Գեվորգ Տեր-Գաբրիելյան, Գրականագիտություն

Վանդակե մարտեր

Երբ վեպ եմ կարդում, պիտի գրախոսեմ: Որովհետև առանց այն էլ գրախոսությունները քիչ են, մանավանդ՝ բովանդակային: Իհարկե, Վահրամ Մարտիրոսյանի «Բամբակե պատեր» վեպը ճիշտ կլիներ դիտարկել իր իսկ այլ վեպերի և այլ գրվածքների ավելի լայն համատեքստում, սակայն դրա հնարը չունեմ տվյալ պահին: Իսկ առիթն այս վեպին ի վերջո անդրադառնալու՝ հայ-վրացական ՓԵՆ գրական-երկխոսական միջոցառումն էր, որը թույլ տվեց թարմացնել տպավորությունս վեպից: Վեպի մասին արդեն ասվել է. խորհրդային ուշ շրջանի ուսանողությունն է թեման և հերոսը, ինչը կարևոր է ինքնին. այդ շրջանը չի քննարկված մեզանում (թե ի՛նչն է քննարկված…): Բայց եթե վեպն ասելիք չծներ, իհարկե կլռեի: Ասելիք ծնում է: Անձնական պատճառով էլ՝ ես է՛լ եմ պատկերել այդ շրջանը, մեմուար-վեպ ժանրով: Նույնիսկ որոշ գործող անձինք նույնն են: Վահրամն անունները փոխել է, բայց նույն կոնտեքստում ապրած մարդը կճանաչի համալսարանի կոմերիտմիության ղեկավարներին, գրական գործիչներից և մտքի տիրակալներից ոմանց: Թեև նրանց կերպարները բավական չեն բացահայտվում: Դա չէ վեպի նպատակը: Բայց մեկ-մեկ մի շտրիխով բացահայտվում են, ինչպես, օրինակ, երբ հերոսը (Վահրամի ալտեր-էգո Վիգենը) ծաղրական մի վիրշ է գրում, իսկ կոմերիտական առաջնորդները կարծում են լուրջ է գրել և հիանում:

Ես անմիջապես հաջորդ սերունդն եմ: Վահրամի ժամանակ՝ 1970-ականներին, կար դեռ պայքարի նշույլ՝ «վտվտանք» ամենակուլ սովետական համակարգի դեմ: Իմ ժամանակ՝ 1980-ականների լրիվ լճացած սկզբին, համալսարանը բավական մեռյալ էր որպես հանրային «ըմբոստ»: Վահրամի սերնդի ըմբոստությունն անցյալ էր, ջախջախված: Լսում էի «վահրամակերպերի» արկածների մասին՝ որպես հեռու անցյալի լեգենդներ, թեև տարբերությունն ընդամենը մի քանի տարի էր:

Վեպը պարզ և հաշվարկված է կառուցված: Պարզ լեզվով, ճիշտ չափ է գտած խոսակցականի, գրականի և բարբառի միջև բալանսի, ռուսախոսությունների (նույնիսկ որոշ դեպքերում՝ ռուսերենի), ժարգոնի և գրականի: Գլխավոր կերպարը՝ քսանամյա Վիգենը, մեկ՝ հասուն գործող, մեկ՝ դեռ գրեթե երեխա, տաքարյուն և ընդոստ, բայց նաև՝ փափուկ ու քաղաքավար, – ռեալիստական է իր այդ վայրիվերումներում: Շեշտեմ Վիգենի՝ տակից դուրս գալու, հանկարծ ելք գտնելու կարողությունը: Այդ «ահա՛»-ն, որը Վիգենին պարզապես չծպտյալ-մեմուարիստական գլխավոր կերպարից դարձնում է գեղարվեստական հերոս: Ընթերցողն ուզում է ասոցացվել գլխավոր հերոսին, համեմատվել, և այդ միատեղումն իրագործելու ավելի լավ ձև չկա, քան հերոսի այդ կարողությունը ռեալիստորեն ներկայացնելը. տակից դուրս գալը, կյանքի դժվար հարցերը ստեղծագործաբար լուծելը, հաղթահարելը:

Ինչպես տեքստի ամեն հատկանիշ՝ սա էլ է ժուժկալ միջոցներով արտահայտվում, ես այդպիսի դեպքերը կընդգծեի: Օրինակ, երբ հերոսը հանկարծ հասկանում է, ի՛նչ պատրվակ կարող է օգտագործել բացատրելու համար, ինչու՛ են հայ տղաներով եկել Թբիլիսիի համալսարան: Եկել են, իբր, գրական խմբակին ծանոթանալու (գոնե այդ պատրվակում գրականության անունը պետք եկավ): Մինչ այդ էլ՝ երբ մտածում են, թե ու՛ր գնան, և որոշում, որ՝ Թբիլիսիի համալսարանի բանասիրականը պիտի գնան, քանի որ բանասերներն են ազգային հարցերի առիթով նախևառաջ ոստնողները: Եվ չեն սխալվում: Շերլոկ Հոլմսին հարիր ճշգրիտ եզրահանգում: Շատ կան այդպիսի «էվրիկա»-ներ: Ասենք, երբ պարզվում է, որ իրենց առաջին ոստնելը՝ բեյրութահայերի վրա տեղի ունեցած հարձակման կապակցությամբ, գուցեև ԽՍՀՄ-ին «պետք էր» (իր արտաքին-քաղաքական նպատակների համար, կամ էլ հետո պտտեցին, որ իբր օգուտ քաղեն ուսանողների այդ անակնկալ ելույթից). այսինքն մի կողմից ուզում էին օգտագործած լինել, նույնիսկ գուցեև հրահրեցին՝ մյուս կողմից՝ պիտի ճնշեին, որպեսզի հանկարծ անկառավարելի չդառնա: Ազգայնականության այդ հրահրումը որ կառավարելի պիտի մնա՝ մի պահ տեքստում երևում է, արժեր խորանալ:

Սակայն ամենակարևորն են այդ էվրիկաները դառնում, իհարկե, կագեբե-ի հետ գոտեմարտի դրվագներում և վերջապես՝ հնարավոր «առնետին»՝ գործ տվողին նույնականացնելիս: Կասկածել բոլորին, կասկածել նույնիսկ ինքդ քեզ, և հետո հանկարծ՝ «էվրիկա», – հասկանալ, շան գլուխը ու՛մն է: Այդ լարվածությունը վեպը հավաքում, դարձնում է դետեկտիվի պես կլանիչ:

Վեպի վերջին մասում հերոսը պիտի դրսևորի ամենաուժեղ իր կողմերը, որպեսզի կարողանա կագեբե-ի հետ գոտեմարտում դիմակայել: Մի կողմից՝ փափուկ, «պլստան» պիտի լինի, իր պարզությանը, դեռահասությանը, մաքրամտությանը հենվող, մյուս կողմից՝ խորամանկ, հասկացող, դիտող, քննադատական մտածողությունն ամբողջ լարվածությամբ գործի դնող, ձեռնհաս: Սեքսն ու աղջիկների հետ հարաբերությունները (սա վերլուծության առանձին թեմա կարող էր լինել) 20-ամյային հարիր ճշգրիտ ձևով են շեղում «հեղափոխական» գործունեությունից կամ միահյուսվում դրան: Նույն կերպ էլ՝ ընտանեկան գործերը, հերոսի կամ իր ընկերների, որոնք ստիպում են պայքարը «մի պահ» (լավ էլ երկար երբեմն) մի կողմ թողնել և զբաղվել կյանքի այլ հարցերով: Վեպում կա ռեալիզմ, որը տարբերում է այն հեղափոխական, գործուն, ակտիվ պրոտագոնիստներ ներկայացնող այլ վեպերից, նաև արկածայիններից, ինչպես, օրինակ, «Երեք հրացանակիրներ»-ից, որում դ’Արտանյանը մի անգամ երբ տնից հեռանում է՝ տան պատմություն այլևս չկա: «Բամբակե պատեր»-ում կա բավական կենցաղ: Հետաքրքիր է, որ ստեղծագործող, ազգային հարցին նվիրված, պայքարող հերոսի մեծ եղբայրը, փաստորեն, քրեական է: Պատվով մարդ, բայց՝ քրեական: Այդ գիծը լրիվ չի բացված, սակայն ԽՍՀՄ լճացման (և, իհարկե, նաև նախորդ) տարիներին պատանիներին քրեական աշխարհ հեշտությամբ ներքաշելու մագնիսն այդ համակարգի տիպական հատկանիշ էր (հիմա էլ վերացած չէ): Քրեական թե հակասովետական՝ ոչ-քրեական «զեկ» կամ դեռ թաքուն, դեռ չբռնված, բայց օֆիցիալ համակարգի տեսակետից՝ պարիա, մերժված, – ավագ եղբոր ճակատագիրն արդեն լրիվացել է, Վիգենինը՝ շա՜տ մոտիկ է լրիվանալուն: Այդ ճահճի մեջ, որտեղ պաշտոնական և ո՛չ մի համակարգ, նախ և առաջ՝ համալսարանը, պետությունը, – կարիքը չունի Վիգենին գնահատելու, պահպանելու, զարգացնելու, էլ չասած՝ բան սովորեցնելու, – միակ ձևը, որ տրամադրվում է, որպեսզի նա պարիա չդառնա՝ եթե դառնա պարիա մեկ այլ ձևով. դառնա կագեբեի գործակալ, թաքուն լրտու: Ոչ-ազգական և ոչ-ընկեր միակը, ում նա պետք է անկեղծորեն, միակը, ով նրա կարիքը տեսնում է որպես հասարակության անդամի՝ կագեբեի աշխատակիցն է, դե, իսկ որպես տղամարդու (մեկ այլ ձևով, քան հայ իր ընկերուհիները)՝ կագեբեի աշխատակցի ռուս տիկինը: Խղճուկ է համալսարանն արդեն ա՛յն տարիներին, նույն կերպ, ինչպես որ մե՛ր տարիներին էր: Այն տարիներին դեռ փորձեցին ապստամբել խղճուկության դեմ, մեր տարիներին այլևս չէին էլ փորձում, համալսարանի գաղափարը մեռյալ էր: Իմ զգացումն եմ ասում, որքան էլ մարդիկ փորձեն դրան չհամաձայնել:

Այդպիսին էր, ուրեմն, նաև Վիգենին հաջորդող սերնդի՝ ի՛մ կյանքը. կային բացառիկ անձեր, սակայն երիտասարդի հանրային իշխանավորումը բացակայում էր, բացի՝ կարիերիստական-կոմերիտական, կագեբեական կամ «ռուսաուծացական» ուղուց: Այժմ վիճակը մի՜ քիչ փոխվել է, սակայն դեռ շա՜տ քիչ: Անձին հանրային ցանցի, որոգայթի (լավ իմաստով) մեջ ընդգրկելը որպես պետականության՝ ապագայում կարևորագույն միավորի, հասարակությունը դեպ զարգացման ապագա տանող շարժիչներից մեկի՝ գրեթե բացակայում է, ավաղ: Պայքարը շարունակվում է և դաժան է, թեև (կամ որովհետև) հանրության խոշոր մասը գուցե չի էլ համարում սա հարց, գուցե սովորել է, չգիտի էլ, որ (համալսարանական) կյանքն այլ տեսակի կարող էր լինել:

Վեպը լի է պահերով, որոնց լարվածությունը ես կընդգծեի, սակայն արդեն ասացի, որ հեղինակը դրանք շարադրում է, երևի իր որոշման համաձայն, ժուժկալ և հպանցիկ, թեթև ոճով: Պետք է կարդալ վեպը, հետո երևակայել տեքստի «ետևում» ընթացող ինտրիգի լարվածությունը: Ինչը կինեմատոգրաֆիկ է դարձնում այն, ինչու և հեղինակի կողմից այն սցենար դարձնելը բնական էր:

(Այդ ժուժկալ ռեալիզմն էլի ու էլի ընդգծման կարիք ունի: Դրա համար եմ ուզում նշել Թբիլիսիի համալսարանի՝ դրսից ներկած պատերը չհավանելը, կամ՝ վրացի տղաներին այն օրվա Երևանը ցույց տալիս՝ գնալու տեղերն արագ սպառելը, – իհարկե, նաև սուղ ֆինանսի պատճառով, բայց նաև՝ իրոք. այնօրյա Երևանը, որը նոստալգիկ մեզ այսօր գեղեցիկ է թվում, ներսի ապրող երիտասարդին չէր գրավում: Ինչպես և՝ համալսարանը: Երբ ներսում ես ապրում, հնարավորոթյուն չես ունեցել կյանք տեսնելու, համեմատելու՝ քեզ «ի վերուստ» տրվածը չես գնահատում, ոչ ոք էլ չի օգնում մի կարգին հասկանալ, իսկ ճոռոմ պաշտոնական բառերը՝ սուտ, թույլատրված-հայրենասիրական թե օֆիցիալ-սովետական, հոգնեցրել են, նողկանք են առաջացնում. բնական պատանեկան ռեակցիա է: Ես պիտի 17 տարի դրսում ապրեի, որ գալուց հետո սկսեի այլ ձևի հասկանալ հայոց աշխարհի կայֆերը (ուրիշ բառ չեմ գտնում): Չնայած աղավաղված և աղավաղվող ճարտարապետությանն ու բնապահպանական աղետին, որոնց վրա հասարակության նշանակալի մասը թքած ունի, դրանց հեղինա՛կն է նույնիսկ, և որոնք, թվում է, գեղեցկություն և իմաստ թողած պիտի որ չլինեին:)

Պայքարը, ասում եմ, շարունակվում է: Դրսից պարտադրված խղճի պես՝ դեստրուկտիվ ուժերը, որոնց մի խոշոր արտահայտումն էլ կագեբեությունն է, այս կյանքաշխարհում անընդհատ հարց են հրամայում. ո՞վ ես դու, ինչպե՞ս քեզ պահեցիր, չե՞ս դավաճանել արդյոք, անփութությունից թե վախից, քո մարդկայնությանը, դեռ չե՞ս ծախվել, պայքարի ուժ դեռ ունե՞ս, աչալու՞րջ ես:

Եվ Նալբանդյանի արձանի խոժոռ հայացքի տակ, տրամվայի գծերի վրա գոտեմարտը, որով վեպն ավարտվում է, և չգիտես, ո՛վ կհաղթի, հերո՞սը, թե՞ կագեբեն, – հուժկու սիմվոլ է և՛ այն ժամանակվա իրականության, և՛ անցած բոլոր տարիների, և՛ այսօրվա ու ապագայի էլ, ավաղ: Մինչև ի վերջո հաղթի՛ հերոսը, թեկուզև վիպական ինտրիգների՝ ավելի անհետաքրքիր, ավելի քիչ լարված դառնալու գնով: Եվ այժմ դա ո՛չ միայն Հայաստանի և Ռուսաստանի, այլև համաշխարհայի՛ն խնդիր է:

Ո՛չ միայն նոստալգիան անցյալի հանդեպ՝ թեկուզև աղճատված անցյալի, բայց նաև ա՛յդ է պատճառը, որ 70-ականների Հայաստանն այդքան ակտուալ է այսօր էլ. ի՛նչ անել, որ նորմալ սերունդներ չլինեն, ինչպե՛ս ջնջխել նրանց՝ վեպը լավ, ռեալիստական «հակադեղատոմս» է: Ինչպես նաև՝ պայքարի ազդակ. թեկուզ անհույս, բայց՝ միակ իմաստավոր, խաղացկուն պայքարի, նույնիսկ (կամ՝ մանավանդ) եթե միայնակ ես, հասարակությունդ՝ անառողջ նիրհի մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով