Ամիրհասան Չեհելթան, Թարգմանություն

Մունեսը՝ Էսֆանդիարի մայրը

Աբդուլբաղիի աղջիկ Թահմինեն յոթ քայլ էր անում կիբլայի[i] ուղղությամբ  և ասում. «Է՜ս  խնդրակատար  կիբլան վկա, ի՛նքս տեսա նրան, հենց է՛ս աչքերովս, կիսադեմը տեսա. մոտեցավ պատուհանին, կարծեմ ինչ-որ բան վերցրեց պատուհանագոգից  կամ էլ ինչ-որ բան դրեց էնտեղ: Ոնց որ թե Մունեսը մոռացել էր՝ պատուհանը կիսաբաց էր թողել»:

Կանայք ասում էին. «Դե՛, ասա տեսնենք, ի՞նչ տիպի էր, շա՞տ էր փոխվել, մազերն ինչպե՞ս, չէին թափվե՞լ, չէին սպիտակե՞լ»:

Թահմինեն ասում էր. «Ախր, ընդամենը մի վայրկյան տեսա, ոնց որ շվաքի պես անցավ աչքերիս առաջից»:

Մորվարիդն ասում էր. «Վալլա՜հ, ինչ ասեմ: Չգիտեմ ինչի՞ եք բոլորդ ինձնից հարցնում: Ճիշտ ա, նրանց բակը մեր պատուհանի դիմացն   ա, բայց ես հո  ամբողջ օրը չե՞մ նստում  պատուհանի դեմը: Մի խոսքով, ես դեռ չեմ տեսել նրան: Մենակ թե էն օրվանից մինչև հիմա քանի օրը մեկ նրանց բակի պարաններին տղամարդու պիժամա ու շապիկ եմ տեսնում»:

Մուբարաքի կինն ասում էր. «Հենց Էդ ա որ կա, քո՛ւրս, բայց բոլորս էլ մնացել ենք զարմացած, թե ինչի՞  էդ տղին ցույց չի տալիս ոչ մեկիս»:

Խոջասթե խանումն  ասում էր.  «Հաստատ  ինչ-որ  պակասություն ու խնդիր ունի, ինչ-որ պատճառ կա, թե չէ ո՛ր տան երիտասարդը վերադարձել ա, մինչև մի շաբաթ, թեկուզ մի ամիս դռները բաց են եղել ժողովրդի առաջ»:

Մորվարիդն ասում էր. «Վալլա՜հ, պատահել ա, որ ես մի անգամ տղամարդու մի զույգ կոշիկ եմ տեսել նրանց նախասրահի մուտքի մոտ»:

Մունեսենց դրկից Ամենեն էլ ասում էր. «Ես էլ եմ  Մունես խանումի ձայնը երբեմն լսում, որ մի հոգու հետ խոսում ա»:  

Նույնիսկ մի անգամ, երբ Թահմինեն գնացել էր Ամենեենց տուն, Ամենեն նրա ձեռքից բռնելով  ու պատի մոտ տանելով՝ ասել էր. «Ականջդ դի՛ր, տես մի բան կլսե՞ս»:

Թահմինեն ականջը դրել էր պատին ու լսել, թե ինչպես էր Մունեսն ասում. «Կաթը սառե՜ց, բա չես խմո՞ւմ»:

Մորվարիդն հարցրել էր. «Ուրիշ էլ ի՞նչ, Թահմինե ջան: էսֆանդիարի ձայնը լսեցի՞ր»:

Թահմինեն կմկմացել էր ու ասել. «Ինչի չէ… ոնց որ թե Էսֆանդիարը հազաց… հենց էդ»:

Ամենեն ասում էր. «Ճիշտ ա ասում Թահմինեն, ես էլ հազի ձայն լսեցի»:

Թաղի խանութպան Ռահմանն ասում էր. «Ըհը՛ն, նոր հիշեցի: Մի օր Մունեսն եկավ ու ասաց, որ Էսֆանդիարը մրսել ա, երկու մսխալ խոտաբույսեր առավ թրմելու համար ու գնաց»:

Հիմա արդեն բոլոր զրույցներն այդ մասին էին:

Մուհամմադ աղան՝ թաղի լվացքատուն-արդուկարանի տերը, ասում էր. «Որ ճիշտն ասեմ… էն սկիզբները մի երկու անգամ Էսֆանդիարի կոստյումն ու շալվարը բերեց արդուկարան: Վերջին անգամ իրեն ասացի՝ «Մունես խանո՛ւմ, էս կոստյում-շալվարը հո մաքուր ու արդուկած է: Կարծես, նախորդ անգամվանից, որ իմ մոտից  տարել ես, մինչև հիմա Էսֆանդիարը չի հագել սրանք»: Կոստյումն ու շալվարը վերցրեց ու գնաց, դրանից հետո էլ չի եկել իմ խանութը»:

Մունեսը մինչևիսկ Աբդուլբաղիի տղային ներս չէր թողել, դռան արանքից ասել էր. «Չէ՜, հիմա չէ: Գիտե՞ս, քնած ա»:

Աբդուլբաղիի կինը հարևաններին ասել էր. «Այսինքն ի՞նչ, վերջապես սրանք հարյուր տարվա ընկերներ են»:

Մունեսը հարևաններին  ասում էր. «Չեմ ուզում շատ հավաքվեն գլխին, հիմա նրան հանգստանալ ա պետք: Իշալլա՜հ  հարսանիքին բոլորիդ կկանչեմ, որ կուշտ նայեք իրեն»:

Ինքը՝ Մունեսն էր լուրը տարել տնետուն. երեկոյան թակել էր բոլորի տան դռներն ու ասել. «Լսեցի՞ք ռադիոն: Ազատվո՜ւմ են, բոլորն ազատվո՜ւմ են, նույնիսկ անհայտ կորածները: Սիրտս պարզ վկայում ա, Էսֆանդիարն էլ ա գալիս: Ես գիտեմ»:

Մունեսը միանգամայն նոր շունչ առավ, երիտասարդացավ, ոտքն այլևս կաղին չէր տալիս, դեմքի բոլոր կնճիռները կարծես անհետացել էին, նույնիսկ մազերը… ներկե՞լ էր մազերը:

Ինքը քահ-քահ ծիծաղում էր ու ասում. «Մեղա Աստծու, հոգուս հետ մի խաղացեք: Բա ինձ սազակա՞ն ա»:

Տունը կրկին սրբեց-մաքրեց: Խուրձ-խուրձ կիտում էր բակի մեջտեղն ու լվանում. մի օր՝ վարագույրները, մի օր՝ ծածկոցները, մի օր՝ Էսֆանդիարի հագուստները: Օճառից ու ջրից ձեռքերը սպիտակ թեփուկով էին պատվել:  

Խանութպան Ռահմանն հարցրել էր. «Աստված հեռու տանի, ուսերդ ինչի՞ ես տրորում»:

Մունեսը պատասխանել էր. «Թևերս ջարդվեցին: Էսօր մի սարի չափ շոր եմ լվացել: Էսֆանդիարը սիրում  ա, որ  ամեն ինչ մաս-մաքուր լինի»:

Անունների առաջին ցանկը ռադիոյով հայտարարվելուց հետո, նրա տան  ինքաեռն այլևս չէր անջատվել: Ժամ առ ժամ թարմացնում էր ինքնաեռի ջուրն ու նոր թեյ էր դնում, բաժակները  կործված էին  ինքնաեռի կողքին՝ մատուցարանին փռված սրբիչի վրա, իսկ Մունեսը ո՛չ ականջն էր ռադիոյից կտրում, ո՛չ աչքը՝ ժամացույցից: Անուններն անգիր էր անում, և եթե թեկուզ հեռու-հեռավոր մեկը ծանոթ էր լինում իրեն, մի կերպ գտնում էր հարազատներին ու լուրը հաղորդում:

Ռազմագերիներն արդեն  մեծ մասամբ վերադարձել էին, նույնիսկ անհայտ կորածները, բայց Մունեսն ասում էր.«Կգա՛, իմ Էսֆանդիարն էլ կգա՛: Սիրտս պարզ վկայում ա»:

Մի առավոտ էլ երբ հարևաններն արթնացան, տեսան՝ Մունեսը տան ճակատից  մարգարտաշար վզնոցի պես գունավոր լամպերի երկու շարան էր կախել, դռան շեմը  ջուր էր շաղ տվել, ինքն էլ նստել տան սեմին ու նայում էր ճամփին: Ո՛վ  մոտենում էր, վեր էր կենում տեղից, չադրայի նստատեղը  թափ տալիս և բարև-աստծուբարինի փոխարեն քահ-քահ ծիծաղում ու ասում. «Երեկ երեկոյան անունը հայտարարեցին ռադիոյով: Ուր որ ա՝ կգա»:

Հարևաններն էլ, իհարկե, ռադիո էին լսում, դրա համար թերահավատությամբ նայում ու ասում էին «Վստա՞հ ես, Մունես խանում»:   

Մունեսն էլ թե. «Վայ, էդ ի՞նչ խոսք ա, մի՞թե դուք չեք լսել: Իմ ականջով լսեցի»:

Հարևաններն էլի թերահավատությամբ գլխով էին անում և ասում. «Լավ, շնորհավոր լինի: Շնորհավոր, Մունես խանում: Հիմա ասա տեսնենք՝ ե՞րբ ես սեղան բացում, խնջույքի կանչում»:

Մունեսն էլի քահ-քահ ծիծաղում  էր ու ասում. «Աչքիս վրա: Հալա թողեք երեխես ճամփից հասնի»:

Երևի Աբդուլբաղին էր, որ հետ դարձավ ու ասաց. «Հիմիկվանից ինչի՞ ես բռնել նստել դռան շեմին, Մունես խանո՛ւմ: Քո ասածով, հազիվ երեկ երեկոյան ռադիոյով նոր հայտարարել են անունը»:

Մունեսը մի պահ նայեց ճանապարհին, աչքերի խոնավությունը սրբեց չադրայով և

ասաց. «Էս անտեր սիրտը մի՞թե համբերում ա: Ո՜ւթը տարի… ութը տարի ա, որ մինուճար որդուս չեմ տեսել: Աբդուլբաղի՛, դու էլ  զավակ ունես, հասկանում ես՝ ինչ եմ ասում»:

Աբդուլբաղին դանդաղ օրորեց գլուխն ու ասաց. «Գիտեմ, Մունես խանում, գիտեմ: Բայց ախր նրանց մեկ-երկու օր պահում են կարանտինի մեջ, հետո նոր մինչև սահմանից բերեն էստեղ, ահագին կտևի, հասկանու՞մ ես»:

Մունեսը, շարունակելով աչքը ճամփին պահել, ասաց. «Չէ՜, չե՛մ հասկանում: Էլ ոչինչ չեմ հասկանում: Հասակցողությունս էլ  ա նա հետը տարել ու մենակ ինքն ա կարող վերադարձնել»:

Մինչև ուշ երեկոյան հարևանները եկան ու գնացին: Ամեն մեկը քանի րոպե նստեց Մունեսի կողքին, իսկ Մունեսը բոլորից հարցուփորձ արեց, հարսնացու փնտրեց՝ ազնիվ  և ամուսին սիրող,  հարուստ օժիտ  չէր ուզում, կինը պետք է կանացիություն ունենա:

Հարևանները մեկ առ մեկ հոգնեցին ու գնացին: Եվ լուսածեգին, երբ Աբդուլբաղիի աղջիկ Թեմինան մոտեցավ  պատուհանին, Մունեսը դեռ նստած էր լամպերի երկու շարքի տակ, դռան շեմին:

Առավոտյան հարևանները Մունեսի տան դուռը փակ տեսան: Իրենք իրենց ասում էին. «Երեկ գիշեր պառավն իզուր  մինչև առավոտ նստեց դռան շեմին: Հիմա երևի գնացել  ա աչք կպցնի»:

Արդեն կեսօր էր դարձել, երբ մեկը համարձակություն գտավ ու Մունեսի դուռը ծեծեց: Մունեսը,  հենց ասես ճիշտուճիշտ  դռան հետևը նստած լիներ: Իսկույն դուռը բաց արեց և ցուցամատը դնելով  քթի վրա՝ ասաց. «Սո՛ւս, երեխես քնած ա»:

Աբդուլբաղիի աղջիկն էր դռան շեմին, համբույրներով ծածկեց Մունեսի դեմքը, Մունեսն էլ դողդողալով ասաց. «Հա՛րսս, իմ սիրունի՛կ հարս»:

Հետո երկուսով իրար գրկեցին, և Մունեսը  Թահմինեի գրկում լացեց այնպե՜ս սրտի խորքից, որ Աբդուլբաղիի աղջիկը մի պահ շփոթվեց:

Լուրը պտտվեց այս տնից այն տուն, բայց թաղի ժողովուրդն հարց էին տալիս միմյանց. «Էդ ե՞րբ եկավ, որ ոչ ոք խաբար չեղավ»:

Հետո էլ ասում էին. «Լավ, փառք Աստծու: Էս պառավը որքա՜ն տանջվեց էս ութ տարին»:

Արդեն իրիկուն էր, երբ Մուբարաքը, մի տուփ քաղցրավենիք ձեռքին՝ գնաց Մունեսի տան դռանը: Մունեսը չբացեց դուռը և հենց ներսից ձայն տվեց. «Երեխես քնած ա, թող մնա վաղը… վաղը: Կամ էլ հենց ինքս կկանչեմ ձեզ, լուր կտամ»:

Մուբարաքը, քաղցրավենիքի տուփը ձեռքին, վերադարձավ և Ռահմանի խանութի դեմը հավաքված հարևաններին ասաց. «Ո՞վ ա լսել, որ հյուրին հետ դարձնեն տան շեմից»:

Ամեն մեկը մի բան ասաց, բայց մեծ մասամբ պառավ կնոջ վիճակի մեջ էին մտնում և ասում. «Խեղճին հանգիստ թողնենք: Ախր մի՞թե քիչ տանջանք քաշեց էս ութ տարին»:

Միայն Մուբարաքի կինն էր սրտնեղվել և ասաց. «Է՜լ ոտք չեմ դնի Մունեսի տուն, Էսֆանդիարի հարսանիքին էլ չե՛մ գնա, Մուբարաքին էլ չե՛մ թողնի գնա»:

Ոչ ոք այլև շատ չխորացավ: Երկու-երեք օր հետո Մունեսը նորից հայտնվեց թաղում, գնումներն անում էր Ռահմանի խանութից, էլի օրումեջ ավլում էր շեմուդուռը, նույնիսկ Էսֆանդիարի տաբատ-կոստյումը տարավ արդուկարան, իսկ խանութպան  Ռահմանին ապսպրում էր. «Թարմ կաթ եմ ուզում, Ռահմա՛ն աղա, թարմ կաթ: Երեխիս ստամոքսը տկարացել ա»:

Թաղի լվացքատուն-արդուկարանի տերը՝ Մոհամմադ աղան, հարցրել էր. «Հը՞, Մունես խանում, Էսֆանդիարն ի՞նչ  ա պատմում էն կողմերից»:

Մունեսը  ճանկով բռնել էր վաճառասեղանին փռված էսՖանդիարի կոստյումի անկյունը, աչքերը մի պահ փակել, և կարծես, դառը երազի միջով անցնելիս լիներ, ասել էր. «Ի՞նչ ասեմ, Մուհամմադ աղա: Աստծու սիրուն, էլ մի՛ հիշեցրու, ի՜նչ ասեմ»:

Խոսքուզրույցները չէին դադարում: Աբդուլբաղիի տղան, մի անգամ էլ  տակնուվրա անելով այդ օրերի թերթերը, ասել էր թաղեցիներին. «Եթե դուք օրաթերթերում տեսել եք Էսֆանդիար Ջահանփանահիի անուն-ազգանունը, ես էլ տեսել եմ»:

Մորվարիդն ասում էր.«Բայց պառավն ինչի՞  պետք ա սուտ ասի»:

Աբդուլբաղիի կինն ասում էր. «Տղա՛ս, մի անգամ էլ նորից ուշադիր նայի՛ր»:

Օրաթերթերը տնետուն էին պտտվում: Բոլորն արդեն անգիր էին արել անունները: Եվ որպեսզի այդ արժեքավոր օրաթերթերը հանկարծ չպատռվեն, Թահմինեն դրանց շուրջեշուրջը ստվարաթուղթ էր փակցրել, իսկ եղբայրը մինչևիսկ վերցրել տարել էր լոսանկարչատուն և պատճենահանել էր անունների էջերը:

Խանութպան Ռահմանն ասում էր. «Իմ քրոջ հարևանի եղբոր տղան էլ էսպես եղավ: Ո՛չ ռադիոյով հայտարարեցին անունը, ո՛չ օրաթերթը գրեց, բայց էս վերջին անգամվա եկողների հետ ազատել էին»:

Աբդուլբաղի կինն ասում էր. «Չգիտեմ վալլա՜հ, ինչի՞  էդ տղին ցույց չի տալիս ոչ մեկին»:

Խոջասթե խանումն էլ ասում էր. «Ոչ մի կասկած՝ որ եկել ա: Չե՞ք տեսնում՝ Մունեսն էս քանի օրերում ի՜նչ  ա փոխվել, նոր կյանք ա առել»:

Եվ մի  անգամ էլ, երբ գնումների համար գնացել էր Ռահմանի խանութ,  Ռահմանը հետ դարձավ ու  ասաց. «Մաշալլա՜հ, տղայիդ գալուց հետո ահագին ջահելացել ես»:

Մունեսը տասնչորսամյա աղջկա պես աչքերը խումար արեց ու ասաց. «Ջահե՞լ, ջահելությունն ինչի՞ս ա պետք… սիրտս ուզում ա, որ էնքան ապրեմ, մինչև էս տղին ամուսնացնեմ, մուրազին հասցնեմ»:

Սկսեց հարսնացու գտնելու հարցուփորձերը և մի օր էլ գնաց Մորվարիդի մոտ. «Հիշու՞մ ես, Մորվարիդ ջան, անցյալ տարի կամ  միգուցե նախանցյալ տարի էր, Ջամալ աղայի մրգավաճառի խանութում քեզ հանդիպեցի, քեզ հետ մի աղջիկ էլ կար, որ ասացիր՝ Ահմադ աղայի եղբոր աղջիկն ա: Հա՞, հիշո՞ւմ ես»:

Մորվարիդը հավաքեց շուրթերը, ձեռքը տարավ ծնոտի տակ, գլուխը կախ գցեց և սևեռուն հայացքով նայեց բակի քարին, հետո ասաց.«Վալլա՜հ չէ, Մունես խանում: Քեզ ասե՞լ եմ, որ Ահմադ աղայի եղբոր աղջիկն ա»:

Մունեսը մոր հարազատությամբ ձեռքը դրեց Մորվարիդի ուսին և ասաց. «Հա՜…հա, աղջի՛կս: Ուշք ու միտք հո չի մնացել, չգիտեմ, գուցե ասել ես՝ Ահմադ աղայի քրոջ աղջիկը»:

Մորվարիդը կլորացրեց բերանն ու ասաց. «Վալլա՜հ… Ահմադ աղան եղբոր աղջիկ չունի, քրոջ աղջկան էլ մի քանի տարի առաջ  մարդու են տվել Դամավանդ քաղաք»:

Մունեսն ասաց. «Սիրունիկ, անուշիկ,  չինար հասակով աղջիկ էր»:

Հետո ձեռքը տանելով իր մեջքի հետև՝ ավելացրեց. «Երբ չադրան հետ գնաց, մազերը տեսա. ա՜յ  մինչև էստեղ՝ գոտկատեղն էր հասնում»:

Հետո ձեռքերը խողովակի  նմանությամբ արեց ու ասաց. «Է՛ս հաստության, ի՜նչ մազեր էին»:

Մորվարիդն ասաց.«Վալլա՜հ, թե հիշում եմ…. հիմա եթե լավ հարսի ես ման գալիս, լիքը լավ աղջիկ կա»:

Մունեսն ասում էր. «Հա՜, իհարկե: Բայց ուզում եմ  ծանոթ ու իմացած տեղից աղջիկ լինի: Դե, եթե հարմար մեկի տեղն իմացար, Աստված սիրես, ինձ ցույց տուր»:

Ռահմանն ասել էր. «Ինչի՞ ես քեզ չարչարում, երկու քայլ գնաս, կհասնես Աբդուլբաղիի տան շեմին: Հա՛մ  ծանոթ ա, հա՛մ էլ… իմ քրոջ տեղն ա՝ սիրունատես աղջիկ ա»:

Մունեսն ասել էր. «Ի՜նչ ասեմ, Ռահման աղա, երիտասարդների սպասելիքները շատացել են»:

Մեկ-մեկ պատահում էր, որ Մունեսին տեսնում էին՝ տոնական սև-սաթ չադրան գլխին գցած, տնից դուրս ելնելիս կամ տուն վերադառնալիս: Հարևաններն հարցնում էին. «Իշալլա՜հ խեր լինի, Մունես խանում»:

Ի պատասխան բոլորի՝ Մունեսն աչքերը փակում  ու քաղցր բողոքավորությամբ ասում էր. «Աստված վկա, հոգնել եմ,   խնամախոսի գնալու համար Նոյի պես երկար կյանք պիտի ունենաս և մի զույգ երկաթե կոշիկ: Էն էլ՝ էս դարի երիտասարդների սպասելիքներով»:

Արդեն բոլոր խոսակցությունները պտտվում էին Մունեսի՝ աղջկատեսի գնալու շուրջ:                                                                  

Մուբարաքի կինն ասում էր. «Վալլա՜հ… ինձ էլ քանի-քանի անգամ ասել ա: Բայց ախր գիտե՞ք, էս տեսակ գործերի մեջ միշտ հազար խնդիր ա առաջանում: Մուբարաքն ասում ա. «Ավելի լավ ա, որ մենք չմիջամտենք: Եթե լավ լինի, կասեն իրենց շնորհքից էր, եթե վատ դուրս գա, բոլոր կուժուկուլաները մեր գլխին կջարդեն»: Էդ հալա մի կողմ, մի բառ չի պատմում էդ տղից: Ախր, խանում ջա՛ն, ասա տեսնենք տղադ ինչացու՞ ա, ինչքա՞ն եկամուտ ունի: Իսկի մեզ ցույց էլ չի տալիս»:

Էսֆանդիարի՝ կին առնելու պատմության մասին խոսելիս էր, միայն այդ  մի անգամը, որ Աբդուլբաղիի աղջիկը բարձրացրեց գլուխն ու ասաց. «Բայց ես տեսել եմ իրեն, Սուլթա՛ն խանում: Մաշալլահ ի՜նչ բոյ ու հասակ ուներ»:

Մորվարիդն ասել էր. «Տեսե՞լ ես նրան, Ալլահի սիրուն, բա ինչի՞ ոչ մեկին ոչինչ չես պատմում: Ասա տեսնեմ՝ էսքան տարվանից հետո դեմքն ի՞նչ տեսակ ա»:

Թահմինեն ասել էր. «Միայն մի պահ տեսա դռան շեմին: Ի՜նչ բոյ ու հասակ ուներ, ասես, դյուցազն Սոհրաբը լիներ, բայց չկարողացա նայել իրեն: Աչքերը… աչքերն էնպես փայլում էին, որ էլ մի ասա, և դեռ…»:

Աբդուլբաղիի կինը ձեռքը հետևից մոտեցրել էր աղջկա մեջքին ու ճմկթել, և Թահմինեն կուլ էր տվել իր խոսքի շարունակությունը:

Թահմինեն ուրիշ անգամ էլ մի բան ասաց. մի բան ասաց և վերջնականապես հունից հանեց Աբդուլբաղիին: Դա այն ժամանակ էր, երբ Մորվարիդն ասել էր. «Անունը կա, ամանում չկա, բայց հա՜ գնում ա իրա տղայի համար հարս ուզելու»: Թահմինեն, որ մոր կողքին կանգնած, սմբուկներով լի զամբյուղը տուն տանելիս էր, ասաց. «Հա՛մ անունը կա, հա՛մ էլ ամանում կա: Արդեն հարսանիքի  կոստյում-շալվարն են պատվեր տվել կարելու»:

Աբդուլբաղիի կինը ապշած նայեց իր աղջկան, բարկությամբ քաշեց զամբյուղն աղջկա ձեռքից, և երկուսով տուն գնացին: Երեկոյան Աբդուլբաղին վրդովմունքը թափեց բոլորի գլխին: Պարզվեց, որ աղջիկը երբեմն առանց որևէ մեկին բան ասելու, գնում է Մունեսենց տուն: Աբդուլբաղին ասում էր. «Ի՞նչ իմաստ ունի՝ աղջիկը վըզտ-վըզտ գնա մի տուն, որտեղ ազապ տղամարդ կա»:

Եվ կարգադրեց, որ Թահմինեն  այդուհետ ոտքը տնից դուրս  չդնի:

Հասան աղան՝ խաչմերուկի անկյունի դերձակը, ասել էր. «Հիմա որ խոսքը բացվեց, ես էլ ասեմ: Երեք երեխայիս արև, հանկարծ չմտածեք էդ կոստյում-շալվարի մի ղռան փողի համար եմ ասում: Պառավի համար եմ ավելի շատ անհանգիստ: Երկու ամիս ա, Էսֆանդիարի կոստյում-շալվարը պատրաստ ա, չի գալիս վերցնի»: 

Մուբարաքն ասել էր.«Ուրեմն դու տեսե՞լ ես Էսֆանդիարին»:

«Հենց իրեն՝ չէ: Է՜ն առաջին օրերը Մունես խանումը կոստյում-շալվարի  կտորը բերեց իմ խանութ, համ մեկ էլ թաշկինակի մեջ լցրած կոնֆետներ, ասաց. «Հասան աղա, անուշ արա, Էսֆանդիարի փեսայության կոստյում-շալվարի կտորն եմ բերել»: Նույն վայրկյանին պառավի աչքի  առաջ մկրատեցի կտորը: Մունեսն ուզում էր ձեռքս պաչեր, երեխի պես հեկեկում էր: Գլուխներդ չցավացնեմ, Էսֆանդիարը չեկավ, որ չափերը վեր առնեմ: Մունեսը հա՜ էսօր-էգուց էր անում, ասում էր. «Երեխես առավոտ շուտ  գնում  ա գործի, իրիկունն ուշ ժամի վերադառնում»: Ես էլ ասում էի. «Լավ, Մունես խանում, բա՞ ուրբաթ օրերը… մի ուրբաթ օր խանութս կբացեմ, ասա թող գա»: Վերջը… Մունեսը Էսֆանդիարի  շուտվա կոստյում-շալվարներից  մեկը  բերել էր, ես էլ դրա վրայից չափեցի, նույն չափերով կարեցի»:

Մի անգամ խանութպան Ռահմանն էլ ասել էր. «Է՜ն տարիներին ինչ-որ խոսք ու զրույց կար: Կարծես Էսֆանդիարն էլ աչք ուներ Թահմինեի վրա»:  

Մունեսը շփոթված ասել էր. «Ի՞նչ խոսք ու զրույց»:

Հետո ձեռքը դրել էր Ռահմանի խանութի վաճառասեղանին դրված  բաղարջի վրա  և ասել. «Էս բարաքաթը վկա՛, ես Թահմինեին իմ երեխի պես սիրում եմ: Էն ժամանակ էլ ո՛չ մի խոսք ու զրույց չի եղել: Երբ Էսֆանդիարը գնաց  կռիվ, Թահմինեն դեռ աղջնակ էր»:

Անցել էր մի քանի ամիս, մի օր էլ հացի հերթում Աբդուլբաղին Մունեսին  ասաց. «Էդ տղան սիրտը չփտե՞ց տանը: Էն բանտից դուրս եկավ, ընկավ էս մի բանտը»:

Մունեսն ասաց. «Էնպես էլ չի, որ միշտ տանն ա մնում: Ընկերները գալիս են, մեկ-մեկ տանում են դուրս՝ ման են տալիս»:

Ճիշտ էր ասում: Նախորդ ուրբաթ երեկոյան կամ նախանցյալ ուրբաթ էր, կամ էլ… Աբդուլբաղիի աղջիկը մեքենայի ձայն էր լսել ու պատուհանին մոտեցել: Մեքենան ճանապարհ էր ընկել Մունեսի տան առջևից, հենց այդ ժամանակ էլ, կարծես, Մունեսի տան դռան ձայնն էր լսվել:

Աբդուլբաղին ասել էր. «Ես խոսել եմ մեր փողոցի մեխանիկ վարպետի հետ, քիչ ու միչ հիշում է Էսֆանդիարին»:

Այս խոսքն ասում էր  Մունեսի խնդրանքից հետո, երբ Մունեսն ասել էր. «Տղաս ո՛չ հեր ունի գլխին, ո՛չ էլ ախպեր: Դուք իրա համար ախպերություն արեք ու մի աշխատանք գտեք»:

Հարևաններն էլ ասել էին.«Աչքներիս վրա, Մունես խանում, աչքներիս վրա»:

Խոջաստե խանումի ամուսինն ասել էր. «Մեր բանկը անվտանգության աշխատակից  ա ուզում, գրագետ աշխատող, աշխատավարձն էլ լավ ա: Էսֆանդիարի համար կխոսեմ, կդասավորեմ»:

Մունեսն ասել էր. «Վա՜հ, տղաս ինը տարի դաս ա սովորել, որ հիմա դռնապա՞ն դառնա»:

Խոջաստե խանումի ամուսինն ասել էր. «Դռնապան չէ, Մունես խանում, դռնապան չէ, անվտանգությա՛ն աշխատակից: Գիտե՞ս իրենք ինչ դիրք ունեն. առանց նրանց թույլտվության՝ բանկի տնօրենն  էլ չի կարող ներս ու դուրս անել»:

Տղամարդիկ հա՜ աշխատանք էին գտնում, Մունեսը հա՜ չեմուչում էր անում,  վերջում Մուբարաքը հետ էր դարձել ու ասել. «Վարչապետությունը ո՞նց ա, Մունես խանում»:

Մունեսն առաջ էր եկել, աչքերը կայծկլտացել էին, կանգնել էր Մուբարաքին դեմ առ դեմ. «Ո՛չ մեկից ո՛չ մի բանով պակաս չեմ, ո՛չ մեկից: Եվ ե՛ս եմ նրա մայրը՝ Մունեսը»:

Մուբարաքը վախեցել էր: Բոլորն ասում էին. «Պառավը որտեղի՞ց դուրս բերեց էդ ձայնը»:

Թահմինեն մոտ եկավ և գամված ու դողացող Մունեսին տուն տարավ:

Մորվարիդը հարցրել էր.«Տան ներսն ի՞նչ կար-չկար: Ինչ-որ բան տեսա՞ր»:

Թահմինեն լուռ էր մնացել:

Մորվարիդը նորից էր հարցրել. «Ոչ մի բան գլխի չընկա՞ր, չիմացա՞ր»:

Թահմինեն ասել էր. «Ինչի չէ… պատահունագոգին ծխախոտ կար ու մոխրաման»:

Մորվարիդն ասել էր. «Էսֆանդիարը հո չէր ծխում»:

Թահմինեն գլուխն օրօրել էր ու ասել. «Ի՜նչ իմանաս, գերիների ճամբարում է ծխել սկսել»:

Մորվարիդն ասել էր. «Ուրիշ  էլ  ի՞նչ»:

Թահմինեն ասել էր. «Հանկարծ ձայն եկավ աստիճանների վերևից: Կարծես, վերևից իջնում էր ներքև: Չադրաս գլուխս գցեցի ու դուրս եկա»:

Մորվարիդը հուսախաբվեց  ու ասաց. «Ուրեմն չես տեսել իրեն»:

Թահմինեն ասել էր. «Ինչի չէ… մի պահ դռան շեմին ինչ-որ շվաք տեսա, որ գնաց Մունեսի սենյակը»:

Մորվարիդն ասել էր. «Մունեսն ի՞նչ էր ասում»:

Թահմինեն ասել էր. «Մունեսին, որ սենյակ տարա, նվաղած  ընկավ մահճակալին: Կարծես, փլված սար լիներ: Համ էլ անընդհատ  ինձ ասում էր. «Գնա՛, շուտ գնա՛, քանի Էսֆանդիարը չի եկել, գնա՛»: Հենց էդ պահին նկատեցի, որ նորից ինչքա՜ն ա ծերացել ու կոտրվել»:

Թահմինեն ճիշտ էր ասում. Մունեսը կրկին նախկինի պես հոգնած ու նվաղուն էր դարձել: Նախկինից էլ ավելի քիչ էր շփվում հարևանության հետ: Նույնիսկ ավելի ծերացած էր թվում, նորից նույն կնճիռները դեմքին և ոտի նույն կաղումը:

Աբդուլբաղիի աղջիկն ասել էր. «Մունես տատի, ինչի՞ ա տրամադրությունդ նորից էսքան ընկել: Էս շաբաթ միասին կգնանք դրսի բաղանիք, ուզում եմ ինքս մազերիդ հինա դնեմ»:

Մունեսն ասել էր. «Հինան ուզեմ ի՞նչ անեմ: Ինշալլա՜հ հաջորդ բաղանիքը մեռելալվայի համար կգնամ, եթե Աստված  կամենա»:

Թահմինեն ասել էր. «Էդպես մի՛ խոսիր, Մունես տատի: Մինչև Էսֆանդիարի հարսանիքը պետք ա  քեզ ջահել ու առույգ պահես»:

Մունեսը նայել էր հատակին և նախքան աչքերը կսկծային, հարցրել էր. «Այսինքն ես կտեսնե՞մ էդ օրը»:

Աբդուլբաղիի աղջիկն ասել էր. «Ինչի՞ չես տեսնի, ինչի՞ չես տեսնի, Մունես տատի»:

Մունեսն ասել էր.«Աստված ձենդ լսի, աղջի՛կս»:

Մունեսն ու Թահմինեն միասին բաղնիք գնացին, բայց Մունեսը չթողեց, որ Թահմինեն իր մազերին հինա դնի: Միայն թե բաղնիքում հանկարծակի ասել էր. «Շրջվի՛ր, տեսնեմ»:

Թահմինեն շրջվել էր: Մունեսը բռունցի մեջ բռնել էր նրա մազերն ու ասել. «Էլ չկտրե՛ս: Մի քիչ էլ օձի յուղ քսիր վրան: Թո՛ղ երկարի հասնի մինչև գոտկատեղդ»:

Թահմինեն փակել էր աչքերն ու հատիկ-հատիկ դանդաղ շշնջացել էր. «Աչքիս վրա, Մունես խանում, աչքիս վրա»:

Թաղի ժողովուրդը բաց չէին թողնում: Աջ ու ձախ հարցապնդում էին պառավին: Գեթ մի անգամ չէր պատահում, որ պառավին հանդիպեին ու Էսֆանդիարի մասին չհարցնեին: Ոնց էլ չլիներ, մի բան ասում էին, օրինակ. «Երեկ գիշեր ռադիո չես լսե՞լ, ասում էին՝ ազատված գերիներին աշխատանք են տալիս, հա՜»:

Մունեսն ասել էր. «Աշխատանքը կպնի գլխներին: Աշխատանք ուզենք ի՞նչ անենք»:

Բայց Մորվարիդն ասել էր. «Վերջն էլ  էդ փեսացու աղային ցույց չտվեցիր մեզ»:

Մորվարիդի ձայնի հնչերանգը  վախեցրել էր պառավին, ասել էր. «Ի՞նչ եք ուզում ինձանից, էս քանի ամիս ա շնչիս եք նստել: Ես ու Էսֆանդիարը երկուսով մեռնենք, որ թաղը մեզանից պրծնի»:

Պառավ կինն իր ամբողջ կյանքում այս թաղի նույնիսկ մի մրջյունի չէր նեղացրել: Աբդուլբաղիի կինն ասել էր.«Մի՛ նեղացիր, Մունես խանում: Երիտասարդների խոսքերը սրտիդ մի՛ առ: Մորվարիդը վատ մտքով չի ասում»:

Մունեսն ասել էր. «Հարցը մենակ Մորվարիդը չի: Ո՛չ մեկդ ինձ հանգիստ չեք տալիս, ո՛չ մեկդ: Պատին եք դեմ տալիս»:

Այլևս ոչ ոք Էսֆանդիարի մասին հարցուփորձ չէր անում: Մունեսն էլ քիչ էր  հայտնվում թաղում, գնումների համար  հազվադեպ էր դուրս գալիս, կամ էլ եթե գալիս էր, ապա կեսօրից հետո, երբ փողոցը սակավամարդ էր լինում: Պատերի տակով էր գնում, ավելի դանդաղաքայլ էր դարձել, և Մորվարիդը տեսել էր, որ պառավի ոտքի կաղումը շատացել էր, շատ ավելի շատ, հազիվ էր իրեն հասցնում մինչև Ռահմանի խանութը:

Ռահմանն ասում էր. «Էլ բան չի պատմում: Ձեռքն էլ դողում ա: Երեկ ինքս զամբյուղը մինչև տան դռան մոտ տարա իր համար: Վերջին անգամ, որ եկել էր,  ասաց՝  Էսֆանդիարը աշխատանքի ա գնում:  Ասաց՝ առավոտ շուտ գնում ա, իրիկունն ուշ ժամին վերադառնում: Էլի նորից ասաց, որ շատ  ա ուզում մեռնելուց առաջ էդ տղին ամուսնացի, տունուտեղի տեր դարձնի»:

Աբդուլբաղիի կինը Մուհամմադ աղայի արդուկարանն էլ գնաց: Մուհամմադ աղան ասաց. «Շուտվանից ա, որ էստեղ չի եկել: Մաքուր, արդուկած կոստյում-շալվարը բերում էր, որ արդուկեմ: Ես էլ վերջին անգամ չընդունեցի իրենից»:

Աբդուլբաղիի կինն ստիպված գնաց Մունեսի տան դռանը: Սկզբում զանգը տվեց: Մի քանի անգամ: Հետո բռունցքով հարվածեց տան դռանը: Արդեն շունչը կտրվել էր, երբ պառավը բացեց դուռը: Աբդուլբաղիի կինն ասաց. «Սիրտս պայթում էր արդեն, Մունես խանում, վախեցա, որտե՞ղ ես ախր, Մունես խանում: Ինչո՞ւ ես քեզ հեռու պահում մեզնից: Դու այս թաղում բոլորի կողմից շատ հարգված հարևան ես»:

Մունեսը հենվեց դռանն ու ասաց. «Ինձ լավ չեմ զգում, Ջահան խանո՛ւմ: Լրիվ մարմինս ցավում ա, էս անտեր սիրտն էլ մյուս կողմից….»:

Աբդուլբաղիի կինն ասաց. «Ախր գոնե բժշկի տանենք, որ դեղ գրի, ինչ-որ դարման անի: Էս տան մեջ եթե  ընկնես ու մնաս, ոչ ոք չկա մի բաժակ ջուր տա քեզ»:

Մունեսն ինքն իրեն հավաքեց, փոքր-ինչ ուղղեց կորացած մեջքը, երակներով տաք արյուն վազեց,  և ասաց. «Ոչ ոք չկա՞: Տղա ունեմ՝ սարի պես տղա: Չի թողնում տեղիցս շարժվեմ: Հացը բրդուջ ա անում, դնում բերանս: Շատ կներեք, ինձ շալակում ա, տանում զուգարան: Էդ ի՞նչ խոսք եք ասում, Ջահան խանո՛ւմ»:

Աբդուլբաղիի կինն ասաց. «Հա, իհարկե, բայց վերջապես, ինչ էլ չլինի, նա տղամարդ  ա՝  առավոտը գնում, իրիկունն ա գալիս»:

Մունեսն ասաց. «Տղուկս մի շաբաթ ա աշխատանքի չի գնում, մնացել ա տանը, որ ինձ խնամի»:

Աբդուլբաղիի կինն ասաց. «Լավ, շատ գործեր կան, որ տղամարդու ձեռքից  չեն գալիս: Թող ներս գամ, գոնե մի աման  ապուր պատրաստեմ քեզ համար»:

Մունեսը ձեռքով փակեց մուտքն ու ասաց. «Չէ, չէ, Ջահան խանո՛ւմ: Չեմ ուզում ձեզ նեղություն պատճառեմ: Էսֆանդիարն ամեն ինչ կարողանում  ա անել»:

Աբդուլբաղիի կինը, աչքերը կկոցած, նայեց դեպի բակի մյուս կողմի սենյակը: Նրան թվաց՝ ինչ-որ ստվեր անցավ պատուհանի հետևից:

Պառավը բոլորի հիշողությունից կջջնվեր, եթե դրկից Ամենեն  երբեմն լուր չբերեր, թե մեկ-մեկ լսում է նրա հազի ձայնը կամ էլ լսում է, թե ինչպես է կանչում Էսֆանդիարին: Առաջին կանչը երկրորդ անգամվա չի հասնում, ըստ երևույթին, տղան ուր էլ լինում է, անմիջապես հասսնում է պառավին:

Մինչև որ մի իրիկուն Ամենեն թակեց Աբդուլբաղիի տան դուռը և ասաց. «Առավոտից մինչև հիմա, հենց բակ եմ գնում, ինչ-որ հոտ ա տարածվել ամեն տեղ: Կարծես, Մունեսենց տնից  ա գալիս հոտը…»:

Աբդուլբաղիի կինն ասաց. «Այսինքն ի՞նչ հոտ, քո՛ւրս»:

Ամենեն ասաց. «Ի՜նչ ասեմ, վալլա՜հ, վատ հոտ, նեխածահոտի պես: Ինչքան  անցնում, ուժեղանում ա հոտը»:

Աբուդլբաղիի կինն ասաց. «Դեհ… լավ կլիներ, գնայիր իրենց տուն»:

Ամենեն ասաց. «Էսօր երկու անգամ գնացել եմ, դուռը ծեծել: Չի  բացում դուռը»:

Աբդուլբաղիի կինը գնաց Մունեսենց տան դռանը: Սկզբում դռան արանքից հոտ քաշեց և նույնիսկ ասաց՝ «Քեզ թվացել ա, Ամենե», և հետո սկսեց դուռը ծեծել:

Մորվարիդը հայտնվեց ու ասաց. «Վալլա՜հ, քանի օր ա իրիկունները լույս չի վառում»:

Աբդուլբաղիի աղջիկն ասաց. «Չլինի՞ պառավի գլխին փորձանք  ա եկել»:

Տղամարդիկ լուրն առան:

Հարցը լրջացավ: Ամեն մեկը մի բան էր ասում: Ելարան բերեցին: Աբդուլբաղիի տղան ելարանով բարձրացավ պատն ու ասաց. «Բակում ոչ մի բան չկա, բայց ճիշտն ասած, ես էլ եմ հոտ առնում»:

Ելարանը վերև բարձրացրին, Աբդուլբաղիի տղան բռնեց այն և պատի մյուս կողմում  տեղավորեց գետնի վրա: Աբդուլբաղիի կինն ասաց.«Բալե՛ս, առաջ ձեն տուր Մունես խանումին, միանգամից չգնաս, պառավը չվախենա հանկարծակի»:

Աբդուլբաղիի տղան մի երկու անգամ կանչեց Մունեսին, հետո ելարանի աստիճաններով իջավ, և մի վայրկյան չանցած, տան դուռը բացեց հարևանների առջև:

Բակի մյուս կողմի սենյակում, անջատիչը դժվարությամբ գտնված լամպի  լույսի ներքո տեսան Մունեսին. նստած էր գետնին՝ մաքուր ու  հարթ սավաններով ծածկված մահճակալի կողքին կուչ եկած, ճակատը դրած ներքնակի անկյունին: Ներքնակի վրայից բարձրացրին Մունեսի գլուխը և տեսան, որ սպիտակ սավանը լաքոտվել  էր մի ափաչափ արյան բծով:

Աբդուլբաղին գնաց՝  Մուհամմադ աղայի արդուկարանի հեռախոսով «Բեհեշտ Զահրա» գերեզմանատուն զանգելու և այնտեղից  դիատար մեքենա կանչելու, կանայք գնացին՝  կերակրի կաթսաները դուրս բերելու, տղամարդիկ ծխում էին Մունեսի տան դռան շեմին, իսկ Թահմինեն, իրիկնամուտին մեն-մենակ կանգնած պատուհանի կողքին, արտասվում էր:

Թարգմանույթունը պարսկերենից՝ Էմիկ Ալեքսանդրիի


[i] Մեքքայի Քաաբա տաճարի (մուսուլմանների գլխավոր  սրբավայրի) ուղղվածությունը կոչվում է կիբլա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով