Մհեր Իսրայելյան, Պատմվածք

Հեքիաթասացն ու տիկնիկավարը, չհաշված մնացածը

 (հեքիաթ-պատմվածք)

Վաղու՜ց, շատ վաղուց, հնուց ի վեր մի հեռու-մոտիկ ծովափնյա երկրում ապրում-չէր ապրում` յոթնամյա մի տղա։ Իհարկե, հեքիաթի գեղեցկության համար կարող էր և աղջիկ լինել` ոսկեծամ խոպոպիկներով ու խարտյաշ պեպեններով, բայց տղա էր լույս աշխարհ եկել, ի՞նչ կարող ենք անել, ու յոթ տարվա մեջ ոչինչ չէր փոխվել, թեև մի քանի անգամ պատահմամբ ծիածանի տակով էր անցել։ Ու քանի որ ծովափնյա երկրի փրփրաշատ ալիքների ներշնչանքից էր ծնվել ու ինքն էլ՝ երազկոտ, խելքը տվել էր մոգական ալիքներին։ Առավոտից իրիկուն նստում էր ծովի ափին ու սպասում, թե բնությունը ի՞նչ նվեր կընծայաբերի։ Այդպես՝ ալիքի ափ նետած քարերն էր հավաքում, առանց մտքի ծայրով իսկ անցկացնելու, թե մի օր այդ քարերը շունչ են առնելու ու բեմ բարձրանան։ Բեմ ասելով կարող ենք պատկերացնել նաև մեծ աշխարհի կորած-մոլորած քառուղիները, իսկ առավել համեստ հայացք գցելով՝ նույնիսկ գրքի էջերը, ով ոնց կուզի, չէ՞ որ մենք ապրում ենք ազատ ժամանակներում, և հեքիաթի հերոսները ինչ ուզում անում են, ընթերցողներն ու ունկնդիրներն էլ՝ ինչ ուզում մտածում։

Առաջինը, որ ալիքի հետ եկավ, բաց գույնի գլաքար էր, վրան մի մեծ նշան, ասես խոշոր աստղ լիներ, ու իր տեսքով ու վեհաշուք կերպարանքով միանգամից վաստակեց Գեներալ անունը, շարքում կանգնելով առաջինը, թեև մեր օրերում գեներալները հաճախ պոչից են քայլում։

-Պարոն գեներալ, իսկ ուր է քո զորքը,- հարցրեց տղան, բայց Գեներալը որ դեռ նոր դերին ու անվանը, առավել ևս՝ բարձր կոչմանը, չէր համակերպվել, քարի պես լուռ մնաց։

Մինչ տղան մտածում էր, թե այդքան լուռումունջ գեներալը բան է թե վաղը-մյուս օրը պատերազմ սկսվի, ո՞նց է զորքը ղեկավարելու, ո՞նց է աջուձախ հրամաններ դղրդացնելու` օգնության հասավ հաջորդ գլաքարը, թեև գլաքար ասելն այս մեկի դեպքում գուցե ճիշտ չի լինի։ Ավելի լավ է՝ հենց իր հետ բերած անունն էլ տանք՝ Խմոր, վրան երևակայական տատիկի նուրբ մատների տեղերը դրոշմված։ Ասես մեկը փորձել էր ինչ-որ բան հունցել, հավանաբար հաց, բայց խռովել ու կիսատ էր թողել։ Թե ինչ դեր է վերապահվելու մեր Խմորին այս կյանքում, տղան դժվարանում էր գուշակել, բայց զգում էր, որ դեռ երկար մնալու է իր գանձատուփի մեջ, որ ստվարաթղթե հասարակ մի արկղիկ էր ընդամենը, կոշիկի դատարկ տուփ։

Ու մինչ Խմորի ճակատագրի, ապրել-չապրելու հարցը կախվել-մնացել էր օդում, հենց օդից էլ եկավ հաջորդ անակնկալը, այս մեկին ծովի փոխարեն երկինքը բերեց, ու այլ բան չէր մնում, քան նրան անվանել Երկնաքար։  «Երկնաքարը կապահովի մեր կապը տիեզերքի հետ, եթե տիեզերքը միասնական է, գոնե մեր երազները տեղ կհասցնի»,- մտածեց տղան։ Երկնաքարը տձև տեսք ուներ ու հախուռն դուրս ցցված ծերպեր, որ ձգվում էին դեպի անսահմանություն, թե ուր, ոչ ոք հստակ չգիտեր։

Ու քանի որ տղան ոչ միայն երազկոտ էր, այլև զվարթ ու ծիծաղկոտ, բնությունը մռայլ իրականությունը փոքր ինչ ցրելու ջանք պիտի թափեր ու ափ նետեր ի՞նչ, իհարկե՝ ջրահարսի նմանվող մի գունեղ ոստրե, հերարձակ վարսերով ու խաղացկուն պոչով, պոչ, որ  կոչված էր իր կիրքն ու եռանդը զսպելու, մեկ-մեկ էլ օվկիանոսի խութերը շրջանցելու համար։ Ձուկ էր, թե աղջիկ, չգիտենք, նախորդ՝ դանիական հեքիաթում էլ է մութ մնացել, Ջրահարս էր պարզապես։ Եթե քար լիներ, կամ նույնիսկ ոստրե, գեներալն անմիջապես չէր սիրահարվի նրան, Խմորն էլ չէր տարակուսի, թե արդյոք ինքն էլ կարող է սիրահարվել, թե առայժմ պետք է կողմնորոշվի իր ով լինելու հարցում, նայած թե ինչ կհունցեն իրենից։ 

Բայց հեքիաթը դեռ չսկսած ընթերցողին սիրահարական զեղումներով չխճճելու համար առայժմ հանգիստ տանք Ջրահարսին ու դառնանք մեր տղային։ Առանց այն էլ աշխարհը բարդ ու անմեկնելի է, կյանքն էլ անկանխատեսելի։ Թող պարզապես ափին երազի ու նոր գտած քարին փորձի անուն տալ։ Քարը թող երկար ու սուր լինի, ու տղան տատանվի` նիզա՞կ անվանակոչի, թե՞ ասեղ։ Բայց լինելով խաղաղասեր` նախընտրի ասեղի տարբերակը։ Ասեղ` վատ չի հնչում։ Ու՞մ է ծակելու, թշնամուն ու չար ուժերին գուցե, իսկ միգուցե կարուձևի համար է աշխարհ եկել և թել ու դերձան ագուցած հրաշքներ է գործելու պարզապես։

Սակայն ասեղը թելել-չթելելու հարցը մոռացած՝ ծովը պիտի ալեկոծվեր, տեղատվություն ու մակընթացություն խառներ իրար ու վետվետուն ալիքների միջից արարեր Արքայադստերը։ Արքայադուստրը, որ զմրուխտանման մի քար էր, կամ համր էր կամ չափից դուրս համեստ, քանզի ասում էին, թե արտաբերած բառը նույնիսկ առաջին աղախինը երբևէ չի լսել։ Աչքերը խոնարհ, հնազանդ արքայադուստր էր, հին օրերի վարքուբարքին հարիր։ Այնքան համեստ, որ նույնիսկ Գեներալը չէր համարձակվում մտածել նրան սիրահարվելու մասին, խոստանալով լոկ իր զենք-զրահով հուր-հավիտյան պաշտպանել  վիշապից ու չարքերից, թեև ոչ վիշապի, ոչ չարքերի ստվերն էլ չէր նշմարվում։  

Էլ ի՞նչ հեքիաթ առանց նժույգ, հրեղեն կլինի թե կախարդական, էական չէ։ Նժույգը ծովից դուրս գալուն պես պիտի վրնջար ու որպես գանձատուփի յոթերորդ պատվավոր բնակիչ՝ հուշեր իր անունը։ Նժույգին կհեծնե՞ն, նա մեծ ու առասպելական արկածների միջով կանցնիու հեծյալի շուքի տակ իր անու՞նն էլ կհռչակվի, թե՞ կմնա ազատ՝ անսանձ, անթամբ ու անասպանդակ, բնությանը մերված մի արարած, կյանքը ցույց կտա։

Յոթ քարով էլ երևի սահմանափակվենք, թեև մեկը կարծես թե ոստրե էր։ Համ շատ չենք խճճվի, համ էլ ի վերջո կհամակերպվենք այն պարզ իրողությանը, որ տղայի գանձատուփը անսահման չէ, որ ում ուզի, ինչքան ուզի՝ տեղավորի։ Արդեն ասել ենք՝ հասարակ կոշիկի տուփ է ընդամենը, ոչ թե հայտնի հանելուկի այն տուփի պես, որի մեջ ամեն ինչ կար, բացի մի բանից, թե կարող ես գտիր։ Ու քանի որ ամեն ինչ կար, բնականաբար՝ տեղ չկար։ 

Սիրելի ընթերցող, կամ թե կուզեք՝ ունկնդիր, երևի կամաց-կամաց գլխի եք ընկնում, որ դժվարը քարերը հավաքելը չէ, ոչ էլ նրանց զարմանազան անուններ ու կոչումներ բաշխելը, յոթ տարեկանում ոչ մի երեխա էլ երևակայության պակաս չունի, մեկը մի քիչ շատ, մյուսը՝ մի քիչ քիչ։ Դժվարը այդ քարերին շունչ տալն է, պատկերավոր ասած՝ տիկնիկավար դառնալը։ Թող տղան մտածի թե ինքն է տիկնիկավարը, առանց գլխի ընկնելու, որ մի տիկինիկ էլ ինքն է անողոք հեղինակի ձեռքին, ոնց ուզի՝ այնպես էլ թելերը կխաղացնի։ Ամեն մեկին էլ մեկ ուրիշն է խաղացնում, այդպես է աշխարհի բանը, հեղինակը, նույն ինքը հեքիաթասացն էլ ինքնուրույն չէ, բոլորն էլ գիտեն, որ մուսան ոնց ուզի, այնպես էլ կշարժի նրա գրիչը։ Այնպես որ խեղճ քարերը գանձատուփի մեջ սսկված՝ ամեն առավոտ սրտատրոփ պիտի սպասեին, թե մեր տիկնիկավարը ինչ տրամադրությամբ է զարթնելու՝ ուրա՞խ, թե՞ տխուր, չա՞ր, թե՞ բարի այծերն են այդ օրը առաջնոդելու նրան։

Արար առաջին

Քանի որ այդ օրը հեքիաթասացի մուսան բարերար քամիներն էին բերել, տղան ուրախ արթնացավ, արևի շողի մեղմ խտտանքով։ Ինչպես ակնկալվում էր, բարի այծերը պոզերը հետ ոլորեցին ու առաջնորդեցին նրան,  հեքիաթն էլ հիանալի ընթացք ստացավ։ Գեներալը միանգամից մի հրեղեն Նժույգ ստացավ, որ կարող էր թռչել երկնակամարից էլ անդին, մի թալիսման Երկնաքար՝ տիեզերական ուժ բերելու նրան ու մի Ասեղ անունով համհարզ, որ պատրաստ էր սեփական կյանքը զոհաբերել հանուն ընկերոջ երազանքի։ Երևի հասկացաք, որ երազանքը Ջրահարսին տիրանալն էր, մի վաղեմի երազանք, որ ի հայտ էր եկել դեռ գանձատուփում։ Եթե տիկնիկավարի տրամադրությունը լավ էր, Խմորն էլ էր օգտվելու ու նրանից հունցելու էին մի հրաշագեղ արքայազնի, որ թե հանկարծ որոշեր սիրահարվել Ջրահարսին, Գեներալը հազիվ թե մրցակցությանը դիմանար։ Բարեբախտաբար Գեներալին նման դառը հեռանկարից հեռու պահելու համար կար Արքայադուստրը, Խմորը հենց նրան էլ թող սիրահարվի, ու Արքայազն ու Արքայադուստր ձեռք ձեռքի տված սավառնեն հեքիաթի անդաստաններում ու Գեներալին ու Ջրահարսին թողնեն իրենց յուղի մեջ տապակվելու։ Բայց որպեսզի Գեներալի ու Ջրահարսի միությունը սրբազօծվեր հաջողությամբ, տիկնիկավարը մի խորամանկ քայլի էր դիմելու։ Երկնաքարը, իբր հաղորդակցվելով տիերեզական ուժերի հետ, առաջարկելու էր նրան հրաժարվել Գեներալի կոչումից․ ո՞վ է տեսել, որ գեներալական ուսադիրներով զորականը հաղթական ճակատամարտ վարելու փոխարեն պատանեկան ավյունով այստեղ-այնտեղ Ջրահարս խաղացնի։ Չէ՞ որ Ջրահարսն էլ իր խաղացկուն պոչից է հրաժարվելու, որ ցամաքում իրեն երջանիկ զգա։ Սերը զոհողություններ է պահանջում։ Այդպես էլ լինելու էր բանը։ Գեներալը հեծնելու էր իր հրեղեն Նժույգը, Ասեղ համհարզը իրեն չար աչքից էր պաշտպանելու, իսկ մեկ-մեկ էլ թելն ընդելուզելու էր ու թռչող գորգ հյուսեր։  Այդպես գնալու-գնալու Նժույգի թե թռչող գորգի վրա հասնելու էին աշխարհի ծայրը ու որպեսզի պատահմամբ չսայթաքեին ու աշխարհի ծայրից անդին հայտնվեին, հրաժարվելու էին՝ Գեներալն իր ուսադիրներից, Ջրահարսն իր պոչից, ու որպես մի շարքային զինվոր ու գեղջկուհի աղջիկ, ձեռք ձեռքի բռնած, խանդավառ հանդիսատեսի ծափողջյունների ու զգացմունքային ունկնդիրների տեղատարափ արցունքների ներքո, նման երջանիկ ավարտով էին պսակելու մեր եղած-չեղած հեքիաթը։       

Արար Երկրորդ

 Քանի որ այդ օրը հեքիաթասացի մուսան չարագույժ քամիները բերեցին, տիկնիկավար տղան արթնացավ լուսամուտների փեղկերի տագնապահարույց դղրդոցից։ Այնպես որ, չար այծերը լծվեցին հեքիաթի հյուսման գործին ու պոզերն առաջ ցցած պատուհաս բերեցին հերոսների գլխին։ Գեներալը մերժում ստանալով Ջրահարսից, հուսահատ և ընկճված հեծնեց Նժույգը ու գնաց աշխարհի ամենադաժան պատերազմներում անիմաստ զոհվելու։ Բնականաբար, պարզվեց, որ Նժույգը կաղ էր և հազիվ իրեն էր քարշ տալիս այս աշխարհի ծուռ ու փոշոտ ճանապարհներով։ Երկնաքարը, որ իբր հաջողության թալիսման պիտի լիներ, վերածվեց մի ավելորդ բեռի, որ ավելի էր ծանրացնում Գեներալի՝ առանց այն էլ ծանր հոգսը։ Ի՜նչ տիեզերք, ի՜նչ բան, ի՜նչ հրեղեն նժույգ կամ թռչող գորգ։ Իսկ Ասեղը, որն իբր հավատարիմ համհարզ էր, ժամանակ առ ժամանակ խրվում էր Գեներալի սրտի մեջ ու մի պուտ արյուն կաթեցնում։ Դե, իսկ Խմորի հետ եղավ այն, ինչից ամենաշատն էր վախենում․ հայտնվեց նուրբ մատներով տատիկը, խմորից հաց թխեց, որ բաժանեցին Գեներալի քաղցած զինվորներին, սրանք էլ մի ակնթարթում առանց ախ քաշելու խփշտեցին հաց դարձած խեղճ Խմորին ու կուլ տվեցին նրա երկնագույն երազանքները։ Դե արքայադուստրն էլ իր անհնազանդ ու ըմբոստ խառնվածքի պատճառով զրկվեց հայրական հովանավորությունից ու լվացարարուհի դարձավ։ Ու որպեսզի հեքիաթը հուզիչ ավարտ ունենա ու արցունք քամի հանդիսատեսի աչքից, Ջրահարսն իմանալով Գեներալի զոհվելու մասին, վշտից կորցրեց իր մարդկային հատկանիշները ու վերածվեց  մի հասարակ ձկան։ Հեքիաթն այնքան դառն էր ստացվել, որ հանդիսատեսի մի մասը մտածեց, թե տիկնիկավարը հատուկ հնարանքով սև հումոր է բանեցրել ու փոխանակ արցունք ցողելու, համենայնդեպս, քաղաքավարությունից դրդված, քթի տակ թեթև քմծիծաղ տվեց։         

Արար Երրորդ (հավանաբար` վերջին)

Այդ օրը հեքիաթասացն հիվանդացավ, տիկնիկավար տղան քնով ընկավ, ու Գեներալն իր ձեռքը վերցնելով իշխանությունը ազատություն տվեց բոլոր ծովաքարերին՝ ով ինչ ուզում է թող անի, ինքն էլ գնաց վաստակած հանգստի՝ մի խաղաղ եզերքում ձուկ բռնելու։ Այդ օրը հեքիաթը հեքիաթի նման չստացվեց, ոչ մի նշանակալի բան տեղի չունեցավ, մեղմ ասած։ Ասեղը նվիրվեց այն առաքելությանը, ինչի համար ի վերուստ ստեղծվել է՝ կարուձևին։ Ջրահարսը վերադարձավ Դանիա և հանձնվեց հայտնի հեքիաթասացի ողորմածությանը՝ ինչ ասի այն էլ կանի։ Արքայադուստրն էլ արքայադուստր մնաց, ոչ գեղջկուհի դարձավ, ոչ լվացարարուհի, ամբողջ օրը պալատում բազմած սպասում էր, թե իր ասպետն իբր սպիտակ ձիու վրա պետք է հայտնվի ու տանի հեռու ու ավելի լավ աշխարհներ, ուր արդարություն կլինի ու խաղաղություն։ Երկնաքարը ծպտված խառնվեց ծովի ավազին ու ալիքի փրփուրին հանձնված մերվեց անդրօվկիանոսյան աշխարհի գաղտնիքներին։ Դե Խմորն էլ, Խմորն ի՞նչ, որոշեց խմոր էլ մնա, այդպես շատ հարմար է, երբ ինչ ուզեն, իրենից կհունցեն։ Հա, մոռացա ասել, որ տիկնիկավար տղան այդ օրը նույնիսկ երազ չտեսավ, ոչ լավ, ոչ վատ, կոճղի պես քնեց մինչև կեսօր, իսկ երբ արթնացավ, արդեն ուշ էր։ Եկել էր քարկտիկ խաղացող նախանձ պառավը,  որ սիրտը ամեն գտնված քարի հետ ժամանակին նվաղել էր, հավաքել էր քարերը, մի քիչ քարկտիկ խաղացել, հետո հոգնել ու տարել ծովը լցրել։ Ալիքը քշել էր մեր հերոսներին, նրանց հույզերն ու ապրումները, այս պատմության եղած-չեղած ակնթարթները, որ ընդամենը մտացածին պատրանքներ էին, ու ոնց ի հայտ էին եկել մի հեքիաթասացի անհեթեթ երևակայության մեջ ու փոխանցվել տիկնիկավարի բարեհաճությանը, այնպես էլ պիտի մի մատնազարկով խլվեին մեզնից ու ձեզնից։ Հետո պիտի հօդս ցնդեին ու գնային օվկիանսի հատակում ընկղմված սպասեին իրենց հաջորդ աստեղային ժամին, ժամ, որ գուցե երբեք չգա, իսկ միգուցե, եթե սրտանց հավատանք` մի օր ճառագի նոր շունչ ու ավյունով։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով