Գոհար Գալստյան, Պատմվածք

Կապույտ հավերժություն

          Վաղ առավոտից՝ մրսած ու մեղավոր քաղաքի վրա շաքարափոշու պես բարակ ձյուն էր մաղում։ Մեքենան զառիվեր ոլորանով շրջվել ու արդեն հասնում էր Եռաբլուր։

             Սառն օդի մեջ, քիչ անց, կայանած մեքենայի միաժամանակ բացված ու արագորեն փակվող երեք դռներից մի ակնթարթում կյանքի շունչը խառնվեց ցուրտ լռությանը։

             Զինվորական հագուստով տղաների քայլքը երեք կողմից մղվեց դեպի մեքենայի առջևի փակ դուռը, ուր կապույտի մեջ փաթաթված կնոջ դալկությունից մեղրամոմե լույս էր կաթում…

            Զարուհին էր…

            Վտիտ ուսերը վերարկուի տակ թաքցրած, վշտից խելագար, երիտասարդ կինը միակ որդու վերջին հրաժեշտից հետո՝ հենց նույն օրը, բժիշկների պնդմամբ և որդու ընկերների համառությամբ, տեղափոխվել էր հիվանդանոց…

            Հատուկ մասնաշենքում՝ քովիդի դեմ ոտքից գլուխ սպառազինված բուժակները Զարուհուն արագորեն տեղավորել էին մի սենյակում, ուր շնչառական սարքին միացած՝ պառկած էր տարեց մի կին… Կնոջ անսովոր վիճակից Զարուհին խղճահարվել էր. բժիշկներին հարցեր չէր տվել սեփական վիճակի մասին՝ լուռ ենթարկվել էր, և հոգու ու մարմնի կրկնակի փորձությանն արդեն հանձնված՝ շաբաթներ շարունակ մեկուսացել էր հիվանդանոցում…

            Ջերմության ու տենդի բոլոր օրերին նա Աստված էր կանչում, որ իր կյանքի բարակ թելը կտրվի, որ որդու ապրած երեսուներեք օրերի դժոխք-պատերազմը՝ հետագա տասնմեկ օրերի ավերով ու այդպես էլ չավարտվող ամայությամբ՝ իր համար մեկեն հերքվի, որ ինքը հերոս որդուն միանալու բախտը գտնի՝ էնտեղ, փակ դռներից ու պատերից դուրս, հորիզոնից անդին, ուր արևի որդան կարմիրով՝ հավերժության կապույտի ու սիրո ծիրանագույնի ամբողջ ջերմությամբ վերջին անգամ որդու մարմինը ծածկող եռագույնը ծփացել էր հաղթության հավատով…

             Ծայրահեղ մի պահի՝ ջերմելով, Զարուհին մահվան դող զգաց… Անպաշտպան ու մերկ՝ ասես խոնավ հողի վրա էր, ինչպես որ նկարի մեջ տեսել էր մոմլաթե բարակ փռոցի վրա պառկած զինվորին։ Զարուհու համար երանություն կլիներ՝ իր միակի կամ ամեն մեկ զինվորի բաժնի հետ այդպես նույնանալը։ Սրտում երախտագիտության պես անբառ աղոթք կար ու սրբազան մի լռություն։ Եվ հանկարծ գրեթե լրիվ անզգայության մեջ՝ շատ որոշակի զգաց ճակատին հպվող որդու ափերից իրեն պարուրող ջերմության ալիքը… Խաղաղ նինջ իջավ վրան, ու չտեսավ, որ հենց նույն պահին սենյակի մյուս մահճակալի տարեց կինը հանգավ։

            Երազում որդին իր հետ էր, իր կողքին նստած։ Նրանից կապույտ լույս էր ճառագում և դեմքը խաղաղ էր… Զարուհին չզարմացավ, երբ նկատեց, որ իր կապույտ վերարկուն է որդու ուսերին, իսկ իր ուսերին՝ եռագույնը…

           Դրանից հետո որդին Զարուհու պահապան հրեշտակն էր՝ ամեն ժամ կողքին, և նրա մոմագույն դեմքին թեթև ժպիտ էր հայտնվել, որի լույսը շատ հեռու էր խելահեղության կրակից… Զարուհին հրաշքով հաղթահարել էր ծանր թոքաբորբը, և իր չմեռնելու համար անսովոր երախտագիտությամբ էր լցված, որ կարող է ուխտի գնալ որդու շիրիմին։

              Առաջին ուխտն էր…

              Երեք զինվորների հոգածությամբ Զարուհին դուրս եկավ մեքենայից՝ ճերմակ թրաշուշանների մի փունջ գրկած, ինչպես որ ուղիղ քսան տարի առաջ գարնանային մի առավոտ գիրկն էր առել նորածին որդու ճերմակ բարուրը և ընծայի պես դուրս էր բերել՝ որդու աչքերի աննման կապույտն ու լուսաճառագ ժպիտը բարեխառնելու աշխարհին…

                Ուղեկից զինվորները Արամի ընկերներն էին, Զարուհու նոր հարազատները՝ հրամանատար Արսենը, Վարդանը, որ ուսի բեկորային վնասվածքից նոր էր ապաքինվել, և Լևոնը, որ հրամանատարի շեղող կրակահերթի տակ Արամի մարմինը հրաշքով դուրս էր բերել մարտի դաշտից։

              Զարուհին նրանց արդեն որդու նման գիրկն էր առել, երբ օրեր առաջ նույն կազմով եկել էին՝ հիվանդանոցից իրեն տուն տանելու։ Հիմա նրանց շունչն ու ամուր քայլն էր իր թիկունքում։

             Արսենը նրան թևանցուկ ուղեկցում էր աստիճաններով, ծառուղով՝ դեպի սրբազան բլուրը, Լևոնն ու Վարդանը պատվո քայլով գալիս էին ետևից…

              Գլխավերևում որդու աչքերի աննման կապույտը գտած՝ սրտի մեջ նրա լուսաճառագ ժպիտը փայփայելով, Զարուհին իրական հանդիպման հավատով ու անբացատրելի զորությամբ էր լցված…

             – Տիկի՛ն Զարուհի, քիչ հետո շարժվենք, երկար մնացիք… Չմրսեք…- խնկարկման արարողակարգի ավարտին դժվարությամբ արտաբերեց Արսենը։

          Ճերմակով ալիքավորված եռաբլուրի գոգերն ու կուրծքը լիքն էր ծաղկանախշ բարուրներով։ Նրանցից ամեն մեկն իր մոր սրտի պես մի վառ կանթեղ ուներ կրծքին ու մի եռագույն։ Մանկան շնչի պես տաք՝ օդի մեջ խնկի ծուխ էր բարձրանում այդ փակ բարուրներից, և մայր հողն այդ շնչից կենդանի տրոփում էր…

           Տղաները հասկացել էին, որ Զարուհուն մի պահ մենակ պիտի թողնեն, և սառն օդում ծխախոտի կայծեր բորբոքելով, քիչ հեռու շրջում էին իրենց ծանոթ ու անծանոթ ընկերների շիրիմների շարքերով՝ խոնարհվելով դեռևս տաք խնկամանների մեջ խունկ գցելու…

             Հրամանատարն ինքն էլ քայլեց նրանց հետքից, բայց՝ հեռու-մոտիկ, աչքի ծայրով հետևում էր Զարուհուն…

             Սկզբում նա կարծեց, թե Զարուհին պարզապես իր հույզերին է ազատություն տվել. դեռ հապաղեց… Հետո մտածեց՝ ծաղիկներն է նորից հարդարում, բայց քիչ անց ետ դարձավ ու արագորեն մոտեցավ Արամի շիրիմին…

           – Ի՜նչ եք անում, տիկի՜ն Զարուհի, կսառչե՛ք…

           Զարուհին՝ իր կապույտ շալի մեջ՝ առանց վերարկուի, դեռ ծնկած էր որդու հողաթմբին։ Վարդանը մի պահ միայն ուզեց միջամտել, ոտքի բարձրացնել նրան. հասկացավ, որ իրավունք չունի։ Արագորեն հանեց իր զինվորական բաճկոնը, գցեց Զարուհու ուսերին… Չխանգարեց…

             Քիչ հետո, երբ շիրիմը կատարելապես հարդարված էր, ոտքի հանեց Զարուհուն, լուռ խոնարհվեց ու արցունքներից խոնավ իր թաշկինակով՝ նախ սրբեց նրա ծնկները, ապա հերթով հագցրեց նրան բաճկոնի աջ թևքը, հետո՝ ձախը, գլխի շալն ու բաճկոնի մորթե օձիքը շտկեց, կոճկեց, և թևանցուկ անելով Զարուհուն՝ խնդրեց, որ քայլեն դեպի մեքենան։

           Երբ տղաները մոտեցան Արամի շիրիմին՝ ճերմակած թմբի ավազներին Զարուհու ոտնահետքերը դեռ թարմ էին…  Նրա կապույտ վերարկուն փռված էր շիրիմի երկայնքով, իսկ խնամքով դասավորված ճերմակ թրաշուշանները՝ թանձր կապույտի մեջ, կենդանի լույս էին ճառագում…

          – Լևո՛ն, հիշո՞ւմ ես, Արամը կապույտ մանուշակներ էր հավաքել զորանոցի մատուռի համար՝ էնքան շատ, որ զարմացել էինք։

         – Իսկ դու գիտե՞ս, որ այդ օրը ոչ միայն Տիրամոր Ավետման տոնն էր, այլ տիկին Զարուհու ծննդյան օրը։ Ես Արամին էդ մանուշակներով լուսանկարեցի… ուղարկեց մորը…

           Հրամանատարը Զարուհու հետ արդեն մեքենայի մոտ էր, երբ տղաները մի բան որոշածի առույգությամբ քայլեցին բարակ ձյան վրա նրանց դեռ բաց հետքերով։

          – Արամի շիրիմին գարնանը բնական մանուշակներ են աճելու… Ա՛յ կտեսնես… Գիտեմ՝ ինչ եմ ասում…

          – Լավ ես մտածել… Կուրախանա տիկին Զարուհին…

ՄԻՆՉԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

             «Առաջին անգամ, երբ Պերինյոնը համտեսել է իր նոր պատրաստած խմիչքը, որը հետո շամպայն պիտի կոչվեր, մոտավորապես այսպիսի բացականչություն է արել.- Եկե՜ք, համտեսե՛ք աստղերը»։ Ամեն անգամ իր սիրելի ֆիլիմից Լուզին այս կտորն էր ցիտում՝ երբ առիթից առիթ ընկերներով հավաքվում էինք ո՛չ թե քաղաքի սրճարաններից մեկնումեկում՝ Պրադոյին հարակից այգում կամ՝ այլուր, այլ մեր ձեղնահարկի սենյակներից մեկում, արվեստի ուսանողներիս հատուկ տրամադրված՝ մեր համեստ կեցության միջոցներին հարմար վարձու տրվող շենքի մի ողջ հարկաբաժնում, ուր կենում էինք մեզ նման ուրիշ տասներկու ուսանողների հարևանությամբ՝ շուրջ վեց ամիս և արդեն տասնըհինգ օր։

          Նախ շամպայնի շիշը դուրս էր բերում սառնարանից, հետո երկարուկ ապակյա բաժակները զնգզնգում էին ու տղաներից մեկնումեկը՝ հիմնականում Էնդրյուն, վարպետորեն հանում էր շշի խցանը, և ոսկեշող թափանցիկ հեղուկի մեջ կծմծան աստղերի մի ամբողջ միգամածություն բխեցնելով՝ տիեզերքը բաժին առ բաժին պարպում էր բաժակներիս մեջ…

          Հաճույքի այդպիսի պահերը՝ եթե ոչ հազվադեպ, ո՛չ էլ հաճախակի էին լինում, մինչ այն օրը, երբ Մադրիդի արվարձանի մեր տանիքի տակ՝ ձեղնահարկում փակվածներիս համար անսովոր ավանդույթ ձևավորվեց…

         Միջազգային այն ծրագրի նպատակը, որի շնորհիվ աշխարհի տարբեր երկրներից երիտասարդ մշակութաբաններս եկել էինք՝ արվեստի պատմության, իսպանական և համաշխարհային գեղանկարչության, ճարտարապետության և մշակույթի բոլոր ճյուղերի համեմատական՝ հնարավորինս խոր ուսումնասիրության համար, Մադրիդում բակալավրի աստիճան ստանալուց հետո՝ մեզ մեր երկրներում լայն բացված թևեր էր տալու, որի ամրացող փետուրներն արդեն նշմարվում էին մեր թիկունքներին։

          Թանգարանների ու պատկերասրահների, քաղաքի ինքնատիպ  փողոցների, հուշարձանների ու տաճարների գլխապտույտում՝ օտարազգի ուսանողներիս այդ խումբը վայելել էր եվրոպական քաղաքակրթության ընձեռած լավագույն հնարավորությունները, մտերմացել ու ընկերացել էինք իրար, ձևավորվել էին անգամ զույգեր, օրինակ՝ Լուզին ու Էնդրյուն կամ Ջամայքն ու Մոլին… և հանկարծ՝ համաճարակը…

         Իսկ սկզբում ո՞վ կարող էր մտածել, թե դա լուրջ է։

        Ամանորից այս կողմ Չինաստանից եկող լուրերը միայն Շյան-Լուին էին հուզում։ Զուսպ նստում էր ընթերցասրահում և ժամերով կորչում էր համացանցի մեջ… Ընկերները երբեմն հարցնում էին նրան՝ այդ քչախոս չինացուն, թե՝ ի՛նչ կա քո ընտանիքում, ու նա ամեն անգամ խոնարհելով նեղլիկ կոպերը հոգոց էր հանում ու զուսպ ձայնով հաստատում, թե՝ ամեն ինչ կարգին է։

          Հետո տագնապը երևաց Բիթարի սև ու թախծոտ աչքերում. երեք օր հետո իմացանք, որ նա մեկնել է Թեհրան։ Ավելորդ է ասել, որ լուրերն իրականում մեզ չէին էլ սպասում՝ դրանք հոսում էին մեր այփադներից ու սմարթֆոններից, սքայփի ու համացանցի տարբեր հարթակների միցոցով հորդում՝ լցվում էին մեր ականջների, աչքերի մեջ, խելահեղ անցումներով տպավորվում մեր ուղեղում՝ աներազ գիշերների մեջ մեզ անակնկալ մղձավանջ պարգևելու համար թվային էկրանների տեսադաշտերից անդին։

          Պատկերներ Ուհանից, զգուշացումներ, քաղաքական առաջնորդների և միջազգային կազմակերպությունների հորդորներ։ Իրականում՝ բոլորը դեռ աշխարհի որոշ մասի համար, բայց՝ ո՛չ մեզ։

         Դեռ հավաքվում էինք խումբ-խումբ դասերից հետո, քննարկում էինք, ու ոչինչ այդքան լուրջ չէինք ընդունում, երբ հանկարծ Ջուզեպպեն այլայլված սենյակ մտավ ու ասաց, որ մայրը Պալերմոյում վարակվել է covid19-ով… Այդ օրերին արդեն համաճարակը մոլեգնում էր Իտալիայի հյուսիս-արևմուտքում՝ Իսպանիային այնքան մոտիկ։

        Լուզին, Բետտին, Մոսը, Էնդրյուն, Ռուդին, Ջամայքը, Մոլին, Ջուզեպպեն, Շյան-Լուն և ես՝ Անահիտս, արդեն քսաներորդ օրն է փակված ենք մեր ձեղնահարկում…

         Այսօր մեկուսացման 35-րդ օրն է։ Մենք իրարից անկախ որոշեցինք փակվել ու մնալ։ Մեզնից ոմանք փորձեցին մեկնել, բայց արդեն ուշ էր։ Հիմա չգիտեմ անգամ՝ որոշումս ճիշտ էր, թե՝ ոչ։ Գիտեմ միայն, որ իմ երկրում էլ մեկուսացման կարգը գործում է, և եթե հասցրած լինեի մեկնել՝ պիտի որ մերոնց հետ էնտեղ փակված լինեի։

       Այստեղ ևս, ինչպես որ ամենուրեք՝ իրար տուն այցելություններն անհնար են, իսկ մենք այս իմաստով առանձնահատուկ կարգավիճակում ենք։ Մենք իրարու հետ կարողանում ենք շփվել, իրար մեջ նման արգելք չկա, և դեռ մեկուսացման սկզբի շաբաթները մի երկու անգամ փորձեցինք մեզ տրամադրել՝ իբր ոչինչ էլ չի պատահել ու երեկոները հավաքվեցինք Լուզիի մոտ՝ շամպայն խմելու…

         Ջուզեպպեի մայրը երեկ մահացավ։ Հայրն ու պապիկը նախորդ շաբաթ էին մահացել։ Ջուզեպպեն իրեն կոտորում էր՝ հրաշքով մեկնի Իտալիա, գոնե հրաժեշտ կտա հարազատներին։ Քույրն արցունքների մեջ խեղդված սքայպով հեկեկում էր, թե՝ ոչ մի հնար չկա հրաժեշտ տալու, հասկանո՞ւմ ես՝ նրանց տարան շտապօգնության մեքենայով ու՝ վերջ։

        Մենք օրվա մեջ մի քանի անգամ շենքի տանիքն էինք բարձրանում՝ տեսնելու հրաշալի Մադրիդը՝ գարնանային թխպոտ երկնքի ծանրության տակ, որի մի ճեղքից անակնկալ երբմն-երբեմն ճառագող արևի շողերն ավելի արծաթ, քան ոսկի էին սփռում քաղաքի կտուրներին ու նորիցնոր կախվում՝ սպասվող անձրևի կուտակումով…

      Լուրերը, որ աշխարհով մեկ ազդարարում էին՝ տարեց սերնդի արագահաս հունձքը, մեզ ասես չէին հուզում, մինչ այն օրը, երբ մի հերթական հավաքի ժամանակ ինքնաբուխ սկսեց խոսել Մոսը.

       – Լսեք՝ ասաց նա, էսպես որ գնա աշխարհը կորցնելու է իր իմաստնությունը, իր կենսափորձը, կապը սերունդների և սեփական տոհմածառերի միջև։ Դուք հասկանո՞ւմ եք, որ սա ուղղորդված է դրան։ Իհարկե, բոլորդ եք կարդում դավադրության տեսությունների և նոր աշխարհակարգի մասին։ Մեր ուսումը ֆինանսավորող կազմակերպության՝ վերևից մեզ հովանավորողների կարգախոսները ես չեմ մոռացել, աշխարհին մենք եթե պետք էլ լինենք՝ նրանց մեր առանձնահատկությունները չէ, որ հետաքրքրում են… Չգիտեմ էլ՝ ի՛նչ ասեմ…- Մոսը մտահոգ ու հարցական նայում էր բոլորիս։

         – Այսօր մեր ծերուկ պրոֆեսորն էլ հոգին ավանդեց։ Տեսնո՞ւմ եք՝ Իսպանիան, որ երեկ չէր հավատում՝ մեզ հետ եկել-փակվել է այս ձեղնահարկում, որտեղից դեռ, բարեբախտաբար, ծաղկած ծառերն ու նորաբաց գարնան թռչունների երգը լսելի է,- կեսհեգնական շարունակեց Ջամայքը։- Տանիքում գոնե մաքուր օդ շնչելու հնարավորություն կա։ Բա պատկերացրեք՝ մի գետնահարկում փակված լինեինք, ինչպես որ մերոնք հիմա իմ երկրում՝ ութ հոգով երկու սենյակում փակված են։ Էնտեղ էլ միայն մեծ-մեծ հուսադրում են, բայց համաճարակը մե՛կ է, ու նույնն է ամենքիս համար։

           – Դե, իհարկե՝ ո՛չ։ Որոշ երկրներում լավ էլ կանխարգելեցին։ Արագ արձագանք, ճիշտ գործողություններ։  Ի՞նչ կասես, Անահիտ,- Լուզին շեշտակի ինձ նայեց։

           – Իմ երկրո՞ւմ… ես չգիտեմ, իմ երկրում՝ ժամանակի՞ն, թե՝ ուշացած, ճի՞շտ, թե՝ սխալ մեթոդներով եղավ արձագանքը… Մի բան կասեմ միայն, որ իմ երկրում սրտացավության պակաս պետք է որ չլինի։ Ես դեռ չգիտեմ՝ ինքս ճի՞շտ, թե՝ սխալ վարվեցի այստեղ մեկուսանալով, միայն թե… Մի բան ասեմ՝ երկու օրից բոլորիդ հրավիրում եմ իմ սենյակ։

          Իմ անակնկալ հատուկ հրավերը մեկուսացման արդեն տասնյակ ու տասնյակ սուղ օրերից հետո, երբ բոլորիս հին պաշարները համարյա սպառվել էին, իսկ անցաթղթով երեք օրը մեկ մոտակա խանութ այցելությունը, նաև՝ գումարի տնտեսումով, ուղղված էր մեր միայն անհրաժեշտից էլ անհրաժեշտ պահանջներին, մի քիչ զարմանք առաջացրեց ընկերներիս դեմքերին… Իսկ Բետտին, որի հետ սենյակս պատկից էր և որի հետ՝ դիմակներով ու ձեռնոցներով գանգստերների պես միշտ միասին էինք գնում խանութ, ինձ նայելով ժպտաց և կարծես թե կռահեց հրավերիս պատճառը… Երկու շաբաթ առաջ, նա ականատես էր եղել իր համար շատ տարօրինակ մի արարողության, երբ անակնկալ մտավ սենյակս ու տեսավ, թե ինչպես եմ ափսեի մեջ խոնավ բամբակի վրա ոսպի հատիկներ ցանում։ Իր զարմանքը հայտնելուց հետո, պատասխանիցս ոգևորված՝ Բետտին արդեն ամեն օր ինձ այցելում ու հետևում էր, թե պատուհանագոգին դրված փոքրիկ մարգագետինն ինչպես է աճում արևի տակ…

         Հրավերի օրն արդեն կեսօրն անցել էր, և իմ սենյակում հավաքվել էինք բոլորս… Ես, ինչպես որ Լուզին էր բոլորի աչքի առաջ հանդիսավոր բերում շամպայնի շիշը, մոտեցա պահարանին և նույն հանդիսավորությամբ, բայց՝ առանց Լուզիի արտիստականության, դուրս բերեցի Արենի կարմիր գինու շիշը։

        – Շատ տարիներ առաջ, երբ հայկական Արենիի քարանձավում առաջին գինեգործը  համտեսեց իր հնձանի կարմիր գինին, նա հաստատ այսպես բացականչեց՝ «Եկե՜ք, համտեսե՛ք հողի կենարար արյունը»։ Սա ես մեջբերում եմ Եղեգնաձորում ապրող իմ պապի խոսքերից… Այսօր Հայ Առաքելական եկեղեցին Տիրոջ Հարությունն է տոնում։ Հիմա, հե՛նց հիմա այնտեղ՝ իմ երկրում, Տիրոջ Հարության Ճրագալույցն է։

         Այս ասելով, ես շիշը փոխանցեցի խանդավառված Էնդրյուին… Մոսը ձեռքը մեկնեց և առաջինը վերցրեց խմիչքը։ Քիչ անց տասը հոգով նստած էինք իմ թանկ պահուստի բարիքներով սեղանի շուրջ, որի կենտրոնում թավշականաչ ծլարձակումով ափսեն էր, վրան՝ վառվռուն կարմիր հավկիթներ, կողքին՝ տատիկիս պատրաստած արևահամ չրերը, ընդեղեն և այդ չրերով իմ պատրաստած բրնձե փլավը, իսկ այդ ամենը ճաշակելու համար՝ իմ ձեռքով պատրաստած նրբաբլիթները, որոնք փոխարինելու էին տնական լավաշին…  

         «Քրիստոս հարյավ ի մեռելոց…».- Ես իմ մայրենիով ասացի՝ երբ ընկերներս իսպաներենով իրար ոգևորող խոսքեր էին ասում գինին ճաշակելիս…

         «Օրհնյալ է Հարությունը… … … Մարդկությա՜ն…»- մի պահ ինձ թվա՞ց՝ չիմացա, թե՞ մեկը բաց պատուհանից ավետեց, և ես այդպես լսեցի – գուցե՝ Տիրոջ արձագանքը … Երկնքից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով