Արամ Ալավերդյան, Վիպակ

«Ամարկորդ»

                                           

                                                             Ցասկոտը

    Շահբարը ծնեց Եփրումին,          

Եփրումը ծնեց Սեյրանին,

Սեյրանը ծնեց Ղազարին,

Ղազարը ծնեց Աշոտին,

Աշոտը ծնեց Կառլենին…

   Կառլեն, դու՜ Կառլեն, ծնեց Նարինեին, հետո` Գայանեին, հետո՝ Հասմիկին, հետո՝ Վարդիթերին: Հետո, մի օր դասից եկավ տուն, օրերն ընկած կնոջն  ասաց.

    -Մի հայադեցի Անդոն էլ չկա՞մ ես, ուրեմն, Արուսյակի աղջի՛կ, տունը լիքը որձ: Վերջակետ, Էս մեկն էլ տղա չեղավ՝ գլուխ եմ վերցնելու կորչեմ: Ետևիցս չգա՛ս, գնալու եմ Սուլուքարից լոք տամ՝ պրծնեմ, Շահբարի ծուխը կտրվեց։

Ասաց ու շրմփաց բազմոցին, ձեռքերը գլխատակին իրար ագուցեց, աչքերը մահացու խռովկան հառեց առաստաղի` ամեն օր նույն տեղը շաղ եկած պատկերներին:

  – Ատյա, դեն կորի՛, հալս հալիցդ չի…

  Ագնեսը տան ներսի ականջով լսեց ամուսնուն, հետո՝ լվացքի քուղը անվիկի վրա ծղրտաց, վերջին տաբատն ու շապիկն էլ կախելու է՝ շունչ առնի:

   -Ագնես, ցավդ տանեմ, մեռելների մոտ էլ եմ խայտառակ դառնում, տղա բե՛ր…

   -Սուս արա մի՛, ձեն տվող կա…

   -Հը՛մ, Գավոն ա էլի վայթե, աղն ա պակաս կամ մաղը,- Կառլենը վեր կենալ ուզեց` հարևանին ընկերական խայթելու համար, բայց փռթկացրեց՝ նորից ընկավ բազմոցին: Կինը փեղկը կրկին բացեց ու մտածեց, թե միգուցե Մարգարիտն է էլի վատացել, կարվալոլի է եկել մարդը:

   -Հա, Գավո, ասա՛…

   -Ագնես, մատաղ ինիմ, ծիծաղես ոչ ինձանով, Աճառյանի մեջ մի նայի տես՝ քավթառ սոփեստն ինչ ա, էլի, հենց ապրես դու: Երեկվանից դարակը պոկում եմ ՝ գլխի չեմ ընկնում:

   -Տունդ շինվի՛, ես էլ ասում եմ՝ վայթե Մարգարիտն ա մի թավուր:

   -Ախչի, սպասի՛, ապասի՛… սպասի, ես սոփեստը դրան ասեմ: Ագնես, մի րոպե, պարդո՛ն,- Կառլենը ծիծաղից թուլացավ ու լուսամուտից թափով գլուխը դուրս հանեց.

   -Գավրիկովսկի՞, լու՛յս քեզ տեսնողին…

  Դուստրերն իրար ետևից վազեցին հորը գրկելու: Անատամիկը ուրախ ճչաց՝ տիրուհու իրավունքով փաթաթվեց Կառլենի ծնկանը, ռուսի աղջիկ Վարդիթերն է՝ վարսերը դեղիի՜ն ծիրան…

    -Ատյա, դու առավոտը դասի՞ ես գնում, թե՞ քեֆչի Հասան ես եկել մեր գլխին: Էդ էլի՞ են խմեցրել:

  -Սու՛ս, սուս, թո՛ղ մի սրան, էս սարսաղին՝ կեսբերան երկու խոսք եմ ասելու,-քռքռոցը շարունակեց Կառլենը,- Ագնես, դարդդ տանեմ, թո՛ղ վայելեմ երջանկությունս, -նա նորից փռթկաց ու խորտակվեց դուստրերի գուրգուրանքի մեջ: Հետո քնքշանքով ազատեց իրեն, երկրորդ հարկի պատշգամբից գլուխը հանեց՝ եղբայրորեն խայթի Գավոյին: Ու կինը մաջալ չտվեց.

   -Տղա էիր նոր ուզում, երջանի՞կ ես հիմա էլ: Ի՞նչ անկայուն մարդ ես դու, ատյա՛,- Ագնեսը թոնթորեց ու կերակուրը վառարանին դրեց։

  -Գավրուշ, ես ասե՞մ սոփեստը… ուրեմն…

  -Չէ, դու մի դիդիլ, անկապ բան ես հնարելու, կորի՛:

  -Չէ, չէ, թող ասեմ. Գավրիկովսկի, քավթառ սոփեստը դու ես: Դու՛ ես, հասկացա՞ր, դու՛ ես, որ գրքերից պոկ չես գալիս,- նա ծիծաղի միջից մի կերպ տնազեց ու էլի դուստրերին խանդաղատեց։

  -Մարդ չդառա՛ր դու, էլի՛…

  -Ես գիտեմ, դու մի տարի ա «Գանձերի կղզին» ես կարդում։

  -Դու՛, ձողացատկի դասատու՛, դու ի՞նչ գիտես հայերեն հոտ եկող գիրքն ինչ ա։ Փլավն ում տան՝ գդալն ում: Գնա՛ մտի կնկանդ գրադարանը, տես հայերեն է հոտ գալիս, թե չէ…

  -Ագնես, հոգիդ մեջտեղ դիր ասա, որ էս երաշտի աղվես սոփեստը հերու աշնանից ա «Գանձերի կղզին» կարդում,-Կառլենը նորից շուռ եկավ դեպի կինն ու կծեց տարեց Գավրիկին:։

    -Ո՞վ ա քեզ խմեցրել,- կինը կափարիչը ձեռքին չդիմացավ, տան մեջ խոսեց, որ Գավոն չլսի, անհարմար է:

  -Գառնաքարի Արամն ա հյուր կանչել, երկու տարի ա, ամեն տեսնելուց՝ չեչով մեղր ա խոսք տալիս:

  -Էգուց էլ Ծմակուհող ես գնալու երևի:

 -Ագնես, դու գլխի ընկա՞ր, որ մարդամեկի գոգոլը խանգարվել ա, ասում ա՝ գրքից հայերեն հոտ ա գալիս:

  -Բա ինչի՞ հոտ գա…

   Կառլենը մտավ հյուրասրահ, հեռուստացույցը միացրեց, մեկեն ի ցույց շրմփաց բազմոցին: Հոր քեֆը կակուղ է՝ աղջիկների տոնն է ուրեմն, դաս չեն սովորելու: Քիչ հետո նա քնելու է, իսկ մայրիկին համոզելը ջանք չի պահանջում:

   – Մեղրը կտրել ա, մատաղ լինեմ քեզ, ա՜յ, իմ խելոք, իմաստուն կնիկ: Ասա, տեսնեմ, սիրտդ ինչ  ա ուզում՝ տափեն տական հանեմ-բերեմ: Մենակ տղա բե՛ր, տղա բե՛ր, տղա բե՛ր…-Կառլենն արդեն մենախոսում էր ու շինծու սրտոտում:

   -Հա, Էփոկին պատվիրել եմ, անպայման տղա եմ բերելու,-Ագնեսը կաթսան խառնեց ու նայեց փոքրիկ շիկահերին: Վարդիթերին լոբու մարգերը ջրելիս է խոստացել՝ այս անգամ անպայման եղբայր են առնելու, քույրը՝ հերիք է:

  -Ատյա, դու դասատու ես, կեղծավոր շու՛ն, թե ով հուշտ անի՝ մոտոցիկլդ դուռը քշես: Չե՞ս ամաչում, մեռելահերթից ես պրծել: Էս անգամ էլ Մարդուվանա ձո՞րն ես ընկնելու: Թու՛հ, քո մարդ ասողի, քեզ աշակերտ վստահողի: Մեկը բողոքելու ա՝ անհաց թողնի տունդ:

  -Ագնես, ղուրբան լինեմ քեզ, հենց ռետրոն սկսվի՝ զարթնեցրու ինձ,- Կառլենն աչքերը փակ քչփչաց ու գրկախառնվեց բարձի հետ: Կինը գլխի չընկավ վերջին բառերը, ու էլ բան չհարցրեց:

    Կատարը տաքը քնեց, երեխաները վազ տվեցին բակ, տունը խաղաղվեց, ժամացույցն էլ հով սենյակում մեկուսի տիկ-տակ արեց իր համար:

    Շահբարյան Կառլենը կտավի նկարչագեղ հռոմեացի է: Ճաղատը՜, ճաղատը…Միքելանջելոն է ահա պատից քեզ նայում: Ամեն ագամ, ածելի թողարկողի յոթ պորտը նախշելով նա սափրվում է: Ճիշտ ժամանակին է դասի գնալու: Դպրոցի դարպասից ներս մտավ՝ այլափոխեցին Ներքեթաղի կենսուրախ մարդուն, օձը հախռեց ու կծեց նրանից, բծախնդիր, սոսկալի մի պրիստավ է եկավ աշակերտների գլխին: Իսկ տանը… տանը իսկական մի լեգիոներ է, մետաղափայլ վերտազրահը նոր է իրենից թոթափել, գոթերի դեմ քանի ամիս երդվյալ կռվի է գնացել: Հիմա տան հոգսերն են էլի, կնոջն ու դուստրերին՝ գորովի, դուրս գա իր տնտեսություն:

   Մարտակերտ կինո է կլուբում, պատահական է գործով գնացել: Լոպազ աղդարեցիք, էլի, տան, թե. «դու քանի՞ գլխանի ես, արա՛, որ ձեռքերդ գրպանումդ ես ման գալիս էստեղ: Արա՛, դու՛, այ վերին շենից եկած գեղցի»:

  Կառլենը լեզու չի թրջել, շուռ է եկել՝ աչքերը միամիտ պլշել, ձևի համար ուսերը վեր քաշել, ցուցադրաբար պռոշ արել, թե՝ միգուցե իրեն չէր խոսքը վերաբերում: Ու՝ տեղացի ջահելներն ավելի են զարհուրել քերծից եկած ամբարտավանի պահվածքից:

   -Մի սրան նայե՛ք, ձեռքերը գրպանում դրած ա կանգնել, որ տոմս առնի…

   -Է՜յ, ջունգլիների տիրակա՛լ, քո հետ ենք, է՜, քա՞ռ ես, արա՛,-ռունգի մեջ լոթի-լոթի մտմտացել են նրանք ու կործանիչ, գողական կեցվածքով կրակայրիչը չխկացրել սիգարետին:

   -Տղե՛րք, գնացեք ձեր գործին, հո ձեզ վատ բան չեմ արել: Կռիվ եք ուզում, հասկանում եմ:

   -Արա, շինացի՛, դու ո՞վ ես, որ հլը մեզ բան էլ անես,- զոռի ծիծաղել են մարտակերտցի կռվարարները: Որձակները ասել-մոտեցել են, ու հասակով տկոռը՝ Կառլենի օձիգը բուռ է արել, որ խփի: Խեղճերն ինչ իմանան, թե սպորտի վարպետ է դեմները: Էդ բռնելն է. Կառլենը սովորական մի հնարքով մեկին իր գլխավերևից շպրտում է ուղիի՜ղ դեպի անմեղ կինո նայող շարքերը: Երկրորդ որձակն է մոտենում՝ դնում է տակը, ոտը կռնատակն առնում, որ կոտրի: Մի խոսքով, հա՜յ-հարայ, լույսը միացնեն, մինչև երկու թաթալաբազ, գլուխ փրկելու համար, իրենց մի կերպ դուրսը նետեն, տեսուչը Կառլենին տանում է տեղամաս: Ուրեմն՝ ուսուցիչ է, շենից է առավոտ կանուխ ավտոբուսով միջոցառման եկել, սուս-փուս կանգնած՝ եկել կպել են, երկու հոգու կոխի հնարքով ցաքուցրիվ է արել. բացատրությունը պատռել են, ասել.

  -Դասատու մարդ ես, է՛լ հասարակական կարգը չխախտես: Գնալու ես նստես:

 Կառլենը կտրուկ է, ցասկոտ ու բարի: Ճիշտ է, քեֆը տաք ժամանակ է սիրտը կակուղ, երբ ընկերովի մարդը հարյուր գրամ բան են կուլ տալիս, բայց ցակատ է, խիստ է ու իր ասածի, անողոք է ու արդար: Մեջքին էլ գցեն՝ խոսքը խոսք է: Որ ասաց՝ չէ, էդ «չէ»-ն «հա» դառնալու հնար չունի: Դասին մեկի բերանում ծամոն նկատեց, պիտի շարքի առաջ երեսը պոկի.

   -Այ աղջի՛կ, հանիր մի՛բերանիցդ: Կոխ տու՛ր, արաաա՛գ, կոխ տու՛ր:

  Անողոք է, ա՜խ, անողոք է: Կոխ տալ է տալիս, ուրեմն, տնաշենդ, բերանի ծամոնը, կարծես թե, որ ոտքով տրորել չտա, կեղտոտ հատակից իններորդցի աղջիկը ծամոնը հատակից բարձրացնելու է նորից ծամի: Բարակ սիրտ են ունենում ցասկոտ մարդիկ: Իհարկե, խոսքը գրքերի չար կերպարների մասին չէ:

   Կառլենն էլ է կերպար, իսկը դպրոցական դասագրքի կերպար է: Անողոք ու խիստ չլինի, ոչ մեկը չի հարգի նրան: Մանանվանդ՝ իր դուստրեր են մի-մի դասարան իրարից բարձր, պիտի կարգին ապագա ունենան: Ձեռքդ հուպ չլինես, խաբարբզիկ չլինես, ոտի տակ չքանդես ու մեկ էլ, հա՛, խոսքի տեր լինես՝ ուրեմն իսկական մարդ ես: Սա՝ Կառլենն է. հը՛մ, տնօրենի հետ էլ է բռնվում տնաշենդ: Եթե էս  հարցը սխալ է, ուրեմն սխալ է, գլուխը կախ ենթարկվողներից չէ:

   Իրենց Ներքեթաղում էլ է նա մի կոնցերտ: Թաղի տները, կարելի է ասել, ֆիզիկայի ուսուցիչ Շեկյան Արամով է սկսվում:

   -Ի՞նչ դարդ ունես դու, ընկեր Շեկյան, մի Երևան ա՝ մի կիբեռնետիկ տղերքդ:

   -Կառլեն, էնքան ապրեմ, վաթսուն տարեկան դառնաս, տեսնեմ խելքդ եկե՞լ ա…

   -Ի՞նչ փիս բան եմ ասում, տնաշե՛ն: Ազնիվ խոսք, ուրախանում եմ տղաներովդ: Մտի շենը, կողքինի հաջողությամբ մի ուրախացող գտի: Գտա՜ր, հա՛… ես ուրախանում եմ:

   -Դու քեզանից խոսի,- նյութը փոխեց Շեկյանը,-որ ըտենց սկսել ես՝  դու կանգնողը չես: Ես քեզ գիտեմ, դու տորմուզ չունես…

   -Անունը մի՛ տուր,- դժկամեց Կառլենը,- ես ուրախ եմ երեխաներովս: Ոչինչ, թող էլի աղջիկ լինի: Տղա՛, տղա՛, կյանքի զարթը աղջիկն ա: Զարթն էլ ջհանդամը, որձը ուրիշինն ա, գլուխը տարան, կորցրին, աղջկա ցավը տանեմ, սիրտը ցավողը աղջիկն ա:

   -Հա, քեզ սիրտ տու՛ր,- բազրիքին կռթնած՝ քզքզաց ու հանկարծակի մեջ մտավ Տյատոն՝ նալբանդ Անդրեասյան Դավիթը:

   -Ըհը՛, Բուխի Միշին էլ կանչի, Տյատո՛, տունդ շինվի: Էդ ականջդ վրա ես բերել, թաքուն զապի՞ս ես անում: Արա, դա ի՞նչ խասյաթ ա քեզանում:

   -Բուխին խառն ա: Շատ խառն ա…

   -Էլի տավարը իրիկունը վայթե չի եկել, ետևից ա շուռ գալիս:

   -Արամից հարցրու, իրենն ա, ինքը թող պատմի,- կեղծ սոսկումով ասաց Տյատոն:

   -Դուք գիտեք՝ ձեր քաղաքական նոթերը, գնացի գործիս,- Արամը պատշգամբից ներս մտավ տուն:

   -Հա՛, հա՛, ընկեր Շեկյան, դու մեր թայը, չես, դու կազմակերպված ապրի, Վրեմյան էլ բաց չթողես հանկարծ, նկատողություն կստանաս մանկխորհում:

   -Դես կա՛ց, Շահբարով:

Կառլենը մոտեցավ դարպասի դիմաց նստարանին: Տյատոն իջել է արդեն, ճյուղ է տաշում: Նա հոնքերն իրար է տվել, արբանյակ սարքողի լրջությամբ փայտի միսն ուտում է՝ օրը հինգ անգամ խարտոց քսած, գրպանի տկար դանակով:

  -Ալբերտն, ասում են, բաժանվել ա: Գիժ ա, ինչ ա, մարդ էլ էդ կաքավից բռնի բաժանվի՞:  Երևան՝ տուն-տեղ, գործը՝ գործը, ծանր-ծանրումեջ աղջիկ, սփաթը՝ տեղը, քամակը՝ տեղը, դոշերը տեղը: Իսկապես, խելքը գլխին չի սա:

   -Պատճառ կա՞:

    -Եսիմ՝: Երևի էն դասախոսի նման ա՝ Ստեփանակերտի: Կնկանը դեն ա արել, ասել են՝ Վլադիկ, ինչու՞մն ա գործը, թե՝ մարքսիզմ-լենինիզմի հիմունքները լավ չգիտի, իմ ինչի՞ն ա էդպիսի կինը,-անձայն իբր ծիծաղեց Տյատոն:

   -Մազաղ ես անում, Ալբերտն ա Միխայիլի  հույսը,- ցավեց Կառլենը,- վա՛յ, Բուխի, քո օրն էլ չի մի օր:

  -Կառլեե՜ն, հեե՜յ, Կառլեն, ատյա, երկու փա՞յտ ես գալու կտրես՝ զահումար եփեմ, թե՞ պիտի մինչև իրիկուն ժողով անես,-Ագնեսն է բազրիքից կանչում,-Կարոն եկած՝ պարտքը ուզում ա:

     -Ֆսյո՛, դեստապոն կանչում ա: Ես գնացի:

     -Տյատո, նայի, հենց ապրես, քսանութերորդ սերիան ես չեմ նայել, վաղը, կեսօրին, խնդրում եմ՝ ինձ համառոտ պատմես: Կրկնում եմ՝ հա՛-մա՛-ռո՛տ…

   -Չէ, էսօր շաբաթ ա, էսօր ռետրոյի օրն ա: Քո դասատու ասողի…

   -Ռետրո՞… բա ի՞նչ են ցույց տալու:

   -«Ամարկորդ»:

   -Էդ ոնց-որ նավի անուն ա, չէ՛, չէ՛, սպասի…

   -Չգիտեմ, մորը փորից յոթ ամսական դուրս եկած:

   -Մոսֆի՞լմ ա…

   -Իտալական:

   -Ուրեմն կոմեդիա կլինի:

   -Չգիտեմ, անցած շաբաթ էլ էր իտալական, սկզբից մինչև վերջ լյաբս կախ նայել եմ, ասա՝ մի բա՞ն ես գլխի ընկել…

 Դեպի Կառլենի տուն՝ Բաբկենանց սամթով ես անցնելու, Տյատոն խալխն է ու իր բակը: Էս քյարվանսարա գերդաստանից Ամալն է վարժապետ: Երեք տարին մեկ՝ երեխայությունն իրենն է: Կառլենի դեմ-հանդիմանը՝ Բուխի Միշան  ու Սեդան են: Մարդուկին՝ հին դպրոցի իմաստուն գայլեր են, ռուսերեն է՝ Բուխին հալի, գլուխդ լցնի, կեսաբանություն է՝ ընկեր Միրումյանը ռեֆլեքսը քեզ էնպես բացատրի, որ գիրքն ու բառարանը ղալաթ են արել:

    -Ուրեմն, ամեն առավոտ մուտքի դուռը՝ ճը՜ռռ, բացում ես, աջի վրա՝ լվացարանը կախ, երեսդ լվանում: Մի օր, հերդ՝ Գավրուշը, գլխին փչում, լվացարանը պոկում՝ բակի թթենուց ա կախ անում,-բացատրում է ընկեր Միրումյանը,- բայց, մեկ ա, դու ամեն ծագի քնաթաթախ վեր ես կենում, դուռը, ճը՜ռռ, աջի վրա սովոր, թե ափերդ ջրի խցանին հուպ տաս, ըհը՛, լվացարանը չկա, ապարդյուն: Այ, սա է ռեֆլեքսը, ընկերնե՛ր, հասկացա՞ք:

   -Հասկացա՜նք, ընկե՜ր…

 Մի կրակ էլ թոշակն է, որբանում է դպրոցը, հիպպի, կիսագրագետ կադրով լցվել է խարապան, չգիտեն էլ քարտեզի վրա մեր երկիրը որ կողմում է: Ուսուցիչ է հիվանդացել, դպրոցի բիրտ տնօրենը զանգել է Շեկյան Բուխուն՝ գա մի երկու ժամ յոլա տանի: Վա՜յ, ընկեր Շեկյան, հոգին բերանովը եկել է, մինչև տեղական նշանակության մի ճակատամարտով լռեցրել է դասարանը: Ու՝ սինոնիմ-անտոնիմն է օրվա դասը: Ուսուցչական սեղանին կպած, խլինքը միշտ կախ, սերտելու գրոյսմաստեր, հինգերորդցի Երազիկը հինգ անգամ հարցրել է.

    -Ընկեր Շեկյան, սինոնիմ… սինոնիմ…վա՛յ, մտիցս ընկավ, հակառակը՝ ո՞նց ա…

    -Այ աղջիկ, մի տեղ գրիր՝ չմոռանաս, կամ ձեր հարևան Քոչունց Անտոնը միտդ պահիր: Անտո՛ն-Անտո՛ն…անտոնիմ…

    Երկիր-երկինք ձյութի մեջ՝ խոր գիշեր է: Ագնեսը ցերեկվանից է իրեն մի թավուր զգացել:

    -Կառլեն,- մթան մեջ շշնջացել է նա:

Կառլենի շունչն էլ չի լսվել:

    -Կառլե՛ն:

Նորից կանչելու հետ՝ Կառլենը հոգոց է հանել քնի մեջ, ճռպռացել.

   -Ասա, Ագնես, հը՛…

   -Ատյա, վեր կաց մի, մի տեսակ լավ չեմ:

   -Հը՛…- հարցրել, թե սաստել է Կառլենն ու կրկին անտարբեր շունչ քաշել:

   -Կառլեն վեր կա՛ց, ցավերս բռնել են:

   -Մի քիչ համբերի լուսանա, էլի՛, տնաշենի աղջիկ…

   -Քո ինչն եմ ասել: Վեր կաց մաշին գտի, ինչ լուսանալ, հալս հալ չի…

   -Բաբկենին կանչե՞մ, թե՞…

   -Վեր կաց, չգիտեմ:

   -Բաբկենինը հարմար չի, շրախկաթրախկը շատ ա, զանգեմ Աղվես Ռուբենին,- զարթնելու հետ խուճապել է Կառլենը,- չէ՛, լավ ա, ետևից գնամ, քան զանգեմ: Որ զանգեմ՝ հարյուր մահանա ա բռնելու:

  -Ատյա, շուտ արա՛…

 «Կարո՞ղ ա աշխարհի լույսը տղայի ա սպասում…»…

   Ոմանք՝ խելքը գլխին են ամբարիշտ ու չար, թարախ ու մաղձոտ: Էդ ամեն ինչը՝ մի քանի բաժակ կոնծելուց հետո ջրի երես են հանելու անպայման: Մարդ էլ կա, կես բաժակ չեմուչեմ անի, մի կերպ, իբր չմիտք՝ բողազը լցնի, ժնգռնի, սեղանի վրա խալխի ախորժակը փչացնելով՝ ասի.

– Չէ՛, ավել չեմ կարա, ստամոքսի խոց ունեմ,- հաց ուտողի զահլեն էլ կգնա:

Տնականի շարմաղ բույրը մլմլալիս՝ մեկն էլ, երկու-երեք արդար բաժակ գավալի արաղ է խմելու՝ աշխարհի խունկը  դառնա: Բարի՜, բարի՜: Խմելու է, թե չէ, սիրտն ուզի՝ հանի քեզ տա: Ետևից գնա՝ տունը սրբի նվիրի քեզ, թե ինչքան է սիրտը բարակ ու գագլի: Էդ հետո է, առավոտ շուտ, դեռ կենտումենտ որձակ կանչած, տեղաշորի մեջ դրսի պաղն ու մառախուղը նա զգում: Միտքը վախվորած մի հանգի թոթափվում է խումհարից, երեկվա արկածները՝ մե՛կ հիշում, մե՛կ չուզում հիշի: Նա երեկվանից, իսկապես, կարգին բան չի հիշում, ամաչում է մեկուսի, փաթաթում իրեն վերմակի ու մթան ներողամտության մեջ, թողնում մի անհաղորդ երես ու երկու աչք: Ու՝ իբր իրեն տեսնող չկա: Կառլենն է:

   Շաբաթ օր է: Վիզ է դրել գործատեղ, թե ընթրիքը մեր տանն է լինելու՝ «հանդիսավոր հայտարարում եմ»: Ֆիզիկայի դասատու Մանվելը, մատյանը դարակ շպպացրեց, ասաց.

   -Կառլեն, ինչ ես տալու մեզ: Խմելու բան ունե՞ս:

   -Տուն ա, էլի, մի բան կգտնվի: Արա՛, ի՜նչ աներես ղոնաղ ես դու, բայց…

    -Չէ՛, թե մսացու չի լինելու, ես՝ պաս…

    -Խասյաթդ կտրվի՛… եկ քո քուրացու Ագնեսի հետ էդ հարցը լուծի:

    -Բուխին աչքով աչքը չունի հետս, թե չէ վզին մի հավ կդնեի:

    -Բուխին հո ինձ նման միամիտ, ոռը բաց չի, գիտի ում ընդունի, ում ճանապարհի:

   Ագնեսը՝ ծանրած, սուս-փուս, սեղանին ափսե-պատառաքաղ է դնում, թթուն բերում, կանաչին լվանում, հավը՝ երկու կողմից  չար տապակում: Ու երեկոն լցվում է առնական էքսպանսիայով՝ ուտեն-խմեն, դեսից-դենից խոսեն, վիճեն, փնովեն:

Ագնեսի համար օրը՝ դուստրերի դասն է, շուտ անի եկած մարդը գնա՝ գիրք բացեն: Կառլենին տեղն է դնելու, հոգնել է եփել-թափելուց, անմակարդակ զրույց լսելուց: Տղամարդու անհամ զրույցն է կնոջը հիասթափեցնում:

    -Ատյա,- մենակ մնալուց հետո բռնկվել է գրադարանավար, ուսյալ կինը,-քեզ քանի՞ անգամ եմ զգուշացրել՝ ետևիցդ մի՛ արա-բեր, հոգնել-ձեռից ընկել եմ:

    -Ագնես, ես մարդկանց հաց տալուց եմ հաճույք ստանում, հավատա՛,-քեֆը բորբ Կառլենը՝ խոսքը հաստատելու համար, միջամատը տնկեց ու էլի պառկեց:

   -Ես հաց տալուց եմ հաճույք ստանում, Դալլաք Վազգենն էլ մսի գնի մեջ հիսուն դրամ խփելով, մեքենան Ստեփանակերտ անճար կլիենտի համար քշելով: Տարբերություն ես տեսնու՞մ, թե չէ, կին իմ սիրելի՛դ: Իմիջայլոց, գիտեմ՝ ինչ ես ասելու: Հացը, զարմանալի ա, արդեն սկսել եմ գնահատել, կարո՞ղ ա տարիքից ա: Հացը սկսել եմ գնահատել, ինձ թվում ա, ծերանում եմ, դրանից ա:

    Կառլենը մեջքի վրա պառկել է, ափերն իրար ագուցել նորից, ծոծրակը գլխին հարմարեցրել ու՝ լռել: Եթե մատներն իրար մեջ արեց, աչքերը բաց՝ մտածմունքի մեջ ընկավ, ուրեմն ջղայնացել է:

    -Երկու կոպեկ ենք ստանում՝ արաղի տո՛ւր, էսինչի տու՛ր, էնինչի տու՛ր: Էսօր-էգուց Նարինեն ութերորդ ա գնալու, շոր պիտի՞ առնենք մարդամիջի համար, թե՞ միշտ պիտի մեզ հուպ տանք:

   Կառլենը՝ էլի չի խոսել, երկար թառանչ է քաշել: Իր ուրախանալուն նայի՞, ընկեր է եկել տուն, թե՞ կնոջ նախատիքին: Շրջվել է դեպի կինն ու… համբերել: Խմիչքից, իսկապես, աշխարհի բարին է դառնում: Ինքն էլ է սակայն խորշում ավելորդ սրտոտությունից:

    -Ասում եմ…

     -Զահուրմար ես ասում: Հերի՛ք ա, կերածս մի՛ հարամի, վաղը հինգ, թե վեց ժամ ունեմ, խոտհարքի եմ, երկու-երեք դասարան պիտի հանդ տանեմ, ձեռքս գլխներին պահեմ: Թո՛ղ մի քիչ մարդ իրեն մարդ զգա,-թույնը ճայթեց Կառլենի գլխի մեջ,- կյանքս ինչու՞ ա էսպես դժոխք, այ աստվա՜ծ, հազիվ պիտի ուրախանամ՝ մուրտառում ես ամեն ինչ: Երկիրն էլ ա էսպիսին: Մարդ ուզում ա շունչ քաշի, ըհը՛, կռիվ ա:

   -Ատյա, ի՞նչ կռիվ…

   -Դու չե՞ս տեսնում, որ կռիվը գալիս ա կամաց-կամաց,- նա սկսեց արդարանալ, սակայն կռվի զգացողությունը իրական էր, ուզում էր իբր իրեն պահեր՝ բան չասեր տանը,-մարդ եմ ուզում ինձ զգամ.. անիծվի՛ ճակատագիրս:

   -Քաշած արաղ խմելո՞վ են մարդ զգում:

   -Չէ, որ իմ ուրախությունը՝ դու ես, Նարինեն ա, Գայանն ա, Հասոն ա, Վարդիթերն ա:

Ագնեսը հոգոց հանեց՝ նահանջեց, անցավ խոհանոց աման լվալու:

  -Մարդ հոգեկան աշխարհ պիտի ունենա: Գրքային եմ, հա՛, բայց առանց հոգեկան աշխարհ՝ մեր Նազլու կովն էլ ա ապրում:  Չե՛մ ուզում…

  -Դու ունես, գիտեմ: Հոգեկան աշխարհդ՝ շիլդի Փառանձեմից ամեն շաբաթ արաղ առնելն ա…

-Այ, էստեղ, որպեսզի մահ իմացյալ չլինի, կռիվը դադարեցնում ենք, կի՛ն…

   Եթե ուզում ես գլխիդ կրակ բերես՝ փափախդ դիր, կյանքից դժգոհիր: Սովոր են միշտ բողոքեն, միշտ ունեցածը մարդամեջ փնովեն. «մեռանք նեղության մեջ…»:

   -Տո՛, դուք մեռնող տի՞պ եք…

   Անկանխատեսելի է ժամանակը, ո՞նց ապրես՝ քեֆովդ լինի: Հնար չկա: Կառլենը ցասկոտ է է, սաստիկ ցասկոտ: Մեկնումեկին ժպիտը երեսին տեսավ՝ ինքն էլ է ուրախանում: Նա լեցուն է կյանքով, խրված նրա մեջ, երևի դրանից է, որ ցրված է դառնում երբեմն: Մարդամիջի շորը հագին, երեսը կոկած, էշը տարել է առավոտ շուտ Դոլերի մոտ արոտի կապել՝ էնտեղից էլ ուղի՜ղ դասի է գնալու: Ոտքով մի ամբողջ երկիր է կտրում՝ մինչև դպրոցի բակ է հասնում: Մտնում է ուսուցչանոց՝ բարև բոլորին, իրադարձությունների քննարկմանը ձեռաց իրազեկ լինում: Դոլերից  դեպի դասեր էնքան է շտապել, դպրոցի դարպասին հասվեհաս՝ մոռացել է, թե էշի ժինջիլն (պարանը) ինչպես է կապ տվել գաճաճ թփից: Զանգել է տուն.

    -Ագնես, մատա՛ղ, մի շուտ հասի՛ Դոլեր, շուտ արա՛, ղուրբան լինեմ քեզ:

    -Լեզու չի, է՜…

    -Շուտ արա, էշը տալու ա կորչի…իբր կապել եմ, թքեմ շտապելու վրա, չգիտեմ՝ քոլից կապել եմ՝ վզից մոռացել, թե վզից կապել՝ քոլից եմ մոռացել: Շուտ արա՛, էշը տալու ա՝ հասնի գետը, գելի փայ դառնա: Շուտ արսա, մեռնեմ ջանիդ…

    Հռհռոցը բռնել է ուսուցչանոցը: Կառլենը տա՞կ է մնալու: Էդ էր, էդ պահին մի խեղճ ծիտ է բաց պատուհանից մոլորվում ու խրկվում ուսուցչանոց: Էս պատին, էն անկյունին, Կառլենը ճարպկին տա՝ բռնի թռչունը: Միրումյանը պայուսակը թողել է գրասեղանին, իջել հանդերձարան: Կառլենը հարևանի պայուսակը թափով բացել է՝ ու սրտաճաք ծիտիկին դրել մեջը, մի ձեռքով պահել, մյուսով փականը չրթացրել, մատը դրել բերանին.

– Սըը՛ս…

   Սեդան քիչ հետո գալիս է, ըհը՛,  ծանր-ծանր տեղը նստում: Դերասան Կառլենը դուրս է եկել ծխելու, հանկարծ մտնի, իբր անտեղյակ է ամեն ինչից, ու՝ հանպատրաստից.

    -Սեդա՛, Սեդա՛, ընկեր Միրումյա՛ն, հենց ապրես դու, մի հազար դրամ ա հարկավոր, Դուդրուխ Արշավիրին պարտք եմ, վեց անգամ զանգել ա արդեն: Էգուց ռոճիկի օրն ա, դաստի  քեզ եմ տալիս:

Սեդան, լուրջ-լուրջ- «շուն-գել՝ հարևանափայ է, երբ կտա-կտա»՝ մտածել է- կողքի թեքվի, պայուսակը վերցնի, չրթիկը խաղացնելով բացի:

-Վայ, ծիտ ջան, ծիտ, էս ի՜նչ արեցիր…

-Խելագարվե՛ս դու Կառլեն, որ մեզ սերդեշնիկ ես սարքել…

     Չորս աղջկա գլխին ջուխտակ տղան երկրային հեքիաթ է: Ամեն ոքի փեշակը չէ տղա երեխա ունենալը: Ոմանց համար էլ առանձնահատուկ քանդակագործությունը, ընդհակառակը՝ աղջիկ ունենալն է: Աղջիկն է մայրացուն, մայրացուն է ազգը շարունակում:

    Կառլենն ասել է.

   -Ագնես, հենց ապրես, մեր Սեյրանը խռով ա մեռել, անունը էդպես էլ մեկի վրա չեն դրել: Արի՛ Սեյրան դնենք մեկին, էն լալկանին, մեկն էլ թող Տոնական լինի, հորդ անունը:

   Հետո, նոր էր անցել նախշուն ջուխտակի քառասունքը՝ փորլուծն են ընկել: Մի օր Կառլենը դասից տուն էր գալիս, Տյատոն իրենց բազրիքից կանչել է.

    -Հը, Կառլեն, ո՞նց են որձերդ, մեծանու՞մ են…

    -Տրամադրություն չունեմ:

    -Ի՞նչ ա եղել, ատյա, էլի շաշվեցի՞ր, հո կռիվ չե՞ս արել տանը:

    -Չէ՛, Տյատո, երեխեքն են մի թավուր, արդեն մի շաբաթ ա՝ լուծը չենք կարում կանգնեցնենք:

   -Ատյա, դա էլ դա՞րդ ա, տունդ շինվի՛, ձեր Շբարանց ցռոտող ջիղն ինչ ասեմ: Ձեր ցեղն ա, վերջը՝ Ցեխծյոր թալան են անելու, սիրտդ լեն պահի…

  Ով գիտեր, թե չորս գեղեցկուհու գլխին լույս աշխարհ եկած  իր ջուխտակի հետ նա մտնելու է կռվի թիվ: Գրքի թիվ էր երեկ՝ կռվի թիվ եկավ: Աշխարհը փոխվեց, Խաչենի կամուրջը մայրուղի եղավ, տանկը գնաց-տանկը եկավ: Տասնյոթ տարին ինչ է, աչքդ ճպեցիր՝ անցավ:

                                                                  Հայադի երկինքը

      Անտեր չարչարանքը կշիռ չունի: Արեգակը ջերմացրել է այգու տերևը, լույսով ողողել տան ճերմակ պատերը: Ներսն ուրախ է ու տխուր, իսկ դուրեկան հոգնությունը երջանկության նման է:

   Ապրանքը հանդ տանելու հերթը հասել է Կառլենին: Երեքով են առավոտ նախիրը քշելու: Ագնեսը կարգին աշնան հաց է դրել՝ առատ պանիր, թթու, եփած ձու, կարոֆիլ ու կես հավ: Արաղի անունը չլինի, խալխի ապրանքը փախչի գետնիվար դեպի թուրքեր, դե, եկ, տակից դուրս եկ: Ժամանակն էլ մի ժամանակ չէ, ռուսը եկել կանգնել է, բայց թուրքը օրը-ցերեկ Կիչանի ծմակում դարան է նստում, որ մարդ գողանա:

    Տոնոն ու Սերոն դուրս են եկել նախրի առաջը պահելու:

    -Անդուր երազ եմ տեսել՝ շները հարձակվում են վրաս: Գլխիս են թափվում՝ կծոտում, զարմանալի ա, բայց ցավ չեմ զգում: Դե երազ ա, էլի:

   Կառլենը ծխուկը բերանին, ձիու թամբը ձգեց:

   -Որ սկսեցին կծել՝ ես ինձ զարթնեցրի: Քրտինքը կալել էր ջանս:

    – Ատյա, շունը երազի՝ լավ չի, էս ով ա մեր դուշմանը: Մայրս կասեր, էդ մեր թաղված Մինասյանն ա,- Ագնեսը ջուր հավաքեց դույլի մեջ ու՝ ժպտաց:

   -Բա քո տունը շինվի՛: Վարդանի աղջկա տարեկանը երեք եմ դրել՝ հերիք ա…

   -Զգույշ կկենաք, չթողես երեխեքը գետը մտնեն, ջուրը ցրտոտ ա:

   -Դեպի Հայադ եմ տանելու ապրանքը:

    -Էդքան հեռու՞, ոտուձեռից ընկնելու եք:

    -Կնիկ, որ մտածում ես իմ մասին, թևերս դուրս են գալիս: Ինչքան հոգնած լինեմ՝ քաղցր խոսքդ ազրայիլ ա սարքում ինձ: Քո համար եմ ապրում, ո՞վ ունես դու: Սիրտս քո համար ցավում ա՝ դա գիտե՞ս ինչ ա: Դա նշանակում ա՝ դու աշխարհի տերն ես …

     -Լավ, դե, կեղծավորությունդ բռնե՞ց էլի,- կինը հավերին բաց թողեց բակ,-թվանքն առանց պատրոն կտաս երեխոցը, ատյա, խաթա կանեն հանկարծ:

    -Թու՛, սառած լոկ քո ինչն եմ ասել,-Կառլենը ծխուկ փչելով նետեց շուրթերից, ցատկեց ձիու մեջքը: Պաղ առավոտվա թարմությունը մտավ նրա կրծքի մեջ: Հովատակը քայլեց դեպի փարախ:

   – Աչքդ երեխեքի վրա պահի:

   -Իրիկունը մի կարգին հաց կսարքես: Մենք գնացինք…Տոնո՜, Սերո՜…

   Մեկը գանգատվում է, թե բանտ է, էլի, վեց երեխա, երկուսը չենք  զորում կարգին պահենք: Վեց շունչ, վեց երջանկություն ու տանջմունք: Վահրամն ու Ժուլետը տասի տարի է պսակված՝ մի երեխա են մեծացնում: Եվրոպացի են, դեն կացեք: Բանտ է, բա ի՞նչ է: Դուրս գան մարդամեջ՝ իրենց յոթ պորտը յուղեն, փափախը դրած՝ գովաբանեն: Ամուսիններ չեն, է՜,  աշխարհի ասպետներն են, զգույշ մնացե՛ք մի քիչ:

    -Էդ էլ ա լավ խասյաթ, որ մենք մեզ չբարձրացնենք, ով պիտի անի…

   Անզեն աչքով ջուխտակներին իրարից չես տարբերելու: Սերոյի դեմքին պիտի մոտենաս՝ ճակատին նայես, երկու քերծված սպի ունի, ըհը՛, նա արդեն ճանաչ է: Իսկը Կառլենն է: Հայր ու տղա իրար նման են լինում արտաքինով, նրանց ժամանակներն են տարբեր: Կառլենին թե տասնութ տարեկան չես տեսել՝ ահա Սեյրանը: Տոնոն քիչ-միչ հանդարտ է, ինտելիգենտ, միգուցե հենց բնավորությամբ Ագնեսի հորն է քաշել: Տոնականը նեմեցի կռվումն է մնացել: Ագնեսը աղոտ է հորը հիշում, պատմածներից է պատկերացրել նրա պատկերքը, նյութեղեն սարքել: Հոր ձայնը պղտոր է հիշում: Մեկ-մեկ թվացել է, թե մոռացել է, բայց երեխայի համար ձայնն անմոռաց է: Ձայնի հետ պատին կախված կարպետի նախշերն էլ է հիշում: Կարպետը իրենց դռանն են առուտուրականի տվել, ալյուրը պակաս էր, երկու պարկի փող է դառել, ու՝ ձմեռը դուրս են եկել: Կարպետի հետ սիրտը պոկվել է, ամբողջ գիշեր քնի մեջ նախշերը աչքերից չեն գնացել: Վշտացել, միգուցե հոգին տակնուվրա է եղել՝ հո մի ցավ չէ ձեռք բերել: Ու ցուրտն է հիշում Ագնեսը: Կցկտուր: Մի քանի տարեկան երեխան ինչ պիտի հիշի, աշնան ցուրտ օր, հորը տարել են կռիվ: Սեյրանը Շահբարանց սերմն է:

     -Կառլեն, Մանիկն ա ոչխարածը, սպասի անասունը հավաքվի, միասին քշեցեք, մեղք ա որբևայրի կին ա,- ավագի իրավունքով խոսեց Թևունց Վահանը: Մի կերպար էլ նա է: Անցած շաբաթ ինքն է նախիրը քշել Խաչենագետ: Աշնան օր, մինչև կեսօր դիմացար, հետո, ա՛ռը քեզ, արևը խեղճացավ: Իրիկունն առանց մի երինջ է տուն եկել: Հայ-հարայ՜, Քաջիկի երինջն է, տափը ծակել-մտել է: Ռեխը բացելու է, դե, ե՛կ, մկան ծակին տասը մանեթ տուր: Վահանը փորը ձևում է.

   -Դու կովն ես բերել ինձ տվել, երինջդ չեմ տեսել ես, ա՛յ, հայ: Շառդ գլխիցս քաշի՛…

   -Վայ, Վահան դայի, ինչ ես խոսում, քանի ամսական հղի երրինջ ա, ամեն օր աչքիդ առաջ, նամուսն էլ  ա լավ բան, նախրից ջոկում եմ, ի՞նչ անեմ: Ասե՞ղ ա , տնաշե՛ն…

    -Քաջիկ, անգիր գիտեմ՝ որը ում կովն ա, ում ապրանքն ա, երեկվա երեխա՞ն եմ ես:

   -Վահան դայի, ա՛յ,Վահան դայի, -միամիտ ժպտաց պահեստապետ Մելիքը,- երեկ ես ու Քաջիկը միասին ենք անասունը բերել ընդհանուրին խառնել, երինջը եկել ա նախրի հետ:

   -Հը՞…,-Վահանը կարկամել է:

    -Այ մարդ, քեզ ինչու՞ պիտի խաբեմ: Ապրանքս մի կոպեկանո՞ց ա, որ ձեն չհանեմ:

Վահանի խոսխոսը կտրել է: «Մելի՛ք, դուրս եկած տեղդ…»: Նա փրփրել է ու գիշերվա կեսին փոշման դուրս եկել հանդ՝ երինջ ման գալու: Ոտք թակել հասել Խաչենագետ, Հաթամի խամհատ, Չուլունց ջրաղաց, Մարդուվանա ձոր, հալից ընկել, ու մի հանգի գտել Քաջիկի տերը մեռածը, բերել բակն արել ու՝ հոգին ազատել:

   Օրը լուսացել է: Դուրս է եկել բակ՝ ձին տանի Քարթիձորի պռնկին կապելու: Սատանի տարած, ու՝ Մելիքը երեսբերես դուրս գա իրենց կողմից.

    -Բարիլուս, Վահան դայի:

   Վահանը չի թեքվել բարիլուսի կողմը, ձիու կապը քաշել է ու փուռռ արել:

    -Բարիլուս, Վահան դայի,- Մելիքն իմացել է, թե, մեծ մարդ է, չի լսել ողջույնը:

     -Բարիլուսդ ք….., գնա՛ Քաջիկին բարիլուս ասա…

Մեկ է, մի կերուխումի, կամ տխրության՝ հաշտվելու են: Սրանք մի ճիպոտով քշած մարդիկ են: Իրիկունն իրար ուտեն՝ առավոտը հաշտվեն:

   Տյատոն է, կյանքը հնդուհավի որձակի է նվիրել երկու տարի է: Արևը թույլ էր ու քաղցր: Որձակն՝ առաջին, հետը զրուցելով՝ իջել է Ցամաք ձոր, կաղինն արդեն կաթուկ է տալիս: Սերոժը մոտոցիկլը քանդ-քանդ էր անում, մոտեցել՝ սիգարետ է ուզել, դեսից-դենից զրուցել են մի հինգ րոպե, իջել է նորից բոլուկի ետևից… որձակ չկա:

  -Վայ, ես քո…

   Մի շաբաթ որձակի ետևից պոկել է հանդը՝ չկա ու չկա անտերը: Երկու տարվա վաստակը չոլերն ընկան: Մելիքը Մելիք չի լինի, որ կեսօրին, գործից տուն գնալիս՝ չբարևի Տյատոյին: Հոնքերը մրկած, դեռ անոթի՝ Տատոն տեր-ողորմյա է ճտճտացնում նստարանին:

      -Հը, բարիօր, Տյատո դայի: Որձակը ըտենց էլ դուրս չեկա՞վ…

       Ձայն-ձուն չկա::

       -Աղվես կլինի բռնած, հերու աղվես շատ եմ տեսել էդ սամթումը:

      Տյատոն՝ լուռ, համրում է քարերը, աչքերն անթարթ:

    -Ափսոս ա, իհարկե, տեսել եմ՝ ինչքան ես բռանդ մեջ նայում, ընկույզը՝ ընկույզ, կաղինը՝կաղին:

    Տյատոն չի դիմացել.

   -Որձակ գողացողի մերն էլ, ինձ նրա մասին հիշեցնողի տիրոջ մերն էլ… հասկացա՞ր…

   Կարծես թե աչքախորով են անում, երբ երկու սիրասուն անձ հանդիպում են՝ պսակվում: Մանիկը երեք երեխա է ունեցել՝ հուլունք ու գեղանի: Մեկ էլ՝ բոթը եկավ ձմռան կեսին, թե ամուսինը ճանապարհին վթարի տակ է ընկել: Ասել են՝ ծանր է, բժիշկները չարչարվում են, հունական քանդակից ելած դեռատի կնոջ լեզուն կսկծացել է, սիրտը գուշակել է …Արմենն էլ չկա: Նա հարմարվել է մեկուսի կյանքին, իր մասին ամեն չար ասեկոս ներս կուտակել: Երեք երեխան մենակ է մեծացրել: Անասուն է՝ ինքն է ետևից գնացել, ոչխար պահել է՝ ինքն է դուրս եկել:

   Կիրակի օր է, Կառլենի հետ կտանեն Հայադի կողմերը: Մինչև հասնեն Տանձոտ՝ կեսօր կլինի, մինչև ետ բերեն Դոլեր՝ օրը կմթնի: Օրը կմթնի ու կանցնի: Ինքն էլ Ծմակուհողի դպրոցում է աշխատում, կզրուցեն դեսից-դենից՝ օրվա տաղտուկը չեն նկատի:

    -Սերո՜, քշի, մատաղ լինեմ քեզ…

    -Պապա, քշենք տնջրենու տակ, մի երկու անգամ կարթ նետեմ կեսօրին,-  ջուխտակների աղվամազը երեսին Սեյրանը՝ ձուկ պիտի բռնի:

   -Հայադ ասում են՝ կանաչ կա տրաքած, էսօր լավ պիտի ուտեցնենք ապրանքը,- Կառլենը մռայլ է: Երեկվա հոգնությունը կրծքավանդակը չի լքել:

    -Տանձոտի ձորում նապաստակ կա: Շուտ գնամ վերևի բերանը, անասունը մտնի՝ աղմուկ հանի: Տեսել եմ՝ Արտուրը որտեղ ա դարան նստում:

    -Տոնո, մի՛ ծիծաղեցրու, քեզանից Պողոս-Պետրոս չի լինի,- Կառլենը քայլերն արագացրեց դեպի առաջ: Կովերը հասան աշնանամուտի քարափ, տկողնու անտառը հով է, անարատ խոտ կա:

   -Դու մեզ երբեք չես վստահում, հենց դարդն էլ էդ ա, այ պապա:

    -Էդ մեկը համաձայն եմ:

    -Փորձիր  մի անգամ բերանդ խերով բաց արա, ասա՝ հա, մատաղ, ամեն ինչ լավ ա լինելու,- վրդովեց Տոնականը՝ ձին քշելով դեպի Տանձոտի կողմը: Մի հինգ-վեց կով էին անջատվել նախրից: Ուր որ է պիտի մտնեին ծմակը:

    Շենը վաղուց է դատարկվել, կեսը քոչել է Առաջաձոր, ոմանք՝ Ռուսաստան, Ստեփանակերտ, Երևան, Բաքու: Մեկ- մեկ գալիս են գերեզմանոց, քարերը սրբում, վարդեր դնում, արցունք կաթեցնում: Իսկ գյուղն անշունչ է: Մի երկինք մարդկանց է հիշում, ուրիշ շունչ չկա Հայադ:: Մեկ էլ պնդաճակատ աղբյուրներն են անտեր խոխոջում, երբեմն Կիչանի որսկաններն էլ են գալիս խրտնած նապաստակի, կամ թե՝ որսահալածից է եղնիկ դուրս պրծել, տվել էս կողմերին, գան՝ տեսնեն կգտնե՞ն: «Ինչ սրտով են իրենց տները թողել քոչել». Կառլենի մտքով՝ իր տուն սարքելը սուրաց: Կուրծքը մղկտաց: Մեկն էլ իրեն է հարևան եկել՝ տրակտորիստ Քոչունց Մարտիկը: Մատակարարումը կտրել են, իբր սար տեղ է, թուրքի ուզած, էլի, հայը քոչի գնա: Ալիևի պլանն էր: Մարտիկը եկավ տուն սարքեց՝ ընտանիք, երեխա, բայց, մեկ է, ուշքումիտքը Հայադ իրենց բակում է: Քոչեն՝ թողեն թուրքի ոտնատակ: Մեռնելուն հավասար ցավ է քոչելը, մտածեց Կառլենը: Մեռնելը գոնե հույսը տանում է՝ մարդն էլ չկա: Քոչելը դանդաղ մահ է: Մինչև սիրտդ քո եզերքից սուտ-մուտ կտրվում է, արյուն է տալիս վերքը, սպիանում՝ կես կյանք է մաշում:

     -Մանի՜կ, հե՜յ, Մանի՜կ, բարձրացիր մեզ մոտ: Ապրանքը նստեն՝ մի կտոր հաց ուտեե՜նք,- կանչեց Կառլենը: Մանիկը ոչխարը նախիրի ետևից է քշում, էդպես հեշտ է հոտին տիրություն արվում: Ոչխարը հեշտ է պահվում, զուլում արևը զարկեց՝ ստվերի է ման գալիս շաշ միամիտը, ահա ոռ-ոռի կանեն՝ պատսպարվեն: Հայադը դուրս եկած, դեպի Կիչան՝ գլխավերևդ Սուլուքարն է, իսկ ճանապարհի նեղուցին՝ Շահումյանի աղբյուրը: Նովի վրա կանաչ տիղմ է բռնել: Ամիս էլ չկա, որ ոտնահետք են դրոշմել դեպի անտառը գնացող ճամփի վրա: Մեր երկիրը մեզանից խռով է, լքել ենք նրան: Անշունչ, անշշուկ երկիր է Հայադը:  

      Կառլենն ու Տոնոն Տանձոտի մեծ քարերին են հասել, մնում է ձորի զառիվերը՝ ահա երկիրդ կարմիր աշնան բռան մեջ, նստիր ու հիացիր:

Հայրը՝ մի տասը քայլ առաջ, մեծ կրաքարի ետևից հանկարծ զենքի փողը դեմ առավ քունքին:

     -Ձեռքերդ վե՛ր, շան տղա,- սառցե դարաշրջանի ապառաժի թիկունքից՝ թուրքի առոգանությամբ հայերեն մեկի ձայնը որոտաց: Տոնականը գլխի չընկավ՝ ձայնը որ կողմից է: Միգուցե ծանոթ է, մազաղ է անում, մտքովն անցավ: Կռիվ-կռիվ խաղալուց են մեկ էլ իրար գերի վերցրել թաքուն տեղից ու՝ խաղը համարվել է ավարտված: Կառլենը կանգնեց: Քարի ետևից՝ ինքնաձիգը ձեռքին թուրք Վագիֆը դուրս եկավ, ձայնը կոկորդի մեջ հուպ տված՝ Տոնոյին մատով կանչեցդեպի իրեն: Հայրը ձեռքերը վեր պահեց: Տոնականը շրջվեց դեպի ներքև, ուր շվշվոցով անլուր Սերոն բարձրացնում էր դեպի իրենց կողմը: Սարսափը խափանեց սրտի զարկը՝ «թուրքի ձեռք ընկան»: Վտանգի պահին մարդու լեզուն սառչում է: Տոնոն, ամեն ինչ գլխի ընկնելով՝ բարձր գոռաց.

     -Սերոո՜, փախի, բռնել են մեզ, շու՜տ արա:

Թուրքը՝ նեղլիկ, քարքարոտ կածանով մի քանի ցատկ արեց դեպի Տոնականը, քացով տվեց փորին, զենքը կողքին պահած ու անկանոն կրակեց՝ դեպի հեռվում մեկումեջ պատսպարվող Սեյրանը: Գնդակ բռնեց-չբռնեց՝ Վագիֆը չտեսավ, շուռ եկավ, նորից քացի տվեց Տոնականի կողին:

     -Վագիֆ, էս ինչ ես անում, տնաշե՛ն: Էս ովքեր են քո հետ, -Կառլենը՝ ձեռքերը վեր պահած, վախն ակնթարթի հետ կուլ տվեց:

    -Շահբարյա՛ն, ձեռս եք ընկել, ձեր վերջը եկել ա: Ձեն հանեցիք՝ շան նման սատկացնում եմ ձորի մեջ: Լավ ա, սուսփուս ետևիցս գաք:

-Վագիֆ, խելոք մնա՛, էսօր դուշման ենք, վաղն էլի գնալու-գալու ենք: Մենք ինչ մեղավոր ենք, այ տղա,- Կառլենը ձեռքերը թողեց, նստեց կողքի քարին, սիգարետ ուզեց ու թուրքի խաթրն առնելու համար՝ զրույց սկսեց:

     -Քո տիրոջ մերը…, ձեռ ես քաշել գլխից, ցից կաց տեղդ,- աչքերը չռեց, հոխորտաց մայրը հայ թուրքի տղան: Կառլենը քանի տարի դաս է տվել նրան դպրոցում:

    -Խելոք մնա՛…

   – Ու՞ր ա ոչխարածը, շան տղե՛ք, ձեն հանե՛ք:

    -Չգիտենք,- արագ արտաբերեց Կառլենն ու Տոնականի երեսին նայեց: Նա չհավատաց, որ երեկվա աշակերտը արյուն է թափելու: Ինչքան ուզեց՝ երկու մյուս թուրքի դեմքը տեղը բերել՝ չստացվեց: Մանիկը կանչեց Տանձոտից՝, թե դեպի ո՞ր կողմ բարձարանա՝ միասին կեսօրահացի նստեն: Թուրքերից մեկը զենքի փողը դեմ արեց՝ աչքունքով հրամայելով պատասխանել: Կառլենը լուռ մնաց: Տոնականը՝ ձեռքերը վեր, պտտվեց դեպի ձորը, երևացող չկար:

    -Մեղքի տակ մի գցի մեզ, Վագիֆ, կնիկ արմատի՞ ես ուզում վատություն անես: Թող իր համար գնա ապրի: Անասուն ես եկել տանես՝ տա՛ր, քեզ փեշքե՛շ: Երեխայիս գոնե բաց թող,- նա մեծի իրավունքով հորդորեց, հետո ձայնը աղաչելու տվեց: Ինչպե՞ս է այնքան տարի դաս տված աշակերտն իրեն վատություն անելու:

     -Անասունն էլ ենք տանելու, ձեզ էլ, հույսդ կտրի՛ հիմիկվանից:

Արահետներն իմացող թուրքն իր լեզվով մրթմրթաց, երեսները փակ անծանոթները մոտեցան՝պատանդների ձեռքերը ետևին քարկապ տվեցին: Վագիֆը մոտեցավ քարի պռնկին, ձեռքով արեց ձորի այն կողմ կանգնած կնոջը: Մանիկը չիմացավ դեպի ուր են տանում սեփական ոտքերը:

    -Եթե մեզ սպանելու եք՝ միանգամից էստեղ ձեր գործն արեք, անասունը առաջներդ արեք-տարեք, էլ ինչու՞ եք մեզ տանջում, -Կառլենը որոշեց իրենից վանել վախը, թուրքի հետ խոսքուզրույցը շարունակել: Մտքումը Սեյրանն է՝ «ուր հասավ, հասա՞վ, թե՞ չէ, տղաները հավաքվեցի՞ն, ի՞նչ եղան»: Հանկարծ ետևից կրակած գնդակը բռնած չլինի երեխային: Ժամանակի զգացողությունը հալչել է: Տոնոյին միայն չխփեն, իրեն ինչ անում են անեն: Սարսափը խույս տվեց նրանից: Նայեց դեպի սփրթնած Տոնականն ու գլուխը թեքեց դեպի ուսը՝ արտասունքը սրբելու: «Իմ էշ գլուխը, որ երեկ ասացի՝ Հայադ տանենք նախիրը…»…

Մանկլավիկ թուրքերը իջան՝ կով-ոչխար իրար խառնեցին: Վագիֆի նենգ աչքերը պսպղացին: Գազանի աչքերն է մեկ էլ շողշողում, երբ պատրաստվում է պատառոտել զոհին: Ծանոթ են էս կողմերում թուրքի աչքերը: Շուրջը փոշի բարձրացավ: Մի Սուլուքար է վերևից նայում, մնացած երկիրն անտեղյակ է՝ օրը-ցերեկ թուրքը գողունի ետևից եկել է Հայադա տափը, գերի վերցրել եզերքի տերերին՝ Կառլենին, որդուն ու դժբախտ Մանիկին:

Անասունը մտավ անտառ: Զինված թուրքերը հո-հա արեցին,, հռհռալով մտան ծմակը:

  -Վագիֆ, գիտես ինչքան վախտ ենք մենք միասին ապրում,- Կառլենը ձեռքերը ետևին կապ տված բանակցել ուզեց բաշիբբոզուկ թուրքահայի հետ, «չի՞ մեղմի նրա սիրտը»: Թուրք է՝ հերիք չէ, մայրն էլ հայ: Թշնամի, ծյանի, անհիշելի Մանազկերտի ժամանակից՝ ջերմամիջուկային խառնուրդ:

   -Դու երեխա ես, չգիտես: Մենք իրար քեֆի չենք կպել: Միշտ, երկիրը փոխվելու հետ, մեզ նման մանր մարդիկ սկսել են իրար նեղացնել: Ինձ ու քո մեջ ինչ տարբերություն կա՝ էս հարցը դու չե՞ս տվել քեզ,- դիվանագիտությունը ղարաբաղցու արյան մեջ է:

   -Մենք՝ ոչխար մորթող թուրքերս, գործ չունենք ձեր կոֆե խմող, մեծ-մեծ խոսող հարամ  ցեղի հետ: Ռադ պիտի լինեք մեր հողից մեկ-մեկ: Այ, էսպես, տանելու ենք կուրբան-բայրամին մատաղ անենք ձեզ: Հասկացա՞ր, Շահբարով:

    -Չէ, չեղավ, ես քեզ էդպես չգիտեի: Պապդ մի օր..

    -Պապիս անունը չտաս, ես զզվում եմ ձեր սորթից: Քո ջանն ա՝ էս գյուլլան, դու դա լավ իմացի…

   -Տրաքացրու՛, ինչ ես առաջ գցելու դրանով: Եթե ուզածդ՝ հարյուր տարվա միասին հաց կերած հարևանիդ վրա ավտոմատ պահելն ա՝ կրակի՛ միանգամից, ջիգյարդ հովացրու:

    -Դուք ղոնաղ եք մեր հողում, քանի՞ անգամ ասեմ:  Ձեզ կարգին չեք պահում: Աներես ղոնաղին պիտի շան լափ տաս: Աչքդ ինչ տեսնում ա՝ մերն ա: Էդքան ուտող՝ խոնչի մեջ քաքող կլինի, որ ձեր ազգն ա: Ինձ մի՛ ներվայնացրու, հուպ կտամ ձգանը, աչք էլ չեմ ճպի:

     -Տնաշեն, դու էդ ազգից չե՞ս, ամոթ չունե՞ս,-Կառլենը սուտ ժպտաց:

    -Ձենդ կտրի, շան տղա, քո ջանն ա՝ մի օչերեդ, կսատկացնեմ չախկալի նման:

    Որդու սիրտը՝ թուրքի ուշունցից մորմոքաց: Հինգ հոգու միանգամից գետնին «լապատկա» դնող հորը՝ մեկնումեկը շան տղա ասի՞…

    Նա, Մանիկի հետ, գլուխը կախ, ոտքով սրբեց գալարվող արահետի խաշամը: Իրենցից ներքև՝ խելագար անասունը հեղեղել է է ծմակը: Անլեզու կենդանին հասկացել է՝ ինչ-որ բան էն չէ, ճանապարհները շիլվել են, ու՞ր են տանում, մտել են խուլ ու խորթ ծառերի արանք, չտանեն հանկարծ մորթի, իրենք էլ չգիտեն: Ահա հասնել են Կիչանա տակը: Մնացել է մի փլվածք անցնեն, շատ անախորժ տեղ է, ոտդ սլկի՝ ընկնես ձորը, մեծ պատառը ականջդ մնա: Կառլենն անգիր գիտի էս կողմերը: Մտքովն անցավ ու սիրտը տապտապեց՝ անմարդկային թրքահային մի թեթև մուշտի չտա՞ դեպի անդունդի խորխորատը, մի բիզ կրաքարի բաժին սարքի: Սակայն Տոնոն եկավ դիմացը կանգնեց: Մանիկին էլ խղճաց: Մարդ, որ դժբախտ է՝ ցմահ է դժբախտ: Կարկուտի թակածն է իսկը, Ճակատին գրել են՝ իր օրում տանջվի ու տանջվի: Մանիկը Մադոննան է, քառասուն տարեկան, շիմշաթ, երեսը ցանկալի ու ցմահ անժպիտ:

    «Ոտս կոտրեր՝ չգայի էս խաթան ընկնեի: Ես՝ ջհանդամը, երեխաս բերեցի թուրքի փայ սարքեցի: Աստուծ, ի՞նչ մեղքի տեր եմ, ախր…»: Կառլենը ոտքերը ուժգին խոթեց խաշամի մեջ: Ետ չնայելով՝ փորձեց նորից ծխախոտ ուզել երեկվա աշակերտ սրիկա հայաթուրքից: Ծխախոտ ուզի՝ ու էլի հեռու-հեռվից փորձի համոզել, ապրանքը՝ գրողի ծոցը, համոզի՝ իրենց թուրքեր չտանեն:

    -Ես ու հերդ՝ մի անգամ չենք իրար հետ հաց կերել, երկու անգամ չենք հաց կերել, հո…

    -Դուք հացի տեղ չգիտեք, մեր հացը կերել եք ու մեր դեմ կռիվ սկսել:

    -Մերը՝ ում նկատի ունե՞ս, քո մերը հայ չի՞:

     -Հերիք ա , այ շան տղա…

Տոնականի սիրտը նորից կտոր-կտոր եղավ՝ ամենազոր հոր հանդեպ ուշունց լսելուց:

 «Սերո, ու՞ր ես, կրիա Սերո, փախար գնացիր…»…

   Վագիֆը խաբուսիկ շրխկացրեց ինքնաձիգի փականը՝ Կառլենը վախենա: Նա տանջմունքով է թուրքերի մոտ գնացել, ծնված օրից՝ հայի մեջ: Հայի մեջ ապրել է՝ հայացել, սակայն արյունն ու աչքերի կայծը մնացել են նույնը: Հայերեն է մտածել: Թլպատելու օրը հայրը թուրքեր է հրավիրել Աղդամից: Նրանք նստել են թեյի շուրջ, ու ձև են արել, թե իբր հայ մոր հետույքին չեն նայում: Իսկ ինքը լացել-աղաղակել է ամբողջ օրը, մոր հետույքին նայող թուրքի հայացքներից՝ ավելի է գազանացել, ատել է հարազատ մորը: Միգուցե հայ չլիներ՝ հորից քաշվեին նայել: Կոճողոտցի մորը հայրն ամենևին չի ստիպել թուրքանալ: Իրենք երեխաներով հայերեն են մտածել: Ամեն ինչ փոխվել է, երբ Բաքվից ազգականներ են եկել ամռանը: Ու փոխել են նրան, թուրք ես՝ խիզախ ես, հայ ես՝ ամոթ  է: Հոր կողմը միշտ ձգել է նրան դեպի թշնամի տափաստան: Հայերը հյուր են, տերը մենք ենք: Եվ, հետո, նա ինքն էլ գիտի միջից, որ հայերը անտարբեր են՝ կթողնեն-գնան: Ո՜վ է հիմա Հայադա հանդին տիրություն անում: Իսկական քաջություն է՝ միլիոնանոց անասունը քշի-տանի՝ կենդանի հայն էլ հետը: Վաղը Քյանգյառու տոն են սարքելու՝ անասունը կբաժանեն, հայրուտղա պատանդը մի նկուղում կկապեն, Մանիկին էլ մի պաշտոնավորի  նվեր կտան, թող քեֆ անի: Դու մի սրանց նայիր, իրենց որպես եկվոր՝ խորթ աչքով են նայում: Դուք հյուր եք, տիրոջն ասում եք՝ տեղդ ծու՞խ է: Հաա՜յ, հա՜յ: Պիտի հային վնաս տաս, կամ գոնե քոչես Ռուսաստան, ուրիշ միջոց չկա: Սիրտն է ուզել՝ վնաս տալ առաջաձորցուն: Թո՛ղ փախչեն քերծերը, թո՛ղ Լաչինն անցնեն, գնան սրբվեն…

    -Տոնականին ու կին արմատին բաց թող՝ տուն գնան, ինձ ուր ուզում ես տար,-Կառլենը գիտեր, մինչև Կիչանի ճանապարհ հասնելը՝ մի կես ժամ կա: Եթե Սեյրանը ոտքի է կանգնեցրել արդեն տղաներին՝ տասը-քսան րոպե մեքենայի հասնելիք է, ունեցած թվանք-տրաքչան ձեռքներին կգան, թուրքին դարանում փակեն, կփրկվեն: Ճանապարհը անցան դեպի գետի կողմը՝ արդեն Սրխավենդի տափերն են, էլ ծիտն էլ չի անցնի, կորած են:

   -Երեխան ինչ մեղք ունի, մենք, ասենք թե, դուշման ենք:

  Թուրքը հոգնեց ուշունցից ու՝ լռեց: Գողունը հասնում է ահա Խաչենի ջուրը: Լեղապատառ նախիրը չի հասկանում՝ ինչ է կատարվում, ոնց-որ կեսօր է, պիտի Տանձոտի սամթում նստեր, նախրապանը պիտի հաց դներ իր համար սալկոտ քարերի վրա: Օտար մարդու հոտն էլ է անասունին հուշտ արել, ինչ-որ բան էն չէ: Փլվածքից դեռ հեռու են: Ըմբիշի իր հնարքը մտքումն է, ջիլերն էլ են հիշում: Աջ ուսին ու ծնկան զորությանը թափ է տալու՝ թուրքի լակոտին բոթի իր ուզած ջհանդամը, թող գիշանգղի բաժին դառնա: Անուղղելի թշնամուն պիտի ոչնչացնես: Թուրքի դեմ, բացի ուժից, ոչ մի մշակույյթ իրեն չի արդարացնում, ինչքան եղբայրորեն լինես հետը, մի օր գլուխդ կտրելու է: Ինքը չկտրի, որդին է կտրելու, որդին չկտրի՝ թոռն է կտրելու: Ու կտրելուց առաջ՝ արյունով լիքը նրա աչքերը ցոլցոլալու են: Մեռնելուց առաջ խեղճ զոհը, ոչ թե մարմնի ցավից է գալարվելու, այլ աչքերի  փայլի զարհուրանքից: Ջհանդամը թուրքի դժոխքն է: Բոթելուց հետո, ձեռքերը ետևին կապ տված, երակներն արյան մեջ ուռած՝ կարող են փախչել անտառն ի վեր, դուրս են գալու Ընապատ ա կողմերը: Նա գիտեր՝ իր հրումից պրծում չկա, բայց էլի նահաջեց, գրողը տանի՛, սիրտը վախ ընկավ, բերանն ու քիմքը չորացան: Տոնոն էլի եկավ դեմը կանգնեց: Ձերքերն անազատ են, բա որ ձախողի՞… Կկրակի բոզի ծնունդ թուրքահայը իրենց վրա: Թուրքահայ-հայաթուրք: Տոնոն նորից եկավ աչքի դեմը: Կառլենը ետ կանգնեց վտանգավոր մտքից ու՝ անտես փղձկաց:

    -Դու մեծ դուշմանություն ես մեր մեջ դնում, Ջամալի տղա: Ես՝ ոչինչ, երեխուս գլխից մազ պակասի՝ մերոնք իջնելու են քո Սրխավենդը ջնջեն: Դու դեռ տեղյակ չես, թե ինչեր ունենք:

    -Սարսաղ շան որդի, այ, հենց դրա համար եմ քեզ տանում, որ լրիվ պատմես:

    -Դու քո ու քո ընտանիքի հանդեպ ես վատություն անում: Մենք արդեն սովորել ենք արյունը արյամբ մաքրել: Որտեղ էլ ձեր թայփից մեկին բռնենք՝ մուռը հանելու ենք: Տա՛ր, տա՛ր…

   -Ձենդ կտրի, հարամ շան որդի,- Վագիֆը թիկունքից քացով տվեց, Կառլենը երեսի վրա ճողփաց պտերների վրա: Կառլենը պայթեց ու լցվեց մեռնելու արհամարանքով:

   Տոնոն վազեց դեպի հայրը: Թուրքը նորից շրխկացրեց ինքնաձիգի փականն ու ատամնները կրճտացրեց: Մանիկը լացեց, բայց վեհերաց գոռալ: Գոռաս՝ ինչ անես, շուրջը աշնան խուլ անտառ է, գլխիդ թափվող տերև, դեպի մահ մի ճանապարհ:

    -Լավ դուրս պրծավ էն մի լակոտդ, քեզանից ժառանգ մնաց, կաշիդ մաշկել եմ տալու, Կառլեն,- ինքնիձիգի կոթով թուրքը հրմշտեց: Սակայն ժամանակը սկսեց վախեցնել նրան, շատ են ուշանում: Մայրուղու վրա խիտ շամբ կա, դուրս են գալու էնտեղ՝ արդեն Ղուշի քերծ հասնելը րոպեների հարց է: Թուրքը գիտեր՝ անասունը հայից թանկոտ ավար է:

     Սերոն հասավ շինամեջ: Ավագի ջոկատը տասը հոգի է, անունն է, թե զենք ունեն, մեկի որսորդականը կարտեչ չունի, էն մեկի ինքնաշենը՝ ձգանը հուպ ես տալիս, կանգնել չկա, ինքնիրեն, մինչև վերջին փամփուշտը ճարճատում լռվում է: Նռնականետ է՝ ինքնաշեն, ինչ է բերել են, դեռ չեն կրակել, աստված գիտի, գործի դնես՝ քե՞զ էլ է սպանելու, թե՞ արկը նետելու է դեպի առաջ: Մի խումբ կամավոր պիտի ուղարկվի գետաբերան, լավ կլիներ՝ մի տասը-քսան հոգի էլ Կիչանի զառիվերին շղթա կապեին, ուր ծմակը հատվում է՝ մայրուղու թուշ դառնում: Թուրքը նախրի հետ ուրիշ տեղ չունի գնալու, գալու է ընկնի իրենց գիրկը:

«Սերոն արդեն շեն կլինի՞ հասած, տեսնես…». Կառլենն ավելի տխրեց՝ «վայ թե մի ուրիշ խումբ թուրք էլ նրան է ճանկել փախչելիս»: Բնավորություն է՝ միշտ վատը մտածի, ամեն հանգամանք իր կողմից, մեկ է, անախորժ միտք է անցնելու միջով: Ինքն ու Տոնոն իրար նայեցին, որդու երեսին դիմացկուն երանգ ման եկավ: Թուրքն էլի գոռաց.

     -Ոտք եք կախ անում, մահակահարե՞մ, որ շուտ քայլեք: Շուտ արե՛ք, ես ձե՛ր… – Վագիֆը առկայծող հրեշի աչքերը հառեց առջևից մազը քանդված քայլող կնոջն ու՝ հռհռաց:

   -Մանիկին տալու եմ շեֆիս: Ախչի, սրտովդ կլինի՞, քսան տարի ա մարդ չունես, սոված կլինես:

   Դժբախտության սովորը լուռ է: Ինչ հաչում է՝ հաչի, մենակ թե չծեծեն կեսմարմին սարքեն: Հերու տասը հոգուն ինչպես են Բաքվի բանտ տարել: Իրենց թաղից՝ Գրականագետ Միշան, Բաբայան Մարկլենը, Բուխու Ալբերտը: Բոլորը կիսամեռ են ետ եկել: Պատմում են, թե Ալբերտին խփել են՝ ուշունց է տվել, երկաթե ձողով են անողոք վրա բերել՝ էլի է բանտի թուրքերին մորով է տվել, գրագետ ռուսերենով հունից հանել, թե «մեր հողը հերոսական Հայաստան է, մեր եկեղեցիները՝ հազար տարեկան, մեր տափերին մենք ենք անուն դրել»: Թուրքը կատաղել է, զարմացել ու նորից անմարդկային հարվածներ տվել գլխին, կողերին, ոտքի ոսկորներին: Ալբերտը ցավից գոռալով ուշունց է տվել, իսկ թուրքը վերջապես ծեծելուց հոգնել է: Նա էլ է ուշունց տվել, թե՝ «եկեք, սպանենք էս հարամզադային»: Կողքի գրագիր համազգեստավորն ասել է՝ «չի կարելի, թակիր, ինչքան ուզես, բայց սպանել՝ «յոխ»»…

    -Դու էնպես արա, որ հանկարծ մեր ձեռքն ընկնես՝ մարդ քեզ խղճա,- ուշունց, աքացի, վերջապես՝ կյանք անտես արեց Կառլենը՝ կատաղությունից մաշված հոգին թեթևանա, բայց նորից տեղի տվեց, փոխվեց երեխայի համար:

     -Քիչ ա մնացել ոտերս լիզես: Մի երկու ժամ դիմացի, ինձ բարեկամ ես հաշվելու, որ խմբովին քեզ մութաքա սարքեն, թքեն վրադ,- երբեմնի աշակերտը նորից խարդախ աչքերը պլշեց:

    -Վախենամ թե…

    -Դու գիտես, չէ՞, ես ոչ մի բանի առաջ կանգնող չեմ, մի ստիպի արյունդ թափեմ,-թուրքը լարեց ինքնաձիգն ու դրեց Կառլենի ծոծրակին ու ձախ ձեռքով ագուցեց վիզը:

     -Վագո, բաց թո՛ղ, ձեռքերը կապած մարդու հետ ես արծի՞վ,-Տոնոն մոտեցավ ու իրանը հպեց հորը:

    -Ե՛տ, ե՛տ, հարամ գյադա, ինձ ստիպում եք հիմա արյուն թափե՞մ: Կթափեմ:

Անտեսանելի մի տեղից՝ թուրքերեն խոսքուզրույց լսվեց: Վագիֆը բաց թողեց Կառլենին, մի կողմ հրեց, աջ ձեռքով դեպի երկինք պահելով ինքնաձիգի փողը:

    -Բուրա գյալին,- այլայլվեց նա: Անտառի միջին, թե ինչ խոսեցին անասուն քշող թուրքերը, գլխի չընկավ Վագիֆը: Եվ ավելի ուժգին հոխորտաց.

    -Բուրա գյալին, քյոփակ օղուլլար:

    Քիչ հետո ձորի մեջ խաշամը խշրտաց: Երկու հոգի սարսափահար պոկոտեցին զառիվերը՝ դեպի վերևի մեծ կածանը: Կառլենն ու Տոնոն իրար նայեցին: Հայից ծնված թուրքը հայհոյեց իր հետ եկած երկու ելուզակներին, հասկացավ, որ ինչ-որ անախորժություն կա:

   -Յոլդան սյաս  գյալիր, գաչըրը՛ղ:

   -Նյա սյաս, այ հեյվան,- Վագիֆն ուղղեց ուսապարկն ու փամփշտակալները, սահելով նետվեց նրանց մոտ: Թուրքերն սկսեցին իրենց լեզվով գզվռտել իրար:

   Կառլենը վեր կացավ: Ձեռքերն այտուցել էին՝ կապրոնե պարանակապից: Հայրուտղա առանց կռներ խտտեցին իրար: Կառլենը որդու ուսի վրայով հեռվում խաշամի ճողոպրող  թուրքերին նայեց՝ արտասուքն աչքերից գլորվեցին բերանը.

    -Սերո տղա՛, ջանավար տղա՛:

    Կիչանի գորշավուն խճուղին հարսանիքի ժխոր բռնեց: Ինքնաշեն զենքերով ուրախ ֆիդայինները՝ Կիչանից մինչև Խաչենագետ ամեն կածան որմել են: Շատ գիտե՞ն, թե, հրե՜ն, թուրքը լցրել տակը՝ ճողոպրում է: Կիչանն անցնեն՝ Ղազանչիի բանդով իջնեն իրենց կողմերը: «Կտրիչ դառած մամադ … ու՞ր ես փախչում, վախում ես ձվերդ քոքից կտրեն, չէ՞… »: Կառլենը արտասուքի միջից ծիծաղեց: Իսկ քոնքաշ, միամիտ Մանիկը չհասկացավ ինչ է կատարվում:

    -Ապրանքը …..,- Կառլենն ուզեց բան ասել: Ծարավն ու ծխախոտի տենչը հոգնեցրել էին նրան:

Թուրքերը բարձրացան դեպի քերծը, ուր անտառը ոտնատակ է, իսկ կրաքարը՝ թիկունք: Երևի հետք են կորցնում, մտածեց Կառլեն ու չհավատաց, որ թուրքը փախչում է:

   -Վեր կացե՛ք, վեր կացե՛ք, իջնենք դեպի մեծ կաղնին:

   -Ո՞ր կողմի վրա,- հարցրեց Մանիկը: Տոնոն ձեռքերի պարանը կտրելու համար մամռաքարի քսեց, վեր կացան ուժասպառ, քարշ գալով շարժվեցին դեպի ճանապարհի աղմուկը:

    Ներքեթաղ՝ է՛լ ֆիզիկայի ուսուցիչ Շեկյան Արամ չկա: Կիբեռնետիկները Երևան երևի թոռուծոռ կունենան արդեն: Ամեն ամառ շենի տուն գալով՝ հոր տնակի մոտոցիկլը լիցք են տալիս հռնդացնում՝ գոնե մի անգամ: Բարձրահասակ, ազնվադեմ Շեկյան Արամը մեկ-մեկ էր մոտոցիկլետ քշում, քշած տեղն էլ կոշիկը գետնին էր քսում՝ նոր կանգի ոտնակը հուպ տալիս: Մի կոնցերտ: Հետաքրքիր է՝ վաթսուն տարեկան Կառլենին հասցրե՞լ է տեսնել:

   Տյատոն շուտ է մահացել, հանգստարանն, ահա, ձախի կռան վրա: Նրա զինվոր թոռները, Մհերիկն ու Գագոն, մի գերդաստանի երկա՜ր բազրիքի մեծացած տղերք, երկուսն էլ Մղոզ են ընկել: Գյուղամիջի հուշարձանի ներքո են պառկած: Մհերիկը կին-երեխա-հարգված շրջապատ ուներ, Գագիկը երեսը դեռ սուտ-սուտ էր ածելի տալիս՝ տասնութ էր, թե տասնինը: Կառլենի վերևի հարևան Վալին է սպանվել՝ էլի Մարտակերտի կողմերը: Անդրու տունն անցնես, դեպի Դոլերի սամթը՝ Արշավիրի տունն է, էդ տնից որդի Համոն է զոհվել,  ոնց-որ թե էլի Խաչենագետի ասֆալտի վրա մարտի ժամանակ: «Կոլցո» օպերացիայի ժամանակ բռնված հայադեցի երիտասարդ Գագան էլ չկա:

   Պատերազմին՝ ճակատագիր ու հանելուկ է, թե ով է ընկնելու: Դու, մտքովդ անցնի՝ գլուխ պահես, թիկունքի կերակուր եփես, հաց թխես, ջուր բերես ու՝ թուրքի ռմբակոծիչը բերի ուղիի՜ղ քո գլխին ռումբ գցի: Պատերազմը պետք է տղամարդավարի ընդունել: Ներքեթաղի երկինքը փոքր է, բոլորը՝ զինվոր: Եթե զենք չես վերցնում, տարիքդ անցած է, բարի եղիր խրամատ փորիր:

   Ալբերտը թուրքի բանտից հետո ուղիղ հիվանդանոց է գնացել, կարծես, Վանքի գյուղականը: Նա՝ էլ չի կազդուրվել, հոգին տվել է աստծուն: Մարկլեն, Թումբի Վաչո՝ բանտից հետո քիչ են ապրել: Գրականագետ Միշան՝ մի թեթև երկար, բայց էլի սիրտը կանգնել է հանկարծակի: Բուխի Միշան էլ անսպասելի գնաց: Ռեֆլեքսի դասատու, սիրուն, սքանչելի Միրումյանն էլ: Սոփեստ Գավոն, Վահանն էլ են գնացել: Մելիքը վայթե տնավորվել է, Մարտակերտ գործ-մործ ունի, աստված իրեն հաջողություն տա…

 Իսկ Կառլենը, Տոնականի առաջնեկ Տիգրանի ծնվելու հետ՝ արդեն հիվանդ էր: Ամիս-ամսուկսական թոռանը պապը տեսել է՝ արցունքոտվել.

    -Աաա՜խ, մերն ա երեխաս, մեր Շահբարանց ծուխն ա…

Կառլենին ասում են՝ երջանիկ է, երեխաներին ողջևառողջ է թողել, հետո հավիտյան գնացել հարևանների մոտ: Հադրութի մոտերքին է Տիգրանն իր ընկերների հետ շրջապատման մեջ ընկել՝ անհետ կորել: Հադրութն էլ է ընկել, իրենք էլ: Մեռնելն էդ կողմից՝ Կառլենի համար բախտավորություն էր, ամիսներ հետո, տուն բերած թոռան դիակն ու որդու վիշտը նա չի տեսել:

Սեյրանն էստեղ է, էլեկտրոցանցում տեսուչ է, ասում են, երեխաները մեծանում են: Նարինե-Հասո՝ Երևան են, Գայանը՝ Նիժնի Նովգորոդ, դեղին վարսերով Վարդիթերը՝ Ստեփանակերտ…

                                                                                                                         

                                                                                                               


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով