Ազնիվ տատը դժվարությամբ վեր կացավ աթոռակից, կռացավ հավաքեց թղթե կոներն ու խնամքով դասավորեց իրար մեջ։ Չէր շտապում. ցրտից կծկված ու տարիների աշխատանքից ճաքճքած մատները դժվարությամբ էին շարժվում։
Օղու բաժակում եղած արևածաղկի սերմերը շաղ տվեց մոտակա ծառաբնի տակ. եթե հավաքարարները որոշեին ուշ մաքրել հրապարակն ու հարակից տարածքները, աղունիկներն առավոտյան ուտելու բան կունենային։ Քաշելով փոքր պարկերի թելկապները (պարկերում առանձնացված էին աղի ու անալի սերմերը)՝ տեղավորեց ամուր տոպրակի մեջ, որ երկար տարիներ ծառայել էր նրան։
Երբ բոլորը ոտքի վրա էին լինում, նա նստած էր. սպասարկում էր: Երբ ամեն ինչ ավարտվում էր սովորականի պես, կանգնում էր ու անցնում աշխատանքի վերջին փուլին՝ պարկերի ու գլանակների համար նախատեսված տոպրակը, աթոռակն ու փայտյա տակդիրը տեղավորում էր թոռան նախկին, արդեն ճռճռացող անիվներով մանկասայլակի մեջ ու հեռանում. թոռը դեռ անցած պատերազմին, հրամանատարի մեքենայի ղեկին նստած, զոհվել էր ականի պայթյունից։
Վերջին հանրահավաքն էր։ Հրապարակն արդեն կիսադատարկ էր․ հաշված մարդիկ էին մնացել։ Բոլորը գլխիկոր հեռացել էին, վարպետներն անջատում էին բեմի բարձրախոսներն ու հանգցնում լույսերը։
Ազնիվը չէր շտապում ազատվել բաժակից. ամուր, փշրելու աստիճան պինդ սեղմել էր ձեռնափի մեջ ու քթի տակ, շրթունքները դանդաղ շարժելով՝ ինչ-որ բան էր մրմնջում։
Վերջին, ամենավերջին հավաքն էր. երկինքն ամպած էր. հավանական անձրևը լվալու տանելու էր տարիներով, տասնամյակներով կոխկռտված ասֆալտի մարդկային փոշին ու ոտնահետքերը։
Այստեղ բոլորը խոսել էին արդարությունից․․․ և ազնվությունից։ Մի քանի անգամ էլ՝ հայրենիքից։
Քիչ անց հրապարակի լույսերն էլ էին անջատելու, իսկ Ազնիվը, երկու ամսից ավելի է, լույս չուներ։ Արևածաղիկը բովում էր ժամանակից շուտ խորդանոցից հանած ու տան խոհանոցում տեղադրած փայտի վառարանի վրա։ Ընդհանուր ծխատարի մեջ մտցրած խողովակից երբեմն ծուխը տուն էր լցվում. Ազնիվը ստիպված բացում էր փայտյա պատուհանները. փայտը վերջանալու վրա էր, իսկ երկնքում պտտվող աղունիկները թռչում-գալիս, շարվում էին պատուհանագոգին. նրանց չբոված արևածաղիկ էր հյուրասիրում։
Մի քանի վայրկյան անշարժ մնաց, ապա հայացքը հառեց հեռուն՝ արդեն չծածանվող, բարձր խողովակի ծայրից կախ ընկած դրոշին ու բարձրացրեց աջ ձեռքում ամուր պահած դատարկ բաժակը։ Շրջվեց և դանդաղ, ուռած ոտքերը մի կերպ քարշ տալով՝ մոտեցավ մանկասայլակին ու շարժվեց։
Վերջին հանրահավաքն էր. մոտակա ռեստորաններից մեկում հավաքված մի խումբ խմում էր անցյալի հաղթանակների ու հիշողությունների կենացը։
Ազնիվը կեսճամփին կանգ առավ, տոպրակից հանեց պարկերը, բերանները կիսաբաց արեց, գլխիվայր տեղավորեց մանկասայլակի մեջ ու շարունակեց ընթացքը՝ սկսված անձրևից թրջվող ասֆալտին թողնելով թափվող աղի ու անալի սերմերի միախառն հետագիծը։