Մհեր Իսրայելյան, Պատմվածք

ԿԱՐԴԱՑԵՔ ԳԻՐՔ, ՊԱՀԵՔ ԿԱՏՈՒ

Թե ուզում ես ամոքել հոգուդ ու մարմնիդ վերքերը, կամ գիրք կարդա կամ կատու պահիր` ասում է հին հաբեշական ասացվածքը։ Մի քիչ էլ մտածիր` ավելացնում է մեր թաղի մի ալևոր։ Իսկ մինչ հաբեշական ասացվածքի իմաստնությունը մարսեմ կամ ալևորի ասածն ընկալեմ, կփորձեմ  ինձ պատած անբացատրելի մտորումները մեկնել յուրովի, հաշվի առնելով տեղական և ազգային ինչ-ինչ առանձնահատկություններ։ Միանգամից ասեմ, որ մտորումներս գրքերի և կատուների անտեսանելի ու խորհրդավոր կապի ու այն մասին են, թե ինչ կարող է լինել, եթե մի օր այդ կապը խզվի։ Դե որ կատուները միշտ էլ, դեռևս հնադարից կարևոր դեր են փրցրել գրքերի էջերում կամ տողատակերում թափառելու համար, բժշկական փաստ է, ապացուցման կարիք չունեցող։ Որպես ինչ-որ գաղտնիքի խորհրդանիշ կամ թե սնահավատության առհավատչյա, գուցե փաղաքշանքի մի խայծ միշտ էլ իրենց ուրույն տեղը ունեցել են։ Այ ուրիշ բան հակառակը` ի՞նչ դեր ունեն գրքերը կատուների կյանքում։ Գրքերի համը, հոտը և ազնվական կերպարանքը խտտու՞մ է նրանց նուրբ քիմքը, էջերում շաղված գոհարները սուր աչքի համար տեսանելի՞ են, թե՞ կատվի համար այն պարզապես մի թղթի կտոր է, անհամ ու անհոտ առարկա։ Կծիկ լիներ, գոնե կգլորեր, հետը կխաղար ու կփորձեր քանդել, վերջում էլ հաստատ թելերը կխճճեր։ Բայց արի ու տես, որ մենք չգիտենք, ու թե մենք չգիտենք, չի նշանակում թե ոչ ոք չգիտի։ Մեր փողոցի անկյունում միշտ նույն քարին ծվարած տիկինը հաստատ կիմանա, քանի որ օրվա մեծ մասն անցկացնում է գրքերի և կատուների հետ։ Ստիպված եմ մի անուն մտածել նրա համար, չէ որ հենց նրա կերպարն է ոգեշնչել ինձ զբաղվելու այս հետաքննությամբ, ու թե մի բան ստացվի, ու կծիկը քանդվի, մեծարանքի բոլոր դափնիները նրան են բաժին հասնելու։ Ասենք տիկին Մուսա՝ գրականության հույն աստվածուհու անունով, թեև կարելի էր և Բեսթեթ անվանել եգիպտական կատվուհի- աստվածուհու պատվին։ Ոմանց համար տիկինը կլինի Գրքերի տիկին, այլոց համար` Կատուների տիրուհի, իմ համար էլ թող մնա ներշնչանքի աղբյուր՝ Մուսա։ Փողոցի անկյունի քարն էլ, ուր տեղի են ունենալու հիմնական իրադարձությունները, պայմանականորեն կանվանեմ Անկյունաքար, ոչ թե մի անկյունում մոռացված քարի իմաստով, այլ հակառակը՝ որպես հիմնաքարի հոմանիշ։

Պիտի ասեմ, որ տիկին Մուսան սկզբում երեք գիրք էր առաջարկում, ամառ թե ձմեռ։ Անկյունաքարին կռթնած, լեզուն չէր պտտվում մի քանի բառ բաշխելու մեզ՝ անցորդներիս, փոխարենը աչքերն էին ժամացույցի սլաքի ուղությամբ հախուռն պտտվում դեմքի վրա, ու մատուցողի պես ասես սկուտեղի վրա գրքերը առաջ էր պարզում։ Իսկ կողքերը նույնքան հախուռն խլվլում էին մեր թաղի կատուները` Սևուկը, Լուսանը և Մոլին։ Կատուների անուններն էլ, իրավիճակի անհեթեթության հանգույն, չէին տեղավորվում որևէ տրամաբանության շրջանակներում՝ Սևուկը սևուկ չէր, Լուսանը ավելի շատ վագրի էր նման, Մոլին էլ, որ ակնհայտորեն աղջկա անուն էր, ընծայվել էր մի կատվի, որն իրականում որձ էր, ու հետո երբ մեկն առաջարկեց անվանափոխել Մորիսի, արդեն իմաստ չուներ, քանզի թաղի ժողովուրդը դժվար է սովորույթ փոխում։ Ինչպես ասացի, գրքերն ու կատուները տիկին Մուսայի անբաժան ուղեկիցներն էին, բայց թե ի՞նչ կապ ունեին իրար հետ, լուրջ ուսումնասիրության առարկա է, որ, թե երևակայությունս հերիքի, կփորձեմ իրականացնել Վագրի այս տարում։

Եվ այսպես, ամեն տարի երկարատև գործուղումից տուն դառնալիս վախը մեջս էր մտնում ու քարի մոտից անցնելիս մտածում էի, որ տիկին Մուսան մեռած կլինի։ Դե, տարեց կին էր, ցուրտ, ձմեռ, հիվանդություններ, ու երբ արդեն գրեթե հույսս կտրում էի, թե կտեսնեմ նրան, մեկ էլ հայտնվում էր։

-Ամեն կատու ունի իր գիրքը, որ հսկում է նրա անդորրը,- այդ տարի ասաց լեզուն հանկարծ բացված տիկին Մուսան,- իր հոգին տալիս է գրքին, ու թե կարդաս այդ գիրքը՝ կատվի ամոքիչ թովչանքը կբժշկի քո հոգին։  

-Ավելի պարզ բան էս աշխարհում չկա,- գլուխս տմբտմբացրի ես։

-Հենց ես չլինեմ, վատ բան կլինի մեր երկրում։ Պիտի շատ կարդալ գիրք, պիտի սիրել կենդանիներին, հատկապես կատուներին։

-Անտարակույս տիկին,- համաձայնեցի ես, որ գլուխս շուտ ազատեմ։ «Առանց Մուսա կյանք չկա»՝ շարունակությունն էլ մտքում ավելացրի։  

Չար լեզուները ասում էին, թե տիկին Մուսան գրադարանավար է եղել ջահել ժամանակ, այլոք էլ պնդում էին, թե նախկին ինժեներ է, որ հասարակարգը փոխվելուց հետո անգործ է մնացել ու տարվել գիր-գրականությամբ։ Երբ մի օր գումար առաջարկեցի, զարմացավ, այլայլվեց, ու անհոդաբաշխ բառերի մի կույտ դուրս եկան շուրթերից, որ երևի` «բա ամոթ չի՞» կամ նման մի բան էր նշանակում։ Ու մի փայլուն միտք շանթահարեց ինձ․ փաստորեն գրքերը չեն վաճառվում, իսկ եթե չեն վաճառվում, ուրեմն նվիրվում են։ Նման թյուրիմացություն էլի էր հետս պատահել, երբ մի օր մի մարդ մոտեցավ և խնդրեց օգնել ու իմ պարզած թղաթդրամից ծամածռած դիմագծերը չթաքցնելով՝ կմկմաց, որ խնդրում է օգնել ավտոմեքենայի անվադողը փոխելու հարցում։ Ես էլ ստիպված էի ներողություն հայցել և արդարանալ, թե մուրացկանները մեր օրերում լավ տեսք ունեն, երբեմն հագած-կապած, երբեմն էլ՝ խնամքով ածիլված։ Ստիպված էի լավ քրտնել անվադողի վրա, մեղքս քավելու համար, թեև, եթե խոր մտածես՝ ի՞նչ մեղք էի գործել որ, մուրացկանն էլ մարդ է, էլի, և կարող է շփոթության պատահմամբ առկայծող դեպքերին ինքն էլ որպես վկա մասնակցել։ Ասենք շփոթեի պատգամավորի հետ, տեսնես՝ էլի կնեղանա՞ր, թե՞ որպես հաճոյախոսություն ընդունելով՝ կշոյվեր։ Սա իմիջիայլոց։

Տարիները փոխվում էին, ձյունն ու արևը իրար էին հաջորդում, կատուները չքվում-ծլում էին, բայց Անկյունաքարում գրքերի քանակը մնում էր նույնը՝ միշտ երեք գիրք։ Մեկը քրքրված Աստվածաշունչ էր, ինչպես մի կերպ պարզեցի, մեկը՝ Լենինի հատորներից, կարծեմ տասնիներորդը, և երրորդը, որ միշտ փոխվում էր՝ Հայ դասական գրականության մատենաշարից, մեկ-մեկ էլ, հավանաբար սխալմամբ, Անտոն Պավլովիչ Չեխով էր սպրդում։

– Աստված երրորդություն է սիրում,- մի օր ասաց մի հարևան։

– Բայց Լենինը տեսնես ի՞նչ կապ ունի սուրբ երրորդության հետ,- հարցրեց հետաքրքրասեր մեկը։

– Մինչև չթաղեն, անեծքը չի անցնի էս աշխարհի երեսից,- շարունակեց զվարճասեր երրորդը։

– էս աշխարհի ամբողջ ներկապնակն է բերել տիկինը,- փիլիսոփայեց մի գիտունիկ։

Թե ինչո՞ւ էր միայն երրորդ գիրքը փոխվում՝ դժվարանում եմ ասել։ Տեսնես՝ երրորդ գիրքը նվիրվու՞մ էր, թե ուղղակի փոխարինվում՝ բազմազանություն հաղորդելու համար։ Համենայնդեպս, թաղում ոչ ոք չէր տեսել, թե որևէ մեկը երբևէ վերցրել է առաջարկվող գրքերից, նույնիսկ Աստվածաշունչը սիրահար չուներ, թեև հավատացյալների պակաս կարծես թե երկրում չկա։

Մի առասպել էլ էր թևածում Անկյունաքարի շուրջ, ասում էին, թե տիկին Մուսան կատուներ է բաժանում բոլոր նրանց, ովքեր ընկճախտի կամ տագնապի ախտով են համակվում։ Իբր, գալիս են նրա մոտ, վերցնում կատուն ու նրան կցված գիրքը, տանում տուն ու մի քանի օր հետո երջանիկ վերադառնում տիկնոջը երախտագիտություն հայտնելու։ Կատուն հպում են կրծքին, ու մարմնի միատարր գռռոցը բոլոր ցավերը քաշում-հանում է, զուգահեռ էլ գիրքն են ըմբոշխնում ու հանդարտվում։ Որոշ չարախնդացողներ էլ փսփսում էին, թե իբր կատվի ձագերի առևտրով է զբաղվում, ու գրքերն ընդամենը շղարշ են խորամանկ տիկնոջ իրական մտադրությունները քողարկելու համար։ Նույնիսկ մի առասպելական թիվ էր շրջանառվում` ձագը հինգ հարյուր, զույգը` ութ հարյուր դոլար։

Անկյունաքարում կյանքը, չէի ասի, թե շատ ուրախ էր անցնում, բայց երբեմն լինում էին անակնկալ զեղումներ։ Մի անգամ Անկյունաքարը չարաճճի երեխաների ասպատակությանն էր ենթարկվել, կատուները քարկոծվել էին, գրքերը ցիրուցան արվել այսուայնկողմ։ Ըստ չարաճճի երեխաների իրավունքների պաշտպանության մի հասարակական կազմակերպության ներկայացուցչի՝ այդ կատվա-գրքային միջավայրը ոտնահարում է նրանց խաղալու անբեկանելի իրավունքը, քանի որ խաղահրապարակում իր մշտական գոյությամբ հանդերձ չի դառնում խաղի մի մասնիկը, իսկ քարը, որ կարող է ծառայել որպես ֆուտբոլի դարպասաձող, դառնում է ինչ-որ գրադարանավարի թե կատվապահի աթոռակ։ Տիկին Մուսան անդրդվելի էր, մի կերպ բացատրել էր, որ ներում է երեխաներին ու հաջորդ օրը նորից եկել քարի մոտ։ Կատուներն էլ էին ի դեպ մեծահոգի, ներել էին ու նորից ծվարել տիկնոջ փողքերի մոտ։ Մի անգամ էլ մի պատանի արկածախնդիր էր մոլորեցրել տիկին Մուսային ու Լենինի հատորը փոխարինել Կամասուտռայով։ Հետո, ավելի ուշ, ընկերներով հավաքվել էին ծառերի հետևը և ծիկրակել, թե ինչպես է տիկինը աղավաղված հայացքով թերթում գրքի էջերը, հետո կողքը կրակ վառում ու գիրքը հանձնում կրակի ամենակուլ  դատաստանին, մի քանի անգամ էլ խաչակնքում՝ մեղա Աստված ասելով։ Դեպքը անցել-գնացել էր, բայց Սևուկը, որ այնքան էլ սև չէր, այդ օրվանից էլ չէր երևացել էդ կողմերում։ Հետո անհետացել էր Լուսանը, որ ավելի շատ վագրի էր նման, իսկ վերջում` Մոլին, որ այդպես էլ Մորիս չդարձավ։ Փոխարենը սկսել էին գալ Ճուկոն, Նազիկը, Փիսոն ու էլի մի քանի կատուներ և նույնիսկ մի կատու տարբեր գույներով` կանաչ և կապույտ աչքերով, որ, ինչպես պարզվեց, Վանա կատու էր ու զույգի փնտրտուքի կրքից խոցված` մի քաղաքական գործչի տնից էր փախել, որ նրան հեռուներից բերել էր իր հայրենաբաղձ զգացմունքներին հագուրդ տալու նպատակով։ Ակնհայտ էր, որ գրքի այրման դեպքից հետո Անկյունաքարի անդորրը խախտվել էր՝ արդարացնելով պատանի արկածախնդրի սպասելիքները։ Մի տեղ կարդացել եմ, որ քաղցկեղը մարմնի բջիջների անկանոն բազմացումն է։ Նման մի բան էլ պատահեց Անկյունաքարի կյանքում, ու գրքերն ու կատուները սկսեցին անխնա շատանալ, ասես քաղցկեղի պալարներով պարուրելով Անկյունաքարը։

Ինչպես վերջերս կարդացած մի լատինաամերիկյան գրողի նրբանկատորեն թարգմանված պատմվածքում պատահեց, մեր թաղում էլ վիճակը դարձավ անվերահսկելի, ամենուր լսվում էին կատուների սիրախաղի մլավոցները ու ընթերցանության ներդաշնակ արտասանության հնչյունների տրոփյունը, պարտադիր հուզառատ հնչերանգով։ Իսկ մի մարդ էլ, որ երևակայության պակաս չուներ, հավաստիացնում էր, թե նույնիսկ կատուներն են սկսել բարձրաձայն ասմունքել, իբր ինքն անձամբ է լսել Սևակի Անլռելի զանգակատան խրոխտ դղրդյունը, հայրենասիրական պաթոսն ու շեշտը՝ տեղը տեղին։

Զարմանալի չէ, որ մի օր հայտնվեց ոստիկանությունը ու պահանջեց փաստթաղթերը․

-Տիկին, անօրինական առևտուրն այլևս Հայաստանում տեղ չունի։

-Գիրք վերցրու, գիրք կարդա,- մի կերպ խզխզաց տիկին Մուսան, նույն ինքը Գրքերի տիկինը,- որտե՞ղ տեսար առևտուր։

-Ինչ գիրք, մենք աչք թարթելու ժամանակ չունենք, հանցագործությունը խժռում է երկիրը։

-Կատու պահեք, կատու,- մի կերպ արտաբերեց տիկին Մուսան, նույն ինքը Կատուների տիրուհին։

-Մեզ շուն է պետք, ի՞նչ կատու,- կատակեց ոստիկանության տեսուչը,- որ հոտոտի ու թշնամի բռնի։

-Եթե ես չլինեմ, վատ բան կլինի այս երկրում,-զգուշացրեց տիկին Մուսան,- մեր մեջ թշնամի մի փնտրեք։

-Գրքեր եք այրում, կատուների վաճառքով եք զբաղվում, մատղաշ սերնդին շեղում եք հայեցի դաստիարակության պետության որդեգրած ուղեգծից։ Մի խոսքով, մի քանի տարվա հոդված որ ուզենք, հեչից կկարենք,-սպառնաց ոստիկանության տեսուչը։

Հետո զգուշացրեց, որ տիկրն Մուսան պետք է դադարեցնի ապօրինի գործունեությունը և վերադառնա տուն, ասաց, թե խարույկի դեպքի վրա աչք կփակվի, չարամիտ մտադրությունը, որ կարող էր հրդեհի պատճառ դառնալ, մոռացության կմատնվի ու զեկույցում չի արձանագրվի։ Բայց նրան ոչ ոք բանի տեղ չդրեց։ Օր օրի կատուներն ու գրքերը  շարունակեցին շատանալ ու շատանալ։ Արդեն գրքերի մի բուրգ էր կուտակվել Անկյունաքարի մոտ, ու կատուների մի իսկական զորաբանակ։ Ամեն կատու ուներ իր գիրքը, որ հոգի էր դրել մեջը, ու թե կարդայիր՝ կամոքվեիր վերքերից ու ցավերից։  Բանը հասել էր այնտեղ, որ իրավիճակի լրջության ահազանգը հասել էր քաղաքի սանիտարահիգիենիկ անվտանգության ծառայությունների ու մշակույթի նախարարության աչալուրջ ականջին։ Պետական թափանիվը պտտվում-պտտվում ու գալիս գամվում էր մեր թաղի այդ կորած-մոլորած փողոցի անկյունաքարին։ Մի օր էլ առանց սեթևեթանքի հավաքվեցին, եկան, խորհրդակցելով ոստիկանության տեսուչի ու համատիրության ճարպիկ պաշտոնյաների հետ, հարցը հենց տեղում լուծեցին։ Մի մեծ խարույկ վառեցին ու գրքերը ճտճտալով այրեցին։ Կրակը բռնեց Անկյունաքարի շուրջբոլորը, բորբոքվեց, հանդարտվեց ու կամաց-կամաց մարեց։ Ու քանի որ գրքերում ամփոփված էին կատուների հոգիները, նրանք էլ շունչները քիչ անց փչեցին, ասես չէին էլ եղել։ Միայն Փիսոն հասցրեց վերջին պահին ճանկռել ոստիկանական տեսուչի քիթը, որ սրանից հետո ամեն տեղ չխոթի։ Պարզվեց՝ ոչ մի հաբեշական ասացվածք էլ չկա, այն պարզապես միամիտ ընթերցողին շպրտած մի լկտի սուտ էր։ Այլ բան էր մեր թաղի ալևորի ասածը, իրոք, մի քիչ մտածել էր պետք։ Երեք օր հետո թաղի երեխաները տիկին Մուսայի դագաղը ավանդույթի համաձայն երեք անգամ պտտեցին ու գլուխը դեպի արևմուտք ուղղած ճամփեցին մի տեղ, որ նույնիսկ չեղած հաբեշական ասացվածքն էր զլացել կանխորոշել։

Կծիկը քանդվեց, ու հաջորդ օրը երկրում տարածվեց պատերազմի բոթը։        

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով