Արև Վրացյան, Պատմվածք

Հայաստանի գարունները

Գարունը երկու որդի ունի ու պաշտոնաթող մի կին։

Գարունը ծաղիկ հասակում ձյան պես ճերմակ մազեր ունի, աշխարհի բեռան ծանրությունից կորացած մեջք ու զարմանքից չռված աչքեր։

Ախր, ինչու՞ ես զարմանում, Գարու՜ն ջան, կյանք է, էդպես էլ  է պատահում․․․

Ասում  ենք․

-Գարու՜ն, ո՞վ  է քո  անունը  դրել  և՝  ինչու՞։

Ասում  է․

-Չեմ հիշում, թե ով  է դրել, բայց, հավանաբար, որպեսզի  չմրսեմ։

Գարունը  հացթուխ է։ Գարունը  քսան  ժամ հաց  է թխում ու հանգստանալու ժամանակ չունի։ Նա սուրճ խմելու իրավունք անգամ չունի։

Ասում ենք․

-Գարու՜ն, քեզ ինչու՞ են այդքան տանջում։

Ասում է․

-Ախր, գործը  չի վերջանում, իսկ մարդիկ ընտանիք են պահում։

Գարունն աշնան տխրությունն ունի։

Գարունն իր գործն է անում, Գարունը քո գործն է անում, Գարունը նրա գործն  է անում ու չի հասցնում։

Գարունը խեղճ է։

Բայց  երբ չենք հասցնում մեր գործը ես, դու, նա, ու գոռում ենք Գարունի վրա, Գարունը կուլ է տալիս վիրավորանքը և ասում, որ ճիշտ են բոլորը։

Գարունը չունի ձմռան սառնամանիքը։

Գարունը  քնքուշ  ծաղիկներ ունի իր հոգում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով