Հանգուցային բառեր՝ տարիքային հոգեբանական ճգնաժամ, ներքին կոնֆլիկտ, պաշտամունքային վերաբերմունք, երրորդ սերունդ, նույնականացման պաշտպանական մեխանիզմ։
Նպատակը՝ պատմվածքի մեջ գտնել սոցիալ-հոգեբանական և ժամանակագրական վերլուծության փոխկապակցվածությունը՝ ըստ նշված խնդիրների։
Խնդիրները՝
- Պատմվածքի բառապաշարային և կառուցվածքային առանձնահատկությունները որպես սոցիալ-հոգեբանական և ժամանակարգական վերլուծության մի մաս
- Հեղինակի անձնականի վերլուծություն՝ ես- հերոս սխեման՝ ներքին կռիվը/կոնֆլիկտ/ և հոգեբանական ճգնաժամային տարիքները՝ յոթ և քառասուն տարեկան
- Տատիկի և պապիկի կերպարների վերլուծությունը որպես ինքնատիպ սիմվոլներ և խտացված կերպարներ
Պատմվածքի սյուժեն՝
Պատմվածքն ընտանեկան միջավայրի նկարագրություն է, որտեղ հերոսները հանդիսանում են թոռը՝ եսը, պապը և տատը: Ամբողջ պատմվածքը ճանապարհորդություն է ժամանակի միջով: Հեղինակը սկսում է մանկության մի դիպվածից, որն ամբողջ պատմվածքի հիմքն է: Փոքրիկ յոթնամյա թոռնիկը կոտրել էր չեխական սուրճի սպասքը, որը տատիկը սրբությամբ էր բերել Չեխոսլովակիայից: Տատիկը շատ ցավոտ էր տարել այդ փաստը: Անցել են տարիներ, և արդեն 40-ամյա հերոսը, տատիկի մահվան բոթը լսելով, վերադառնում է իր հայրենիք: Ամբողջ հետադարձի ճամփան ողողված են անցյալի հիշողություններով: Նրա հուշերում մնացել են տատիկի և պապիկի կերպարները, փոխհարաբերությունները և իր մանկությունը: Տատիկը և պապիկը ուժեղ կերպարներ էին, և հերոսը նույնպես պետք է ժառանգեր նրանց գենը՝ որպես սասունցու ճուտ:
- Պատմվածքի բառապաշարային և կառուցվածքային առանձնահատկությունները, որպես սոցիալ-հոգեբանական և ժամանակարգական վերլուծության
Պատմվածքի բառապաշարը բավականին պարզ է և հասկանալի, որը բնորոշ է առօրյա-խոսակցական ոճին: Բառերը և արտահայտությունները մանկության մեջ առավել հստակ և առարկայական են արտահայտում այդ ժամանակագրական տարբերությունը, իսկ հասուն տարիքում՝ առավել հուզական և զգայական: Համեմատական արտահայտությունները նույնպես լողում են անցյալի և ներկայի միջև: Առկա են արտահայտություններ, որոնք պատմվածքի տարբեր հատվածներում՝ ժամանակաշրջաններում, տարբեր կերպ են արտահայտվում, և լինելով տարբեր բովանդակությունների մեջ՝ կրում են նույն միտքը: Այս արտահայտությունները իրենց մեջ ներակայացնում են բավականին խորը սիմվոլային երևույթներ.
Համեմատական արտահայտությունները որպես սիմվոլային երևույթներ.
Չեխական սպասք-տատի սիրտը– Շատ նուրբ առարկա/երևույթ, որը ցանկացած անզգույշ քայլից կամ գործողությունից կարող է կոտրվել:
Մարութա սարի Սուրբ Աստվածածին- Սրբության, վեհության ու հեռու անցյալում մնացած կորսված հայրենիքի խորհրդանիշ:
Գլխիվայր, ինչպես ծնվել եմ-Յուրաքանչյուր միտք, գործողություն սխալ և հակառակ հասկանալու և կատարելու ցանկություն
Սասունցիների ընտանիքում լացն արգելված է-Արտահայտության մեջ առկա է պայքար, մի ողջ պատմություն և չկոտրվելու ուղերձ:
Ղեկը բռնել– Պատմվածքի մեջ արտահայտվում է երկու անգամ և բնորոշում է տատիկին, որպես ուժեղ կին, ով մի անգամ գնալու է դեպի իր նախնիների հայրենիքը, իսկ մյուս դեպքում՝ դեպի պապը:
Խոստումը պահել- Տատիկի խոստումը պահելը և իր խոստումը պահելը, որը արտահայտում է սերունդների շարունակականությունը և գաղափարախոսությունների փոխանցումը:
Պատմվածքի հիմնական կառուցվածքի պատճառահետևանքային կապը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ.
Մանկություն Անցյալ Հիմք՝ Ինքնավերլուծություն |
Հասուն Տարիք Ներկա Հիմք՝ Ինքնավերլուծություն |
Հիշողություն Անցյալ Հիմք՝ Դեպք |
Հասուն Տարիք Անցյալ Հիմք՝ Դեպք Դեպք |
Մանկություն Անցյալ Հիմք՝ Դեպք |
Հասուն Տարիք Ներկա Հիմք՝ գործողություն |
Բաժանումը կատարվել է ըստ նկարագրվող ժամանակաշրջանի-իրավիճակի և հուզական փուլերի:
Կառուցվածքային տեսանկյունից հետաքրքիր տարբերակով է կատարվում պատմվածքի կառուցվածքային անցումները:
Յուրաքանչյուր նոր փուլ անցում կատարելիս հեղինակը ընտրել է որևէ արտահայտություն, որի միջոցով կատարել է հաջորդ անցումը, որը շատ հաճախ կրել է սիմվոլիկ նշանակություն.
Առաջին անցում՝ Մորուքի արծաթափայլ իմաստությունը, ու տատիկի հանդեպ զղջման խոսքը, որ ստիպում է գնալ անցյալ, ու ընթերցողը պատկերավոր կերպով տեսնում է այդ անցման գործընթացը.
Երկրորդ անցում՝ տատիկի հայտնվելը՝ որպես առավել ջերմ կերպար: Առաջ է գալիս այդ կերպարի կորստյան լուրի ազդեցությունը. «Սկզբում, ինչպես միշտ, կհայտնվի Աղավնի տատս․«Որ մեռնեմ, լաց կլինե՞ս»,- երազում թե արթմնի կհարցնի նա»։
Երրորդ անցում՝ խորանում է մահվան գաղափարը, և ի հայտ է գալիս խոսք տալու գաղափարը: «Հինգ տարի համբերի՛, կգամ»
Չորորդ անցում՝ ուժեղացած զղջման զգացողության ֆոնի վրա օգնության է գալիս պապիկի կերպարը, որն առավել ուժեղ կերպար էր և չկոտրվող: «Մինչ տվայտանքների մեջ տապակվեմ օգնության կհասնի Սաղաթել պապս»
Հինգերորդ անցում՝ ի տարբերություն նախորդող անցումներին՝ հետևյալն առավել կտրուկ է տեղի ունենում, սակայն, իր հերթին, նախորդ բոլոր անցումները ներակայացնում է կիսաերազային իրավիճակում և խորացնում խոստման գաղափարը: Ի վերջո հենց այս անցման ժամանակ է հերոսը գնում դեպի ուղիղ գործողության: «Բացում եմ աչքերս, ինքնաթիռը դեռ թռնում է»։
Վերցերորդ անցում՝ խոստովանություն, տատիկի առջև կրկին փորձ է կատարվում ի հայտ բերելու հուզական հատվածը, սակայն հեղինակը առաջ է բերում պապիկի գոյությունը, որը դարձյալ չկոտրվելու գաղափարն է, և միևնույն ժամանակ նաև տատիկի ուժեղ լինելու գաղափարը: «Տա՛տ, խաբել էի քեզ, երբ ասացի՝ լաց չեմ լինի»,- իբր մտքում կշշնջամ ես, բայց ձայնս հախճապակու պես կզրնգա»։
Յոթերորդ և վերջին անցում և վերջաբանի փոխարեն՝ տատիկի հանդեպ ջերմ վերաբերմունքը փարատում է ներքին մեղքի զգացումը, պապիկի վերբերմունքը տատիկի հանդեպ և հասունության գաղափարը: «Խնդրում եմ՝ ճիշտ հասկանաք, տատիս դագաղը մենք չենք տանելու, ինքն է ղեկը բռնելու»։
Տեսարանները նկարագրված են նույն տրամաբանությամբ, և առավել հակիրճ միջոցներով տրվել է առավել խորը և հուզական տեղեկատվություն․ հերոսի սկզբնական մոտեցումը իր արմատներին, սակայն հետագայում առավել խորը ըմբռնումը և դրա կարիքի զգացողությունը:
Պատմվածքի սոցիալ-հոգեբանական վերլուծությունը՝ ըստ ժամանակաշրջանի
Առաջին արտահայտությունը, որ կատարում է հեղինակը, փորձում է ընթերցողին իր հետ տանել իր մանկության ժամանակաշրջանը, որը բնորոշվում է խորհրդային տարիների սոցիալ տնտեսական և հոգեբանական մոտեցումներով;
«Չեխական Սպասք» պատմվածքի ժամանակաշրջանը արտահայտում է Սովետական Միության տարիներին արդիական Չեխոսլովակիայից բերվող տարբեր ապրանքների հանդեպ վերաբերմունքը և միևնույն ժամանակ Արևմտյան Հայաստանից հիշողության սիմվոլներ ու արդեն մեր ժամանակաշրջանը՝ «Եվրոպաներում»: Հեղինակը համեմատական է տանում նյութականի և հոգևորի միջև՝ Ավետարանից մինչև չեխական սպասքի: Այստեղ թաքուն պայքար է ընթանում ընտանիքում առկա սոցիալ – հոգեբանական մոտեցումների միջև՝ Սովետական միության մարդիկ-Սասուցիներ-Եվրոպաներում ապրող հայ:
Սովետական ժամանակաշրջանին բնորոշ երկու հակադիր մոտեցում՝ Մարութա Սուրբ Աստվածածին և կորցրած հայրենիքի հանդեպ կարոտ, որ արտահայտվում է առանց ուղիղ ճակատային արտահայտությունների: Այս ամենին հակառակ՝ առկա է Սովետական միությանը բնորոշ նյութականի հանդեպ հատուկ վերաբերմունքը:
Հոգեբանական տեսանկյունից դիտարկելով՝ գերակշռող հուզահոգեբանական վիճակը նկարագրում է կարոտ, որը սիմվոլիկ՝ այլաբանական մոտեցմամբ հենց նույն խտացված իրն է՝ չեխական սպասքը: Չեխական սպասքը, որպես նյութ, որի մեջ առկա է և՛ բնավորություն, և՛ ժամանակաշրջանին բնորոշ մոտեցում:
Տարիքի գաղափարախոսությունը և մոտեցումը կյանքի հանդեպ տարբեր ժամանակաշրջաններում: Պատմվածքը ունի առավել ազգային մոտեցում և ի ցույց է դնում ազգային հոգեբանությունը: Ժամանակաշրջանների միջև շրջափուլային պտույտները ընթերցողին փորձում են համակողմանի ներկայացնել հարաբերությունները, հույզերը և վերաբերմունքը տարբեր երևույթների հանդեպ:
- Ներքին կռիվը/կոնֆլիկտ/ և հոգեբանական ճգնաժամային տարիքները՝ յոթ և քառասուն տարեկան
Գլխավոր հերոսը՝ հեղինակն է: Պատմվածքի ողջ ընթացքում նկարագրվում է հոգեբանական ճգնաժամային տարիքները և տարիքային առանձնահատկությունները: Յոթ տարեկանում ներկայացնում է սեփական ես-ի սոցիալականացման և արտահայտման ճգնաժամը, որն արտահայտվում է հետաքրքիր վարքով: Ինչպես տատն է նշում նրա գլխիվայր ծնվելու փաստը, որը բնորոշ է այդ տարիքի երեխաներին, ամեն ինչ հակառակ անելու ձգտումը, որպես ես-ի արտահայտման յուրահատուկ ձև: Երեխայի հոգեբանական նկարագրի մեջ առանձնահատուկ տեղ է գրավում հայ ավանդական ընտանիքին բնորոշ լացի թեմայի հանդեպ վերաբերմունքը որպես արգելված երևույթ և Սասունցուն ոչ հարիր: Սակայն հեղինակը այս փաստը նույնպես յուրահատուկ կերպով վերափոխման է ենթարկում պապիկի մոր մահվան ժամանակ պապիկի լացի արտահայտմամբ: Հեղինակը նշում է, թե այդ տարիքում ինչ իմանար, որ լացը սիրո ցուցիչ է: Յոթնամյա տղան փորձում է ցույց տալ իր ուժեղ կողմերը և փորձում է նույնականանալ /նույնականացման պաշտպանական մեխանիզմ/ պապիկի հետ, ով հանդիսանում է իր հզորության չկոտրվող կերպարի օրինակ և միևնույն ժամանակ միջսերնդային հոգեբանական կապի երրորդ սերունդը: Առհասարակ հոգեբանության մեջ առկա է երրորդ սերնդի ազդեցության գաղափարախոսությունը որպես միջսերնդային տեղեկատվության փոխանցման ուղի:
Եթե պապիկը դժվար կյանք է ունեցել՝ իր կյանքում հանդիպելով տարբեր խոչընդոտների, ապա այդ նույն պայքարը իր ներսում թոռնիկն է ունենում պապիկի հետ շախմատ խաղալիս: Պատմվածքը նման է ինքնավերլուծության, հեղինակը վերապրում է և համեմատական տանում 40 տարեկանի և 7 տարեկանի հոգեբանական առանձնահատկությունների միջև, որոնք տեղի են ունեցել տարբեր ժամանակաշրջաններում, սակայն նույն սոցիալ հոգեբանական միջավայրում:
Ես /հերոս/ յոթամյա երեխա Ես հերոս/ հասուն տղամարդ
Հերոսի մեջ հասունացել է ներքին պայքարը, որն ի հայտ է եկել մանկության հիշողությունների վերլուծություններից: Արդեն հասուն տարիքում նա յուրովի է մոտենում տատիկի և պապիկի կերպարներին և հասկանում է նրանց մեջ առկա սերն ու վախերը: Հերոսը, անցնելով հասունացման փուլերը, սկսել է վերաիմաստավորել իր կյանքը, մանկությունը և իր մանկության մեջ ապրող մարդկանց: Քառասուն տարեկանը համարվում է ճգնաժամային տարիք, քանի որ անձը սկսում է վերաիմաստավորել իր ապրած կյանքը, հարազատ մարդկանց, ում տարիքի հետ սկսում է կորցնել, և հաշտվում է մահվան գաղափարախոսության հետ: Հերոսն այս տարիքում հասկանում է տատիկի և պապիկի դերը իր մանկության մեջ ու իր մեջ խորանում է մեղքի զգացումը հատկապես տատիկի հանդեպ, ում փոքր հասակում նեղացրել է ու ինքը համարում է, որ կոտրել է նրա սիրտը, ինչպես չեխական սպասքը: Այս ցավոտ վերլուծությունների ժամանակ օգնության է հասնում պապիկի կերպարը, ով փորձում է ուժեղության օրինակ ծառայել:
Հիշողություն-Տատիկի հետ կապված հույզեր-պապիկի ուժեղության օրինակը-Հիշողություն….
Հերոսը պտտվում է այս շրջանով, մինչև չի գնում հստակ գործողության/ գնում է բաժակները/:
Գլխավոր հերոսի հասուն տարիքի ճգնաժամի մասին խոսելիս անհրաժեշտ է անդրադառնալ, այն փաստին, որ փորձում է հարազատ մնալ իր արմատներին, և նախնիների վերջին փշրանքների կորստից հետո առավել է ուժեղանում այդ ցանկությունը:
Մահացած մարդկանց հանդեպ պաշտամունքային վերաբերմունքը և մահվան փիլիսոփայությունը
Ստեղծագործության մեջ անգամ ամենատխուր և տրավմատիկ պահերըը ցողված են յուրահահատուկ հումորային բառապաշարով: Պատմվածքի մեջ ինքնատիպ ձևով անցնում է մահվան և կյանքի փիլիսոփայության թեման: Հերոսի անցյալն ու ներկան զուգահեռ անցում են կատարում դեպի հասունություն՝ երկու դեպքում էլ ընդունելով մահվան գաղափարախոսությունը։
Առաջին դեպքում- հասնում է մինչև հերոսի պապիկի մոր մահը։
Երկրորդ դեպքում- իր սեփական տատիկի մահով հասնում է սեփական հասունության։
Մանկության տարիներին հերոսը մահը ընկալում է իր տարիքին բնորոշ կատակով, մինչև այն պահը, որ պապիկը կորցնում է իր մորը: Հերոսի աչքերում պապիկը կարծես փոքրանում է: Այս հատվածը հեղինակը ներկայացրել է պապիկի հզոր կերպարից և իր պապիկի հետ ներքին պայքարից հետո:
Հետագայում արդեն հեղինակը պապիկի համար գնված օծանելիքով արտահայտում է մեր ազգին բնորոշ՝ մահացած մարդկանց հանդեպ պաշտամունքային վերաբերմունքը: Հեղինակը վստահ է, որ մյուս կյանքում տատն ու պապը կմիավորվեն: Ու հեղինակը հետևյալ արտահայտությունը՝ «Հիմա էլ կասկած չունեմ, բռնելու է դագաղի ղեկը ու մինչև սուրբ սարը հուպ է տալու։ Չէ՞ որ խոստացել է պապիս» իր մեջ արտացոլում է տատին պապիին տրված խոստումը, տատիի և պապիի միավորումը, և վերջապես նրանք իրենց հանգրվանը գտնելու են Մարութա Սուրբ Աստվածածին սարի վրա:
- Տատիկի և պապիկի կերպարների վերլուծությունը, որպես ինքնատիպ սիմվոլներ և խտացված կերպարներ
Տատիկի կերպարը արտահայտում է մեծ մոր կերպարը: Նա արտացոլում է խստություն, որը միևնույն ժամանակ համեմված է ջերմությամբ: Նրա օրինակով հայ կինը՝ մեծ մայրը ուժեղ է, սակայն միևնույն ժամանակ թույլ է և իր առջևում ունի մեծ հոր՝ պապիկի կերպարը: «Տատս երևի կնեղանա, գուցե թաքուն լաց էլ կլինի, բայց ես արցունքը չեմ տեսնի, որովհետև երազն ընդհատված ու տատիս հետ հօդս ցնդած՝ ես արթնացած կլինեմ»։ Այս հատվածում նկարագրված է տատիկի ուժեղ տեսակը, որ արցունքները թուլության նշան են, ու ամեն կերպ փորձում է թաքցնել: Նման իրավիճակ է նաև «Երբ տատս պապիս հոգեհանգստյան մահիճը ցողեց մի քանի կաթիլ զուսպ արցունքով…» Տատիկի ուժեղությունը ի հայտ է գալիս հատկապես պապիկի մահվանից հետո՝ «Խնդրում եմ՝ ճիշտ հասկանաք, տատիս դագաղը մենք չենք տանելու, ինքն է ղեկը բռնելու»։ ընտանիքի ղեկը նա է բռնում: Տատիկի խտացված սիմվոլիկան ներառում է տան ներսի հենասյան ու օջախի ջերմության գաղափարը:
Տատ և թոռ հարաբերությունները հետաքրքիր՝ են համեմված թոռան չարաճճի պահվածքով և տատիկի համբերատարությամբ: Տատ-թոռ հարաբերությններն առավել պարզ են և հիմնված ավելի թեթևության վրա, չնայած, որ թոռը կոտրել էր տատիկի սրբությամբ պահված սպասքը: Անդադար կատակներ, որտեղ առկա են խորը հարաբերություններ և կապվածություն: Տատիկի կերպարը թոռան համար ջերմության արտացոլման և հուզական կերպար է, չնայած որ միշտ փորձում է թաքցնել սեփական արցունքները: Թոռան հոգում կա մեղքի զգացում տատիկի հանդեպ, որ գրեթե միշտ գլուխ է բարձրացնում՝ արդեն հասունության տարիքում՝ հասկանալով իր մանկության տարիքի խաղը, որ գուցե ցավոտ է եղել: Ու հեղինակը խնդրում է, որ հենց տատը արթնացնի «Եվրոպաներում բթացած հիշողությունը» և օգնի դուրս գալ այդ հուզական ճգնաժամային տարիքից: Փոքրիկ հերոսը փորձել է խաղալ տատիկի հետ՝ ասելով, որ չի սիրում, բայց իրականում, նա խաբել էր…
Պապիկի կերպարը ուժեղ կերպար է և ավելի ծանր ու չկոտրվող: Նա էլ տատիկի նման փորձում է թաքցնել իր հույզերը, բայց և օրինակ հանդիսանալ թոռան և որդու համար:
Պապը թոռան համար հանդիսանում է ուժեղության և արմատների օրինակ, քանի որ բավականին մանրամասն ներկայացնում է իր և պապիկի շախմատ խաղալը: Շախմատը՝ յուրօրինակ սիմվոլիկան՝ որպես պատկեր-ազդանշան: Պապիկի մոր կորստով, պապիկի առավել հասունանալը:, որն իրեն տեղափոխում է մեկ այլ աշխարհ, որտեղ խաղից բացի կա նաև կորուստ: Պապիկի և թոռան հարաբերություններն այնքան մտերմիկ ու յուրահատուկ են, որ առկա են անգամ մահվանից հետո, երբ պապն արդեն չկա: Պապը նաև թույլ չի տալիս, որ թոռը թուլանա և դառնա զգացմունքային․ նա յուրքանչյուր հուզական ու թույլ պահերին ի հայտ է գալիս և տվյալ իրավիճակում բերում է ամրություն: Պապիկի կերպարը, ի տարբերություն տատիկի կերպարի, ավելի քիչ է հերոսի հետ մտնում ուղիղ երկխոսության մեջ, սակայն առավել ծանրակշիռ է՝ «Ի՞նչ էր ասում տատդ,- կհարցնի քմծիծաղով։ –Մի քիչ էլ պահեիք, հազիվ շունչ էի քաշել,- ուրախությունը թաքցնելով՝ չի կոտրվի պապս։, –Մայրը մնում է մայր, որ տարիքում էլ լինի։, –Տատդ գլուխը պատին է տվել,- զայրանում է պապս,- դու էլ հետը»։ Եվ ավելի շատ է տեղեկությունը պապիկի անցյալի մասին՝ ի տարբերություն տատիկի: Պապիկի բոլոր ուղիղ արտահայտությունները, ինչ-որ չափով խոսում են իր համար կարևոր կանանց՝ իր մոր և կնոջ մասին։ Այդ փաստը գալիս է լրացնելու այն միտքը, որ ընտանիքի պատմությունը պետք է փոխանցել սերնդեսերունդ: Պապիկը հանդիսանում է ընտանիքի հիմքը և ուժեղության գաղափարախոսության փոխանցողը:
Տատիկի և պապիկի հարաբերություններն առաջին հայացքից թվում են մի փոքր կոնֆլիկտային, և առկա են որոշակի հակասություններ, որոնք բնորոշ են այդքան տարի միասին ապրած և առօրյա կիսած մարդկանց, սակայն նրանց հարաբերություններում կա հասունության գիծը և փոխկապվածության, սիրո յուրահատուկ դրսևորումները: Պապը չի ցանկանում դրսևորել իր զգացմունքերը, բայց նա անհամբեր սպասում էր տատին՝ անգամ մահվանից հետո: Հայ տղամարդուն բնորոշ արտաքին կոպտության տակ առկա է հոգատարությունը կնոջ հանդեպ: Պապիկի կոպտությունը ի հայտ է գալիս, երբ տատը փորձում է իր մոր հասցեին արտահայտվել որպես սառը կերպար: Հեղինակը տատի և պապի հարաբերությունների մասին քիչ է բարձրաձայնում, սակայն միևնույն ժամանակ նրանց մեջ առկա է միմյանց հետ լինելու խոստումը, և տատը սրբորեն պահում է այդ խոստումը:
Եզրակացություն
Այսպիսով, պատմվածքի մեջ առկա սոցիալ-հոգեբանական և ժամանակագրական վերլուծության փոխկապակցվածությունը՝ ըստ բառապաշարային և կառուցվածքային, անձնականի վերլուծության՝ ներքին կռիվը/կոնֆլիկտի/, հոգեբանական ճգնաժամային տարիքների, տատիկի և պապիկի կերպարների վերլուծության, թույլ է տալիս եզրակացնել, որ պատմվածքի մեջ յուրաքանչյուր վերը նշված խնդիր արտահայտում է հեղինակի մոտեցումը սեփական մանկությանը, ապրած ժամանակաշրջանների բախումներին ու արժեհամակարգային մտածողության ձևավորվմանը: Հետաքրքրական են հատկապես կերպարների բնութագրերը և կառուցվածքային առանձնահատկությունները, որոնք նույնպես հանգեցնում են սոցիալ-հոգեբանական և ժամանակաշրջանի փոխկապակցվածության վերլուծությանը: