Նարեկ Թոփուզյան, Պատմվածք

Հմի՝ անե՞ծք, թե՞ հատուցում

Պապս ուրբաթախոս էր, մինչև բերանից մի խոսք կքաշեիր, խեղճը, հա՛մ ինքն էր ծերանում, հա՛մ էլ իր հետ լեզվական մարաթոնի դուրս եկածին էր ծերացնում: Պարզ է արդեն, որ հազիվ թե ինքն իրեն նեղություն տար ասել, բայց ես գիտեմ, որ թթենու շիվը փոսը դրել, հողը բուկն է տվել պապս: Տնկել է ի նշանավորումն իմ ծննդյան և, հավանական է, ի կատարումն հանրահայտ սկզբունքի, թե տղամարդը պիտի տուն կառուցի, որդի ունենա ու ծառ տնկի: Որդի ունենալու, ծառ տնկելու առումով պապս պիտի որ պակաս տեղ չունենար՝ վկա են հերս հոպարիս հետ ու սերկևիլի ծառերը, իսկ այ տուն կառուցելը՝ չգիտեմ, հիսունչորս թվին Սովետի կողմից տրված հավաբնի վրա պապս անընդհատ ինչ-որ բան էր ավելացնում, մինչև ձեռքերը չթուլացան, դրանից հետո հերս, խոսքի մեջ իր բախտի հետ կռիվ տալով, դեռ սարքում է ու սարքում տունը և վախենամ, երբ նրա ձեռքերն էլ թուլանան, անելու շատ բաներ էլ դեռ ինձ կփոխանցվեն:

Հողի մեջ սնունդ լինի, ջուրը տեղը լինի, շատ չբզես-բզբզես, չճխլես-ճխլորես՝ թթենու մատնաչափ ճյուղը մի քանի տարվա մեջ օդում նենց սաղարթներ փռի, որ գագաթին հասնելու համար պետք կլինի հրշեջ մեքենայի աստիճանների երկարությունը: Էս մեր կողմերը հողն առանձնապես սնունդով հարուստ չի, կարմիր, տեղ-տեղ էգ շիմպանզեի պես դեղին, բայց, չնայած դրան, երբ գիտակցությանս աչքերը իմացականության դարպասների առջև լայն բացվել էին, թթենին հասցրել էր և՛ բոյին տալ, և՛ լայնքին, ու արդեն երբ դարպասներից ներս էի մտնում, թթենին իմ կյանքի անբաժանելի մասն էր: Էս թթենու վրա ժամանակին հարուրանոց մեխ խփեցի, չգիտեմ՝ որտեղից էի «Պիդիսյատի» ռուլը ձեռ գցել, կախ տվեցի վրան, կողքը կախեցի երկստեղն անջատիչն ու դրանց դիմացը նստած, ինձ Սովետաշենի ավտոբուսի շոֆեր էի պատկերացնում… ղը՜մ, ղը՜մ, գրողը դրանի տանի: Հետո մեր փողոցի մեջտեղում խանդակ փորեցին ու մեջը զուգահեռեցին վեց համարի տրամվայի ռելսերը. շինհրապարակից իրիկունով հերս տուն բերեց նավթահոտ մի շպալ և դրեց թթենու շվաքի տակ: Ոչնչով բեսեդկին չէր զիջում ու ի դեպ այստեղ մի շիշ գարեջուր չի, որ «ծակել» է օղորմածիկ վարչապետն էն ժամանակ, երբ դեռ վարչապետ չէր, այլ հասարակ պատգամավոր: Տարբեր ժամանակներում թթենու ճյուղերը համալրվեցին սոցիալիստական հումանիզմի այնպիսի ատրիբուտներով, ինչպիսին էր սառչող ճնճղուկների համար նախատեսված բունը, ճյուղերից կախ տրվեց բոքսի տանձիկն էն ժամանակ, երբ ինձնից երեք տարով մեծ եզդի Ալխանը փորձեց դեմքիս չափալախ քաշել, բայց չհաջողեց, ու թթենու շվաքի տակ, կյանքում առաջին անգամ, աննկատ քաշեցի առաջին մուխ պապիրոզը, երբ հոպարը դեն նետեց «Սալյուտի» ծխուկը:

Սեփական տուն ունեցողը լավ գիտի դա ինչ է` ոչ մի կերպ չավարտվող կենցաղային աշխատանքներ, իրեր, որոնց անհրաժեշտությունը կասկածահարույց է, բայց որոնք ձեռդ չի գնում դեն նետել: Մեր տան էդ իրերը դեզի պես կուտակված էին թթենու տակ: Աբալովկի տախտակներ, գերաններ, հին դռներ ու պատուհաններ, սեփական տան չավարտվող աշխատանքներն ամեն տարի էդ կույտի վրա էին երկնում անպետք իրերի հերթական չափաքանակն, ու էդ պատճառով այն ահռելի չափեր ուներ: Թռչնաբունը, բոքսի տանձիկը, էս վերջում նաև էդ դեզը` կթվա թթենին մշտապես ծառայել է իր երկրորդական նշանակությամբ, բայց տենց չի, մեզ դրա սպիտակ, քաղցր ու փափուկ պտուղները ամռան բերկրանքը շատ են պարգևել, ու մի տարի եղավ, երբ դրանք նույն էդ բերկրանքը սկսեցին պարգևել ոզնիների ընտանիքին: Թե ոզիների ընտանիքը որտեղից հայտնվեց, տենց էլ պարզ չեղավ, մինչևիսկ հնարավոր չեղավ պարզել, թե դրանք երբ են ստեղ հայտնվել: Հիշատակելի են միայն նրանց հայտնության մի քանի մանրամասներ` մի քանի իրիկուն նշանակված ժամերին թթի ծառի տակ տարօրինակ խլվլոց էր, հետո հոպարը… հոպա՞րը, այսինքն՝ կարևոր չի, մեզնից մեկնումեկը տեսավ դեպի անպետք իրերի դեզն աճապարող փշոտ գունդը, հետո տեսավ մի մեծ փշոտ գունդ ու դրա հետևն ընկած մի քանի փոքր փշոտ գնդեր: Ու պարզ դարձավ, որ ապահարզանված մայր ոզնի էր իր ձագերով: Ձագերով ոզնի, որ անպետք իրերի դեզի տակ բուն էր փորել ու ստույգ հայտնի չի, թե ինչ էր փնտրում մեծ քաղաքում` Էրեբունու միջնաբերդի ստորոտում արմատ գցած թթի ծառի տակ:

Օձերը մեզ մոտ օրինաչափություն դարձան հետո, իսկ էդ տարի, երբ հայտնվեց ոզնիների ընտանիքը, օձ մեր մոտերքում տեսել էինք՝ ես` հարևանի մանկական հանրագիտարանում, հերս` Դրոզդովի «Կենդանիների աշխարհում» ու մեկ էլ հոպարս՝ մեր տան մատույցներում: Թե որտեղ էր հոպարը օձ տեսել, տեսնելուց ինչ օձ էր տեսել, հայտնի չէ, բայց նա մեզ` թերահավատներիս հավատացնում էր, որ մեր մոտերքում օձ, այնուամենայնիվ, տեսել է, նենց որ ոզնիների բախտը բերեց` նրանք մնացին, որովհետև համընդհանուր պնդմամբ ոզնիները որսում են օձերին, թեև նման բան նույնիսկ Դրոզդովի «Կենդանիների աշխարհում» տեսնող չէր եղել: Ոզնիներն, այսպիսով, մնացին պաշտպանելու մեզ օձերից` իհարկե ավելի շուտ երևակայական, քան իրական ու մեզ հետ հավասար սկսեցին օգտվել թթենու պտուղներից, որոնք նրանց բնավորման հիմնական պատճառն էին: Ժամանակի հետ մենք սովորեցինք ոզնիներին, ոզնիները` մեզ ու հաճախ պատահում էր այնպես, որ նրանք թթի հետևից էին գալիս էն ժամանակ, երբ մենք նստած էինք ծառի տակ: Մեր մտերմությունը շուտով հասավ այնպիսի բարձունքի, որ ես մի անգամ նույնիսկ սրբիչով բռնեցի մայր ոզնուն ու բերեցի տուն նրա հետ խաղալու իմ մանկական խաղերը: Խաղն այդ ժամանակ չստացվեց, որովհետև ոզնին թույլ չէր տալիս մոտենալ ավելի, քան նրա պաշտպանական բնազդն էր հուշում: Ինքնապահպանության բնազդը վերածում էր նրան փշերի անառիկ բերդի, նենց որ լավագույնը, որ ստացվեց էդ օրը՝ նրա խոնավ ռնգունքին մեկ-երկու անգամ դիպչելն էր:

Մեր թաղի Ղըլղըլի զբաղմունքի տեսակն ու հստակ անունը  քիչ մարդ գիտեր, ու ես հաստատապես էդ մարդկանցից մեկը չեմ. գարաժ ուներ` մեքենա էր վերանորոգում, զնդան ուներ` երկաթ էր ծեծում, ապարատ ուներ` սվարկա էր անում, մալա ուներ` սվաղ էր անում, տո՛, ինչ ասես՝ չէր անում էս մարդը: Նախկինում բոքս էր պարապել Ղըլղըլը, բայց բռնցքամարտիկ չէր, երևի ժեշտանչի էր, կամ երևի՝ սվարչիկ, կամ թե` դարբին: Թե սրանցից հատկապես ո՞ր մեկը՝ ոչ մի ռետրոսպեկցիա չի օգնում պատասխանել հարցին, ամենայն հավանականությամբ Ղըլղըլն էդ բոլորն էր` միասին վերցրած և, առհասարակ, նա էն էր, ում մասնագիտությունը պատեհապաշտական կապ ունի թեկուզ մի քանի կոպեկ խոստացող գործի մասնագիտական առանձնահատկությունների հետ. երեկ ժեշտանչի էր, էսօր սվարչիկ, վաղը, եթե դրա մեջ թեկուզ մի քանի կոպեկի քյար տեսներ, միգուցե քար գցող ու ոսկերիչ էլ դառնար, վարսավիր, հաշվապահ, ձիթենու ճյուղ` ի՜նչ ասես: Կոլոտ, կլոր էր Ղըլղըլը, սիրում էր ուտել ու մի օր էլ երբ իմացավ թթենու տակ հանգրվան գտած ոզնիների մասին, Ղըլղըլի միտքը պղտորվեց:

Ղըլղըլը սկսեց հեռվից` թե բա խաբար չե՞ք, ոզնու միսը ոնց որ ալվան ծաղիկը, հըլը ալվան ծաղիկն ի՞նչ, ուզածդ բախչից ձեռ կգցես, բայց ոզնու մի՜ս՝ յոթը սարի հետևն էլ անցնես դրա պես դելիկատես հազիվ թե գտնվի: Հեռվից եկած Ղըլղըլը հետո շատ մոտեցավ` թե բա եղածը համ մեզ, համ իրեն կբավարարի, որ մենք գործ չունենք` ինքը բաստուրման էլ կդնի, խորովածն էլ կանի, միայն թե մենք արտոնենք նրա մուտքը մեր բակ:  Շատ բան պետք չի` մի համակարգիչ, մի խոհարարական սայթ` էդքանը: Եվ, ուրեմն, պարզ է դառնում, որ Ղըլղըլը չափազանցությունների սիրահար էր, որովհետև ոզնու միսը մի քիչ է տարբերվում հավի մսից ու շատ չէ` էդ հայվանը փշերով, չորս թաթերի չանչերով հազիվ ութը-ինը հարյուր գրամ է կշռում: Վերջապես ինչ վերաբերում է թույլտվությանը, որ խնդրում էր Ղըլղըլը` չըլնող բան էր, որովհետև մեր թաղում մարդ կար շուն էր պահում, մենք էլ ստացվում է ոզնի էինք պահում ու էդ արտոնումը, որ խնդրում էր մեզնից Ղըլղըլը, նույնն էր, թե մենք համաձայնություն տայինք շամփուրների վրա քաշելու մեր շանը՝ Ջիլդային: Հազիվ թե մենք կարողանայինք էդ մեղքի տակից դուրս գալ, դրա համար էլ մենք անքննարկել մերժեցինք Ղըլղըլին: «Ղըլղը´լ,- ասավ հոպարս հեղինակելով մերժման հանդիսավոր խոսքը,- հարևանությունը` հարևանություն, բայց ոզնի ուտե՞լս որն ա, ա՛յ սարսաղ, ախր էդ ոզնու ամենամեծ կտորը ատամիս ծակի մեջ կլխլխկա ու վերջը՝ պապական հին ճշմարտություն ա՝ ոզնի ուտողն անեծքի տակ կմնա»:

Էդ տարվան նախորդող տարում անպետք իրերի դեզից մի փոքր վերև հերս մի քանի բոյ ասբեստից խողովակ էր դարսել` վաղը, եթե պետք լինի, կանալիզացիայի համար օգտագործելու: Էդ տարի մեր հարևան եզդիները եկան խողովակներն իրենց տրամադրելու խնդրանքով` ձևական գին էլ չառաջարկեցին, հենց տենց աներեսաբար հարցրին` կարա՞ հերս էդ խողովակներն իրենց տա: Է՜, հերս, ինչ խոսք, կարար, բայց կարո՞ղ էին նրանք էլ իրենց հոտից մի նրբակազմ գառ տալ մեզ, անշուշտ կարող էին, բայց կտայի՞ն: Առը քեզ՝ կտային: Հերս մերժեց եզդի հարևաններին, իսկ հաջորդ առավոտյան խողովակներն անհետացան, ասես սկի չէին էլ եղել: Հազիվ թե հնարավոր լիներ մտածել, որ էդ խողովակների անհետացման հետ կապ ունեին մեր ասորի հարևանները: Մայր ոզնին, ահա, անհետացավ էդ խողովակների պես ու նրա անհետացումից հետո հազիվ թե հնարավոր լիներ մտածել, թե ոզնու անհետացման հետ կապ ուներ պոլտերգեյսթը: Ոզնին անհետացավ էն բանից մի շաբաթ առաջ, երբ Ղըլղըլի «Քսանմեկի» շիթոկին իբրև զարդարանք հայտնվեց խրտվիլակ դարձրած փշածածկույթը, իսկ հետո թաղում թնդաց լուրը` գործն անելիս Ղըլղըլը զնդանի պռոշին էնքան է երկաթ ծեծել, որ չամրակայված զնդանն անդադար զարկերից սահել ու սահել է դեպի դազգահի ծերը, իսկ վերջում դավայ Ղըլղըլի աջ ոտին: Էս լսելիս հոպարս թթի ծառի տակ, տրամվայի շպալի վրա նստած պապիրոզ էր քաշում, քաշեց վերջին մուխը, դեն նետեց «Սալյուտի» ծխուկն ու իր իրավացիությամբ տոգորված հառաչեց` «Գործեց, էլի՛… անեծքը գործեց»:

Անե՞ծք… Ժամանակին մորքուրիս տղա Աշոտը հոր հետ գործ անելիս է լինում ու գործի թեժ պահին մի կատու սողեսող մոտենում է նրանց: Աշոտն ասում է․ « Ախր չէր էլ խանգարում,- ու հավելում,- հատուկ նշան բռնեի, վայթե վրիպեի»: Իսկ էսպես բռաչափ քարը վայրկենապես հայտնվել է ձեռքում ու ձեռքից՝ դուզ էդ հայվանի ճակտին: Հանկարծակիությունից ու հարվածի ուժգնությունից կատուն չանչը գետնին է դրել, մի հինգ անգամ կատաղի պտտվել իր առանցքի շուրջը, ապա խելքի գալով՝ դիմել փախուստի: Աշոտն ասում է` գործն ավարտելուն պես մտել է գարաժ ու նույն պահին լյումինեսցենտային լամպերը պոկվել-թափվել են գլխին… Անե՞ծք, ճիշտն ասած, Աշոտի մտքով անցել է` «hատուցում» բառն, ու էս պատմությունից հետո ամեն անգամ տեսնելով աջ ոտքից էս է քսան տարի թոփլտալով քայլող Ղըլղըլին մտածում եմ՝ հիմա անեծք, թե հատուցում․․․


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով