Գրականագիտություն, Երիտ․ գրակ․ մրցույթ, Էմմա Հովսեփյան

Կ(ես)ի փնտրտուքները եսում և դրսում Արմեն Հայաստանցու «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղում պատմվածքում

«Հարց առաջին»

Ինչի՞ մասին է պատմվածքը

Երբեմն ուզում ես հավաքել մեկի համարն ու զանգ գրանցել։ Հաջորդ օրը նրան խեղդել ես ուզում։ Մյուս օրը՝ քեզ։ Էն մյուս օրը չգիտես, թե դու ով ես։ Թե «քեզ»-ն ով է։ Թե «նա»-ն, «դուք», «նրանք»-ն ովքեր են։ Բայց, այնուամենայնիվ, մարդկային այդ ճղճիմ անորոշության զգացումն ես ունենում․ չես հասկանում, թե ինչ ես ուզում։ Արմեն Հայաստանցու «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր պատմվածքը» մոտավորապես նույն թեման է արծածում։ Դժվար է հստակ նկարագրել՝ ինչի մասին է պատմվածքը, բայց մի բան հաստատ է․ այն ընթերցել որոշողը առնվազն առավոտյան առյուծի կաթ է խմել, իսկ դրա մասին գրախոսություն գրողը՝ աղոթենք չփոշմանի։ Լրիվ նոր մոտեցում, հետաքրքիր բնույթի և յուրօրինակ տարօրինակությամբ մի պատմվածք, որը երկու անգամ ընթերցելուց հետո ինչ-որ բան ի վերջո հասցնում է։ Ընդհանուր  նկարագրությունները հասկանալի են նույնիսկ առաջին հայացքից։ Հերոսների ներքին զգացողություններն ու կոնֆլիկտները պատկերավոր են նկարագրված։ Ստեղծագործությունը առաջին իսկ տողից ներքաշում է իր ընթերցողին: Ձևաչափը ինտերակտիվ է։ Ընթերցողը հնարավորություն ունի կարդալ հարցը, այնուհետև ընտրել գրողի կողմից առաջ քաշած պատասխանների տարբերակներից որևէ մեկը։ Այսպիսով ընթերցողը հնարավորություն է ստանում մի կողմից իր մտածած ճիշտ տարբերակն ընտրելու, մյուս կողմից պատմվածքի ընթացքին հետևելու։  Այս հնարքը պատմվածքը ընթերցելու ընթացքը հաճելի ու մարտահրավերային է դարձնում։ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հարցադրում-վերնագիրը հայտնի խաղն է հիշեցնում, որը վերն նշած ձևաչափի մասին է հուշում: Հարկ է այստեղ նշել, որ հեղինակի դրած վերնագիրը ոչ միայն պարզապես հայտնի խաղի անվանումն է, այլ նաև պատմվածքի առանցքային գիծը․ ընթերցող-խաղի մասնակիցը  պայքարում է իր միլիոնի համար, հերոսներից մեկը այդ միլիոնով սպանություն է կազմակերպում, մյուսը՝ սպանում։ Մի խոսքով, բոլորս/բոլորը ուզում են դառնալ միլիոնատեր։

«Հարց երկրորդ»

Կերպարներ կա՞ն         

 Կերպարային համակարգը բավականին անհստակ է, միայն ամենաուշադիրներին բախտ կվիճակվի գրողի սրամտությունը ջրի երես հանել ու հասկանալ ի վերջո ով՝ ով է։ Պատմվածքը գրեթե սկզբից մինչև վերջ առաջին դեմքով է գրված (մասամբ՝ երկրորդ), կերպարների սահմանները լղոզված են։ Սակայն, եթե ուշադիր ընթերցենք, կտեսնենք, որ յուրաքանչյուր հարցի չորսական պատասխան-տարբերակները  ներկայացնում են իրադարձությունները առանձին-առանձին յուրաքնաչյուր կերպարի տեսանկյունից։ Ավելի ուշադիր լինելու դեպքում պարզ է դառնում , որ համապատասխանաբար յուրաքանչյուր Ա տարբերակ, Բ տարբերակ և այդպես շարունակ ներկայացնում են առանձին կերպարներ։ Այսքանից հետո, եթե անվանելու լինենք մեր կերպարներին, կստացվի, որ ընդհանուր առմամբ պատմվածքի չորս կերպարներն են՝ կերպար Ա-ն, կերպար Բ-ն, կերպար Գ-ն և կերպար Դ-ն։  Կերպար Ա-ն մարդ է, որն ուզում է կեսին սպանել, կերպար Բ-ն վարձու սպանող է, կերպար Գ-ն խաղը խաղացողը կամ հենց պատմվածքը ընթերցողն է, որին հեղինակը անուշադրության չի մատնել ու առանձին դեր է տվել, իսկ վերջին կերպարը պատմվածքի հեղինակն է։ Պատմվածքի հիմնական իրադարձությունները տեղի են ունենում Կերպար Ա-ի և կերպար Բ-ի հետ/միջև։ Սակայն այստեղ կարևոր  է նշել, որ բոլոր կերպարների ներսում նույն կոնֆլիկտը կա և նրանք բոլորն էլ ակտիվ պայքարում են ներսի պատերազմի իրենց դաշտում․ նրանք չեն գտնում իրենց «կեսին» և տանջվում են այդ «կեսին» գտնելու ճանապարհին։ Կերպարներին ավելի լավ բացահայտելու համար հեղինակը խորքային ու բազմաբովանդակ հարցեր է ուղղում, որոնք դառնում են հենց խաղի հիմնական հարցերը, և որոնք էլ որոշում են միլիոնի հետագա ճակատագիրը։ Կարդալով հարցը, այնուհետև դիտարկելով յուրաքանչյուր կերպարի տված պատասխանը, մեզ համար բացահայտում ենք տվյալ կերպարին։ Այստեղ կարելի է առաջ քաշել այն տեսակետը, որ բոլոր կերպարներն էլ մեկ անձի մեջ եղած տարբեր ես-երն են, և այս կերպարներն են հավաքական ես-ի ներսում կռիվ տվողները։  Կերպար Ա-ն ողջ պատմվածքի ընթացքում համառորեն պլանավորում է իր կեսի սպանությունը․ թե ինչ կեսի մասին է խոսքը՝ սկզբում անհայտ է։ Առաջին անգամ պատմվածքը ընթերցելիս՝ դիտարկում ես «կեսին», որպես Կերպար Ա-ի զուգընկերոջ, որից Կերպար Ա-ն նեղացած է ու չարացած։ Այս դիտարկմանը նպաստում է հինգերորդ հարցի Ա տարբերակում նկարագրվող տեսարանը, որտեղ Կերպար Ա-ն գտնում է այն լուսանկարը, որի մեջ երկու հոգի գլուխ-գլխի տված ժպտում են։ Կերպար Ա-ն պատռում է նկարը, այդպիսով մեկ միությունը երկու կեսի վերածելով։  Ավելի խորը դիտարկելով՝ կարելի է պնդել, որ առեղծվածային այս «կեսը» հնարավոր է, որ հենց Կերպար Ա-ի ներսի այն մի կեսն է, որին ինքը այլևս չի սիրում , որի հետ հաշտ չէ, որին ուզում է սպանել։ Առաջ քաշելով սպանության գաղափարը և բացահայտելով արդեն Կերպար Բ-ին՝ Ագռավասպանին, հարց է առաջանում՝ ո՞վ պետք է լիներ այդ վարձու սպանողը, որի համար կերպար Ա-ի տված պատվերը տագնապային կլիներ և նա մինչև վերջ էլ չէր համարձակվի իրականացնել այդ սպանությունը, չնայած, որ իր նախորդ գործերում լավ էլ փորձառու ու հաջողակ է եղել։ Ո՞վ էր նա, որ ըստ կերպար Ա-ի պլանի կկարողանար սպանել կերպար Ա –ի կեսին, այն էլ ոչ առարկայական կեսին, այլ վերացական կեսին։             Պարզ պատասխան այս բարդ հարցին կլինի այն, որ հենց կերպար Ա-ն կարող էր դառնալ իր իսկ կ(ես)ին պոտենցիալ վերացնողը։ Ստացվում է, որ այս կերպարային խառը համակարգը ի վերջո հանգեցնում է այն մտքին, որ տեսականորեն պատմվածքում գոյություն ունի ընդամենը մեկ կերպար, որն էլ ներքին էքզիստենցիալ փնտրտուքների մեջ է։

«Հարց երրորդ»

Գրողը հարցեր ունի՞

            Եթե վերադառնանք հեղինակի կողմից արած հարցադրումներին և դիտարկենք հենց առաջին  հարցը, այն է «ի՞նչ ես ուզում»՝ կհասկանանք, որ հեղինակն  ընթերցողին մի պահ մտածել է ստիպում մինչև պատրաստի պատասխաններից օգտվելու հնարավորություն տալը։ Համամարդային հարց է «ի՞նչ ես ուզում»-ը։ Երբեմն մարդկային ճգնաժամի պատճառ է դառնում, հատկապես այն ժամանակ, երբ մարդն ուղղակի հասկանում է, որ չգիտի թե ինքն ինչ է ուզում, ինչպես նաև  չգիտի՝ կոնկրետ ի՞նչ ուզելու դեպքում ավելի երջանիկ կդառնա ․ մեկ միլիոնի՞, կեսին գտնելո՞ւ, թե՞ կեսից ազատվելու դեպքում։ Այդ իսկ պատճառով այս հարցը սովորաբար ունենում է խառնիճաղանճ պատասխանների ամենաքիչը չորս տարբերակ։

            Հաջորդ երկու հարցերում գրողը խաղում է լեզվական ոճերի հետ։ Օրինակ՝ «Ի՞նչ ես ման գալիս» երկրորդ հարցի ձևակերպման մեջ «փնտրել» բառը փոխարինում է «ման գալ» առօրյա խոսակցական լեզվին բնորոշ գործածությունով։ Սա պատահական արված չէ, քանի որ , եթե երկրորդ՝ «Ի՞նչ ես ման գալիս» հարցում «ման գալ»-ը ունի հենց  փնտրել իմաստը, ապա երրորդ հարցում այն ստանում է արդեն քայլել իմաստը, ինչի արդյունքում կապ է ստեղծվում այս երկու հարցերի միջև։  Ուշադրություն դարձնենք նաև նրան, որ երրորդ հարցում հեղինակը գնալ և գալ բառերի տարբեր խոնարհումներով է հարցը կազմում («կգա՞ս», «գնանք», «ման գալու»)՝ ստեղծելով հետաքրքիր հնչյունային և իմաստային նրբերանգ։ Եթե դիտարկենք երկրորդ և երրորդ հարցերը արդեն տրամաբանական հաջորդականության մեջ, կարող ենք վերհանել այսպիսի մի միտք․ կերպարները առանձին «ման են գալիս» ինչ-որ բան, իսկ միասին գնալ-զբոսնելու դեպքում իրար ճանաչելու հնարավորություն կունենան, ինչն էլ միգուցե նպաստի «ման գալու» արդյունավետությանն ու նրանք միասին գտնեն այն ինչ փնտրում էին։  Այսինքն, քայլելը, ճանապարհ անցնելը լինի հենց ներսում՝ քո մեջ, թե դրսում՝ մեկ ուրիշի հետ, միգուցե քեզ տա գտնելու հնարավորություն։  

Չնայած, քիչ վերևում մեկ թվացյալ կերպարի մասին հիշատակմանս, այնուամենայնիվ կարևոր եմ համարում Կերպար Դ-ին չանտեսելը։ Նրան առանձին կերպով դիտարկելը հնարավորություն է տալիս ի վերջո վեր հանել հեղինակի ուղերձն ու ասելիքը, քանի որ ինչպես արդեն նշվել է՝ կերպար Դ-ն հեղինակի ձայնն է։Նա է հիմնականում հուշում, թե որ տարբերակն «ընտրել» հաղթելու համար, ինչպես նաև վերհանում է կարևոր մտքեր յուրաքնաչյուր՝ իր կողմից առաջ քաշած հարցի շուրջ։ Առաջին՝ «Ի՞նչ ես ուզում» հարցին, որպես իր պատասխան գրում է․ «Իմանալ` վերջն ի՞նչ կլինի»։ «Վերջ» բառը կարելի է բազմակի կողմերից բացատրել։ Նախ, որ վերջ ասելով հեղինակը նկատի ունի իր իսկ պատմվածքի վերջաբանը։ Ուզում է հասկանալ՝ ի վերջո ի՞նչ է գրելու։ Պարտադիր կանոն չէ, որ գրողները ի սկզբանե իմանան , թե ինչպես են ավարտելու իրենց գրվածքը։ Հեղինակին ասեմ, որ հանգիստ լինի․ վերջը լավ է լինելու։

«Ի՞նչ ես ման գալիս» հարցին պատասխանելիս՝ հեղինակը նշում է ներքին անարդարության զգացումի մասին, չի ուզում այլևս ընտրող լինել , որովհետև այդ «ընտրությունները ավանդաբար կեղծվում են» , ընթերցողին էլ խորհուրդ է տալիս չընտրել ու սպասել, որ իրեն ընտրեն։ Սա այդքան էլ լավ խորհուրդ չեմ համարի, որովհետև գուցե դրա պատճառով աշխարհում բոլորը չընտրող դառնան, ու հետո տխրեն, որ իրենց չեն ընտրում․ եկե՛ք ընտրենք տարբերակ Ե-ն՝ իրար։ Հաջորդ՝  «Կգաս գնանք ման գալու», հարցի Դ պատասխանը առաջինն է, որ հուշում է Կերպար Դ-ի ով լինելը։ Դ տարբերակը ասում է․ «գժի գործ է ման գալու առաջարկ անել սեփական անձին», այստեղից էլ հենց պարզ է դառնում, որ Դ-ն ինքն է՝ հեղինակը։

«Ի՞նչ ես կարդում» չորրորդ հարցի Դ-տարբերակն ընթերցելուց հետո բացահայտվում է, որ հեղինակը գնահատում է մարդկանց ընթերցասիրությունը, և ճանաչում է մարդուն ըստ իր տված նույն հարցի պատասխանի։ Հետո որպես գրող ճիշտ է կռահում, որ մեկ այլ ուրիշը բացի իրենից և իր կեսից կկարդա իր գրածը ու կհանդիպի իրեն։ Հանդիպելը սոսկ ֆիզիկական մակարդակում նկատի չունի, այլ հանդիպել՝ ճանաչելու իմաստով։ Ընթերցողը կկարդա իր գրածը և նրանք կհանդիպեն, այսինքն ընթերցողը կճանաչի իրեն, որովհետև հենց հանդիպելու արդյունքում են մարդիկ իրար ճանաչում։

 Վերջնական ամբողջացրած իր ուղերձը գրողը տալիս է խաղի նախավերջին հարցի Դ պատասխանում։ Սա իր վերջին խոսելու հնարավորությունն է, քանի որ հաջորդ՝ վեցուկեսերորդ հարցի տարբերակներում իրեն սխալ է ճանաչում ու հանում Դ տարբերակը՝ հիսուն-հիսուն օգնության հնարավորությունը օգտագործելու պատճառով։  Պարզ չի դառնում կերպար Ա-ի, կերպար Բ-ի կամ ուղղակի կերպար ԱԲ-ի հետագա ճակատագիրը, կարևորն այն է, որ նրանց միջոցով է ներկայացվում եսի ունիվերսալ կռիվը։ Ագռավասպանը չի ուզում սպանել այն ագռավին, որ գլուխ գլխի ժպտում էր Կերպար Ա-ի հետ։ Կերպար Ա-ն էլ իր ագռավ կեսին չի ուզում ողջ տեսնել, չի հասկանում սիրում է, թե՞ չի սիրում։ Այս կռիվը անդադար է, շարունակական բնույթի։ Հիմա, այն «կեսը», որը չկա կամ էլ կա, իրոք գոյություն ունի՞։ Կերպար Դ-ն խաղի կիսավերջում որպես հարցի պատասխան ասում է, որ «Մարդիկ իրենց կեսը դրսում են որոնում, բայց կարող է ներսում էլ լինել:» ։ Ես համաձայն եմ այս մտքի հետ։ Միգուցե մեր ներսում կա այն կ(ես)-ը, որը մեզ իրոք կարող է երջանիկ դարձնել, մենք երևի հիմարի պես միշտ հեռուն ենք գնում, որ ավելի երջանիկ դառնանք ու մեզ երջանկացնող գտնենք, բայց այդ ճանապարհին բաց ենք թողնում ինքներս մեզ ճանաչելու ու գտնելու հնարավորությունը։ Մեր ներսում և դրսում եսերը շատ են։ Նրանք երբեմն օգնում են մեզ, երբեմն՝ խանգարում։ Կեսերն էլ են շատ, մաթեմատիկայում՝ հատկապես, ու «երբ երկուսը, մի տեղ երկար են մնում, երբեմն թարսվում են, ու մեկն ուզում է ոչնչացնել մյուսին», նրանցից մեկն էլ իր հերթին վարձում է սպանողի ( որ էլի ինքն է) ու ասում. սպանի՜ր ։ Ի վերջո հանգում ենք այն գաղափարին, որ պակասող կեսը կարող է և մեր ներսում լինել, պարզապես փնտրող է պետք ։ Պատմվածքի այսպիսի հանգուցալուծման վերաբերյալ որպես փոքրիկ քննադատողական նկատառում պետք է նշել այն, որ հեղինակը վերջին այդ հատվածում սահմանափակում է իր ընթերցողին։ Ընթերցողը կարդում է բարդ սյուժետային զարգացում, նոր ձևաչափով ու տարատեսակ մտքերով հագեցած ստեղծագործություն ու նախավերջին հարցում բախվում է հեղինակի կողմից տված ընդհանուր գաղափարի ուղղակիորեն բացահայտմանը։ Այլ կերպ ասած՝ ավելի հետաքրքիր կլիներ չլսել հեղինակի ուղիղ ասված ուղերձը մի քանի տողում, իսկ ինչ վերաբերում է դրա բովանդակային կողմին՝ չհամաձայնել չեմ կարող։

«Հարց չորրորդ»

Միլիոնի խաղ, թե՞ բառային ռուլլետկա

Խորհրդանշանային բառերի պակաս այս պատմվածքը հաստատ չի զգում։ Սիմվոլները բազմակի են ու բավականին մեծ տարածվածությամբ։ Հեղինակը կարծես դրանց լեզվով խոսի, ինչն էլ հենց ապահովում է պատմվածքի առեղծվածային երանգավորումը՝ առաջ մղելով ու ռիթմի մեջ պահելով ընթերցողին։ Հիմնական սիմվոլներն են խաղը, կես-ը, Ձեռքեր տեղանունը, փետրվարի 29-ը ամսաթիվը։ Այս բառ-սիմվոլների հետ հեղինակը շատ է խաղում։ Կիրառում է յուրաքանչյուր բառի տված իմաստային բոլոր կողմերը։ Որպես օրինակ դիտարկենք «փետրվարի 29» և «խաղ» բառասիմվոլները։

Պատմվածքը ունի հստակ սյուժե, որը չնայած չորս զարգացման ուղղություն ունի, սակայն հստակորեն տեսանելի է։ Կերպարները անընդմեջ գործողություններ են պլանավորում։ Մշտապես սահմանվում է հստակ ժամկետ դրանք իրականացնելու համար։ Հեղինակի ձեռագրին արդեն ծանոթներիս զարմանելի չի լինի այն փաստը, որ առանց բացառության, սյուժետային տարբեր քառուղիներում փետրվարի 29 ամսաթիվը չի տարբերվում։ Տարածության մեջ հերոսները թե՛  ներսում են, թե՛ դուրս են գալիս արտաքին աշխարհ, իսկ ժամանակային առումով նրանց բոլորի ճանապարհները գալիս հատվում են նույն օրը՝ փետրվարի 29-ին։ Այս ամսաթվի ներմուծումը խաղի կանոնի թելադրանք է դառնում հենց հեղինակի կողմից, քանի որ, եթե դիտարկելու լինենք փետրվարի 29-ը , որպես հնարավոր ժամանակի ընկալման միջոց՝ կնկատենք, որ այն հազվադեպ հանդիպող օր է օրացույցում ։ Ավելին, եթե նայենք, թե երբ է գրել գրողը պատմվածքը ու լսենք պատվածքի մեջ թաքնված հրահանգներին՝ այն է «արի հանդիպենք փետրվարի 29-ին» կամ «միլիոնդ ստանալու համար արի Ձեռքերի մոտ` փետրվարի 29-ին», մեզ ուղղակի խաբված կզգանք, քանի որ այս տարի և մոտակա երկու տարիներին նման ամսաթիվ չենք գտնի մեր օրացույցներում։  

Խաղը պատմվածքի հաջորդ առանցքային խորհրդանիշն է նախ նրանով, որ ողջ պատմվածքը կառուցված է հենց իր սկզբունքով, և երկրորդ՝ ավելի գլոբալ առումով, որ այն կյանքի իմաստը կրողն է դառնում, որտեղ էլ կերպարները ունենում են կռիվներ։ Կռիվներն էլ իրենց հերթին հենց ողջ պատմվածքի հիմնական առանցքն են թրծում։ Այս եզրահանգումը բխեցված է կերպար Դ-ի տված վերջին հարցի պատասխանից․ «Պապս ասում էր՝ կռիվդ խաղի վերածի, միշտ հաղթող դուրս կգաս»։ Այսինքն խաղը զենք է նաև, և այն ճիշտ կիրառելու դեպքում կարող ես և հաղթել։ Այս տողից կարելի է նաև վեր հանել պատմվածքը գրելու հեղինակի դրդապատճառը։ Միգուցե հեղինակը, որն ունեցել է այդ ներքին կեսին սպանելու-չսպանելու, իրեն կես գտնելու/չգտնելու սեփական կռիվը, հիշել է պապի խորհուրդը ու այդ կռիվը վերածել խաղի՝ խաղալով իրեն ընթերցողի հետ ու մշտապես հայտնվելով հաղթողի դերում, ինչի անունն էլ դրել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» ։

«Հարց հինգերորդ»

Վերջը ո՞նց է

Ինչպես արդեն նշվել է ՝ վերջը լավ է։ Իսկապես, հեղինակին հաջողվել է լավ վերջաբան ստանալ։ Այդքան լարված, գլուխկոտրուկային տողերը տնտղելուց հետո ընթերցողին մնում է ընդամենը ընտրել՝ «Արդյո՞ք սիրում է» ամենադժվար հարցի երկու պատասխաներից մեկն ու մեկը։ Ամենացավալին այն է, որ այս երկու պատասխանի տարբերակները հուշման  հիսուն-հիսուն օգնության արդյունքում են մնացել և առանձնապես ոչինչ էլ  չեն հուշում ։ Սա հեղինակի մեկ այլ սրամտություն է․ սիրելի ընթերցողին միայն մնում է երիցուկ դառնալ ու ասել՝

Ա) Սիրում է

Բ) Չի սիրում

Արմեն Հայաստանցու «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» պատմվածքը հիանալի գործ է հենց հեղինակին ճանաչելու համար։ Հայ ժամանակակից գրականության ստեղծագործությունները, իհարկե, չեն դադարում զարմացնել ընթերցասերներին, բայց Արմեն Հայաստանցու այս պատմվածքը՝ իրեն հատուկ լեզվամտածողությամբ, այս ոճի մեջ յուրահատուկ օրինակ է դառնում։ Պատմվածքը իրեն սիրել է տալիս։ Ստիպված ես լինում նրան կարդալ այնքան անգամ մինչև վերջապես հասկանաս նրան։ Նմանատիպ ժամանցային և միաժամանակ նաև կարևոր մտքեր փոխանցող ստեղծագործություններ գրողների (ոչ երբեք կիսով չափ) կարիքը հայ ժամանակակից գրականությունը հաստատ ունի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով