Պատմվածք, Վարդան Սմբատյան

Մանյան

Մանյան էլի սոված քնեց։ Քնեց, որ էլ չարթնանա, բայց լույսը՝ անողոք ճառագայթներով, ժխորի փոփոխվող տեղատվությամբ լցվեց կոտրված պատուհաններից, տասնութ քառակուսի մետր տրամագծով դագաղ-սենյակի չորսբոլորը։

Մանյան բացեց աչքերը, լեղի մի ցավ խլրտաց դատարկ ստամոքսում, ծանրացած ոտքերը քարշ տվեց ճռռացող փայտյա հատակին։

Քանդեց հնամաշ պահարանը, տոպրակները․ ոչինչ չգտավ ծամելու։

Սեղանին հացի փշրանքներ նշմարեց, ուրախության մի կայծ վառվեց փոս ընկած կանաչ աչքերում։

Ձեռքով հավաքեց փշրանքներն ու դանդաղ կուլ տվեց պատկերացնելով, թե հենց նոր թխած հացի մի մեծ կտոր է: Մտապատկերները Մանյային տարան հոր տուն, մանկությունը տաք հացի ու սոխի հոտով շոյեցին փոս ընկած այտերը:

 Պատկերները կամաց-կամաց անհետացան լույսի փիքսելում ու իրականության անհերքելիությունը կրկին վերադարձավ՝ լեղի ստամոքսացավով ու գլխապտույտով։

Քաղաքը սկսեց պարել Մանյայի գլխի մեջ․ սկզբում ռեգի, հետո՝ 6/8, իսկ ամենավերջում՝ բոզոտ մի քած՝ մկկալով ու անկանոն տնքալով, արաբա-թուրքական ինչ-որ խաղիկներ էր արձակում, ասես հենց նոր պոռթել էին հեշտոցը, ու ոչ մի կերպ չէր կարողանում հասնել բաղձալի օրգազմի:

Սենյակը պտտվում էր Մանյայի շուրջը, փայտաշեն դոմիկը սկսեց լողալ վայրենի քամու, փոշու ու բոզերգի միջով:

Տոն էր`   հրավառությունները պայթեցրին Սեպտեմբերյան կապտամոխրագույն երկինքը:

Բոզերգը կտրվեց:

Տեղացի մի ջահել, ռեստորանին կից վիփ սենյակում երգչուհուն հասցրեց օրգազմի:

Սենյակը դեռ պպտվում էր անկանոն վերուվարելով․ Մանյան նստեց, որ չընկնի, թուլացած ձեռքը պարզեց ու սեղանից վերցրեց ճմռթված պլաստիկե շիշը, մի կում արեց ու թքեց, յոդը դաղեց լեզուն:

Ծամել էր ուզում:

Սովը դանդաղ ծծում էր ստամոքսի բարակ, հյուծված պատերը, Մանյան հուսահատ ելավ փողոց։

– Բարև, Մանյա՛, էլի՞ անլվա ես, աղջի՛։

– Բա՛րև, հա՜, լույսս անջատել են, Անի ջան, ո՛չ ջուր կա, ո՛չ սապոն, ո՛չ մոմ, կարևորը՝ ներսս մաքուր ա, դու քեզ տես,- կիսածիծաղ ասաց Մանյան ու շրջվեց դեպի դուռը։

– Լսի՜, Մանյա՛,- Անիի ականջ ծակող մաժոր- ծվծվոցը  ստիպեց շրջվել Մանյային,- վաղը ընկերոջս տատի թաղումն ա, մեծ պառավ ա, իննսունյոթ տարեկան, կգա՞ս լացելու, մի երեք հազար կտան։

– Հա՜, խի չեմ գա՜, Անի ջա՜ն, մենակ տեղն ասա ու ժամը, մեկ էլ ասա՝ կլիենտին թաղումից մի օր առաջ տեսնե՞մ, իմանամ՝ ո՞վ էր մեռնողը, ինչացո՞ւ էր, ես իմ գործին լուրջ եմ վերաբերվում, գիտես։

Գյուղը ցնցվեց։

Մանյայի ձայնային սուր վակուումը հափշտակեց ու կուլ տվեց ամեն ինչ:

Թվում էր, թե ոչինչ չկար շուրջը, միայն Մանյան էր, միայն նրա լացն էր։

Պատվիրատուն հինգ հազար դրամ տվեց՝ երեքի փոխարեն․ Մանյան մերժեց։

– Դե, վերցրո՛ւ, էլի, այ կնի՜կ, մանր չկա, ի՜նչ մի ձևեր ես թափում,- հռհռալով վրա բերեց ցմփոր ներկաներից մեկը:

Ծիծաղը վարակիչ դարձավ, հռհռոցի ալիքը բռնեց ամբոխին։

Շուտով ծիծաղի երգչախմբին միացան նաև մեռելները, կիսակաղկանձ-կիսալաց հռհռոցը կենդանացրեց մեռած ամեն օրգանիզմ ու անշնչացած առարկա: Տիտանական քարերը բացեցին կարծրացած նամշած բերանները․ հողը սկսեց ճաքել աղմուկից, ծառերը՝ վայրենի կանաչ կատարներն իջեցրին վար, ու սուր կանաչ քիմիական ճիչը մի պահ կուրացրեց ամբոխին:

Գերեզմանոցի կողքով անցնող մարդիկ սարսափահար փախան՝ լսելով զազրելի դիվային ոռնոց- ծիծաղը:

Էդպես էլ ոչ ոք չհասկացավ՝ դա ոռնոց էր, թե՞ ծիծաղ:

Քամին խուտուտ տվեց Անիի գունատ դեմքը, վերջինս ջղաձգորեն շարժեց վիզը, նայեց շուրջը, հիշեց մեռելին:

Բոլորը վերադարձան մոռացված անուրախ առօրյա․ պառավը փոսի մեջ էր, Մայնյան պոռթկաց.

– Ինչքան պետք ա, էդքան եմ վերցնում, ես երբեք ձևեր չեմ թափում,- փողը շպրտեց՝ պտտվելով ծիծաղի նոպայից ուշքի եկող ամբոխի կողմը։

– Հա, ես փողով լացող եմ, ինձ կանչում են, որ սգամ ուրիշների մեռելների համար, որովհետև աշխարհում սիրտ չի մնացել, արցունք չի մնացել, զղջում չի մնացել, ես ամեն մեռնողին խնդրում եմ լուր տանի Անդրանիկիս, Աստված վերցրել ա ինձնից ամեն ինչ, մենակ լացել եմ կարողանում, ուրիշ ինչի՞ համար ա պիտանի անտեր պառավը: Իսկ դուք՝ անօրեն տականքներ, մենակ հռհռալ եք կարողանում այլոց ցավերի վրա:

Ամեն մեռնող իմ հարազատն ա, որովհետև գնում ա էն աշխարհ՝ տղուս մոտ, ամեն մեռնող սուրհանդակ ա․ մի բան եմ ասում, որ փոխանցի Աստծուն ու Անդոյիս, էսօր էս պառավին խնդրեցի տղուս ասի՝ շատ եմ կարոտել, թող մի լավ տեղ պահի վերևներում, մինչև գամ:

Մետաղե լռություն տիրեց ամենուր:

Մի պահ ժամանակը մոռացել էր երկրային տարածությունն ու մեզ:

Հանկարծ ինչ-որ բան պայթեց վերևում, ծխի ամպերը ծածկեցին ցածրացած երկինքը: Խուլ լացի ձայն կախվեց թիթեղյա սև ամպերից ու մի քանի վայրկյանում խեղճացավ՝ գիշատչի բերանում վերջին շունչն արձակող թռչնի պես:

Բոլորը վերև նայեցին․ ոչինչ չկար․․․

Աստված արդեն իջեցրել էր երկնային սև վարագույրը:

Հայացքները գամվեցին մի կետի․․․

Մանյան փլվում էր գետնին՝ պատահական հուժկու հարվածից փշրվող հախճապակու պես՝ կտրուկ աղմուկով, վայրկենական։ Անին մոտեցավ, անուշադրի սրվակը դեմ տվեց արնածոր քթին։

Մանյայի աչքին կանաչ շաղ իջավ, քաղցր հնչյուններ ղունղունացին թմրած ականջներում, հոգին դանդաղ տարրալուծվեց օդում՝ սպիտակ, թաց, անուշաբույր սավանի պես։

– Չլացե՛ք վրաս,- գոռաց՝ հոգեվարքի վերջին ակնթարթին։

– Սպասի, Մանյա՜,- ազատվելով ընկերոջ ձեռքից՝ Անին նետվեց կուրացնող արևի տակ համբարձվող Մանյայի վրա ու գոռաց.

– Անդոյին ասա՝ թող ների ինձ, Անդոյին ասա՝ գալու եմ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով