում ինչո՞ւ որևէ մեկը դուռը չէր թակել ու դրա հետևից եկել: Գոլնարը մետաղադրամը տագնապած սեղմեց բռունցքի մեջ, գնաց տան դուռը կիսաբաց արեց և փողոցն ի վար գողեգող հայացք գցեց: Ոչ մի ձայն-ծպտուն, ոչ մի անցուդարձ: Պատի մոտ մի շուն, գլուխը ձեռքերին հենած, մրափում էր: Փողոցի խորքում երկու երեխա հողերով էին խաղում: Գոլնարը խիզախորեն ծածկեց դուռը, գնաց պատուհանագոգի մոտ ու նստեց իր տեղում: Այս անգամ թեպետ աչքերը ծիծաղում էին հայելու մեջ, և դիմափոշու նուրբ քողը լուսնի մահիկի նման փափկություն էր հաղորդում դեմքին, սրտում մի խուճապ կար, որ մատներից խլում էր նրա մշտական բծախնդրությունը: Գործն անփութորեն ավարտին հասցրեց, այնուհետև աշրաֆին դրեց դիմափոշու տուփը, տարավ, տեղավորեց հագուստների սնդուկի մեջ: Բայց դա անհանգստության սկիզբն էր: Չգիտեր՝ ինչ անել: Մի փոքր խաղաց պատուհանագոգի կողքի սյան վրա կախված վանդակի դեղձանիկների հետ: Հետո այն պատրվակով, որ գուցե չալպուտուրիկ հավը ձու ածած լինի, գլուխը հավաբուն մտցրեց: Նորից սենյակ գնաց: Կարուձևի տուփը բերեց, փռեց, ամուսնու փոխանները վերցրեց, որ կարկատի: Հենց սկսում էր կարել, մտքի թելը կտրվում էր, և անընդհատ նույն պատկերն էր հայտնվում: Ոսկե աշրաֆին: Եվ Գոլնարը մերթ դրանով ականջօղ էր պատրաստում, մերթ թևնոց, մերթ էլ՝ կախազարդ: Բայց, իրականում դա Աստծո և իր ամուսնու՝ ուստա Ջաֆարի գործն էր, թե երբ կկարողանա այդ մեկ մետաղադրամն իր համար դարձնել երկուսը, տասն ու էլի ավելացնել:     
            Այդ օրն իր համար բավականին դանդաղ մթնեց: Երբ երեկոյան ամուսինը եկավ, Գոլնարը, դեռ դուռը չբացած, ամեն երեկոյի նման ժպտալով, բայց փոքր-ինչ հուզված, հարցրեց.     
            – Եկա՞ր, ուստա: Բա ի՞նչ ես բերել:
            Եվ առանց պատասխանի սպասելու՝ ուտելիքով ու հացով թաշկինակը վերցրեց ու նրա հետ սենյակ գնաց:
            Գոլնարն այդ գիշեր ամուսնուն առավել կրքոտ սիրեց: Նրա անհագ գգվանքներին սովորականից ավելի ուժգին էր պատասխանում: Եվ ինքն էլ արբունքի խաղերով բորբոքում էր նրա կրակը: Ձեռքը վզովն էր գցում, սովորականից ավելի ուժեղ սեղմում կրծքին, համբույրներ տալիս ու համբույրներ կորզում: Շաղակրատում էր: Ծիծաղում: Օրվա անցուդարձից հարցնում: Եվ այս ամենը հանուն այն բանի, որ իր սրտի գաղտնիքը հանկարծ թռչնի պես չթռչի վանդակից:          
            Գիշերը երջանկությամբ ու կազդուրիչ քնով այգաբաց դարձավ, և սկսվեց հաջորդ օրը՝ իր առտնին ընթացքով: Նրանց կյանքում արտաքուստ ոչինչ չէր փոխվել: Ուստա Ջաֆարը գնաց շուկա՝ իր աննշան գործին, Գոլնարն էլ անշտապ անցավ տան աշխատանքներին ու մաքրությանը: Երբ արևն ընկավ պատուհանագոգի վրա, Գոլնարը, որ արդեն ավարտել էր գործերը, նստեց ամեն օրվա պես հարդարվելու: Սակայն աչքերը տեղի-անտեղի ընկնում էին կտուրի պռնկի անկյանը: Իհարկե, ոչ մի նշանակալից բան: Գոլնարն էլ այնքան անփորձ չէր, որ տեղ տար ունայն հույսին: Բայց այն պահին, երբ աչքերին հաճույքով ծարիր էր քսում ու կիսադեմով նայում հայելուն, հանկարծ պատի վերևում բարձր կռինչով մի ագռավ թռավ: Երիտասարդ կնոջ սիրտը վայրկենապես կծկվեց: Նայեց: Պատի ստվերում երեկվա նույն օձն էր կոհակվում, ինչպես հրե մի բոց: Գոլնարը վախից ճչաց ու շարժվեց, որ տեղից վեր կենա: Սակայն երբ տեսավ, որ օձը պատի կես ճանապարհից վերադարձել ու գնում է կտուրի անկյունը, որի ճեղքում երեկ անհետացել էր, հոգին խաղաղվեց: Շունչ քաշեց, ձեռքը տարավ՝ սրբելու քունքերի սառը քրտինքը: Հենց այդ վայրկյանին պտտվող երկուհազարանոցի նման ինչ-որ մի բան նորից զրնգաց բակի աղյուսների վրա: Գոլնարի աչքերն ու բերանը բաց մնացին: Սիրտը սկսեց թպրտալ: Ջերմությունը ոտից գլուխ պատեց նրան: Վախենում էր: Դևերի, փերիների ու ջադուների[6] մասին պատկերացումները մտքից թռան: Ակամա Աստծուն ապավինեց: Քթի տակ աղոթեց ու փչեց իր վրա: Սակայն ինչ-որ երազանք տակնուվրա էր անում սիրտը: Աստվա՜ծ իմ: Այսինքն՝ նորից նույն մետաղադրա՞մը: Ըհը՜, կլինի երկու հատ, և Գոլնարը կկարողանա դրանցով մի զույգ ականջօ՞ղ պատրաստել: Հա՞:         
            Երիտասարդ կինը ոգևորված վեր կացավ տեղից և սկսեց ինչ-որ բան որոնել բակում: Ջրամբարի աստիճանների մոտ մի ոսկե մետաղադրամ, հանց արթուն մի աչք, իրեն էր նայում: Գոլնարն այս անգամ էլ բերեց սափորն ու երեք անգամ լվաց այն: Հետո վերցրեց ու նայեց: Ճիշտ երեկվա աշրաֆիի նման էր: Ծիծաղելով ու մրմնջալով գնաց պատուհանագոգի մոտ, հանեց տուփի մեջ տեղավորած առաջին մետաղադրամը, արևի տակ որոշ ժամանակ խաղաց դրանով՝ ձեռքերի մեջ զրնգացնելով:     
            Իրոք, երկրորդ աշրաֆին ավելի շքեղ էր: Նրա հետ մի հույս էր ծնունդ առնում և Գոլնարին տանում դեպի երազանքի հեռու հորիզոնները: Սակայն փոքր անհանգստությունն էլ էր ուղեկցում նրան: Այս երկու օրվա դեպքերն ինչպե՞ս պատմի ուստա Ջաֆարին: Հը՞ն, ասի՞: Ամուսինն արդյո՞ք կհավատա: Վատ բան չի՞ կարծի: Չի՞ ասի՝ մի բան այն չէ: Արդյոք չե՞ն անցնի հայհոյանքների, գոռում-գոչյունի, ծեծի ու լացի: Այդժամ Գոլնարն ի՞նչ անի: Կասկածամտության պալարն ինչպե՞ս պոկի ամուսնու սրտից: Նրան տա՞նը նստեցնի՝ սպասելով օձի գալուն, որ իր աչքով տեսնի: «Լավ, բայց եկանք, ու օձը չերևաց: Դա արդեն խայտառակություն կլինի»: Այո՛, ով էլ լսի, ամուսնուն կարդարացնի… Չէ՜, անցավ գլուխը ցավի տակ չի դնի: Ոչինչ էլ պետք չէ ասել:        
            Օրը մթնեց: Ամուսինը տուն եկավ, ամեն ինչից անտեղյակ՝ գիշերը երջանիկ լուսացրեց կնոջ հետ և առավոտյան գնաց իր գործին: Հենց դռան փեղկը գցեց, Գոլնարն ուղիղ սնդուկի կողմը գնաց, մետաղադրամները դուրս բերեց, ափի մեջ զրնգացրեց, մատները ճտտացրեց և գլուխն ու գոտկատեղը շարժելով՝ մրմնջաց.
            – Ո՜ւֆ… ա՛յ կին, քո՛ւն մտիր.           
            Ախր մուկ որտեղից էս գիշերով,     
            Սև մութը էն սենյակ ընկավ.            
            Էն մուկը, է՜, ո՞ւր կորավ:     

            Ուրախ ու անվրդով տնային գործերին անցավ: Այնուհետև ամեն օրվա նման բերեց հարդարանքի պարագաները, փռեց և սկսեց մազերն ու երեսը զարդարել:        
            Մի խոսքով, այդ և մյուս օրերին անսպասելի մի անկյունից օձն ամեն անգամ բոցավառվում էր, և կինն էլ, աչքերը վրան ընկնելուն պես, տեղից վեր էր թռչում, ճչում, օձն իր ամենօրյա ճանապարհից հետ էր դառնում, ամեն անգամ բերանից մի ոսկե մետաղադրամ էր ընկնում ու զրնգում աղյուսներին: Բայց մի բան կար. ամեն անգամ կնոջ սարսափի ճիչերը խորթության ավելի սակավ երանգներ էին ստանում, և դրանց մեջ մի տեսակ նազանք ու կոկետություն էր հայտնվել: Օձն էլ, որ սկզբում վախվորած էր ու շրջահայաց, այժմ ավելի հաճախ էր գալիս, իսկ վերադառնալիս ավելի դանդաղ էր գնում, ամեն պահի հապաղում, գլուխը թեքում և բարակ, երկար ու կրակոտ մարմնով դուրեկան ալիքվում:     
            Մի օր էլ, չնայած Գոլնարի ողջ ուշադրությանը, որ հարդարվելիս աչքն ամենուր պահում էր, օձն առանց ձայն ու ծպտուն հանելու սողաց գետնին փռված նրա փեշերի վրայով: Գոլնարի ականջին միանգամից մի աննշան շշուկ հասավ՝ նման կիսաբաց ծորակից սուլոցով հոսող ջրի: Կարծես մեկը կամաց ինչ-որ բան էր ասում. այնքան կամաց, որ բացի անորոշ ներկայության զգացումից՝ ոչինչ չէր ընկալվում: Գոլնարը շունչը կրծքում պահեց, ականջները սրեց, բայց ինքն իրեն համոզեց, թե քամին է օրորում հարևանի ուռենու ճյուղերը, կամ տանիքի վրա կատուն խաղ է բռնել չոր հարդի հետ: Հանկարծ մի մետաղադրամ (ավելի մեծ ու ավելի նոր, քան այն յոթ աշրաֆիները, որ Գոլնարը մինչև հիմա հավաքել էր ու դրել մանուշակագույն, ատլասե քսակի մեջ) սահեց կարպետի վրայով ու զրնգաց պատուհանագոգի աղյուսներին: Գոլնարը նայեց: Աչքերն ու բերանը բաց մնացին: Պղնձե շրջանաձև հայելին ու ծարիրի ծայրը, որն ուզում էր աչքերին քսել, արագ վար դրեց ու ձեռքն առաջ տարավ: Մետաղադրամը վերցրեց: Սակայն նույն վայրկյանին մատները մի փափուկ ու ջերմ մարմնի հպվեցին: Նայեց: Օձն անշտապ իրեն հետ քաշեց ու գլուխը բարեկամաբար վեր բարձրացրեց: Կիսաբաց բերանն ասես ժպտում էր: Նրա մանր աչքերը ջերմ ու ազդու ճառագումով պլշել էին կնոջ վրա: Գոլնարը լսեց կամ կարծեց, թե լսում է.    
            – Իմ սուսամբար ու հեզաճկուն հասմիկ, մի՛ վախեցիր:    
            Եվ տարօրինակն այն էր, որ Գոլնարը չէր վախենում: Նրա մեջ չկար ադամորդիների այն հնամենի վախն ու զզվանքը այն կենդանու հանդեպ, որ մեր նախամորը՝ Եվային, իր ամուսնու հետ վտարել էր Աստծո դրախտից: Ասես մի քանի տարվա ծանոթներ էին, և նրանց մեջ երբեք էլ բաժանում չէր եղել: Այդուհանդերձ, Գոլնարը չգիտեր՝ ինչ ասի ու ինչ անի: Անշարժ նստել, նրան էր նայում: Ամեն ինչ լուռ էր ու անշարժ: Դեղձանիկները վանդակում ծպտուն չէին հանում: Հավերն ու աքլորները խաղաղ-խաղաղ էին բակի զամբյուղի տակ: Փողոցից անգամ չէին լսվում սոխ ու կանաչի վաճառողների, մուրացկանի ձայները: Ագռավի ոչ մի կռկռոց, շան ոչ մի հաչոց: Օձը բարեկամաբար կծկվել էր Գոլնարի կողքին, երբեմն գլուխն էր առաջ բերում, սրածայր ու նուրբ լեզուն կրակի բոցերի նման դուրս ցայտեցնում: Գոլնարը նայում էր նրան և իրեն ամբողջովին այլ կերպ վերագտնում: Նրա էությանը մի քաղցր թմրություն ու անհոգություն էր տիրել: Կոպերը ծանրանում էին: Կարպետի վրա կողքի պառկեց, այտերը միջօրեի արևից շիկնած և շուրթերին քրտինքի շողացող կաթիլներ հայտնված՝ փափկությամբ շոյեց օձի գլուխն ու սրտի խորքում ասաց. «Ամուսինս եթե այստեղ լիներ ու ինձ տեսներ…»:
            Աչքի առաջ միջօրեի պեծկլտան մշուշում մխրճված կափ-կանաչ ու մեծ մի այգի էր՝ լայնարձակ ջրավազանով, ուր ճերմակ նունուֆարները շքեղ խաղաղությամբ բազմել էին մուգ տերևների պարզ մատուցարանին: Ամենուրեք խոտի ստվերներ ու կիսաստվերներ էին, գույնզգույն ծաղիկներ, որոնց արբեցնող ու փափուկ բույրը զեփյուռը տարածում էր շուրջբոլորը:       
            Ինքը՝ Գոլնարն էլ պառկել էր սոսիի ու թեղիի բարձր հովանոցի տակ՝ փղոսկրե, եբենոսափայտ մահճակալի մետաքսե անկողնում, և գիրկն էր առել թիկնեղ, մկանուտ ու բարձրահասակ մի պատանու, ում մինչև այժմ չէր տեսել ու չէր ճանաչել, բայց հիմա ասես կյանքում ամենքից ու ամենից շատ նրան էր հարազատ: Պատանու սև աչքերի մեջ բոցկլտում էր կիզիչ հուզումը, և ծովի նման ինչպիսի ուժով էր նրան տիրում: Գոլնարը երբեք չէր ճաշակել իր ողջ գոյությունն անմիջապես մոռացության մատնող այդպիսի քաղցր հոգնություն: Բոլոր զգայարաններն իրար էին խառնվել, և ասես յուրաքանչյուրից մի ծակոտի էր բացվում դեպ այն, ինչ տեսնում էր, լսում ու հոտոտում, տարրալուծվում էր գրկախառնությունների հաճույքի մեջ և ոտից գլուխ բռնկում նրան: Եվ ի՜նչ դյութիչ խաղեր էին խաղում: Գոլնարը մի ոստյունով դուրս էր պրծնում պատանու գրկից և կիսամերկ, մետաքսե բարակ մի վերնաշապիկով ճեմում էր ծառուղում, թաքնվում եղրևանու ու կարմիր վարդի թփերի հետևում, նմանակում տատրակների ու վայրի աղավնիների ձայները, սոխակի պես դայլայլում, ծառերից դեղձ ու խնձոր քաղում ու կծում, իսկ պատանին կարճ ժամանակ անց շտապում էր փնտրելու իր սիրելիին, Գոլնարը եղնիկի ձագի պես փախչում էր, ծիծաղելով վազ տալիս և վերջում ուրախ սրտով բռնվում…        
            Եվ ժամանակն անցնում էր: Այգին այրվում էր աշնան ուրախ գույների մեջ: Քամին կախվում էր տերևաթափ ճյուղերին: Օդը հողի կծվահոտով էր պատվում, և երկնքի ճակատին ամպի մի կնճիռ էր հայտնվում: Այն երկուսի սերը դրոշմվում էր ծանր ու թմրած, եբենոսափայտ մահճակալին…           
            Իսկ բակը մերկացել էր, ավազանի նունուֆարները՝ թոշնել: Երկինքը լալիս էր: Ցուրտ էր: Գոլնարը պատանուն ամուր-ամուր սեղմում էր իր կրծքին և իր ողջ մարմնով գալարվում, բայց սառնության ալիքը շարունակ սողոսկում էր նրա մարմինը: Դողում էր: Կոպերը ծանրանում էին: Գիրկն անուժ բացվում էր… Նրա շուրթերին մի համբույր սառեց:         
            Գիշերը տղամարդը հարևանի կտուրով ստիպված իր տուն գնաց: Գոլնարը պատուհանագոգին քնով էր անցել: Պղնձե հայելին, ծարիրի տարան, դիմափոշու տուփն ու մի փոքրիկ քսակ՝ մեջը յոթ աշրաֆի, դրել էր կողքին, և մի ոսկե մետաղադրամ սահել էր ձեռքից: Նրա մարմարիոնյա կրծքին մի օձ էր կծկվել, որ իրենց հետևից եկած տղամարդու ու մի քանի կնոջ ոտնաձայներից շտապ հասավ տանիքի պռնկի ճեղքին ու անհետացավ:            
            Այն պահին, երբ տղամարդն ակնդետ նայում էր աշրաֆիին և հաշվելուց հետո կրկին քսակը դնում, Գոլնարի կրծքերի կաթնագույն երկու օձաքարը հարևան երիտասարդ կնոջ սրատես աչքն ընկավ: Գլխի ընկավ, թե ինչ է: Ձեռքը պարզեց, փափագումով այն վերցրեց, թաշկինակի մեջ փաթաթեց և իր ծոցը դրեց:  
            Արդեն վստահ էր, որ իր ամուսնու սիրտը մշտապես գերի կլինի իր սիրուն…


     Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի


[1] Ծաղկափոշի, որ խառնում են հինայի հետ և ներկում մազերը:

[2] Սոֆրե բառացի նշանակում է սփռոց: Կիրառվում է գետնին փռված սփռոցի և վրայի ուտելիքների համար: Հիմնականում այդպես էին սնվում համեմատաբար համեստ կյանքով ապրող իրանցիները:

[3] Իրանական հալվայի տեսակ է, որ պատրաստվում է քունջութի մածուկով, ալյուրով, վարդաջրով, շաքարով և ընկույզով:

 [4] Ոսկյա մետաղադրամ, որ հատվել է Մերձավոր Արևելքի, Միջին և Հյուսիսային Ասիայի մուսուլմանական պետություններում:

[5] Ըստ իսլամի՝ յուրաքանչյուր առարկա կախարդանքից հանելու համար անհրաժեշտ է կատարել ծիսական լվացում՝ այն լվալով երեք անգամ:

 [6] Չար ուժեր իրանական հավատալիքներում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով