Հովիկ Մխիթարյան, Պատմվածք

Դիպուկահարը

Զինվորը կուչ էր եկել խրամաբջիջում, զգուշանալով ամենահաս դիպուկահարից, որ չէր թողնում քիթն անգամ դուրս հանել․ նրան խաբելու ոչ մի հնար չկար։  Պատերազմի 40-րդ օրը հոգնությունը կարող էր չար կատակ խաղալ, մինչ ռոբոտի նման լիցքավորում է զենքն ու կրակում: Փամփուշտ` ինչքա՜ն ուզես. պայքարիր մինչև վերջ: Երբ փամփուշտը վերջանա, դանակ ունի ու ծանր երկաթյա տարբեր առարկաներ, որոնցով դեռ կկարողանա մարտնչել ամբողջ ուժով ու իր հետ մի քանիսին կտանի էն աշխարհը։ Նման ավարտն այնքան էլ անհավանական չէր, որովհետև մեկիկ-մեկիկ, անողոք հետևողականությամբ զոհվում էին։                                                                                                                   

Մինչև մութն ընկնելը դեռ բավական ժամանակ կար, ու հնարավոր չէր գուշակել, թե ինչպես կպտտվի բախտի անիվը։ Մահից արդեն չէր վախենում, չորս կողմը դիակներ էին, չարացած չէր աշխարհի վրա` իր գոյություն չունեցող կարգուկանոնով, օրենքներով ու հիմարություններով, պաշտոնավորների անմիտ գաղափարներով, հպարտության հորինովի ուսադիրներով, հարուստների փողի կույտերով ու աղքատների նվնվոցներով…                                                                                                                                                                                

Նա հոգնել էր նույն դիրքից ու մի կերպ կրակում էր, երբեմն միայն զգույշ շարժելով ոտքերն ու իրանը: Կամ պառկում էր գետնին ու նայում վերև՝ երկնքին: Հետո արագ նույն դիրքն էր ընդունում, որովհետև այդպես չէր կարողանում տեղավորել ոտքերը, իսկ դիպուկահարը – համա թե շանորդին է, հա՜ –  օգտագործում էր չնչին վրիպումն անգամ:   Փորփրում էր հիշողությունը, ինչպես կրակահերթերն էին փորփրում շուրջբոլորը, մի լավ բան հիշելու համար, բայց ուղեղը չէր հանգստանում ու միայն անհեթեթ մտքեր էին այցելում այդ պահին մահվան, սիրո, դիպուկահարի մասին․․․                                                                                                                                

Հանկարծ ուղեղում մի տեսարան փայլատակեց, վերջերս դիտած կինոնկարից մի հատված․․․  Տղան պայմանավորվեց գեղեցիկ աղջկա հետ, ու հենց առաջին հանդիպման ժամանակ գնացին հյուրանոց: Ինչպես ինքն է պայմանավորվել կյանքի հետ` մի պահի հայտնվելու ու անհետ չքվել-վերանալու համար։ Հետո տղան մոլեգնած, ղզղնած այծի նման հարձակվեց աղջկա վրա ու սկսեց էն բանից անել, շատ սովորական ձևով, ինչպես բոլոր կենդանի՝ ասուն ու անասուն արարածները…

Կինոն այն ժամանակ էլ շատ էր բարկացրել իրեն ու հիմա հատկապես, կյանքի ու մահվան տապկնոցի խաղալու ժամանակ, երբ աշխատում է չմտածել մահվան մասին, հիշելով այդ տեսարանը, նյարդայնացավ ու սկսեց գոռալ ինքն իրեն.                                                                                              

– Համբերեիր մի քանի օր, արա՛, ինչի՞ ես շտապում: Հիմա ես քիչ ժամանակ ունեմ ապրելու, բայց քո կյանքը շարունակվում է:- Ու հենց այստեղ, խրամաբջիջում, Արշակը անհամբեր տղայի անունը կնքեց որձ, անհամբեր որձ… Մի պահի նույնիսկ որոշեց երկարացնել անվանումը և անվանել հիմար որձ, բայց հետո հասկացավ, որ դրանով իր թուլությունն ու ատելությունն է ցուցադրելու և հրաժարվեց այդ մտքից: Կարճ լավ է` երկար մտածելու ժամանակ հիմա չունի, որովհետև դեմից չարագուշակ ստվերների նման ինչ-որ արարածներ էին սողում դեպի իրեն ու հարկավոր էր ոչնչացնել նրանց, ինչքան էլ որ բուսնեն այս ու այն կողմից։ Բայց ամենակարևորը մնում էր դիպուկահարը, որի տեղը չգիտեր, բայց որի ներկայությունը զգում էր։  «Մահը՞, վախենու՞մ եմ – մտածեց Արշակը, – բայց ի՞նչ է մահը, եթե հենց հիմա ինքը ողջ է: Կամ ո՞վ գիտի՝ ինչ է մահը. միայն նրա՞նք, ովքեր արդեն մահացե՞լ են: Դժվարը մահանալն է, իսկ երբ արդեն մահացած ես, հավանաբար ոչինչ չես զգում, կամ միգուցե դա հաճելի, հավիտենական հանգի՞ստ է»:                                                                                                                  

Նա ավտոմատը զգույշ, ավելի հարմար դիրքի բերեց հողի վրա, շարժեց ուսերը, նայեց կողքը: Աշոտը զոհվել էր: Մի քանի մետր այն կողմ Վռամը դիմադրում էր, ինչպես ինքը, զինվորի համակերպվածությամբ ու ողբերգականությամբ, ու մեկ-մեկ նայում էր իրեն, ձեռքով անում, ժպտում, որ ավելի շատ ծամածռություն էր հիշեցնում, հետո թքում էր գետնին՝ չգիտես ում հասցեին…                                                                                                                                              

Հա, մտածում էր Արշակը, հիշելով որձին, թե ինչպես էր մոլեգին համբուրում ու հետո հարձակվում աղջկա  վրա, անում էն բանից ինչքան ուժը կպատի:                                                               

-Թու՜, ես ձեր, – հանկարծ բղավեց նա, հասկանալով, որ նման մտքերը կարող են շեղել մարտից․․․ ու թեպետ ինչքան էլ շեղեն, էն բանը հետաքրքիր ու անպատմելի, մի հեռավոր անուրջ էր թվում, որ կառչել էր ուղեղից ու չէր հեռանում․․․ Մտքում անսպասելի, տարօրինակ միտք սողոսկեց, որ ինքը մի ուրիշ ֆիլմի հերոսն է, ում էս կյանքը ո՜նց պետքն է անում է էն բանից… դա նոր, նողկալի միտք էր։ Նա ցանկացավ կիսվել Վռամի հետ, նայեց ու ձեռքով արեց… Վռամն էլ իրեն ձեռքով արեց ու նորից կատաղի թքեց գետնին, այս անգամ կարմիր գույնի… Վռամը կարգին տղա է, քսան էլ չկա, բայց հիանալի կռվող է․ սպանես՝ հետ չի գնա: Խաղաղ ժամանակ լավ չէր ճանաչում նրան… երանի չզոհվի. նա մի անգամ էլ ձեռքով արեց Վռամին:                                           

Չէր կարողանում շարժվել. դիպուկահարը շատ զգոն էր ու արագ արձագանքում էր:                         

-Արա՛, այ որձ, – բղավեց Արշակը, դուք էս ինչքան շատ եք աշխարհում, եկեք օգնեք, ես ձեր… աղջիկ էք շինում, որ ի՞նչ, որ ձեր նմաններին շատացնե՞ք…- հետո զգաց, որ հիմարություններ է ասում, բայց եթե միևնույն է` մահանալու է, ի՞նչ իմաստ ունի խելացի մտքեր արտահայտել։ Ավելի ճիշտ կլինի դիմադրել, չշինվել կյանքի կողմից, ծաղրել մահվանն ու ամեն ինչ…                                                                                                                                       

Նա նորից նայեց կողքերը. ձախը դատարկ էր, մարդ չկար, որ պաշտպաներ ձախը, էն «մալականներին» ինչքան համոզեցին, մեկը չբարձրացավ վերև, առաջնագիծ, զորամասում արկ էլ չէին բարձում մեքենաները․Աշոտը… մի պահ թվաց` թե խաղաղ քնած է պայմանագրային Աշոտը, որ մեկ երեխա ուներ: Դեռ մեկ ժամ առաջ նա ողջ էր ու, ընտանիքն այդ պահին հույս ուներ: Մեկ ժամում մարդկային ճակատագրե՞ր են որոշվում, ո՞րն է ուրեմն ապրելու ու կենդանի մնալու տրամաբանությունը։ Նա պատկերացրեց թե ինչպես դիպուկահարը հստակ տեսնում է իրենց ամեն մի շարժումը. այդպիսի մի շարժումն Աշոտին կյանք արժեցավ։ Եթե միայն դիպուկահարն իր ձեռքն ընկներ, ի՜նչ կաներ: Տեսնես՝ ի՞նչ մոգական կապով են կապված իրար հետ դիպուկահարը, էն բանն անողները, դեմից իրենց սպանել ցանկացողները։ Եթե գտներ այդ խորհրդավոր կապը՝ թերևս ողջ մնար։                                                                                                       

Հաաա՜, հիշեց ֆիլմի շարունակությունը: Որձը աղջկան շինելիս նայեց պատուհանից դուրս ու տեսավ ծառերի ետևում միզող շներին, հետո չգիտես ինչու այսպիսի խելացի հարց տվեց աղջկան՝ ո՞րն է իր ու այն միզող շների տարբերությունը։ Աղջիկն ասաց, որ ինքն անձամբ ոչ մի տարբերություն չի տեսնում իր ու այդ շների միջև, որ տարբերությունը այս սենյակի պատն է ու վերջ. իրենք գաղտնի են միզում, շները` հե՜չ պետքները չի…

-Աշոտ,- ասաց մահացած ընկերոջը,- բայց շները սնայպերներ չունեն, չէ՞: Լա՜վ, մի շան չափ էլ չկա՞նք։

Հա, ֆիլմը… լսելով աղջկա խոսքերը, տղան թողեց աղջկան շինելն ու մտավ վերմակի տակ («Շա՜տ զգայունն ես», – ծաղրեց մտքում Արշակը): Արշակը նողկանքով էր հիշում նրա քրտնակոլոլ, էն բանից գոհ դեմքը… բախտ եմ ասել, է՜ , մեկը մարդ է շինում, մյուսը սպանում է, որ ի՞նչ, հավասարակշռությունն աշխարհում պահպանելու՞ համար, –  կատաղած մռնչաց նա ու կրակեց… Հնար լիներ շանսատակ կաներ բոլորին, դիպուկահարին հատկապես,- էս ինչքա՜ն է նյարդայնացնում ,- բայց կուչ է եկել մի քանի տասնյակ սանտիմետրի վրա ու անիմաստ մտմտում է:

Հա, շարունակեց մտածել, տեսնես` ո՞ր քաղաքում կամ որ երկրում էր ֆիլմի որձը․ ինչու՞ մի կես ժամով չի կարող փոխարինել իրեն: Ինքը կաներ էն բանից, իսկ որձը մահվան մարտ կմղեր: Ու՞մ հարցնենք այդ մասին,- զայրացած մտածեց նա:                                                

 Հանկարծ ճիչ լսեց ու նայեց Վռամի ուղղությամբ. Վիրավորվել էր, բայց տեղում էր, ձեռքով հասկացրեց, որ ծնոտի ոսկորն էր թռել` դե կարևոր չէ, մի քանի կտոր ոսկոր ավել կամ պակաս: Ավելի կարևոր մարմնամասեր էին թռել` ձեռք ու ոտք… նա նայեց մի քիչ ավելի հեռու` Վահրամն այնտեղ էր, ողջ առողջ, նրա կողքին պառկած էր մի զինվոր, հավանաբար վիրավոր էր, սակայն` կենդանի: Երբ Արշակը հուսահատ որոշեց առաջ գնալ, օգնել վիրավորին, հենց ականջի տակ սուլեց փամփուշտը: Անզորությունից մոլեգնեց ու երկար կրակահերթ արձակեց․․․                                                                                                     

«Լա՜վ, – մտածեց Արշակը, – ի՞նչ եղավ էն բանից անող որձը»: Հա, հիշեց, մի քիչ էլ խոսեց աղջկա հետ ու ինքը, աղջկանի՞ց, թե՞ իր արածից դժգոհ, հեռացավ, թողնելով աղջկան շփոթության մեջ,- դե աղջիկ է, ոչինչ, կհամակերպվի: Ու որձը գնաց անվերադարձ, դեռ մի հիսուն տարի էլ էս կամ էն ձևով ապրելու համար, ինքը՞… չգիտի, միգուցե տասը վայրկյան, տասը րոպե, լավագույն դեպքում` տասը ժամ կամ օր: Ճակատագիրն էլ իրեն է տեղը տեղին էն բանից անում, բայց չպետք է հանձնվել։ «Ուրեմն էն բանից անողներն ավելի երկար են ապրում», – հումորով ամփոփեց նա․ էսքան խելացի մտքերը կօգն՞ն իրեն դուրս պրծնելու այս շիլայից․․․                                                                                                                                 

-Լսի, արա՛,- գոռաց կինոյի տղու վրա,- արի կիսվենք մեր կյանքերով, միջին թվաբանական հանենք, հը՞, ինչ կասես, մի քիչ էլ քիչ կշինես սրան-նրան: Իսկ ես ավելի շատ կապրեմ: Թող իմ երազանքը կիսատ չմնա։ Ես դեռ աղջիկ եմ գրկելու ու հայր եմ դառնալու, կանացի շոյանքներ ու շշունջներ եմ զգալու, մանկան թոթովանքներ եմ լսելու։ Իմ ձեռքերը միայն զենք բռնելու համար չեն, այլ կնոջը հպվելու, սիրո ցնցումներին պատասխանելու, գրկախառնության վազող երեխային  գրկումս ամուր պահելու համար են։ Էն բանը ինձ համար ուրիշ իմաստ ունի… Բայց ու՞մ դիմենք տեղաբաշխումների պահով…,- նա քմծիծաղեց ու կատաղած նորից կրակեց, թեպետ դիմացից այլևս առաջ չէին գալիս:

Նայեց տանից ուղարկած գեղեցիկ թվացույցով ժամացույցին… «Արագ գնա, – հրամայեց սլաքներին… ժամանակն անիմաստ երևույթ է, եթե քեզ չի օգնում»: Էլի մի կարևոր միտք սողոսկեց ուղեղը՝ էն բանի մասին մտքերը հակադրվում են մահվան սարսուռի ու խավարի մասին մտքերին ու հեռացնում, չեն թողնում վախենա․նա ժպտաց, հասկանալով, որ կյանքն ու մահը նույն երևույթի երկու տարբեր մեկնաբանություններն են։

Հոգնել էր, ցանկացավ գլուխը դնել հողին, կամ փափուկ քարի վրա ու քնել: Միգուցե մի մոլորված փամփուշտ գտնի՞ իրեն։ Հանկարծ զարմանքով զգաց, որ մի քանի րոպե անսովոր լռություն էր տիրել։ Նայեց այսուայն կողմ, հո՞ղը. թարմ հողից դուրս սողաց երկար մի որդ… դանդաղ հոսեց դեպի իրեն՝ կենդանության բաբախյունը. նա չգիտե՞ր, որ այստեղ ռումբեր ու փամփուշտներ են սլանում, թե՞ իրենցից ավելի իմաստուն է։ Միամի՜տ թրթուր։

 Արշակը ձեռքի ափով ծածկեց թրթուրին այնպես, որ չվնասի նրան, փակեց առաջ գնալու ճանապարհը, ուղղորդեց դեպի իր բույնը, որտեղ ապահովությունն էր, հողի բույրն ու կյանքը։ Թրթուրը հողի տակ կապրի, իսկ ինքը…ինքն օգնեց, որ թրթուրը ապրի, բայց կօգնի՞ որևէ մեկն իրեն ապրելու, կհիշի՞ անգիտակից, գոյության համար պայքարող թրթուրն իրեն, որ օգնեց, հրեց այնտեղ, որտեղից դուրս էր եկել և որտեղ ապահով էր, եթե միայն մի ահավոր հարված հողն էլ չպայթեցներ… Տարօրինակ նուրբ զգացում սողոսկեց ուղեղը, ցանկություն ունեցավ զգույշ շոյել թրթուրին, նայեց այսուայն կողմ, չգտավ, կենդանին անհետացել էր։                                                                                                                                               

Լռությունը երկար չտևեց։ Նա զգաց Վռամի հայացքը, որ բութ մատն էր ցույց տալիս` օգնականներ են ժամանում կողքի դիրքերից: Չհասցրեց ուրախանալ, երբ հենց նույն պահին փամփուշտը սուլեց ու ականջախառը ցնցում զգաց, սուր ցավից մի պահ շշմեց, իսկ երբ իրենից անկախ գլուխը շարժվեց, տեսավ, որ թևն էլ արյունոտվեց… նա գլուխը հակեց զենքի վրա, ապա թափ տվեց իրեն, ուժով զսպեց, որ աչքերը չփակվեն, գիտակցությունը չկորչի:

Գիտակցության նշույլով, կարծես երազում նրան թվաց, որ որձն իրեն այցելության է եկել ու ինչ-որ տեղ է կանչում, բայց թափ տվեց իրեն, ու տեսիլքն անհետացավ-գնաց անվերադարձ` ինքն իրենից դժգոհ: Ինչքան դժգոհ ապուշներ կան, որ սարսափահար չեն փարվել հողին, չեն գրկախառնվել մահվան հետ, ինչպես պայմանագրային Աշոտը։ Հանկարծ Արշակի մտքով անցավ, թե՝ տեսնես ինչ ազգության է էս դիպուկահարը… տղա ես` արի դեմ առ դեմ կռվենք, ոսկորներդ ջարդեմ…                                                                                                                                             

-Արա, ա՛յ անտաղանդ,- գոռաց մտքում այս անգամ ֆիլմի բեմադրիչի վրա,- ես լինեի քո տեղը, որձին վթարի կենթարկեի տուն փախչելիս, մի տեղ կսպանեի: Թե չէ դեռ մի 50 տարի էլ կապրի, իսկ Աշոտը զոհվել է, Վռամն ու էն չերևացող տղեն վիրավոր են, իմ մասին էլ չեմ ասում: Երանի ես լինեի կյանքի ռեժիսորը, մեզ կփրկեի, իսկ էն տղին…                                                                            

Նա սկսեց վայելել ուղեղը շոյող լռությունը. Գլուխը սարսափելի ցավում էր, քնելու անդիմադրելի ցանկություն էր զգում, բայց հիշեց բուժակի ասածը՝ վիրավորվելուց հետո չի կարելի քնել, «Ուժով ստիպի, որ արթուն մնաս»-ասել էր նա։ Արշակը ուժով բացեց փակվող կոպերը. տեսավ հեռվում փախչող ստվերներին: Վռամը ձեռքով արեց, ապա ցուցամատը կոկորդին քսեց, որպես թե դիպուկահարը… չկա։ Լավ, ուրեմն կյանք պարգևենք որձին, փոփոխություններ թող մտնի կյանքի ու մահվան գրքում․․․այնքան հաճելի էր լռությունն ու անշարժությունը, ոչնչի մասին չմտածելը, տիեզերական կենդանության զարկին միահունչ լինելը․․․                                                                                                                                         

Արշակը չգիտեր, ինչքան ժամանակ է անցել, երբ ուշքի եկավ։ Հակառակորդը փախուստի էր դիմել: Նա դժվարությամբ ոտքի կանգնեց ու օրորվելով առաջ գնաց, մոտեցավ դիպուկահարի դիակին․․․շրջեց մեջքի վրա ընկած դիակը և ցնցվեց անսպասելիությունից․իրեն թվաց, թե ֆիլմի աղջիկն է․․․ ամրակազմ կին էր, կիսաբաց կոպերի տակից տեսավ գեղեցիկ, երկնագույն աչքերը․․․ Կռացավ, զգույշ հանեց գլխարկը։ Նայեց երկար, ցանկացավ ծիծաղել, ներքին թեթևություն զգալով, բայց նորից նայելով, ցորնագույն, արյունոտված մազերին, ծիծաղի ցանկությունը կորավ։ Արշակը երկար նայեց այլևս անկյանք դեմքին. կիսաբաց երկնագույն աչքերին․․․ «Սա իմ թշնամին է, – մտածեց, – շատ երիտասարդ չէ, կլինի երեսուն-երեսունհինգ տարեկան ու եկել է հեռվից… երգելու իր կարապի երգը։

Մտքով անցավ ստուգել գրպանները, ընտանիք, բան… նրան էլ էին մի տեղ սպասում:

Նա ձեռքը մտցրեց գրպանը, հանեց․․․ ցելոֆանի մեջ կոկիկ դրված նկարը․․․երկու-երեք տարեկան երեխայի նկար էր՝ հրեշտակ։ Ինչ անհեթեթություն․ու՞ր ես եկել, կին, մնայիր փոքրիկ հրեշտակի մոտ, – հրեշտակների մոտ չեն զոհվում ,- Աշոտը չէր զոհվի, կգնար արտագնա աշխատանքի, կհանդիպեիր, կսիրահարվեիր, հրեշտակներ կունենայիք, Աշոտը կսպաներ քո ներսի հրդեհն ու հոգուդ գաղտնարաններում ծվարած հրեշին։

Նա նորից դիպուկահարի գրպանը դրեց նկարը, մազերը հավաքեց գլխարկի տակ, դիակը դրեց աչքի ընկնող մի տեղ, որ տեսնելը հեշտ լինի  ու մոտեցավ Վռամին, որ կռացել, վիրակապում էր վիրավորին: Գրկեց նրան: Սա ինչ-որ բան մրթմրթաց. զգացմունքային տղա չէր: Ու խոսելն էին սկսել մոռանալ։ Նստեց կողքին ու գոռաց հենց ականջի տակ.                                                                                                                                           

-Վռամ, ո՞նց ես, էս ի՜նչ կռիվ էր, տեսա՞ր դիպուկահարին․․․                                                                    

 -Մի գոռա, խուլ չեմ, – ասաց Վռամը, զարմացած նայելով նրան, – լսի` կունտուզիա ե՞ս ստացել…:                                                                                                                                          

-Չգիտեմ, գլխումս հազարավոր ծտեր են ծլվլում, եթե դա է՝ ուրեմն այո, գլուխս դժժում է ու ցավում, Վռամ, ծնոտդ ո՞նց է, – ասաց ու իրենից անկախ սկսեց հռհռալ։ Հետո վատ զգաց` տեղը տեղին սպի էր մնալու: Աղջիկները ո՞նց են հավանելու Վռամին… ասենք, հերոս տղա է, կհավանեն։  Նրանք նայեցին իրար ու ժպտացին… ողջ մնացած մարդու ժպիտով։ Արշակը չէր հանգստանում, վերջին մարտն էր վարում որձի հետ:                                                                                                                                       

 -Եթե ես լինեի ռեժիսորը,- մրթմրթաց նա, հաճույքով ձգելով համարյա անշարժացած մարմինն ու ոռնալով մի քանի օր առաջ ստացած ու չապաքինված վերքերի ցավից: Հետո չկարողացավ զսպել քրքիջը, հիշելով դիրքը լքած որձին, ապուշ կտրած աղջկան ու դիպուկահարին:

Ծիծաղեց երկար, ջղաձգվելով ու տարօրինակ շարժումներ անելով, ձեռքերով խփելով ծնկներին…                                                                                                                                                  

  -Ո՞վ է ռեժիսորը, ո՞վ է գրում այս բոլոր պատմությունները, – նորից առկայծեց ուղեղում,- զինվորները, թրթուրը, մարտը, Աշոտն ու մահացած դիպուկահարը…

 Հետո բղավեց ինչքան ուժ ուներ.                                                                                                         

-Վռա՜մ, բան եմ մտածել, է՜, ամուսնանալու եմ․․․ բայց առանց էն բանից անելու․․․

-Հիմար հո չես – ասաց Վռամը, – արի տեսնեմ՝ գլխուդ ինչ է եղել, հետո կծխենք…                                                                                                                            

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով