Գրականագիտություն, Երիտ․ գրակ․ մրցույթ, Լուսինե Ադամյան

Քրիստոնեացման Թեման Գրիգի «Շների քաղաքը» պատմվածքում

«Հիսուսի կատուն» պատմվածաշարը երիտասարդ հայ արձակագիր Գրիգի առաջին գիրքն է, որն առաջին անգամ լույս է տեսել 2015 թվականին և հայտնի դարձրել հեղինակի անունն ընթերցասեր հասարակությանը։ Հետագայում վերահրատարակվել է (2017 և 2020թթ.), թարգմանվել շատ լեզուներով, իսկ 2020-ին գրքի գերմաներեն թարգմանությունն արժանացել է «Coburger Rückert-Preis» գրական մրցանակին։ Պատմվածաշարը բաժանվում է երկու մասի` հայաստանյան կամ երևանյան պատմվածքներ և գերմանական պատմվածքներ: Առաջին խմբի գործերում շոշափվում է փոքր մարդու թեման, որը կենտրոնական է ռուս գրականության մեջ (Ն. Գոգոլ «Շինել», «Խելագարի հիշատակարանը», Ա. Չեխով «Չինովնիկի մահը», «Պատյանով մարդը», Ֆ. Դոստոևսկի «Թույլ սիրտը», Ա. Կուպրին «Նռնաքարե ապարանջանը» և այլն), սակայն այս պատմվածքներում ոչ թե ռուսական հերոսների նմանակներն են, այլ հայկական իրականությանն ու բներանգին լիովին միահյուսված հայ, նույնիսկ երևանցի հերոսներ։ Ոչ թե փոքր, այլ պուճուր մարդ, ինչպես վերնագրված է այդ հերոսներից մեկին նկարագրող առաջին պատմվածքը: Ժողովածուում ինքնատիպ գրական հերոս է դառնում անգամ Երևան քաղաքը, ինչն ամենացայտունն է երևում «Նկուղը» պատմվածքում: Երկրորդ մասի պատմվածքների հիմքում հեղինակի հետ Գերմանիայում բուժվող երեխաների պատմություններն ու հիշողություններն են: Պատմվածքները միահյուսված են իրար, նույն կամ նմանատիպ հերոսները մի գրվածքից մյուսն են անցնում, նույն իրավիճակը տարբեր տեսանկյուններից նկարագրվում է մի քանի պատմվածքում: Դե իսկ բոլոր պատմվածքները միավորում է հեղինակը սեփական ինքնառեֆլեքսիայով:

Պատմվածաշարին իրենց գրականագիտական հոդվածներում անդրադարձել են Անի Հովհանյանը («Քաղաքի վավերագիրը. Գրիգի «Մի մարդու քաղաքը» (ստեղծագործական աշատանքի հոգեբանություն))[1] և Ռոզա Նալթակյանը («Զզայուն մեծերի ու հասուն փոքրերի աշխարհում»[2]): Այլ անդրադարձներ գրողի ստեղծագործություններին մեր կողմից չեն գտնվել:

            Ուսումնասիրության առարկան Գրիգի «Հիսուսի կատուն» պատմվածաշարի «Շների քաղաքը» պատմվածքն է, նպատակը՝ նշված պատմվածքում ներքին, քողարկված իմաստի ներկայացումը, խնդիրը՝ պատմամշակութային շերտերի ու խորհրդանիշների բացահայտումը, մեր սեփական մեկնաբանության հիմնավորումը: Հետազոտության ընթացքում կիրառվել են վերլուծության և համադրության ընդհանուր տրամաբանական, պատմամշակութային և մեկնաբանական (հերմենևտիկայի) մեթոդներ:

«Քարը նետելուց առաջ միշտ պետք է ինքդ քեզ հարցնես` արդյոք պատրա՞ստ ես

ճակատագիրդ կապել նրա ճակատագրին, ում կդիպչի նետածդ քարը»[3]

Նշված բնաբանով է սկսվում «Շների քաղաքը» պատմվածքը՝ հիշեցնելով աստվածաշնչյան Ոսկե կանոնի («Ամեն ինչ որ կամենում էք, թէ ձեզ անեն մարդիկ,  այնպէս էլ դուք արէք նորանց. որովհետեւ այս է օրէնքը․․․․»[4] (Ավետարան ըստ Մաթևոսի 7:12), «Եւ ինչպէս կամենում էք, որ մարդիկ ձեզ անեն, նոյնպէս էլ դուք արէք նորանց: Եւ եթէ դուք ձեզ սիրողներին սիրէք, ի՞նչ շնորհք ձեզ, որովհետեւ մեղաւորներն էլ են իրանց սիրողներին սիրում»[5] (Ավետարան ըստ Ղուկասի 6:31)) գաղափարաբանությունը, միայն այլ տեսանկյունից: Եթե Աստվածաշնչում խոսվում է քրիստոնյայի կողմից արվելիքի մասին, բնաբանում նշվում է՝ ինչ չպիտի արվի, քանի որ մեր արարքները, ըստ տիեզերական հավասարակշռության օրենքի, որը սատարում է նաև քրիստոնեությունը, վերադառնալու են մեզ: Այսպիսով, պատմվածքի առաջին իսկ տողերից ակնարկվում է կենտրոնական թեմաներից մեկը:

 «Շների քաղաքում», որը «գերմանական» պատմվածքների շարքից է, շարադրվում են աֆղան երեխայի հիշողությունները, որոնցով նա կիսվել է հեղինակի հետ: Հենց սկզբից ընթերցողը հանդիպում է մի անսովոր մանրամասնի (որի բացատրության համար է աֆղանը պատմում իր հետ կատարվածը)․ աֆղան տղան, որի երկրի գրեթե ողջ բնակչությունը մահմեդական է, քրիստոնեական խաչ է պահում. «Տեսնելով պարանոցիս կախված խաչը` նա գրպանից գաղտնի հանեց փայտե փոքրիկ մի խաչ և ցույց տալով ինձ՝ սկսեց պատմությունը… «Զարմանալի էր, եթե խաչը վզիս չլիներ, պատրաստ էի երդվել, թե իմ խաչն է ձեռքին…»[6]: Այնուհետև, երբ հերոսը սկսում է իր պատմությունը, հանդիպում ենք ևս մեկ խոսուն մանրամասնի. նա փախել է տնից հոր հետ վիճելու պատճառով: Սա պատահական չէ, քանի որ կրոնում «Հայրը» նույնանում է «Աստծուն», հիշենք, օրինակ, «Անառակ որդու վերադարձը» (Ավետարան ըստ Ղուկասի 15:11), որտեղ պարզորոշ երևում է հոր նույնացումն Աստծուն, աղոթքի «Հայր մեր» դիմելաձևը և այլն: Այս այլաբանութունն Աստվածաշնչից էլ ներթափանցել է արևմտյան մշակույթ: Հոգեբանության տեսանկյունից այս ֆենոմենն ամենադիպուկը հիմնավորում է Կառլ Յունգը իր «Մոր արքետիպի հոգեբանական ասպեկտները» աշխատության մեջ՝ ընդգծելով, որ հայրաստվածության ու մայրաստվածության ի հայտ գալը մարդկության կրոնական մտածողության մեջ բացատրվում է նորածնի վրա մոր և հոր թողած ազդեցությամբ, տպավորությամբ, ծնողների՝ երեխայի գոյության սկզբի պատճառ լինելով, ծնողներից կախվածությամբ, նրանց ամենազորությամբ և այլն[7]: Սա է պատճառը, որ գրեթե բոլոր հին կրոններում կա երկու սեռի աստվածություն՝ մայր և հայր, ու միայն ավելի ուշ շրջանում է դրանցից մեկը մերժվել, ինչպես, օրինակ, քրիստոնեության և հուդայականության մեջ։ Հոր հետ վիճելը այստեղ կարող է խորհրդանշել նախկին կրոնից հեռանալը, ինչի պատճառով էլ աֆղան հերոսը հեռացել է տնից ու մեկնել ճանապարհորդության: Գրականության մեջ ճանապարհորդության մոտիվը, սկսած Հոմերոսի «Ոդիսականից», խորհրդանշում է հոգևոր ճանապարհը, որն անցնում է գրական կերպարը՝ փոխվելով բնավորությամբ, անձնապես աճելով, ձեռք բերելով փորձ, գիտելիք և այլն, իսկ ճանապարհի վերջում վերափոխում է այլ մարդու (օրինակները բազմաթիվ են` Ջ. Բայրոն «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը», Ջ. Սվիֆթ «Գուլիվերի ճանապարհորդությունները», Հ. Հեսսե «Նարգիսն ու Ոսկեբերանը», «Ճանապարհորդություն դեպի Արևելքի երկիրը», «Սիդհարթա», Ջ. Ջոյս «Ուլիս», Է․ Հեմինգուեյ «Եվ ծագում է արևը», Ջ. Սելինջեր «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» և այլն): Նշված պատմվածքի դեպքում հոր հետ վիճելը և ճանապարհ ընկնելը կարող են խորհրդանշել աֆղան տղայի` հին կրոնից հրաժարումը և դեպի ուրիշ կրոն՝ քրիստոնեություն հակվածությունը:

Պատմության զարգացմանը համընթաց՝ ընթերցողը ականատես է լինում, թե ինչպես է տղան հայտնվում մի կիսամոգական քաղաքում, որը կարելի է կոչել «շների քաղաք»: Այստեղ հարկ է նշել մի կարևոր դիտարկում՝ ամբողջ պատմվածաշարում կենդանիները կարևոր, անգամ խորհրդանշական դեր ունեն: Գրեթե բոլոր պատմվածքներում կան կենդանիներ՝ կատու, ագռավ, աղավնի, շուն, ճանճ, օձ և այլն: Հեղինակը և նրա ալթեր էգոն միշտ ուշադրություն են կենտրոնացնում նրանց վրա՝  ակնարկելով, որ կենդանիները գրական այդ համակարգում երբեք սոսկ պատահական դրվագային էակներ չեն: Բոլոր պատմվածքներում կենդանիները հեղինակ-պատմողի, հերոսներից մեկի կամ մի քանի հերոսի հատկանիշների մարմնացումն են։ Օրինակ՝ «Փետուրներ» պատմվածքում աղավնին անմեղության և անպաշտպանության խորհրդանիշ է դիտարկվում՝ ասոցացվելով գլխավոր հերոսի` առողջական խնդիրների պատճառով ընդմիշտ մանկամիտ մնացած Արտակի հետ։ «Հիսուսի կատուն» պատմվածքում կատուն նույնանում է Նարեկի հետ, որին դասընկերները ծաղրում ու տանջում էին․ կատուն նույնպես անպաշտպան է, ինչպես իր տերը․ պատմության վերջում Նարեկը ապրում է նույն ցավը, ինչ կատուն և հոգեպես մահանում, բնավորությամբ վերափոխվում: Պատահական չէ այդ հատվածում օձի՝ տղային խայթելու նկարագրությունը, որից հետո վերջինիս մազերը սպիտակում են. օձը խորհրդանշում է Նարեկի չարամիտ դասընկերներին, ովքեր իրենց դասընկերոջը հասցնում են հարված, որից հետո վերջինս ընդմիշտ փոխվում է։ Իսկ «Ագռավները» պատմվածքում այս օրինաչափությունը հետաքրքիր ձևով է ներկայացվում. ագռավներից մեկը թռցնում է հեղինակի ծխախոտատուփը, ինչից հետո էլ նրանց բնից հեղինակն արծաթյա զարդ է ձեռք գցում: «Շների քաղաքում», ինչպես վերնագիրն է հուշում, շներին պաշտում են աստվածների պես․ կենդանիները խորհրդանշում են քաղաքի բնակիչների գազանային, դաժան բնույթն ու սովորույթները:

Շների քաղաք մտնելուց հետո, տղան մի քանի դուռ է թակում`գիշերակաց խնդրելու համար: Ոչ մի տան դուռը չեն բացում նրա առաջ, նա անգամ լսում է տանտերերի վախեցած շշուկները, որոնք կարծում են` դուռը թակողը չար ոգի է: Այս դրվագը մասամբ նմանվում է Մաթեոսի և Ղուկասի Ավետարաններում նկարագրված տեսարանին, երբ Սուրբ Ծննդյան նախօրեին Մարիամն ու Հովսեփը գիշերակաց են խնդրում մի քանի տեղ, սակայն նրանց առջև դռերը փակ են մնում. Բեթղեհեմում մարդահամարի հետ կապված խնդիրների պատճառով հյուրանոցների տեղերը բելերը զբաղեցված էին, Մարիամն ու Հովսեփը կարողացան գիշերակաց գտնել միայն անասունների կրպակների համար նախատեսված քարայրում։

Պատումից միանգամայն պարզ է դառնում գլխավոր հերոսի և քաղաքի բնակիչների՝ հակառակ կողմերում գտնվելը և տարբեր արժեհամակարգերի պատկանելը․ նրանք իրար կատարելապես անհաղորդ են, ինչը առաջին հերթին բացատրվում է կրոնական-հոգեբանական տարբերություններով։ Դրա ամենասուր արտահայտությունը պատմվածքի գագաթնակետն է՝ քարկոծման տեսարանը: Խորհրդանշական է հենց քարկոծումը որպես մահապատժի ձև ընտրելը, քանի որ այն բնորոշ չէ քրիստոնյաներին (մեր կողմից հիշատակումներ այդ մասին չեն հայտնաբերվել-Լ․Ա.): Սա բնորոշ էր հրեաներին, ինչը հիշատակված էր Աստվածաշնչում, ինչպես, օրինակ, Ստեփանոս նախավկայի քարկոծումը «Գործք առաքելոց» գրքում, կամ երբ Հովհաննեսի ավետարանում շնության մեջ բռնված կնոջը ուզում են քարկոծել: Տվյալ տեսարանում առանցքային նշանակություն ունեցող բացահայտումների համար հեղինակը օգտագործում է գեղարվեստական ուրույն ոճաձև՝ անալեփսիս (ֆլեշբեք): Մանուկ ժամանակ նման դեպքի մասնակից դարձած գլխավոր հերոսը ակամա վեր է հանում այդ տեսարանը հիշողության միջից: Խորհրդանշական է նաև, որ դա պատահում է հոր հետ զբոսանքի ժամանակ, ով բացասական վերաբերմունք ուներ քարկոծվող քրիստոնյայի նկատմամբ. «Ասում էին` դեպի իր Աստծո գերեզմանը գնացող քրիստոնյա է եղել: Չէի հասկանում`ինչ է նշանակում քրիստոնյա, իսկ երբ հորս հարցրի, ասաց, որ նշանակում է վատ մարդ…»[8]: Սա էլ այլաբանորեն երկու տարբեր կրոնների բախումը կարող է խորհրդանշել: Իմաստային զգալի ծանրաբեռնվածություն ունի նաև երեխայի՝ դեպքի նշանակությունը չհասկանալը և առաջինը քարը նետելը (աստվածաշնչյան նմանատիպ դրվագում Քրիստոսի (Ավետարան ըստ Հովհաննեսի 7:7) խոսքը. «Ձեզանից ով որ անմեղ է, թող առաջ նա քար գցէ դորա վերայ»[9]): Անմեղ երեխան, որը չի հասկանում իր արարքի և առհասարակ կատարվելիքի իմաստը, նետում է առաջին քարը, ինչին քրիստոնյա տղամարդը ժպտում է և ձեռքով օդի մեջ խաչ նկարում: Աստծաշնչյան Ոսկե կանոնի տրամաբանությամբ՝ հետագայում նույն իրավիճակում հայտնված աֆղան տղան ինքն է օդի մեջ նկարում նույն նշանը, ինչ տեսել էր մանկության ժամանակ: Այստեղ նկատում ենք Գրիգի կողմից լայնորեն կիրառված արտահայտչամիջոցներից մեկը՝ հակադրությունը. եթե առաջին դեպքում օդի մեջ խաչ նկարելուց ամբոխը մոլեգնում է և սպանում տղամարդուն, երկրորդ դեպքում փրկում է գլխավոր հերոսին: Այս մանրամասնը կարող է խորհրդանշել նաև պատմամշակութային առումով խաչի վերաիմաստավորումը՝ խոշտանգման միջոցից դեպի քրիստոնեական խորհրդանիշ և փրկության միջոց: Քաղաքի բնակիչները տղային արդեն հռչակում են քրիստոնյա. «-Քրիստոնյա է,- հաջորդեցին շշուկները»[10]: Եվ քանի որ նրանք այնքան տարբեր էին քրիստոնյաներից և քրիստոնեական փիլիսոփայությունից, որ պիղծ էին համարում անգամ իրենց շներին այդ կրոնի հետևորդների մահացած մարմիններով կերակրելը, ազատ են արձակում պատանուն: Ամբոխի կողմից քրիստոնյա անվանվելը խորհրդանշում է հերոսի քրիստոնեացման ավարտը, իսկ արդեն պատմվածքի սկզբում նա ներկայանում է որպես այդպիսին` խաչ կրելով: Դրա ևս մեկ ակնարկն է այն, որ տարիներ հետո գլխավոր հերոսը չի կարողանում գտնել այդ գյուղը, և անգամ իր ամբողջ կյանքը այդ կողմերում ապրած հովիվը երբեք լսած չի լինում նման վայրի մասին․ «…կարծես այն իսկապես էլ չէր եղել»[11]. սա արդեն ակնհայտորեն վկայում է տեղի ունեցածի՝ հերոսի հոգեբանական վերափոխումը լինելու մասին:

Որպես լրացում՝ հավելենք ևս մեկ հետաքրքրական դետալ. ամբողջ տեքստում երեքից բացի՝ այլ թիվ չի հանդիպում: Ընդ որում՝ այդ թիվը հիշատակվում է հենց երեք անգամ՝ «Երեք օր էր` ճանապարհին էի, բայց մի այդքան էլ կար քաղաքին հասնելու համար»[12],  «Այդ տնակի մոտից էլ հեռացա, իսկ երբ երրորդ դռան հետևից կրկին սարսափազդու ճիչեր, լացի ձայներ լսվեցին, համոզվեցի, որ պատահականություն չէ»[13], «Հետևից եկող մարդկանց թիվն արդեն անցնում էր երեք տասնյակը, փսփսում էին իրար ականջի…»[14] (ընդգծումները մերն են-Լ.Ա.): Երեք անգամ կրկնվող երեքը գրականության մեջ (օրինակ` Դանտե Ալիգիերիի «Աստվածային կատակերգության» հանգը) միշտ եղել է քրիստոնության մեջ Սուրբ երրորդության խորհրդանիշը: Նշված բոլոր մանրամասները, ներքին շերտերը, արտահայտչամիջոցները թույլ են տալիս հանգել հետևյալ եզրակացության՝ Գրիգի նշված պատմվածքում բարձրացվում է քրիստոնեության և աֆղան տղայի՝ քրիստոնյա դառնալու թեման:

Վերջում ուշադրության է արժանի հետևյալ հարցը՝ հեղինակը գիտակցաբա՞ր է ստեղծել բոլոր այդ ակնարկները, այլաբանություններն ու խորհրդանիշները․ խոսքը ընդհանրապես գրական բոլոր ստեղծագործությունների մասին է: Այս հարցին անհնար է միանշանակ պատասխան տալ․ եթե կյանքում արդյունքը գրեթե միշտ զիջում է մտադրությանը, արվեստի մեջ հակառակն է՝ արդյունքը գերազանցում է մտադրությունը, ինչ-ինչ շերտեր ներթափանցում են ստեղծագործական աշխատանք բոլորովին անգիտակցաբար[15]:

         ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Աստվածաշունչ. Մատեան Հին եւ Նոր Կտակարանների, IRANIAN BIBLE SOCIETY, Թեհրան։
  2. Գրիգ, «Հիսուսի կատուն. Պատմվածքներ», Անտարես,Երևան, 2020։
  3. Էդոյան Հ, «Պոեզայի երկակի տեսողությունը», Զանգակ, Երևան, 2020։
  4. Юнг К. Г., «Психологические аспекты архетипа матери» // в «Архетипы и коллективное бессознательное». Москва: Изд. АСТ, 2019։
  5. Հովհանյան Ա., «Քաղաքի վավերագիրը. Գրիգի «Մի մարդու քաղաքը», (Ստեղծագործական աշխատանքի հոգեբանություն)», էլեկտրոնային աղբյուր՝ https://granish.org/citys-ratification/?fbclid=IwAR2kV40_DUJgxGuJJKF2aVYQOuxfL0HqvsGTRREU-wHi3iWy55zF7T3iRQI։
  6. Նալթակյան Ռ., «Զզայուն մեծերի ու հասուն փոքրերի աշխարհում», էլեկտրոնային աղբյուր՝

http://gretert.com/14-2017-3/?fbclid=IwAR0SJjaxF6pvNsZegUsFCb7Y7M6iV6LDUqw4nq-vBsvU9g97tD43I9nuKOM։


[1] Տե՛ս https://granish.org/citys-ratification/?fbclid=IwAR2kV40_DUJgxGuJJKF2aVYQOuxfL0HqvsGTRREU-wHi3iWy55zF7T3iRQI։

[2] Տե՛ս http://gretert.com/14-2017-3/?fbclid=IwAR0SJjaxF6pvNsZegUsFCb7Y7M6iV6LDUqw4nq-vBsvU9g97tD43I9nuKOM։

[3] Գրիգ, Հիսուսի կատուն. պատմվածքներ, «Անտարես», Երևան, 2020, էջ 130։

[4] Աստվածաշունչ. Մատեան Հին եւ Նոր Կտակարանների, IRANIAN BIBLE SOCIETY, Թեհրան, էջ 1092։

[5] Նույն տեղում, էջ 1164։

[6] Գրիգ, Հիսուսի կատուն. պատմվածքներ, «Անտարես», Երևան, 2020, էջ 130։

[7] см. Юнг К. Г., Психологические аспекты архетипа матери // Архетипы и коллективное бессознательное. Москва: Изд. «АСТ», 2019, стр. 154-155․

[8] Գրիգ, Հիսուսի կատուն. պատմվածքներ, «Անտարես», Երևան, 2020, էջ 138։

[9] Աստվածաշունչ. Մատեան Հին եւ Նոր Կտակարանների, IRANIAN BIBLE SOCIETY, Թեհրան, էջ 1210։

[10] Գրիգ, Հիսուսի կատուն. պատմվածքներ, «Անտարես», 2020, էջ 139։

[11] Նույն տեղում, էջ 140։

[12] Նույն տեղում, էջ 130։

[13] Նույն տեղում, էջ 132։

[14] Նույն տեղում, էջ 135։

[15] Այս մասին առավել մանրամասն տե՛ս Էդոյան Հ, Պոեզայի երկակի տեսողությունը, «Զանգակ», Երևան, 2020, 5-181 էջեր։


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով