Հրաչ Բեգլարյան, Պատմվածք

Ա՛խ, Մուրադ, Մուրադ․․․

Օոստոսի հետկեսօրին շոգը արագ նստում է ու երեկոյան ոչ միայն զով, այլև ցուրտ է լինում: Տայգան խշշում է խուլ: Ծառերից ամեն մեկն իր անհանգստությունը, իր ցավը, իր հոգսն է կիսում քամու հետ: Լավ օրերի հիշողությունը, սիրուց շիկացած գիշերվա անքնությունը, հոգնած մկանների տաք ու հաճելի ցավեցնող մզզոցը պահում է իրեն ու քամուն է տալիս մնացածը: Քամին դրանից դառնանում ու դժգոհ է դառնում, քամին դրանից մոլեգնում ու հողմի ձևեր է բանեցնում: Բռնում է ծառերի փշոտ վարսերից ու քաշում-քաշքշում է խելագար: Իր բազմապատկված ցավի նոպաները զսպում է ատամները սեղմած ու ամբողջ ուժով հարվածում է անտառին: Նրա մտապատկերում ծառերն առանձին չեն, ծառերը միասնական են, նրանց սև ու հսկա պատնեշը՝ ահռելի ու անառ, և ցավն այն է, որ իր հուժկու, անտես մարմինը նրանց բախվելով մասնատվում ու ուժատվում է: Զարկում է քամին, տնքում է անտառը, քամու մարմինը մասնատում ու դարձնում է անուժ… Մոծակների պարսերը բաժան-բաժան եղած ծվարում են ծառերի տակ՝ խոտերի վրա, թփերի տերևների հողահայաց կողմում: Քնում են քամու ճոճքին ունկնդիր և սպասում են, որ լույսը բացվի: Լույսը բացվի, արևը հուրհրա ու իրենք ագահ կնճիթները խրեն Մելոյի նիհար մարմնի մեջ: Որքան էլ նիհար լինի նա, որքան էլ ամռան արևի տակ դաբաղած մաշկով, միևնույնն է, նրա արյունը քաղցր է, երակները՝ ուռած և մաշկը, թեկուզև արևահար՝ բարակ է ցանկացած ադամորդու մաշկի նման:

Մելոն չգիտի երբ կդադարի քամին, չգիտի մոծակներն ինչ են մտածում, չգիտի նաև, ինչ է մտածում Բուտուզը: Բուտուզ  Հենդոյի փուտ անունն է: Ինքն է դրել ու ասում է մտքում: Բարձրաձայն չի ասում: Ասում է մտքի մեջ: Հենդոյից չի վախենում, բայց դե մի քիչ մրսում է: Ինչքան չլինի, գործի տերը նա է: Գարնան գլուխ էր ու ինքը՝ անգործ: Հանդիպեց Հենդոյին, պատահական հանդիպեց ու Հենդոն թե.

-Կգա՞ս գնանք  Լեսագորսկ:

-Էդ որտե՞ղ է,- հարցրեց վախվորած ժպիտը դեմքին:

-Էստեղից հեռու է,- ասաց,- անտառի փեշին, օդը մաքուր, բնությունը՝ խելքամաղ լինելու չափ գեղեցիկ, ծառ ու ծաղիկ՝ որքան սիրտդ ուզի: Դու Անտառամուտցի ես, չէ՞,- հարցրեց խոսքի մեջ:

-Հա, բա ի՞նչ եմ,- տնքալու պես ասաց Մելոն:

-Դե հաշվի գնում ես ձեր գյուղը: Անտառի տղա ես, իսկ էդ անտառում ինչ ասես կա. Է՜լ սունկ, է՜լ հատապտուղ, է՜լ… վայրի մեղր:

Հասկանում էր, որ Հենդոն գործի վատ կողմերը չի ասում, ներկայացնում է միայն լավը, էն էլ հարցական է՝ էդ անտառի կողքից գետ հոսո՞ւմ է, թե՞ չէ, անտառի կողքով հոսող գետի մեջ ձկներ կա՞ն, թե՞ չէ, անտառի սունկը ուտելու է, թե՞ թունավոր ու ճառագայթված: Հասկանում էր, եթե Հենդոն էդքան գովում է, ուրեմն հետը մեկը չկա, որ գնա, էդ գործն անի: Հասկանում էր, որ Հենդոյի գովաբանած տանձի պոչը կամ խակ է, կամ փչացած, կամ արդեն կծած…

-Ի՞նչ ենք անելու,- հարցրեց նրա պատմությունն ընդհատելով:

-Ի՞նչ…Հա, անտառի կողքին շինարարություն ենք անելու: Մի հատ տուն ենք հավաքելու գերաններով, մի հատ բաղնիք, մի… Մի խոսքով աշխատանք շատ կա:

-Փո՞ղը,- աչքի մեկը կկոցեց Մելոն:

-Ամեն ամիս ստանալու ես քո արած գործի չափով, աշխատանքը ծանր չէ, բնությունը…

-Սնո՞ւնդը,- էլի ընդհատեց Մելոն:

-Սնունդը, մենք ենք տանելու հետներս, ախպեր ջան, մենք պիտի եփենք: Եփել գիտես, չէ՞: Մենք պիտի եփենք: Ինչ ուզենք, կեփենք կուտենք, մեր ձեռքին չէ՞: Երկուսով ենք, ախպերավարի կաշխատենք, կապրենք:

Հենդոն արդեն Մելոյի համաձայնությունն առած էր համարում: Նրան արդեն իր ընկերն ու աշխատակիցն էր հաշվում ու խոսում էր ապագա ծրագրերի մասին:

-Սկզբում վրանում կմնանք, տուրիստի պես: Իսկի վրանում քնե՞լ ես: Չէ՞, շա՛տ բան ես կորցրել: Կքնես, կտեսնես, թե դա ինչ հաճույք է: Մի խոսքով, իրերդ հավաքիր, վաղը կամ ամենաուշը վաղը չէ մյուս օրը շարժվում ենք:

Մելոն շշմած նայում էր Հենդոյին: Մտքում  վստահ էր, որ մի բան այն չէ, վստահ էր, որ Հենդոյի ասածի մեջ մի «բայց» կա, բայց գործ չուներ, փողը պրծնելու վրա էր, մնալու տեղը… Հորաքրոջ տղայի մի սենյականոց բնում էր մնում արդեն մի ամիս ու համ նրան էլ զզվեցրել, համ էլ իր կողերն էին ցավում հատակին քնելուց: Կինը ամեն զանգի հետ փող էր ուզում.

-Ախր տոկոսի ժամանակն է, ախր էլ մարդ չմնաց, որից պարտք անեմ, գրավ դրած ոսկու տոկոսները փակեմ, սևավոր, ախր …

Ու համաձայնեց: Պարզվեց, իսկական գործի տերն ուրիշ է: Իրենց տարավ իր մեքենայով: Հասցրեց տեղ, բեռնաթափեցին, ցույց տվեց, թե որտեղ պիտի փորեն հիմքերը, խոստացավ երկու օր հետո գալ ու քշեց, գնաց: Մութն ընկնում էր, քաղցած էին, հոգնած, վախեցած՝ նաև: Անծանոթ անտառի ձայները տարօրինակ էին ու վախենալու, անտառի խշշոցը մեկ սպառնալից էր դառնում, մեկ՝ անտարբեր ու Մելոն արդեն փոշմանել էր: Գուցե   Բուտուզն էլ էր փոշմանել, բայց իրեն  առույգ էր պահում ու ցույց չէր տալիս:

Ո՜չ Բուտուզը վրան խփել գիտեր, ո՜չ Մելոն: Տանջվեցին մի քանի ժամ, հայհոյեցին վրան սարքողի յոթը պորտն ու մի կերպ գործը գլուխ բերեցին: Հետո քնապարկերի մեջ մտան ու Հենդոն կատակեց.

-Էս ի՞նչ տաք է, ասես Լարիսի ծոցը լինի:

Մելոն ծիծաղելու հավես չուներ: Հասկացավ, որ Լարիսը Հենդոյի կինն է: Չարձագանքեց: Աչքերը փակեց ու… անջատվեց միանգամից: Երազ չէր տեսնում: Երազ տեսնելու համար մարդը շատ հոգնած չպիտի լինի: Մի քիչ հանգիստ պիտի լինի, որ երազ տեսնի: Քնեց աներազ ու ծանր քնով: Առավոտյան օջախ սարքեց վրանից մի քիչ հեռու, օջախի վրա կախեց խանութից նոր առած կաթսան ու ջուր եռացրեց: Նախ թեյ խմեցին, հետո հաց կերան, իսկ հետո արդեն նշեցին, թե որտեղ պիտի փորեն ինչ պիտի անեն ու…

Գործի տերը իր ասած ժամանակից հինգ օր ուշ եկավ, նայեց, գոհ մնաց աշխատանքից, բայց քթի տակ խնդմնդաց նրանց վրանը տեսնելով:

-Ախր սխալ եք արել,- ասաց,- անձրևի ժամանակ ջուրը կլցվի տակներդ:

Էդ հետո փոխեցին վրանի տեղը, իսկ այդ ժամանակ… Այդ ժամանակ Մելոն ամեն օր փոշմանում էր իր գալու համար: Երեկոյան փոշմանում էր, իսկ առավոտյան նորից գործի էր անցնում: Աշխատեցին մի ամիս: Արդեն մոծակներից չէին վախենում:

-Մոծակ է, էլի՛,- ձեռքը թափ էր տալիս Բուտուզը,- ի՞նչ պիտի անի, պիտի կծի՞, է՜, չգիտի՞, որ ինձ կծողը չի ապրի: Թող կծի, սատկի:

Սկզբում նրա կատակները ծիծաղելու էին, հետո անհամ թվացին Մելոյին: Մանավանդ, երբ  երազում առաջին անգամ տեսավ Մուրադին:

Ա՛խ, Մուրադ, Մուրադ, բաշը քամուն, ռուգների մեջ լեռնային օդը, ալպիական մարգագետինը՝ սմբակների տակ: Վերևում միայն կապույտ երկինքն էր ու երկնքի մի անկյունում ծվարած՝ մի քանի ամպ: Մուրադը թռչում էր ամպերին ընդառաջ, սլանում էր երկնի անհուն կապույտի մեջ լողալու, իր ջահել ու պիրկ մկանների եռքը հանգստանելու համար: Աշխարհը նրա համար այդ գեղեցիկ ու ծաղկառատ մարգագետինն էր, որի  ներքևում խոխոջում էր ձնհալի ջրերից  ծնվող ու իր մտապակերի մեջ այդպես էլ նույնիսկ ամռան շոգին չմեռնող գետակը: Սլանում էր երիվարը, նրա հզոր թոքերը տրոփում էին հեծյալի ծնկների տակ և աշխարհում ո՜չ հոգս կար, ո՜չ պատերազմ, ո՜չ սահմանին կանգնած թշնամի: Կար գարունը,  ծաղիկների բույրը կար, սմբակների տակ խմորվող ծաղկաշատ գետինը և հեծյալի ստվերը՝ իր ստվերին ձուլված:

Մելոն բաց էր թողել սանձը, թողել էր, որ ասպը[1] ձմռանն իր մեջ հավաքած բացասական լիցքերից ազատվի, թողել էր, որ թոքերը  մինչև վերջին բջիջը լցվեն գարնան օդով ու ձմռան տաղտուկը լքի նրա երակները:

Սլանում էր Մելոն, սլանում էր Մուրադի վազքին տրված ու չէր մտածում, որ թշնամին մոտիկ է՝ սարի էն երեսին: Որքան էլ սահմանին կանգնած են մեր տղերքը, որքան էլ աչալուրջ են, միևնույն է, թշնամին էլ է զինված ու նրան երբևէ որևէ բանում վստահել չի կարելի: Թուրքը նրա մտապատկերում պատանի ժամանակ իրենց հարևան գյուղում ապրող Վագիֆն էր, որ ամեն օր դասի էր գալիս իրենց գյուղ:

Առաջին կրակոցը պայթեց անսպասելի: Մելոն չհասկացա՞վ, թե՞ չհասկանալու տվեց: Գիտեր, որ իրենց հանդերում է, գիտեր, որ ուրիշի հող չի մտել և ուրիշինի վրա աչք չունի ու սլանում էր գարնանն ընդառաջ: Հետո էլի գնդակներ անցան ականջի կողքով:

-Էս ի՞նչ էր, Մուրադ,- հարցրեց մի քիչ շփոթված: Վայրկյան անց հասկացավ, որ կրակում են ու ձիու գլուխը դարձրեց հակառակ ուղղությամբ: Սլացավ նախ մարգագետնի եզրով, հետո թեքվեց ու իջավ ձորը:

Դա ե՞րբ էր: Երկու տարի առաջ: Այդ ժամանակ չգիտեր, որ Ռուսաստան պիտի գա, որ պիտի իր ծանոթ ու փափուկ անտառը թողած՝ վրան խփի այս մեծ ու անծանոթ անտառի եզրին ու երազում Լիայի ու էրեխեքի տեղակ Մուրադին տեսնի:

Երազում Մուրադը սլանում էր սանձակոտոր ու Լիան նրան չէր կարողանում ետ բերել: Կանգնել էր ծաղկած մարգագետնի մեջ ու նայում էր սլացող ձիու  ետևից: Ձին սլանում էր դեպի սահմանը, դեպի Սուրուլիկ կոնդը, իսկ այդ սարի վրա թուրքերն էին: Ինքը որտե՞ղ էր իր երազի մեջ: Մտածում է Մելոն ու չի հասկանում: Կինը կանգնած էր մարգագետնի մեջտեղում, ոտքերը՝ բոբիկ: Կանաչի մեջ՝ սպիտակ փրփուր, նունուֆարի ծաղիկները փաթաթվել էին նրա սպիտակ ոտքերին ու բույր էին առնում նրանցից: Կինը ծաղիկների համար ժամանակ չուներ՝ Մուրադը սլանում էր դեպի թշնամին ու ինքը ոչինչ անել չէր կարողանում: Կինը կանչո՞ւմ էր իրեն, թե՞… Դա էլ հիշել չի կարողանում:

Թվում է, ոչ մի սարսափելի բան էլ չկա, մի քիչ շատ է մտածել տան մասին, կնոջը կարոտել է ու երազ է տեսել: Բայց երազից հետո ամբողջ օրը սրտի մեջ մի տխուր ու մրմռացող ցավ էր մտել: Գլխից դուրս չէր գալիս իր ու Վագիֆի անցած տարվա խոսակցությունը:

Պատերազմն եկել անցել էր, ավերածություններ էր թողել մարդկանց հոգում, զոհված տղերքի հիշողության ցավը խտացել էր գյուղի վրա: Այդ ցավն սկզբում շատ ուժեղ էր ու թույլ չէր տալիս, որ Մելոն խելքի գա: Աշխատում էր առօրյա գործերի ու հոգսերի մեջ մոռացության տալ պատերազմը, երբեմն իրեն համոզում էր, թե դա հաջողվել է իրեն, բայց հանկարծ մի պահի  ծակում էր սիրտը, գլուխը բարձրացնում էր գործի վրայից, նայում շուրջը, հասկանում էր, թե որն է այդ ծակոցի պատճառը և իրենից անկախ շրթունքից կախվում էր հայհոյանքի փունջը,  օդում կախված մնում էր մի քանի վայրկյան, հետո թռչում անցնում էր սահմանն այն կողմ: Համընթաց քամի լիներ, թե չէ, միևնույն է, Մելոն համոզված էր, որ հայհոյանքի օրվա չափաբաժինը գնալու է թուրքի կողմը:

Օրերն անցնում էին Սուրուլիկ կոնդի վրայով սահող ամպերի նման, թվում էր՝ պատերազմի ցավը կամաց-կամաց մոռացվում է, բայց այդ օրը սարում ոչխար արածացնելիս հանդիպեց Վագիֆին:

Վագիֆը… Պատերազմից առաջ էր, խորհուրդների երկիր, կարծես հայի ու թուրքի կռիվ չպիտի լիներ, բայց լինում էր: Վագիֆը հազար անգամ ծեծվել էր իր ու ընկերների կողմից: Հայերեն գիտեր, գիտեր նաև հանգամանքների բերումով գույնը փոխել: Երբ նեղն էր ընկնում, հազար շողոմ խոսք էր ասում, իսկ երբ լայն տեղում էր հայտնվում…  Ծեծում էին հատկապես նրա համար, որ հազար երես ուներ:

Տարիներն անցել էին, հետո պատերազմ էր եղել… Հիմա իր համար ոչխար էր պահում ու հանդիպեց նրան: Առաջինը նա ճանաչեց: Սար էր, սահմանն ու պոստերը մնացել էին ներքևում, իսկ բարձրադիր մարգագետնում ամեն մեկն իր ոչխարն էր արածեցնում:

-Մելո՞,- ասաց հանկարծակի:

Մելոն չէր սպասում: Հոտը փռված էր սարի լանջին, Մուրադն արածում էր  հաճույքով և ամեն բան մոռացած: Մելոն զենք ուներ, բայց չէր սպասում ու անակնկալի եկավ: Վայրկյանը երկար ու անորոշ էր: Ձայնը ծանոթ էր, բայց այստեղ ի՞նչ ծանոթ կարող էր լինել: Բարձրացրեց աչքերը, ձեռքն իրենից անկախ գնաց ինքնաձիգին:

-Չէ՜,- ասաց ձայնը,- չէ, ես քեզ հետ կռվելու չեմ եկել:

Վագիֆն էր, զենք չուներ ու շողոքորթում էր: Մելոն ընդհանուր բան չուներ նրա հետ, չէր ցանկանա հանդիպել, պատերազմի թողած սպիները մրմռում էին ամեն օր, մրմռում էին ոտքի ու մեջքի վրա: Մեծ տղան արդեն տասնյոթ տարեկան է, զինվորացու… Իսկ թուրքի պատկերը գլխի մեջ առաջին հերթին «պատերազմ» բառն էր արթնացնում:

 Վագիֆին տեսնելիս նաև ծածուկ մարմինը մրմռաց ու հիշողությունը էլի ցավ դարձավ աճուկում: Ինչքան էլ Վագիֆը մանկությունից ծանոթ լիներ, մեկ է, սպիներն ու հիշողության մրմուռը մոռանալ չէր լինի ու Մելոն հարցական հայացքն ուղղեց նրա երեսին:

-Ի՞նչը կխանգարի մեզ, որ ես իմ ոչխարն արածեցնեմ էս սարում, դու՝ քոնը,- ասաց Վագիֆն ու նստեց:

Մելոն չպատասխանեց, չասաց՝ վերքերիս սպիները, չասաց՝ զոհված էնքան տղերքի արյունը, չասաց՝ քեզ ու քոնոնց չվստահելը, չասաց՝ պատանեկան օրերի հիշողությունը: Տնքաց ու ծխախոտ կպցրեց: Վագիֆը նայեց Մելոյի ոչխարներին, աչքի պոչով տնտղեց նրա ձեռքի ինքնաձիգը, հայացքը գցեց մի քիչ հեռվում արածող Մուրադին ու ասաց.

-Ես արդեն երեք օր է՝ հետևում եմ քեզ:

Մելոն ներսում լարվեց. «Սա որ երեք օր հետևում է ինձ, ուրեմն մի բան ուզում է: Հենց այնպես չէր համարձակվի մոտենալ»:

-Է՞…,- անորոշ մռլտաց:

-Ի՞նչ տամ ձիուդ:

Մելոն մի վայրկյանում պատկերացրեց, թե Վագիֆն ինչպես է տանում Մուրադին: Ինքը գնում է առջևից, իսկ Մուրադը փնչացնելով քայլում է նրա հետևից: Մուրադը սկզբում չի հասկանա, որ Մելոն իրեն դավաճանել է, հետո… Հետո…Ձիերը խոսել չգիտեն, կարող են լաց լինել, կարող են թախծել, բայց խոսել ու հանդիմանել չգիտեն:

-Ի՞նչ տամ ձիուդ,- հարցրեց Վագիֆը:

-Չե՜մ ծախում,- կտրեց Մելոն, իրեն ետ բերելով իր երևակայության միջից:

-Քսան ոչխար,- ասես չէր լսել՝ շարունակեց Վագիֆը:

«Էս շանն էստեղ սատկացրու, թող հեռացիր»,- ինքն իրեն հրամայեց, բայց բարձրաձայն ասաց նույն անտարբեր համառությամբ.

-Չե՜մ ծախում:

-Քառասուն ոչխար,- շարունակեց Վագիֆը:

-Չէ՜,- չոր կտրեց Մելոն ու ոտքի կանգնեց: Հասկանում էր, որ սա մենակ չէ, հետն էլի մարդիկ կլինեն: Կրակել չէր ուզում, արյուն թափել չէր ցանկանում, ուզում էր հաշտ ու խաղաղ հեռանալ, բայց նաև ձին տալ չէր կարող:

-Լավ, չես ծախում, հասկացա,- փափկեց Վագիֆը, ժպտաց ու Մելոն հիշեց նրա ժպիտը դպրոցից տուն գնալու ճանապարհին: Հիշեց, զզվելը եկավ՝ խեղճացած, շողոքորթ, լպրծուն ժպիտ էր:

-Տեսնում եմ, ձիդ հովատակ է, վաղը զամբիկս բերեմ, թող ծածկի, ինձ տամազլղ[2] տուր: Քո ձին հրեղեն է, թող քո հրեղեն ձիուց ինձ էլ օգուտ լինի: Ունեցածս լավ սարակ[3] է, քոնը աշխետ է, իմը՝ մողոշիկ[4], գիտե՞ս ինչ մտրուկ[5] դուրս կգա: Պատերազմն անցել է, հո չե՞նք կարող հազար տարի թշնամի մնալ, ուզենք-չուզենք պիտի իրար տեսնենք, չէ՞…Ոչ դու կարող ես քո գյուղը առնել գնալ, ոչ ես:

Մելոն այլևս չէր լսում: Սարի հովն այլևս սիրտը չէր զովացնում, մարգագետինն ասես չոր ու ամայի անապատ էր դարձել, գետակի խոխոջյունը՝ ականջը սղոցող ծկլթոց:

-Հը՞,- հարցական նայեց թուրքը:

-Կմտածեմ,- անորոշ ասաց ու նստեց ձին, ոչխարը քշեց ներքև, հեռացավ:

-Էգուց կգամ,- հետևից ձայն տվեց Վագիֆը,- մի ղըսըր[6] ոչխար՝ քեզ նվեր: Ղավուրմա[7] կանես ձմռան համար:

Մելոն ուզում էր ասել. «Էսքան ոչխարի մեջ ես ղավուրմա անելու միս չունե՞մ, քո տվածի՞ն եմ մնացել»,- բայց միտքը փոխեց, չխոսեց ու շարունակեց իջվարել: Գնում էր ձեռքը ինքնաձիգին դրած ու շունչը պահած: Մեջքը դողում էր: Վստահ չէր, որ Վագիֆը մեջքին գնդակ չի արձակի: Գիտեր, որ ինքը ո՜չ Մուրադին կտա Վագիֆին, ո՜չ էլ նրա ազնիվ արյունը կբազմացնի թուրքի մատակի փորում: Ձին զգում էր տիրոջ զսպած տագնապը, ժամանակ առ ժամանակ փշաքաղում էր մաշկը և հևում էր անհանգիստ: Կողերը թրթռում էին, բաշը խաղում էր քամու հետ, իսկ սմբակների տրոփյունը կլանում էր գարնան փափուկ հողը:

Հաջորդ օրը կանչեց անասնաբույժին: Եկավ կաղ Սահակը, նշտարը քաշեց ու ամորձատեց Մուրադին: Մուրադը չտնքաց, ողնաշարով սարսուռներ անցան, կռացավ մի տեսակ ու ցավը ատամի տակ առած՝ մնաց: Մելոն նրա աչքերում թախիծ ու արցունք տեսավ և նրա գլուխը բռնած լացեց անձայն: Իսկ Լիան կանգնել էր երկու ձեռքով երեսը ծածկած ու լաց էր լինում հեկեկալով:

-Ախպեր ջան,- ասաց Մելոն,- ախպեր ջան, ո՞նց թողնեմ, որ քո ազնիվ արյունը ազնվացնի թուրքի ձիուն: Ինչ լավ բան ունեինք, տարան ախր, ախպեր ջան…

-Անխի՛ղճ,- հեկեկում էր Լիան,- բա էդ կարգի ձիուն ամորձա՞տ կանեն:

Ի՞նչ էր մտածում Լիան, որ հեկեկում էր: Հեկեկում էր ձիու կռտած որձությա՞ն համար, թե՞ մտքում Մուրադի փոխարեն Մելոյին էր պատկերացնում, Մելոն չգիտե և այդպես էլ չի կարող իմանալ:

…Բուտուզը Մուրադին չէր ճանաչում, չգիտեր, թե նա ինչպես է ամորձատվել: Բուտուզը Լիայի այդ օրվա լացը չէր տեսել ու նրա խռովը չէր տեսել: Իսկ Լիան այդ անգամ տասը օր խռով մնաց Մելոյի հետ ու տասը օր մոտ չթողեց: Բուտուզը  չգիտեր, որ Մուրադն արդեն տասնհինգ տարեկան է ու  իր օրում կարգին սանձ չի տեսել, նաև իսկական լկամ ու թամբ չունի և Մելոն ուզում է գոնե լկամ ու գործարանում սարքած սանձ առնել նրա համար: Կառնի, հետը կտանի Հայաստան: Ձին հաստատ կհասկանա: Կուրախանա, թե՞ չէ, կարևոր չէ: Կարևորն այն է, որ ինքը մտածի նրա մասին:

-Հենց աշխատավարձ ստանամ, պիտի քաղաք գնամ, համապատասխան խանութ գտնեմ ու Մուրադի համար սանձ առնեմ,- ասել էր մի քանի օր առաջ, երբ երեկոյան լուսնի տակ նստել էին խարույկի մոտ ու մոծակները նորից իրենց սովորական գրոհն էին սկսել:

-Վա՛յ, ախպեր ջան,- ասել էր Բուտուզը,- ինչի՞ փող տաս, դրա եղածն ի՞նչ է, որ: Ես կճարեմ մի տեղից:

Մելոն հասկացել էր, որ նրա ասած «մի տեղը» գողանալն է, բայց ձայն չէր հանել: Հո Բուտուզի ամեն ասածին չի՞ հավատա:

 Սկզբում էր կարծում, թե Բուտուզը սուտ է խոսում, հիմա արդեն՝ հետը երկու ամիս ապրելուց հետո համոզվել է, որ նա սուտ չի խոսում: Պարզապես նրա երևակայության ձին սլանում է Մուրադից էլ արագ: Գռուզ մազերը չի սանրում երբեք: Ասենք, եթե նույնիսկ սանրի էլ, ոչ մի սանր չի դիմանա: Երկարաճիտ կոշիկներով է միշտ և դրանց քթերը ծակ են: Մելոն այն տպավորությունն ունի, թե նրա սապոգների ծայրերը նույնիսկ ձմռանն են ծակ: Մատները ծիկրակում են կոշիկի միջից, խեղդվողի նման արև տեսնել են երազում ու մի պուտ մաքուր օդ: Պիջակն այնքան է երկար վրան, որ ասես կիսաշրջազգեստ լինի: Նստել է մլմլացող խարույկի մոտ, փստացնում է ծխախոտը: Բթով ու ցուցամատով բռնել է այն, որպեսզի նույնիսկ ամենավերջին կում ծուխն առնի ու հանկարծ ծխի մի քուլա, մի ումպ անգամ չցնդի ավելորդ տեղը: Աչքի մեկը կկոցել է, որ ծուխ չլցվի, մյուսը երազանքի մեջ է ու ձայնը՝ մի քիչ խուլ, մի քիչ խզված՝ ասես ելնում է բաց աչքից.

-Ախպորս ասեմ, էդ ժամանակ էր, էլի, որ էդ աղջկան տեսա:  Աղջիկ մի ասա՝ մի եղնիկի ձագ ասա:

Մելոն չգիտի՝ եղնիկի ձագն ինչպիսի՞ն է լինում Բուտուզի պատկերացման մեջ, բայց լռում է, իսկ Բուտուզը շարունակում է.

-Գնացինք էն լավ տեղը, կերանք խմեցինք, հետո պարեցինք… Է՜լ վալս, է՜լ արաբական տանգո:

«Խիղճդ մեռնի,- քիչ է մնում պոռթկա Մելոն,- դու վալս պարե՞լ գիտես»:

Որքան էլ տանջվում է, չի կարողանում Բուտուզին պատկերացնել վալս պարելիս ու չգիտե նաև՝ արաբական տանգո լինո՞ւմ է, թե՞ չէ: Ինչ շոր ուզում ես հագցրու Բուտուզին, մեկ է, ամեն ինչից երևալու է, որ նա ողջ կյանքում մի լավ օր չի տեսել: Աշխատել է, աշխատել… Սկզբում փողը Հայաստան է ուղարկել, հետո կամաց-կամաց տղերքը մեծացել, եկել են մոտը, ամուսնացել, ընտանիքավորվել են: Բուտուզն էլի աշխատել է: Նախ մեկի համար է տուն սարքել, հետո մյուսի, հիմա  երրորդի տան հիմքերն է գցել, էդ տարիքին իրեն չխնայելով եկել է էս անմարդաբնակ վայրն ու երազում է.

-Սաքոյիս տունն էլ սարքեմ, գնամ Հայաստան, պառավիս հետ հանգիստ ապրեմ:

Պառավը տարիներ առաջ մի էրկու ամսով եկել է, զզվել, թողել հեռացել է, ու Բուտուզը մենակ է՝ տղաների, հարսների ու թոռների հետ: Նրանք իրենց համար, ինքը՝ իր: Իր խելքով տղերքին ապահով տեղավորելու է, իսկ ինքը գնալու է, որ ծերությունը Հայաստանում անցկացնի:

 Նստում է խարույկի մոտ ու իրեն իր երազած տղայի տեղը դնելով շարունակում է.

-Հա, ուրեմն ախպերս ասեմ,  ռուսները տեսան՝ ես էդ աղջկա հետ եմ, ուզեցին նրան խլել ինձնից, բայց դե ախպորդ գիտես:

-Ի՞նչ արեցիր,- քթի տակ խնդմնդում է Մելոն: Մութը չի թողնում, որ Բուտուզը նրա ժպիտը տեսնի:

-Ի՛նչ պիտի: Իրենք հինգ հոգով էին, ես՝ մենակ, բայց դե ախպերդ հո խեղճացող չէ՞: Զենքը հանեցի, ուզեցի շարեմ ճակատներին, բայց թե մեղքս էկավ:

Մելոն չի հարցնում. «Բա զենքդ ի՞նչ արեցիր: Հիմա զենք ունե՞ս»:

Գիտի, որ Բուտուզը զենք չունի, չի էլ ունեցել: Նրա միակ զենքը, որին շատ լավ տիրապետում է, բահն է:

-Ա՛խ, Մուրադ, Մուրադ,- հառաչում է: Չի հակառակվում: Ախր Բուտուզը խոստացել է սանձ ու փորքաշ ճարել ձիու համար: Թե հիմա նրա խոսքին չհավատա, կարող է նեղանալ ու հրաժարվել: Իսկ ինքը արդեն որքան ժամանակ՝ մտքի մեջ փայփայում է Մուրադին նոր սանձով, նոր փորքաշով տեսնելու երազանքը: Թամբ տանել չի կարողանա այստեղից, թամբը ճանապարհին գլխացավանք կարող է դառնալ: Թամբը ինքը կսարքի: Ասենք ինքը լավ չի սարքում, հարևան գյուղի Պարգևին կպատվիրի: Կասի. «Ամենալավը սարքիր: Այնպես, որ ձիու մեջքը չցավեցնի, այնպես, որ նրա վրա նստողին հարմար լինելուց բացի նաև Մուրադի համար հարմար լինի: Այնքան հարմար, որ չզգա իր վրա նստած հեծյալի ծանրությունը»:

-Էլի Մուրադի՞դ հիշեցիր,- հարցնում է Բուտուզը: Երևի զգում է, որ մի քիչ չափն անցել է: Էդ ատրճանակի պատմությունը չպիտի աներ: Բայց թե խոսքը գնդակի նման բան է, արձակեցիր՝ տերը չես: Համ էլ, ի՞նչ է եղել, որ… Մելոն է, էլի: Ինչ ասում ես՝ հավատում է:

Տայգան խշշում է խորհրդավոր: Խշշոցի հազար ու ավելի եղանակ ունի տայգան, հասկանալ ու իմանալ է պետք, ըմբռնել ու մեկնաբանել է պետք: Իսկ Մելոն  միշտ չէ, որ հասկանում է տայգայի ձայները, ըմբռնում է քիչ ու միչ, բայց ավելի շատ վախենում է նրա խշշոցից: Իրենց անտառն ուրիշ է, նրա ձայները՝ ընտել, իսկ սա… Մելոն լավ գիտի, որ Բուտուզն էլ է վախենում տայգայից, իրենց մենակությունից, անտեր-անտիրականությունից: Պարզապես այստեղ փողը շատ է ու Սաքոյի տունն ավելի հեշտ ու ավելի արագ է կառուցելու: Սաքոյի տունն էլ կառուցի, հարսը գա, վայելի, Բուտուզին անտեր-անտիրական թողնի ու նրա ոտքերից միշտ հոտած պանրի հոտ գա:

Խղճու՞մ է Բուտուզին, թե՞ զայրանում է նրա վրա, Մելոն չգիտի, Մելոն այստեղ լավ չի հասկանում ինքն իրեն: Արդեն մի ամիս, ասենք ի՞նչ մի ամիս, այն ժամանակից ինչ ելել է տանից, աչքերի առաջ Մուրադն է: Կնոջն ու երեխաներին էլ է կարոտում, բայց Մուրադը դուրս չի գալիս ուղեղից: «Ձի՛ է էլի,- հաճախ ինքն իրեն կշտամբում է,- լավ ձի, է ճիշտ է, բայց դե ձի է, հո մարդ չէ՞»: Բայց որքան էլ կշտամբի, չի կարողանում մոռանալ ու հաճախ աչքերի դեմ բացվում է գարնանային մի պատկեր: Ինքը սլանում  է ձիու ականջը մտած, սլանում է լանջն ի վեր: Լանջը փրփուր շուշաններով ծփում է զեփյուռի զարկից, Լիան կանգնած է ծաղիկների մեջ և կարմիր կակաչներն ու ճերմակ շուշանները նրա սպիտակ ոտքերն են համբուրում: Ձիու հզոր թոքերը տրոփում են ծնկների տակ, ձին չի վազում, սլանում է: Երակներում կայտառ վազող արյունը, կանաչ լանջը, ջահել ու սիրահարված հեծվորը և գարունը հենց իրենն են: Իրենը միայն և ուրիշ ոչ մի արարածինը: Իրենն է կյանքը և յոթ սարի հետևում վրնջացող բոլոր մատակ ձիերն են իրենը: Իսկ Մելոյի միակը Լիան է: Բարակ մեջքով, նազուկ ծոցով, նուրբ ու պինդ: Իրենը: Չամանի ու գնարբի հոտով՝ իրենը:

Իսկ Վագիֆը նախ «տամազլղ» կուզի Մուրադից, հետո իր տունն ու հողամասը լավը կերևան աչքին, հետո Լիան: Ու կռտած Մուրադի անձայն մղկտոցն իր սրտի միջով է անցնում մինչև հիմա: Քանի՞ տարի է անցել, բայց ձիու մղկտոցը, նրա անտեր մնացած ամորձիները՝ կանաչ թասի մեջ.

-Համով է, կեփես, կուտես,- խրատում էր Սահակը,- տղամարդու համար շատ օգտակար է:

-Չէ, դու տար, Սահակ ջան, ես՝ չէ…,- կմկմացել էր այն ժամանակ ու փողը մտցրել էր Սահակի գրպանը: Սահակը մի երկու բաժակ տնաքաշ օղի էր խմել, մի երկու բրդուճ ձվածեղ, աջ ձեռքով բաժակ էր բարձրացրել, ձախով շոյել էր գրպանը դրած փողն ու չէր կարողացել իմանալ՝ ինչքա՞ն է: Հետո վեր էր կացել, օղու թնդությունից աչքերը շաղված՝ վերցրել էր ձիու ամորձիներն ու լընգալով գնացել էր տուն:

Լացել էր Լիան, թաքուն լացել էր Մելոն: Իսկ ձին: Ձին վրեժ պահել չգիտի: Ձին հիշողություն ունի, բայց տիրոջ հանդեպ ոխ չի պահում: Մի երկու շաբաթ խեղճացել էր, հետո որձի կոտրած կորովն ավելի էր ուժեղացրել նրան ու ավելի թեթև էր դարձել սլացքը:

Մինչև հիմա էլ Մելոն չի մոռանում Լիայի լացը: Չի մոռանում նաև Վագիֆին, որին այլևս չի տեսել: Գիտի՝ ապրում է մի սար այն կողմ, ապրում է մտքում վրեժ որոճալով: Այն օրը իզուր չկրակեց Վագիֆին: Կթխկացներ, կթողներ կգնար, ո՞վ պիտի իմանար:

«Դու քո չարածի համար հետո ես փոշմանում»,- հանդիմանեց ինքն իրեն ու մտավ քնապարկի մեջ:

Բուտուզն էլի ինչ-որ բաներ էր պատմում: Պատմում էր ծաղկուն ու մեծ քաղաքների, այդ քաղաքներում իր այցելած խաղատների ու հուրի-փերի աղջիկների մասին, որոնք իրեն Գենրիխ էին ասում: Մելոն լսում էր Բուտուզի պատմությունն ու չէր կարողանում իրենից ետ հրել Վագիֆին:

 Ութերորդ դասարանում էին սովորում: Գարնան սովորական օր էր: Դասերն ավարտել, գնում էին տուն: Վագիֆն իր ճամփով էր գնում, ինքը՝ իր: Այդ օրը չէր ուզում նրա հետ կռվել: Մի տեսակ անտրամադիր էր, մի տեսակ անհավես: Նախ քարի հարվածն զգաց գլխին, հետո հասկացավ, որ Վագիֆն է: Իր գլխից թափվող արյունն է հիշում ու Վագիֆի բոբիկ, սև կրունկները՝ ցեխոտ ճանապարհի վրա: Հասավ, բռնեց ու երկուսով թավալվեցին գարնան ցեխոտ գետնին: Կխեղդեր, աչքերի առաջ սևացած՝ չէր նայի, որ  հետո իրեն պատասխանատվության կկանչեն: «Հորդ միլիցեքը կտանեն»,- ամեն անգամ կռվելիս սպառնում էր Վագիֆը: Հիմա  խռխռում էր իր ծնկի տակ: Ինչ էր ասում, Մելոն չէր հասկանում: Երևի էլի սպառնում էր, կամ իր բնույթին հավատարիմ՝ նեղն էր ընկել ու ներողություն էր խնդրում: Արյունը գլխից ծորում, լցվում էր աչքերը և… հանկարծ աչքերի առաջ մթնեց: Ուշօրեք հասկացավ, որ նա բռնել է իր թույլ տեղից, ոլորում է ամորձին ու անակնկալ ցավը շամփրում է ողջ էությունը:

Հետո փախչող Վագիֆին էր տեսնում ճանապարհի վրա ու իրեն էր տեսնում կողքից: Պառկել էր ցեխոտ գետնին ու գալարվում էր: Մի կերպ տուն հասավ, հորը պատմեց: Մորը պատմելու բան չէր, մորը չպատմեց, բայց մայրն իմացավ ու մղկտում էր անձայն: Ցույց չէր տալիս, որ գիտի, բայց մղկտում էր: Մի երկու օր կաղաց, հետո հայրը բժշկի տարավ: Բժիշկը նայեց. «Բան չկա, մինչև հարսանիք կանցնի»,- ասաց:

Քնապարկի մեջ զգուշորեն ձեռք տվեց աջ ամորձուն ու ցավն էլի  հիշողության հետ բարձրացավ որովայնն ի վեր: Այդպես է եղել ամբողջ կյանքում: «Էդ շանը հիշելու ուրիշ առիթ որ չլիներ, էս մեկը հերիք էր»,- մտածեց տխուր:

…Բուտուզը պատմում էր երկար, հետո փորձելու համար իր անունն տվեց, տեսավ չի պատասխանում, էլի դժգոհեց, որ իրեն խոսեցնում է ամեն օրվա պես, իսկ ինքը քնում է: Հետո լռեց մի քիչ ու քնեց հոգնած մարդու քնով:

Մելոն դրանից հետո սպասել էր, թե Վագիֆը ե՞րբ է գալու դպրոց, որ վրեժը լուծի, բայց նա այլևս չէր եկել: Անցել էին տարիները և Մուրադի առիթով էր հանդիպել: Այն օրը ոչխարը հանդից տուն էր բերել կեսօրին, իսկ հետո այլևս Սուրուլիկ կոնդ չէր գնացել:

-Ա՛խ, Մուրադ, Մուրադ,- հառաչեց մտքի մեջ ու քնեց՝ ականջն անտառի ձայներին:

Երազում Լիան էր: Կանգնել էր ինքնաձիգը ուսին, նայում էր Սուրուլիկ կոնդի կողմն ու քթի տակ ծիծաղում էր: «Ի՞նչ է եղել»,- հարցնում էր ինքը, իսկ Լիան չէր պատասխանում: Չէր լսում ասես, իրեն չէր տեսնում կարծես: Տագնապ չկար նրա կեցվածքի մեջ, ինքնավստահ նայում էր Սուրուլիկ կոնդի կողմը և շուրթերը պինդ սեղմած էին: Այդպես մեկ էլ նրան տեսել էր պատերազմից հետո, երբ ռազմական ոստիկանությունը մարդ էր ուղարկել, թե Մելոյի ձեռքից զենքերն առեք: Եկել, շրջապատել էին տուն ու բակ ու Լիան զարմացած նայել էր նրանց.

-Յա՛, այլմոլարակային եք գտել, թե՞ թուրք:

-Մելոն տա՞նն է,- հարցրել էր խմբի ավագը, առանց Լիայի հարցին պատասխանելու:

-Տանն է,- պատասխանել էր Լիան,- բայց Մելոն հանցագո՞րծ է, թե՞ թշնամի, որ էսպես եք եկել նրա տուն,- նորից զարմացել էր Լիան:

-Ասա թող գա,- էլի նրա զարմանքին չէր պատասխանել մարդը, բեղերն էր սրբել թևքով ու հայացքը Մելոյի տան դռանը հառած՝ սպասել էր:

-Քնած է, հիմի արթնացնեմ,- ասել էր Լիան: Ներս էր մտել, արթնացրել էր ամուսնուն ու Մելոն շտկվել էր, բոբիկ ոտքերը իջեցրել բազմոցից ու առանց հողաթափ հագնելու մոտեցել էր դռանը: Տեսել էր բակում կանգնած ոստիկաններին, նրանց հրամանատար Ավագին էր ճանաչել ու զարմացել էր.

-Յա՞, էս ի՞նչ հաշիվ է, Ավագ: Էս ինչի՞ եք զենք ու զրահով շրջապատել: Ես ձեր իմացած ամենավտանգավոր հանցագործն  եմ, թե՞ ամենաանխիղճ թուրքը:

-Մելո, գործ կա,- առանց նրա զարմանքին արձագանքելու ասել էր Ավագը: -Հարևաններդ ծախել են:

-Ի՞նչ հարցում,- էլի չէր հասկացել Մելոն,- ես հանցագո՞րծ եմ, թե՞ պետական դավաճան, որ ծախել են:

-Տանդ պահվող զենքի: Բեր, հանգիստ հանձնիր: Կգրենք ինքնակամ ես հանձնել, վրադ գործ չենք բացի:

-Վա՛յ տնաշեն,- ծիծաղել էր Մելոն,- ես էլ ասի՝ ինչի՞ եք ինձ հիշել: Ինձ պատերազմի ժամանակ միշտ հիշում են, իսկ պատերազմից հետո՝ մոռանում:

-Ի՞նչ զենքեր ունես,- հետաքրքրվել էր Ավագը:

-Ինչ որ ունեմ, թուրքի ձեռքից եմ խլել: Պահել եմ սև օրվա համար: Թշնամու տեր ենք: Դու ու քո տղերքը իմ զենքերը կառնեք, կգնաք, ես մենակ կմնամ սահմանի ու թուրքի առաջ:

-Ինչի՞ ես մենակ,- ասել էր Ավագը,- բա մեր սահմանապահ տղերքն ի՞նչ են:

-Իրենք իրենց հերթին, ես՝ իմ: Ես կյանք ապրած տղա եմ ու իմ տունը ինձնից լավ ոչ ոք չի պաշտպանի,- ասել էր Մելոն, ներս էր հրավիրել տղերքին, Լիային աչքով-ունքով հասկացրել էր, որ սեղան պատրաստի:

-Չէ, հաց չենք ուտի,- ասել էր Ավագը,- բեր, զենքը տուր, արձանագրություն կազմենք, թողնենք, հեռանանք:

-Ասում ես՝ բողոքե՞լ են, ո՞վքեր,- հետարքրվել էր Լիան:

Ավագը չէր պատասխանել: Լիան սուրճի սեղան էր դրել, նստել էին մի քիչ, սուրճ էին խմել… Մելոն կուզեր, որ Ավագի հետ պատերազմի մասին խոսեին, անցած օրերը հիշեին, բայց Ավագը պաշտոնական դիրքից ցած չէր իջնում, ամեն կերպ հասկացնում էր, թե ինքը գործի մեջ է և ինչ որ անում է, գործի բերումով է անում:

Հետո Մելոն բարձրացել էր ձեղնահարկ, իջեցրել էր մի քանի նռնակ, գնդացիրի մի ժապավեն, գնդակներ և մի ինքնաձիգ:

-Էս է՞ եղածը,- հիասթափվել էր Ավագի հետ եկած  մանր ու խոր աչքերով, նեղ ճակատով լեյտենանտը:

-Այ տղա, չլինի՞ կարծում ես զինապահեստ ես եկել,- նեղացել էր Մելոն,- բա էս պիտի լինի, բա ի՞նչ:

Ավագը վիզը մի կողմի թեքած, վարդագույն լեզվով ժամանակ առ ժամանակ շրթունքները լիզելով արձանագրություն էր կազմել, իսկ նեղճակատ լեյտենանտը Մելոյի ու Լիայի աչքը գողանալով բարձրացել էր ձեղնահարկ ու ստուգել էր՝ ուրիշ  զենք չկա՞: Զենք չէր գտել, բայց անցած տարի սարքած ու չգիտես ինչու լքած աղավնաբներից ոջիլ էր քաշվել վրան: Իջել էր ու քորվում էր քոս ընկածի պես: Քորվում էր՝ չհասկանալով, թե ինչ է կծել իրեն: Լիան հասկացել էր եղածը, բայց ցույց չէր տալիս, մտքում ծիծաղում էր՝ թող լավ քորվի: Չորացրած լվի ծաղիկ կարող էր տալ, որ քսեր մարմնին ու աղավնու ոջիլները քաշվեին, բայց չէր տվել: Թող լավ քորվի, թող մաշկը բշտի, որ հասկանա, ինչ է նշանակում մարդկանց չհավատալ: Որ հասկանա, թե ինչ է նշանակում սահմանի մոտ ապրող մարդկանց զինաթափ անել:

Մելոն տեսել էր՝ ինքնաձիգի մեկը չկա, ձայն չէր հանել: Վստահ էր եղել, որ Լիան պահել է: Աչքի պոչով նայել, տեսել էր, պահածը, ձայն չէր հանել: Հասկացել էր կնոջը. հո թուրքի բերան իրենք անզեն չե՞ն մնա: Լիան մի ինքնաձիգ ու ահագին գնդակ էր պահել:

-Ձեր հերն եմ անիծել,- գրել ու քթի տակ գժգոհել էր Ավագը,- բողոք են գրել, թե Մելոն տանը մի զորամասի չափ զենք ունի պահած:

-Գրողի անունն ասա, էլի,- խնդրել էր Մելոն, բայց չէր ուզել, որ ասի: Հասկացել էր, եթե ասի, ինքը պիտի թշնամանա, իսկ եթե չասի, պիտի բոլոր հարևաններին կասկածի:

Ավագը չէր ասել, խոսքը կտուրն էր գցել ու զենքերն առած գնացել էր տղերքի հետ:

Երբ դարպասների մոտ էին հասել, Մելոն հետևից ձայն էր տվել.

-Ավա՛գ:

-Հը՞,- կանգ էր առել Ավագը,- ի՞նչ կա:

-Էդ մեկը պիտի չանեիր:

-Ո՞ր մեկը:

-Չպիտի զորքով գայիր ինձ վրա: Եթե մենակ էլ գայիր, զենքերը կտայի: Ինձ անզեն թողեցիք իմ թշնամու դեմ, բայց թե, ի՞նչ ասեմ, պետություն է:

-Ներիր, Մելո,- հայացքը կախել էր Ավագը,- վերևում վախեցան, թե կդիմադրես:

-Թյու՛,- թքել էր Մելոն…

Նրանց գնալուց մի քանի օր հետո Լիան թաքցրած տեղից հանեց ինքնաձիգն ու Մելոյին ստիպեց, որ իրեն կրակել սովորեցնի:

-Թշնամու տեր ենք, Մելո,- ասաց նրա զարմանքին ի պատասխան,- հայ մարդը, լինի կին, թե տղամարդ, կրակել պիտի իմանա: Տիգրանին էլ կրակել սովորեցրու: Հայ տղամարդն առանց զենքի չպիտի լինի, Մելո:

Ու հիմի Մելոյի երազում Լիան էն կրակելու օրվա նման էր: Շրթունքները պինդ սեղմած, հայացքը խիստ ու կենտրոնացած ու Մելոն այդպես ավելի շատ էր սիրում նրան:

-Թյո՜ւ, չար սատանա,- քնից ելնելով թքեց Մելոն, բայց իր երազի մասին չպատմեց Բուտուզին:

Արդեն իրենց սարքած տան մեջ էին քնում գիշերները, չնայած Մելոն վրանն ավելի շատ էր սիրում: Տունը խոնավ էր, մի տեսակ բանտի նման ու Մելոյի սիրտը նեղվում էր ամեն անգամ: Հաշվում էր օրերը: Այդ ընթացքում երկու անգամ քաղաք էր գնացել, աշխատած գումարն ուղարկել Լիայի քարտին, նրա հետ խոսել էր երկար ու կարոտով: Չգիտեր, որ հեռվից այսքան կսիրի կնոջը: Չգիտեր:

-Շուտով կգամ, դիմացիր,- խոսքի մեջ կրկնել էր մի քանի անգամ,- պարտքերը տուր, տոկոսները մարի, մի քիչ էլ կաշխատեմ, կուղարկեմ, գրավ դրած ոսկեղենը կհանես: Տիգրանին ասա՝ աչքը Մուրադի վրա պահի:

Լիան վատ էր զգացել, որ իր պատճառով պարտքերի տակ են ընկել, հավատացրել էր ամուսնուն, որ հիմա՝ վիրահատությունից մի տարի անց, արդեն լավ է զգում իրեն: Պատմել էր երեխաների մասին, դաս ու դպրոցի մասին, իսկ վերջում Մուրադի մասին էին խոսել:

-Մուրադին ի՞նչ կա,- ծիծաղել էր Լիան,- նրանից ոչ պարտք են ուզում, ոչ էլ տոկոսի փող, արածում է իր համար ու հեծնող չունի:

Մելոն նրա խոսքի տակ այլ բան էր հասկացել ու մտքի մեջ գրկել էր կնոջը:

Իր տեսած երազների մասին չէր խոսում Բուտուզի հետ, ոչ էլ իր տան մասին էր պատմում, մեկ-մեկ ձիուն էր հիշում ու Բուտուզը նեղսրտում էր.

-Ձի է, էլի, հո մարդ չէ՞:

-Ախր ո՞նց չես հասկանում,- նեղվում էր Մելոն,- որ Աստծու ստեղծած ամեն արարած եզակի է, միակը: Հա, աշխարհում միլիոնավոր մարդիկ կան, բոլորը նման են իրար, բայց ոչ մեկը մյուսին նման չէ: Ամեն մարդ եզակի է ու անկրկնելի, այդպես էլ միլիոնավոր ձիեր կան, բայց դրանց մեջ Մուրադը միակն է: Այդպես միակ ու եզակի են նաև ամեն մի թռչուն, ամեն մի գազան:

-Հա, քո ասելով, բոլոր մոծակներն էլ են անկրկնելի,- փնչացնում էր Բուտուզն ու գլուխը կախում էր գործի վրա:

Հետո Մելոն մտքի մեջ նեղանում էր նրանից, որոշում էր մյուս անգամ նրա պատմածները չլսել, բայց մի հինգ րոպե հետո մոռանում էր իր որոշումն ու լսում էր նրան այնպես, ասես հազարան հավքի ձայն լսելիս լիներ: Իսկ Բուտուզի պատմությունները չէին վերջանում: Ամեն օր նոր երանգ ու նոր գույն էին ստանում: Մելոն հաճախ մտածում էր ու տարակուսում՝ տեսնես ո՞րն է իսկական Բուտուզը՝ այն մե՞կը, որ պատմություններ է պատմում, երկրո՞րդը, որ ամեն կոպեկ խնայում է, չի ուտում, չի խմում, ծակ սապոգների մեջ խաշում է ոտքերը, որ իր Սաքո տղայի համար օտար հողում տուն կառուցի, թե՞ երրորդը, որ խարույկի կրակը խառնելով խոսում է թուրքի ու հայի կռվի մասին:

-Թուրքի ու հայր կռիվը վերջ չի ունենա, ախպեր ջան,- ասում էր անցած իրիկուն,- պապերիս կոտորել են, հերս սովետի երկրում է մեծացել, թուրքը վախեցել է սովետից, չի հարձակվել հայի վրա, հիմի… Ես ուզում եմ հանգիստ ապրել:

-Ու օտար հողի վրա երեք տուն ես սարքել:

-Էրկուսը սարքել եմ, երրորդը  պիտի սաքրեմ: Ասում ես օտար հող,- ծոծրակը քորում է Բուտուզը,- սկզբից օտար կթվա, հետո կապրես, հարազատ կդառնա:

-Էս անտա՞ռը, էս հո՞ղը,- տարակուսած ձեռքը դեպի անտառի մութ պատն է մեկնում Մելոն:

-Հա, հա, ինձ համար անհարազատ է, արդեն քանի տարի կարոտում եմ մեր ձորի բարակ առվին, որ հազար տարի հոսում ու գետ չի դառնում, կարոտում եմ մեր գյուղի տակի լճակին, որ քամի օրերին մոլեգնում է, ուզում է օվկիանոսի սարսափ թափել մարդկանց վրա, կարոտում եմ Գռգռան ախպրի ջրին, բայց…

-Բա հայրենի՞քն էդ է, էլի,- տնքում է Մելոն:

-Հայրենի՞քը: Հայրենիքն ինչի՞ համար է,- հարցնում ու իր հարցին պատասխանում է Բուտուզը,- նրա համար, որ մարդ իրեն լավ զգա այնտեղ, որ ապահով ու հանգիստ զգա  այնտեղ, որ իմանա՝ իր էրեխեն ու թոռը ամեն անգամ վտանգի չեն ենթարկվի: Իսկ իմ հայրենիքում…

-Ա՛խ, Մուրադ, Մուրադ,- հոգոց է հանում Մելոն: Համաձայն չէ Բուտուզի հետ, բայց չի հակաճառում, եթե հակաճառի պիտի կռվի, իսկ ինքը կռվել չի ուզում: Մտքի մեջ նորից Մուրադն է գալիս, նրա սլացքը՝ գարնան կանաչ մարգագետնով, նրա հևքը, որ մաքուր ու համարձակ իրար է միացնում հող ու երկինք և Լիային է պատկերացնում, մարգագետնում կանգնած: Կինը նայում է հեծվորի ու ձիու սլացքին, մտքում հրճվում է, որ նրանք երկուսն էլ իրենն են, բայց հրճվանքը ցույց չի տալիս: Գիտի, եթե ցույց տա, Մելոն կխենթանա ու պատանու նման անմիտ բաներ կանի:

Իսկ Բուտուզը շարունակում է: Ձայնը խուլ է, ասես տայգայի ձայնի արձագանքը լինի.

-Հողը՝ լավ, ջուրը՝ շատ: Վարիր, ցանիր, ինչքան ուզում ես, ինչքան կարող ես: Ինձ համար օտար է, տղերքիս համար ավելի քիչ օտար կլինի, իսկ թոռներիս համար հարազատ կդառնա: Ու չի լինի մեկը, որ սպառնա:

-Ու բույսի նման  հանգիստ կապրեն մի տարի, մի դար, հազար դար, կմոռանան իրենք ով են, կմոռանան ինչ հող ու ջրի ծնունդ են, իրենց կտան ուրիշի երկրին, կփորձեն հարազատ դարձնել ու չեն կարողանա: Սրտների մեջ մի թախիծ կծնվի, որ կշարունակվի սերնդեսերունդ ու քո թոռան թոռը, որ մոռացած կլինի և՜ քեզ, և՜ իր հայ լինելը, և՜ Հայաստանը, երջանիկ չի լինի, քանի որ երակների ու արյան մեջ կտրոփի կարոտը, ինքն իրեն դավաճանած լինելու ցավը: Եվ ինքը չի հասկանա, թե ինչ ցավ է դա: Կփնտրի այդ թախիծի ու ցավի արմատը ու չի գտնի: Կտարակուսի, կզարմանա՝ ախր ինքն ամեն բան ունի, ինչո՞ւ երջանիկ չէ:

-Ես քո ասած ոչ մի բանի հետ համաձայն չեմ,- ասում Բուտուզը, բայց իմ բառապաշարը չի հերիքում, որ քեզ ապացուցեմ: Եթե ամեն ինչ ճիշտ է, բա ի՞նչ գործ ունես էս անտերանոցում: Մնայիր քո երկրում ու կաթ ու մեղր քամեիր բերանդ մեջ, հեծնեիր Մուրադին ու քո կանաչ-կարմիր աշխարհում սլանայիր ամպերին ու հովերին ընդառաջ:

Մելոն չի ուզում շարունակել վեճը, վեր է կենում խարույկի մոտից, մտնում է ներս, ցած է քաշում լամպի պատրույգը, կարգի է բերում քնապարկը, հանվում ու մտնում է մեջը: Խոնավ ու գաղջ տաքությունը էլի պատում է մարմինը: Տայգայի խոնավ օդը ներծծվում է ամեն բանի մեջ ու Մելոն զզվում է ամեն ինչից՝ աղից, հացից, քնապարկից, իր շորերից…

Մի քիչ հետո գալիս է Բուտուզը: Չի խոսում, տնքալով պառկում է, ֆսսացնում է անհանգիստ: Մելոն էլ չի խոսում:

-Քնա՞ծ ես,- հարցնում է խամրած ձայնով:

Մելոն չի պատասխանում: Իբր քնած է:

Բուտուզը համոզված է, որ Մելոն լսում է՝  խոսում է խուլ ու տխուր ձայնով:

-Հասկանո՞ւմ ես, Մելո, էստեղ ոչ ոք պարտք ու պահանջ չունի ինձանից, ոչ ոք ինձ չի ճանաչում էստեղ, ոչ ոք զենքը ձեռքին չի գալիս ինձ վրա, թե քո սարքածը, քո դատած-բանածը ինձ տուր, ոչ ոք իմ սարքած տունը չի քանդում, ոչ ոք իմ պապերի սարքածն իրենը չի համարում: Ես հողը փորելիս հողի միջից պատմություն չեմ գտնում: Ես եմ ու իմ գլուխը: Էդքան բան: Կարող ես ինձ դավաճան համարել, կարող ես ինձ դասալիք կոչել, բայց ես հոգնել եմ, հասկանո՞ւմ ես:

 Լռում է մի քիչ, սպասում է Մելոյի արձագանքին, բայց Մելոն էլի չի խոսում ու Բուտուզը շարունակում է.

-Դու չե՞ս զգում, որ մեր պատմությունը մեծ է մեր վրայով: ճնշում ու ճնշում է, սեղմում ու սեղմում է: Ծովից ծով ենք ասում ու կոտորվում ենք: Տիգրան Մեծ ենք ասում ու չենք հասկանում, որ մեր մեջքը բարակ է, որ  նրա գոտին մեր մեջքին հարմար չէ, մեր բազուկը թույլ է ու նրա սուրը…Համ էլ եսիմ Տիգրան Մեծ եղե՞լ է, թե չէ:

-Տիգրան Մեծ եղել է հաստատ,- տնքալու պես ասում  է Մելոն,- եղել է: Նաև Հայաստանը կա: Հայաստանի տարածքը փոքր է, բայց Հայաստանը մեծ է, Հենդո: Հայաստանը միշտ լինելու է, առանց Հայաստանի Երկիր մոլորակ չի կարող լինել: Քեզ հասկանում եմ, բայց ես իմ ապրած փորձով գիտեմ, որ աշխարհի որ անկյունում էլ լինի, ամեն հայ իր թշնամի թուրքը ունի: Ու, եթե իր ներսում պատրաստ չլինի նրա դեմ պայքարելու, կվերանա, կոչնչանա… Անտառի ամեն ծառ, ամեն բույս, աշխարհի ամեն միջատ… իր կյանքի համար պայքարում է: Չպայքարի՝ չի ապրի, կվերանա:

-Օ՛ֆ,- տնքում է Բուտուզը,- արի քնենք: Որ գործ եմ ունենում, միշտ գիշերը կարճ է թվում ու առավոտը շուտ  է բացվում:

-Չգիտեմ,- տնքում է Մելոն, ասես չի լսել նրան, իր մտքերի հետ է,- չգիտեմ, գուցե թե ճիշտ ես ասում, բայց ես սիրում եմ իմ հողը, իմ փոքր բանջարանոցն եմ սիրում, սարերն եմ սիրում գարնանը, սիրում եմ Լիային ու երեխաներիս եմ սիրում:

-Է, էլի սիրիր, քո ձեռքն ո՞վ է բռնում: Էստեղ ապրող մարդը անընտանիք ու աներեխա՞ է լինում:

-Չէ՜, ես նրանց սիրում եմ մեր գյուղի մեջ, իմ փոքրիկ այգում,  անտաշ քարով իմ ձեռքով սարքած տանս հոտն եմ սիրում… Իմ կարծիքով ճիշտ եմ անում: Իմ կարծիքով իմ կյանքն էդպես ավելի ճիշտ ու ավելի հետաքրքրիր է:

Տայգան խշշում է խուլ ու Մելոյի խոսելը չի գալիս: Չի ուզում ապացուցել, որ Հայաստանը սիրելը ճիշտ է, համոզված է՝ Բուտուզը գիտի, որ ինքը ճիշտ  է ասում: Ու սիրտը մզզում է տաք, մզզում է արևոտ ժայռերի ու դրանց վրա կապտա-կանաչավուն մարմինը արևին տված մողեսների կարոտից: Չէր պատկերացնում, որ նույնիսկ գյուղի մողեսներին կկարոտի: Եթե բարձրաձայն ասի, գուցե թե Բուտուզը ծիծաղի իր վրա, բայց կարոտել է ամեն ինչին: Եվ իր կարծիքով գյուղից հեռանալ, ուրիշ տեղ գնալ, կնշանակի ինքն իրենից հեռանալ, սեփական էությանը դավաճանել: Երկար բարակ չի բացատրում:

-Ես սիրում եմ իմ գյուղը ու էդքան բան,- կրկնում է նորից:

Լռում են էլի՝ ականջները տայգայի ձայնին:

-Դու մի մտածիր, ախպեր ջան,- խոսակցության թեման փոխում է Բուտուզը,- էնպիսի մի սանձ ճարեմ Մուրադիդ համար, որ տեսնողի խելքը գնա:

…Երբ մշուշը նստեց անտառի վրա ու անտառի աղմուկն ավելի անհանգիստ դարձավ, երբ գիշերվա նամը լուսադեմին եղյամ դարձավ նորակառույց տան տանիքին ու աշնան դառնությունն զգացած խոտերի վրա, Մելոն ավելի անհամբեր դարձավ:

-Գնալու ժամանակն է, Հենդո,- ասաց սրթսրթալով,- տաք շորեր չունենք, ձմեռվա բերան հո էս անտերանոցում չե՞նք մեռնի:

-Մի էրկու օր էլ դիմանանք,- համոզեց Բուտուզը,- Կոլյան կգա, հարցը կլուծենք: Համ էլ հո ոտքով գնալ չե՞նք կարող:

-Ախր էսպես ո՞նց կլինի,- ամբողջ սեզոնի ընթացքում առաջին անգամ դժգոհեց Մելոն: Սիրտը նեղվել, համբերությունը բարակել, դարձել էր սոխի զար: Ուզում էր օր առաջ հեռանալ, ուզում էր ժամ առաջ տուն հասնել: Սիրտը ճմլվում էր արդեն քանի օր: Ուզում էր բանի տեղ չդնել, չէր հաջողվում: Մեկ-մեկ տագնապն այնպես էր բարձրանում կոկորդով, որ թվում էր՝ ուր որ է կխեղդվի: Աշխատում էին օրնիբուն, մանր-մունր գործեր էին անում: Հասկանալի է, որ ձմեռվա դեմ նոր գործ սկսել չէին կարող: «Մնացածը գարնան հետ կանենք»,- տեղի-անտեղի ասում էր Բուտուզը, իսկ Մելոն գիտեր, որ ինքն այլևս Ռուսաստան եկողը չէ: Կմնա իր տանը, եղածով կապրի: Ինչքան որ էստեղ է աշխատում, եթե գյուղում էլ էդքան աշխատի, անպայման արդյունք կունենա:

Կոլյան եկավ մի քանի օրից, եղած-չեղածը բարձեցին մեքենան ու ճամփա ընկան: Տասը ժամ տևեց մինչև քաղաք հասան: Լույսը բացվելուն երկու ժամ էր  մնացել: Սպասեցին իրերի վրա նստած, հետո… Ինքնաթիռի տոմս առնելուց հետո Մելոն Լիային զանգեց:

Լիայի ձայնը խուլ ու անթափանց թվաց աշնան տայգայի շառաչի պես:

-Ի՞նչ է եղել,- ասաց Մելոն:

-Ի՞նչ պիտի,- ուզեց թաքցնել կինը:

-Էրեխեքը…Հո Տիկոն փորձանքի մեջ չի՞ ընկել:

-Էրեխեքը լավ են,- նրա հարցերը մի նախադասությամբ կտրեց Լիան:

-Զենքը հո չե՞ն առել ձեռքիցդ:

-Իմ ձեռքից զենք առնողը դեռ չի ծնվել,- խստացավ Լիան:

-Բա՞:

-Հեչ բան էլ չկա, ի՞նչ ես կպել, ամեն բան լավ է:

-Ես քո ձայնի մեջ նամություն եմ զգում:

-Բան մի հնարիր: Նամությո՛ւն,- փնչացրեց:

-Լավ,- մի քիչ հանգստացավ Մելոն,- ուզում եմ Մուրադի համար մի կարգին սանձ ու փորքաշ առնեմ,- ասաց:

Լիան լռում էր:

-Ինչի՞ չես խոսում:

– Իզուր փող մի ծախսիր սանձի վրա:

-Ինչի՞, ախչի,- առնվեց Մելոն:

Երեխեքի համար շոր-մոր էր առնելու, Լիայի համար էլ: Ինչքան չլինի Մուրադն էլ ընտանիքի անդամի պես բան էր: Բա Մուրադը մեղք չէ՞ր:

-Մուրադը չկա,- ասաց Լիան ու Մելոն առաջին պահ չհասկացավ:

-Հը՞,- հարցրեց, կարծեց կապը լավ չէ ու ինքը լավ չլսեց կնոջ ասածը:

-Ասում եմ՝ Մուրադը չկա:

-Ի՛նչ,- ճչալու պես ասաց Մելոն,- Վագի՞ֆն է տարել:

-Վագիֆը գլուխը քարով է տվել, երեսուն գնդակը փորը կլցնեի,- ասաց Լիան:

-Բա՞,- շունչը ետ բերեց Մելոն:

Մուրադին կապել էին հանդում: Անձրև ու փուս էր եղել, մառ ու թոն ու երբ իրիկնամուտին տղան գնացել էր ձիու հետևից, միայն պարանն էր գտել: Հաջորդ օրը Լիան գնացել էր փնտրելու և ձորի մեջ գտել էր Մուրադի ոսկորներն ու կարմրաշեկ պոչը:

Լացել էր ձիու վրա, հետո Տիգրանի հետ թաղել էին նրա մնացորդները:

-Ա՛խ, Մուրադ, Մուրադ,- հեռախոսն անջատեց ու  տնքաց Մելոն:

-Ախպեր ջան, մի մտածի, էսօր-էգուց մի բան կանեմ,- իր խոստումը հիշելով ասաց Բուտուզը:

Մելոն թափ տվեց ձեռքը.

-Էլ պետք չէ՛:

-Ինչի՞,- աչքը կկոցեց ու հավի նման նրան նայեց Բուտուզը:

-Մուրադը գելերոց է եղել:

-Հա՞,- հարցրեց Բուտուզը, հետո մխիթարեց,- բան չկա, էկածը ձիու գլխին թող գա, ձի էր, էլի:

Ասաց, իսկ Մելոն չպատասխանեց: Ձի էր, ճիշտ է, բայց ախր ձի Ստեղծողը, ամեն բան Ստեղծողը ամեն արարածից մի հատ է ստեղծում: Երկրորդը չի ստեղծում երբեք: Գիտեր, որ ձի կունենա, գուցե թե Մուրադից ավելի լավը, բայց Մուրադին կկարոտի և նրա սլացքը չի մոռանա երբեք:

7-ը սեպտեմբերի 2021թ.


[1] Ասպ.-ձի:

[2] Սերունդ:

[3] Սարակ.- էգ ձի:

[4] Մողոշիկ.- մոխրագույն ձի:

[5] Մտրուկ- քուռակ, երիտասարդ ձի:

[6] Ստերջ:

[7] Ձմեռվա համար պատրաստված, պահածոյացված միս: Հնում եփվում էր, վրան հալած յուղ  էր լցվում ու պահվում էր ձմեռվա համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով