Արեգ Բագրատյան, Գրականագիտություն, Երիտ․ գրակ․ մրցույթ

Կարոտի գեղարվեստական դրսևորումները Արմինե Գաբրիելյանի արձակում

Կապույտ կարոտը գուրգուրեմ ու լռեմ.
Աղոթք անեմ, խունկեր բուրեմ – ու լռեմ:

Չարենց

            Բոլոր ժամանակներում մարդուն հուզող էկզիստենցիալ կարևոր խնդիրներից է կարոտը՝ հոգեվիճակ, որ ներսից կրծում է մարդու հոգին, նրան ստիպում տրվել անցյալին կամ ապագային։ Ի՞նչ է կարոտը։ Լինելով մշտարդիական երևույթ՝ այնուամենայնիվ, հոգեբանության մեջ չկա մեկ լիարժեք պատասխան, սահմանում այս հարցին։ Հիմնականում ընդունված է ասել, որ կարոտը հոգու ուժեղ տենչանք է, որի խորքում թաքնված է ինչ-որ բան (շատ հաճախ՝ ինչ-որ մեկին) ունենալու ցանկություն, որը զուգորդվում է անցյալի հիշողություններով կամ ապագայի հանդեպ երազանքներով։ Կարոտը իր հերթին կարող է պատճառ դառնալ մի շարք հոգեբանական խնդիրների՝ ընկճախտի, մենության, օտարվածության զգացումի, ինքնաբռնության տարատեսակ դրսևորումների, այդ թվում՝ ինքնասպանության[1]։           
            Կարոտը գոյութենապաշտական այնպիսի երևույթ է, որ բոլոր ժամանակներում շարունակում է մնալ մարդուն հուզող հարցերից մեկը, և արվեստի գրեթե բոլոր ճյուղերում կարելի է տեսնել նրա պատկերումը, ինչպես՝ գրականության, կերպարվեստի, թատրոնի, կինոյի, երաժշտության մեջ և այլն։       
            Հայ գրականությունը ևս անմասն չի մնացել կարոտից, ավելին՝ մեր թե՛ դասական և թե՛ ժամանակակից գրականության զգալի կոթողներ հենց նվիրված են հոգեբանական այս երևույթին, պատկերում են կարոտի տարբեր դրսևորումներ, նկարագրում դրանից տառապող անձին կամ անձանց։    
            Նկարագրական, վերլուծական, համեմատական, համադրական մեթոդների օգնությամբ կուսումնասիրենք հոգեբանական այս երևույթը և դրա գեղարվեստական պատկերումը  ժամանակակից արձակագիր Արմինե Գաբրիելյանի գրականության մեջ, մասնավորապես՝ «Շուշաններ» (2021) պատմվածքների ժողովածուում և գրքի հրատարակումից հետո գրված մի շարք այլ երկերում։ Հարկ է նշել, որ առաջինն ենք, ով այս դիտանկյունից է ուսումնասիրում Գաբրիելյանի արձակը։    
            Եթե փորձենք մի քանի բառով ներկայացնել Ա․ Գաբրիելյանի պատմվածքները, ապա կարող ենք նշել, որ դրանք մեր օրերի մարդու մասին են, ներկայացնում են այսօրվա մարդու (հիմնականում՝ կնոջ) առօրեական կյանքը, նրա ցանկությունները, բացում են հոգու թաքնարանները։ Գաբրիելյանը բնավ չի ձգտում ստեղծել ճոխ պատկերներ, անսպասելի սյուժեով զարգացող գործեր, այլ մի տեսակ հանդարտության մեջ գրում է՝ ներկայացնելով այսօրվա արագ կյանքի մի փոքրիկ ու խաղաղ անկյունը։ Նրա ստեղծագործություններում կարող ենք տեսնել Երևանից կտրված Արարատյան աշխարհը, որի տապը, փոշոտ փողոցները, արևից շիկացած քարերը, հողին կառչած ու դրանով ապրող մարդիկ յուրօրինակ պատկերներ են ստեղծում։ Թերևս պատահական չէ նաև ժողովածուի վերնագիրը՝ «Շուշաններ»։ Հատուկ ու հասարակ գոյականների համադրությամբ ծաղիկների ու կնոջ միահյուսման պատկեր է ստեղծել հեղինակը։ Գաբրիելյանն ինքը այս հարցի վերաբերյալ ասել է․ «Շուշաններից մեկը գեղջկուհի է, որը գլուխը կորցնում է անծանոթ տղամարդու հարգալից վերաբերմունքից անգամ, մեկը ամուսնուց լքված երիտասարդ կին է, որ սրտի թաքուն անկյուններում սիրվելու գաղտնի երազանք ունի, մեկը իր երիտասարդությունից բան հասկացած չհասցրած՝ որդու հարսանիքին է նախապատրաստվում, մեկը հայրենիքից հեռացած՝ օտար ափերում կարոտում է տունը ու մտովի մաքրում ու կահավորում է այն, մեկը առաջին անգամ կանանց իրավունքների մասին լսած և ապշած խեղճուկրակ մաքրուհին է։ Շուշանը հայ կինն է, որ պարտավոր է գոհացնել ընտանիքի բոլոր անդամներին՝ իր քնի, հետաքրքրությունների, հանգստի հաշվին:  Այսինքն՝ Շուշանները կանայք են՝ տարբեր խավերի ու բնավորությունների, որոնց միավորում է երջանիկ լինելու երազանքը»[2]։
            Դառնալով մեր խնդրո առարկա հարցին՝ փորձենք դասակարգել կարոտի գեղարվեստական դրսևորումները Ա․ Գաբրիելյանի արձակում։

  • Սիրո կարոտ,
    • Լիարժեք կին լինելու կարոտ,
    • Մեր օրերի մարդու առօրեական կարոտներ,        
    • Կարոտախտ։
                 

        1. Սիրո կարոտը։ «Շուշաններ» ժողովածուի միջով կարմիր թելի պես անցնում են սիրուն կարոտ մնացած հերոսների գեղարվեստական պատկերները։ Գաբրիելյանի հերոսները կյանքի ինչ-որ փուլում հասկանում են, որ իրենց պակասում է սերը, որի պատճառով շատերը դարձել են հասարակությունից օտարված, պատենավորված, ոմանք սիրո այդ կարոտը փորձում են հաղթահարել մեկ ուրիշի գրկում, ոմանք՝ հոգով-սրտով տրվում կենցաղին։ Հետաքրքրական է նաև, որ Արմինե Գաբրիելյանի արձակում սիրո կարոտը նկատելի է թե՛ կին և թե՛ տղամարդ հերոսների շրջանում։ Այս առումով ուշագրավ է ժողովածուի առաջին՝ «Փշատենի» պատմվածքը, որի հերոսները՝ 60-ամյա Սերոբն ու իր կին Արփուշը, կարոտ են սիրո։ Հեղինակը գրում է, որ Սերոբը ողջ կյանքն ապրել է Արփուշի հետ՝ մաքրասեր մի կին, որի կյանքի գլխավոր նպատակը հենց մաքրություն է։ Եվ հենց այս կենցաղին կառչած լինելու աստիճան մաքրամոլ լինելը կարծես սեպ է խրել ամուսինների կյանքում։ Նրանք դարձել են իրար անծանոթ, ապրում են միասին՝ առանց հասկանալու, որ իրենց ողջ կյանքում կարոտ են մնացել իսկական սիրուն։ Եվ միայն դաշտում աշխատող Մարգարիտի հայտնվելն է, որ Սերոբի՝ սեր չտեսած ու դրանից կարծրացած սրտում ինչ-որ զգացողություն է առաջացնում։ Թե՛ Սերոբը, թե՛ Արփուշը մի յուրահատուկ անձկությամբ են սպասում գարնանը․ նրանցից առաջինը՝ որ տեսնի Մարգարիտին, երկրորդը՝ անկողինները արևին տա։ Սակայն Սերոբն այդպես էլ չի հասնում բաղձալի գարնանը՝ հիվանդանալով ու մահանալով։ Եվ հետաքրքրական է, թե ինչպես է պատմվածքի վերջում Արփուշը դիմում Սերոբին․  
«Մաքրություն բուրող ճեփ-ճերմակ անկողնում պառկած Սերոբի համար կնոջ հարցն անսպասելի էր     
– Սերո՛բ, կուզե՞ս՝ Մարգարիտին կանչեմ
կարոտով չմնաս․․․
– Ախմախ-ախմախ մի՛ խոսա,- կնոջ մեծ սրտից՝ մահից առաջ արտասվել էր նա»[3]։
  
          Պատմվածքում Մարգարիտի հայտնվելն ու տարիների անշեղ կայունությունը խախտելը տեղ-տեղ հիշեցնում է Ակսել Բակունցի «Մթնաձորի չարքը» պատմվածքը։ Մարգարիտը կարծես մի յուրօրինակ Ասյա լինի, որ եկել է գյուղ, և իր ներկայությամբ տակնուվրա է անում գյուղացիներին։ Սերոբն էլ Սաքանի պես սկսում է տեսնել իր կնոջ թերությունները, հասկանալ, որ ամբողջ կյանքում կարոտ է մնացել իսկական սիրուն։               
          Գաբրիելյանի հաջորդ պատմվածքը, որտեղ նկատելի է կարոտի դրսևորման այս շերտը, «Մադամը կամ Շուշան–1»-ն է։ Պատմվածքի գլխավոր հերոսուհի Շուշանը սիրո ու քնքշանքի կարոտ է, և այդ դատարկությունը ամբողջ կյանքում որևէ այլ զգացողությամբ չի լրացվել, և երբ ավտոբուսի կանգառում հանդիպում է Երևանից գյուղ եկած քաղաքակիրթ խոսող, գեղեցկադեմ, անուշաբույր օծանելիքով տղամարդու, որը Շուշանին «մադամ»-ով է դիմում, կնոջ ներաշխարհը կարծես միանգամից տակնուվրա է լինում։ Եթե նախորդ պատմվածքում «Մթնաձորի չարքի» Սաքանը Սերոբն էր, ապա այստեղ Շուշանն է, որն այդ «չարքի» երևան գալուն պես սկսում է նկատել ամուսնու՝ Վարոյի բոլոր թերությունները։ Իսկ երևակայական Առնո անունը կրող երիտասարդն էլ դառնում է այն Ասյան, որ փոթորկում է նրանց համատեղ կյանքը։ «Շուշանը նկատեց, որ Վարոն ուշ-ուշ է լողանում, չի սափրվում, ուտում է ընդհանուր ամանից, խմում ջրամանից, իր հետևից լույսը չի անջատում, տգեղ է ծիծաղում, անդադար ծխում է։ Նկատեց և սկսեց կռվել։ Ո՞ւր էին կորել այն ժամանակները, երբ ինքը սրտնեղության պահին փարվում էր այդ անտաշ ու բարի մարդուն, ամբողջ թոքերով շնչում փոշու և քրտինքի սիրելի, հարազատ հոտը, և աշխարհը մեկեն լուսավորվում էր։ Ապերա՛խտ Շուշան։ Առնո՛, Առնո՛, որտեղից եկար ու խռովեցիր էս մարդկանց ամուսնական անամպ երկինքը»[4]։     
          Սակայն որքան էլ գայթակղությունը մեծ է՝ լսելու սրտին և դառնալու Առնոյինը, հեղինակը Շուշանին պատկերել է որպես ավանդույթների զորեղությանը չըմբոստացող և այն անհնար էլ համարող, ավանդական արժեքների տեր հայ կին։ Շուշանը չի կարող դավաճանել իր ամուսնուն, հակառակը՝ կարող է ապրել սիրո ու քնքշանքի կարոտը սրտում՝ մեկ առ մեկ համբուրելով սրբապատկերները և աղաչելով Աստծուն, որ մոռանալ տա վերջին ամիսներին իրեն պատահածը, մոռանալ տա Առնոյին։  
          Մեր օրերի ցավոտ խնդիրներից է արտասահման (հիմնականում՝ Ռուսաստան) արտագնա աշխատանքի մեկնող բազմաթիվ մարդկանց ու նրանց ընտանիքների կարգավիճակը։ Արմինե Գաբրիելյանի ստեղծագործություններում սիրուն կարոտ հերոսուհիներից ոմանք վաստակել են «խոպանչու կին» լինելու խարան-տիտղոսը։ Այդ կերպարներից են «Աննան» և «Շուշան-4» պատմվածքների համանուն կանայք։                   Պատմվածքներից առաջինում հերոսը մոր ու քույրերի անհագ սիրո մեջ մեծացած տղամարդն է, որ, ողջ էությամբ կուշտ այդ գերուշադրությունից, առաջին իսկ հարմար առիթով մեկնում է Ռուսաստան, և այդ ամենի տուժողը դառնում է նրա երիտասարդ կինը՝ Աննան, որ ողջ կյանքում պիտի մնա սիրո ու ամուսնու կարոտ։ Հեղինակը այստեղ ներկայացրել է, թե ժամանակի հետ ինչպես է կինը սառում, մոռանում իր կին լինելը, ամուսին ունենալը, աստիճանաբար համոզում իրեն, որ ամուսնացել է ոչ թե իր ամուսնու, այլ՝ նրա ընտանիքի հետ։ Գաբրիելյանը հետաքրքիր է հյուսել հատկապես պատմվածքի վերջը՝ ամբողջացնելով իր ողջ կյանքից ոչինչ չհասկացած Աննայի կերպարը։ «Կանգնած սկեսուր մայրիկի թարմ հողաթմբի առջև, որ չդիմացավ միակ ու սիրելի որդուց մոռացվելու վշտին, լաց էր լինում Աննան ու չգիտեր՝ ամուսնուց լքված լինելո՞ւ, տանտիրուհու իրավունքները կորցնելո՞ւ վշտից, թե՞ դեռ ինքն էլ կյանքից բան չհասկացած՝ որդուն ամուսնացնելու ուրախությունից․․․»[5]։         
          Աննայի հոգու քույրն ասես լինի Շուշանը՝ «Շուշան-4» պատմվածքից։ Նրան էլ շատ ջահել ժամանակ ամուսնացրել են, հարսանիքից մեկ ամիս անց ամուսինը թողել-գնացել է Ռուսաստան, և՝ ոչ մի լուր։ Տասնութ տարի Շուշանը սպասել է՝ սրտում կարոտ լինելով իրական կին լինելուն։ Ահա թե ինչպես է հեղինակը ներկայացնում Շուշանի ներքին հույզերն ու լիարժեք կին զգալու կարոտները․ «Ուզում էր բոլոր կանանց նման ամենասովորական ու ամենահասարակ ամուսին ունենալ։ Ամեն Աստծու օր կռվեին ու բարիշեին, խանդեր տղամարդը Շուշանին, չթողներ բաց շորեր հագնել, բողոքեր ճաշի համից, արդուկած շալվարից։ Շուշանն ուզում էր իմանալ՝ ինչպես է փոխվում տղամարդը երեսուն տարեկանում, քառասունհինգում, վաթսունում»[6]։          
         
Հետաքրքրական է, որ հայ գրականությանը շատ հարազատ է այս թեմատիկան, և տարբեր ժամանակների գրական գործերում կարող ենք հանդիպել արտագնա աշխատանքի մեկնած իրենց ամուսիններին սպասող կանանց։ Հիշենք Գրիգոր Զոհրապի «Այրին» նովելը կամ ժամանակակիցներից Անուշ Սարգսյանի «ՕԳԳ» պատմվածքը։ Գաբրիելյանական կանայք էլ Զոհրապի հերոսուհու նման «այրի» են, որ աչքները ջուր կտրած սպասում են իրենց Մարտիրոսին։ Իսկ Շուշանի դեպքում ճակատագրի համանմանություն ենք տեսնում Սարգսյանի «Օ․Գ․Գ․»-ի Աննայի կերպարում, որ, ամուսնուց հեռու լինելով, ժամանակի հետ կորցրել է երեխա ունենալու և մայրության բերկրանքը զգալու իր Օ․Գ․Գ․-ն։       
          2. Լիարժեք կին լինելու կարոտ։ Արմինե Գաբրիելյանի ստեղծագործությունների հիմնական առանցքը կինն է՝ իր ներքին հույզերով, առօրեական, կենցաղային կյանքով, դրանից դուրս գալու ճիգերով, կյանքի հանդեպ ունեցած ձգտումներով, կարոտներով ու ցավերով։ Եթե այս ամենը փորձենք հանրագումարի բերել, թերևս կարող ենք ասել, որ հեղինակի հերոսները փնտրում են մշտարդիական «ի՞նչ է ուզում կինը» հարցի պատասխանը, և իրենք էլ, չգտնելով այն, մի տեսակ թերի, կիսատ են մնում՝ կարոտ մնալով լիարժեք կին լինելուն։     
          Այսպիսի հերոսներից է «Ընթերցելով Զոյա Փիրզադին» պատմվածքի հեղինակ-հերոսուհին։ Պատմվածքի վերնագիրն իսկ ստիպում է ուշադրություն դարձնել, թե ով է Զոյա Փիրզադը։ Իրանական ժամանակակից գրականության ականավոր ներկայացուցիչներից մեկն է իրանահայ Փիրզադը, որի պատմվածքներում ևս կարելի է գտնել համանման տարրեր, ինչպիսիք կան Ա․ Գաբրիելյանի արձակում։ Փիրզադի հերոսները ևս մեծավ մասամբ կանայք են, որոնք ապրում են կենցաղում, ոմանք՝ կենցաղով, ոմանք էլ՝ ամեն կերպ փորձում դուրս գալ դրանից։ Իրանահայ արձակագիրը հենց այս ամենի մասին է գրում՝ հասարակ կանանց, նրանց կենցաղային խնդիրների, մեծ ու փոքր մտատանջությունների, որոնք գուցե վրիպում են տղամարդկանց կողմից։         
          Հետաքրքրական է նաև այս պատմվածքի գրելաոճը, որը տեղ-տեղ հիշեցնում է արևելյան գրականության մեջ մեծապես ընդունված նազիրե (նմանակում) գրական ժանրին, որի դեպքում մի հեղինակ կարող է նմանակել մեկ ուրիշի՝ պատասխան-նամակի տեսքով զարգացնելով նրա երկը։           
          Գաբրիելյանն էլ այստեղ մեկ որպես ընթերցող, մեկ որպես գրող կարծես զարգացնում է Փիրզադի «Թարս ու շիտակ» և «Նապաստակի ու լոլիկի հեքիաթը» պատմվածքները։ Թե՛ «Ընթերցելով Զոյա Փիրզադին» և թե՛ վերը նշված պատմվածքներում երկու հեղինակների՝ լիարժեք կին լինելուն կարոտ հերոսները իրենց ինքնությունը փորձում են գտնել հնարավորինս դուրս գալով կենցաղից։ Իսկ այստեղ օգնության է գալիս գրականությունը․ գեղարվեստական հերոսը փորձում է գրել, Գաբրիելյանի պատմվածքում և Փիրզադի «Նապաստակի ու լոլիկի հեքիաթը» երկում հերոսուհիները ամեն կերպ աշխատում են գրել, կենցաղի ճահճից պոկ գալ, մտքերը հանձնել թղթին, սակայն Փիրզադի հերոսուհու դեպքում գրելը դառնում է առևտրի ցուցակ, իսկ Գաբրիելյանի դեպքում՝ ցիրուցան մտքերն ու գրել չկարողանալու գանգատները գրի առնել։            
          Լիարժեք կին լինելուն կարոտ կնոջը մտահոգող հաջորդ երևույթը նրա՝ հասարակության կողմից անտեսված և լսելի չլինելն է։ Այդպիսին են թերևս Գաբրիելյանի բոլոր հերոսուհիները։ Նրանց կյանքում միանշանակ հնարավոր է գտնել այնպիսի շրջափուլ, երբ չեն գնահատվել իրենց շրջապատի կողմից, անտեսվել են՝ հայտնվելով հասարակության լուսանցքում։ Հիշենք «Տունը» պատմվածքի հերոսուհուն, որ դպրոցական տարիներին փայլել էր իր մաթեմատիկական յուրահատուկ գիտելիքներով, բայց երբ ուսուցիչը այդ մասին ասել էր հորը, վերջինս ձեռքն էր անփութորեն տարուբերել։    
          Ուշագրավ է նաև «Շուշան-2» պատմվածքի հերոսուհի Շուշանը, որ միևնույն ժամանակ մեծ ցավ ու շփման կարիք ունի։ Նրան՝ դպրոցի հավաքարարին, չեն ցանկանում լսել ուսուցիչները․ նա ի՞նչ պիտի իմանա հոգեբանական և սեռական բռնության մասին, որ մի բան էլ կարծիք հայտնի։ Նրա տրտունջները լսելու ցանկություն չունի նաև տեգրակինը՝ Աստղիկը, որն անգամ չի էլ հարցնում, թե ինչ է եղել, երբ Շուշանն ասում է՝ եկել է, որ սիրտը բացի։           
          Հեղինակը վարպետորեն է ներկայացնում, թե ինչպես են նման մեծ ու փոքր դիպվածները դառնում պատճառ, որպեսզի հերոսուհիները օտարվեն հասարակությունից, կրիայի պես պատենավորվեն իրենց խեցու մեջ՝ արդեն հաջորդ անգամ վախենալով խոսել, վախենալով մտածել։
          Ա․ Գաբրիելյանի արձակում կնոջ լիարժեքությանը մեծապես խանգարող հաջորդ և թերևս ամենից կարևոր տարրը երեխա չունենալու կարոտն ու ցավն է։ Դրանով է տառապում Շուշանը՝ «Շուշան-2» պատմվածքից։ Հետաքրքիր է, որ հոգու այդ բացը ևս Գաբրիելյանի հերոսուհիները փորձում են լրացնել կենցաղում՝ ապրելով «լավ տանտիկին լինել, որ չգժվել» բանաձևով։ Եվ գեղեցիկ են հյուսված կնոջ այդ ապրումները։ «Ամսվա մեջ մի օր Շուշանը պարտադիր լաց է լինում: Երեխա չունենալու լացը: Մյուս օրերն ապրում է հույսով ու երազանքով, որ շուտով աչքալուսանք կտա Վարոյին: Բայց հենց գալիս է չարաբաստիկ օրը, և երազանքները փշրվում են, նստում ու հոնգուր-հոնգուր լաց է լինում: Վարոն էլի  իրեն դեկորատիվ ծառ կանվանի: Ամեն անգամ չբերությունն էդպես է երեսով տալիս: Վարոն, որ դրսում մատդ դնես բերանը չի կծի, Շուշանի մոտ առյուծ է դառնում: Ուրիշ կանայք Վարոյի նման բռի մարդ որ ունենան, վեր կկենան ու էստեղ էնտեղ կպատմեն, կասեն` հոգեբանական բռնություն: Բայց ինչ արած, իմ խաչն է, պիտի կրեմ: Ո՞ր տղամարդը երկար կհանդուրժի չբեր կին: Ոչ մի: Շուշանը սրբեց արցունքները , վեր կացավ ու սկսեց ավել անել:

Տեսնես` էս գործերը որ չլինեին, մարդ ինչ կաներ: Պարապությունից կխելագարվեր»[7]:

          3. Մեր օրերի մարդու առօրեական կարոտներ։ Լինելով ժամանակակից հեղինակ՝ Արմինե Գաբրիելյանն իր գրականությունը պատկերել է ժամանակի և տարածության այսօրվա սահմաններում՝ ներկայացնելով մերօրյա մարդու առտնին կարոտները։ Աշխատանքի այս հատվածում կանդրադառնանք հեղինակի այն պատմվածքներին, որտեղ հերոսները կորցրել են իրենց խաղաղությունը և կարոտ են հենց այդ երևույթին։        
          20-21-րդ դարի մարդուն ամենից շատ հուզող խնդիրներից մեկը ներքին խաղաղություն կորուստն է։ Մարդը զգում է, որ ինքը խաղաղ չէ իր անձի, իր էության հետ, և այդտեղից սկսվում են նրա սոցիալ-հոգեբանական խնդիրները։ Ներքին խաղաղության կարոտ են Գաբրիելյանի շատ հերոսներ։ Այս առումով ուշագրավ է հատկապես «Ունայնություն ունայնությանց» պատմվածքը։ Սա ստեղծագործություն է իր ներքին խաղաղությունը կորցրած, իրական երջանկությանը կարոտ մեծահարուստ Մաթևոսյանի մասին։ Նա հաջողակ է ամեն ինչում, նրա կյանքում ամեն ինչ հարթ է, սակայն մի բան պակաս է։ «․․․․Ես հարուստ եմ, երիտասարդ, առողջ, ունեմ խաղաղ ընտանիք, բայց հոգուս մեջ մի բաց կա, մի անորոշ դատարկություն, որ ոչնչով չի լցվում։ Ես ինձ շատ բաներ եմ թույլ տվել, խելահեղ գնումներ, սիրուհիներ… տոմս եմ գնել, մեկ օրով թռչել – հասել եմ Փարիզ՝ ներկա գտնվելու Մադոննայի համերգին։ Ինձ իմ աչքում հերոսացնելու, սրբագործելու համար բարերարություններ եմ արել. բազմաթիվ կարիքավոր ընտանիքների եմ օգնել, մանկատներ եմ հովանավորել…բայց երջանիկ չեմ զգացել»[8]։ Կարինեի՝ ընկերության թարգմանչի հետ մի քանի բառ փոխանակելը բեկումնային է լինում Մաթևոսյանի համար։ Կարինեն ասում է, որ չնայած բազում դժվարություններին ինքը երջանիկ է, քանի որ իր սրտում կա հավատ, որը տալիս է ապահովության զգացում, պաշտպանված և բավարարված լինելու երջանկություն։          
          Այս համատեքստում հետաքրքիր է նաև Մաթևոսյանի կնոջ՝ Սոֆինայի կերպարը, որը ևս իր խաղաղությունը կորցրած անձ է, սակայն դա չի էլ գիտակցում։ Հեղինակը նրան բնորոշում է որպես «խուլուհամր»։ «Կինը՝ Սոֆինան, մոդայիկ էր ամեն ինչով՝ անունով, հագուկապով, սանրվածքով։ Սակայն խուլուհամր էր։ Ոչ թե Աստծուց ի բնե զրկված էր լսելու և խոսելու շնորհից, այլ այն մարդկանցից էր, ովքեր երբեք չեն խոսում, կարծիք չեն հայտնում, ում չի հետաքրքում ոչինչ՝ ո՛չ հեռուստացույցը, ո՛չ ժամանակի հրամայական համացանցը, ո՛չ էլ՝ կանացի բամբասանքները։ Նա երբեք չէր արտահայտում հույզերը՝ երջանիկ է, տխուր, հոգնած, մտատանջ․․․Գուցե ուներ հարուստ ներաշխարհ, ինքնատիպ մտքեր, խոր աշխարհայացք․․․ով իմանար։ Համենայն դեպս ո՛չ Մաթևոսյանը կարողացավ ճանաչել ու սիրել կնոջը, ո՛չ էլ կինը՝ ամուսնուն»[9]։        
         
Այս միապաղաղ կյանքը սեպ է խրել Մաթևոսյանների ընտանիքում, նրանցից որևէ մեկը երջանիկ չէ, Մաթևոսյանը իսկական հայր չէ իր երեխաների համար, չի կարողանում շփվել նրանց հետ, ցավակից լինել նրանց, Սոֆինան ապրում է իր իրականությունում։ Հեղինակը, ներկայացնելով նրանց խաղաղության կարոտ լինելը և անգամ տալով բանալին, որ պիտի բացի իրական երջանկության դուռը, այդպես էլ հերոսներին դարձի չի բերում․ Մաթևոսյանը դրա ժամանակը չունի։        
          Թագավարակի պատճառով բոլորիս համակված զգացողությունների, իրական արժանիքները գնահատելու, նոր կարոտներ բացահայտելու մասին է «COVID-19» պատմվածքը, որտեղ հեղինակը ներկայացնում է, թե համավարակի պատճառով տներում փակված մարդը ինչքան կարոտներ ունի․ կարոտ է տնից դուրս գալու, գարնան օդը զգալու, կարոտ է չհիվանդանալու, ընտանիքի անդամին չկորցնելու, կարոտ է հին իրականությանը վերադառնալու։
          Հեղինակը ինչպես ներկայացրել է ներքին խաղաղությունը ինչ-ինչ պատճառներով կորցրած և այն փնտրել փորձող հերոսների հոգեվիճակը, այնպես էլ՝ հայրենի սահմաններին պատուհասած պատերազմի պատճառով կորսված խաղաղության պատճառով առաջացած տագնապները։ Այս թեմատիկայով են գրված Գաբրիելյանի «Տոնածառ չկա», «Եղբայրս»,  «Թողած Կարսում․․․» պատմվածքները։ «Տոնածառ չկա»-ն պատկերում է երեք պատերազմների արանքում իրենց ներքին ու արտաքին խաղաղությունը կորցրած և դրան կարոտ մարդկանց։ Արցախյան առաջին պատերազմում՝ 90-ականներին, հեղինակը մանուկ է եղել։ Ապրիլյան քառօրյայի օրերին նրա պատանեկությունն է անցել, իսկ 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ արդեն հասուն հեղինակն է, որ ողջ կյանքը կարոտ է մնացել խաղաղության և լավագույնս է ներկայացնում այդ օրերի մեր զգացողությունները։ «Հաղթածի ու հաղթողի երջանկությունը հարամ են անում միայն սև ժապավենները։ Դրանք են դառնության ու ողբերգության միակ վկաները։ Մեկը մեկից ջահել են ու սիրուն։ Պառկում ես, քունդ չի տանում, ծամում ես, կուլ չի գնում, ու չգիտես՝ լացդ ո՛ր մեկի համար է էն զույգ եղբայրների՞, հոր ու տղու՞, հարազատի՞դ, աշակերտի՞դ, ընկերոջդ որդու՞, հերոս հայրիկի հերոս որդի Արսենի՞․․․ էլ արցունք չկա․․․»[10]։        
          Արցախյան երրորդ պատերազմից խաղաղությանը կարոտ հասարակության մասին է «Թողած Կարսում․․․» պատմվածքը։ Սեպտեմբերի 26, երեխաները դպրոցում Չարենցի «Տաղ անձնական»-ն են անցնում ու հարցնում՝ ուր է Կարսը, ինչու մերը չէ։ Եվ կարծես այդ հարցի պատասխանը տալու համար կյանքը աշակերտներին մի մեծ դաս է տալիս․ մեկ օր անց՝ քառասունչորսօրյա պատերազմ, կորցրած նոր կյանքեր, նոր Կարսեր։ Հեղինակը ներկայացրել է պատուհասած արհավիրքի պատճառով բոլորին համակած զգացողությունները, խաղաղության կարոտ լինելը, որն այնքան ուժեղ է, որ դարձել է տենչանք։ Յուրօրինակ ձեռագրով է ներկայացված հատկապես նոյեմբերից հետոյի հոգեվիճակը։ Հասարակությունը ամեն ինչի կարոտ է․ ծնողը կարոտ է իր զավակին, զավակը՝ ծնողին, արցախցին՝ իր տանը, բոլորը՝ բոլորին, ամենքը՝ խաղաղության։ Հեղինակը գրում է․ «…Նոյեմբերյան տաք ու հաճելի արևը չի կարողանում ուրախացնել սև երիզների ու խնկի ծխի տակ կքած Հայաստան աշխարհը… Ուզում ես տուն տանել որբացած ու փոքրացած երկիրդ, սիրել ու գուրգուրել  անմայր մնացած մանուկի նման, ուզում ես գտնել ու հետ բերել չգիտես որտեղ կորսված ուրախությունը…           
          Պատերազմից հետոն թիվ է, թվագրություն՝
 նահատակվածների, ձեռակերտ ու անձեռակերտ հուշարձանների, տարածքների… Թվե՜ր, թվե՜ր, թվե՜ր… Թվերի արանքում՝ մարդկային անպատմելի ողբերգություն, ծվեն-ծվեն եղած ընտանեկան երջանկություն»[11]։         
          Կյանքում գալիս են պահեր, որ պետք է բոլորիս ապացուցեն, թե որոնք են իրական արժեքները, թե ինչքան կարոտ ենք մենք դրանց։ Հաճախ այդ դասը ևս շատ ցավոտ է լինում։ «Եղբայրս» պատմվածքը յուրատիպ գործ է՝ իսկական մնայուն արժեքների մասին։ Այստեղ մի կողմում Ամերիկան է՝ իր անսահման ճոխությամբ, բարիքներով, գեղեցկուհի Սյուզընով, մյուս կողմում՝ հայ տղամարդը, որի ԱՄՆ չգնալը հասարակությունը սվիններով է ընդունում՝ նախատելով, որ Միացյալ Նահանգների փոխարեն պիտի «քարուքըռա երկրի» բանակ գնա։ Ճակատագրի հեգնանքով 2016-ի քառօրյա պատերազմը դաս է լինում նման մտածելակերպի տեր հասարակության համար, երբ գլխավոր հերոսը կամավորագրվում ու մեկնում է Արցախ։ Եվ պատերազմից հետո տուն գալուն պես հասարակությունը ընկալում է հերոսի իրական արժանիքը, իսկ «․․․քարուքըռա երկրի տունը՝ լցվում անսահման հմայքներով»[12]։     

          4. Կարոտախտ։ Արմինե Գաբրիելյանի արձակում հանդիպող տարատեսակ կարոտների խտացումը կարելի է համարել կարոտախտը։ Հոգեբանական այս զգացողությունը հանդիպում ենք հեղինակի «Տունը», «Թուղթուգիրը», «Նաբաթ» և «Պապա» պատմվածքներում։       
          Բազմաշերտ պատմվածք է «Տունը», որի ժամանակն ու տարածությունը շարունակ փոխվում են՝ ընթերցողին մերթ տանելով 90-ականների Հայաստան, մերթ այսօրվա Անգլիա ու Ֆրանսիա։ Պատմվածքի հերոսները 1990-ականների մեծ արտագաղթի ժամանակ հայրենիքը լքած մայր ու աղջիկ են, որ նախ բնակություն են հաստատում Անգլիայում, ապա՝ Ֆրանսիայում։ Ծերության ժամին կինը ֆրանսիական տուն-ինտերնատում է՝ հոգում հայաստանյան տան կարոտը։ Պարապությունից ու անձկությունից որոշում է գրել՝ հուշերը թղթին հանձնելով։         
           Թերևս պատահական չէ, որ հերոսուհու կարոտախտը դրսևորվում է գրելով (հատկապես՝ հուշեր), քանի որ, ինչպես ընդունված է հոգեբանության մեջ, կարոտախտի ու դրա պատճառով առաջացած մենության հոգեվիճակում անձը տրվում է անցյալին, փորձում է երևակայական փախուստի դիմել՝ վերադառնալով մանկություն։ Եվ այս փախուստի հոգեբանության մեջ որպես կամուրջ է դառնում լուսանկարը։ Հեղինակը գրում է․ «Չես տեսնում, զգում ես՝ ինչպես է խեղճ, թալանվող, որբացող հայրենիքդ մնում հեռո՜ւ-հեռվում։ Ես ու յոթնամյա աղջնակս թողնում ենք կերոսինի ու սպիրտայրոցի հոտով ներծծված մեր տունը, ուր ամեն անկյունից ինչ էին ժպտում տաքության սովոր հարազատներիս լուսանկարները, որոնցից մեկը վերցրել, բութ զգացումով համբուրել ու տեղավորել էի ճամպրուկիս մեջ։ Ընդամենը մեկ ամիս ամուսինս եղած տղամարդու՝ սրտաձև շրջանակով լուսանկարն է․․․»[13]։        
          Պատմվածքում հետաքրքիր շեշտադրումով է նկարագրված կարոտը Տան հանդեպ։ «․․․․Քնած թե արթուն՝ սկսեցի մտածել տանս մասին հիմա փոշոտված է, կեղտոտվել են պատուհանները, պարտեզում մարբաբոյ խոտ է աճել, հողը կոշտացել է», «․․․․Տունս՝ աշխարհից մոռացված ու հեռու անկյունում ինձ միշտ սպասող միակ հավատարիմս։ Ավելի հավատարիմ, քան մենք՝ տերերս», «․․․․Իսկ իմ տան պարանին վաղուց լվացք չի կախվել»[14] հատվածներով հեղինակը պատկերել է օտար ափերում անտեր թողած տան հանդեպ ունեցած անսահման կարոտը։  

          Որքան ցավոտ է կարոտը առ սեփական ձեռքերով շենացրած տունը, մի քանի անգամ ավելի դաժան է հայրենիքում թողած ծնողի հանդեպ ունեցած սերը, որ միահյուսվել, հավասարվել է կարոտախտին։ Լռության գեղագիտության տեսարան ստեղծելով՝ հեղինակն այս պատմվածքում ներկայացրել է հայրենիքից հեռու ապրող զավակի կարոտը մոր հանդեպ։ «․․․․Մորս աշխատում եմ քիչ զանգ տալ չեմ կարողանում հետը խոսել, կոկորդս քերվում է։ Լաց լինել չեմ կարող վախենում եմ՝ դստրիկս տեսնի»[15]։

          Այս կարոտներից զատ՝ հերոսի հոգուն մեծ վերք է օրեցօր հայրենիքի արմատներից հեռացած ու կամա-ակամա ֆրանսիացի դարձած աղջկա կերպարը։ «Այս ե՞րբ մեծացավ աղջիկս։ Սիրուն օրիորդ է, քնքուշ օրիորդ։ Հայկական սեգ քիթ ունի, հայկական սիրուն աչքեր, մազերը՝ սև սաթ, մաշկը՝ ճերմակ, բոյ բուսաթը՝ թելիկ-մելիկ։ Միայն ինձ հետ է հայերեն խոսում, էն էլ թաքուն, երբ մենակ ենք։ Աղջիկս հայ չէ։ Անուն-ազգանունն ու սիրուն արտաքին են հայի։ Խոսում է ֆրանսերեն, ուտում է ֆրանսերեն, քայլում, մտածում ֆրանսերեն։ Մի քիչ նախանձում եմ նրան, որ սրտում կարոտ չկա, անցյալ ու հուշ չկա, որ չի հիշում ու երազում մեր հեռու տունը։ Բայց ի՞նչ իմանաս, գուցե ինքն էլ հոգում պատառիկներ ունի՝ տխուր կամ ուրախ չգիտեմ, չեմ հարցրել երբեք, երբեք չենք խոսել այդ մասին․․․»[16]։
         
Օտարության մեջ ապրող եղբոր կարոտախտից տառապող քրոջ գեղեցիկ մի պատկեր ենք տեսնում «Թուղթուգիրը» պատմվածքում։ Կարդում ենք․ «․․․․Սոնի՛կ, մի քիչ լավաշ ու բաստուրմա դնեմ, տարեք ախպորս, ի՜նչ կլինի,- մինուճար եղբոր կարոտից թաց աչքերն է սրբում Վարդուշը»[17]։          
          Հաճախ ինչ-որ ծանոթ բույր կամ համ մարդուն կարող է հաղորդել անցյալի քաղցր հուշերի նոստալգիկ տրամադրություն: Գրականությունը, լինելով կյանքը պատկերող արվեստ, չի կարող այս երևույթից անմասն մնալ: Եվ պատահական չէ, որ Ա․ Գաբրիեյանի արձակում նկատում ենք համային կարոտախտի (Gustatory Nostalgia) յուրօրինակ դրսևորումներ։ Ասվածի ապացույցն է «Նաբաթը» պատմվածքը։ Հուշերը պարսկահայ տատի մասին լցված են Իրանի համ ու հոտով, տատի կերպարը կարծես մի ամբողջ Արևելք է՝ լի իր յուրահատուկ համեմունքներով, արևով ու բույրերով։ Այդ միջավայրում հասակ առած հեղինակի համար մանկության ու տատի հետ են հաղորդակցվում զաֆրանը, դարչինը, նաբաթը, և պատահական չէ, որ կյանքի ընթացքում նա շարունակ քայլում է դրանց հետքերով, փորձում գտնել իր մանկության համը, ամուր բռնել այն, որ երբեք չկրոցնի։ Գրում է․ «Հիշում եմ իրանահայերի համայնք հիշեցնող մեր տունը՝ նաբաթի, վանիլի, խունկի, զաֆրանի բույրերով։ ․․․․Երևանի բոլոր ռեստորաններում քիմքիս մեջ փնտրում եմ զաֆրանի, քիմիոնի, դարչինի համերը․․․ Չկան։ Փիթին անհամ է ամենուրեք տատիս եփածը չէ գուցե սիսեռը մսաջրով չեն եփում․․․          

Ամուսինս Թեհրանից հատուկ ինձ համար նաբաթ բերել տվեց ու խիստ պատվիրեց շատ չուտել՝ ակնարկելով դիաբետը, մինչդեռ համն էլ չեմ տեսել․ դրել եմ զարդասեղանիս բուրավետ դարակում ու ամեն առավոտ շրթներկ քսելիս հոտոտում եմ մանկությանս անուշ բույրը․․․»[18]։
         
Կարոտախտի սրտմաշուկ հոգեվիճակը վարպետորեն է ներկայացված «Պապա» պատմվածքում։ Պետերբուրգ արտագաղթած և այնտեղից հորը դիմող դստեր մենախոսությունն է սա՝ լցված կարոտի տարատեսակ դրսևորումներով, մեղքի զգացումով, հուշերով ու անորոշ ապագայի հանդեպ ունեցած տագնապներով։ Աղջիկը չի կարողանում համակերպվել արտագաղթի մտքի հետ և ներել իրեն՝ հեռանալու ու հորը միայնակ թողնելու համար։ Հոր ներող ու անսահման սիրող սիրտը կարծես բեռ լինի օտարության մեջ ապրող դստեր համար․ երանի չսիրեր, երանի այդքան լավն ու հասկացողը չլիներ, որ հեշտ մարսեր։ «Ինչու՞ է ինձ թվում, որ իմ հանդեպ սերերից ամենաանշահախնդիրը, մաքուրն ու բնականը քո սերն է, պա՛պ։ Դու ինձ սիրում ես, երբ ես չաղ եմ, չափից դուրս նիհար եմ, գեղեցիկ եմ ու գեղեցիկ չեմ, հիվանդ եմ ու ավյունով լեցուն եմ, կարդացած եմ ու տգետ եմ։ Ինչու՞ է ինձ թվում, թե միայն քո՛ ծերացած ու հիվանդ սիրտն է միշտ արթուն ինձ համար․․․Աշոտիս համար։ Ու մենք՝ քո սրտի միակ տերերը, լքեցինք քեզ, քո հարազատ երկրում քեզ մենակ թողեցինք»[19]։     
          Հոգին տանջող այս հարցերին է գումարվում հոր կարոտի նկարագրությունը։ Դուստրը կասկած անգամ չունի, թե ինչպես է հայրը տանջվում կարոտից, ինչպես է նայում իրենց լուսանկարներին ու անհուսությունից տրվում կարոտին։ «․․․․Ես գիտեմ, որ էլ չես ուզում խնայել առողջությունդ, որ տխուր ես հիմա, շատ տխուր։ Որ կարոտում ես ինձ ու Աշոտին։ Ավագին էլ։ Որ հարյուր անգամ նայում ես հյուրասենյակի լուսանկարներն ու զրուցում մեզ հետ։ Նույն օրվա լուսանկարը․․․մեկում ես եմ՝ Ավագի ու Աշոտի հետ, մյուսում՝ քեզ ու Աշոտի հետ։ Իմ կյանքը կարծես այդ երկու լուսանկարը լինի՝ քեզ հետ ու առանց քեզ»[20]։         
         
Պատմվածքում համային կարոտախտի դրսևորում ևս առկա է։ Տոլման է, որ կամուրջ է հոր ու աղջկա և իրենց կարոտների միջև։ Աղջիկն ասում է․ «․․․․Տոլմա եմ եփում, պապ։ Փաթաթում եմ ու մտածում քո մասին։ Իսկ ե՞րբ չեմ մտածում։ Քայլելիս, քնելիս, արթնանալիս, սուրճ խմելիս։ Տոլմայի կաղամբը քիչ եփած ես սիրում՝ ջղաթա՝ միայն ինձ, քեզ ու մամային հասկանալի բառով։ Վերջին անգամ ե՞րբ ես տոլմա կերել, պապա՛։ Ո՞վ է քեզ համար տոլմա դրել։ Ես՝ ապերախտ միակ զավակդ, ե՞րբ եմ քեզ համար տոլմա դնելու։ Կաղամբը՝ ջղաթա՜։
Ես քեզ չեմ զանգի հիմա, պապա՛, որովհետև քո սիրած տոլման եմ փաթաթում ․․․․որ զանգեմ, երկուսս էլ կհիշենք էն մեղմիկ երեկոները, երբ տոլմայի բույրը հանդարտ նստում էր տան անկյուններին, երբ Աշոտը չարչարվում էր ռուսերենի անգիրների վրա, երբ դու քո լռակյաց ներկայությամբ պաշտպանում էիր ինձ ամենայն տեսանելի ու անտես թշնամիներից․․․ Հիմա նույն տոլման է ու նույն երեկոն․․․ Աշոտը դաս է սովորում, տոլմայի հոտը շուտով դուրս կգա պատուհանից ու կնստի էս օտար քաղաքի վրա, Ավագն էլի գործից տուն կգա, կհանդիմանի ինձ, որ ինչպես միշտ ախորժակ չունեմ ու ձևացնելու կարողություն էլ չունեմ»[21]։     
         
Այս ամենին զուգահեռ՝ պատմվածքում նկատելի է նաև օտարության մեջ այդ երկրին չհարմարվող, դրա քաղաքացին չդարձող և միևնույն ժամանակ հայրենիքից չկտրվող անձի երկակի հոգեվիճակը, որ հոգեբանության մեջ ընդունված է անվանել «միջանկյալ վիճակ» (In Between)։ Հենց այդպիսի երկու աշխարհների արանքում է ապրում պատմվածքի հերոսուհին՝ էլ ավելի խոցոտելով սեփական հոգին ու խորացնելով կարոտախտը։          
          Եթե փորձենք մեկ ընդհանուր դիտանկյունից նայել Արմինե Գաբրիելյանի արձակում առկա կարոտի տարատեսակ դրսևորումները, հարկ է ուշադրություն դարձնել «Շուշաններ» ժողովածուի վերջին՝ «Ես ու դու» ստեղծագործությանը։ Շարունակական «երբ»-երով սկսվող նախադասությունները կարծես կյանքի տարբեր շրջափուլերի կարոտները լինեն, այն զրկանքները, որոնք տեսել  են հեղինակի հերոսները, և միայն գրքի վերջին երկում ենք նկատում, որ կերպարները խաղաղված են, ինչ-որ չափով գտել են իրենց Ես-ն ու կարոտները։ Շարունակական «երբ»-եր, իսկ հետո՝ «Այդժամ ես կհասկանամ, որ սիրուն կյանքի շարունակությունը սիրուն ծերություն է․․․»[22]։     
         
Այսպիսով, ամփոփելով կարոտի գեղարվեստական դրսևորումների փնտրտուքը Ա․ Գաբրիելյանի արձակում՝ կարող ենք նշել, որ հեղինակի գրականության մի յուրահատուկ գույնն է կարոտը, որ տարբեր կերպ է հանդիպում։ Սիրո ու քնքշանքի կարոտից՝ մինչև լիարժեք կին լինելու, կենցաղից կտրվելու, մայրանալու կարոտ, խաղաղության, հայրենիքը չլքելու, այն չմոռանալու կարոտ և վերջապես՝ կարոտախտ։   


[1] https://www.psychologos.ru/articles/view/toska

[2] «Շուշանները» կանայք են, որոնց միավորում է երջանիկ լինելու երազանքը․․․»․ հարզացրույց Արմինե Գաբրիելյանի հետ
https://www.cultural.am/hy/norutyunner/harcazruyc/3780-shushannery-kanaykyen-voronts-miavorum-e-yerjanik-linelu-yerazanky-harzatsruyts-armine-gabriyelyani-het

[3] Գաբրիելյան Ա․, Շուշանններ, Եր․, Էդիթ Պրինտ, 2021, էջ 10։

[4] Նույն տեղում, էջ 25։

[5] Գաբրիելյան Ա․, Շուշանններ, Եր․, Էդիթ Պրինտ, 2021, էջ 39։

[6] Նույն տեղում, էջ 100:

[7] Գաբրիելյան Ա․, Շուշանններ, Եր․, Էդիթ Պրինտ, 2021, էջ 51։

[8] Գաբրիելյան Ա․, նշվ․ աշխ․, էջ 93։

[9] Նույն տեղում, էջ 95:

[10] Գաբրիելյան Ա․, Շուշանններ, Եր․, Էդիթ Պրինտ, 2021, էջ 62։

[11] Գաբրիելյան Ա, Թողած Կարսում
https://hraparak.am/post/b7713e96b4847cfbc041d7c626303dec?fbclid=IwAR36E05WI__Z0kRJJRQcu8rTQYDTcK3T8aXWUV6gnaJBgUeKRHnhKgtGCwE

[12] Գաբրիելյան Ա․, Շուշանններ, Եր․, Էդիթ Պրինտ, 2021, էջ 58։

[13] Նույն տեղում, էջ 113:

[14] Գաբրիելյան Ա․, նշվ․ աշխ․, էջեր 123, 125։

[15] Նույն տեղում։

[16] Գաբրիելյան Ա․, Շուշանններ, Եր․, Էդիթ Պրինտ, 2021, էջ 123, 126։

[17] Նույն տեղում, էջ 16:  

[18] Գաբրիելյան Ա․, Շուշանններ, Եր․, Էդիթ Պրինտ, 2021, էջ 90-91։

[19] Գաբրիելյան Ա, Պապա
https://granish.org/armine-gabrielyan-papa/

[20] Գաբրիելյան Ա, Պապա
https://granish.org/armine-gabrielyan-papa/

[21] Նույն տեղում։

[22] Գաբրիելյան Ա․, Շուշանններ, Եր․, Էդիթ Պրինտ, 2021, էջ 128։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով