Մարտուն Հովհաննիսյան, Պատմվածք

Վասն մեծագույնի կամ Փորձեր

(վերամշակված տարբերակ)

так похоже на самые общие фразы, что меня,
 наверно, сочтут за ученика низшего класса,
представляющего свое сочинение на
“восход
солнца”…
или скажут, что я, может быть, и хотел
 что-то высказать, но при всем моем желании

 не сумел… “развиться”


Достоевский. «Идиот»

Երևանի N հանրակացարանում մահացել էր ժամանակին հայտնի մտավորական, դասախոս Խաչիկ Աստվածատուրյանը։ Պապից ժառանգած այսպիսի անունն ու«յան»-ի փոխած ազգանունը նրան չէին խանգարել արժանանալու «Պլեխանովի» պատվաբեր մրցանակին,

«Հավանաբար լսել եք Նյուտոնի և իր օրենքների մասին: Այդ օրենքներից երրորդը, որի օգնությամբ կարելի է արտածել տիեզերքի ամենահիմնարար՝ էներգիայի պահպանման օրենքը, ասում է, որ եթե մի մարմինն ազդում է այլ մարմնի վրա, ապա վերջինս նրան հակազդում է նույնպիսի, բայց հակառակ կողմ ուղղված ուժով: Թվում է՝ տիեզերքում ամեն ինչ «ստիպված» է շարժվել այդ օրենքով, բայց Մարդը, լինելով տիեզերքի անբաժան մասնիկը, կարո՛ղ է խախտել այդ օրենքը՝ առանց մի թիզ անգամ տիեզերքը հավասարակշռությունից դուրս բերելու: Մարդը ունա՛կ է ներել, ունա՛կ է ուժին ուժով չպատասխանել։ Սա ապացույցը չէ՞ նրա, որ Մարդն իր մեջ կրում է մասնիկ, ինչը ենթակա չէ այսդենական օրենքներին, մասնիկ, որն անդին է…»

ինչի մեջ ցնծության մեծ առիթներ չտեսավ: Բայց հաջողությունը վիճակահանությամբ չէր տրվել, ինչպես վերջին տարիների գրականության Նոբելյան մրցանակները. նրա աշխատանքները լայնորեն ուշադրության էին արժանանում Միության կենտրոնական ակադեմիական շրջանակներում: Մայրամուտի տարիներին սակայն մտածող տղայից ստվերն էլ չէր մնացել: Վերջին հանգրվանն էլ քաղաքի հանրակացարաններից մեկն էր, որտեղ էլ ավանդեց հոգին: Երիտասարդ տարիներին չնայած չուներ մեծաթիվ բարեկամներ, բայց տարիների հետ եղածներն էլ պակասեցին` մի մասը մահացան, մի մասն էլ անկախությունից հետո հաշվեցին ու հասկացան, որ սեփականաշնորհման թալանին չմասնակցող ու պատգամավորության չձգտող  մտավորականի հետ շփումը օգուտներ չի բերի:

Նրա մահվան լուրը այլևայլության գիրկն էր գցել երկու հոգու՝ իր մութ էջերի գրագրուհի Նռանեին և նրա աղջիկ Կառլային: Նռանեն իր տեղը չէր գտնում. չէ՞ որ մահացել էր իր՝ պապից մնացած ու երբեք չծախսված ցարական մեդալիոնները ծախելով՝ իր սարսափար կարծիքով՝ ալիմենտ վճարող ծերուկը։
Նռանեն, (ում չգիտես ինչու կոչում էին տիկին Գեղեցիկ, կամ կարճ՝ տ. Գեղ.) տարիքը մի տեսակ անդուր ձևի առած կին էր, ով կարծես դուրս թռած լիներ Լոմբրոզոյի «Կին հանցագործ և մարմնավաճառ» աշխատության որևէ էջից: Իսկ աղջիկը, որը մոր դավադրությամբ կրում էր Աստվածատուրյան ազգանունը, արտաքնապես բավական նման էր մորը՝ աչքերը և՛ կանաչ էին, և՛ կապույտ, նման Սևանա լճին (երբ օգոստոսին կանաչով է պատվում), իսկ ներքին ոլորտներից ոչինչ հնարավոր չէ հայտնել, զի es lässt sich nicht lesen: Այսքանը Տ. Գեղից և իր աղջկանից:
Դառնանք պատմության այն մասին, երբ Նռանեն լուրն իմացել էր: Մեռյալին պետք էր հողին հանձնել, բայց Նռանեն չգիտեր՝ ինչ կարգով։ Դիմեց կացարանի պարետին, ով երկու հոգու մտաբերեց, որ պետք կգային այդ հարցում՝ աղոթող քահանա և գերեզմանի փոսը փորող։ Պարետը սգավորներին տվեց հեռախոսահամարներ. զանգեց։ Առաջինը կապվեց քահանայի հետ: Հետո զանգեց մյուս համարով. Արամ էր վերցնողի անունը:

Մեր պատմության քահանան լավ հոգևորական էր, որն, ի տարբերություն ոլորտը ներկայացնող շատերի, նվիրված փորձում էր օգնել մարդկանց, վերացնել խորհրդային յոթանասուն տարիների թողած հեռացման հետքերը։ Երբ երկրում սկսեցին ծավալում առնել մեկը մյուսից ճոխ անուններով նոր եկեղեցիներ, նա ջանքերը կրկնապատկեց. ծառայում էր զօր ու գիշեր, առանց վհատվելու և՛ իր գործից, և՛ մնացած փիլոնակից մորմերից:

Մոտ կես ժամ անց երբ դիակը տարել հասցրել էին քաղաքի գերեզմանատներից մեկը, քահանան արդեն թաղման տեղում էր։

Այդօր վերևում արևը կուրացնելու աստիճան վառ էր: (Խավարից ահավոր է կուրացնող լույսը:)

Հետևելով անցած-գնացած գրական դպրոցի կանոններին` ներածական մի քանի բան էլ Արամի մասին ասեմ.
ա) Արամը արդեն ահագին ժամանակ փոսեր էր փորում, անվճար: Որ հարցնեին՝ «Ինչու՞ ես հենց էդ գործին», կարող է ասեր՝ «Որ ահեղ դատաստանին ելնել դատին կանգնելը հեշտ լինի, այս գործը պետք է վստահվի գործը ճշգրտորեն ու խնամքով անողի»: Ասել է, թե իրական մոտիվացիան հայտնի էր կամ իրեն, կամ Աստծուն, կամ ոչ ոքի:
 բ) Լուսաբացներին սիրում էր «լսել թռչունների՝ հոգին մաքրող ճռվողյունը, նայել կտրված բնի վրա նորից շիվեր տվող ծառին ու հարցնել ու պատասխան չստանալ` ինչո՞ւ նույնը նույն թեթևությամբ տրված չէ իրեն…»

Քահանան արդեն սկսել էր աղոթքը: Երբ աղոթքի մեջ հասել էր անուն–ազգանուն հիշատակելուն, Արամը վերջացրել էր գործը, շորերն էր թոթափում ու արդեն գնալու վրա էր: Ասված անուն-ազգանունը այնքան ծանոթ թվաց, որ նա մի փոքր առաջ եկավ՝ մեռածին մոտիկից նայելու. դեմքը չափազանց ծանոթ թվաց: Ինչքան էլ անտաղանդ մշակված հանգույց թվա, դեմքը Արամին չափազանց ծանոթ թվաց՝ հիշելու տալով հեռավոր մեկին.

– … Արա՛մ, այդու, եթե քեզ ճիշտ հասկացա, Աստված կա՞:

– Պրն. Աստվածատուրյան, անհասկանալի է՝ ինչպե՞ս կարելի է անգամ քննարկել այդ հարցը։ Եթե չլիներ, ոչինչ չէր լինի. մի տերև անգամ չէր շարժվի, մի ծաղիկ, մի հասկ անգամ ծիլ չէր տա…

– Հասկացա, լավ, հասկացա…Կարող ես և բանի տեղ հիմա պահին չդնել, ինչ որ հիմա կասեմ, բայց մտքումդ ունեցիր` ով «կեսարին» ոչինչ չի տվել ու չի էլ պատկերացնում՝ ինչ է տալու, ուրեմն նրա՝ Աստծուն տվածը միայն տկարությունից ծնված հավատն է… ուրեմն մնում են սեր, չափի զգացում, կամքի ուժ` սրանք երեքը, և սրանցից մեծագույնը կամքի ուժն է:

Խոսակցությունը, որն հիշել էր Արամը, եղել էր բեկման կետ, հանգեցրել դերասանի և դեկորի միջև կապի խզման…

II

Երեկոյան վերջացավ ամենշաբաթյա հավաքը, որն իր կեցավայր քահանայատանը կազմակերպում էր մեր պատմության քահանան: Հավատացյալների խումբը  դուրս ելավ եկեղեցուն հարևան մատուռից, ու երկու–երեք հոգիանոց խմբերի ցրվելով, աստիճաններով իջավ ներքև: Շատերի դեմքին առաջին հայացքից երևում էր հուսահատության նմանվող ինչ-որ բան, ինչի վրա հույսը մարմրող ցոլք էր գցել՝ նման լապտերների լույսին, որոնք աշնանային գիշերով լույս էին փռել եկեղեցու շուրջբոլորը: Քահանան փակեց եկեղեցու դուռը և նորեկներից մեկի հետ զրույցը շարունակելով շարժվեց դեպի եկեղեցու բակ: Նորեկն ուրիշ ճամփով էր գնալու: Մի պահ կանգ առան` զրույցն ավարտելու.

Քահանան (շարունակելով մեղմ պաթոսով).

– Ասված է` ով հաստատ մնա, նրա վարձքը մեծ է վերևում: Տե՛ս…– զրուցակցի հայացքը քահանան հրավիրեց դեպի եկեղեցու գմբեթը,– Ամեն օր գործի եմ գալիս ու միշտ մտածել եմ, թե ինչու է այսպիսի տեսք գծվել տաճարների համար: Նայի՛ր. գմբեթը բրգաձև, գնալով ծավալը նեղանում ու վերջում, ամենավերևում խաչն է: Ու հիմա ես հասկացել եմ, թե ինչու է այդպես մտածվել. ինչքան մոտենում ես խաչին, այդքան ճանապարհդ նեղանում է, այդքան դժվար է դառնում ուղին դեպի փրկություն: Այդքան ավելի են հոգիդ խռովում ամենայն երկրային: Կասկածանքի որդն է դեպի անդունդը տանող ճանապարհը…Անկարելի է կորցնել փրկության հույսը: Մարդուց վերցրու միայն փրկության հույսը, և աչքին ամենայն գեղեցիկ կվերածվի ապականության…

– Մի ժամանակ առաջ պատմվածք աչքիս ընկավ: Պատմվածքի կեսերում ուսանող-դասախոս խոսակցություն էր… Լսում եք, չէ՞, տեր հայր,- Տեր հայրը կարծես թե լսում էր:- ինչքան հիշում եմ, ուսանողը մոտեցել էր դասախոսին, որ հայտնի՝ նրա աղջկան է սիրահարված, էսձև:

– Չեմ սիրում սիրային պատմվածքներ, մանավանդ երբ դիալոգները անբնական են լինում:

–  Չէ, ու-ուղղակի էդ խոսակցությունից մի հատված Ձեր ասածի հետ մի քիչ կապված է, սպասեք, հիմա կասեմ… Ը, ուսանողը հայտնում է հայտնելիքը, էդպես, խոսում են, խոսքի կեսից այլ հարցերի շուրջ էլ են սկսում խոսել՝ ավելի աբստրակտ բաներից՝ կյանք-բան: Աղջկահայր-դասախոսը խոսացկցության վերջում չեմ հիշում՝ ինչ ասաց, բայց ուսանողը մոտավոր էսպես է պատասխանում` «Կայսրինը՝ կայսեր, Աստծունը` Աստծուն… համաձայն եմ, բայց հարկավոր է, չէ՞, իրոք մեծ լինել, որ լարով քայլելիս երկու  արժեքներն էլ պահես որպես երկու հակակշիռներ ձողանի վրա, որ քայլելիս չգայթես: Մեզ այնքա՜ն անհաս է ձողանն անթեք պահելը:»

Տողերը չէին հետաքրքրում տեր հորը: Մի երկու ձևական միտք էլ փոխանակեցին, քահանան օրհնեց ու զրուցակիցը թեքվեց դեպի աստիճանները` կարծես լիներ ռեալիստական արձակի հնացած վերջնախաղ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով