Իրար շփելով՝ թափ տվեց ձեռքերի հողը և ափը մոտեցրեց ռունգերին: Ի՜նչ անուշ էր նոր պոկած խոտի հոտը: Տղամարդու աչքերը գոհունակ փայլեցին՝ խնձորենու բունը բոլորած մաքուր հողի պես, միայն թե արևաշաղախ երկնքի փայլով:
Պոչի թույլ ճտոց լսվեց: Հյութալի խնձորից մի մեծ պատառ խրթոցով կծելով ու ախորժակով ծամելով՝ տղամարդը ափն ու տարակուսած հայացքը սահեցրեց ծառի բնի վրայով: Հանելուկ էր, թե կապտին տվող այդ ի՞նչ հետքեր էին բնի վրա, որ չէին անցնում: Ախր նա առանձնակի հոգատարությամբ էր խնամում իր այգու գեղեցկուհուն, փայփայում սիրած կնոջ պես: Ինչպես արարչագործության բոլոր շնչավորները, որ երբևէ աշխարհ են գալիս ու անցնում իրենց փորձառության ուղին, ծառը զգում էր տիրոջ նվիրումը: Նրա սիրո վկայությունն էլ առատ ու համեղ բերքն էր:
***
Բարմեն էր՝ 30-ին մոտ, բարձրահասակ, սլացիկ կազմվածքով, համակրելի կիսաժպիտով ու երկնագույն աչքերի առեղծվածային, թավշյա տամուկ հայացքով: Գիտեր, որ գրավիչ է ու սպասում էր, որ աղջիկներն իրենք շփման եզրեր որոնեն: Սկզբում անտարբեր էր ձևանում, հետո վերաբերմունքը կտրուկ փոխում էր տնավարի մտերմաբարի ու հենց այդ խայծով էլ որսում անսպասելիությունից ուշքի չեկած «ձկնիկներին»:
Նրա մասին ոչ ոք կոնկրետ որևէ բան չգիտեր: Բարեխիղճ ու պարտաճանաչ աշխատող էր, երբեք գործից չէր ուշանում, լավ լեզու էր գտնում բոլոր հաճախորդների՝ անգամ ամենակոնֆլիկտային տիպերի ու հարբեցողների հետ: Այդքանը բավական էր, որ սրճարանի տիրոջը այլ մանրամասներ չհետաքրքրեին, ու նրան վարձատրեր այնքան, որ մտքի ծայրով իսկ չանցներ փոխել աշխատավայրը:
Կինը սրճարան էր գալիս գրեթե նույն ժամերին, վերցնում մեկ գավաթ գարեջուր, աղի ձողիկներ, նստում անկյունային սեղաններից մեկի մոտ ու գիրք կարդում: Կարդում էր մոլեռանդորեն, ու դեմքի փոփոխվող արտահայտությունից զգացվում էր, որ սրտանց ապրումակցում է հերոսներին:
Բարմենը, որ տարօրինակ հաճախորդներ շատ էր տեսել ու ենթադրաբար պիտի պատրաստ լիներ նրանց վարքագծի ցանկացած դրսևորման, այդ տեսակ պահվածքից խիստ շփոթված էր: Մանավանդ որ այդ արտասովոր կերպարն իրեն չէր արժանացնում ամենաչնչին իսկ ուշադրության: Նրա տարիքն էր անգամ անհասկանալի: Թվում էր՝ կյանք տեսած կին է՝ խնամված արտաքինով ու նրբաճաշակ հագուկապով: Բայց ընթերցանությամբ նրա տարվածությունն այնքան հուզականորեն աղջկական էր, ու շրջապատի հանդեպ անտարբերությունը՝ այնքան ոչ բնորոշ միայնակ սրճարան հաճախող կնոջ վարքին, որ բոլոր վարկածները փոշիանում էին ու լուծվում օդը ծանրացնող սրճարանային թանձր ծխի մեջ…
Երիտասարդը, ինչ խոսք, համբերատար էր, սակայն ոչ այդ աստիճանի: Մի օր, հերթական անգամ պճպճան գարեջրի գավաթը մատուցելիս, իր ոչ պակաս պճպճան հայացքը գամեց կնոջ դեմքին ու ձայնին որքան հնարավոր է մոգական երանգ տալով՝ ներկայացավ.
– Մայքլ:
– Ինես,– առանց աչքերը գավաթից կտրելու՝ գարեջրի պես սառը պատասխանեց կինն ու հեռացավ իր անկյունը:
Բարմենն իրեն սաստիկ վիրավորված էր զգում: Այսպես հիմնովին պարտվել, այն էլ գրքի՞ն: Դա արդեն անհանդուրժելի էր: Նա որոշեց պայքարել մրցակցի զենքով և նվաճել կնոջ սիրտը, որքան էլ նրան հասնող ճանապարհն անմատչելի ու մշուշոտ լինի:
Մի քանի օր անց, երբ Ինեսն իր սովորական հապճեպությամբ մոտեցավ բարի սեղանին, ապշեց Մայքլի անսովոր ընդունելությունից, ավելի ճիշտ, հակառակը՝ չընդունելու ձևից: Իբրև թե մի կերպ կտրվելով ընթերցանությունից՝ նա ձեռքի գիրքը բացված էջի մասով շրջեց սեղանին, արագ լցրեց գարեջուրն ու կրկին գիրքը ձեռքն առավ: Բարմենը նկատել էր, որ կինը դետեկտիվ ժանրն է նախընտրում և ձեռք էր բերել նրա կարդացած գրքերից մեկը: Ինեսը մի պահ հապաղեց, բայց չկարողանալով զսպել ոգևորությունը՝ բացականչեց.
– Օ, սա՞ եք կարդում, իմ սիրելի գործերից է, ո՞ւր եք հասել…
Վերջ: Անհնար էր երևակայել ավելի դիպուկ հարված ուղիղ նշանակետին: Հաղթանակն ապահովված էր: Մայքլը ցնծում էր: Պայմանավորվեցին, որ երբ ավարտի, անպայման կփոխանակեն իրենց տպավորությունները:
Այդուհետ Ինեսը նստում էր հենց բարի սեղանի մոտ՝ բարձր աթոռակին: Նրան հաճելի էր կարդալուն զուգահեռ Մայքլին պատմել դեպքերի անակնկալ զարգացումների մասին և բարձրաձայն արտաբերել զարմանքի, խղճահարության, հիասթափության ու, վերջապես, զմայլանքի հաղթական ձայնարկությունները:
Մի օր էլ նրանց զրույցը երկարեց, երկարեց, կտրեց անցավ մի քանի փողոց, հասավ Մայքլի բնակարան, ու քանի որ երիտասարդը տիրապետում էր կանանց խելքահան անելու ուրույն ձեռնարվեստին, զրույցն առանց դիմադրության տեղափոխվեց անկողին:
Հայտնի չէ՝ սիրո լարած որոգայթն էր պատճառը, թե սովորության ուժը, Ինեսի այցելությունները Մայքլին դարձան հաճախակի: Ամեն բան կատարվեց այնքան ներդաշնակորեն սահուն ու գեղեցիկ, ասես տեղի էր ունենում ի վերուստ նախանշված ընթացակարգով: Իսկ դետեկտիվի խորհրդավոր աշխարհը շարունակում էր մնալ նրանց աշխույժ քննարկումների կիզակետում: Բարմենն իրոք տարվել էր թե՛ ընթերցանությամբ, թե՛ այդ կիրքը իր մեջ բորբոքող կնոջով: Ինեսը նրա նախորդ ընկերուհիներից տարբերվում էր նրանով, որ անցանկալի հարցեր չէր տալիս, այսինքն՝ բոլորովին հարցեր չէր տալիս, սովորություն չուներ ինչ-ինչ պատճառներով թթվելու, միշտ զվարթ էր, միշտ էներգիայով լի: Մայքլն իրեն շատ հարմարավետ էր զգում նրա հետ և հմայված էր նրա կրակոտ կանացիությամբ:
Մի անգամ Ինեսը քթի տակ խնդմնդալով ասաց.
– Գիտե՞ս, երբեմն մտքովս անցնում է, թե դու սերիական մարդասպան ես և այսպես շահում ես կանանց վստահությունը ու մի օր դաժանաբար սպանում… Իսկ իմ պարագայում ո՞ր մեթոդն ես նախընտրում, սիրելիս, ինչպե՞ս կուզեիր վերջ տալ կյանքիս:
– Խեղդելով,– խաղի մեջ մտավ Մայքլը:
– Գոնե բարձով կխեղդես, որ երկար չտանջվեմ, անխիղճ:
– Չէ, սեփական ձեռքերով… դանդաղ… որ պարանոցիդ սիրուն, կապույտ մատնահետքեր թողնեմ:
– Այ դու սադի՜ստ,– հասցրեց գոչել կինը, մինչ տղամարդը նրա ձայնը կխեղդեր անընդմեջ համբույրներով:
***
Սրճարանից ահազանգ եկավ փրկարար ծառայություն, որ իրենց բարմենը չի ներկայացել աշխատանքի, ինչը չլսված-չտեսնված բան է, և հեռախոսազանգերին էլ չի պատասխանում: Երբ փրկարարները, դռան կողպեքը կոտրելով, մտան բնակարան, Մայքլին հայտնաբերեցին այլայլված դեմքով բազմոցին նստած, կնոջ անշունչ մարմինը գրկում: Նա ցնորված հայացքով նայեց մտնողներին ու հառաչեց.
– Ախր մենք ուղղակի խաղում էինք… Նա ձևացնում էր, թե մեռնում է…
***
«Դու, իհարկե, ոչինչ չես հիշում, բացի քո երեկներից: Ու չես կարող կռահել, թե ինչից է, որ հենց ձեռքդ գիրք ես վերցնում, ոտքերդ մեխանիկորեն քեզ բերում են ինձ մոտ: Դու ընդամենը մի կյանքաչափ հիշողություն ունես, իսկ ես… արմատներովս կարդում եմ հողի հիշողությունը, ճյուղերովս՝ երկնքինը: Մենք կանք այնտեղ: Պարզապես ուրիշ ենք: Դու անցյալից ներկա ես բերել երկնագույն աչքերով տղամարդու կերպարանքդ, ես՝ միայն պարանոցիս կապույտ հետքերը: Ե՛ս այդպես կամեցա: Չտխրես: Մենք կրկին միասին ենք: Սիրում եմ քեզ՝ ինձ ակամա սպանողի քո հեռավոր անցյալով…»: