Էսսե, Հովիկ Մխիթարյան

Անոն

Նրանք տարբեր անուններ ունեն` Անո, Նատաշա, Ջեննի, Իզաբել կամ Պաուլա… Նրանք սպիտակամորթ են, դեղին կամ սևամորթ, նրանք ապրում են աշխարհի բոլոր կողմերում… Ինչքան էլ երկար շարունակենք ցանկը, դրանից չի փոխվի նրանց էությունը` սիրվել ու սիրվել, մայրանալ ու երջանկանալ և…  նվիրվել։ Այդպիսին է կնոջ կանչվածությունը։ Բայց այդպիսին չի այն աշխարհը, որում նա ապրում է և մաքառում…

Լսենք նշանավոր գրող Հայնրիխ Բյոլլի հուզիչ նկարագրությունը. «Այնտեղ, հայելու խորքում, ես տեսնում եմ կանանց` դեղնադեմ կանանց, որ լվանում են սպիտակեղենը ծուլորեն ճողփացող գետերում, լսում եմ նրանց երգեցողությունը, տեսնում եմ չորացող գետինը փորող սևամորթ կանանց, լսում եմ թմբուկների անիմաստ, սակայն կախարդող զարկերը, որ խփում են ինչ-որ տեղ հեռվում նրանց անբան ամուսինները, տեսնում եմ քարե սանդերում հատիկ ծեծող թխադեմ կանանց` երեխաներին մեջքին առած, իսկ հենց այդ ժամանակ նրանց ամուսինները, բութ հայացքով առաջ նայելով, նստել են կրակի մոտ, ծխամորճն ատամներին։ Տեսնում եմ վերջապես իմ սպիտակ քույրերին Լոնդոնի, Նյու-Յորքի և Բեռլինի եկամտաբեր տներում, փարիզյան փողոցների խավար քարանձավներում-տեսնում եմ նրանց տառապալից դեմքերը, տեսնում եմ, թե ինչպես են նրանք վախեցած ականջ դնում որևէ հարբեցողի կանչին։ Եվ տեսնում եմ, թե ինչպես է արշավում պարազիտների նողկալի բանակը, ինչպես է շարժման մեջ մտնում բոլորին անհայտ, բոլորից չփառաբանված բանակը, որը կործանում է բերում մեր զավակներին»։                                             

«Եվ չասաց ոչ մի բառ»

Վերոհիշյալ տողերը մեզ շատ բան են ասում…  Սեղանի վրա է Անուշ Սարգսյանի նոր գիրքը` «Անոն»։ Եկեք նրան` Անոյին անվանենք  հայ կնոջ խորհրդանշական կերպարն այն սերնդի, որն այլևս չի կրկնվելու։ Այդ սերունդն անցավ, թողնելով պայծառ հետք հայկական իրականության երկնակամարում։ Անոն այն սերնդի հավաքական կերպարն է, որը խենթի պես (լավ է դա թե ոչ` այլ հարց է) էր նվիրված ընտանեկան արժեքներին, նվիրվող էր ու հավատարիմ զոհաբերության` «Մատաղ լինեմ քեզ» աստիճանի, մոռացած իրեն ու ամեն ինչ։ Այդ սերունդն անցավ նյութական անհավատալի զրկանքների միջով, երբ երազանք էր սարքին լվացքի մեքենան, իսկ ամանորյա սեղանն ու սենյակի սովորական կահավորանքը տարիների խնայողությամբ էին գեղեցկացնում։ Նրանք, որ իրենց ամուսինների հետ միասին հավատում էին կոմունիզմի «պայծառ անհեթեթություններին» ու ազգերի եղբայրությանը, պայքարում էին հանուն ընտանեկան արժեքների ու «օջախի սրբության» և այրվեցին այդ ճանապարհին։ Այսպիսին էր գրքի հերոսուհին` Անոն, հայ կինը, իր պարզության մեջ բարդ, սիրող ու անձնազոհ և երազկոտ. «Անոն` փայլուն ու դեռ մայր ծառից կախված պտուղի պես երջանիկ`երազում էր ո՛չ սպիտակ նժույգի ու հարուստ ասպետի մասին… »։ Անոն, որ հորինում էր իր հեքիաթը. «Հեքիաթը մի օր հորինել են այն մարդիկ, ովքեր շա՜տ, շա՜տ են սիրել երազել։ Անոն երազող էր»։ Եվ նա անցնելու էր իր կյանքի ուղին, բախվելով երազները ցիրուցան անող, պատրանքները խմբագրող իրականությանը…                                                                                                                                     

«-Վերջ, ետ եմ տալու մատանին, – ասաց մի օր»… «Ձայնի մեջ սպասում կար, հիասթափություն և հավատ` միաժամանակ»։ Նա, որ վազում էր իր երջանկության կապույտ թռչնակի ետևից, ապրում էր իր կյանքի ամեն վայրկյանը, մարելով անուրջների ու իրականության պայքարի մեջ։ Ընտանեկան իր համեստ անկյունն ու սիրո երկնային մի պատառիկ երազող այդ սերնդի հայ կինը նահատակի խորհրդանիշ է, ի տարբերություն արժեքները ջնջող, «ինտելեկտուալ» ու խելացի, թերարժեքության բարդույթից երբեք չտառապող, սեփական արժեքն իմացող այն սերնդի, որ հախուռն գալիս է փոխարինելու իրենց։ Չէր ստացվելու Անոյի կյանքը, որովհետև խենթարեն հավատարիմ էր ու մի այլ աշխարհից, որ միգուցե անհասկանալի է առաջին հայացքից. «Ապրե՞լ էր Անոն այդ ամբողջ ընթացքում, կյանքը նվիրե՞լ էր նրան անուրջներ ու երկինք` իր երազածի պես»։ Ցավոք` կյանքը չի նվիրում, կյանքը վերցնում է, եթե դու ուժեղ չես, երազկոտ ես ու հավատացող։ Դու պարտվում ես, եթե հավատարիմ ես ու անձնազոհ, որպես մի այլ աշխարհի ներկայացուցիչ, որն ընդունելի չէ այս մեկ աշխարհի համար. «Գուգոյի` քարի պես անքնքուշ մատները ճկե՞լ էին նրան սիրո ժամերին, Անոյի աչքերը լռում էին»։ Իսկ լռում են այն աչքերը, որոնք պարզապես ասելիք չունեն…                                         

Վառվում-մոխրանում էին այդ սերնդի կանայք, մինչև նրանց կփոխարիներ թվայինների online հերթափոխը, որ երբեք չէր ասելու. «Ո՞նց եմ հարևաններին նայելու, ի՞նչ երեսով եմ աշխատանքի գնալու, ի՞նչ եմ ասելու… »։ Ու գծում էին իրենց հեքիաթը անոները… թիթեռնիկների նման թռչելով դեպի անմար կրակը… «Նրա կարկաչուն ծիծաղը միգուցե դեռ պահում էին իրենց բողբոջներում տատիս տան բակի ծառերը, որոնց արանքից Անոն գիշերները նայում էր աստղերին ու երազանք պահում` նայելով լուսնի կիսադեմին ու հվելով առկայծումները։ Ամեն առկայծում նշանակում էր, որ երկինքը լսե՜ց, ու Անոն փակում էր աչքերը` ի նշան երախտագիտության… »։                                                                                                                             

Չենք կարող չասել, որ այս փոքրիկ հատվածում հեղինակը հույզերի, սիրո ու մարդկային հույսերի գեղեցիկ ու ներդաշնակ համադրություն է ստեղծել, ի տարբերություն ժամանակակից մեխանիկական գրականության, որտեղ հույզերը փոխարինվել են անհասկանալի, ձևական բառակուտակումներով, իսկ երկինքը` թվային տեխնոլոգիաների հորինած խորհրդապաշտության իմաստակություններով։ Անոն երազում էր. իսկ երկինքն ականջալու՞ր է մեր երազանքներին այնպես, ինչպես մենք ենք ցանկանում, թե՞ երկնային եռաչափ, խորհրդավոր տարածքներում այլ օրենքներ են գործում, որ միայն երկնաբնակներին է հայտնի։ Ահա թե նաև ինչու Անոն ժամանակից շուտ լքեց երկրային քարքարոտ փողոցներն ու ասֆալտե անտառները… Որովհետև երբ մարում են երազանքները, փխրուն հոգիները անհասկանալի աղերսներ են երկինք հղում. «Մեռնե՜մ պրծնե՜մ ձեզնից… Ո՞ր քարին տամ գլուխս, որ մեռնե՜մ… »։ Երբ կյանքը չի պատասխանում նրանց, միգուցե երջանկությունը հենց մեռնել–պրծնե՞լն է` միակ ելքը այն կյանքից, որ ծանր բեռան նման կախվում է սիրո ծարավ, երազկոտ հոգիների ուսերից։                                                                                                       Անոները ժամանակից շուտ են լքում այս աշխարհը։ Երբ ամուսինն այլ աշխարհում է, երեխաները` մի այլ, փլուզվում են եթերային ամրոցները։ Նրանք մեղմ փիլիսոփայությամբ, փափուկ կենսուրախությամբ դեռ շարունակում են կառչել հույսի վերջին պատառիկներից և հյուսել երազանքի տունը` վերանորոգված դռներով, հավ-ճիվ, խոզ, ու վստահություն վաղվա օրվա հանդեպ, որ երեխաները կուշտ են ու ամուսինը` գոհ։ Սա էր այն սերունդի ուրախությունը, որն իր վրա վերցրեց հասարակարգերի փոփոխության ու այս աշխարհի ուժեղների գայլային, թալանի երբեք չդադարող ախորժակի ողջ ծանրությունը։ Սերունդ, ում համար սերն անհասանելի ճոխություն էր, իսկ «համատեղ վերմակի տակ ծվարած մեռյալ հոգիների ու մարմիների ամփոփումը» անմատչելի ուրախություն։                                                                                

 Նախքան գրքի վերլուծությունը շարունակելը ցանկանում եմ մի քանի խոսք ասել հեղինակի` Անուշ Սարգսյանի մասին, ով մեր այն եզակի ու հետաքրքիր գրողներից է, ովքեր կարողանում են ոչ միայն հույզերի մեծ խտություն ներդնել բառերի մեջ, այլև այդ հույզերը պարփակել մտքերի ու անգամ չարտահայտված գաղափարների միջոցով։ Նրա գրվածքներում այդ հույզերի խտությունը երբեմն անհավանական չափերի է հասնում: Կարելի է կարդալ ոչ մեկ դյուժին գրքեր, սակայն այն տպավորությունը ստանալ, որ այդտեղ ոչ թե կենդանի, աշխարհը նյարդերով զգացող մարդիկ են, այլ տառի ու բառի «ռեմբոներ», որոնց «երակներում կաթ է հոսում» (Ֆ. Դոստոևսկու խոսքերով ասած)։ Միգուցե ժամանակնե՞րն են այդպիսին…                                                  

  Քաղաքականություն։                                                                                                                       

«Անոն» ստեղծագործության մեջ հեղինակն իր մտահոգությունն է արտահայտում բոլոր դարերում հայերիս հուզող կեցության խնդիրն այս գայլային աշխարհում, ուր ուժեղները խժռում են թույլերին։ Մենք` հայերս մինչև հիմա ուշքի չենք գալիս այս մոլորակի աշխարհաքաղաքական նենգադավություններից։ Այն դարձել է մեր ժողովրդին հուզող ամենամեծ հարցերից մեկը… «Ով սաղ, ով մեռած, էս խմորը երգար է հունցվելու. մեզ ալյուրի պես գցելու են ջուրը, – իմաստնանում էր քաղաքագետ քեռիս, -այ կտեսնեք, Մոսկվայի խաղերն են, նա մեզ հեշտ մեր հողը ետ տվողը չի։ Ոնց էն կոտրած ձեռքով Ստալին-Մստալինը հանձնեցին գյոզալ հողերը թուրքին, էնպես էլ ձգել-ձգձգելու են էս կռիվը, որ իրենք շահեկան միջնորդի դերում մնան»։ Մինչ մեր ժողովուրդը նորից տառապում է մեծ խաղերի ճիրաններում, մեծ քաղաքականության լաբիրինթոսներում հունցվում է փոքր քաղաքների մեծ մարդկանց իմաստասիրությունը. «Փոքր քաղաքի կանայք նույնպես մեծ են… հենց սկսում են հասունանալ, կնշանակի սկսում են հերոսանալ… »։ Ողբերգությու՞ն է հայ կնոջ հերոսանալը թե՞ երջանկություն, դժվար է ասել, որովհետև ըստ հեղինակի` մեկն առանց մյուսի անհնար է պատկերացնել` «Փոքր քաղաքի սյուներն են նրանք, որ ճկվում, կորանում, ճերմակում ու անատամ են դառնում օր օրի, բայց մնում են հերոս։ Որ կարող էին, ազատորեն, զոհ կոչվել։ Ասենք` ի՞նչ տարբերություն»։ Տարբերություն անկասկած չկա։ Հայ կինը նվիրվում է և դրա մեջ գտնում իր երջանկությունը։ Հավատարմությունը նրա համար գերնպատակ է`«Իրենց պատկերացումներով`սպասելու, նվիրվելու, չսիրելիին անգամ սիրելու»։ Ասվա՞ծ է արդյոք ամեն բան… թերևս։ Որովհետև անոներին այլ բան բան չի մնում, բացի. «… Այն նույն սենյակն էր, որտեղ Անոյի հարսանիքն էր եղել, որտեղ նա հարսնացել էր, որտեղ հղիացել էր, որտեղ մայրացել էր ու որտեղ ավանդել էր հոգին»։                                            

Ավարտվե՞ց արդյոք Անոյի պատմությունը. երբեք, ինչպես երբեք չի ավարտվում անոների պատմությունը, որ աշխարհի չափ հին է ու նոր։ Դա կնոջ պատմությունն է` «Երբ Անոյին վերջին անգամ հրաժեշտ տվեցինք, ես դեռ նրա մոմե մատներն էի մտաբերում ու դրանց կնճիռները։ Սիրո ակոսներ էին` Անոյի ողջ կյանքի ձեռքբերումը»։ Սովորական նախադասությունների մեջ ամփոփված է կնոջ ողբերգական պատմությունը` սիրո փափագի, երազանքների ու երբեք իրականություն չդարձող հույսերի ցավոտ պատմություն։ Ու դա վերջին հաշվով մարդ արարածի ողբերգությունն է երկիր մոլորակի վրա։ Նրա միայնության ու տիեզերական անեզրության մեջ անհուսորեն դեգերող մարդու թափառումների պատմությունը, ուր իրար ձեռք բռնելու փոխարեն ճիվաղի նման հոշոտում են իրար…  իրենց մի բուռ հողն ու փոսը վաստակելու համար։ Մարդը` միայնակ ու որոնող. «Քայլող ու շնչող մենակություն, որը, միգուցե, իրիկունները հանում է հոգին հագուստից ու մրսում հուշերի մեջ։ Ու քանդում մթության խորշերը գոնե մի մոմ գտնելու հույսով։ Բայց հանդիպում են միայն ծուռ ժպիտներ ու սիրելի դեմքերը` սառած կրակներով։ Չգիտես ո՞ր մեղքի ու ո՞ր սիրո դիմաց»։                                                                                                                                                

Գրականությունը չի կարող պատասխանել հարցերին։ Նա կմնա որոնումների ճանապարհներին՝ դնելով մեծ հարցականներ։ Այնքան մեծ ու անհասանելի, ինչքան մեծ ու անհասանելի են մարդկային հոգու խորխորատները, հույսերն ու երազանքները … հարցականներն են լուսավորում այն ճանապարհը, որով անցել են հազարավորները ու շարունակում են անցնել։   Այդ անշնորհակալ գործում իրենց լուման են ներդնում գրականության համեստ աշխատավորները, որոնցից մեկն էլ «Անոն» գրքի հեղինակն է` Անուշ Սարգսյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով